Լեւոն Տեր-Պետրոսյանի
որեւէ խոսքի, ելույթի նկատմամբ հակազդեցության «ուժգնությունը», ավելի ճիշտ՝
հիսթերիայի մակարդակը, ուղիղ համեմատական է այդ ելույթի՝ հասարակության եւ
քաղաքական գործընթացների վրա ներգործության աստիճանին։ Որքան խորն է այդ
ներգործությունը, այնքան մեծ է վայնասունը։ Այդպես է եղել միշտ, այդպես է նաեւ
վերջին շրջանում, որ կարող է ինքնուրույն մի քաղաքական շրջափուլ դառնալ։
Սեպտեմբերի 3-ին Սերժ
Սարգսյանը 180 աստիճան շրջադարձ կատարեց. եվրաասոցացման երեքուկեսամյա
շքերթից հետո, մի օրում, բոլորի համար անակնկալ՝ շուռ եկավ դեպի Մաքսային եւ
Եվրասիական միություն։ Այս առիթով Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 7-ի ելույթը,
իր առնվազն 100 հազարանոց լսարանով, ըստ էության, հերթական քաղաքական գործընթացի
սկիզբ դրեց՝ կրկին ներքաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը դարձնելով անվստահությունը
Ս. Սարգսյանի նկատմամբ։ Հաջորդ երկու ելույթները խորացրին այդ գործընթացը, որ այլ
բան չէ, քան «Սերժ Սարգսյանի հրաժարականն այլընտրանք չունի» միտքը,
որ դարձավ նրա երկրորդ ելույթի վերնագիրը։
Իրական քաղաքական
գործընթացը, ինչպես հայտնի է, կարող է սկիզբ առնել եւ հաջողությամբ ծավալվել
օբյեկտիվ իրողությունների արձանագրման ու դրանց հաշվառման հիմքի վրա։ Դրանք
անտեսելով կամ ոչ իրական հիմքեր որդեգրելով՝ կարելի է զբաղվել քաղաքական
արհեստավորութամբ, քաղաքական բիզնեսով, բայց ո՛չ երբեք իրական քաղաքականությամբ։
Կեղծ կամ ոչ իրական դրույթները միայն շեղում են հասարակությանը, ժողովրդին՝ իր
առջեւ դրված կամ իր առջեւ ծառացած հիմնական քաղաքական խնդիրը լուծելու ճանապարհից։
Վերջին շրջանի իրադարձությունների հետ կապված օբյեկտիվ իրողությունների դրույթների
համախումբն ու համակարգումն, ահա, ինչին ուղղված էր Տեր-Պետրոսյանի նաեւ վերջին
ելույթը, այս պայմաններում կարող է հիմք դառնալ՝ վարչախմբի դեմ հասարակական նոր մի
ընդվզում ապահովելու համար։
Ծայր առած քաղաքական
գործընթացն, այսպիսով, ուղղված է տիրող ռեժիմի դեմ, նրա հեռացման ու սահմանադրական
կարգի վերականգնման խնդիրը լուծելու նպատակ ունի։ Սակայն այդ ճանապարհին
օբյեկտիվորեն գոյություն ունեցող իրողությունների արձանագրումը երբեմն դիպչում է
նաեւ մեծադղորդ ինքնանվանումներով մարդկանց ու մարդկանց խմբերի։ Լեւոն
Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը ընդամենը արձանագրում էր այն օբյեկտիվորեն առկա
իրողությունները, որոնց պատճառով Հայաստանում «Մայդան», այն է՝ արեւմտամետության
հիման վրա հակառուսաստանյան հասարակական ընդվզում տեղի չունեցավ, ինչպես դա եղավ
Ուկրաինայում։ Իսկ հարցը (ինչո՞ւ տեղի չունեցավ) դժվար է հերքել, որ կախված էր
օդում, եւ դրա ճիշտ պատասխանը խիստ կարեւոր է մեր հիմնական ներքաղաքական գործընթացների
տեսանկյունից։ Եւ ահա, այս ելույթին ամենաբուռն ռեակցիան տվեցին հայաստանյան,
այսպես կոչված, «արեւմտամետները»՝ հասնելով հիսթերիայի աստիճանի։
Ինչի՞ մասին է վկայում
այդ հիսթերիան։
Լեւոն Տեր- Պետրոսյանն
իր այս ելույթով, ըստ էության, նաեւ յուրօրինակ մի թակարդ է լարել նրանց դեմ, եւ
նրանք հասկացել են այդ բանը։
Իսկ «թակարդը»
հետեւյալն է։ Տեր-Պետրոսյանը երեք արձանագրում է արել։ Երկուսը պատմական փաստեր
են, երրորդը վերաբերում է մեր օրերում՝ 2008թ. ի վեր համաժողովրդական շարժման
ընթացքում Արեւմուտքի խաղացած դերին։ Եւ այսպես, եթե նա սխալ է, եւ նրա
ներկայացրած դրույթներն իրականությանը չեն համապատասխանում, ապա Մայդանը, անկախ
որեւէ մեկի կամքից, պետք է տեղի ունեցած լիներ անցած երեք ամիսների ընթացքում։ Եթե
տեղի չի ունեցել, ապա գոնե հիմա՝ Տեր-Պետրոսյանի ելույթից հետո պետք է կայանա։ Իսկ
այդ կայացումը, բնականաբար, ինչպես առաջին դեպքում պետք է ապահոված լինեին, հիմա
էլ պետք է ապահովեն հե՛նց նույն «արեւմտամետները»։ Համենայնդեպս՝ այդպես է
Ուկրաինայում։
Քաղաքականությունն,
այնուամենայնիվ, գործ է։ Խոսքը ընդամենը այդ գործը նախապատրաստող, նրան ծառայող
միջոց է, գործիք։ Չի կարելի քաղաքական գործիչ, քաղաքական ուժ համարվել, բայց
անընդհատ խոսել ու երբեք չգործել։ Ահա, Լեւոն Տեր-Պետրոսյանը, փաստորեն, «արեւմտամետներին»
կոչ է արել խոսքից անցնել գործի, ու պարզվում է, որ դրանով իսկ նա տրորել է
վերջիններիս ամենցավոտ տեղը, Աքիլլեսյան գարշապարը։
Հիմա ի՞նչ է ստացվում։
Եթե հայաստանյան, այսպես կոչված, «արեւմտամետները» այսուհետ էլ Մայդան չեն
նախաձեռնում ու շարունակելու են միայն խոսել, ճամարտակել, հոխարտալ, դրանով
լավագույնս ապացուցելու են, որ՝
- Լեւոն
Տեր-Պետրոսյանը բացարձակապես ճիշտ է, եւ նրա արձնագրած դրույթներն, իրոք, օբյեկտիվ
ռեալություններ են, որոնց պայմաններում Հայաստանում անհնար է կազմակերպել ու
իրականացնել այն, ինչ եղավ ու շարունակվում է Ուկրաինայում։
- Կամ՝ իրենք ընդամենն
անբաններ են եւ որեւէ գործի անընդունակ դատարկախոսներ, որ ամենանպաստավոր
պայմաններում ու ամենաճակատագրական պահին չարեցին այն, ինչի համար իրենց կոչված են
համարում կյանքով։
- Կամ՝ իրենք սովոր
են, որ ուրիշները պիտի գործ անեն, իսկ իրենք միայն կողքից գնահատական տան, որոշեն
ճիշտն ու սխալը, մուննաթ գան, դատեն ու դատապարտեն։
Իրոք որ՝
«արեւմտամետների» համար դժվար է ազատվել այս թակարդից, ու միակ հնարավոր
արձագանքը, կարծես թե, մնում է ոչ այլ բան, քան հենց այն հիսթերիան, ինչով եւ
զբաղված են։
No comments:
Post a Comment