Tuesday, November 25, 2014

Խոցված ուղղաթիռի հանգամանքների ճշտումը նաև քաղաքական կարևորություն ունի


Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի վրա ԼՂՀ ռազմական ուղղաթիռի խոցման առիթով, բնականաբար և արդարացիորեն, առաջին հերթին եղան Ադրբեջանին մեղադրող գնահատականներ։ Այն, որ դա հրադադարի ռեժիմի կոպիտ խախտում էր, կասկածից դուրս է։ Որ հրադադարի պայմաններում սահմանագծին հայտնված ուղղաթիռի նկատմամբ առաջին գործողությունը այն ոչնչացնելը չպիտի լիներ՝ նույնպես ակնհայտ է։ Դեպքի միջազգային արձագանքը, որքան էլ տարտամ, այնուամենայնիվ, ավելի շատ մեղադրական երանգ ուներ Ադրբեջանի նկատմամբ։ Բայց այս ամենը, ինչպես ասում են, խնդրի մի կողմն է, մենք դառնանք մյուս կողմերին։
***
Առաջանում են հարցեր, որոնք նաև արդեն հրապարակավ հնչել են ու պատասխան չեն ստացել։ Մի քանի օր առաջ կատարված հատուկ գործողությամբ զոհվածների մարմինները դուրս բերելն էլ այդ հարցերը ժամանակավրեպ չի դարձնում ամենևին։ Մասնավորապես. Ինչո՞ւ էին ռազմական երկու ուղղաթիռները հայտնվել շփման գծի վրա, հակառակորդի ուղիղ նշանառության տակ («զեզոք գոտին» երկու կողմերի դիրքերի միջև ընկած մի քանի հարյուր մետր տարծաքն է)։ Դա երկուստեքիրավո՞ւնք է՝ ռազմական ուղղաթիռով հասնել մինչև «չեզոք գոտի»՝ ամրագրված է հրադադարի կամ դրա հետ կապված կարևոր ինչ-որ փաստաթղթո՞վ, թե՞ դա հենված է եղել տարիների փորձով ձեռք բերված վստահության վրա՝ որ նման դեպքերում հակառակորդը այդ կերպ չի արձագանքի։
Այս տեսանկյունից՝ համապատասխան պաշտոնյաների անմիջական արձագանք-խոսքերում ինչ-որ մութ բան է մնում։
1. Մովսես Հակոբյան (ԼՂՀ պաշտպանության նախարար). լրագրողի հարցին՝ հնարավո՞ր էր արդյոք խուսափել հակառակորդի կողմից ուղղաթիռի խոցումից, նա պատասխանում է, թե՝ հնարավոր էր։ Եւ ավելացնում է.«Հակառակորդը պահն օգտագործել է, և մեր ուղղաթիռները, լինելով սահմանին մոտ բնագծում, իրականացրել է խոցումԻհարկե, եթե հակառակորդը ունենար տրամաբանություն և պատասխանատվություն՝ այդպիսի գործողություններ չէր իրականացնի»:
Ի՞նչ է ստացվում։
Ռազմական ուղղաթիռները (մասնագետների պնդմամբ) ուսումնավարժական թռիչքներն իրականացնում են նախապես մանրամասն մշակված պլանով և երթուղով ու, բնականաբար՝ համապատասխան դիսպետչերական կամ հրամանատարական կենտրոնի հետ անընդհատ կապի մեջ։ Ստացվում է, որ տվյալ թռիչքի պլանը կազմողները երթուղին անց են կացրել «չեզոք» գոտիով կամ դրան շատ մոտ մեր տարածքի այն մասով, որը հասանելի էր հակառակորդի հակաօդային ամենասովորական զինատեսակի համար՝ վստահ լինելով հակառակորդի տրամբանության ու պատասխանատվության զգացումի վրա՞։ Մինչ այժմ այդ ի՞նչ հիմքերով է հայկական կողմը նման տպավորություն ստացել հակառակորդից, և հիմա էլ հիասթափված ու զայրացած արձանագրում է, թե սխալվել է իր պատկերացումներում։ Եթե Ադրբեջանն ունենար այդ հատկանիշները, էլ ինչո՞ւ էինք հասնում այստեղ. դեռ 1988-ին կհարգեր ԼՂԻՄ մարզխորհրդի հայտնի որոշումը, ու ամեն ինչ կավարտվեր։
2. Սեյրան Օհանյան.  ՀՀ պաշտպանության նախարարի անմիջական արձագանքն էլ այսպիսին էր. «Զորավարժությունների անցկացման մասին նախապես հայտարարվել էր, և ինչպես միշտ՝ մեր հարևանները ցույց տվեցին իրենց դեմքը՝ կոպտորեն խախտելով բոլոր նորմերը և խոցելով ուղղաթիռը»
Եւ այս դեպքում նույնպիսի հարցեր են առաջանում.
Զորավարժությունների մասին նախապես հայտարարված լինելը բավարար հի՞մք էր՝ մտածելու համար, թե դրա շրջանակներում շփման գծում, հակառակորդի ուղիղ նշանառության տակ հայտնված ռազմական ուղղաթիռները կրակի թիրախ չէին դառնա։ Եղե՞լ են նման նախադեպեր, որոնք թույլ կտային նման վստահություն ունենալ։ Եւ կամ՝ եթե «մեր հարևանների» մշտապես ցույց տված դեմքն այն է, որ նրանք «կոպտորեն խախտում են բոլոր նորմերը», ուրեմն ինչո՞ւ այս դեպքում այլ կերպ պիտի վարվեին։ Չնայած հրադադարի պայմանագրին ու դրանում արձանագրված նորմերին՝ կան, չէ՞, ինչ-որ «ինստրուկցիաներ», հրամաններ, որոնք արգելում են, ասենք, զինվորին՝ դուրս գալ խրամատից ու «ցցվել» հակառակորդի տեսադաշտում։ Եթե զինվորի վրա կրակում են, ինչո՞ւ ուղղաթիռի վրա չպիտի կրակեին։
3. Սերժ Սարգսյան. զորավարժությունների ամփոփման իր խոսքում նա ասում է, թե խոցել են «դժվար դրության մեջ հայտնված» ուղղաթիռը։
Սա ակնարկ է այն մասին, թե ուղղաթիռները մոլորվե՞լ էին։ Եղանակի անբարենպաստ լինելու մասին խոսք չկա։ Տեսանյութից էլ ակնհայտ է, որ նման բան չկար։ Հարազատ ու ծանոթ վայրերում վեց օդաչուների (երկու ուղղաթիռ միասին էին) միաժամանակ մոլորվելը բացառվում է։ Էլ չասած, բնականաբար, ամեն րոպե նրանց ուսումնավարժական թռիչքին հետևող«դիսպետչերների» ու զորավարժությունների պատասխանատուների մասին։ Բացառվում է, որ երկու ուղղաթիռի վեց օդաչուներ ինքնասպան որոշում էին կայացրել՝ ի հեճուկս նախապես իրենց տրված թռիչքի ծրագրի ու հրամանի, «հավեսի համար» մի քիչ շեղվել ու հայտնվել այնտեղ, որտեղ չպիտի լինեին։
Ուրեմն ինչո՞ւ, ո՞ւմ մեղքով էին նրանք հայտնվել «դժվարին դրության մեջ»։
Այս հարցերը պիտի պատասխան ստանան, և ոչ մի կերպ չեն կարող անտեսվել ու մոռացվել օդաչուների մարմիններն ու մասունքները դեպքից 10 օր հետո դուրս բերելու հաջող գործողության առիթով ծավալված քարոզչական աղմուկի տակ։ Պետք է պատասխան ստանան, որպեսզի հաջորդ անգամ էլ մի այլ ուղղաթիռ, ինքնաթիռ, տանկ կամ զրահամեքենա՝ իրենց անձնակազմով, կամ ջոկատ՝ այս կերպ չհայտնվեն «դժվար դրության մեջ»՝ հակառակորդի ուղիղ նշանառության տակ։ Պետք չէ հարյուրավոր ու հազարավոր անգամներից հետո հնարավորություն տալ, որ հակառակորդը ևս մեկ անգամ «ցույց տա իր դեմքը», ևս մեկ անգամ ապացուցի, որ զուրկ է «տրամաբանությունից» և «պատասխանատվությունից»։ Վաղուց արդեն դա պետք էր ընդունել որպես անսասան հիմք։
Բայց շարունակենք.
4. Արծրուն Հովհաննիսյան (ՊՆ մամուլի խոսնակ). «Բոլորս էլ ունենք հակառակորդին շուտափույթ հակահարաված տալու ցանկություն, սակայն սա այն իրավիճակն է, երբ հարկավոր է կշռադատված գործել: Պատասխանը լինելու է. վստահ եմ՝ որքան այդ պատասխանն ուշանա, այնքան ավելի հուժկու և կշռադատված կլինի: Պատերազմի հասարակական պահանջը գնալով մեծանում է մեր հասարակության մեջ, և հայ զինվորականը պատրաստ է պատերազմին, որովհետև ամեն օր էտեսնում այդ պատերազմը»:
Այստեղ շատ վտանգավոր միտք կա.
«Պատերազմի հասարակական պահանջը գնալով մեծանում է մեր հասարակության մեջ...»։
Ո՞վ է ասել։ Ինչի՞ց է դա երևում։ Որևէ քաղաքական ուժ կամ հասարակական կազմակերպություն նման հայտարարությո՞ւն է արել։ Որևէ 10 հոգի պատերազմի պահանջով ցո՞ւյց են արել ՊՆ-ի կամ պետական որևէ հիմնարկի առաջ։ Այդ ո՞ր խելագար հասարակության մեջ կարող է «պատերազմի պահանջ» առաջանալ ու «մեծանալ» (չհաշված, անշուշտ, անբուժելի հոգեկան հիվանդությամբ տառապող սակավաթիվ անհատների, որ կարող են լինել ցանկացած հասարակության մեջ)։
Շեշտենք՝ խոսքը հակառակորդի սադրիչ գործողություններին համարժեք պատասխան տալուն ու դրանով իսկ դրանց հետագա կրկնությունը կանխելուն չի վերաբերում։ Այ դա հասարակական պահանջ է։ Իսկ այն, ինչ ասում է ՊՆ մամուլի խոսնակը՝ պատերազմի քարոզ է՝ արգելված ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածով։ Բայց այս դեպքում խնդիրն այն չէ, թե միջին մի պաշտոնյա, սահմանադրությամբ արգելված՝ պատերազմի քարոզ է անում։ Խոսնակը տվյալ գերատեսչության, այս դեպքում՝ Պաշտպանության նախարարի «բերանն է», խոսափողը, խոսում է նրա փոխարեն, ասում է այն, ինչ իրեն հանձնարարված է։ Պաշտպանության նախարարն, իր հերթին՝ գործում է երկրի փաստացի նախագահի, գերագույն գլխավոր հրամանատարի ենթակայության տակ ու գեթ քաղաքական ասելիքում նրա յուրօրինակ «խոսնակն» է։ Այսինքն՝ ստացվում է, որ, առայժմ ՊՆ մամուլի խոսնակի բերանով, պատերազմի քարոզ է անում Սերժ Սարգսյա՞նը։ Հակառակ դեպքում ՊՆ մամուլի խոսնակը պետք է անմիջապես հեռացվեր և պատասխանատվության կանչվեր։
Բայց սա հակադրվում է հայտնի մի իրողության։ Ս. Սարգսյանը չափազանց վախենում է պատերազմից՝ քաջ գիտակցելով, թե դա ինչպիսի վտանգ կարող է լինել իր անձնական իշխանության ու ճակատագրի համար։ Հենց այդ վախից էր, որ վերջին երկու տարում հակառակորդի սադրանքները համարժեք պատասխան չէին ստանում, մինչև այս տարվա հուլիս-օգոստոսին դրանք եկան, հասան վտանգավոր աստիճանի։ Ու դժվար է ասել, թե էլ ուր կհասնեին ու էլի քանի զոհ կտայինք այդ սադրանքների հետևանքով, եթե Լևոն Տեր- Պետրոսյանի հայտնի ելույթից հետո բանակը չձերբազատվեր մինչ այդ իրեն կաշկանդող քաղաքական հրահանգներից ու համարժեք պատասխաններով ամեն ինչ իր տեղը չդներ։
Ո՞րն է, ուրեմն, այս դեպքում՝ հնարավոր բացատրությունը, վարկածը։
Ամռանը Ս. Սարգսյանը դեռ կարող էր համարել, որ պատերազմը կարող է լինել իր իշխանությանն սպառնացող թիվ մեկ վտանգը՝ պահուստում ունենալով, այսպես կոչված, «սահմանադրական բարեփոխումների» միջոցով ընդդիմությանը չեզոքացնելու և իր իշխանությունը հավերժացնելու ծրագիրը։ Հիմա՝ հոկտեմբերի 10-ի և 24-ի հանրահավաքներից հետո, իրավիճակի լիակատար հստակեցում և կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել։ Շատ կտրուկ։ Հիվանդագին լավատեսությամբ պետք է տառապել՝ մտածելու համար, թե այսուհետ այդ ծրագրի կենսագործման ամենաչնչին հնարավորություն է պահպանվել։ Ուստիև Ս. Սարգսյանի համար փոխվել է իր իշխանությանն սպառնացող թիվ մեկ վտանգը։ Նա շատ լավ հասկանում է, որ այն (իր իշխանությունը) մազից է կախված, և այդ մազը կկտրվի այդօրինակ ևս մեկ կամ երկու հանրահավաքով։ Եւ փրկության որևէ օղակ, ո՛չ դրսում, ո՛չ ներսում՝ չկա, չի տեսնում։
Հայտնի է ևս մի բան. իշխանությունը պահելու ու հավերժացնելու մոլուցքը վաղուց մթագնել է Ս. Սարգսյանի քաղաքական բանականությունը։ Հանուն իր այդ գերագույն նպատակի՝ նա պատրաստ է զոհաբերել բացարձակապես ամեն ինչ։ Այդ թվում՝ նաև կարող է ժողովրդին ահաբեկել պատերազմի սպառնալիքով ։ Քաղաքական բանականությունը կորցրած մարդու համար վտանգավոր պահին կարող է առաջնորդող դառնալ ոչ միայն «ինձնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ», այլ նաև «եթե ես չեմ՝ ուրեմն ջրհեղեղ» սկզբունքը։ Ահա, հենց այս նկատառումով է, որ ծանրացանք ՊՆ մամուլի խոսնակի բերանով ասված, ըստ էության, պատերազմի քարոզ բովանդակող մտքի վրա։ Եւ քանի դեռ ՊՆ մամուլի խոսնակը աշխատանքից չի հեռացվել ու պատերազմի քարոզչության համար պատասխանատվության չի կանչվել, մեր այս վարկածը գոյության իրավունք ունի։
Այնպես որ՝ ԼՂՀ ռազմական ուղաթիռի հետ կապված ողբերգութան (ոչ թե «ցավալի դեպքի»՝ ինչպես բնութագրում է Ս. Սարգսյանը) հանգամանքների վերջնական ճշտումը և հրապարակումը ոչ միայն ռազմական, այլև շատ ավելի մեծ՝ քաղաքական կարևորություն ունի։

http://www.ilur.am/news/view/37909.html

Tuesday, November 18, 2014

«Ազգային միասնությունն» ընդդեմ Համաժողովրդական շարժման


Այսօրվա քաղաքական իրավիճակի հետ կապված, որպես զուգահեռ՝ արդեն առիթներ են եղել անդրադառնալու 1988-90թթ. Համաժողովրդական շարժմանը։ Էլի կլինեն (որքանով որ նույն փաստերը կարելի է մեկնաբանել տարբեր դիտանկյուններից)։ Եւ դա բնական է. երկու դեպքում էլ նույնն է հիմնական քաղաղական օրակարգը՝ բռնապետական համակարգից անցումը ժողովրդավարականի։ Մնացած բոլոր հարցերը, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, դրա ածանցյալները կամ բաղադրիչներն են՝ ըստ էության։ Այնպես որ՝ զուգահեռների վերհիշումը կարող է օգտակար լինել։
Հասարակության տեղեկատվական շրջափակումը 1988-90-ին շատ ավելի կոշտ էր ու համապարփակ, քան այսօր։ Չկար ո՛չ ինտերնետ, ո՛չ սոցիալական ցանցեր, ո՛չ բջջային հեռախոսներ։ Մինչեւ Շարժման «Հայք» շաբաթաթերթի կանոնավոր հրապարակումը 1990-ի հունվարից, տեղեկատվության տարածման հիմնական տեխնիկան փաստաթղթերը ձեռքով արտագրելով, գրամեքենաներով, երբեմն՝ ԿԳԲ-ի խիստ հսկողության տակ գտնվող սակավաթիվ «քսերոքսներով» գաղտնի բազմացումն էր։  Եւ այդուամենայնիվ, հնարավոր էր լինում Շարժման փաստաթղթերն ու գաղափարները ու պարզապես՝ ամենօրյա տեղեկատվությունը տարածել ողջ հանրապետությունով մեկ։
1988-90-ին, այսօրվա համեմատությամբ, կար եւս մեկ դժվարություն։ Եթե Ղարաբաղի խնդիրը, որպես «ազգային հարց», շատ արագ ու հեշտ էր մարսվում հասարակության կողմից, ապա շատ ավելի դժվար էր ժողովրդավարության, իշխանափոխության, նոր հասարկարգի խնդիրների դեպքում։ Ի տարբերություն այսօրվա՝ այն ժամանակվա հասարակության պատկերացումները, ձեւավորված լինելով խորհրդային 70-ամյա տիրապետության շրջանի գաղափարախոսական ագրեսիվ քարոզչությամբ ու դաստիարակությամբ, օժտված էին ծանր իներցիայով։ Եւ այդուամենայնիվ, հնարավոր դարձավ հաղթահարել, կոտրել այդ իներցիան։
 Ի տարբերություն այսօրվա՝ հսկա մի կայսրության իշխանության օրգանական մասն էր Հայաստանի կոմունիստական իշխանությունը, եւ նրա դեմ «ոտնձգությունը» նշանակում էր դուրս գալ հսկա այդ կայսրության իշխանական համակարգի դեմ։ Կոմկուսի՝ սահմանադրությամբ ամրագրված իշխանության դեմ շատ թե քիչ նշանակալի որեւէ ընդվզում չէր եղել մինչ այդ, իսկ եթե այդպիսիք եղել էին «սոցիալիստական ճամբարի» այլ երկրներում, ապա դաժանորեն արյան մեջ խեղդվել էին նույն ԽՍՀՄ իշխանության կողմից։ Շատերի համար անպատկերացնելի էր որեւէ այլ ուժի իշխանություն։ Եւ այդուամենայնիվ, հնարավոր եղավ ոչ միայն այդ հարցն օրակարգային դարձնել, այլեւ լուծել համաժողովրդական շարժմամբ։ 
***
Համաժողովրդական շարժումը, ի տարբերություն քաղաքական պայքարի լոկալ դրսեւորումների, այդ թվում՝ նախընտրական ու հետընտրական գործողությունների, օրակարգում ունենում է լայն հասարակական հնչեղութամբ խնդիր, որի հետապնդումը վերածվում է պերմանենտ քաղաքական գործընթացի՝ ամենօրյա հստակ գործողություններով։ «Համաժողովրդական շարժումը», որպես քաղաքական հասկացություն, չի կարող նշանակել երկրի ողջ կամ համարյա ողջ չափահաս բնակչության անմիջական մասնակցություն քաղաքական ակցիաներին, ասենք՝ հանրահավաքներին։ Բացառյալ 1988-ի փետրվարյան մի քանի հանրահավաքների, այդ տարիների հանրահավաքներն էլ միջին հաշվով ավելի բազմամարդ չէին, քան այսօրվա ռեժիմի դեմ հանրահավաքները։ Հանրահավաքների կայուն մասնակիցների թիվն ավելին չէր, քան 2-3 տասնյակ հազարը։ Ընդ որում՝ այն ժամանակ Հայաստանի (առկա) բնակչության թիվը երկու անգամ ավելի էր։ Դա լրիվ բավարար եղավ՝ շուրջ երկուսուկես տարի ապահովելու համար հզորագույն մի համաժողովրդական շարժում՝ ո՛չ միայն Հայաստանի մասշտաբով, այլեւ ողջ Խորհրդային Միության եւ «սոցալիստական ճամբարի»։ Այսինքն՝ քաղաքական գործընթացի էպիկենտրոնում երկրի բնակչության ոչ ավելի քան 1%-ի ակտիվ ներգրավվածությունը լիովին բավարար է ամենահզոր համաժողովրդական շարժում ծավալելու եւ իշխանափոխության (համակարգային իշխանափոխության) խնդիր լուծելու համար։
1988-90-ին ծառացած բողոքի ալիքը համաժողովրդական շարժման որակ ու բնույթ ստացավ  նրա էպիկենտրոնի՝ «Ազատության հրապարակի», ըստ էության՝ ամենօրյա գործունեությամբ։ Ազատության հրապարակի այս ամենօրյա գործող միջուկի, էպիկենտրոնի ձգողական ուժի դաշտում էր, ահա, որ ինքնաբուխ ձեւավորվեցին նրա տեղական կառույցները։ Երբ հանգամանքների բերումով «էպիկենտրոնի» գործունեությունը հարաբերական դադար էր ապրում, դա խիստ բացասաբար էր ազդում տեղական կառույցների վրա։ 1988թ. մարտ-ապրիլ ամիսներին, օրինակ (երբ խորհրդային զորքերը շրջափակած էին պահում Ազատության հրապարակը), շրջկոմների քարտուղարները զեկուցում են Կոմկուսի կենտրոնական կոմիտե, թե քանի հարյուր ակտիվիստի են «զրուցելով» դարձի բերել եւ քանի տասնյակ տեղական «Ղարաբաղ» կոմիտեներ են կարողացել փակել իրենց վարչական շրջաններում։ Տեղական կոմիտեները կրկին ակտիվացան ու բազմապատկվեցին, երբ մայիսին հնարավոր եղավ խորհրդային զորքերից ազատել Ազատության հրապարակը։ Առանց պերմանենտ գործող էպիկենտրոնի՝ չէին կարող գոյատեւել տեղական կառույցները, եւ առանց տեղական կառույցների աշխատանքի՝ չէր կարող, որպես քաղաքական գործոն ու իշխանության այլընտրանք՝ գոյատեւել ու հաջողության հասնել համաժողովրդական շարժումը։
***
Հասարակության բացասական տրամադրվածությունը, դժգոհությունը, ընդհուպ՝ ատելությունը, որքան էլ համատարած, դրանից դեռ ռեժիմները վտանգ չեն զգում։ Վտանգն առաջանում է այն ժամանակ, երբ այս ամենը քաղաքական կապիտալի է վերածվում, եւ տեղի է ունենում քաղաքական դաշտի հստակեցում՝ մի կողմից՝ ռեժիմը, մյուս կողմից՝ հասարակության ամենալայն զանգվածների համակրանքը վայլող քաղաքական միավորը։ 1990-ին հստակեցված քաղաքական դաշտում այդ միավորը Հայկական ժողովրդավարական շարժման կազմակերպական կառույցն էր՝ Հայոց համազգային շարժումը, այսօր՝ դա նույն քաղաքական պլատֆորմի վրա կանգնած ընդդիմադիր ուժերի քառյակն է։
Ի վիճակի չլինելով կամ չուզենալով մեղմել հասարակական համատարած դժգոհությունը՝ ռեժիմները, բնականաբար, պիտի փորձեն թույլ չտալ կամ խաթարել այդ պայմաններում առաջացած քաղաքական դաշտի հստակեցումը։ 1989 թվականի ամռանից (Շարժման ղեկավարության՝ բանտից ազատվելուց հետո) արդեն ակնհայտ էր, որ քաղաքական գործընթացները, ի դեմս Շարժման կազմակերպական կառույցի՝ Հայոց համազգային շարժման, տանելու են քաղաքական դաշտի հստակեցման՝ քաղաքական երկրորդ բեւեռի ձեւավորմանը։ Հենց այդ պահից էլ, որպես «հակակշիռ», որպես այդ հստակեցումը թույլ չտալու միջոց՝ սկսեցին առաջանալ այլազան անուններով «նոր կազմակերպություններ»։ Սեպտեմբերին դրանք 14-ն էին՝ միավորված «Նախախորհրդարան» անվամբ (ինչպիսի՜ զուգադիպություն»), 1990-ի մարտին դրանք արդեն 45-ն էին՝ միավորված «Համահայկական միացյալ ճակատում»։
Հռետորաբանությամբ սրանք իշխանության դեմ ավելի ագրեսիվ էին, իսկ Հայոց համազգային շարժմանը մեղադրում էին «միջին դիրք» գրավելու մեջ։ Իրենք, բոլորը միասին, երբեւէ չհամարձակվեցին կամ չկարողացան գեթ մեկ քաղաքական ակցիա կազմակերպել, որին կմասնակցեր թեկուզ 45 հոգի։ Բայց մեղադրում էին Շարժման քաղաքական կառույցին, թե ինչու նա, հանուն ազգային միասնության, որպես հավասար մեկ միավոր՝ չի մտնում «Նախախորհրդարան» կամ «Միացյալ ճակատ»՝ դրված խնդիրը «ազգովի» լուծելու համար։ Նախընտրական ամիսներին հսկայական աղմուկ հանած այս «կազմակեպրությունները» ընտրություններից հետո կարճ ժամանակի ընթացքում անհետ չքացան։ Թե դրանցից որոնք էին ստեղծվել իշխանությունների նախաձեռնությամբ, եւ որոնք էին ինչ-ինչ անհատների ամբիցիաների արդյունք՝ դժվար է ասել։ Մի բան ակնհատ է, այս ամենի նպատակը քաղաքական դաշտի հստակության խաթարումն էր, ինչի հետեւանքը կլիներ Շարժման կազմակերպական եւ քաղաքական ներուժի քայքայումը եւ պարտութունը ընտրություններում։ 
Ինչո՞ւ։
Բացի քաղաքական դաշտի հստակեցումից, որոշակի հստակեցում էր գոյացել նաեւ Շարժման ողջ կառույցում։ Ինչպես ամեն մի կենդանի հասարակական օրգանիզմ, այստեղ էլ ձեւավորվել էր որոշակի ներքին հիերարխիա։ Այն ձեւավորվել էր, ըստ էության, բնական ընտրությամբ՝ կախված յուրաքանչյուրի ցուցաբերած ունակություններից, կատարած աշխատանքից, անձնական վաստակից։ Առաջին շարքում Շարժման ղեկավարությունն է՝ «Ղարաբաղ» կոմիտեն՝ իր անսակարկելի հեղինակությամբ եւ ողջ հանրապետությունով մեկ լայն ճանաչմամբ։ Դրանից հետո էլի մի քանի տասնյակ հայտնի գործիչներ՝ ընդգրկված Հայոց Համազգային Շարժման վարչությունում։ Ապա՝ տեղական կազմակերպությունների հարյուրավոր ղեկավարներ, պայքարի ընթացքում զանազան ուղղություններով հսկայական գործ արած այլ մարդիկ եւ, վերջապես՝ այն ակտիվը, որը ձեւավորում էր Շարժման բոլոր հանրահավաքներին մասնակցող 20-30 հազարանոց միջուկը։ Սրանցից ամենավերջինի հասարակական ազդեցության շրջանակն ավելին էր, քան հիշյալ «կազմակերպություններինը»։ Սրանցից յուրաքանչյուրի քաղաքական ազդեցության շրջանակների հանրագումարն էր, որ, երկրի բնակչության կեսից շատ ավելին լինելով, ընտրություններում հաղթելու իրական հիմք ու երաշխիք էր։
Ի՞նչ տեղի կունենար, եթե Շարժումը այս պայմաններում տեղի տար փողոց նետված «ազգային միասնության» կարգախոսին։ Այս ամենը կքանդվեր։ Կստացվեր, որ որոշումներ ընդունող ղեկավար մարմնում՝ բնական ընտրությամբ ձեւավորված հիերարխիայի առաջին հորիզոնականում, հանկարծ հայտնվում են մինչ այդ անհայտ ինչ-որ մարդիկ՝ նույնքան անհայտ պատկերացումներով ու ձգտումներով։ Կարելի է միայն պատկերացնել, թե ինչպես կգործեր 45+1 այդ մարմինը։ Խնդիրը մարդկանց ամբիցիաները չեն։ Խնդիրն այն է, որ որեւէ մեկին անհնար կլիներ բացատրել, թե ի՞նչ տրամաբանությամբ դա տեղի ունեցավ։ Ակնհայտ է նաեւ, թե ինչ կլիներ դրա արդյունքը։
Եւ այսպես, կոմունիստական իշխանությունը 1989-90թթ. իր դեմ ծառացած Համաժողովրդական շարժումը պառակտելու, քայքայելու ու վնասազերծելու համար որպես վերջին միջոց փորձեց օգտագործել «ազգային միասնության» կարգախոսով գրված վերոնշյալ սցենարը։ Խարդավանքների եւ ինտրիգների մեջ տասնյակ անգամ ավելի հմուտ ու փորձառու Սերժ Սարգսյանն իր իշխանության կորստի նույնպիսի վտանգի առջեւ չի կարող անտեսել այդ փորձը։

http://www.ilur.am/news/view/37580.html

Tuesday, November 11, 2014

1990թ. ինչո՞ւ էր իշխանությունը ջանում հետաձգել ընտրությունները


1988-90 թվականերին գործող կոմունիստական ռեժիմին իշխանությունից զրկվելու վտանգ էր սպառնում, իսկ նրա դեմ ծառացած ժողովրդավարական շարժումը հետապնդում էր նույն՝ ժողովրդավարական համակարգի հաստատման խնդիրը։ Վերհիշենք այդ թվականներին իշխող ռեժիմի վարքագիծը, եւ թե ինչ մեթոդների ու միջոցների էր նա դիմում իշխանությունը կորցնելու՝ իրեն սպառնացող վտանգը չեզոքացնելու համար։ Ինչպես պարզվում է, այդ մեթոդներն ու միջոցները, լավագույնս մշակված ու հղկված լինելով, խիստ պահպանողական են եւ տասնամյակներ շարունակ չեն փոխվում։
ՊԱԿ-ի (ԿԳԲ) գեներալի բացած խոհանոցը
Հայտնի բան է, որ բռնապետական իշխանությունները, անկախ իրենց բնույթից (գաղափարախոսական, կրոնական, կլանային), քաջ գիտակցում են, որ պահպանման ու վերարտադրման համար անհրաժեշտ է որոշակի մեխանիզմներ ստեղծել։ Ու դա պետք է լինի նմանօրինակ իշխանության առաջնահերթ գործը ու մշտական հոգածության առարկան։ Սեփական փորձից մենք գիտենք Հայաստանում այսօր իշխող ռեժիմի ստեղծած այդ մեխանիզմն իր տասնյակ դետալներով՝ ընտրակաշառքից մինչեւ բռնության կիրառում, կեղծ ընդդիմության համակարգի ստեղծումից մինչեւ զանգվածային տեղեկատվության միջոցների լիակատար վերահսկողություն եւ այլն։
Կոմկուսն իր իշխանությունը հարատեւ դարձնելու համար ընտրել էր, առաջին հայացքից՝ ավելի պարզ տարբերակ։ Պարզապես սահմանադրորեն ամրագրել էր իշխանության իր մենաշնորհը (ԽՍՀՄ Սահմանադրության հայտնի 6-րդ հոդվածը)։  Սակայն անգամ սահմանադրորեն ամրագրումը բավարար չհամարելով՝ ստեղծել էր հսկայական մի մեխանիզմ ու մշակել միջոցների մի ամբողջ համակարգ՝ իշխանությունը որեւէ վտանգից զերծ պահելու համար։ Այդ համակարգի խոհանոցից որոշ մանրամասներ ժամանակին մի հարցազրույցով (թարգմանաբար տպագրվել է «Ավանգարդ», 24.06.1990) ներկայացրել է ՊԱԿ-ի գեներալ Կալուգինը (այս մարդու հետագա վարքագիծը ոչ մի կապ չունի տվյալ դեպքում նրա հաղորդած տեղեկությունների հավաստիության հետ)։ Ստորեւ ներկայացնենք ռեժիմային իշխանության ապահովման ու վերարտադրման համար աշխատած, ինքնին հետաքրքիր այդ մեխանիզմը, որն ի սկզբանե՝ 1920-ականներից, ստեղծված էր ՊԱԿ-ի համակարգում, եւ որն իր ամբողջ հզորությամբ գործել է 1988-90թթ. ժողովրդավարական շարժման դեմ։
Կալուգինը, նախ, արձանագրում է արդեն իսկ բոլորին հայտնի այն իրողությունը, որ ՊԱԿ-ը, հետախուզության եւ հակահետախուզության իր օրինական գործառույթներից զատ եւ դրանցից առաջ, որպես հիմնական եւ առաջնահերթ խնդիր՝ զբաղվում էր երկրի ներսում, քաղաքացիների նկատմամբ քաղաքական հետախուզությամբ: Սա միակ բնագավառն էր, որի «բյուջեն առանձին հաստատում էր ԽՄԿԿ կենտկոմը՝ բարձրագույն ղեկավարության մակարդակով», իսկ ընդհանրապես՝ «պետական գանձարանից այնքան ռուբլի եւ դոլար էին ստանում, որքան խնդրում էին»: Այս կառույցի գործունեության հիմքում, ըստ ՊԱԿ-ի գեներալի, ընկած էր հին՝ ստալինյան շրջանի հմտավարժեցումը, եւ աշխատում էին նույն մեթոդներով: Դրանք հետեւյալն էին.
1.      «Գործեր» էին կազմվում միլիոնավոր մարդկանց վրա՝ մի պրակտիկա, որ սկսվել էր դեռ 1918 թվականից: Եթե ժամանակին դրանք մենշեւիկներն ու էսեռներն էին, տրոցկիստները, զինովեւականները, աշխարհաքաղաքացիները, ազգայնականները, եկեղեցականները եւ այլն, ապա այժմ՝ ոչ պաշտոնական կազմակերպությունները, գործադուլային կոմիտեները, նոր քաղաքական կուսակցությունները, շարժումները:
2.      Կտրականապես արգելվել է նյութեր հավաքել եւ գործեր կազմել կուսակցական եւ  կոմերիտական նոմենկլատուրայի բարձրաստիճան չինովնիկների վերաբերյալ:
3.      Հատուկ հանձնարարվել է «գործեր» կազմել ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների, ԽՄԿԿ-ին  ընդդիմադիր բոլոր կազմակերպությունների եւ կառույցների համար, եթե նույնիսկ նրանց ներկայացուցիչները դառնում էին բարձրաստիճան պաշտոնյաներ:
4.      Աշխատանքի ձեւը եղել է հետեւյալը. հավաքագրում էր կատարվում նոր ստեղծված կազմակերպությունների անդամներից կամ իր գործակալներին մտցնում տվյալ  կազմակերպության մեջ, վարկաբեկում կազմակերպության կամ շարժման ակտիվիստներին եւ, վերջին հաշվով, քայքայում այն ներսից:
5.      Նախապես իմանալով, թե ինչ շարժում կարող է սկսվել, ՊԱԿ-ը հաճախ ինքն էր վերցնում  նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով այն վերահսկողության տակ պահել: Ընդ որում՝ սա վերաբերում էր ոչ միայն քաղաքական շարժումներին: Այսպես՝ երբ արդեն անխուսափելի էր, որ ԽՍՀՄ-ում պետք է ստեղծվեին «Ռոք» խմբերը, առաջին այդօրինակ խումբը ստեղծեց ՊԱԿ-ը: Ըստ այդմ՝ կարելի է պատկերացնել, թե որքան ավելի ուշադիր պետք է լինեին քաղաքական շարժումների եւ կազմակերպությունների նկատմամբ:
6.      Ստեղծում էր նույն գործով զբաղվող այլ կազմակերպություններ՝ շարժումները  պառակտելու եւ ներսից քայքայելու համար:
7.      Ունեցել է հատուկ ստորաբաժանում, որը զբաղվել է ապատեղեկատվության հորինմամբ եւ տարածմամբ՝ առանձին մարդկանց կամ կազմակերպություններին վարկաբեկելու համար: Նրանց մասին տարածվում էին կեղծ լուրեր, անստորագիր թռուցիկներ: Երբեմն նման լուրերին արժանահավատություն տալու համար որեւէ ձեւով հաջողեցնում էին դրանք հրապարակել արտասահմանում, ապա արտատպել տեղական թերթերում:
Այս ամենը, ինչպես ասում են՝ դեռ «խաղաղ» ժամանակների համար էին ու հիմնականում ունեին «կանխարգելիչ» բնույթ։ Անշուշտ, սա իշխանության ապահովության միակ մեխանզմը չէր։ Սա գաղտնին էր։ Կար նաեւ բացահայտը՝ «գաղափարախոսական ոլորտը»՝ հսկա մի բուրգ, որ սկսվում էր ԽՄԿԿ Կենտկոմի ամենակարեւոր ու ամենազդեցիկ գաղափարախոսական բաժնից ու ավարտվում վերջին կոլտնտեսային անասնաֆերմայի վերջին գոմի «կարմիր անկյունով»։  Հիմա պատկերացրեք այս մեքենայի աշխատանքն իր ողջ հզորությամբ, երբ նման իշխանությանը իրական վտանգ է սպառնում։ Եւ իրոք, 1988-90 թվականների համար վերոբերյալ մեխանզմի յոթ կետերից յուրաքանչյուրի տակ կարելի է բերել տասնյակ փաստեր եւ օրինակներ։
 Կոմունիստական վարչախմբի հիմնական խնդիրը հոգեվարքի պահին
1989թ. աշնանը Համաժողովրդական շարժման հեթական բարձրակետն էր։ Շարժման քաղաքական կառույցի՝ Հայոց համազգային շարժման՝ նոյեմբերի 4-ին կայացած առաջին համագումարն աննախադեպ հասարակական հնչեղություն ունեցավ, այնքան, որ անգամ իշխանական մամուլն ստիպված եղավ դրան դրական արձագանքել։ ԽՍՀՄ ԳԽ-ի նոյեմբերի 28-ի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով կայացրած աննպաստ որոշմանը Շարժումը կարողացավ հակադրաձել Հայաստանի Գերագույն խորհրդի եւ Ղարաբաղի Ազգային խորհրդի դեկտեմբերի 1-ի համատեղ նիստով եւ Միացյալ հանրապատության հռչակմամբ։ Համաժողովրդական շարժման հեղինակությունը լրացուցիչ բարձրացավ նաեւ 1990 թվականի հունվարին Երասխավանում Նախիջեւանից ձեռնարկված ադրբեջանական ներխուժման փորձի հաջող չեզոքացմամբ։
Մայիսի 20-ին Գերագույն խորհրդի հերթական ընտրություններն էին։ Շատ թե քիչ քաղաքական հոտառություն ունեցողների համար ակնհայտ էր, որ այդ ընտրություններում Համաժողովրդական շարժման հաղթանակն անխուսափելի է։ Բնականաբար, դա շատ ավելի լավ հասկանում էր իշխանությունը։ Վերջինս դրանից խուսափելու համար իր առջեւ դրեց որեւէ կերպ ընտրությունները հետաձգելու խնդիրը եւ փորձեց դրան հասնել ամենատարբեր մեթոդներով։ Առաջ քաշվեց «Համահայկական խորհրդաժողով» ստեղծելու մի գաղափար, որը «ավելի բարձր» պիտի լիներ, քան Գերագույն խորհուրդը։ Ապա շատ հապճեպ փորձ արվեց Հանրապետության նախագահի պոստ ստեղծել ու նախագահական ընտրություններ անցկացնել։ Ընտրությունների հետաձգման օգտին սկսեց հանդես գալ «ճանաչված մտավորականների» մի ողջ աստղաբույլ։ Անգամ արդեն պաշտոնապես մեկնարկած նախընտրական արշավի կեսին՝ քվեարկության օրվանից երկու շաբաթ առաջ, իշխանությունը ձեռ չէր քաշում այդ նպատակի իրագործումից։ Մայիսի 4-ի առավոտյան, երբ ՀԿԿ կենտկոմում հրավիրված մի խորհրդաժողովում քննարկվում էր ընտրությունների հետաձգման անհրաժեշտության հարցը, նույն պահին ՀԱԲ-ի եւ Հանրապետական կուսակցության զինված խմբերը գրավեցին ՀԿԿ Երեւանի քաղկոմի շենքը (այսօրվա Սահմանադրական դատարան) եւ ներկայացրին նույն պահանջը՝ վեց ամսով հետաձգել ընտրությունները:
Շարժման ջանքերով բոլոր այսօրինակ նախաձեռնությունները տապալվեցին։ Ընտրությունները կայացան, ինչի միջոցով եւ տեղի ունեցավ, այսօրվա ձեւակերպմամբ ասած՝ «համակարգային իշխանափոխությունը»։
Ինչո՞ւ էր կոմունիստական իշխանությունը, հոգեվարքի մեջ, որպես վերջին փրկօղակ, այդպես փարվել ընտրությունները հետաձգելու գաղափարին, ի՞նչ պետք է աներ նա 6 ամիս շահած այդ ժամանակի ընթացքում։
Դեռ այն ժամանակ, իրադարձությունների ընթացքում, եթե ոչ բոլորը, բայց Շարժման ղեկավարությունը հստակ գիտեր այս հարցի պատասխանը։ Հարցի պատասխանը շատ ավելի ակնհայտ ու շատերին տեսանելի դարձավ իրադարձությունների ավարտից հետո։ Ու, վերջապես, հարցին, բնականաբար, շատ ավելի հեշտ է պատասխանել այսօր՝ երբ ամեն ինչ վաղուց ավարտված է։
Կոմունիստական իշխանությունը ժամանակի պակաս ուներ՝ ինքնապահպանման ու վերարտադրման վերոնշյալ մեխանիզմի միջոցով ստանալու համար անհրաժեշտ արդյունքը։ Մի կողմից՝ ժամանակի պակասը, մյուս կողմից՝ Շարժման ամենօրյա հրապարակային ակտիվ գործունեությունը, թույլ չտվեցին իրականացնել նույն նպատակով մշակված այնպիսի ծրագրեր, ինչպես «Համահայկական համաժողովն» էր, հապշտապ նախագահական ընտրություններ անցկացնելը եւ այլն։ Ինքնապահպանման ու վերարտադրման մեխանիզմը, որ գործի էր դրված իր առավելագույն հզորությամբ, երեք ամսվա ընթացքում, անշուշտ, որոշակի արդյունքների հանգեցրեց։ Հեռուստատեսության, զանգվածային լրատվամիջոցների տոտալ քարոզչությամբ, կեղծ լուրերի ու վարկաբեկիչ ասեկոսեների տարածմամբ եւ այլն (տես վերոբերյալ ցանկը) հաջողվեց ապակողմնորոշել հասարակության մի մասին, մասնավորապես՝ Երեւանից հեռու գյուղական շրջաններում։ Դրա հետեւանքը վճռորոշ չեղավ այն բանի շնորհիվ, որ Շարժումը որոշակի բարձրակետ նվաճելուց հետո կարողացավ մինչեւ ընտրություններ պահպանել ամենօրյա «առաջին լուրի» հեղինակ լինելու իր դիրքերը։ Այսինքն՝ կոմունիստական իշխանությունը ճիշտ էր հաշվարկել. որքան ավելի հեռու լինեին ընտրությունները Շարժման բարձրակետից, այնքան նույն մեքենայի աշխատանքի շնորհիվ կկարողանար առավել փոքրացնել իր իշխանությանը սպառնացող վտանգը։
***
Հասարակությանը վերահսկելու եւ իշխանության անվտանգությունն ապահովելու ՊԱԿ-ական մեթոդների մեջ ստալինյան շրջանից ի վեր ոչինչ չէր փոխվել։ Չէր փոխվել ոչ թե այն պատճառով, որ տվյալ բնագավառը անուշադրության է մատնված եղել, այլ որովհետեւ մշակված մեխանիզմը անթերի կատարել էր իր գործը։ Եւ ընդհանրապես, այս բնագավառում էլ դժվար է ու անիմաստ «հեծանիվ հորինել»։ Ներկա ռեժիմի պարագլուխները, մասնավորապես Սերժ Սարգսյանը, ի սկզբանե քաջ ծանոթ լինելով նույն ՊԱԿ-ի խոհանոցին, չէին կարող չնկատել ու չօգտագործել իշխանության պահպանման ու վերարտադրման նույն այս մեխանիզմը։ Վերեւում ՊԱԿ-ի խոհանոցի առանձնացված կետերից շատերի կիրառումը դժվար չէ գտնել մեր քաղաքական ամենօրյա կյանքում։ Դրանք նույն կերպ, ինչպես 1990-ին, ամբողջ ծավալով կիրառվեցին 2008 թվականին՝ երբ նախագահական ընտրություններում ռեժիմին իշխանությունը կորցնելու ամենաիրական վտանգ էր սպառնում։ Դրանց ամբողջական գործադրումը անգամ անզեն աչքով կարելի է տեսնել ու արձանագրել նաեւ այսօր՝ սկսած հազարավոր մարդկանց վրա գործեր կազմելուց մինչեւ շարժումը պառակտելու փորձերը, նրանց առաջնորդների մասին կեղծ լուրերի, վարկաբեկիչ նյութերի եւ ապատեղեկատվության տարածումը։ Այս ամենն այսօր արդեն ակնհայտ է: Եւ դրա դեմ մեկ հակաթույն կա՝ չզիջել ամենօրյա «առաջին լուրի» հեղինակ լինելու ձեռք բերած դիրքերը։

http://www.ilur.am/news/view/37282.html

Tuesday, November 4, 2014

Շարժման ռեսուրսներն ավելի քան բավարար են


Ժողովրդավարական հասարակություններում իշխանափոխության մեջ որեւէ արտառոց ու «դարակազմիկ» բան չկա։ Ընդհակառակը՝ արտառոց է, երբ քաղաքական որեւէ ուժի իշխանություն ձգվում է տասնամյակից ավելի։ Իշխանափոխությունը տվյալ ժողովրդի համար նշանակալի, ընդհուպ՝ ճակատագրական նշանակություն է ստանում, երբ խոսքը վերաբերում է ռեժիմային իշխանություններին, որոնք գրված կամ չգրված «սահմանադրությամբ» իրենց համարում են իշխանության անսակարկելի ու մշտական տերը։ Նման ռեժիմները կարող են հենվել կրոնական ու դրան հավասարեցված որեւէ գաղափարախոսության վրա (գաղափարախոսականացված ռեժիմներ), օրինակ՝ ֆաշիստական, կոմունիստական։ Նման ռեժիմները կարող են հենվել նաեւ ցեղային, ազգակցական կամ պարզապես հայրենակցական ընդհանրությունների վրա (կլանային ռեժիմներ)։ Այս կտրվածքով՝ Հայաստանում ակնհայտորեն առաջինը (գաղափարախոսականացվածը) չէ, որքան էլ փորձ է արվում այդպես ներկայացնել։
Ժողովրդավարական հասարակություններում, ունենալով լայնածավալ քաղաքական աշխատանքի միջոցով զանգվածների հետ հաղորդակցվելու ու նրա համակրանքը շահելու լիարժեք հնարավորութունը, իշխանափոխության կարելի է հասնել հերթական ընտրությունների միջոցով։ Իշխող քաղաքական ուժը այս դեպքում դուրս չի գալիս օրենքի, օրինականության ու քաղաքական վարվելակերպի որոշակի շրջանակներից, եւ իշխանափոխությունը կատարվում է ամենամեղմ, անցնցում տարբերակով։Պատճառն այն է, որ տվյալ պահին իշխանություն ունեցող քաղաքական միավորը վստահ է, որ ինքը պահպանում է մեկ-երկու ընտրաշրջան հետո նույն մեխանիզմով իշխանության վերադառնալու հնարավորությունը։
Բռնապետական, ռեժիմային հասարակություններում իշխանափոխությունները անխուսափելիորեն ուղեկցվում են արմատական եւ ամբողջական համակարգային վերափոփոխումներով։ Դրանք կարող են լինել ինչպես արտահերթ ընտրությունների միջոցով, այնպես էլ՝ օգտագործելով համընկած հերթական ընտրության առիթը։ Ըստ էության չունենալով քաղաքական բնութագիր եւ ժողովրդավարության, օրինականության պայմաններում գործելու որակներ՝ բռնապետական ռեժիմ հաստատած ուժը շատ լավ գիտակցում է, որ իշխանությունը կորցնում է անվերադարձ՝ դեռ մի կողմ թողած իր կատարած ապօրինությունների համար դրանից հետո պատասխան տալու հնարավորության տխուր հեռանկարը։ Ուստիեւ հասկանալի է, որ իշխանությունը կորցնելու վտանգի առջեւ ռեժիմները գործի պիտի դնեն իրենց ողջ ռեսուրսները, ինչպես նաեւ ապօրինի մեթոդների ու միջոցների ողջ զինանոցը։
Ժողովրդավարական հասարակություններում, որտեղ ամեն ինչ, իշխանությունից սկսած, հենված է օրինականության, իրավունքի գերակայության, արժեքների, հասարակայնորեն ընդունված արժեքային համակարգի, մարդկանց արժանիքների օբյեկտիվ գնահատման վրա,  իշխանափոխության հետեւանքով հասարակության կյանքում ոչինչ կամ համարյա ոչինչ չի փոխվում։ Չի խաթարվում որեւէ մեկի հասարակական դիրքը, համարումը, ընդհուպ՝ կյանքի պայմանները։ Բռնապետական հասարակարգերում ռեժիմներն իրենց՝ սովորաբար ոչ օրինակարգ իշխանությունը պահելու համար հասարակական կյանքի բոլոր բնագավառներում հենարաններ են ստեղծում՝ բոլորովին այլ արժեքների ու չափորոշիչների վրա հենված հիրերարխիաների տեսքով։ Ուստիեւ՝ իշխանափոխության վտանգի դեպքում հօգուտ ռեժիմի՝ «կյանքի ու մահվան» պայքարի է դուրս գալիս արհեստականորեն ստեղծված այդ հիերարխիաներում առանձնաշնորհներ, օբյեկտիվորեն չվաստակած հասարակական դիրք, համարում եւ ապօրինի արտոնություններ ունեցողների ողջ «ընտրանին»։
Այս ամենի պատճառով է, ահա, որ ռեժիմների պայմաններում կատարված իշխանափոխությունները կոչվում են «հեղափոխություն»՝ նկատի ունենալով վերջինիս ոչ թե իրականացման ձեւը, այլ, առաջին հերթին՝ քաղաքական, բովանդակային կողմը։
Այս ամենը նշանակում է նաեւ, որ անխուսափելիորեն տարբեր պետք է լինեն իշխանափոխություն իրականացնելու համար կիրառվող «քաղաքական տեխնոլոգիաները» ժողովրդավարական եւ ռեժիմային հասարակարգերում՝ նաեւ դրանց իրականացման միանման խաղաղ ու բացարձակ անցնցում տարբերակների դեպքում։
***
Վերոշարադրյալը կարելի է հաստատել տարբեր երկրների ու ժողովուրդների փորձով։ Լավ է, սակայն, երբ ինքդ ունես սեփական փորձ, եւ այն էլ՝ ոչ վաղ անցյալում։
Ի տարբերություն ժողովրդավարության պայմաններում իշխանափոխության՝ ռեժիմային հասարակարգերում անհրաժեշտ են մի շարք պայմաններ.
ա) ռեժիմն իրեն սպառել է՝ կորցնելով նաեւ  արտաքին աշխարհի վճռորոշ օժանդակությունը,
բ) հասարակական դժգոհությունը հասել է իր բարձրակետին,
գ) առկա է այդ գործն անելու ունակ քաղաքական ուժ,
դ) ծավալվում է համաժողովրդական շարժում։
1988-90թթ. այս բոլոր պայմանները մեկտեղվեցին։ Կոմունիստական 70-ամյա իշխանությունը, «մարտի դաշտ» նետելով հանդերձ իր բոլոր ռեսուրսները՝ «կեղծ ընդդիմության» նախատիպ կազմակերպություններից («Նախախորհրդարան», զանազան «ճակատներ» եւ այլն) սկսած՝ մինչեւ հնարավոր ապօրինություններ, ստիպված եղավ տեղի տալ։ Այս պայմաններն առկա էին նաեւ 2007-08 թվականներին, երբ  ավազակապետական ռեժիմի դեմ ծայր առած Համաժողովրդական շարժումը վերջնական արդյունքի չհասավ միայն վարչախմբի՝ ազգային շահերի վաճառքի գնով արտաքին աշխարհում ձեռք բերած օժանդակության եւ բռնի ուժի կիրառման պատճառով։ Սակայն տեւական ու անզիջում այդ պայքարի շնորհիվ Շարժումը ոչ միայն պահպանեց իր հիմնական ռեսուրսները, այլեւ ստիպեց ռեժիմին բացահայտելու իր սնանկությունն ու ազգային դավաճանական էությունը։ Դրա շնորհիվ հնարավորություն առաջացավ վերջնական արդյունքի հասնելու համար կրկնապատկել իշխանության դեմ ծառացած հասարակական եւ քաղաքական ռեսուրսը։ 2011թ. սկսվեց ներքաղաքական ծրագրված մի գործընթաց, որի արդյունքը եղավ հիմնական ուժերի՝ ԲՀԿ-ի եւ Կոնգրեսի մեկտեղումը «ամբողջական իշխանափոխության» պլատֆորմի վրա։
 Ծանրակշիռ, իր հռչակած խնդրի լուծման բոլոր ռեսուրսներն ունեցող քաղաքական կենտրոնի կազմավորումը, որպես համախմբող գործոն, բնականաբար, իր անմիջական ազդեցությունը պիտի ունենար ողջ հասարակական եւ քաղաքական կյանքի վրա։
Հոկտեմբերի 10-ի եւ 24-ի հանրահավաքները, որպես նոր համաժողովրդական շարժման սկիզբ, դրա ապացույցն էին։ Դրանով ստեղծվել է իրոք նոր քաղաքական մի իրավիճակ, երբ արդեն հրապարակ է դուրս եկել նաեւ հիմնական «խաղացողը»՝ բազմահազար ժողովուրդը, իսկ հասարակական մթնոլորտը «պասիվ սպասողական» վիճակից վերածվել է «ակտիվ սպասողականի»։
Շարժման ռեսուրսներն ավելի քան բավարար են։ Հասարակական մթնոլորտն իր ակտիվ սպասումներով ավելի քան բարենպաստ է։ Իշխանության խուճապը եւ քանդվելու նշաններն ակնհայտ են։ Հասարակության ոչ ակտիվ, բայց կարեւոր խավերի մեջ տեղաշարժերն ակնառու են։ Հոկտեմբերի 24-ից հետո պետք են ոչ թե սովորական իշխանափոխությունների համար կիրառելի «քաղաքական տեխնոլոգիաներ», այլ քաղաքական գործողություններ՝ մեկը մյուսով թելադրված, հաշվարկված տրամաբանական քայլեր։

http://www.ilur.am/news/view/36982.html