Sunday, November 13, 2016

Այս իշխանությունն իր ժողովրդին երբեք խաղաղություն չի խոստացել


Սոցիալական ցանցերը պայթում են յուրաքանչյուրի աշխատավարձից 1000-ական դրամ պահում կատարելու նախաձեռնության դեմ բողոքներից։ Եւ անխտիր՝ բոլոր բացասական արձագանքների հիմքում ոչ թե 1000 դրամի ֆինանսական խնդիրն է, այլ վիրավորանքը՝ քայլի ցինիզմից ու լկտիությունից։ Այս նախաձեռնությամբ ակնկալվող ամսական մոտ մեկ միլիոն դոլարի (տարեկան՝ 12 միլիոն) հավաքչության կողքին է դրվում պետական բարձր պաշտոնյանների, սկսած Սերժ Սարգսյանից, հայտարարագրված ու չհայտարարագրված իրական ունեցվածքը, որի ծագումը, թալանից բացի, այլ կերպ անբացատրելի է։
Իսկ պատկերն իրոք զայրացուցիչ է՝ սահմռկեցուցիչ լինելու աստիճանի:
Վաղուց արդեն՝ ավազակապետական այս համակարգի պայմաններում, իշխանական կոռուպցիոն բուրգի ներսում թալանով ու կողոպուտով գոյացող տարեկան ստվերային բյուջեն կրկնակի ավելի է պետական պաշտնական բյուջեից։ Այսինքն՝ ավելի քան 4000  անգամ ավելի, քան այն, ինչ անհրաժեշտ է զինծառայողներին առնչվող սոցիալական խնդիրը լուծելու համար։
Հայաստանից կանխիկ գումարի տարեկան ապօրինի արտահոսքը հատել է մեկ միլիարդի սահմանը։ Դա էլ 100 անգամ ավելի է նշված գումարից։
Ոչ թե գործարարների, այլ պետական բարձրաստիճան պաշտոնյաների ավելի քան 100 առանձնատուն (գողացած փողերով կառուցված) այնպիսի գնի են, որ դրանցից յուրաքանչյուրը բավարար է մեկ տարի հիշյալ ծախսերը հոգալու համար։
Այս ամենը, սակայն, այսպես ասենք՝ բարոյականության հարթության վրա։
Իսկ ի՞նչ է արձանագրում այս քայլը քաղաքական հարթության վրա։
  1. Իշխանությունը, ավելի ճիշտ՝ պետությունը, իրոք, փող չունի։ Ավելի պարզ խոստովանություն կամ լավ ապացույց, որ երկիրը գտնվում է դեֆոլտի եզրին, դժվար էր տալ։ Պետությունը չի կարող նվազագույն փոխհատուցում տալ անգամ իր զոհված զինվորականի համար։
  2. Այս իշխանությունն, իրոք, չի պատկերացնում, թե ինչ բան է պետություն ու պետության արժանապատվություն։ Սա այլ բան չէ, քան մուրացկանություն։ Դրսում մուրացկանության դաշտն սպառելուց հետո հիմա էլ ներսում են սկսել մուրացկանություն անել։ Պետական մոտեցման դեպքում, եթե լրացուցիչ խնդիր կա լուծելու, պետք էր դա կարգավորել հայտնի հարկերի մեխանիզմով։ Եւ կարգավորվեր այնպես, որ այդ բեռն ընկներ շատ ունեցողի վրա՝ շատ, քիչ ունեցողի վրա՝ քիչ։
  3. Չի բացառվում, որ այս քայլով իշխանությունը, բացի փողից, մի այլ խնդրի է հետամուտ։ Դրանում «մեսիջ»- խոստում կա՝ ուղղված յուրաքանչյուր քաղաքացու՝ մշտական պատերազմական վիճակի խոստում։ «Դարավոր ոսոխի» դեմ «հարատեւ կռվի» հարյուր տարի առաջվա հայդատական կործանարար ցնդաբանությունը  բարձրացվել է պետական քաղաքականության մակարդակի։ Ցնդաբանությունն ու ցինիզմը. ասում են՝ տղադ կմեռնի՝ արյան փողը կտանք... քո հաշվին։ Այսինքն՝ սա լիակատար տեղավորվում է իշխանական ու նրա հովանավորությամբ գործող քարոզչության կոնտեքստում։ Այս իշխանությունն իր ժողովրդին երբեք խաղաղություն չի խոստացել, միշտ, սքողված կամ բացահատ, պատերազմ է խոստացել ու պատերազմ է քարոզել։ Ու դրանով իսկ մղել արտագաղթի։ Ինչպես կասեր «ոմն ի հնումն»՝ «բա ի՞նչ անենք, թողնենք՝ մնան, որ հեղափոխություն անե՞ն»։
http://www.ilur.am/news/view/56419.html

No comments:

Post a Comment