Tuesday, July 8, 2014

Վիրավորվածությունը՝ որպես արտագաղթի նոր և հիմնական պատճառ


Վերջին շրջանում մամուլում և հատկապես՝ սոցիալական ցանցերում, ակտիվ քննարկման թեմա է արտագաղթի խնդիրը։ Առիթն այն է, որ երկրից հեռացող մարդիկ այդ մասին նախապես հրապարակային հայտարարություններ են անում՝ բացատրելու կամ արդարացնելու համար իրենց քայլը, կամ հայտնելու իրենց դժգոհությունը։
Տարբեր են հեռանալու՝ ներկայացվող շարժառիթները։ Տարբեր են նաև հեռանալու ձևերը. ոմանք դա կարող են անել լուռ, ոմանք ինչ-որ բան ասեն՝ որպես արդարացում, ոմանք՝ թափեն իրենց զայրույթը ճիշտ կամ սխալ հասցեատիրոջ վրա։
Տարբեր են նաև արձագանքները՝ արդարացնելուց սկսած՝ մինչև մեղադրանք՝ հայրենիքին դավաճանելու մեջ։
* * *
Արտագաղթը կանխելու երկու հիմնական ձև կա։ Առաջին՝ խուլ փակում ես սահմաններդ «երկաթե վարագույրով», ինչպես դա արել էր, օրինակ՝ Սովետական Միությունը։ Երկրորդ՝ քո երկրի բնակիչների, քաղաքացիների համար ապահովում ես այնպիսի կենսապայմաններ, որ նրանք գերադասում են մնալ, ոչ թե հեռանալ օտար երկրներ։ Ընդ որում՝ ոչ մեկը, ասենք, սոսկ երկու անգամ ավելի լավ ապրելու հեռանկարով չի լքի իր երկիրը։ Հայրենի երկրից արտագաղթի որոշում կայացնելը ծանրագույն քայլ է՝ թե՛ ռիսկի ու անհայտության, թե՛ զուտ հոգեբանական առումով։ Նման որոշում կայցնելու համար մարդը, որպես կանոն, ունենում է տասնապատիկ լուրջ հիմքեր։ Եւ եթե զգացական հարթությունից տեղափոխվում ենք առարկայական հարթություն, ապա ցանկացած մարդու համար արտագաղթելը ծանր ողբերգություն է նախ իր համար, ուստիև շատ դժվար է որևէ մեկին մեղադրել։
 Բոլոր, ու հատկապես՝ թվով ոչ մեծ ժողովուրդների համար արտագաղթը կործանարար է, երբ անցնում է չափի ինչ-որ սահմանագիծ։ Մեզանում այն վաղուց է անցել այդ սահմանագիծը։
Արտագաղթի երևույթն այն տեսքով ու բովանդակությամբ, ինչպիսին այսօր է Հայաստանում, ազգակործան է՝ առանց դույզն-ինչ չափազանցության։
Արտագաղթի ազգակործան լինելը որոշվում է ոչ միայն նրա ծավալներով, այլ նաև նրա շարժառիթներով, դրդապատճառներով ու միտումներով։
***
Ինչպես ասացինք, Սովետական Միությունը արտագաղթի դեմ պարզապես փակել էր սահմանները։ Խորհրդային տասնամյակներում երկու-երեք անգամ կազմակերպած ներգաղթի շնորհիվ Հայաստանում 1980-ականներին իրենց սերունդներով ապրում էին մի քանի հայրուր հազար ներգաղթյալներ։ Ժամանակին եկել էին՝ ինչ-որ խոստումների հավատալով, ինչ-որ հեռանկարով կամ ճարահատ, ապա բանտարկված մնացել։ Երբ 1980-ականների կեսերից հետո «երկաթի վարագույրը» փոքր-ինչ բարձրացավ, միանգամից բարձրացավ արտագաղթի առաջին մեծ ալիքը։  Ցավալի էր դա, բայց նաև բացատրելի ու ինչ- որ տեղ՝ բնական։
Այս ալիքը դեռ չէր ավարտվել, երբ դրան գումարվեց 1988-ի երկրաշարժի, ապա Ադրբեջանից փախստականության հետևանքով անօթևան ու անաշխատանք մնացած շուրջ կես միլիոն  բնակչությունը։ Դրա, մասնավորապես՝ փախստականության մի մեծ մասը անխուսափելիորեն պիտի բռներ արտագաղթի ճանապարհը։
Արտագաղթի եղած օբյեկտիվ պատճառներին եկան ավելացան ևս երկուսը՝ տնտեսական խուլ շրջափակումն ու պատերազմը։ Ընդ որում՝ պատերազմող երկիրը, հանգամանքների թելադրանքով, երկրում չէր կարող պատերազմական օրենքներ մտցնել։ Այսինքն՝ դեռ կոմունիստական իշխանության վերջին տարիներից սկսած, ապա՝ նրան հաջորդած ժողովրդավարական իշխանության առաջին տարիներին, արտագաղթի պատճառները օբյեկտիվ էին և անշրջանցելի։ Այդ ընթացքում անկախության հռչակումը, պատերազմում տարած հաղթանակները, կատարվող բարեփոխումները և այլն՝ արտագաղթի դեմ աշխատող, այն մեղմացնող գործոններ էին։ Զինադադարի հաստատումից քիչ անց,՝արդեն 1996-ից, արտագաղթը դադարեց, ավելի ճիշտ՝ եկողների թիվը գերազանցեց դուրս գնացողներինը։
1998-ից՝ հաջորդ իշխանության շրջանում, ռեժիմի ստեղծմանը զուգընթաց՝ սկսում են ձևավորվել արտագաղթի՝ այսօր գործող հայտնի հիմքերը, սակայն տարիների կտրվածքով արտագաղթի ցուցանիշները տատանողական են՝ կապված, առաջին հերթին, կոնկրետ ներքաղաքական իրադարձությունների, դեպքերի հետ, որոնք անապահովության զգացում պիտի առաջացնեին։ 1998-ի փետրվարյան պետական հեղաշրջումից հետո նույն տարում այն հասավ 24.000-ի, 1999-ին՝ «Միասնություն» դաշինքի հաղթանակից հետո՝ իջավ մինչև 7000, 2000 թ. (1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո) հասավ 57.500-ի, 2001-ին՝ 60.400-ի, հաջորդ տարիներին թվերն, ըստ պաշտոնական վիճակագրության, նվազում են։
Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին՝ 2008-ից սկսած՝ արտագաղթի ցուցանիշը կայուն աճողական է և վաղուց հատել է ամենավտանգավորի սահմանագիծը։ Դրան նպաստող օբյեկտիվ այնպիսի հանգամանքներ, ինչպես 90-ակններին, գոյություն չունեն։ Առ այսօր դրան տրված միակ տրամաբանական բացատրությունն այն է, որ Ս. Սարգսյանի օրոք մշակվել և գործում է արտագաղթին ամեն կերպ նպաստելու ծրագիր և քաղաքականություն։ Բազմիցս նաև նշվել է, որ հենց այդ ծրագրի մասին է ժամանակին բացահայտ հայտարարել նախկին վարչապետ  Տիգրան Սարգսյանը։
Արդ՝ որո՞նք են Ս. Սարգսյանի օրոք արտագաղթի հանգեցնող հիմնական պատճառները։ Դրանց մի մասը՝ ժառանգած 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո հաստատված ռեժիմից, պարզապես ավելի խորացել է.
- Աշխատանքի և կենսապայմանների բացակայություն,
- կողոպուտի ու հարստահարման թիրախ լինելը,
- իրավունքի բացակայություն և ապօրինություններ,
- փակված են ինքնուրյուն տնտեսական գործունեության բոլոր ճանապարհները,
- անապահովություն բանակում,
- հեռանկարի բացակայություն և այլն։
Սերժ Սարգսյանի օրոք, հատկապես՝ վերջին շրջանում, արտագաղթի արդեն հայտնի այս պատճառներին ավելացել է նորը, որ ներգործության իր ուժով դառնում է շատ ավելի հզոր։ Դա ՎԻՐԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈԻՆՆ է (обида)՝ անհատի մարդկային, քաղաքացիական ու ազգային զգացումներին հասցված ծանր վիրավորանքը։
Մարդկանց համար վիրավորական է՝
- որ իրենց երկրի ղեկավարին կարող են ստիպել Ցեղասպանություն ուրանալ կամ 180 աստիճանով արտաքին քաղաքական կուրս փոխել,
- որ իր երկրի՝ նախագահի պաշտոնն զբաղեցնող անձին միջազգային ասպարեզում կարող են հրապարակայնորեն խայտառակ ստորացումների ենթարկել,
- որ նրա եղբայր Սաշիկը, որտեղ սիրտն ուզի՝ կարող է կարմիր գծեր գծել, արագաչափեր ու տեսախցիկներ դնել ու մարդկանցից փողեր կլպել,
- որ նրա փեսա Միշիկը կարող է միլիարդատեր դառնալ, բնականաբար՝ մեր բոլորի հաշվին,
- որ Գալուստ Սահակյանի, Հովիկ Աբրահամյանի, Շարմազանովի և այլ «դեմքերն» են իր երկրի դեմքը,
- որ բարոյականությունից շա՜տ հեռու այս մարդիկ կարող են, բարոյախոսական քարոզ կարդալով՝ քո գրպանը մտնել, քեզ հիմարի տեղ դնել, թե աշխատավարձիդ մի մասը տանում ենք, որ 40 տարի հետո տանք, դու երջանիկ մեռնես...
Այնպես որ՝ բոլոր, այդ թվում նաև արտագաղթի հարցում պետք է ելնել օբյեկտիվորեն առկա և այլևս անշրջանցելի մի իրողությունից. Ս.Սարգսյանը, չկարողանալով իր համար լուծել «վստահելի և ապահով» իրավահաջորդի հարցը, իշխանությունը պահելու, պատասխանատվությունից խուսափելու համար պատրաստ է ամեն ինչի՝ առանց խտրականության։ Նա՝ բոլորիս անծանոթ մի հոգեվիճակում, բոլորիս անծանոթ մի աշխարհում՝ ունի մեկ հակառակորդ ու թշնամի՝ իրեն երբևէ չընդունած Հայաստանի ժողովուրդը։


http://www.ilur.am/news/view/32120.html

No comments:

Post a Comment