Լույս է տեսել Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ, հանրապետության նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի հոդվածների, հարցազրույցների, ելույթների՝ «Արդարադատության եւ քաղաքականության խառնարանում» վերնագրով ժողովածուն։ Ստորեւ այն ներկայացնում ենք գրքի խմբագիր Աշոտ Սարգսյանի՝ համառոտած ներածական խոսքով։
Գիտնականի, պետական բարձրաստիճան պաշտոնյայի, քաղաքական գործչի ունեցած գրավոր ժառանգությունից մի հատորի համար նյութեր կարելի է ընտրել՝ առաջնորդվելով տարբեր ելակետերով՝ նպատակ ունենալով դրա հեղինակին ներկայացնել որպես, ասենք, հմուտ մասնագետ, հաջողված պաշտոնյա, արդյունավետ քաղաքական գործիչ։ Գագիկ Ջհանգիրյանի արխիվից սույն հատորի համար նյութեր ընտրելիս մենք առաջնորդվել ենք բոլորովին այլ սկզբունքով՝ առաջին հերթին նկատի ունենալով նյութերի՝ որպես պատմական սկզբնաղբյուր ունեցած արժեքը։ Եւ դա պայմանավորված է ոչ թե հատորը կազմողիս սուբյեկտիվ նախասիրությամբ, այլ այն հանգամանքով, որ այս դեպքում հնարավոր էր շեղվել ընդունված ստանդարտներից եւ այսպիսի ելակետով առաջնորդվել։
Ի՞նչ նկատի ունենք։
Գ. Ջհանգիրյանն իր կենսագրության, մասնագիտական եւ պաշտոնեական գործունեության բերումով անմիջական մասնակցություն, հաճախ՝ առանցքային դերակատարություն է ունեցել մեր անկախության շրջանի մի շարք կարեւոր դրվագներում, քաջատեղյակ է իրողությունների խոհանոցային մանրամասներին։ Որպես այդպիսին, ահա, պատմաբանը նրա ոչ միայն հաղորդած տեղեկություններում, ենթադրություններում, գնահատականներում, անգամ ակնարկներում կարող է հայթայթել արժեքավոր ու վստահելի նյութեր, որ այլ տեղերից դժվար պիտի կարողանար գտնել։ Նկատի ունենք, մասնավորապես՝
Դատաիրավական բարեփոխումների սկիզբն ու ընթացքը 90-ական թվականներից եւ առ այսօր, ինչին նա ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել, եւ դա միշտ եղել է նրա ուշադրության կենտրոնում։
Բանակն ու նրա ներքին կյանքը, ինչին նա քաջածանոթ է՝ որպես Հայաստանի Հանրապետության երկարամյա զինվորական դատախազ։
1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, որի բարդագույն նախաքննությունը ղեկավարել է նա որպես դատախազ՝ բարդագույն պայմաններում ։
2008 թվականի մարտի 1-ի՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված, տասը զոհի պատճառ դարձած հրեշավոր բռնությունը, համաժողովրդական շարժման ակտիվիստների զանգվածային ապօրինի հետապնդումները, ինչի առաջին թիրախներից մեկն ինքն է եղել անձամբ՝ մեկուկես տարի որպես քաղբանտարկյալ անցկացնելով անազատության մեջ, ապա նաեւ ղեկավարելով քաղբանտարկյալների իրավական պաշտպանության ողջ գործընթացը։
Առնվազն այս դրվագներում, հատկապես վերջին երկուսում՝ իրենց նշանակությամբ շրջադարձային ու ճակատագրական Հայաստանի համար, Գագիկ Ջհանգիրյանի արձանագրումները, հաղորդումներն ու գնահատականներն առաջնակարգ ու անշրջանցելի պատմական սկզբնաղբյուրի արժեք են ունենալու միշտ։
Սահմանադրություն եւ դատաիրավական բարեփոխումներ
1990 թվականի մայիս-հունիս ամիսներին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում Հայոց համազգային շարժման հաղթանակը սովորական իշխանափոխություն չէր։ Դա կոմունիստական կուսակցության 70-ամյա մենիշխանության, «խորհրդային» կոչվող համակարգի ավարտն էր, ինչին, բնականաբար, պիտի հետեւեր բոլորովին այլ՝ ժողովրդավարական համակարգի հաստատումը։ Դա պետք է տեղի ունենար հասարակական կյանքի բոլոր բնագավառներում ամենաարմատական բարեփոխումների, վերափոխումների միջոցով։ Եւ այդ բնագավառների մեջ ամենակարեւորներից մեկը, բնականաբար, դատաիրավական բնագավառն էր։
Միայն պաշտոնի բերումով չէ, որ Գագիկ Ջհանգիրյանը հայտնվեց դատաիրավական բարեփոխումների իրականացման «խոհանոցում»։ Դրանից առաջ նրան այստեղ բերեցին մասնագետ լինելու հանգամանքը ու նաեւ ակտիվ անհատի հատկանիշները։ Դատաիրավական բարեփոխումների բնագավառը նրա համար հոգեհարազատ դարձավ ի սկզբանե եւ այդպիսին մնաց մինչեւ վերջ։
Մասնագիտական հատկանիշներով չէ, որ պիտի անդրադառնանք այդ բնագավառի բարեփոխումներին վերաբերող համապատասխան նյութին, որ տեղ է գտել սույն հատորում։ Այս առիթով կանդրադառնանք շատ կարեւոր մի այլ իրողության՝ բարեփոխումների ընդհանրական ճակատագրին։
Հայաստանի Հանրապետության արդեն ավելի քան երկուսուկես տասնամյա պատմությունը հստակ բաժանվում է որակապես տարբեր, ընդհուպ՝ տրամագծորեն հակադիր երկու շրջանի՝ 1990-ական թվականների՝ ժողովրդավարական շրջան, եւ 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետեւանքով սկիզբ առած եւ առ այսօր ձգվող ավազակապետական շրջան։ Ժողովրդավարական համակարգ ստեղծելու քաղաքական ծրագիր իրականացնող իշխանությունը ջանք չէր խնայում գտնելու կամ մշակելու համար այն ուղիներն ու մեխանիզմները, որոնք խորհրդային համակարգի տեղում պիտի գոյացնեին ժողովրդավարական համակարգ։ Տասնյակ ոլորտներից մեկի՝ դատաիրավական բարեփոխումների թեմայով սույն հատորում ընդգրկված նյութերի ամբողջությունը, որպես ցայտուն մի օրինակ, ցուցադրում է 90-ականների եւ հաջորդ շրջանի իշխանությունների ունեցած տրամագծային տարբերությունը՝ նրանցից յուրաքանչյուրի իրական, տրամագծորեն տարբեր գերակայությունների ու հետապնդած նպատակների տեսքով։
Ի՞նչ պատկեր է առարկայանում Գ. Ջհանգիրյանի՝ 90-ական թվականներին այս թեմայով թողած հոդվածներից ու հարցազրույցներից։
Բարեփոխումների անցկացման, ճիշտ եւ արդյունավետ լուծումներ գտնելու համար մոբիլիզացված են եղել հանրապետությունում առկա մասնագիտական ողջ կարողությունները։ Չի պարտադրվել որեւէ ուղղություն, գիծ կամ կաղապար։ Տրված է եղել միայն խնդիրը՝ ստեղծել դատաիրավական այնպիսի համակարգ, որն առավելագույնս ապահովի դատարանների անկախության, օբյեկտիվ դատաքննության վրա հենված վստահելի արդարադատություն։ Խրախուսվել են ազատ քննարկումները, դրանցում բոլորի մասնակցությունը, կարծիքների բազմազանությունն ու բախումները եւ այլն։ Դա հնարավորություն է տվել բարեփոխման մեխանիզմները մշակելիս առավելագույնս հաշվի առնել եւ ներդաշնակեցնել աշխարհի լավագույն փորձը եւ տեղական առանձնահատկությունները։
Բազմակենտրոն եւ բազմաժամ քննարկումների արդյունքներով ստեղծված նախագծերը եւ համակարգում դրանց հիման վրա կատարված առաջին փոփոխությունները բարձր են գնահատվել եւ աջակցության արժանացել միջազգային ասպարեզում։ Դրանք շատ արագ նաեւ որակական նոր պատկեր են ստեղծել Հայաստանի դատական համակարգում, եւ ավելի շատ խոստումնալից է եղել այդ բարեփոխումների շարունակումն ու խորացումը։ Ասենք, որ նույնն է եղել նաեւ հասարակական, տնտեսական կյանքի մյուս բնագավառներում իրականացվող բարեփոխումների հետ կապված։ Եւ այլ կերպ լինել չէր կարող, քանզի խոսքը վերաբերում է խնդիրներին քաղաքական դիրքերից նույն մոտեցմանը, նույն իշխանությանը, ժողովրդավարական եւ իրավական պետության ստեղծման նույն ուղեգծին։ Եւ ամենեւին պատահական չէ, որ հենց այս շրջանում է, որ Հայաստանը համարվում էր տարածաշրջանում «ժողովրդավարության կղզի»։
Դատաիրավական բարեփոխումների հիմքերն ամրագրվեցին Հայաստանի Հանրապետության՝ 1995 թվականին ընդունված Սահմանադրության մեջ։
1990-ականներին սկսված դատաիրավական բարեփոխումները, ըստ էության, հետագա շարունակություն չունեցան։ 1998 թվականին սկսված եւ 1999 թվականի հոկտեմբերի 27-ով ավարտված պետական հեղաշրջման արդյունքում ստեղծված տրամագծորեն այլ որակի իշխանությունը չէր կարող համատեղվել իրական ժողովրդավարական բարեփոխումների հետ։ Դրանք կասեցվեցին, խեղաթյուրվեցին, աղավաղվեցին եւ այլանդակվեցին։ Ավելին՝ վերացվեցին դրանց սահմանադրական հիմքերը. 2005 թվականին անցկացված «սահմանադրական բարեփոխումների» հիմնական նպատակներից մեկն էլ հենց բարեփոխումների՝ սահմանադրորեն ամրագրված հիմքերի վերացումն էր, սահմանադրական դրույթներ, որոնք, այնուամենայնիվ, զսպաշապիկ էին իշխանական կամայականությունների հետագա խորացման համար։ Թե մասնավորապես ինչ տեղի ունեցավ 90-ական թվականների բոլոր բարեփոխումների հետ, հատկապես 2005 թվականի սահմանադրական փոփոխությունների հետեւանքով, դատական համակարգի օրինակով, կարելի է պատկերացում կազմել Գ. Ջհանգիրյանի՝ այդ թեմային առնչվող նյութերին հետեւելով։
Բանակ. որպես ՀՀ զինվորական դատախազ
Բանակի հետ Գ. Ջհանգիրյանի անմիջական շփումը սկսվել է 1997 թվականից, երբ նա նշանակվել է ՀՀ զինվորական դատախազի պաշտոնում։
Որպես երկարամյա զինվորական դատախազ՝ նա բանակի ներքին կյանքին եւ իրողություններին ամենատեղյակ պաշտոնյաներից մեկն է։ Այդ թեմայով նրա հարցազրույցները, վերլուծություններն ու գիտական բարեխղճությամբ կազմված պաշտոնական զեկույցները կարեւոր ու հավաստի աղբյուր կարող են լինել բանակի պատմության հետազոտողի համար։ Որպես բանակի կյանքին քաջատեղյակ մարդ՝ նա հիանալի տեսնում է, թե որակական ինչ լուրջ բացասական տեղաշարժեր են կատարվում բանակում, եւ սրտի ցավով արձանագրում դրանք. «Բանակն ինձ համար հարազատ կառույց է, ուստի ցավ է հրապարակավ խոսել հարազատի ախտերի ու սխալների մասին: Սակայն այն, ինչի ականատեսն ենք վերջին ամիսներին գրեթե ամեն օր, երբեմն դուրս է նաեւ իմ՝ կարծես ամեն ինչ տեսած մարդու երեւակայությունից» (17.09.2010թ.):
Եւ ո՞րն է բանակի ներքին կյանքում կատարված որակական այդ լուրջ բացասական տեղաշարժի, քրեականացման պատճառը, հիմքը։ Բանակի ներքին կյանքին տեղյակ, զինվորականների եւ բանակի (որպես միավոր ու միջավայր), հոգեբանական նրբություններին քաջածանոթ նախկին զինդատախազի բացատրությունը ոչ թե նույնիսկ ճշգրիտ քաղաքական գնահատական է, այլ տվյալ բնագավառի վստահելի փորձագետի եզրահանգում, որ դժվար է վիճարկել. «...տեղի ունեցած դեպքերի դիտարկումներն ու ուսումնասիրությունները ինձ՝ դատախազիս ու քրեաբանիս հանգեցնում են մի հետեւության. պատճառը Մարտի 1-ին զինված ուժերի ստորաբաժանումների հակասահմանադրական ու հակաօրինական կիրառումն էր խաղաղ ցուցարարների դեմ, դրա արդյունքում ու պատճառով սպաների ու պայմանագրային զինծառայողների մոտ արձանագրված հոգեբանական խեղումները, նրանց արժեհամակարգում տեղի ունեցած անդառնալի բացասական տեղաշարժերը» (17.09.2010թ.):
Հանգամանքների բերումով տրամագծորեն տարբեր են եղել բանակի՝ որպես պետական կառույցի մասին հասարակության մեջ տարածված կամ տարածվող կարծիքներն ու պատկերացումները։ Հանուն քաղաքական նպատակների կամ այլ շահերի ոմանց կողմից երբեմն դա ծայրահեղացվել է բացասական իմաստով։ Երբեմն՝ ընդհակառակը, տեղի տալով սնապարծությանը՝ ֆետիշացվել է դրականը։ Բանակի մասին Գ. Ջհանգիրյանի հրապարակվող նյութերն օգնում են հեռու մնալ թե՛ մեկ, թե՛ մյուս ծայրահեղությունից։
Երկու պետական հեղաշրջում. Հոկտեմբերի 27
Հայաստանի անկախության առաջին տասնամյակների ներքաղաքական կյանքում երկու ճակատագրական նշանակություն ունեցող դրվագ են առանձնանում։ Դրանք մի ընդհանրություն ունեն, այն է՝ երկուսն էլ ուղեկցվել են արյունով, երկուսն էլ իշխանության հարց են լուծել։
Հանգամանքների բերմամբ երկուսին էլ ամենատեղյակ անձանցից է Գագիկ Ջհանգիրյանը։ Որպես դատախազ՝ նա է ղեկավարել Հոկտեմբերի 27-ի՝ Հայաստանի վերջին 100-ամյակում ամենահնչեղ ու ամենաբարդ քրեական գործի նախաքննությունը։ Մարտի 1-ի նույնքան հնչեղ գործի հետ նրա կապը, այսպես ասենք, ճիշտ հակառակ ուղղությամբ է։ 2008 թվականի նախագահական ընտրությունների առիթով ծայր առած Համաժողովրդական շարժմանը միացած առաջին բարձրաստիճան պաշտոնյան էր Գագիկ Ջհանգիրյանը, եւ այդ Շարժման դեմ իշխանության ձեռնարկած աննախադեպ ապօրինությունների ու բռնությունների առաջին թիրախը։ Փետրվարի 22-ի հանրահավաքում նրա ելույթից հետո հաջորդ օրը նա շինծու մեղադրանքով եւ բռնությունների ենթարկվելով ձերբակալվեց եւ դարձավ Շարժման առաջին քաղբանտարկյալներից մեկը։
Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անմիջապես հետո, թեկուզ միայն ոմանց առաջին արձագանքներին, հայտնի իրադարձություններին եւ մամուլի հաղորդումներին հետեւելով, դժվար չէ պատկերացնել այն բարդագույն ու նաեւ վտանգավոր պայմանները, որում պիտի ընթանար եւ ընթացավ այս գործի քննությունը։
Իշխանական վերնախավում մինչ այդ ստեղծված էր յուրահատուկ մի իրավիճակ։ 1998թ. արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով իշխանության եկած Ռ. Քոչարյանի եւ այդ գործում վճռական դերակատարում ունեցած Վ. Սարգսյանի հարաբերություններում շատ արագ լուրջ անհարթություններ գոյացան։ Ներիշխանական հակասությունն ու հակամարտությունը տեսանելի էր ողջ հասարակությանը։ Ընդամենը մեկ տարի անց Վ. Սարգսյանը դաշնակցեց նախագահական ընտրություններում իր իսկ պաշտպանյալ Ռ. Քոչարյանի հիմնական հակառակորդ Կ. Դեմիրճյանի հետ («Արդարություն» դաշինք) եւ բացարձակ հաղթանակի հասավ 1999 թվականի մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում։ Կ. Դեմիրճյանը զբաղեցրեց ԱԺ նախագահի, իսկ Վ. Սարգսյանը՝ վարչապետի պաշտոնը։ Քիչ անց մի առիթով Ռ. Քոչարյանը հրապարակավ հայտարարեց, որ պետության ղեկավարման մեջ ինքն արդեն ընդամենը «դիտորդի» կարգավիճակում է։
Այս պայմաններում Ազգային ժողովում կատարված ահաբեկչությունը, ակնհայտորեն հիմնական թիրախ ունենալով վարչապետ Վ. Սարգսյանին եւ ԱԺ նախագահ Կ. Դեմիրճյանին, բնականաբար, որոշակի ուղղությամբ կասկածներ հարուցեց։ Այդ կասկածները խորացան մասնավորապես այն բանի շնորհիվ, որ Ռ. Քոչարյանը շտապեց կատարվածը գնահատել որպես «մի ուչաստկովիի գործ»՝ հասկացնելով, որ պետք չէ կազմակերպիչներ կամ պատվիրատուներ փնտրել։ Առաջացավ չափազանց լարված ու վտանգավոր իրավիճակ։ Ռ. Քոչարյանը, իր համար ստեղծված ծանր վիճակից դուրս գալու համար, թե տեղի տալով ճնշումների, Վ. Սարգսյանի եղբորը՝ Արամ Սարգսյանին նշանակեց վարչապետ։
Դրանով, սակայն, ներիշխանական լարված ու փոխադարձ անվստահության մթնոլորտը չլիցքաթափվեց։ Քոչարյանի վերահսկողության տակ գործող լրատվամիջոցները բացահայտորեն զբաղված էին զինդատախազությանն ու քննչական խմբին վարկաբեկելով։ Քննությանը խոչընդոտելու, քարոզչական մեխանիզմներով հասարակական կարծիքի վրա ազդելու, ընդհուպ հանցագործներին ինչ-որ կերպ հովանավորելու քայլերին ի պատասխան՝ «Արդարություն» դաշինքը մարտի 3-ի հրապարակային հայտարարությամբ իր բողոքն արտահայտեց այդ ամենի դեմ՝ պահանջելով այդ պահին նախագահի աշխատակազմի ղեկավար Սերժ Սարգսյանի եւ Հանրային հեռուստատեսության տնօրեն Տիգրան Նաղդալյանի հրաժարականը։
Արդեն որոշակի ինքնավստահության հասած Ռ. Քոչարյանը կոշտ մերժեց «Արդարություն» դաշինքի պահանջը։ Ավելին, գերազանցելով իր լիազորությունները՝ նա ապրիլին գործը վարող ՀՀ զինվորական դատախազին արգելեց ներկայանալ Հոկտեմբերի 27-ի հարցով ԱԺ-ում կազմակերպված լսումներին։ Այդ առիթով, նույն օրը Գ. Ջհանգիրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ զինվորական դատախազի պաշտոնից, ինչը, սակայն, գործող նախագահի կողմից մերժվել է։ Նախաքննության մարմնի վրա ճնշումներ գործադրելու մասին նույն անհանգստությունն ու բողոքը Ռ. Քոչարյանին ուղղված առանձին «Բաց նամակով» հայտնեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատները։
Վեցամսյա յուրօրինակ դիրքային պայքարն ավարտվեց նրանով, որ Ռ. Քոչարյանը մայիսին պաշտոնանկ արեց վարչապետ Արամ Սարգսյանին, ապա կարճ ժամանակում ազատվեց նաեւ Վ. Սարգսյանի՝ պետական լուրջ պաշտոններ զբաղեցնող ընկերներից ու համախոհներից։ Ոմանք էլ, գայթակղության տրվելով, պարզապես «ճամբարափոխ» եղան (օրինակ՝ դեռ երկու ամիս առաջ Քոչարյանի հետ վերջնագրի լեզվով խոսող Անդրանիկ Մարգարյանը ընդունեց վարչապետ դառնալու առաջարկը)։ Բնականաբար, դրան զուգահեռ, նախաքննությունն իրականացնող մարմնի համար ավելի սեղմվեցին շրջանակները։ Նույն՝ 2000 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունում սկսեցին նյութեր նախապատրաստել 27-ի գործով զբաղվող քննչական խմբի դեմ, իբր՝ այդտեղ կատարվող ապօրինությունների վերաբերյալ։ Եթե այդ ժամանակ դա հետագա ընթացք չստացավ, ապա 2002 թվականին արդեն քրեական գործ հարուցվեց քննչական խմբի դեմ։ Միաժամանակ՝ ավելի անթաքույց դարձան ոճրագործների, նրանց օժանդակողների եւ այլ հանցակիցների նկատմամբ իշխանության հովանավորչական քայլերը։
Գագիկ Ջհանգիրյանը «27»-ի մայր գործը վարեց մինչեւ 2000թ. աշուն եւ այն հանձնեց դատարան։ Մինչեւ վերջ հակառակ գնալով «ուչաստկովիի գործ»-ի տրամաբանությանն ու, ըստ էության, հրահանգին՝ ՀՀ զինվորական դատախազը գործից մաս անջատեց հնարավոր կազմակերպիչների մասով՝ հիմնական հարցի քննության շարունակությունն ապահովելու համար։ Անջատված մասով քրեական գործի նախաքննությունը 2003 թվականի մարտին վերցվեց նրանից եւ մեկուկես տարի անց ապօրինաբար կարճվեց։
Անվարան կարելի է ասել, որ Գագիկ Ջհանգիրյանը Հոկտեմբերի 27-ի գործով ամենատեղեկացված պաշտոնյան է` տեղյակ ե՛ւ այն ամենին, ինչը փաստաթղթային տեսք ունի, ե՛ւ այն ամենին, ինչը փաստաթղթային տեսք չունի։ Ասել է թե՝ նրա ոչ միայն գնահատականներին, ենթադրություններին, այլեւ ակնարկներին անգամ շատ ավելի լուրջ պետք է մոտենալ, քան որեւէ այլ մեկի դեպքում։
Հոկտեմբերի 27-ը քաղաքական իմաստով ամենալուրջ ու արմատական պետական հեղաշրջման հետեւանք ունեցավ։ Գործի հսկայական քաղաքական կարեւորությունից զատ Գ. Ջհանգիրյանը նաեւ զուտ մարդկային հարթության վրա է իրեն պատասխանատու զգում իրականության բացահայտման համար. «...ես իմ խղճի առջեւ պարտավորվել եմ, թե ամեն ինչ պիտի արվի, որ այս հանցագործությունը մինչեւ վերջ բացահայտվի» (31.10.2000թ.):
Գ. Ջհանգիրյանը մնաց ի սկզբանե իր ունեցած համոզմունքին՝ Հոկտեմբերի 27-ի հանցագործությունն ունեցել է լուրջ կազմակերպիչներ։ Եւ համարեց, որ ապօրինի է կարճվել «անջատված մասով» գործի քննությունը։ Իր այդ համոզմունքի մասին մի վերջին անգամ նա հայտարարեց 2008 թվականին, Համաժողովրդական շարժման փետրվարի 22-ի հանրահավաքում. «Ես միանշանակ միանում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի տված քաղաքական գնահատականներին. 27-ից անջատված մասով քրեական գործի վարույթը կարճվեց, եւ կարճվեց քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտումներով. եւ այդ անջատված մասով քննությունը առջեւում է»։
Կասկածից դուրս է, որ բոլոր՝ հոգեբանականից սկսած մինչեւ պատասխանատվության ու վտանգավորության առումով ծանրագույն ճանապարհ է անցել Գ. Ջհանգիրյանը Հոկտեմբերի 27-ի հետ։ Ուստիեւ պատահական չէ, որ ավելի ուշ, լրագրողի տված՝ «Եթե հնարավորություն տրվեր, ի՞նչ կփոխեիք Ձեր կենսագրության մեջ, ինչի՞ց կհրաժարվեիք» հարցին նա պատասխանում է. «Կհրաժարվեի Հոկտեմբերի 27-ից: Կջնջեի այդ մղձավանջը ե՛ւ իմ, ե՛ւ մեր պետության կենսագրությունից: Դաժան փորձություն էր, իմ ողջ կյանքի ամենածանր շրջանը» (26.03.2005թ.):
Կասկածից դուրս է նաեւ, որ Հոկտեմբերի 27-ը, որպես մեր անկախ պետականության քաղաքական կյանքի խայտառակ մի երեւույթ եւ ամոթալի խարան, անկախ մինչեւ վերջ բացահայտվելու կամ չբացահայտվելու հանգամանքից, մնալու է որպես հետազոտման կարեւորագույն մի թեմա։ Երկու դեպքում էլ, այդ նյութին ամենատեղյակ մարդու՝ Գագիկ Ջհանգիրյանի յուրաքանչյուր բառն ու միտքը հավաստիության ձգտող ներկա եւ ապագա հետազոտողի համար թիվ մեկ սկզբնաղբյուրն է:
ՀՀ զինվորական դատախազից՝ քաղբանտարկյալ. Մարտի 1
Հերթական՝ 2008 թվականի փետրվարի նախագահական ընտրություններում Հայաստանի Հանրապետության Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցության առիթով մի քանի ամսում նրա շուրջ ծավալվել էր համաժողովրդական հուժկու մի շարժում։
Գագիկ Ջհանգիրյանը Շարժմանը միացած առաջին բարձրաստիճան պետական պաշտոնյան էր։ Իր քայլի շարժառիթը նա ներկայացնում է հետեւյալ կերպ. «Որպես Հայաստանի ապագայով մտահոգված հայ, գիտնական, դատախազ՝ չէի կարող անմասն մնալ Համաժողովրդական շարժմանը: Օգտվելով ՀՀ Սահմանադրությամբ եւ Հայաստանի կողմից վավերացված միջազգային մի շարք նորմերով սահմանված խոսքի ազատության իրավունքից՝ հրապարակայնորեն արտահայտել եմ իմ կարծիքը Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Կարծիքս շատերի նման ծածուկ արտահայտելու փոխարեն ընտրել եմ դա անելու հրապարակային ճանապարհը՝ համոզված լինելով իմ ասելիքի ճշմարտացիության մեջ» (11. 04. 2008թ.):
Օրինակը կարող էր վարակիչ լինել իշխանական բուրգում. այլ պաշտոնյաներ նույնպես հայտարարել կամ պատրաստվում էին հայտարարել Շարժմանը միանալու մասին (հաջորդ օրը նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես եկան ԱԺ պատգամավորներ, ինչպես նաև տասնմեկ դիվանագետներ, այդ թվում ԱԳՆ փոխնախարարներ, դեսպաններ եւ այլն, վերջիններս ԱԳ նախարար Վ. Օսկանյանի հրամանով անմիջապես հեռացվեցին աշխատանքից)։ Միայն Գլխավոր դատախազի տեղակալի ստատուսը չէր, որ պայմանավորում էր Գագիկ Ջհանգիրյանի կատարած քայլի պարունակած վտանգը վարչախմբի համար։ Որպես պաշտոնյա, գիտնական ու պարզապես անհատ՝ նա հեղինակություն էր ոչ միայն գիտական շրջանակներում, հանրապետության իրավական համակարգում, այլ նաեւ լուրջ ազդեցություն ուներ բանակում եւ երկրապահական շրջանակներում։ Ահա թե ինչու շուրջօրյա հանրահավաքներից ցնցակաթվածի մեջ հայտնված իշխանությունը նրա՝ հրապարակում երեւալու պահից, խելակորույս արագությամբ դիմեց պատասխան կտրուկ գործողության՝ կանխելու համար կատարված քայլի՝ գլորվող ձնագնդի էֆեկտ ստանալը։
Հանրահավաքում ելույթ ունենալու հաջորդ օրը՝ փետրվարի 23-ին, իշխանության՝ ակնհայտորեն որպես մահափորձ ծրագրած եւ կազմակերպած սադրանքի արդյունքում, Գ. Ջհանգիրյանը եղբոր՝ Վարդան Ջհանգիրյանի հետ միասին ապօրինաբար ձերբակալվեց։
Հայաստանի Հանրապետության նախկին զինվորական դատախազը եւ Գլխավոր դատախազի տեղակալը շուրջ մեկուկես տարի որպես քաղբանտարկյալ անցկացրեց անազատության մեջ։
Անազատությունը ոչ մի կերպ չընկճեց Գագիկ Ջհանգիրյանին։
Նրա հրապարակային դատավարություններում, ըստ էության, փոխված են դատավարության կողմերի տեղերը. մեղադրող դատախազն ու դատավորն են մեղադրվում ապօրինի գործելակերպի, իրավական անգրագիտության, դատավարության կանոնների խախտման, զեղծարարության եւ այլ ապօրինությունների մեջ՝ որպես կանոն չկարողանալով այդ մեղադրանքներին որեւէ կերպ պատասխանել։ Այդ դատավարությունները լավագույնս են ցուցադրում Համաժողովրդական շարժման, նրա հազարավոր ակտիվիստների ու հարյուրից ավելի քաղբանտարկյալների դեմ մի քանի տարի տեւած պետական ահաբեկչության էությունը։ Գ. Ջհանգիրյանի՝ ինչպես դատավարական նյութերը՝ ելույթներ, հայտարարությունները, միջնորդություններ, ճառեր եւ այլն, այնպես էլ այս թեմայով նրա ելույթները, հարցազրույցներն ու այլ հրապարակումները, անկասկած, շահատակումների իշխանական խոհանոցն ու մեխանիզմները ճանաչելու ամենավստահելի եւ առաջնակարգ աղբյուր են ու ապացույց։
Համաժողովրդական շարժման, նրա ղեկավարության առջեւ ի սկզբանե երկու հիմնական խնդիր էր ծառացած։ Այդ խնդիրներից առաջինը Մարտի 1-ի իշխանական վարկածի ջախջախումն ու հերքումն էր, նրա ապօրինի գործողությունների, իրավական կամայականությունների ցուցադրումը։ Երկրորդը՝ հարյուրից ավելի քաղբանտարկյալների եւ այլ հալածյալների պաշտպանության պատշաճ իրավական կազմակերպումը։
Ահռելի ջանքերի գործադրմամբ, քաղաքական եւ իրավական աշխատանքով Շարժումը կարողացավ լուծել այդ խնդիրները։ Իրեն հատուկ անսպառ եռանդով ու նաեւ մասնագիտական գործիմացությամբ Գ. Ջհանգիրյանը, ինչպես անազատության մեջ գտնվելով, առավել եւս ազատության մեջ հայտնվելուց հետո, գլխավորելով Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության հանձնաժողովը, մեծ ներդրում ունեցավ Շարժման առջեւ ծառացած այս երկու կարեւոր, միմյանց հետ շաղկապված խնդիրների լուծման մեջ։ Հրապարակվող համապատասխան փաստաթղթերը լավագույն աղբյուր են՝ ճանաչելու համար այդ խնդիրների լուծման ընթացքի կարեւոր փաստերն ու իրողությունները։
Քաղբանտարկյալից՝ քաղաքական գործիչ
«Ես ինձ քաղաքական գործիչ չեմ համարում»,– մի քանի անգամ հրապարակավ ասել է Գ. Ջհանգիրյանը։ Սա ավելորդ համեստություն չէ, ինչով նա ամենեւին չի տառապում՝ շատ լավ գիտակցելով իր դիրքն ու տեղը իր բնագավառում։ Եւ, այնուամենայնիվ, նա Համազգային շարժմանը միանալու պահից իրեն պահեց շատ ավելի քաղաքական վարքագծով, քան քաղաքական գործչի իրենց ամբիցիաներով Շարժման առաջին տարիների միմյանց հետ մրցող շատերը։ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում Հայ ազգային կոնգրես դաշինքի նախընտրական ցուցակով ԱԺ պատգամավոր դառնալով եւ ապա անդամագրվելով նույնանուն կուսակցությանը՝ նրան վիճակված էր անցնել նաեւ «մաքուր» քաղաքական գործունեության ասպարեզ։
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքը 2012 թվականին խորհրդարանական ընտրությունների իր նախընտրական ծրագրում ամենակարեւոր տեղն էր տվել Մարտի 1-ի բացահայտման խնդրին։ Կոնգրեսի խորհրդարանական խմբակցությունն իրենից կախված ամեն ինչ արեց այս հարցում առաջընթացի հասնելու համար։ Այս ուղղությամբ զանազան նախաձեռնությունների, մասնավորապես՝ Մարտի 1-ի ԱԺ նոր ժամանակավոր հանձնաժողով կազմելու հարցով հիմնական քննարկումներն ու ելույթները Գ. Ջհանգիրյանինն էին։ Այդ ելույթները, բազմաժամ հարցուպատասխաններն ու այլ քննարկումները, թվում է, թե որեւէ արդյունքի չհանգեցրին։ Որեւէ արդյունքի չհանգեցրին, այո՛, սպանություններից թեկուզ մեկի բացահայտման իմաստով։ Բայց դրանք հանգեցրին մեկ այլ արդյունքի, այն է՝ արձանագրվեց, որ վարչախումբը որեւէ պայմանով կանաչ լույս չի վառի կատարվածի բացահայտման համար։ Եւ սա այլեւս ոչ թե ավել կամ պակաս հիմնավոր ենթադրություն է, այլ պատմական փաստ։ Քննարկումներից մեկի ժամանակ Գ. Ջհանգիրյանը հանպատրաստից դա արձանագրում է հետեւյալ կերպ. «...եթե Ազգային ժողովը չի գործադրում սահմանադրությամբ եւ օրենքներով իրեն վերապահված լիազորությունները, ապա ներկա պայմաններում մենք, կարծես, բոլորս միասին մեղսակից ենք դառնում այս հանցագործությունների չբացահայտման, կամ կարելի է ավելի խիստ տերմին կամ որակում օգտագործել՝ պարտակման համար»։ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը չգնաց այդ քայլին՝ դրանով իսկ վերջնականապես ապացուցելով, որ, իրոք, վարչախումբն է Մարտի 1-ի սպանությունների միակ հեղինակը, եւ դա շատ լավ գիտակցում է։
http://www.ilur.am/news/view/56719.html
No comments:
Post a Comment