«Ժամանակի» փետրվարի 3-ի համարում Ա. Ամատունու վերլուծականը իմ մի հոդվածի պատասխանն է (տպագրված «Հայկական ժամանակ», 29.01.2010)։ Անհասկանալի է միայն, թե ինչու առանց իմ անունը տալու, իմ մտքերը ընդհանրացվում, վերագրվում է Կոնգրեսին ընդհանրապես, մանավանդ, որ հատուկ ընդգծել էի, որ դա իմ անձնական մոտեցումն է «Չխոսեմ իմ ընկերների անունից, ինձ համար անընդունելի են մնալու....»։ Նկատի էի ունեցել այն հանգամանքը, որ մի քանի օր առաջ, Լեւոն Զուրաբյանը, Ավետիս Ավագյանը եւ Դավիթ Մաթեւոսյանը, պատասխանելով նույն հարցին, բոլորովին այլ (լիակատար հանդուրժողական) վերաբերմունք էին արտահայտել Կոնգրեսի հասցեին հնչող ցանկացած հրապարակային քննադատության նկատմամբ։ Եթե լրագրողի այս ընդհանրացման մեջ դիտավորություն չտեսնեմ, ապա դա էթիկայի խախտում է առնվազն։ Ասեմ նաեւ, որ Կոնգրեսի ընդհանրական տեսակետները հնչում են միմիայն նրա պաշտոնական հայտարարություններում։ Հիմա էլ՝ նման ընդհանրացում կանխելու համար, ներողություն խնդրելով ընթերցողից, ստիպված պետք է լինեմ շարունակել չարաշահել ոչ գեղեցիկ եզակի առաջին դեմքը։ Հույս ունեմ նաեւ, որ վերեւում ասածս էլ չի մեկնաբանվի որպես «Կոնգրեսի ղեկավարության մեջ ռազմավարական խնդիրներում առկա խորը տարաձայնություն»։
Խնդիրս ամենեւին «պատասխանին» «պատասխանելը» չէ։ Իմ անհանգստությունը բոլոր նման դեպքերում մեկն է՝ որ նույն նպատակին (Սահմանադրական կարգի վերականգնում) հետամուտ մարդկանց արած մեկնաբանությունները ոչ թե թուլացնեն, այլ ամրացնեն այն գործոնը կամ գործիքը, որի միջոցով կարելի է հասնել դրան։ Տվյալ դեպքում ես որպես հիմք ընդունում եմ հանրային այն ընկալումը, թե որ թերթն ու լրագրողն է ընդդիմադիր, որը՝ իշխանամետ։ Իշխանամետի դեպքում անհանգստություն չունեեմ. ընթերցողը դրանց չի հավատում։
Իսկ հիմա ընդամենը երկու օրինակով փորձեմ ցույց տալ, թե ինչպես գործնական քաղաքականության եւ հանդիսատես վերլուծողի դիրքերից քննելիս տարբեր են լինում նույն իրողության գնահատականները, որոնք էլ մի դեպքում ծառայում են հիմնական նպատակին, մյուս դեպքում՝ ընդհակառակը, կարող են վնասել։
1. Ընդդիմությանը քննադատելու մասին։ Մի պահ վերանանք Կոնգրեսից։ Քաղաքական ընդդիմությունն ինքը քննադատության գործիք է, նրա խնդիրը իշխանությանը քննադատելն է, նրա սխալների ու վրիպումների վերհանումը, ցուցադրումը եւ հասարակության համար ավելի նպաստավոր ծրագրի ներկայացմամբ վստահություն ձեռքբերելով իշխանության հասնելը՝ իր ծրագրերն իրականացնելու համար։ Ուրեմնեւ՝ ընդդիմության լավագույն եւ իրական քննադատությունը, եթե դրա կարիքը կա, այլ բան լինել չի կարող, քան նոր ընդդիմադի ուժի ձեւավորումը՝ նույն խնդիրն ավելի արագ ու հաջող լուծելու համար։ Այսօր Հայ Ազգային Կոնգրես կոչվող ուժը 2007թ. աշնանը հենց այդպես էլ վարվեց։ Իսկ եթե որեւէ մեկը նման հավակնություն չունի, այլ (որպես անհատ, իր քաղաքացիական դիրքորոշման թելադրանքով) մտահոգված է գոյություն ունեցող քննադատող գործիքի (ընդդիմության) աշխատանքի արդյունավետության բարձրացմամբ, պետք է պարզապես իր հնարավորությունների չափով նպաստի այդ արդյունավետության բարձրացմանը։ Հրապարակավ քննադատել քննադատող սուբյետին, գործիքին (ընդդիմությանը) նշանակում է օգնել քննադատվող օբյեկտին (իշխանությանը)։ Մի քիչ ավելի պարզեցրի՝ ավելի հեշտ ընկալելի լինալու համար։ Բայց սա պարզ թվաբանություն է։ Համենայնդեպս՝ այդպիսին է դրա հասարակական հետեւանքը։ Հասկանալի է՝ խոսքս խոհանոցային քննարկումների, բանավեճերի, հարյուրավոր առաջարկների մասին չէ, որ շնորհակալությամբ ստանում, քնարկում ենք։ Երբ հրապարակավ խոսվում է «Կոնգրեսի բացթողումների, կամ թերացումների կամ սխալ հաշվարկների մասին», անշուշտ, դա չի նշանակում, թե հեղինակն արդարացնում է իշխանությանը (ես նման բան չեմ էլ գրել), բայց որ 1000 կարդացողից 20, 10 կամ 1 հոգի դրանից կարող է ոգեւորության կորուստ ունենալ, կամ հիասթափվել, կամ հուսահատվել, դա արդեն նշանակում է օբյեկտիվորեն օգնել իշխանությանը։ Ակամա, թե մտածված՝ երկուսն էլ հնարավոր է։
2. Թիվ10 ընտրատարածքում կայացած ընտրությունների մասին։ Այստեղ Կոնգրեսի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ստացավ 5020 ձայն։ Հանդիսատես-վերլուծաբանը հռետորական հարց է հնչեցնում. «Մի՞թե 55.000 ընտրող ունեցող թիվ 10 ընտրատարածքում այդ 5 հազա՞րն էին մնացել Հայ Ազգային Կոնգրեսի համակիր»՝ դա համարելով Կոնգրեսի սխալների, բացթողումների, հեղինակության անկման դրույթը հիմնավորող փաստարկ։ Թվերը, կարծես թե, տպավորիչ են (55.000-ից 5000)՝ պարզ ընթերցողին համոզելու համար, որ Կոնգրեսի հեղինակությունը ընկել է, կամ նա վատ է աշխատել։ Գործնական հետեւանքն էլ նույնը՝ 1000-ից 20 թե 10 թե 1 մարդու հիսթափություն, հուսահատություն՝ հօգուտ իշխանության։ Բայց նույն այդ թվերով կարելի է հասնել հակառակ արդյունքի, եթե չանտեսես ինչպես այլ, նույնքան իրական թվեր, այնպես էլ՝ օբյեկտիվորեն գոյություն ունեցող իրողություններ, եւ վերլուծությունդ անես դրանց համալիր եւ անաչառ հաշվառմամբ։
Այսպես.
ա) Թիվ 10 ընտրատարածքում 55.000 ընտրողից բացակա են ավելի քան 1/3-ը. մեկ առ մեկ 15.000 ընտանիքի դուռ են ծեծել Կոնգրեսի քարոզիչները (ինքս էլ եմ մասնակեցել ու համոզվել), այդ ընթացքում պարզելով, որ 5000-ում կա՛մ մարդ չի ապրում, կա՛մ վարձով ապրում են այդ ընտրատարածքում քվեարկության իրավունք չունեցող քաղաքացիներ։ Ուրեմն՝ անենք առաջին թվաբանական պարտադիր գործողությունը եւ կստացվի ոչ թե 55.000-ից 5000, այլ 1/3-ով պակաս՝ 38.000-ից 5000։
բ) Բացված դռներից 1/3-ից շատ ավելի բնակիչներն էլ վճռականորեն հայտարարել են, որ ինրենք երբեւէ որեւէ ընտրության չեն մասնակցել ու չեն մասնակցելու։ Ուրեմն, պետք է անել երկրորդ պարտադիր թվաբանական գործողությունը եւ կստացվի 25.000-ից 5000 հարաբերակցություն։
Ստացված 25.000 թիվը իրական է, քանզի անգամ ամնաբուռն ընտրությունների ժամանակ մասնակցության թիվը հազիվ է հասնում ընտրողների ընդհանուր թվի 50%-ին։ Եւ համաձայնենք, որ թվերի այս վերջին հարաբերակցությունն արդեն իսկ փոքր ինչ այլ տպավորություն է թողնում։ Բայց շարունակենք.
գ) Ընդիմադիր զանգվածն իր քաղաքացիական ակտիվության առումով, բնական է, որ միատարր չէ։ Պայմանականորեն ու կոպիտ այն բաժանենք երեք մասի՝ ակտիվ, միջին ակտիվության եւ պասիվ համակիրներ։
դ) Հասարակության ընդդիմադիր մասի ընտրական ակտիվության պիկը (արմատական փոփոխությունների եւ իր սպասելիքների իրականացման հույսով) առաջանում է նախագահական ընտրությունների ժամանակ, քանի որ դա է համարվում ռեալ իշխանափոխություն։ Այդ ժամանակ է, որ ընդդիմադիր ընտրազանգվածի մասնակցությունը ձգտում է 100%-ի։ Խորհրդարանական ընտրության ժամանակ այդ ակտիվությունը նվազում է 25-30%-ով։ Խորհրդարանական ընտրությունների համեմատ էլ, նույն չափով, ընդդիմադիր ընտրազանգվածի ակտիվությունը նվազում է տեղական ինքնակառավարման (Երեւանում՝ քաղաքապետական) ընտրություններում։ Հասկանալի է, որ առանձին մեկ ընտրատարածքում պատգամավորի ընտրությունը (ընտրողին հետաքրքրող հիմնական հարցի՝ երկրում ինչ-որ բան փոխվելու հույսի իմաստով) այս վերջինից է՛լ շատ ավելի քիչ վստահություն է ներշնչում, ուստիեւ՝ նույն չափով պակասում է ընդդիմադիր ընտրազանգվածի մասնակցությունը ընտրությանը։ Այսինքն՝ այն 5000 թիվը, որի մասին խոսվում է որպես Կոնգրեսի համակիրների, պետք է բազմապատկել, եթե ոչ 4-ով, ապա առնվազն 3-ով՝ ստանալու համար Կոնգրեսի համակիրների ամբողջ սպեկտրի թիվը՝ 15.000։ Ստացվեց՝ 25.000-ից 15.000 հարաբերակցություն։
Բայց սա էլ դեռ ամենը չէ։ Մեր այս թվաբանությունն արված է, այսպես ասենք, խաղաղ պայմանների, նորմալ իրավիճակի համար, երբ ազատ, նաեւ հեռուստատեսությամբ, քարոզարշավի հնարավորություն կա, երբ ընտրողը նախապես սպառնալիքներ ու զգուշացումներ չի ստանում, ահաբեկման չի ենթարկվում, մտավախություն չունի գործից հեռացվելուց, ընտրատարածքում կրիմինալի հանդիպելուց, «պատմությունների» մեջ ընկնելուց, ընդհուպ՝ համատիրությունից տեղեկանք չստանալուց եւ այլն, ինչի օրինակներ տասնյակներով ծանոթ է բոլորին։ Այս հանգամանքները միասին կարո՞ղ էին պայմանավորել, որ եւս մի քանի հազար մարդ ընտրատեղամաս չգնա։ Ուրեմն 25.000-ից 15.000 հարաբերակցությունը կարող է դառնալ 25.000 «ռեալ» ընտրողից 20.000 համակիր։ ասել է թե՝ տեղամաս եկած 5000-ը այն մարդկանց թիվն է, որոնք թքած են ունեցել ամեն տեսակ սպառնալիքների, մեծ ու փոքր վտանգների ու անհարմարությունների վրա։ Այսինքն՝ Կոնգրեսը մեկ ընտրատարածքում ոչ թե 5000 ձայն, այլ 5000 աննահանջ պայքարող ու անձնազոհ մարտիկ ունի (հանրապետությունում՝ բազմապատկած 41-ով, 200.000-ից ավելի)։ Պայքարող մարտիկ՝ որ համակիրների ընդհանուր սպեկտրի 1/3 կամ 1/4-ն է, եւ 200.000-ը պետք է բազմապատկել 3-ով կամ 4-ով՝ ստանլու համար Կոնգրեսի համակիրների ընդհանուր թիվը հանրապետությունում։ Եւ դա՝ մարտիմեկյան սպանդից, հարյուրավորների ապօրինի բանտարկությունից, հազարավորների հալածանքներից հետո։
Սա արդեն տրամագծորեն այլ պատկեր է։ Եւ իրական։ Ցույց է տալիս Կոնգրեսի ուժը եւ աշխատանքի իրական արդյունքը, ու, ոչ թե ընթերցողի մեջ հիասթափություն ու հուսալքություն, այլ պայքարի խանդավառություն է առաջացնում եւ հաղթանակի հավատ։
Բերված փաստարկների ու հանգամանքների գոյութունն ու ազդեցությունը որեւէ մեկը կարո՞ղ է ժխտել։ Դրանք բոլորն իրողություններ են։ Թվե՞րն են անիրական։ Խնդրեմ, դրեք ձեր թվերը, բայց մի՛ անտեսեք այն իրողությունները եւ հանդամանքները, որոնք օբյեկտիվորեն գոյություն ունեն (չնայած, դժվար է ասել՝ իրականության հետ համեմատած հօգուտ ո՞ր կողմի կարող են շեղվել բերածս պայմանական թվերը)։ Այս ամենը վերլուծաբանը չպե՞տք է նկատի ունենենա եւ լսարանին հայտարարի, թե 55.000 ընտրողից 5000 համակիր ունի Կոնգրեսը ու դա է նրա վարկանիշը, նրա վատ աշխատանքի արդյունքը։
Բայց այս ամենն էլ մի կողմի դնենք եւ դիտարկենք հենց 10-րդ ընտրատարածքում գրանցված պաշտոնական արդյունքները։ Կոնգրեսի թեկնածուն 40% ձայն հավաքեց, այն դեպքում, երբ քաղաքապետական ընտրություններում 17% էր։ 40-ը 17-ի նկատմամբ անկո՞ւմ է, թե՞ բարձրացում։ Այս փաստարկի դեմ սովորաբար ասում են, թե իշխանությանն այդքան ձայն բավարարում էր՝ այդքան բերեց (կամ լցրեց), եթե ավելին պետք լիներ՝ կբերեր (կլցներ) ավելին։ Ճիշտ չէ։ Ու ճիշտ չլինելով՝ նաեւ հուսահատեցնող ու վնասակար։ Նախագահական ընտրության ժամանակ վարչախումբը խնդիր էր դրել ամեն ինչ անել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտնվի 4-րդ, ամենաշատը՝ 3-րդ տեղում։ Չստացվեց։ Քաղաքապետական ընտրության ժամանակ խնդիր էր դրված Կոնգրեսի ձայները սահմանափակել 10%-ից ոչ ավելի։ Չստացվեց։ 10-րդ ընտրատարածքում խնդիր էր դրված իշխանական թեկնածուի համար ապահովել 25.000 ձայն։ Չստացվեց։ Սրանք էլ իրողություններ են, հավաստի տեղեկութեուններ։ Իսկ չստացվեց՝ Կոնգրեսի աշխատանքի շնորհիվ։
Այսպիսով, հարգելով հանդերձ յուրաքանչյուրի կարծիք, համոզմունք ունենալու, վերլուծելու իրավունքը, ես ընդամենն ուզում եմ, որ դրանք լինեն համակողմանի, օբյեկտիվ, ոչ հանդիսատեսի դիրքերից, ակամա չխանգարեն, չվնասեն այն ընդհանուր գործին, նպատակին, ինչի ջատագովներ են ներկայանում (կամ ընկալվում) նաեւ դրանց հեղինակները։ Հակառակ դեպքում՝ այդ ջատագովությունը կեղծ է, մոլորեցնող, վնասակար, եւ անհասկանալի ու խոցելի է մնում շարժառիթը։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
«Ժամանակ» 10.02.2010
No comments:
Post a Comment