Լրանում է Մարտի 1-ի ոճրագործության 2 տարին։ Դրան հաջորդած իրադարձությունները, կատարված նախաքննությունները, դատավարությունները, ձեռք բերված ու հրապարակված նյութերն ի հայտ բերեցին հետեւյալ իրողությունները։
Լիակատար տապալվեց իշխանական վարկածը.
Իշխանական վակածն այսպիսին էր. 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո, փետրվարի 21-ից մինչեւ մարտի 1-ը, Ազատության հրապարակում ընդդիմության շուրջօրյա հավաքներն անօրինական էին։ Այդ հավաքների ընթացքում նախապատրաստվում էր հեղաշրջման միջոցով իշխանության յուրացում։ Դրա իրականացման համար ընդդիմությունը զինվում էր։ Կանխելու համար դա՝ իշխանությունն իրականացրեց տեղանքի զննություն՝ զենքերի հայտնաբերման ու առգրավման նպատակով։ Հավաքի մասնակիցները դիմադրեցին, թույլ չտվեցին, ինչից հետո այն ցրվեց ուժի գործադրմամբ։ Նույն օրը Ֆրանսիայի դեսպանության հարեւանությամբ հավաքված ցուցարարները դիմեցին զանգվածային անկարգությունների, կատարեցին մեքենաների հրկիզումներ, խանութների թալան, կրակեցին ոստիկանական զորքերի վրա, ինչի հետեւանքով եղան զոհեր։ Իշխանության յուրացումը, սպանություններով ուղեկցվող զանգվածային անկարգությունները կանխելու համար մտցվեց արտակարգ դրություն, կատարվեցին օրինազանցների ձերբակելություններ։
Երկու տարվա ընթացքում այս մեղադրանքներից եւ ոչ մեկը չհիմնավորվեց.
ա) Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու մեղադրանքով ոչ մեկը չմեղադրվեց ու չդատապարտվեց։ Դա նշանակում է, որ Ազատության հրապարակում անցկացվող շուրջօրյա հավաքներն օրինական էին։
բ) Ազատության հրապարակում ցուցարերներին պատկանող զենք ու զինամթերք այդպես էլ չհայտնաբերվեց, այդ հիմքով գործ չհարուցվեց։
գ) «Յոթի» կամ «մայր գործով» տեւական դատավարությունների ընթացքում հօդս ցնդեց իշխանության յուրացման մեղադրանքը։ Իր համար ստեղծված խայտառակ իրավիճակից մի կերպ դուրս գալու համար վարչախումբը ստիպված եղավ Քրեական օրենսգրքում հոդվածներ փոփոխել՝ դրա հետ նաեւ առաջադրված մեղադրանքը։
դ) Նույն՝ «Յոթի գործի» տապալմամբ իշխանությունն ստիպված եղավ ընդդիմության վրայից հանել նաեւ 10 սպանությունների մեղադրանքը։
ե) «Յոթի գործը» բաժանելով մասերի՝ ըստ էության անհեթեթ դարձավ շարժման ակտիվիստների կողմից զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղադրանքը։
զ) Շարժման մասնակիցներից ոչ մեկը չմեղադրվեց շուրջ 5 տասնյակ մեքենաների հրկիզման եւ տասնյակ խանութների թալանին մասնակցած լինելու մեղադրանքով։ Իսկ ում որ մեղադրեցին, պարզվեց որ դրանք եղել են Սերժ Սարգսյանի վստահված անձինք։
է) Ցուցարարներից ոչ մեկը չմեղադրվեց Մարտի 1-ին ապօրինի զենք կրելու եւ ոստիկանության վրա կրակելու մեղադրանքով։
Այսինքն՝ պարզվեց, որ այն փաստարկները, որոնք պաշտոնապես ներկայացվել էին մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու համար որպես հիմք, դրանցից եւ ոչ մեկն իրականում գոյություն չի ունեցել։ Իսկ դա նշանակում է, որ արտակարգ դրությունը մտցվել է կեղծ փաստերի ու անհիմն հայտարարությունների հիման վրա, ինչը հանցագործություն է։
Ի հայտ եկան վարչախմբի հանցավորության բազմաթիվ անհերքելի ապացույցներ.
ա) Հայտնաբերվել եւ հրապարակվել է մի փաստաթուղթ, ըստ որի՝ 5 բարձրաստիճան պաշտոնյաների եւ իշխանությանը սերտաճած 4 օլիգարխների անունով Մարտի 1-ին Պաշտպանության նախարարական պահեստներից համազգեստ է բաց թողնվել՝ շուրջ 950 մարդու հանդերձավորման համար։ Փաստաթղթի վավերականությունը պաշտոնապես չի հերքվել։ Դրանցով հանդերձավորված բանդաների խնդիրն է եղել ինչպես ցուցարարների դեմ պատժիչ գործողություններին մասնակցելը, այնպաս էլ՝ զանգվածային անկարգություններ հրահրելը, մեքենաներ հրկիզելը, խանութներ թալանելը, սադրանքներ կազմակերպելը։
բ) Բանակն անմիջականորեն մասնակցել է մարտի 1-ին խաղաղ ցուցարարների դեմ գործողություններին մինչեւ հատուկ դրություն հայտարարելը։ Դա հաստատվում է փաստաթղթերով ու բազմաթիվ տեսանյութերով։
գ) Հայտնաբերվել ու հրապարակվել է Պաշտպանության նախարարի, 2008թ. փետրվարի 23-ով թվագրված, թիվ 0038 հրամանը, ինչով ապօրինաբար կառուցվածքային լուրջ փոփոխություններ է կատարվել ՊՆ համակարգում։ Այսինքն՝ մարտի 1-ից դեռ մեկ շաբաթ առաջ Երեւանի կայազորի պետի հրամանատարությամբ ստեղծվել էր բանակային հատուկ կառույց՝ խաղաղ ցուցարարների դեմ գործողությունների իրականացման համար։
դ) Ապօրինաբար հայտարարված արտակարգ դրության իրականացումը դրվել է բանակի վրա, ինչը Սահմանադրության կոպիտ խախտում է։
ե) 10 մահերի գործով առ այսօր ոչ ոք չի մեղադրվել ու կալանավորվել, չնայած այն բանին, որ Փաստահավաք խմբի կողմից ըստ էության ձեռք է բերվել դրանցից առնվազն 3-ի բացահայտման հիմքերը։ Դա վկայում է, որ սպանությունների իրականացնողն ու պատասխանատուն ինքը՝ վարչախումբն է։
զ) Հայտնաբերվել եւ հրապարակվել է Քննչական հատուկ վարչության պետի ապօրինի հանձնարարական-շրջաբերականը հանրապետության տարածքային դատախազներին, ինչն, ըստ էության, ընդդիմության ակտիվիստների քաղաքական նկատմամբ համատարած հետապնդումների մի հանձնարարական է։
է) Վարչախումբը հատուկ դրություն է մտցրել ոչ թե ոչ ճիշտ տեղեկատվության պատճառով թյուրիմացության մեջ լինելով (այդ դեպքում պետք է կեղծված տեղեկատվություն տրամադրողներ ի հայտ եկած ու պատժված լինեին)։ Արտակարգ դրություն մտցնելու «հիմքերը» վարչախումբն ինքն է ստեղծել՝ քրեական աշխարհի օգնությամբ, ավազակային բանդաների ստեղծումով, սադրանքների նախապես մշակված ծրագրով, բանակի ապօրինի օգտագործմամբ, մարդկանց վրա կրակելով։ Դա կրկնապատկում, եռապատկում է հանցանքի չափը։
Այսպիսով՝ փակվել է ոչ թե Մարտի 1-ի էջը, այլ Մարտի 1-ի իշխանական վարկածի էջը։ Դա հնարավոր եղավ համաժողովրդական շարժման, Հայ ազգային Կոնգրեսի պայքարի, տոկունության, միջազգային կառույցների հետ արդյունավետ աշխատանքի, քաղբանտարկյալների անկոտրում կամքի շնորհիվ։ Մարտի 1-ին տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում եւ իշխանության բռնազավթում։ ԵԽԽՎ-ում արդեն շրջանառության մեջ է բանաձեւի նախագիծ, որով 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները որակվում են որպես վարչախմբի պարագլուխների կողմից իրականացված ռազմական հեղաշրջում։ Այնպես որ՝ իրական մարտի 1-ի էջը դեռ նոր է բացվելու՝ բացահայտելու համար ինչպես թվարկված ծանր, այնպես էլ դրանց ուղեկցած բազմաթիվ այլ հանցագործություններ, որոնց ապացուցողական բազան արդեն իսկ պատրաստ է։
Մարտի 1-ի վաղ առավոտյան կազմակերպած բարբարոսական ջարդով եւ երեկոյան իրականացրած արյունոտ սպանդով վարչախումբը փորձեց ցույց տալ իր անպատժելիությունը, ահաբեկել ողջ ժողովրդին, նրանից ստանալ անազատ ու հնազանդ մի զանգված։ Չկարողացավ. այսօր նա ունի բացահայտ ըմբոստ, ատելությունից ատամները սեղմած, պայքարը մինչեւ վերջ տանելու կամքով տոգորված մի հասարակություն։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
«Հայկական ժամանակ» («Կոնգրեսի ներդիր») 20.02.2010
No comments:
Post a Comment