Հանրապետական կուսակցության՝ մարտի 10-ին կայացած 13 -րդ համագումարում Սերժ Սարգսյանի եույթը հաջորդ օրերի հիմնական
թեման դարձավ ոչ թե տվյալ կուսակցության ու նրա ղեկավարի կարգավիճակի, այլ
արտառոցության պատճառով։ Առաջինը դրան անդրադարձավ նախկին վարչապետ Հրանտ
Բագրատյանը՝ ելույթի տնտեսական մասի առիթով հեղինակին ուղղված ապշած հարցադրմամբ.
«Մ՞իթե այդպես են վելուծում ձեր շրջապատում տնտեսական փաստերը, մի՞թե կարելի էր երկրի ղեկավարի տիտղոսը կրող անձին նման “նյութ” մատուցել»։ Ապա, հենվելով բացառապես հենց նույն՝ պաշտոնական տեղեկագրերի հրապարակած թվերի
վրա՝ վեր է հանում տնտեսական ցուցանիշների բոլորովին այլ պատկեր։ Մի բան ակնհայտ է ու անվիճելի. Ս. Սարգսյանի
ելույթում փայլուն տնտեսական զարգացում ունեցող Հայաստանը ստացվել է, պատկերավոր
ասած, տնտեսագիտության այբուբենի և բազմապատկման աղյուսակի անտեսման, արհամարման
վրա։
Անկախ այն բանից, թե ով կամ ովքեր են պատրաստել Ս.
Սարգսյանի հաշվետու զեկույցը կամ դրա համար «նյութ մատուցել», միեւնույն է՝
արտասանելու պահից դա այլեւս պատմական փաստաթուղթ է և դրա հեղինակն ու
պատասխանատուն Ս. Սարգսյանն է։ Ապագա գիտնականը պատմական հեռվից պիտի զարմանա, թե
ինչպես կարող է երկրի թեկուզ ոչ օրինակարգ, բայց փաստական, գործող ղեկավարի
հեղինակությամբ նման փաստաթուղթ ծնվել։ Այն ժամանակ նման հարցադրումը միայն
գիտական նշանակություն կունենա։ Կարեւորը հիմա է, այսօր, երբ այն գործնական
նշանակություն ւունի։ Իսկ այսօր այդ ելույթը որպես ցայտուն մի օրինակ ցույց է
տալիս, որ Սերժ Սարգսյանի ու Հանրապետական
կուսակցության գլխավորած իշխանությանն ուրիշ ոչ մի ապավեն, կառչելու տեղ չի մնում,
բացի սուտն ու կեղծիքը։ Ընդ որում՝ անճարակ, ցածրորակ սուտն ու կեղծիքը, որոնք
անմիջապես հրապարակավ դառնում են ոչ միայն հերքման, այլեւ համընդհանուր ծաղրի ու
ծիծաղի առարկա։
Այս հետեւությունը վերաբերում է հիշյալ ելույթի ոչ միայն
տնտեսական մասին։ Ստորեւ ներկայացնենք միայն փոքր մի ծաղկաքաղ այլ թեմատիկաներից՝ նախապես
ներողություն խնդրելով այն ընթերցողներից, որոնց համար մեկնաբանությունների մի
մասը, տվյալ դեպքերում, գուցեեւ, արդենիսկ ավելորդ են։
Բարոյականություն
«Մարդը չի կարող լինել ազնիվ ու
բարոյական իր ընտանիքում` հանրության և ազգի հաշվին: Չի կարող ստեղծել իր անձնական
և ընտանեկան երջանկությունը` կողոպտելով և հարստահարելով հանրությանը և ազգին: Եթե
մեկը գողանում է հանրությունից ու ազգից, ապա նաև գողանում է անձամբ իրենից և իր
ընտանիքից»:
Այսինքն՝ Ս. Սարգսյանը ասում է՝ սա է իմ և իմ մերձավոր
շրջապատի բարոյական կոդեքսը և կերպար։ Սա սուր մարտահրավեր է ողջ հասարակությանը,
նրա մեջ լայնորեն տարածված ճիշտ հակառակ համոզմունքին։ Բոլորը, անխտիր բոլորը,
սեփական տեսածից, լսածից, ապրածից գիտեն, որ իրականությունը ճիշտ հակառակն է։
Տրամագծորեն հակառակը։ Ճչացող հակառակը։ Եւ դա նրանց համար նույնքան հավաստի է,
առարկայական ու հեշտ ստուգելի, որքան սեփական քթի առկայության փաստը։
Բայց ենթադրենք՝ ինֆորմացիա ստանալու մեր բոլոր
զգայարանները մեզ խաբում են։ Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներում մանրամասն
ցանկերով հրապարակումներ եղան Ս. Սարգսյանի, Ռ. Քոչարյանի ու նրանց «ազնվազարմ»
շրջապատի թալանած ունեցվածքի չափի մասին՝ միայն վերջինիս մասնաբաժինը 2010թ.
տվյալներով գնահատելով շուրջ 4 միլիարդ դոլար։ ԱՄՆ դեսպանատան գաղտնի փաստաթղթերում
որպես Հայաստանում կոռուպցիոն բուրգի երկու հավասարազոր բեւեռ հիշատակվում են Ս.
Սարգսյանը և Ռ. Քոչարյանը։ Սրանք երկուսն էլ երբեք պաշտոնապես բիզնեսով չեն
զբաղվել։ Նրանցից ու իրենց գլխավորած ավազակախմբի մեջ ներկայացված նույն
«ազնվազարմ» շրջապատից ոչ մեկը ոչ մի անգամ ո՛չ հերքեց այդ հրապարակումները, ո՛չ
էլ որեւէ կերպ բողոքեց։ Որովհետև նրանք այդ ամենը ձեռք են բերել «կողոպտելով և հարստահարելով
հանրությանը և ազգին»։ Հիմա ինչո՞ւ է Ս. Սարգսյանը այսօրինակ մտքերով կրակի վրա յուղ լցնում։ Մի բան
է՝ երբ մարդը գողանում ու դրա մասին գոնե լռում է, մի այլ բան է, երբ դրանից հետո
իրեն նաև սուրբ է հայտարարում։
Ղարաբաղ
«Մենք շարունակելու ենք աշխատանքները
ընթացող բանակցություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը որպես լիիրավ կողմ
ներգրավելու համար»:
Սա նախ պատմական փաստի խեղաթյուրում է, բացահայտ կեղծիք։
Լեռնային Ղարաբաղը որպես հակամարտության կողմ ճանաչվել և բանակցություններում
որպես լիիրավ կողմ ներգրավված է եղել մինչև 1998 թվականը։ Այդ կարգավիճակը նա
ստացել է 1994թ. ԵԱՀԿ բուդապեշտյան
գագաթնաժողովում։ Դա եղել է հայկական դիվանագիտություն ամենամեծ
հաղթանակներից մեկը։ Ուրեմն՝ պետք է խոսել
ոչ թե Ղարաբաղի «ներգրավվման» (կարծես
երբեք չի էլ եղել), այլ նրա կարգավիճակի «վերականգնման»
մասին։ Նաև ասել, թե ինչո՞ւ և ինչպե՞ս է Ղարաբաղը կորցրել այդ կարգավիճակը։ Սա
էլ անվիճելիորեն հայտնի պատմական իրողություն է։ Դա տեղի է ունեցել Հանրապետական
կուսակցության իշխանության օրոք, Ռ. Քոչարյանի և իր՝ Ս. Սարգսյանի նախաձեռնությամբ
(այսպես ենք ասում, քանի որ Ռ. Քոչարյանի օրոք Ս. Սարգսյանը իր ազդեցությամբ միշտ
եղել է փաստացի երկրորդ դեմք)։ Լեռնային Ղարաբաղից խլվել է այդ մանդատը՝
գավառամտության անգերազանցելի մի հիմնավորմամբ՝ «որպես ղարաբաղցի ես կներկայացնեմ
նաև Ղարաբաղը»։ Ադրբեջանն ուրախությունից գժվել է անակնկալ այս «փեշքեշից»։ Այս
փաստի մասին անգամ համանախագահներն են մի քանի անգամ հստակ ասել։ Սա՝ կեղծիքը։ Իսկ
հիմա՝ սուտը։ Եթե Ս. Սարգսյանն, իրոք, ուզում է, որ Լեռնային Ղարաբաղը կրկին տեր
կանգնի իր՝ ժամանկին ունեցած միջազգային մանդատին, պետք է վաղուց աներ ճիշտ
հակառակը, ինչ ժամանակին արել է Ռ. Քոչարյանը իր հետ միասին։ Այսինքն՝ պետք է
հայտարարի, որ բանակցություններու ինքն այլեւ չի ներկայացնելու Լեռնային
Ղարաբաղին, կամ՝ Լեռնային Ղարաբաղն ինքը պետք է հայտարարի, որ ետ է վերցնում
Հայաստանին զիջած իր մանդատը։ Մնացածը խաբեության մեղկ, ցածրակարգ, երկրի թեկուզ
ոչ օրինակարգ, բայց փաստական ղեկավարի համար ամոթալի մակարդակ է։
Ցեղասպանության
ուրացում
«Զարգացումներ են արձանագրվում Հայոց
ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ասպարեզում»:
Սուտ է։ Ոչ միայն սուտ է, այլ ընդհակառակն է։ Պատմությունը
կարձանագրի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման՝ Ս. Սարգսյանի արկածախնդրությունը որպես նրա
ձախող արտաքին քաղաքական խայտառակ գլուխգործոց։ Բայց կարեւորն այսօր է։ Ցանկացած
քաղաքական նախաձեռնություն ու գործընթաց գնահատվում է ոչ թե նախապես ունեցած
սպասելիքներով ու երազներով, այլ վերջում ստացված առարկայական արդյունքով։ Այս
բանաձեւի դեմ ոչ մեկը չի կարող վիճել։ Ահա, ըստ այս բանաձեւի՝ Ս. Սարգսյանի
«Հայ-թուրքական» մեռելածին արձանագրություններից գործում է միայն մի կետ՝
«Պատմաբանների հանձնաժողովի» մասին տխրահռչակ դրույթը։ Դա Ցեղասպանության ուրացում
էր ամենաբարձր՝ երկրի ղեկավարի մակարդակով (հիշենք այդ առիթով Սփյուռքի՝ Ս.
Սարգսյանի նկատմամբ կոռեկտության ու քաղաքավարության բոլոր սահմաններն անցած
արձագանքը)։ Անկախ այդ արձանագրությունների ճակատագրից, այդ դրույթը կանգնեցրել է
ճանաչման գործընթացը։ Իսկ որտեղ սկսվում է՝ հիմք է ծառայում ձախողման համար (ԱՄՆ, Ֆրանսիա)։
Այս ամենից հետո ո՞ւմ գլխին է Ս. Սարգսյանը «լոլո կարդում»՝ վիրավորելով
յուրաքանչյուրիս բանականությունը։
Ցեղասպանության
իրականացում
«Հայ ժողովրդի դեմ իրականացված
ոճիրը շարունակվում է այսօր: Հենց հիմա: Շարունակվում է` ժխտելով ակնհայտ փաստը:
Հայության և ողջ մարդկության խնդիրն է՝ դադարեցնել հանցագործությունը, որ ամեն օր, ամեն ժամ
իրականացվում է մեր աչքի առաջ»:
Ս. Սարգսյանի այս խոսքն, ահա, ամբողջությամբ համապատասխանում
է իրականությանը։ Միայն պետք է «ակնհայտ փաստ»-ի տակ նկատի ունենալ ոչ թե 1915-ի Ցեղասպանությունը,
այլ այսօրվա արտագաղթը, կոռուպցիան, թալանը, աղքատության խորացումը, բազմազան ապօրինությունները
և այլն, իսկ «ժխտողի»-ի տակ՝ Ս. Սարգսյանի գլխավորած վարչախմբին։ Ոչ թե 1915-ի Ցեղասպանությունը
ժխտողները, այլ հենց իշխող վարչախումբն է հայ ժողովրդի դեմ այսօր իրականցվող նույնպիսի ոճիրի
կատարողն ու հեղինակը։ Դա գիտենք բոլորս, իսկ վերջերս հրապարակավ որպես համահայկական
ահազանգ, բաց տեքստով հնչեցրեց Շառլ Ազնավուրը. «Այս ո՞ւր ենք գնում... Շատ չի անցնի, և Հայաստանը կդառնա մի դատարկ խեցի...
Ո՞ւմ է դա ձեռնտու։ Ընդամենը երեք մեծահարուստ ավազակի՞, երեք մաֆիոզի՞...»։ «ՀԻՄԱ ԻՄ ԵՐԿՐՈՒՄ ՆԵՐՔԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏԵՂԻ
ՈՒՆԵՆՈՒՄ... Հնարավորություն չտալով երկրին շնչել՝ Հայաստանի կառավարությունն իր
երկիրը զրկում է երիտասարդությունից։ Նրանք լքում են երկիրը։ Այդ իմաստով՝ խնդիրն արդեն
ունի ոչ թե քաղաքական, այլ համամարդկային բնույթ»։
Երբ ուրացումն
արյան մեջ է
Այս վերնագրի տակ մեջբերում չունենք։ Քանի որ այդ մասին
ելույթում խոսք չկա։ Չափազանց հետաքրքիր է և բնութագրական. Հանրապետականն ուրանում
է իր գործընկերներին։ Ընդարձակ այս ելույթը ներկայացնում է ՀՀԿ «կառավարման» 12-13
տարին, և ոչ մի տեղ չի հիշատակվում «կոալիցիա» բառը։ Ոչ մի տեղ, թեկուզ հեռու մի
ակնարկով չի հիշատակվում, որ (գեթ պաշտոնապես, ձեւականորեն) այդ «կառավարումը»
միշտ իրականացվել է այլ ուժերի հետ կոալիցիայով, և նրանք էլ փոքրիկ մի մասնաբաժին
ունեն արձանագրված «ահռելի նվաճումների մեջ»։ Ապագայի խեղճ պատմաբանը ուրիշ ինչպ՞ես
պետք է մեկնաբանի սույն զարմանահրաշ փաստը։
Ջայլամային
Ապագայի նույն պատմաբանը, եթե Ս. Սարգսյանի արտաքին
քաղաքականության համար «ֆուտբոլային» բառն օգտագործի, ապա, նրա ելույթների,
մասնավորապես այս վերջինի վրա հենվելով, ներքին քաղաքականությունը պետք է կոչի
ջայլամային (ջայլամի)։ Շառլ Ազնավուրի վերը հնչեցրած ահազանգը (ինչի
մասին, որպես թիվ մեկ խնդիր, արդեն չորս տարուց ավելի ամեն օր ասում է նաև Հայ Ազգային
Կոնգրեսը) երկու հիմք ունի՝ կոռուպցիա
և արտագաղթ՝ ՀՀ ամենամեծ ներքաղաքական
խնդիրները։ Այստեղ էլ մեջբերում չունենք։ Որովհետև այդ մասին ելույթում ոչ միայն
ինչ-որ միտք, այլ այդ բառերն անգամ գեթ մեկ անգամ օգտագործված չեն։ Չկան նույնիսկ
այն իմաստով, որ, ասենք, Հանրապետական կուսակցությունը պայքարում է կոռուպցիայի
վերջին մնացորդների դեմ, կամ՝ որ իսպառ վերացրել է այն։ Կամ՝ որ Հանրապետականի
իշխանության օրոք արտագաղթը վաղուց հուշ է դարձել։ Չկան։ Ելույթում առնվազն 4-5 տասնյակ խնդիրների
մասին խոսվում է, դրանցում ո՛չ կոռուպցիան, ո՛չ արտագաղթը տեղ չեն գտել։ Ինչպես որ
ոչ մի խոսք չկա հայ-ճապոնական վերջին պատերազմի մասին։ Մի բան որ չկա ու չի եղել,
դրա մասին ինչպե՞ս գրես։ Հիմա յուրաքանչյուրը թող դատի. Սեփական ժողովրդի առջեւ վերոհիշյալ
կենդանուն նմանակելը Ս. Սարգսյանի, նրա գլխավորած վարչախմբի ու կուսակցության
ուժի՞, թե անզորության նշան է։
Հ.Գ. Ռացիոնալ մտածողության շրջանակներում դժվար, անհնար է
դիտավորություն չտեսնել. ելույթի ավելի քան 15 էջ, և ոչ մի նորմալ, անխոցելի միտք։
Իսկ որոշ դեպքերում այդ դիտավորությունը ճչացող է։ Եթե առաջիկայում սույն ելույթի
համար պատասխանատուները կամ պատասխանատուն չպատժվի, ուրեմն հաջորդ խորհրդարանաը
Սերժ Սարգսյանին ոչ միայն Սահմանդրության 57 հոդվածով նախատեսված պաշտոնանկության,
այլեւ 59 հոդվածով նախատեսված՝ «լիազորությունների կատարման համար այլ
անհաղթահարելի խոչընդոտների» հիմքով կարող է հեռացվել պաշտոնից։
Աշոտ Սարգսյան
«Հայկական ժամանակ» 15.03.2012
No comments:
Post a Comment