Վերջին շրջանում շատերն են
նկատում, որ սոցիալական ցանցերում ինչ-որ հաճախադեպ են դարձել արտագաղթելու մասին հայտարարությունները։
Ու կարծես թե դրանց մեջ հատկապես շատ են զանազան դերասաններ։ Գոնե՝ ինձ
հանդիպածների մեջ։ Դրանց արձագանքողներն էլ, որպես կանոն, իրավացիորեն բողոքում
են՝ «գնում եք՝ գնացեք, ի՞նչ եք թմբկահարում ձեր գնալը, ի՞նչ եք ուզում ասել մեզ՝
մնացողներիս»։
Արտագաղթելու մասին այսօրինակ
հայտարարություններն ու գրառումների բազմացումը ակնհայտորեն կամպանիա են
հիշեցնում։ Ասել է թե՝ այն ինչ-որ տեղից հրահանգվել է։ Ինչ-որ տեղից այսօրինակ
հրահանգ տալ ու նման արդյունք ստանալ կարող է միայն իշխանությունը։ Ինչո՞ւ ենք այսպես
կարծում։
Այդ հայտարարություններում
հատկանշական է երկու բան։ Առաջին՝ որ արտագաղթելու մասին իրենց
հայտարարություններում հեղինակները, որպես հիմք, նշում են հայտնի հանգամանքները՝ շեշտելով
դրանց վերացման, լուծման, որեւէ բան փոխելու «անհնարինությունը»։
Սա արդեն, կամա-ակամա, ուրիշների մոտ հուսահատության առաջացման կամ խորացման
նպաստող հանգամանք է։ Երկրորդ՝ գնալու «հիմքերի» մեջ հանդիպում է նաեւ «ընդդիմությունը
հուսախաբ արեց» փաստարկը։ Եւ այսպես, ստանում ենք այն բանաձեւերից
մեկը, որ մեր որոշ «ազատ ու անկախ» լրատվամիջոցների քարոզչության կենտրոնական գիծն
է. «Իշխանությունը վատն է,
գող ու ավազակ, ու էս երկրում ոչինչ չի փոխվի, ընդդիմությունն էլ մի բան չի, միայն
հուսախաբ արեց ժողովրդին»։ Բանաձեւի երրորդ բաղադրիչը կամ
տրամաբանական եզրահանգումը թողնվում է ընթերցողին՝ «ուրեմն՝
որքան շուտ թողնեք գնաք այս երկրից, այնքան լավ»։ Ստացվում է, որ
գործ ունենք արտագաղթը խթանելու իշխանական ծրագիրն սպասարկող «գաղափարախոսության»
բանաձեւերից մեկի հետ։
Այսինքն՝ չբավարարվելով
վերահսկվող «ազատ ու անկախ» մամուլի գործունեության արդյունքներով, ահա, ինչ-որ
բանից դրդված՝ փորձ է արվում նույնն անել, արդեն անհատական օրինակների «կենդանի»
ու «համոզիչ» ցուցադրմամբ՝
նաեւ շատ ավելի մեծ լսարան ունեցող սոցիալական ցանցերում։ Ընդ որում, ի
տարբերություն լրատվամիջոցների քարոզչության՝ այս տարբերակը կարող է ԽՈՒՃԱՊԻ հիմք դառնալ։
Արդյոք չե՞նք չափազանցում՝ ԽՈՒՃԱՊԱՐԱՐՈՒԹՅԱՆ ծանրագույն մեղադրանք ներկայացնելով
վարչախմբին։
Ռեժիմն իր գոյության ընթացքում,
հանուն իշխանության պահպանման, սեփական ժողովրդի ու ազգային շահերի դեմ արել է
քայլեր, որոնք անհավատալի, անպատկերացնելի են եղել
յուրաքանչյուր բանական մարդու համար, շատերն այդպես էլ չեն
հավատացել։ Կամ հավատացել են շատ ուշ, երբ արդեն բանը բանից անցել է, երբ
առարկայացած են եղել դրանց աղետալի արդյունքները՝ անդառնալի կորուստներով։ Օրինակ՝
-
Որեւէ մեկը կարո՞ղ էր պատկերացնել, թե հանուն իշխանության պահպանման՝ կարելի է
ուրանալ Ցեղասպանությունը՝ Թուրքիայի համար լուծելով այն խնդիրը, ինչ նա
հետապնդում ու չէր կարողանում լուծել 50 տարուց ավելի։ Բայց դա տեղի
ունեցավ։
-
Որեւէ մեկը կարո՞ղ էր պատկերացնել, թե հանուն նույն այդ իշխանության պահպանման՝
կարելի էր Լեռնային Ղարաբաղը զրկել հակամարտության եւ բանակցային կողմի՝
միջազգայնորեն ճանաչված մանդատից՝ Արցախի ինքնորոշման իրավունքի առաջնային հիմքից։
Բայց դա նույնպես արձանագրված իրողություն է։
-
Որեւէ մեկը կարո՞ղ էր պատկերացնել, թե 4 տարի զուռնա-դհոլով կարելի էր գնալ «դեպի
Եւրոպա», ու մեկ գիշերում, հանուն իշխանության պահպանման, տրամագծորեն հակառակ
որոշում կայացնել (նման դեպքերում միակ լուծումը հրաժարականն էր)։
-
Որեւէ մեկը կարո՞ղ էր պատկերացնել, թե, հանուն իշխանության պահպանման, խաղաղ
տարիներին Ղարաբաղը բնակեցնելու փոխարեն՝ այն կարելի է դատարկել...
-
Մի քանի տարի առաջ որեւէ մեկը կարո՞ղ էր պատկերացնել, թե Սերժ Սարգսյանի գլխավորած
իշխանությունը ծրագրված նպաստում է երկրից մարդկանց՝ իր իսկ քաղաքացիների
արտագաղթին։ Որեւէ մեկը դա չէր կարող պատկերացնել, քանզի ոչ միայն աշխարհում,
այլեւ աշխարհի պատմության մեջ նման բան չի եղել։ Մինչեւ որ այդ մասին «լեզվի
սայթաքմամբ» ցինիկաբար խոստովանեց Տ. Սարգսյանը, եւ մինչեւ որ սահմռկեցուցիչ այդ
իրողությունն առարկայացավ խաղաղ պայմաններում ավելի քան 300.000 արտագաղթով։
Ոչ մեկը չէր կարող
պատկերացնել այս ամենը։ Եւ դեռ բոլորը չէ, որ պատկերացնում են։ Ու հենց դրանից էլ
օգտվել եւ օգտվում է ռեժիմը՝ անելով նոր «անպատկերացնելի» քայլեր։
Այնպես որ՝ վերեւում
արձանագրվածը շատ նման է այն բանին, որ Ս. Սարգսյանի քաղտեխնոլոգները, մարդկային
բանականության համար անպատկերացնելի՝ արտագաղթին նպաստող ԽՈՒՃԱՊ առաջացնելու մի
ծրագիր են փորձում իրականացնել՝ օգտագործելով սոցիալական
ցանցերը։ Այն լրիվ տեղավորվում է «անհավատալիի» շրջանակներում։ Իսկ «անհավատալիի»
շրջանակներում է, որովհետեւ սա ծանրագույն հանցագործություն է՝ ըստ էության, նույնքան եւ ավելի ծանր,
որքան խուճապարարությունը ռազմաճակատում։
Իսկ ինչո՞ւ հիմա։
Որովհետեւ առջեւում
Քառյակի ներկայացրած պահանջների (արդեն ակնհայտորեն չկատարման) առիթով համատեղ
հանրահավաքի սպառնալիքն է։ Սրանում չափազանցություն չկա։
Թե որքան է Ս. Սարգսյանը դրանից վախեցած, ցույց է տվել ապրիլի 28-ին Տ. Սարգսյանի
հրաժարականի օրակարգով նշանակված հանրահավաքը, որի նշանակումից ընդամենը երկու օր
հետո նա բավարարեց այդ պահանջը՝ միայն թե հանրահավաքը չկայանա։
Ոմանք կարող են տրամաբանորեն
առարկել. իշխանությունը շտապում է, որ մինչեւ սեպտեմբերի վերջ հնարավորինս շա՞տ
մարդիկ արտագաղթեն։ Բայց դա տեխնիկապես հնարավոր չէ։ Այնպես չէ, որ մարդը այսօր
կարող է նման որոշում կայացնել ու վաղը նստել ինքնաթիռ ու գնալ։ Նախ՝ դա բոլոր
առումներով ծանր որոշում է, եւ որոշումը կայացնելուց հետո մինչեւ դրա իրականացումը
տեւական նախապատրաստական աշխատանք է անհրաժեշտ, որ հաստատ շատ ավելի երկար է, քան
երկու-երեք ամիսը։ Այս ամենը ճիշտ է։
Ուրեմն՝ ո՞րն է ԽՈՒՃԱՊ հրահրելու իմաստը։
Շատ պարզ։ Խնդիրն այն չէ, թե դրա
հետեւանքով մինչեւ աշուն մեկ-երկու տասնյակ ավելի շատ մարդ դուրս կգա Հայաստանից։ Խնդիրն
այն է, թե քանի մարդ իր ներսում կկայացնի արտագաղթելու ծանրագույն հոգեբանական
որոշումը։ Ա՛յ, դրանք արդեն կարող են լինել տասնյակ հազարներ
(եթե, իհարկե, հաջողվի հասարակության մեջ այս կերպ խուճապի տարր մտցնել)։ Իսկ
արտագաղթելու վերջնական որոշում կայացրած մարդը մինչեւ հեռանալը միայն ֆիզիկապես է
Հայաստանում, բայց ո՛չ որպես երկրում իր այսօրվա ու վաղվա խնդիրներով մտահոգված ու
պայքարող քաղաքացի։ Նրա քաղաքացիական, առավել եւս՝ քաղաքական ակտիվությունը,
բնականաբար, դադարում է՝ իր ներսում հեռանալու վերջնական որոշման կայացման պահից։
Իսկ դրա համար 2-3 ամիսը ավելի քան բավարար ժամանակ է։ Եւ սա, արդեն, կարող են
արդյունք համարել Սերժ Սարգսյանն ու իր քաղտեխնոլոգները։
http://www.ilur.am/news/view/32663.html
No comments:
Post a Comment