Saturday, September 11, 2010

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ԿԱՐԵԼԻ Է ԿՏՐՈՒԿ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ

11.09.2010


Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է կենսաթոշակների բարեփոխման իր ծրագրային հիմնադրույթները։ Այն բխում է Կոնգրեսի «100 քայլ» ընդհանուր տնտեսական վերափոխումների ծրագրից եւ սկզբունքորեն տարբերվում է իշխանական ծրագրի այսօր գործող համակարգից։ Նախատեսվում է երկու կարգի կենսաթոշակ՝ պարտադիր պետական կենսաթոշակ եւ, դրան գումարած՝ լրացուցիչ կենսաթոշակ։ Պետական պարտադիր կենսաթոշակների միջին չափը կապվելու է երկրում ձեւավորված միջին անվանական աշխատավարձի հետ ու հաշվարկվելու է նրա համապատասխան տոկոսի չափով։ Այսօր, չնայած կենսաթոշակների հաշվարկման այլ մեխանիզմ է գործում, միջին կենսաթոշակը հավասար է միջին աշխատավարձի մոտ 20 տոկոսին։ Նախատեսվում է այն բարձրացնել մինչեւ 30 տոկոսի։
Ի՞նչ կստացվի, եթե այդ բարեփոխումն արվի այսօր։ 2010թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում միջին անվանական աշխատավարձը, ըստ Վիճակագրության ծառայության, կազմել է 106 300 դրամ։ Բայց դա, ինչպես այս իշխանության հրապարակած բոլոր թվերը, կեղծ թիվ է։ Հայտնի է, որ տարբեր ասպարեզներում գործատուները լայնորեն կիրառում են աշխատավարձերի վճարման երկու ձեւ. աշխատավարձի մի մասը ձեւակերպվում է, մյուս մասն աշխատողին տրվում է առանց ձեւակերպման, որպեսզի խուսափեն պետական հարկերից։ Այսինքն, իրական միջին աշխատավարձը երկրում շատ ավելի բարձր է, առնվազն մի 50 տոկոսով։ Միայն ստվերային այս աշխատավարձը հաշվարկելուց հետո կստացվի, որ Հայաստանում այսօր իրական միջին աշխատավարձը մոտ 150.000 դրամ է։ Ըստ այդմ, ահա, որեւէ դժվարություն չի ներկայացնում իշխանափոխությունից, օրինականության հաստատումից եւ համապատասխան օրենսդրական փոփոխություններից հետո միջին պետական կենսաթոշակի մեծությունը հասցնել առնվազն 40 000-45 000 դրամի՝ այսօրվա մոտ 25 000 դրամի փոխարեն։ Նվազագույն կենսաթոշակն այս դեպքում նույնպես կբարձրանա եւ կկազմի 33 000-35 000 դրամ։ Այնուհետեւ, կապված յուրաքանչյուր տարվա միջին աշխատավարձի բարձրացման հետ, հաշվարկման նույն բանաձեւով, համապատասխան չափով կբարձրանանան նաեւ պետական կենսաթոշակները։
Բացի կենսաթոշակի գրեթե կրկնակի բարձրացումից՝ նաեւ նախատեսվում է տղամարդկանց կենսաթոշակային տարիքն իջեցնել, հավասարեցնել կանանց կենսաթոշակային տարիքին։
Այսօր թոշակառուներն ստանում են միայն պետական կենսաթոշակ, եւ վերն ասվածը վերաբերում էր միայն դրան։ Ծրագրով նախատեսվում է նաեւ մտցնել լրացուցիչ կենսաթոշակ։ Այն կվճարվի մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներից, որոնք կձեւավորվեն գործավորների կամավոր մուծումների հաշվին՝ 5-8 տոկոս եկամուտներից։ Կառավարության ծրագրով այդ մուծումները նախատեսվում են պարտադիր սկզբունքով։ Մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներ փոխանցված այդ մուծումները կազատվեն հարկերից, ինչը աշխատողներին եւ գործատուներին կշահագրգռի մասնակցել այս հիմնադրամների ձեւավորմանը։ Նման հիմնադրամներ կգործեն նաեւ ինքնազբաղված բնակչության համար։ Հավաքված գումարները, պետության երաշխավորմամբ կներդրվեն տնտեսության տարբեր ոլորտներում, այնպես, որ դրանք տվյալ հիմնադրամ մուծումներ կատարած քաղաքացիների համար ապահովեն նաեւ համապատասխան շահույթներ։ Այսինքն, քաղաքացին հետագայում, որպես լրացուցիչ կենսաթոշակ, կստանա շատ ավելի, քան ժամանակին մուծումներ է կատարել։ Պետությունը նաեւ օրենքով կստանձնի պարտավորություններ, որոնք կապահովագրեն դրանք ժամանակի ընթացքում դրամի կուրսի հետ կապված արժեզրկումից եւ կապահովեն մասնավոր կենսաթոշակների վճարվող ամսական բաժնի գնողունակությունը: Լրացուցիչ կենսաթոշակները պետք է կազմեն պետական կենսաթոշակի մոտավորապես կեսի չափ։ Այսինքն, եթե լրացուցիչ կենսաթոշակների աղբյուր մասնավոր կենսաթոշակային հիմնադրամները ձեւավորված լինեին եւ գործեին այսօր, ապա միջին կենսաթոշակը կարող էր կազմել 60 000-65 000 դրամ։
Այս ամենը եւ բազմաթիվ այլ բարեփոխումներ հնարավոր է իրականացնել ապօրինի, կոռումպացված, ամեն օր մեր գրպանը մտնող ավազակապետական այս համակարգից ազատվելու, սահմանադրական կարգը վերականգնելու միջոցով։ Իսկ դրա միակ երաշխիքն այսօր Հայ Ազգային Կոնգրեսն է եւ ձեր ակտիվ մասնակցությունը ընդհանուր պայքարին։
Ա. Սարգսյան (տպագրվել է առանց ստորագրության)
«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԹՌՈՒՑԻԿ Հ.5, Սեպտեմբեր






No comments:

Post a Comment