Tuesday, November 26, 2013

ԿԳԲ-ի «թղթապանակը» վարկածների մեջ ամենաճշմարտանմանն է


Երբ ընթացիկ տարվա սեպտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը «դիմում է գրել» Մաքսային միություն մտնելու համար, անակնկալից շոկի մեջ հայտնվեց ամբողջ Եվրոպան, որն արդեն երեքուկես տարի համբերատար ու մանրամասն նրա հետ նախապատրաստել էր եվրոասոցացման 1000 էջից ավելի ծավալով պայմանագիրը։ Շոկի մեջ ընկավ Հայաստանի ողջ իշխանությունը, որը նույն այդ ընթացքում այդ հեռանկարի «փիառն» էր անում մինչեւ վերջին օրը ու դարձյալ ոչ մի կասկած չուներ, որ գործը հենց այդ պայմանագրի ստորագրումով էլ պսակվելու է։ Էլ չխոսենք իշխանական քարոզչամեքենայի, վերլուծաբանների, ընդդիմադիր «արեւմտամետ» ուժերի ու գործիչների մասին, ովքեր, այդ հեռանկարով ոգեւորված, անգամ պատրաստ էին չտեսնելու տալ Սերժ Սարգսյանի ոչ օրինակարգությունը։
Այդ առիթով ուկրաինացի վերլուծաբաններից մեկը նկատել էր, թե Հայաստանը տվյալ դեպքում կարող է «ոչխար-պրովոկատորի» դեր խաղալ, այսինքն թե՝ նրա օրինակով եվրոասոցացման պայմանագրից կարող են հրաժարվել նաեւ Ուկրաինան եւ մյուսները։ Շատերին դա անհավատալի էր թվում՝ նկատի ունենալով, նախ՝ 40 միլիոնանոց Ուկրաինայի անհամեմատելի քաղաքական կշիռը, եւ երկրորդ՝ որ նա չունի այնպիսի «թույլ» տեղեր, ինչպիսիք ունի Հայաստանը։
Բայց ահա, օրեր առաջ այս երկրի ղեկավար Յանուկովիչը ճիշտ նույնպիսի «սյուրպրիզ» մատուցեց նույն Եվրոպային եւ իր ժողովրդին։ Ինչպես Հայաստանի, այնպես էլ Ուկրաինայի դեպքում եվրոասոցացման գործընթացը նման էր տեւական մի շքահանդեսի՝ հրամցված որպես տվյալ երկրի ազգային շահերից բխող ձեռնարկ, ու հանկարծ՝ վերջին պահին պարզվում է, որ ազգային շահերի առումով ճիշտը դրա այլընտրանքն է՝ Մաքսային միությունը։
Թե իրականում ո՞րն է եղել երկու երկրների ղեկավարների նույնանման՝ 180 աստիճան անակնկալ շրջադարձի պատճառը՝ դժվար է ասել։ Բայց հստակ կարելի է ասել, որ այդ պատճառը այն կցկտուր բացատրությունները չեն, որ տրվեցին այս երկուսի եւ նրանց քարոզչամեքենայի կողմից։ Քանզի այդ դեպքում երկուսի համար էլ խիստ վիրավորական մի հարց է առաջանում. էդ հայտնի բաները, որ ասում եք, ամբողջ երեքուկես տարի չգիտեի՞ք։
Ուստիեւ միակ տրամաբանականը մնում է այն, որ բացատրությունը պետք է փնտրել վերջին պահին երկուսին մատուցված նույնանման կամ նույնական «ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ» ԱՆԱԿՆԿԱԼԻ մեջ։
Հենց նման մի վարկած է առաջ քաշել Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորներից մեկը՝ Ալեքսանդր Բրիգինեցը՝ հետեւյալ պատկերավոր մատուցմամբ. «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին բանակցությունների ժամանակ նստել է սեղանի շուրջ, ժպտացել, սեղանի տակից ԿԳԲ արխիվներից թղթապանակ հանել ու Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին ասել. «Դե ինչ, Վիկտոր Ֆյոդորովիչ, գնալու եք Եվրոպա, ու ամբողջ Ուկրաինան կարդալո՞ւ է այս թղթապանակը, թե՞ Ուկրաինան լինելու է Մաքսային միությունում»: Ու հրաշք կատարվեց՝ Յանուկովիչն ու նրա կուսակցությունը դադարեցրին եվրաինտեգրումը... Ինչո՞ւ Պուտինի հետ հանդիպումից հետո Յանուկովիչը կտրուկ փոխեց իր դիրքորոշումը: Մի քանի ամիս առաջ նման պատմություն եղավ նաև Հայաստանի նախագահի հետ, երբ նա հանդիպեց Պուտինին ու փոխեց իր դիրքորոշումը»։
Անվիճելի է, որ նման մի «թղթապանակ», իրոք, կարող էր երկուսի համար էլ անհաղթահարելի ու անշրջանցելի խոչընդոտ լինել եւ «ազգային շահերի» մասին նրանց պատկերացումները 180 աստիճանով շրջելու հիմք հանդիսանալ։ Մեզ հայտնի չէ, թե ինչպիսի փաստեր կան Յանուկովիչի ԿԳԲ-ական անցյալի մասին։ Եւ չգիտենք, թե հիշյալ պատգամավորին որեւէ այդօրինակ բան հայտնի՞ է, արդյոք, Սերժ Սարգսյանի մասին։
Յանուկովիչի մասին չգիտենք, սակայն Ս. Սարգսյանի մասին այդօրինակ տեղեկություններ 2000 թվականից հետո Հայաստանում բազմիցս շրջանառվել են՝ մնալով այդպես էլ չհերքված։ Ըստ տեղեկատվական այդ արտահոսքի՝ Ս. Սարգսյանը հավաքագրված է եղել Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից եւ ունեցել է «Նարիմանով» ծածկանունը։ (Հետաքրքրասերների համար փակագծում ասենք, որ ծածկանունները սովորաբար ընտրում էին իրենք՝ հավաքագրվողները)։ Վերջին շրջանում այս տեղեկությունները նույնիսկ փաստաթղթային հիմնավորում ստացան երկու փաստով։ Առաջին. հրապարակվեց այն լուսանկարը («վինետկան»), որը վկայում է, որ Ս. Սարգսյանը 1980թ. 26 տարեկան հասակում սովորել եւ ավարտել է Բաքվի «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցը»։ Երկրորդ. իր պաշտոնական կենսագրության մեջ Ս. Սարգսյանը խնամքով ծածկել է այս փաստը։ Խնդիրն այն է, որ այս դպրոցում, որպես կանոն, գործուղվում էին սովորելու կա՛մ ԿԳԲ-ի կողմից արդեն հավաքագրվածներ, կա՛մ տեղում էին հավաքագրվում։ Համենայնդեպս՝ այդ դպրոցն ավարտելուց հետո նա անմիջապես անցավ «կուսակցական պատասխանատու» աշխատանքների։
Անշուշտ, Սերժ Սարգսյանի վրա անձնական ճնշում գործադրելու բազմաթիվ այլ «թղթապանակներ» կարող են ունենալ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Արեւմուտքը՝ սկսած նրա ոչ օրինակարգությունից, կոռուպցիայից, խաղատներից եւ այլն։ Ուկրաինացի պատգամավորը փորձել է գտնել այն բացատրությունը, որն ընդհանրական կարող է լինել Յանուկովիչի եւ Ս. Սարգսյանի նույնանման վարքի համար։ Առայժմ դա վարկածների մեջ ամենաճշմարտանմանն է։
- See more at: http://www.ilur.am/news/view/21597.html#sthash.4Spclyy5.dpuf
Երեբ ընթացիկ տարվա սեպտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը «դիմում է գրել» Մաքսային միություն մտնելու համար, անակնկալից շոկի մեջ հայտնվեց ամբողջ Եւրոպան, որն արդեն երեքուկես տարի համբերատար ու մանրամասն նրա հետ նախապատրաստել էր եւրոասոցացման 1000 էջից ավելի ծավալով պայմանագիրը։ Շոկի մեջ ընկավ Հայաստանի ողջ իշխանությունը, որը նույն այդ ընթացքում այդ հեռանկարի «փիառն» էր անում մինչեւ վերջին օրը, ու դարձյալ ոչ մի կասկած չուներ, որ գործը հենց այդ պայմանագրի ստորագրումով էլ պսակվելու է։ Էլ չխոսենք իշխանական քարոզչամեքենայի, վերլուծաբանների, ընդդիմադիր «արեւմտամետ» ուժերի ու գործիչների մասին, որոնք այդ հեռանկարով ոգեւորված, անգամ պատրաստ էին չտեսնելու տալ Սերժ Սարգսյանի ոչ օրինակարգությունը։
Այդ առիթով ուկրաինացի վերլուծաբաններից մեկը նկատել էր, թե Հայաստանը տվյալ դեպքում կարող է «ոչխար-պրովոկատորի» դեր խաղալ, այսինքն թե՝ նրա օրինակով եւրոասոցացման պայմանգրից կարող են հրաժարվել նաեւ Ուկրաինան եւ մյուսները։ Շատերին դա անհավատալի էր թվում՝ նկատի ունենալով նախ՝ 40 միլիոնանոց Ուկրաինայի անհամեմատելի քաղաքական կշիռը, եւ երկրորդ՝ որ նա չունի այնպիսի «թույլ» տեղեր, ինչպիսիք ունի Հայաստանը։
Բայց ահա, օրեր առաջ այս երկրի ղեկավար Յանուկովիչը ճիշտ նույնպիսի «սյուրպրիզ» մատուցեց նույն Եւրոպային եւ իր ժողովրդին։ Ինչպես Հայաստանի, այնպես էլ Ուկրաինայի դեպքում եւրոասոցացման գործընթացը նման էր տեւական մի շքահանդեսի՝ հրամցված որպես տվյալ երկրի ազգային շահերից բխող ձեռնարկ, ու հանկարծ, վերջին պահին, պարզվում է, որ ազգային շահերի առումով ճիշտը դրա այլընտրանքն է՝ Մաքսային միությունը։
Թե իրականում ո՞րն է եղել երկու երկրների ղեկավարների նույնանման՝ 180 աստիճան անակնկալ շրջադարձի պատճառը, դժվար է ասել։ Բայց հստակ կարելի է ասել, որ այդ պատճառը այն կցկտուր բացատրությունները չեն, որ տրվեցին այս երկուսի եւ նրանց քարոզչամեքենայի կողմից։ Քանզի այդ դեպքում երկուսի համար էլ խիստ վիրավորական մի հարց է առաջանում. էդ հայտնի բաները, որ ասում եք, ամբողջ երեքուկես տարի չգիտեի՞ք։
Ուստիեւ միակ տրամաբանականը մնում է այն, որ բացատրությունը պետք է փնտրել վերջին պահին երկուսին մատուցված նույնանման կամ նույնական «ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ» ԱՆԱԿՆԿԱԼԻ մեջ։
Հենց նման մի վարկած է առաջ քաշել Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորներից մեկը՝ Ալեքսանդր Բրիգինեցը հետեւյալ պատկերավոր մատուցմամբ. «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին բանակցությունների ժամանակ նստել է սեղանի շուրջ, ժպտացել, սեղանի տակից ԿԳԲ արխիվներից թղթապանակ հանել ու Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին ասել. «Դե ինչ, Վիկտոր Ֆյոդորովիչ, գնալու եք Եվրոպա ու ամբողջ Ուկրաինան կարդալու է այս թղթապանա՞կը, թե՞ Ուկրաինան լինելու է Մաքսային միությունում»: Ու հրաշք կատարվեց՝ Յանուկովիչն ու նրա կուսակցությունը դադարեցրին եվրաինտեգրումը... Ինչո՞ւ Պուտինի հետ հանդիպումից հետո Յանուկովիչը կտրուկ փոխեց իր դիրքորոշումը: Մի քանի ամիս առաջ նման պատմություն եղավ նաև Հայաստանի նախագահի հետ, երբ նա հանդիպեց Պուտինին ու փոխեց իր դիրքորոշումը»։
Անվիճելի է, որ նման մի «թղթապանակ», իրոք, կարող էր երկուսի համար էլ անհաղթահարելի ու անշրջանցելի խոչընդոտ եւ «ազգային շահերի» մասին նրանց պատկերացումները 180 աստիճանով շրջելու հիմք հանդիսանալ։ Մեզ հայտնի չէ, թե ինչպիսի փաստեր կան Յանուկովիչի ԿԳԲ-ական անցյալի մասին։ Եւ չգիտենք, թե հիշյալ պատգամավորին որեւէ այդօրինակ բան հայտնի՞ է, արդյոք, Սերժ Սարգսյանի մասին։
Յանուկովիչի մասին չգիտենք, սակայն Ս. Սարգսյանի մասին այդօրինակ տեղեկություններ 2000 թվականից հետո Հայաստանում բազմիցս շրջանառվել է՝ մնալով այդպես էլ չհերքված։ Ըստ տեղեկատվական այդ արտահոսքի, Ս. Սարգսյանը հավաքագրված է եղել Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից եւ ունեցել է «Նարիմանով» ծածկանունը։ (Հետաքրքրասերների համար փակագծում ասենք, որ ծածկանունները սովորաբար ընտրում էին իրենք՝ հավաքագրվողները)։ Վերջին շրջանում այս տեղեկությունները նույնիսկ փաստաթղթային հիմնավորում ստացան երկու փաստով։ Առաջին. հրապարակվեց այն լուսանկարը («վինետկան») http://www.ilur.am/news/view/3069.html , որը վկայում է, որ Ս. Սարգսյանը 1980թ. 26 տարեկան հասակում սովորել եւ ավարտել է Բաքվի «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցը»։ Երկրորդ. իր պաշտոնական կենսագրության մեջ Ս. Սարգսյանը խնամքով ծածկել է այս փաստը։ Խնդիրն այն է, որ այս դպրոցում, որպես կանոն, գործուղվում էին սովորելու կա՛մ ԿԳԲ-ի կողմից արդեն հավաքագրվածներ, կա՛մ տեղում էին հավաքագրվում։ Համենայնդեպս այդ դպրոցն ավարտելուց հետո նա անմիջապես անցավ «կուսակցական պատասխանատու» աշխատանքների։
Անշուշտ, Սերժ Սարգսյանի վրա անձնական ճնշում գործադրելու բազմաթիվ այլ «թղթապանակներ» կարող են ունենալ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Արեւմուտքը՝ սկսած նրա ոչ օրինակարգությունից, կոռուպցիայից, խաղատներից եւ այլն։ Ուկրաինացի պատգամավորը փորձել է գտնել այն բացատրությունը, որը ընդհանրական կարող է լինել Յանուկովիչի եւ Ս. Սարգսյանի նույնանման վարքի համար։ Առայժմ դա վարկածների մեջ ամենաճշմարտանմանն է։

Tuesday, November 19, 2013

«Կուտակային կենսաթոշակի» օրենքը նոր միջին խավի դեմ


Արդեն տասնյակ օրինակներով հաստատվել է, և ամեն ոք բազմիցս համոզվել է, որ ներկա ռեժիմը չի կարող կատարել որևէ բարեփոխում՝ այս բառի բուն նշանակությամբ։ Բարեփոխումներ են օրենսդրական այն կարգավորումները, որոնք բերում են հասարակության բարեկեցության և ապահովության բարձրացմանը։ Անգամ աշխարհում ընդունված, կիրառված, արդյունք տված բարեփոխումներն են ավազակապետության ձեռքում այլասերվում ու դառնում նույն այդ հասարակությանը ճնշելու, թալանելու, իրավազրկելու գործիքներ։ Էլ չխոսած այն մասին, որ այդ բանն արդեն արվում է հակաժողովրդական օրենքների ընդունման կամ նորմալ օրենքների ու սահմանադրության ամենօրյա խախտումների միջոցով։ Ավազակապետական ռեժիմը չի կարող այլ կերպ վարվել։ Նա չի կարող իրական որևէ բարեփոխում կատարել, որովհետև  հասարակության կյանքի որևէ բարելավում, կենսամակարդակի որևէ բարձրացում պարզապես խարխլում է հենց ի՛ր՝ ռեժիմի հիմքերը։ Վերջինս այնքան ավելի ապահով է, որքան աղքատ, խեղճ ու իրավազուրկ է հասարակությունը։
Այսպես կոչված՝ «կուտակային կենսաթոշակի» խնդիրն էլ, ըստ այդմ, բովանդակային այլ լուծում չէր կարող ունենալ։ Այն պիտի լիներ հասարակությանը կողոպտելու հերթական գործիքը, ինչպես՝ ապօրինի մենաշնորհների հաստատումը, ապրանքների ու ծառայությունների գների անհիմն ու կամայական բարձրացումները, ճանապարհային արագաչափերն ու տեսախցիկները, կարմիր գծանշումներով վճարովի կանգառները և այլն։
Այստեղ անգամ իմաստ չունի մտնել խնդիրն  ըստ էության քննարկելու ոլորտ։ Միայն իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի պահվածքը ավելի քան բավարար է՝ ցույց տալու համար, որ նա ինքն էլ, շատ լավ հասկանալով, սովորական գողություն է արել։ Գողություն ասածն էլ այս դեպքում մեղմասացություն է։ Նա իրեն պահեց վերջին ջեբկիրի նման. ի՞նչ է նշանակում՝ խորհրդարանում ջախջախիչ մեծամասնություն ունեցող ուժը բոյկոտի հարցին վերաբերող արտահերթ նիստն ու դրանով խափանի նիստի կայացումը։
Թվում էր հակառակը՝ հենց խորհրդարանական մեծամասնությունը պիտի շահագրգռված լիներ, որ հասարակական բուռն բողոք առաջացրած օրենքը լրացուցիչ քննարկում, պարզաբանում ստանար, և ինքը մանրամասն ու փաստարկված համոզեր հասարակությանը, որ դա բխում է վերջինիս շահերից։ Թվում էր՝ դա նրա համար պիտի լինի լավագույն առիթը՝ ջախջախելու համար «պոպուլիստ» ընդդիմությանը։ Մինչդեռ վախեցած, սարսափած փախավ «գող կատվի», «ձու գողացողի», վերջին գրպանահատի պես։ Բա էլ ո՞ր նեղ օրվա համար էր Սերժ Սարգսյանը, շատ լավ իմանալով ՀՀԿ-ի մտավոր կարողությունները, «դրսից», որպես «ծանր հրետանի»,  խորհրդարան բերել «մտքի տիտաններ» Արտաշես Գեղամյանին, Խոսրով Հարությունյանին, Հայկ Բաբուխանյանին։
Բայց ավելորդ է խոսել Ս.Սարգսյանի ու նրա ղեկավարած ուժի քաղաքական արժանապատվությունից, քաղաքական ռիսկից կամ ինտելեկտից։ Փախան, քանզի շատ լավ գիտեին, որ իրենց արածը սովորական գողություն է, և արտահերթ նիստի ժամանակ դա ընդդիմությունը լրացուցիչ պիտի ցույց տար փառավորապես։ Կար ժամանակ, երբ նույն այս մեծամասնությունը նման վախեր չուներ. ինչքան ուզում ես՝ խոսիր, ինչ ուզում ես՝ ասա, կարող էին ոչինչ էլ չպատասխանել ու, քանի անգամ պետք է՝ միահամուռ քվեարկել, ինչպես իրենց ասվել է,- գնա՛ ճաքիր։ Հիմա այդպես չէ։ Հիմա փախան, հիմա վախեցան, վախեցան, թե քննարկման դեպքում շատ մեծ բազմություն կհավաքվի այն մարդկանց, ում գրպանը պատրաստվում են մտնել։ Այսինքն՝ առաջին քաղաքական հետևությունը, որ պետք է անել այս դրվագից, այն է, որ Արևմուտքի հիասթափությունը և Հյուսիսի արհամարհանքը վաստակած Ս. Սարգսյանը երկրի ներսում էլ վախենում է, սարսափահար է իր քաղաքական ընդդիմախոսից, իր քաղաքացուց։
Բայց այս դրվագը, ռեժիմի՝ կողոպտելու ու ընչաքաղցության բնազդից դուրս, պետք է դիտարկել նաև նրա հիմնական ու անխաթար քաղաքական գծի շրջանակներում։ Խոսքը միջին խավի նկատմամբ նրա վերաբերմունքի մասին է։ Միջին խավը, անկախ այն բանից, թե այս խավի ներկայացուցիչը արտադրող է, առևտրական, գյուղացի թե մտավոր աշխատանքով զբաղվող, իր դիրքով ու բնույթով մշտական վտանգ է ռեժիմի համար։ Այդ բանն իրեն զգալ է տվել միշտ։ Դժվար չէ հիշել այն «բարենորոգումները», որոնք ուղղված են եղել գյուղատնտեսության, արտադրության և առևտրի ասպարեզում միջին խավը հյուծելուն, նրա հասարակական կշիռն ու քաղաքական գործոն լինելու հնարավորությունը կասեցնելուն։ Այժմ մի այլ՝ մտավոր աշխատանքի ասպարեզում է սկսել միջին խավ ձևավորվել, և դա չէր կարող չանհանգստացնել ռեժիմին։ Եթե այն հնարավոր չէ հյուծել կամ ոչնչացնել, ապա «զզվացնելով» կարելի է արտագաղթի մղել, ինչի մասին խոսում էին նույն օրը բողոքի ցույցի մասնակիցներից շատերը։ «Կուտակային կենսաթոշակի» օրենքի ընդունումը նաև այդ նպատակն է հետապնդում։

Tuesday, November 12, 2013

Բոլոր հարցերը տանում են դեպի Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարական


Սերժ Սարգսյանի հրաժարականի անհրաժեշտության գաղափարն արագորեն համակում է ողջ հասարակությանը՝ ներառյալ իշխանական շրջանակներին։ Այն առարկայանում ու հիմնավորվում է արտաքին քաղաքական խոշոր հարցերում վերջնական աղետալի ձախողումներից սկսած՝ մինչև ներքաղաքական «մանր», կենցաղային թվացող խնդիրներով։
Նրա իշխանության օրոք աղքատության մակարդակի՝ ըստ պաշտոնական տվյալների՝ կրկնակի, իսկ իրականում՝ եռակի բարձրացումը, միջին կենսամակարդակի կայուն անկումը, սոցիալական բևեռացման խորացումը և այլն՝ արդյունք են կողոպտիչ այն մեքենայի աշխատանքի, որի ղեկին Սերժ Սարգսյանն է։ Այսինքն՝ անկախ այն բանից, թե յուրաքանչյուր դեպքում անձնապես ում՝ ո՛ր օլիգարխի, պաշտոնյայի, չինովնիկի, գործարարի կողմից է կողոպտվում քաղաքացին, իրականում նա կողոպտվում է անձամբ Ս. Սարգսյանի կողմից։
Մի ժամանակ կողոպտիչ այդ մեքենայի թիրախը, առաջին հերթին, երկրի բնական հարստություններն էին, հողը, անշարժ գույքը։ Բայց դա սպառվեց, և Սերժ Սարգսյանն իր ձեռքն ավելի խորն է մտցնում քաղաքացու, մեզնից յուրաքանչյուրի գրպանը՝ չխորշելով այդտեղից տանել վերջին 50 դրամը։
Այստեղ պիտի անդրադառնանք այդ կողոպուտի մի քանի «մանր» դրսևորումների, որոնք կապված են ավտոտրանսպորտի հետ, մասնավորապես՝ արագաչափեր, տեսախցիկներ, մայթեզրերի կարմիր գծանշումներով վճարովի ավտոկանգառներ, ուղևորատար տրանսպորտի գների բարձրացում։
Մեզ կարող են ասել. բայց չէ՞ որ այս միջոցառումները կապված են երթևեկության անվտանգության ապահովման հետ։
Կապ պիտի՛ ունենային, բայց արի ու տես, որ պաշտոնական վիճակագրությունն անգամ հակառակ պատկերն է ներկայացնում։ Դրանց ներդրմամբ պատահարների և զոհերի քանակը ոչ միայն նույն մակարդակի վրա չի մնացել, այլև տարեցտարի հետևողականորեն և կայուն աճել է։
2010թ. արձանագրվել է 1974 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 293 մարդ։
2011թ. արձանագրվել է 2319 ճանապարհատրանսպորտային պատահար, զոհվել է 327 մարդ։
2012թ. արձանագրվել է 2731 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 311 մարդ:
2013թ. առաջին վեց ամիսներին արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 1218 պատահար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14,3 տոկոսով, զոհվել է 141 մարդ։
Հիմնական պատճառն այն է, որ այս ամենը մտահղացվել ու ներդրվել են ոչ թե որպես երթևեկության անվտանգությունն ապահովելու, այլ, առաջին հերթին՝ որպես ժողովրդին լրացուցիչ կողոպտելու մեխանիզմներ։ Այդ են վկայում երեք փաստ։ Առաջին՝ տուգանքներից գոյացած գումարի 70%-ը բաժին է հասնում մասնավոր ընկերություններին, և 30%-ն է մտնում բյուջե։ Երկրորդ՝ չափազանց բարձր են տուգանքները։ Երրորդ՝ հիշյալ ընկերությունների տերերը, ըստ մամուլում տարածված ու չհերքված լուրերի, Սերժ Սարգսյանի մերձավորներն են, որ միևնույն է, թե անձամբ ինքն է։
Այստեղ էլ, հնարավոր է՝ առարկեն, թե զարգացած երկրներում, օրինակ, նույն խախտումների համար ավելի բարձր տուգանքներ են սահմանված։ Կարող են հակաճառել նաև տրանսպորտի ուղեվարձի հարցում՝ մատնացույց անելով ինչպես «զարգացած» երկրների օրինակներ, այնպես էլ ինչ-որ թվաբանական հաշվարկներ։
Պարզաբանենք։
Ըստ կենսական նշանակության՝ անձնական կամ ընտանեկան բյուջեն ունի ծախսերի պարտադրված առաջնահերթություններ։ Պայմանականորեն՝ դրանք բաժանենք երկու խմբի. առաջնային՝ սնունդ, հագուստ, առողջապահական, ուսումնական, և երկրորդ խումբ՝ հոգևոր պահանջմունքներ, որոշ «ճոխություններ» և այլն։ Եթե «զարգացած» երկրներում ամսական աշխատավարձը, օրինակ, 3000 դոլար է, ապա դրա առաջին կեսով արդեն կարելի է հոգալ առաջնային կենսական ծախսերը, և երկրորդ կեսի հաշվին է, որ վճարվում են փոխադրավարձը, տուգանքները և այլն։ Հայաստանում բնակչության մեծագույն մասի տասնապատիկ ցածր ամսական եկամուտը չի բավարարում անգամ նվազագույն անհրաժեշտ սննդի, հագուստի և առողջության պահպանման ծախսերը հոգալու համար։ Այս դեպքում, ահա, տրանսպորտի գնի բարձրացումը, զանազան տուգանքները և այլն, նրա սննդի և առողջության հաշվին են։ Այսինքն՝ դրանով վատթարացվում է մարդու ապրելու հնարավորությունը՝ բառիս ոչ թե հասարակական, այլ կենսաբանական իմաստով ։ Պատերազմական պայմաններում, ժամանակավորապես, դա «թիկունքի» հասկանալի ինքնազոհողություն կարող է դիտվել՝ հանուն հաղթանակի և ազատության։ Խաղաղ պայմաններում դա մարդասպանություն է՝ հանուն ինչի՞, Ս. Սարգսյանի ու նրա ավազակախմբի գրպանները լցնելո՞ւ։
Մի երկրում, որտեղ հասարակության կեսը աղքատության, չքավորության ճիրաններում է, հասարակական տրանսպորտի գինը չի կարող հաշվարկվել այն թվաբանական մեթոդով, ինչն այսօր փորձում են հրամցնել որպես տնտեսական հիմնավորում։ Նույն կերպ՝ զանազան տուգանքները չեն կարող լինել այնպիսի թվերով, որոնք աստղաբաշխական են գործող աշխատավարձերի և առկա կենսամակարդակի համեմատությամբ։ Էլ չենք խոսում մայթեզրերին կարմիր գծանշումներով վճարովի կանգառների մասին, որ ժողովրդի նկատմամբ շնականության՝ ցինիզմի բացառիկ մի դրսևորում է։ Հայաստանի նման երկրներում բոլոր այս կարգի հաշվարկների հիմքում պետք է դրվի հասարակության մեծագույն մասի սոցիալական վիճակը և կենսամակարդակը։
Իսկ որտեղի՞ց գտնել պակասող միջոցները, եթե, դիցուք, հասարակական տրանսպորտի ծախսերն իրոք գերազանցում են 100 դրամը։ Ասենք, թե որտեղից. այն միլիոններից, որ ոչ միայն «աշխատել», այլև նույնիսկ հայտարարագրել է Տարոն Մարգարյանը։ Կամ՝ կոռուպցիոն բուրգի կողոպտած այն միլիարդներից, որ, ըստ միջազգային փորձագիտական գնահատականների՝ կրկնակի գերազանցում են Հայաստանի պետական բյուջեն։ Չլիներ այդ կողոպուտը, հասարակությունն այսօր կունենար առնվազն 5 անգամ բարձր կենսամակարդակ։ Այդ դեպքում  նա տրանսպորտի գնի 50 դրամ բարձրացումը կամ 5000 դրամ տուգանքը կվճարեր ոչ թե հացի ու դեղի, այլ մի անգամ պակաս թատրոն կամ սրճարան գնալու հաշվին։
Իսկ կոռուպցիոն, կողոպտիչ այդ բուրգի գլխին Սերժ Սարգսյանն է։ Այնպես որ, բոլոր հարցերը՝ մեծից մինչև ամենափոքր, տանում են դեպի Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը։

Tuesday, November 5, 2013

Սերժ Սարգսյանի հրաժարականի ձնագունդը գլորվում է


Մինչեւ բուն նյութին անցնելն ասենք, որ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորի՝ Ս. Սարգսյանին հրաժարական տալու կոչ պարունակող հայտարարության առիթով արժե անել երկու արձանագրում։ Եթե հիշյալ հայտարարությունն ազատենք «քաղաքավարական» պաճուճանքներից եւ թողնենք միայն չոր հիմնավորումները, ապա վերջիններս ճշգրիտ (ու սպանիչ) արձանագրումներն են Ս. Սարգսյանի իշխանավարման ողջ շրջանի ամբողջական ձախողումների՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքական ոլորտներում (այն, ինչ տարիներ շարունակ պնդում է, մասնավորաբար, Հայ ազգային կոնգրեսը)։ Իսկ եթե նկատի ունենանք, որ 1998-ից ի վեր Ղարաբաղից ոչ մեկը, առավել եւս՝ որեւէ պաշտոնյա, ամենափոքր չափաբաժնով անգամ «թթու» մի խոսք չի ասել «յուրայինների» հասցեին, ապա տվյալ հայտարարությունը (անկախ դրա հեղինակի անձից, կողմնորոշումներից եւ այլն) հասարակական բոլորովին նոր որակի տրամադրությունների ու համոզմունքների մասին մի վկայություն է։ Հասարակական նոր որակի տրամադրություններն ու համոզմունքներն էլ, իրենց հերթին, հենված են վերջին շրջանում Ս.Սարգսյանի արտաքին քաղաքականության աղետալի կրախի առարկայացման, երկրի ներսում սոցիալական լարվածության սրընթաց խորացման եւ կրկնապատկված արտագաղթի փաստի վրա։
Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածը գերհասունացած խնդրի՝ Ս. Սարգսյանի հրաժարականի անհրաժեշտության քաղաքական ճշգրիտ բանաձեւում-հիմնավորումն է։ Որքան էլ տարօրինակ հնչի, դրական արձագանքներից ավելի՝ նրա հիմնավորումների անխոցելիությունը հավաստեց, առաջին հերթին, իշխանական շրջանակների ջղաձիգ ու ցածրորակ ռեակցիան, որոնք այդպես էլ չհամարձակվեցին  բովանդակային իմաստով անդրադառնալ դրված հարցերից եւ ոչ մեկին։ Աննախադեպ են հոդվածի արձագանքները եւ ընթերցողների մեծաթիվ շրջանակը, գուցեեւ ավելի, քան 2007-2008թթ. նախընտրական ամիսներին Տեր-Պետրոսյանի առաջին ելույթներինը։ Դա  պայմանավորված է հասարակական ընկալման մեջ խնդրի հրատապության արմատավորմամբ, ինչը շեշտակի բարձրացավ հոդվածի հիմնավորումների ու փաստարկների համոզկերությամբ։ Մի բան ակնհայտ է, որ դրանով Ս. Սարգսյանի հրաժարականի խնդիրը դարձավ Հայաստանի քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը։
Նկատի ունալով հոդվածի ու հարցի հսկայական հասարակական հնչեղությունը՝ մի քանի մասնավորեցումներ եւ արձանագրումներ՝ ստորեւ ։
Հարցադրման նորությունը
Ս. Սարգսյանի հրաժարականի խնդիրը, որպես երկրում սահմանադրական կարգի վերականգնման առաջին քայլ, հետապնդվել է ի սկզբանե՝ նրա ոչ օրինակարգության, գործած հանցանքների, սխալների եւ այլ հիմքերով։ Այդ պայքարն իր բարձրակետին հասավ 2011 թ. ամռանը, երբ, փաստորեն՝ հենց այդ օրակարգով, իշխանությունն ստիպված եղավ երկխոսության նստել Հայ ազգային կոնգրեսի հետ։ Դրա հիմնավորումները՝ շարադրված 85 էջի վրա, որքան էլ ծանրակշիռ, այսօր այլեւս անցած էտապ են։ Անցած են, որովհետեւ դրանց կողքին առաջացել են շատ ավելի ծանրակշիռ ու վտանգավոր հիմքեր ու հանգամանքներ՝ կապված վերջնական, առարկայական ձախողումների եւ երկիրը պատային վիճակի հասցնելու հետ։ Եթե մինչ այս, թեկուզ տեսականորեն, Ս. Սարգսյանն ուներ նաեւ ճիշտ քայլեր անելու հնարավորություն, հիմա, «ցուգցվանգի» մեջ՝ նա ամբողջությամբ զրկվել է նաեւ այդ հնարավորությունից։ Ուստիեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը այս հոդվածում շեշտը դնում է նրա հրաժարականի նոր ի հայտ եկած հիմնավորման ելակետի վրա. «Իմ ելակետը ո՛չ թե Սերժ Սարգսյանի՝ անցյալում գործած սխալներն ու հանցանքներն են, այլ այն, թե գոնե սրանից հետո ունա՞կ է նա, արդյոք, որևէ օգտակար գործ կատարելու Հայաստանի և Արցախի համար»։ «Ոչ» է այս հարցի պատասխանը, եւ դա տեսնում են բոլորը։ Նրա պաշտոնավարման յուրաքանչյուր օրը անդառնալի վնասներ բերելու մակարդակից վերաճել է Հայաստանի եւ Ղարաբաղի ազգային անվտանգությանն սպառնացող գործոնի։
Գերակա ազգային շահը
Պետական գործչի համար ազգային շահը գերակա է ամե՛ն ինչի, նաեւ՝ սեփական իշխանության նկատմամբ։ Հենց այդ սկզբունքին դավանելով է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1998թ. հրաժարվեց իշխանությունից. «Եթե ընդունել եմ հրաժարականի որոշում, հավատացեք, դա նշանակում է, որ այլընտրանքը մեր պետության համար համարել եմ ավելի վտանգավոր»: 2007թ. աշնանը որպես նախագահի թեկնածու մտնելով քաղաքական պայքարի մեջ՝ Տեր-Պետրոսյանի համար ազգային գերակա շահով պայմանավորված խնդիրը երկիրն ավազակապետությունից ազատելն էր։ Այդ խնդրի խաղաղ ու անցնցում լուծման համար ռեժիմի դեմ հասարակական ու քաղաքական ուժերի առավելագույն համախմբում էր պետք։ Դա ապահովելու համար է, որ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե ընտրվելու դեպքում կբավարարվի միայն 3 տարի պաշտոնավարելով . «Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելուց ուղիղ երեք տարի հետո ես պատրաստ եմ ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից՝ ձեզ հնարավորություն տալով լիովին ազատ եւ օրինական ընտրությունների միջոցով երկրի նոր Նախագահ ընտրել» (ելույթ 16.11.2007թ. հանրահավաքում)։ 2009թ. սեպտեմբերի 18-ին նա կրկին նույնպիսի պատրաստակամություն հայտնեց, եթե բոլոր քաղաքական ուժերը համախմբվեն եւ պահանջեն Ս. Սարգսյանի հրաժարականը. «Նախագահի պաշտոնից Սարգսյանի հրաժարականի պարագայում ես իմ թեկնածությունը չեմ առաջադրելու, բացառությամբ Ռոբերտ Քոչարյանի առաջադրման դեպքի»։ Եւ ահա հիմա էլ, երբ Ս. Սարգսյանը երկիրը հասցրել է անխուսափելի արհավիրքների նախադռանը, ու նրա պաշտոնավարման ամեն օրը հղի է այդ արհավիրքների առարկայացումով, Լեւոն Տեր-Պետրոսյանը, հանուն գերակա խնդրի լուծման, այն է՝ նրա հրաժարականի պահանջով հասարակական ու քաղաքական ուժերի ակտիվացման ու համախմբման, համաժողովրդական նոր շարժման սկիզբ տալու համար՝ պետական գործչին վայել նույն քայլն է անում. «Անձնական շահադիտության մեջ չմեղադրվելու նկատառումով հարկ եմ համարում հայտարարել, որ նախագահական ընտրություններում ես առաջադրվելու մտադրություն չունեմ։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ եթե ոչ այլ, ապա թեկուզ միայն Սերժ Սարգսյանին մարտիմեկյան սպանդի միջոցով իշխանության բերելու պատճառով բացառելի է նաև Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը»։ Սա, անշուշտ, չի նշանակում, թե նա, անհրաժեշտության դեպքում, պատրաստ չէ գլխավորել նման մի համաժողովրդական շարժում։ Որեւէ այլ կերպ մեկնաբանել խոսքը կամ այս քայլը, իրոք, այլ բան չէ, քան քաղաքական կուրություն կամ մեղկ դիտավորություն։

Քաղաքական նպատակահարմարության խնդիրը
Քաղաքական նպատակահարմարություն ասվածն այլ բան չէ, քան առաջնահերթ ու կենսական դարձած խնդիրը լուծել նվազագույն կորուստների գնով՝ խուսափելով անկանխատեսելի վտանգներից, ինչից, առաջին հերթին, տուժում են երկիրը, ժողովուրդը,  սովորական քաղաքացին։ «Սերժ Սարգսյանի կամավոր հրաժարականն ամենևին քաղաքական վենդետա չի ենթադրում։ Ավելին, կարծում եմ, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, դա պետք է տեղի ունենա Ազգային ժողովի կողմից նրան անձի և գույքի լիակատար անձեռնմխելիությամբ օժտելու պայմանով»։ Երկրի ու ժողովրդի իրական շահերի տեսակետից կա՞ օրակարգային թիվ մեկ խնդիրը լուծելու ավելի «էժան» ու անվտանգ այլընտրանք։ Ոմանց դուր չեկած, ոմանց էլ քննադատության առիթ տված այս մոտեցումը եւս Լեւոն Տեր-Պետրոսյանի համար նորություն չէ։ Հիշենք եւս երկու այսօրինակ դրվագ։ 2007թ. աշնանը իր առաջին ելույթում նա Ռ. Քոչարյանին եւ Ս. Սարգսյանին «ընկերաբար» կոչ արեց խաղաղ հեռանալ՝ երաշխավորելով անգամ, որ ժողովուրդն այդ դեպքում հիշաչար չի գտնվի ու նրանց կհիշի միայն իրենց՝ նախկինում արած դրական գործերով. «Լավագույն ելքը եւ իրենց պատմական վաստակն ու արժանապատվությունը փրկելու վերջին շանսը կլիներ, եթե Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը կամավոր հեռանային քաղաքական ասպարեզից, ինչը, վստահ եմ, հավուր պատշաճի կգնահատվեր երախտապարտ եւ ներողամիտ հայ ժողովրդի կողմից» (ելույթ 26.10.207թ. հանրահավաքում)։ Պատկերացնենք, որ նրանք այն ժամանակ անսային այս կոչին. մենք չէինք ունենա վերջին 6 տարվա չարքաշ կյանքը, չէինք ունենա Մարտի մեկ, չէինք ունենա կես միլիոն արտագաղթ եւ այսօր կապրեինք բոլորովին այլ Հայաստանում։ Քաղաքական նպատակահարմարության նկատառումով է, որ մի այլ անգամ էլ (պատմությունից Եղիազար Այնթապցի կաթողիկոսի օրինակի վկայակոչմամբ) նա Ս. Սարգսյանին կոչ էր անում. ընտրության հանգամանքով լինելով հանդերձ ոչ օրինակարգ՝ գործել երկրի օրինակարգ նախագահի նման՝ հաստատել օրինականություն, կատարել իրական բարեփոխումներ, քանդել ավազակապետական բուրգը ու այդ կերպ օրինակարգություն եւ վստահություն ձեռք բերել։ Պարզ է, որ եթե նման բան տեղի ունենար, ապա երկիրը զերծ կմնար բազմաթիվ կորուստներից, եւ այսօր լուծված կլիներ գերակա ազգային խնդիրը։ Ս. Սարգսյանն այն ժամանակ կարող էր, բայց չգնաց այս ճանապարհով, իսկ հիմա այլեւս անկարող է։
Նոր իրավիճակը
Հիմա որակապես նոր իրավիճակ է ստեղծվել, ինչի ամենացայտուն դրսեւորումն այն է, որ Ս. Սարգսյանը դրսի համար «թանկարժեք տղա» լինելուց վերածվել է անվստահելի գործընկերոջ։ Արտաքին քաղաքականության ղեկը բաց է թողնված, եւ մեր արտաքին քաղաքական խնդիրները, այդ թվում, առաջին հերթին՝ Ղարաբաղի հարցը, վտանգված են առավելագույնս։ Թե որքանով է Արեւմուտքի կամ Ռուսաստանի համար մտահոգիչ  այս հանգամանքը՝ թողնենք մի կողմ։ Դա, առաջին հերթին, հարյուրապատիկ ու հազարապատիկ ավելի պիտի մտահոգի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու։
Հայաստանը, սակայն, վտանգված է ոչ միայն արտաքին քաղաքական խնդիրների առումով։ Նույնքան, գուցե եւ ավելի վտանգավոր է երկրի ներսում։ Ավազակապետական բնույթի իշխանության «բնականոն» կենսագործունեության կարեւորագույն պայմանը այդ բուրգի գագաթին գտնվող անձի բացարձակ վերահսկողությունն է իշխանության բոլոր մարմինների եւ պաշտոնյաների վրա։ Արտաքին ասպարեզում շռնդալից տապալումներ ունեցած Ս. Սարգսյանն այլեւս չի կարող ունենալ նույն հեղինակությունն ու պահպանել նույն ազդեցությունը իշխանական բուրգի վրա եւ «արբիտրի» դեր խաղալ։ Առանց այդ էլ վերջին տարում իշխանական բուրգում անարխիկ երեւույթներ էին նկատվում։ Հիմա դա կարող է շատ ավելի խորանալ՝ վերածվելով, մի կողմից, միմյանց հետ անվերահսկելի գզվռտոցի, մյուս կողմից՝ այդ անարխիան կարող է դրսեւորվել հենց անպաշտպան հասարակության թալանի ու կողոպուտի մակարդակի շեշտակի բարձրացման, քրեական հանցագործությունների ծավալման տեսքով։
Աղետների ու կործանման տանող այս ընթացքը պետք է կասեցնել։ Կասեցման միակ միջոցը Ս. Սարգսյանի անհապաղ հրաժարականն է։ Համախմբման դեպքում Հայաստանում կան անհրաժեշտ հասարակական ու քաղաքական ռեսուրսներ այդ խնդիրը լուծելու համար։ Համախմբման շարժառիթը նույնքան, գուցեեւ ավելի ծանրակշիռ է, որքան արտաքին վտանգի դեպքում։ Լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածը համաժողովրդական համախմբման կոչնակն է ու շարժիչը։ Ս. Սարգսյանի հրաժարականի ձնագունդը գլորվում է։