1988-90 թվականերին
գործող կոմունիստական ռեժիմին իշխանությունից զրկվելու վտանգ էր սպառնում, իսկ նրա
դեմ ծառացած ժողովրդավարական շարժումը հետապնդում էր նույն՝ ժողովրդավարական
համակարգի հաստատման խնդիրը։ Վերհիշենք այդ թվականներին իշխող ռեժիմի վարքագիծը,
եւ թե ինչ մեթոդների ու միջոցների էր նա դիմում իշխանությունը կորցնելու՝ իրեն
սպառնացող վտանգը չեզոքացնելու համար։ Ինչպես պարզվում է, այդ մեթոդներն ու
միջոցները, լավագույնս մշակված ու հղկված լինելով, խիստ պահպանողական են եւ
տասնամյակներ շարունակ չեն փոխվում։
ՊԱԿ-ի (ԿԳԲ) գեներալի
բացած խոհանոցը
Հայտնի բան է, որ
բռնապետական իշխանությունները, անկախ իրենց բնույթից (գաղափարախոսական, կրոնական,
կլանային), քաջ գիտակցում են, որ պահպանման ու վերարտադրման համար անհրաժեշտ է
որոշակի մեխանիզմներ ստեղծել։ Ու դա պետք է լինի նմանօրինակ իշխանության
առաջնահերթ գործը ու մշտական հոգածության առարկան։ Սեփական փորձից մենք գիտենք
Հայաստանում այսօր իշխող ռեժիմի ստեղծած այդ մեխանիզմն իր տասնյակ դետալներով՝
ընտրակաշառքից մինչեւ բռնության կիրառում, կեղծ ընդդիմության համակարգի ստեղծումից
մինչեւ զանգվածային տեղեկատվության միջոցների լիակատար վերահսկողություն եւ այլն։
Կոմկուսն իր
իշխանությունը հարատեւ դարձնելու համար ընտրել էր, առաջին հայացքից՝ ավելի պարզ
տարբերակ։ Պարզապես սահմանադրորեն ամրագրել էր իշխանության իր մենաշնորհը (ԽՍՀՄ
Սահմանադրության հայտնի 6-րդ հոդվածը)։ Սակայն անգամ սահմանադրորեն
ամրագրումը բավարար չհամարելով՝ ստեղծել էր հսկայական մի մեխանիզմ ու մշակել
միջոցների մի ամբողջ համակարգ՝ իշխանությունը որեւէ վտանգից զերծ պահելու համար։
Այդ համակարգի խոհանոցից որոշ մանրամասներ ժամանակին մի հարցազրույցով
(թարգմանաբար տպագրվել է «Ավանգարդ», 24.06.1990) ներկայացրել է ՊԱԿ-ի գեներալ
Կալուգինը (այս մարդու հետագա վարքագիծը ոչ մի կապ չունի տվյալ դեպքում նրա
հաղորդած տեղեկությունների հավաստիության հետ)։ Ստորեւ ներկայացնենք ռեժիմային
իշխանության ապահովման ու վերարտադրման համար աշխատած, ինքնին հետաքրքիր այդ
մեխանիզմը, որն ի սկզբանե՝ 1920-ականներից, ստեղծված էր ՊԱԿ-ի համակարգում, եւ որն
իր ամբողջ հզորությամբ գործել է 1988-90թթ. ժողովրդավարական շարժման դեմ։
Կալուգինը, նախ, արձանագրում
է արդեն իսկ բոլորին հայտնի այն իրողությունը, որ ՊԱԿ-ը, հետախուզության եւ
հակահետախուզության իր օրինական գործառույթներից զատ եւ դրանցից առաջ, որպես
հիմնական եւ առաջնահերթ խնդիր՝ զբաղվում էր երկրի ներսում, քաղաքացիների
նկատմամբ քաղաքական հետախուզությամբ: Սա միակ բնագավառն էր, որի «բյուջեն
առանձին հաստատում էր ԽՄԿԿ կենտկոմը՝ բարձրագույն ղեկավարության
մակարդակով», իսկ ընդհանրապես՝ «պետական գանձարանից այնքան ռուբլի եւ
դոլար էին ստանում, որքան խնդրում էին»: Այս կառույցի գործունեության
հիմքում, ըստ ՊԱԿ-ի գեներալի, ընկած էր հին՝ ստալինյան շրջանի
հմտավարժեցումը, եւ աշխատում էին նույն մեթոդներով: Դրանք հետեւյալն էին.
1. «Գործեր» էին կազմվում միլիոնավոր
մարդկանց վրա՝ մի պրակտիկա, որ սկսվել էր դեռ 1918 թվականից: Եթե ժամանակին
դրանք մենշեւիկներն ու էսեռներն էին, տրոցկիստները, զինովեւականները, աշխարհաքաղաքացիները,
ազգայնականները, եկեղեցականները եւ այլն, ապա այժմ՝ ոչ պաշտոնական
կազմակերպությունները, գործադուլային կոմիտեները, նոր քաղաքական
կուսակցությունները, շարժումները:
2. Կտրականապես արգելվել է նյութեր հավաքել
եւ գործեր կազմել կուսակցական եւ կոմերիտական նոմենկլատուրայի բարձրաստիճան
չինովնիկների վերաբերյալ:
3. Հատուկ հանձնարարվել է «գործեր» կազմել
ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների, ԽՄԿԿ-ին ընդդիմադիր բոլոր
կազմակերպությունների եւ կառույցների համար, եթե նույնիսկ նրանց ներկայացուցիչները
դառնում էին բարձրաստիճան պաշտոնյաներ:
4. Աշխատանքի ձեւը եղել է հետեւյալը.
հավաքագրում էր կատարվում նոր ստեղծված կազմակերպությունների անդամներից կամ իր
գործակալներին մտցնում տվյալ կազմակերպության մեջ, վարկաբեկում
կազմակերպության կամ շարժման ակտիվիստներին եւ, վերջին հաշվով, քայքայում այն
ներսից:
5. Նախապես իմանալով, թե ինչ շարժում կարող
է սկսվել, ՊԱԿ-ը հաճախ ինքն էր վերցնում նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով
այն վերահսկողության տակ պահել: Ընդ որում՝ սա վերաբերում էր ոչ միայն քաղաքական
շարժումներին: Այսպես՝ երբ արդեն անխուսափելի էր, որ ԽՍՀՄ-ում պետք է
ստեղծվեին «Ռոք» խմբերը, առաջին այդօրինակ խումբը ստեղծեց ՊԱԿ-ը: Ըստ
այդմ՝ կարելի է պատկերացնել, թե որքան ավելի ուշադիր պետք է լինեին քաղաքական
շարժումների եւ կազմակերպությունների նկատմամբ:
6. Ստեղծում էր նույն գործով զբաղվող այլ
կազմակերպություններ՝ շարժումները պառակտելու եւ ներսից քայքայելու համար:
7. Ունեցել է հատուկ ստորաբաժանում, որը
զբաղվել է ապատեղեկատվության հորինմամբ եւ տարածմամբ՝ առանձին մարդկանց կամ
կազմակերպություններին վարկաբեկելու համար: Նրանց մասին տարածվում էին կեղծ
լուրեր, անստորագիր թռուցիկներ: Երբեմն նման լուրերին արժանահավատություն տալու
համար որեւէ ձեւով հաջողեցնում էին դրանք հրապարակել արտասահմանում, ապա արտատպել
տեղական թերթերում:
Այս ամենը, ինչպես
ասում են՝ դեռ «խաղաղ» ժամանակների համար էին ու հիմնականում ունեին «կանխարգելիչ»
բնույթ։ Անշուշտ, սա իշխանության ապահովության միակ մեխանզմը չէր։ Սա գաղտնին էր։
Կար նաեւ բացահայտը՝ «գաղափարախոսական ոլորտը»՝ հսկա մի բուրգ, որ սկսվում էր ԽՄԿԿ
Կենտկոմի ամենակարեւոր ու ամենազդեցիկ գաղափարախոսական բաժնից ու ավարտվում վերջին
կոլտնտեսային անասնաֆերմայի վերջին գոմի «կարմիր անկյունով»։ Հիմա
պատկերացրեք այս մեքենայի աշխատանքն իր ողջ հզորությամբ, երբ նման իշխանությանը
իրական վտանգ է սպառնում։ Եւ իրոք, 1988-90 թվականների համար վերոբերյալ մեխանզմի
յոթ կետերից յուրաքանչյուրի տակ կարելի է բերել տասնյակ փաստեր եւ օրինակներ։
Կոմունիստական
վարչախմբի հիմնական խնդիրը հոգեվարքի պահին
1989թ. աշնանը
Համաժողովրդական շարժման հեթական բարձրակետն էր։ Շարժման քաղաքական կառույցի՝
Հայոց համազգային շարժման՝ նոյեմբերի 4-ին կայացած առաջին համագումարն աննախադեպ
հասարակական հնչեղություն ունեցավ, այնքան, որ անգամ իշխանական մամուլն ստիպված
եղավ դրան դրական արձագանքել։ ԽՍՀՄ ԳԽ-ի նոյեմբերի 28-ի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով
կայացրած աննպաստ որոշմանը Շարժումը կարողացավ հակադրաձել Հայաստանի Գերագույն
խորհրդի եւ Ղարաբաղի Ազգային խորհրդի դեկտեմբերի 1-ի համատեղ նիստով եւ Միացյալ
հանրապատության հռչակմամբ։ Համաժողովրդական շարժման հեղինակությունը լրացուցիչ
բարձրացավ նաեւ 1990 թվականի հունվարին Երասխավանում Նախիջեւանից ձեռնարկված
ադրբեջանական ներխուժման փորձի հաջող չեզոքացմամբ։
Մայիսի 20-ին
Գերագույն խորհրդի հերթական ընտրություններն էին։ Շատ թե քիչ քաղաքական
հոտառություն ունեցողների համար ակնհայտ էր, որ այդ ընտրություններում
Համաժողովրդական շարժման հաղթանակն անխուսափելի է։ Բնականաբար, դա շատ ավելի լավ
հասկանում էր իշխանությունը։ Վերջինս դրանից խուսափելու համար իր առջեւ դրեց որեւէ
կերպ ընտրությունները հետաձգելու խնդիրը եւ փորձեց դրան հասնել
ամենատարբեր մեթոդներով։ Առաջ քաշվեց «Համահայկական խորհրդաժողով» ստեղծելու մի
գաղափար, որը «ավելի բարձր» պիտի լիներ, քան Գերագույն խորհուրդը։ Ապա շատ հապճեպ
փորձ արվեց Հանրապետության նախագահի պոստ ստեղծել ու նախագահական ընտրություններ
անցկացնել։ Ընտրությունների հետաձգման օգտին սկսեց հանդես գալ «ճանաչված
մտավորականների» մի ողջ աստղաբույլ։ Անգամ արդեն պաշտոնապես մեկնարկած նախընտրական
արշավի կեսին՝ քվեարկության օրվանից երկու շաբաթ առաջ, իշխանությունը ձեռ չէր
քաշում այդ նպատակի իրագործումից։ Մայիսի 4-ի առավոտյան, երբ ՀԿԿ կենտկոմում
հրավիրված մի խորհրդաժողովում քննարկվում էր ընտրությունների հետաձգման
անհրաժեշտության հարցը, նույն պահին ՀԱԲ-ի եւ Հանրապետական կուսակցության զինված
խմբերը գրավեցին ՀԿԿ Երեւանի քաղկոմի շենքը (այսօրվա Սահմանադրական դատարան) եւ
ներկայացրին նույն պահանջը՝ վեց ամսով հետաձգել ընտրությունները:
Շարժման ջանքերով
բոլոր այսօրինակ նախաձեռնությունները տապալվեցին։ Ընտրությունները կայացան, ինչի միջոցով
եւ տեղի ունեցավ, այսօրվա ձեւակերպմամբ ասած՝ «համակարգային իշխանափոխությունը»։
Ինչո՞ւ էր
կոմունիստական իշխանությունը, հոգեվարքի մեջ, որպես վերջին փրկօղակ, այդպես փարվել
ընտրությունները հետաձգելու գաղափարին, ի՞նչ պետք է աներ նա 6 ամիս շահած այդ
ժամանակի ընթացքում։
Դեռ այն ժամանակ,
իրադարձությունների ընթացքում, եթե ոչ բոլորը, բայց Շարժման ղեկավարությունը հստակ
գիտեր այս հարցի պատասխանը։ Հարցի պատասխանը շատ ավելի ակնհայտ ու շատերին
տեսանելի դարձավ իրադարձությունների ավարտից հետո։ Ու, վերջապես, հարցին, բնականաբար,
շատ ավելի հեշտ է պատասխանել այսօր՝ երբ ամեն ինչ վաղուց ավարտված է։
Կոմունիստական
իշխանությունը ժամանակի պակաս ուներ՝ ինքնապահպանման ու վերարտադրման
վերոնշյալ մեխանիզմի միջոցով ստանալու համար անհրաժեշտ արդյունքը։ Մի
կողմից՝ ժամանակի պակասը, մյուս կողմից՝ Շարժման ամենօրյա
հրապարակային ակտիվ գործունեությունը, թույլ չտվեցին իրականացնել նույն
նպատակով մշակված այնպիսի ծրագրեր, ինչպես «Համահայկական համաժողովն» էր, հապշտապ
նախագահական ընտրություններ անցկացնելը եւ այլն։ Ինքնապահպանման ու վերարտադրման
մեխանիզմը, որ գործի էր դրված իր առավելագույն հզորությամբ, երեք ամսվա ընթացքում,
անշուշտ, որոշակի արդյունքների հանգեցրեց։ Հեռուստատեսության, զանգվածային
լրատվամիջոցների տոտալ քարոզչությամբ, կեղծ լուրերի ու վարկաբեկիչ ասեկոսեների
տարածմամբ եւ այլն (տես վերոբերյալ ցանկը) հաջողվեց ապակողմնորոշել հասարակության
մի մասին, մասնավորապես՝ Երեւանից հեռու գյուղական շրջաններում։ Դրա հետեւանքը
վճռորոշ չեղավ այն բանի շնորհիվ, որ Շարժումը որոշակի բարձրակետ նվաճելուց հետո
կարողացավ մինչեւ ընտրություններ պահպանել ամենօրյա «առաջին լուրի»
հեղինակ լինելու իր դիրքերը։ Այսինքն՝ կոմունիստական իշխանությունը ճիշտ էր
հաշվարկել. որքան ավելի հեռու լինեին ընտրությունները Շարժման բարձրակետից, այնքան
նույն մեքենայի աշխատանքի շնորհիվ կկարողանար առավել փոքրացնել իր իշխանությանը
սպառնացող վտանգը։
***
Հասարակությանը
վերահսկելու եւ իշխանության անվտանգությունն ապահովելու ՊԱԿ-ական մեթոդների մեջ
ստալինյան շրջանից ի վեր ոչինչ չէր փոխվել։ Չէր փոխվել ոչ թե այն պատճառով, որ
տվյալ բնագավառը անուշադրության է մատնված եղել, այլ որովհետեւ մշակված մեխանիզմը
անթերի կատարել էր իր գործը։ Եւ ընդհանրապես, այս բնագավառում էլ դժվար է ու
անիմաստ «հեծանիվ հորինել»։ Ներկա ռեժիմի պարագլուխները, մասնավորապես Սերժ
Սարգսյանը, ի սկզբանե քաջ ծանոթ լինելով նույն ՊԱԿ-ի խոհանոցին, չէին կարող
չնկատել ու չօգտագործել իշխանության պահպանման ու վերարտադրման նույն այս
մեխանիզմը։ Վերեւում ՊԱԿ-ի խոհանոցի առանձնացված կետերից շատերի կիրառումը դժվար
չէ գտնել մեր քաղաքական ամենօրյա կյանքում։ Դրանք նույն կերպ, ինչպես 1990-ին,
ամբողջ ծավալով կիրառվեցին 2008 թվականին՝ երբ նախագահական ընտրություններում
ռեժիմին իշխանությունը կորցնելու ամենաիրական վտանգ էր սպառնում։ Դրանց ամբողջական
գործադրումը անգամ անզեն աչքով կարելի է տեսնել ու արձանագրել նաեւ այսօր՝ սկսած
հազարավոր մարդկանց վրա գործեր կազմելուց մինչեւ շարժումը պառակտելու փորձերը,
նրանց առաջնորդների մասին կեղծ լուրերի, վարկաբեկիչ նյութերի եւ ապատեղեկատվության
տարածումը։ Այս ամենն այսօր արդեն ակնհայտ է: Եւ դրա դեմ մեկ հակաթույն կա՝ չզիջել
ամենօրյա «առաջին լուրի» հեղինակ լինելու ձեռք բերած դիրքերը։
http://www.ilur.am/news/view/37282.html
No comments:
Post a Comment