Ա) Ձախողվել է
Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետեւանքով հաստատված ավազակապետական ռեժիմի
հիմնական քաղաքական ծրագիրը։ Այդ ծրագիրը ենթադրում էր երկու խնդրի լուծում։ Առաջին՝ տնտեսական,
սոցիալական եւ իրավական այնպիսի պայմանների ստեղծում, որոնց պարագայում
բնակչության մի զգալի մասը գերադասի արտագաղթել երկրից։ Ինքնին ակնհայտ լինելուց
բացի, այդ ծրագրի մասին բացառիկ մի ցինիզմով հայտարարեց Ս. Սարգսյանի տխրահռչակ
վարչապետներից մեկը։ Երկրորդ՝ աղքատության եւ վախի մթնոլորտի
խորացում այն աստիճանի, որ երկրում մնացած բնակչության մեծ մասն էլ,
հուսահատության ու հուսալքության մատնված, ձեռք բերի հպատակի, ճորտի
հոգեբանություն եւ դադարի քաղաքական գործոն լինելուց։
Ս. Սարգսյանի իշխանության
տարիներին, խաղաղ պայմաններում, պաշտոնական տվյալներով՝ արտագաղթել է 300.000
մարդ, իսկ իրականում՝ կես միլիոնից ոչ պակաս։ Կասկածից վեր է, որ այդ մարդիկ «ՈՉ»
պիտի քվեարկեին։ Ավելի ճիշտ՝ նրանք արդեն իսկ քվեարկել են այդ «ՈՉ»-ը՝ Հայաստանից
արտագաղթելով։ Ս. Սարգսյանի իշխանության տարիներին կտրուկ աճել է աղքատությունը`
շատ ավելի, քան ներկայացնում է պաշտոնական վիճակագրությունը: Թվում էր, թե սեփական
ժողովրդի նկատմամբ տարած նման «հաղթանակներից» հետո ռեժիմի համար դժվար չէր լինի
առանց լուրջ ընտրախախտումների իր «Այո»-ն հավաքել։
Եղավ ճիշտ հակառակը։
Հայաստանի ժողովուրդը միահամուռ «ՈՉ» քվեարկեց։ Դա անսակարկելի ապացույցն է այն
բանի, որ, չնայած վիթխարի քանակական կորուստների եւ աղքատության խորացման,
ժողովուրդը որպես քաղաքական գործոն ոչինչ չի կորցրել եւ ոչ մի կերպ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
իշխող ռեժիմին։ Իսկ այն փաստը, որ այդ «ՈՉ»-ը վերաբերում էր ոչ թե ինչ-որ
փաստաթղթի, այլ Սերժ Սարգսյանին ու նրա ռեժիմին, վկայում է հայաստանյան
հասարակության քաղաքական ընկալունակության նախանձելի մակարդակի մասին։
Քարոզչության փուլում
անհավասարության, հսկայական ռեսուրսների ներդրման, քվեարկության օրն անհեթեթության
հասնող «լրացուցիչ ցուցակներով» վերահսկվող եւ բազմակի քվեարկությունների,
ընտրակաշառքի, լցոնումների, ահաբեկումների, զինվորականների վերահսկվող
քվեարկություններով հանդերձ՝ քվեատուփերում հայտնված «ՈՉ» քվեաթերթիկներն առնվազն
2-3 անգամ ավելի էին։ Վիճակը շտկելու համար ռեժիմն ստիպված էր դիմել իր զինանոցի
հին միջոցներին՝ բռնություններ, լցոնումներ (քվեարկությունից հետո), պարզ
թվանկարչություն եւ այլն։
Բ) Սերժ Սարգսյանը
զրկվել է պետական համակարգի զգալի մասի աջակցությունից: Տարբեր աղբյուրներից
զանգվածաբար ստացված տեղակատվության համաձայն՝ «ՈՉ» է քվեարկել պետական
ծառայողների, ոստիկանության, չինովնիկության մեծ մասը։ Ավելին՝ «ՈՉ» են քվեարկել
որոշ նախարարներ, ՀՀԿ-ական պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ դատավորներ,
արդարադատության համակարգի աշխատողներ, նույնիսկ` Սահմանադրական դատարանի
անդամներ։ Ընդ որում, դա արել են ո՛չ այնքան գաղտնի (հակառակ դեպքում՝ նման
տեղեկատվություն չէր տարածվի)։
Այսինքն, եթե մինչեւ
ժամը 20-ն ամեն տեսակ ընտրակեղծարարությունների հետեւանքով քվեատուփերում առկա
«Այո»-ն չէր անցնում 30 %-ը, ապա լիակատար ազատ քվեարկության դեպքում՝ «Այո»-ի
տոկոսն անգամ երկնիշ թվով չպիտի արտահայտվեր։ Ասել է թե՝ կեղծիքի բացառման
դեպքում, այս հանրաքվեի իրական արդյունքները ժողովրդի միակամության արտահայտման
տեսակետից համեմատելի պիտի լիներ 1991 թ. Անկախության հանրաքվեի արդյունքներին։
Գ) Հանրաքվեի իրական
արդյունքները գործնականում գիտեն բոլորը։ Գիտեն ամենահեռավոր գյուղի բնակիչներից
մինչեւ Սերժ Սարգսյանն ու իր շրջապատը։ Ուստիեւ՝ այս հանրաքվեով ժողովուրդը
ռեժիմին հասցրեց ծանրագույն մի հարված` նրան ենթարկելով ցնցակաթվածի։ Հակառակ
դեպքում՝ արդեն վաղուց փափկասուն կյանքի սովոր ՀՀԿ-ական ողջ վերնախավը, Սերժ
Սարգսյանի գլխավորությամբ, բաց աչքով չէր լուսացնի դեկտեմբերի 6-ի լույս 7-ի
գիշերը։
Դ) Հանրաքվեի եւ նրա
իրական արդյունքների վրա, ըստ էության, ոչ մի ազդեցություն չունեցավ ռեժիմի
նկատմամբ ժողովրդի վերաբերմունքի արտահայտմանն օբյեկտիվորեն խոչընդոտող՝
«բոյկոտի», «կեղծ օրակարգի» քարոզչությունը։ Իր զանգվածային մասնակցությամբ եւ
միահամուռ քվեարկությամբ ժողովուրդը ցույց տվեց, թե ինքը ռեժիմից ազատվելու
հարցում ինչպիսի քաղաքական ուղեգծի կողմնակիցն է։
Ե) Դատելով մամուլի,
սոցիալական ցանցերում քաղաքացիների արձագանքներից, ռեժիմն իր դեմ տրամադրեց մինչ
այժմ քաղաքականապես համեմատաբար պասիվ խավերի։ Ընտրական հանձնաժողովներում թաղի
խուժանի, քրեական տարրերի կողքին ու նրանց հավասար, որպես ընտրակեղծարարության
գործիք, մեծ թվով ուսուցիչների օգտագործումը վիրավորում է այս խավի
արժանապատվությունը։ Դա նաեւ շատ լուրջ հարցադրումներ է առաջացնում հասարակության
մեջ. բոլորն են հասկանում, որ ուսուցչի՝ դարերով միայն հարգանքի ու ընդօրինակման
արժանի կերպարի քրեականացումը շատ ծանր հետեւանքներով է հղի։ Որոշակի տեղաշարժ
եղավ նաեւ մտավորականության վարքագծում։ Հայտնի մտավորականության
ներկայացուցիչներն արդեն քարոզչության շրջանում ակնհայտորեն ձեռնպահ մնացին
«Այո»-ի քարոզչության մաս կազմել։ Իսկ կատարված խայտառակությունից հետո նրանցից
ոմանք նաեւ հրապարակավ իրենց զայրույթն են արտահայտում։ Սրանք նոր երեւույթներ են։
Զ) Միանշանակ չէ,
ավելի շատ բացասական է նաեւ միջազգային արձագանքը։ Բնական է, որ դիտորդական
առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպությունները, խոշոր երկրները
նույնքան լավ տեղյակ են կատարվածին։ Եւ եթե անգամ ունեն Սերժ Սարգսյանին
պաշտպանելու՝ իրենց շահերից բխող շարժառիթներ, ապա շատ լուրջ պետք է հաշվեն, թե
քաղաքական առումով որն է ավելի կարեւոր՝ Ս. Սարգսյանից ստանալի՞քը, թե՞ մի ողջ
ժողովրդի աչքում մինչեւ վերջ վարկաբեկվելը։
http://www.ilur.am/news/view/51185.html
No comments:
Post a Comment