«Շատ խելք պետք չէ քաղաքականությամբ
զբաղվելու համար»
(Հովիկ Աբրահամյան)
Մի քանի օր առաջ, հղում կատարելով
ռուսական REX
գործակալությանը, լուր տարածվեց, թե Հովիկ Աբրահամյանին պատրաստվում են պաշտոնանկ
անել վարչապետի պաշտոնից:
Իշխանական շրջանակները,
բնականաբար, ժխտեցին այդ լուրը։ Ժխտեցին ճիշտ նույն բառերով ու «վճռականությամբ»,
ինչպես Տիգրան Սարգսյանի մասին նույնպիսի լուրերն էին ժխտում մի քանի ամիս առաջ,
ժխտում էին՝ ընդհուպ մինչեւ նրա հրաժարականի (իրականում՝ պաշտոնանկ անելու) նախորդ
օրը։
Հետաքրքիր կլինի՝ մեր
դատարանները կարողանան ստիպել ռուսական REX գործակալությանը՝ բացահայտելու
իր «արտաքին դիվանագիտական աղբյուրները», եւ հանկարծ պարզվի, որ այդ «աղբյուրները»
տեղակայված են, ասենք, Երեւան, Բաղրամյան 26-ում։
Բայց սա կարեւոր չէ։
Կարեւոր չէ նաեւ, թե
տեղեկատվության աղբյուրն ինչ պատճառներ է մատնանշում նման պաշտոնանկության համար։
Կարեւորն այն է, որ սա բնական,
տրամաբանական ու ռեալ հեռանկար է, ուստիեւ հիշյալ տեղեկատվությունը, անկախ իր
ծագման տեղից ու հանգամանքներից, դառնում է հավաստիանման ու խիստ հեռանկարային։
Մի պահ հիշենք, թե ինչպես Հ.
Աբրահամյանը դարձավ վարչապետ։
Կարծում ենք՝ բոլորը
կհամաձայնեն, որ վարչապետ դառնալու նրա վաղեմի երազանքը դրանում որեւէ դեր չի
խաղացել։
Հիշենք ապրիլի սկզբի այդ օրերի
քաղաքական անցուդարձի բաղադրիչները.
Ա) ՀՀԿ-ն եւ Ս. Սարգսյանն
այնպիսի ռեակցիա են տալիս Տ. Սարգսյանի հրաժարականի հարցին, որ հասկանում ես, թե
նրան անփոխարինելի ու ցմահ վարչապետ են համարում։
Բ) Հաջորդ օրը Քառյակը
հանրահավաք է նշանակում ապրիլի 28-ին՝ «Տ. Սարգսյանի հրաժարականի օրակարգով»։
Գ) Հաջորդ օրը՝ մեռելային
լռություն։
Դ) Հաջորդ օրը Տ. Սարգսյանը
հրաժարական է տալիս։
Հիմա հիշեք ՀՀԿ-ի ու Ս.
Սարգսյանի՝ վարչապետ փնտրելու երկշաբաթյա բուռն տվայտանքները։ Ստում էին, թե Տ.
Սարգսյանի հրաժարականը վաղուց ծրագրված է եղել։ Եթե ծրագրված լիներ, ապա վաղուց
հայտնի կլիներ նաեւ նոր «վարչապետացուն»։
Ուստիեւ՝ «շատ խելք պետք չէր»՝
հասկանալու համար, որ Ս. Սարգսյանի խնդիրը «վարչապետացու» գտնելը չէր։ Խնդիրն այն
էր, որ միջոց կամ լծակ
գտնվի՝ կասեցնելու համար քաղաքական այն գործընթացը կամ զարգացումը, ինչը ստիպեց
անակնկալ հրաժարվել Տ. Սարգսյանից։ Իսկ քաղաքական այդ գործընթացը կամ զարգացումը
կապված էր Քառյակի գոյության ու գործունեության հետ։ Պետք էր միջոց գտնել
վնասազերծելու համար Քառյակը՝ կա՛մ նրան հակակշիռ գտնելու, կա՛մ պառակտելու
միջոցով։
Ս. Սարգսյանին նույնպես «շատ
խելք պետք չէր»՝ հասկանալու համար, որ նման հակակշիռ կարող է գտնել միայն դրսում,
կամ պառակտել՝ դրանից ԲՀԿ-ն պոկելով։ Այդ օրերի գրավոր ու բանավոր լրահոսերից
ակնհայտ էր, որ Ս. Սարգսյանը փորձեց ու նման լծակ չգտավ դրսում (Մոսկվայում)։
Գրավոր ու բանավոր նույն լրահոսերից դժվար չէր ենթադրել, որ նա առավելագույնս
արեց, պատկերավոր ասած՝ «թագավորության կեսը» խոստացավ ԲՀԿ-ին, բայց չկարողացավ,
որպես ակտ, գլուխ բերել նաեւ Քառյակի պառակտումը։ Երրորդ տարբերակն, ահա, եղել է
Հովիկ Աբրահամյանը՝ նկատի ունենալով, որ Գ. Ծառուկյանի հետ նրա խնամիական կապով
կարող է ինչ-որ արդյունքի հասնել։
Ակնհայտ էր մի բան. Ս. Սարգսյանը
չկարողացավ Հ. Աբրահամյանին վարչապետ նշանակել Գ. Ծառուկյանի հետ ինչ-որ պայմանով, ուստիեւ ստիպված էր նշանակել հույսով։ Հիմա արդեն ամեն ինչ կախված է նրանից,
թե ժամանակի ընթացքում որքանով
կարդարանա այդ հույսը։
Ժամանակն էլ, ինչպես գիտենք,
սահմանափակ է։ Քառյակը իր 12 պահանջների կատարման-չկատարման արդյունքներով
սեպտեմբերի վերջին քաղաքական եզրահանգման պիտի գա ժողովրդի հետ միասին։
***
Եւս երկու հանգամանք կա, որ
խոսում է հօգուտ Հ. Աբրահամյանի մոտալուտ հրաժարականի հնարավորության։
Առաջինը վաղուց նկատված այն
փաստն է, որ վարչապետի համար աննպաստ տեղեկություններ ու սուր քննադատություններ
են հայտնվում նաեւ այն լրատվամիջոցներում, որոնք ակնհայտորեն Բաղրամյան 26-ի
վերահսկողության տակ են։
Երկրորդ հանգամանքը այն
անակնկալն է, որ վերջերս մատուցեց հենց Հ. Աբրահամյանը՝ «թերություններ գտնելով»
Որոտանի վաճառքի գործարքում ու կասկածի տակ դնելով դրա բարեհաջող ապագան։ Խնդիրն
այն է, որ նա ԱԺ նախագահի պաշտոնում ոչ մի խոսք չի ասել այդ մասին
ամենաբուռն քննարկումների ժամանակ։ Այսինքն՝ այն, ինչ ասում է այսօր, թվում է՝
յուրատեսակ առարկայական պաշտպանական հակազդեցություն է։ Հակազդեցություն՝ ոչ թե իր
վարչապետության մոտալուտ ավարտի մասին լրատվական միջոցների ասեկոսեների, այլ իր
թիմի «մյուս բեւեռում» եղած իրական մտադրությունների։
http://www.ilur.am/news/view/33372.html
No comments:
Post a Comment