Sunday, November 13, 2016

Այս իշխանությունն իր ժողովրդին երբեք խաղաղություն չի խոստացել


Սոցիալական ցանցերը պայթում են յուրաքանչյուրի աշխատավարձից 1000-ական դրամ պահում կատարելու նախաձեռնության դեմ բողոքներից։ Եւ անխտիր՝ բոլոր բացասական արձագանքների հիմքում ոչ թե 1000 դրամի ֆինանսական խնդիրն է, այլ վիրավորանքը՝ քայլի ցինիզմից ու լկտիությունից։ Այս նախաձեռնությամբ ակնկալվող ամսական մոտ մեկ միլիոն դոլարի (տարեկան՝ 12 միլիոն) հավաքչության կողքին է դրվում պետական բարձր պաշտոնյանների, սկսած Սերժ Սարգսյանից, հայտարարագրված ու չհայտարարագրված իրական ունեցվածքը, որի ծագումը, թալանից բացի, այլ կերպ անբացատրելի է։
Իսկ պատկերն իրոք զայրացուցիչ է՝ սահմռկեցուցիչ լինելու աստիճանի:
Վաղուց արդեն՝ ավազակապետական այս համակարգի պայմաններում, իշխանական կոռուպցիոն բուրգի ներսում թալանով ու կողոպուտով գոյացող տարեկան ստվերային բյուջեն կրկնակի ավելի է պետական պաշտնական բյուջեից։ Այսինքն՝ ավելի քան 4000  անգամ ավելի, քան այն, ինչ անհրաժեշտ է զինծառայողներին առնչվող սոցիալական խնդիրը լուծելու համար։
Հայաստանից կանխիկ գումարի տարեկան ապօրինի արտահոսքը հատել է մեկ միլիարդի սահմանը։ Դա էլ 100 անգամ ավելի է նշված գումարից։
Ոչ թե գործարարների, այլ պետական բարձրաստիճան պաշտոնյաների ավելի քան 100 առանձնատուն (գողացած փողերով կառուցված) այնպիսի գնի են, որ դրանցից յուրաքանչյուրը բավարար է մեկ տարի հիշյալ ծախսերը հոգալու համար։
Այս ամենը, սակայն, այսպես ասենք՝ բարոյականության հարթության վրա։
Իսկ ի՞նչ է արձանագրում այս քայլը քաղաքական հարթության վրա։
  1. Իշխանությունը, ավելի ճիշտ՝ պետությունը, իրոք, փող չունի։ Ավելի պարզ խոստովանություն կամ լավ ապացույց, որ երկիրը գտնվում է դեֆոլտի եզրին, դժվար էր տալ։ Պետությունը չի կարող նվազագույն փոխհատուցում տալ անգամ իր զոհված զինվորականի համար։
  2. Այս իշխանությունն, իրոք, չի պատկերացնում, թե ինչ բան է պետություն ու պետության արժանապատվություն։ Սա այլ բան չէ, քան մուրացկանություն։ Դրսում մուրացկանության դաշտն սպառելուց հետո հիմա էլ ներսում են սկսել մուրացկանություն անել։ Պետական մոտեցման դեպքում, եթե լրացուցիչ խնդիր կա լուծելու, պետք էր դա կարգավորել հայտնի հարկերի մեխանիզմով։ Եւ կարգավորվեր այնպես, որ այդ բեռն ընկներ շատ ունեցողի վրա՝ շատ, քիչ ունեցողի վրա՝ քիչ։
  3. Չի բացառվում, որ այս քայլով իշխանությունը, բացի փողից, մի այլ խնդրի է հետամուտ։ Դրանում «մեսիջ»- խոստում կա՝ ուղղված յուրաքանչյուր քաղաքացու՝ մշտական պատերազմական վիճակի խոստում։ «Դարավոր ոսոխի» դեմ «հարատեւ կռվի» հարյուր տարի առաջվա հայդատական կործանարար ցնդաբանությունը  բարձրացվել է պետական քաղաքականության մակարդակի։ Ցնդաբանությունն ու ցինիզմը. ասում են՝ տղադ կմեռնի՝ արյան փողը կտանք... քո հաշվին։ Այսինքն՝ սա լիակատար տեղավորվում է իշխանական ու նրա հովանավորությամբ գործող քարոզչության կոնտեքստում։ Այս իշխանությունն իր ժողովրդին երբեք խաղաղություն չի խոստացել, միշտ, սքողված կամ բացահատ, պատերազմ է խոստացել ու պատերազմ է քարոզել։ Ու դրանով իսկ մղել արտագաղթի։ Ինչպես կասեր «ոմն ի հնումն»՝ «բա ի՞նչ անենք, թողնենք՝ մնան, որ հեղափոխություն անե՞ն»։
http://www.ilur.am/news/view/56419.html

Friday, November 4, 2016

Իրականում ո՞վ հաղթեց, եւ ո՞վ պարտվեց տեղական ինքնակառավարման ընտրություններում


Տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքներով ամենաբազմազան եզրակացություններ արվեցին, հեռուն գնացող ամենատարբեր ենթադրություններ։
Քաղաքական իմաստով, սակայն, այդ ընտրություններն ապացուցեցին շատ կարեւոր մի բան, որի մասին չխոսվեց։
Հայաստանի Հանրապետության առաջին Սահմանադրությունը մշակելիս շատ հիմնավոր քննարկվեց ու մշակվեց տեղական ինքնակառավարման բաժինը, որը եւ հիմք հանդիսացավ 90-ական թվականներին այս բնագավառի արմատական բարեփոխման համար։ Մոտեցումը հետեւյալն էր.
ա) Տեղական ինքնակառավարման մարմինները հնարավորինս մոտ ու մատչելի դարձնել բնակչությանը։
բ) Տեղական ինքնակառավարման մարմիններին փոխանցել պետական մարմինների այն իրավասությունները, որոնք առավել արդյունավետ կարող է իրականացնել համայնքային իշխանությունը։
գ) Մեծացնել տեղական ինքնակառավարման մարմինների ինքնուրույնությունը, անկախությունը։
Դեռ առաջին Սահմանադրության ընդունումից շատ առաջ՝ 1990-91 թվականներին, օրենքով ապաքաղաքականացվեցին, ապակուսակցականացվեցին իրավապահ մարմինները, բանակը, հիմնարկ ձեռնարկությունները եւ այլն։ Տարբեր ոլորտների ապաքաղաքականացումը իշխող ուժի՝ Հայոց համազգային շարժման համար նշանակում էր դրանց վրա ազդեցության լծակների կորուստ։ Սակայն հաղթանակած ուժը վճռականորեն գնաց այդ քայլին, քանզի դա էր ժողովրդավարության հաստատման ճանապարհը։ Տեղական ինքնակառավարման մարմիններն օրենքի ուժով չապաքաղաքականացվեցին կամ չապակուսակցականացվեցին, սակայն կատարված բարեփոխումներով ամենանպաստավոր պայմաններն ստեղծեցին, որ դա տեղի ունենա ինքնաբերաբար։ Նպատակը տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացումն էր, եւ դա ընդհանուր ժողովրդավարական բարեփոխումների մի օղակն էր։
Առաջին սահմանադրությունն ստեղծողները նկատի ունեին հետեւյալ իրողությունները։
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն օբյեկտիվորեն տարբեր են համապետական (ԱԺ, ՀՀ նախագահ) ընտրություններից։ Համապետական ընտրություններում ձեւավորվում է երկրի քաղաքական իշխանությունը. քաղաքական ուժերը ընտրողին են ներկայանում իրենց՝ ողջ երկրի զարգացման քաղաքական ծրագրերով, որոնք կարող են արմատապես տարբեր լինել՝ ազատական, սոցիալիստական, կոմունիստական, ազգայնական եւ այլն՝ դրանց բազմաթիվ նրբերանգներով։ Այդ դեպքում ընտրողն իր քվեով համակարգի, ճանապարհի, քաղաքական կուրսի ընտրություն է կատարում ողջ երկրի համար։ Այլ է ընտրողի մոտեցումը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ Դրանով ընտրվում է իշխանություն՝ գյուղի, քաղաքի՝համայնքային նշանակության որոշակի առարկայական հարցերի լուծման համար։ Պատկերավոր ասած՝ սոցիալիստ գյուղապետը ազատական համակարգ ունեցող երկրում չի կարող առանձին վերցրած մի բնակավայրում սոցիալիզմ կառուցել։ Եւ ընդհակառակը՝ սոցիալիստական համակարգի պայմաններում ազատական կուսակցության ներկայացուցիչ գյուղապետը չի կարող իր համայնքում ազատ շուկայական հարաբերություններ հաստատել։ Երկու դեպքում էլ դրանք կլինեն քաղաքական համակարգին, ասել է թե՝ գործող օրենքներին, Սահմանադրությանը հակասող։ Ուրեմն եւ՝ կուսակցականության հանգամանքն այս դեպքում, օբյեկտիվորեն, ոչ թե նույնիսկ երկրորդական, այլ ընդհանրապես ավելորդ է։ Եւ ընտրողին չի կարելի նման բան պարտադրել։
Ընտրողը, իրավացիորեն, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջնորդվում է այլ, բացարձակապես ոչ քաղաքական չափորոշիչներով, այստեղ այլ են նրա շահագրգռությունները։ Այս դեպքում վճռական դեր են խաղում, ասենք, թեկնածուի ունակությունները, համայնքում ունեցած հեղինակությունը, ազդեցությունը, ընդհուպ՝ ազգուտակը։ Եւ սա ոչ միայն օբյեկտիվ իրողություն է, այլեւ բնական մոտեցում է, ինչը եւ խրախուսվում էր առաջին Սահմանադրությամբ եւ դրա հիման վրա կատարված բարեփոխումներով։
Անշուշտ, տեղական ինքնակառավարման մարմիններում կարող էին առաջադրվել նաեւ այս կամ այն կուսակցության ներկայացուցիչներ, կուսակցություններն էլ կարող էին պաշտպանել եւ օժանդակել տվյալ թեկնածուին։ Սակայն կատարված բարեփոխումների եւ ընտրողի բնական չափորոշիչների պայմաններում թեկնածուի կուսակցականությունը որեւէ դեր չէր խաղում։ Հենց դա է պատճառը, որ 90-ական թվականներին համայնքային իշխանության ղեկավարները, որպես կանոն, իրոք ունակ, հեղինակություն ունեցող եւ կարող մարդիկ էին՝ մեծ մասամբ անկուսակցականներ։ Չեմ հիշում դեպք, երբ իշխող Հայոց համազգային շարժումն, ասենք, հաշվեր, թե քանի գյուղապետ ունի։
Տեղական ինքնակառավարման՝ 1995 թ. Սահմանադրության հիմքում դրված փիլիսոփայությունն ու առողջ սկզբունքները փոխվեցին նախ՝ 2005 թ. սահմանադրական փոփոխություններով, ապա 2015 թ. Սահմանադրությամբ։ Առաջինը Երեւանի համար սահմանվեց կուսակցական համամասնական ընտրություններով քաղաքային իշխանությունը ձեւավորելու օրենք։ Երկրորդ քայլով դա տարածվեց Գյումրիի եւ Վանաձորի վրա։ Կառավարության՝ վերջերս ներկայացված ծրագրով ռեժիմն այս կարգը ցանկանում է տարածել նաեւ «խոշորացված» համայնքների վրա։ Նպատակը հասկանալի է՝ առավելագույն եւ անմիջական կուսակցական վերահսկողության տակ առնել տեղական ինքնակառավարումը, ըստ էության՝ վերադառնալ խորհրդային համակարգի սկզբունքներին։ Իշխող քաղաքական ուժը, որի կարկառուն ներկայացուցիչների ամենահաճախադեպ հնչեցած կոչը երկրի բարձրագույն քաղաքական մարմնում հարցերը «չքաղաքականացնելն» է, բերեցին ու քաղաքականացրին այն բնագավառը, որը ոչ միայն դրա կարիքը չուներ, այլեւ իր յուրահատկությամբ մերժում է դա։ Քանզի դա իրական տեղական ինքնակառավարման, այդ մակարդակում ժողովրդավարության ոչնչացում է՝ ըստ էության։
Պարզապես ռժիմային, ավազակապետական իշխանության պայմաններում, երբ ամեն ինչ գլխիվայր է շրջված, իրական դրական հեղինակություն եւ ունակություններ ունեցողների ճանապարհը փակված է։ Ընտրական գործընթացում մեծ դեր են խաղում ընտրակաշառքը, վարչական ռեսուրսը, կատարվում են զանազան ապօրինություններ։ Օբյեկտիվորեն՝ այս պայմաններում հայտնված «միջին ընտրողը» (ընտրակաշառքով, այլ լծակների ճնշման տակ թե կամավոր), այնուամենայնիվ, ընտրությունը կատարում է ոչ թե կուսակցությունների, այլ անձերի միջեւ։ Պարզապես այս դեպքում նկատի է ունեում ոչ թե թեկնածուի իրական (դրական) հեղինակությունն ու ունակությունները, այլ՝ թե այս իշխանության պայմաններում ով կարող է «հարց լուծել», «լեզու գտնել» վերադասի հետ, համայնքի համար «ծրագրեր հաջողացնել», «փող պոկել» համայնքի համար եւ այլն։ Թեկնածուի կուսակցականությունը եթե դեր է խաղում, ապա մի կտրվածքով՝ թեկնածուն հանդես չգա «վտանգավոր»՝ իշխանությանը իրական քաղաքական ընդդիմություն համարվող ուժի «դրոշի տակ»։ Սա էլ ռացիոնալ հաշվարկ է. այդպիսի գյուղապետի կամ քաղաքապետի առջեւ այսօրինակ իշխանությունն ամեն տեսակ խոչընդոտներ պիտի հարուցի, խանգարի, իսկ մեջտեղում, վերջին հաշվով, համայնքը եւ ինքն են տուժելու։ Այսինքն՝ տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքներում, անգամ եթե դրանք կուսակցական ցուցակներով են, անիմաստ է քաղաքական ուժի վարկանիշ փնտրել։ Ավելին, դրանք, ինչ-որ տեղ, նաեւ կարելի է համարել որպես յուրատեսակ վիճակագրական մի քողարկված հարցում՝ «ո՞ւմ եք համարում իրական քաղաքական ընդդիմություն» ձեւակերպմամբ։
Տրամագծորեն հակառակն է լինելու ընտրողի մոտեցումը համապետական ընտրության ժամանակ, ինչով կարելի է իշխանափոխության, համակարգ փոխելու հարց լուծել։
Ասել է թե՝ տեղական ինքնակառավարման անցած կուսակցականացված ընտրություններից պետք է անել հետեւյալ քաղաքական եզրահանգումները.
ա) Տեղական ինքնակառավարման ընտրությունների կուսակցականացումը հակաժողովրդավարական քայլ է։ Այն, ըստ էության, ոչնչացնում է տեղական ինքնակառավարումը եւ այլ բան չէ, քան իշխող ուժի կողմից տեղական իշխանության վրա ազդեցության ու վերահսկողության լրացուցիչ լծակ՝ նպատակաուղղված ռեժիմի իշխանության պահպանմանը։
բ) Այդ ընտրությունների արդյունքները ոչ մի կապ չունեն մասնակից քաղաքական ուժերի վարկանիշների հետ ոչ միայն զանգվածային ընտրակաշառքի ու այլեւայլ ապօրինությունների բերումով, այլեւ տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ ընտրողի ցուցաբերած բնական ոչ քաղաքական չափանիշներով։ Ըստ այդմ՝ այս պայմաններում որքան քաղաքական ուժը հասարակայնորեն ճանաչված է որպես իրական քաղաքական ընդդիմություն, այնքան ավելի փոքր են նրա շանսերը տեղական ինքնակառավարման ընտրություններում։ Գյումրիի եւ Վանաձորի փորձը հաստատեց հենց այս իրողությունը։
գ) Քաղաքական հարթության վրա, տեղական ինքնակառավարման անցած ընտրություններում «ո՞վ հաղթեց, եւ ո՞վ պարտվեց» հարցի պատասխանը հետեւյալն է. հաղթեցին 1995 թ. ՀՀ Սահմանադրության՝ տեղական ինքնակառավարման փիլիսոփայությունն ու սկզբունքները, պարտվեցին այս (նաեւ այլ) բնագավառներն այլանդակած հետագա սահմանադրական փոփոխությունները։

http://www.ilur.am/news/view/56303.html