Wednesday, March 19, 2008

ՏԵՂԵԿԱՆՔ “ԺՈՂՈՎՆԵՐ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ ԵՐԹԵՐ ԵՒ ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ” ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ


“Յուրաքանչյուր ոք խաղաղ հավաքների ու միություններ կազմելու իրավունք ունի”։
“Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով” սահմանված հիմնարար այս իրավունքը արձանագրված է այդ փաստաթղթի 20-րդ հովածում։ Հանրաճանաչ այս իրավունքը բառացի նույնությամբ ամրագրված է նաեւ ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով։ Համապատասխան օրենքը կարող էր միայն տալ խաղաղ հավաքների այս իրավունքից օգտվելու կարգը, ապահովել համապատասխան մեխանիզմները։
Նկատի ունենալով սակայն, որ տարբեր երկրներում իշխանությունները կարող են նաեւ օրենսդրական աճապարարությամբ սահմանափակել բացարձակ այս իրավունքը, “Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի” 30-րդ հոդվածը նաեւ սահմանում է.
“Սույն Հռչակագրում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես որեւէ պետության, մարդկանց խմբի կամ առանձին անհատների ընձեռված իրավունք՝ զբաղվելու այնպիսի գործունեությամբ կամ կատարելու այնպիսի արարք, որոնք նպատակամղված լինեն սույն Հռչակագրում շարադրված իրավունքներն ու ազատությունները ի չիք դարձնելուն”։ Նույն կերպ՝ ՀՀ Սահմանդրության 3-րդ հոդվածի 3-րդ կետով ամրագրված է, որ “Պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք”։
Մի քանի օր առաջ ՀՀ Ազգային ժողովում ընդունված “Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին” ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով ի չիք դարձավ Հռչակագրով ամրագրված այդ իրավունքը՝ կոպտորեն խախտելով “Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի” 30-րդ հոդվածը։ Նույն կերպ, կոպտորեն խախտվեց նաեւ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ կետը, պետությունը դուրս եկավ Սահմանադրությամբ իր վրա դրված սահմանադրական սահմանափակումից։
Կատարված փոփոխությունները հավաքներ՝ զանգվածային հրապարակային միջոցառումների արգելման համար սահմանում են հետեւյալ նոր հիմքերը, որոնք գործնականում լիակատար անհնար են դարձնում այս իրավունքից օգտվելը։ Ահա այդ լրացումները եւ փոփոխությունները.
ա) “Եթե, ըստ հավաստի տվյալների, դրանք ուղղված են սահմանադրական կարգը բռնի տապալելուն, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելուն, բռնություն ու պատերազմ քարոզելուն կամ կարող են հանգեցնել պետական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարոյականության խաթարմանը, այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների ոտնահարմանը։ Այդ տվյալները կարող են համարվել հավաստի, եթե դրանց առնչությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Ոստիկանությունը կամ Ազգային անվտանգության ծառայությունը ներկայացրել է պաշտոնական եզրակացություն։ Նույն կարգով այդ մարմինները եզրակացություն են տալիս այդ հիմքերի վերացման մասին”։
 Լիազոր մարմինը՝ քաղաքապետարանը, միշտ կարող է պնդել, որ ինքն ունի վերոհիշյալ հիմքերով “հավաստի տվյալներ”, իսկ Ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն միշտ կարող են դրանց մասին դրական “պաշտոնական եզրակացություն” տալ, ինչպես նաեւ անսահմանափակ ժամկետում կարող են համարել, թե այդ հիմքերը պահպանվում են։  Թե՛ առաջինը, թե՛ երկրորդը անստուգելի են ինչպես հայտ ներկայացնողների, այնպես էլ հանրության կողմից։
բ) “Այն դեպքերում, երբ զանգվածային հրապարակային միջոցառումները վերածվել են զանգվածային անկարգությունների, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի, նոր հանցագործությունների կանխման նպատակով լիազոր մարմինը պետք է ժամանակավորապես արգելել զանգվածային հրապարակային միջոցառումների անցկացումը՝ մինչեւ հանցագործության հանգամանքների եւ հանցանք կատարած անձանց բացահայտումը”։
Այսինքն՝ ամենախաղաղ ու կարգապահ զանգվածային միջոցառման ժամանակ կարելի է կազմակերպել մի սադրանք՝ մարդկային զոհով, ապա քննել գործը ամիսներ շարունակ, կամ տարիներ շարունակ փնտրել ու չգտնել փախած հանցագործին, եւ, քանի դեռ հանցագործը չի հայտնաբերվել ու հանգամանքները լրիվ չեն պարզվել, ոչ մի զանգվածային միջոցառում չի կարող տեղի ունենալ։
գ) Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետից հանված է այն դրույթը, ըստ որի՝  ոչ զանգվածային հրահպարակային միջոցառումը (մինչեւ հարյուր հոգի) կարող էր ինքնաբուխ վերածվել զանգվածային հրապարակային միջոցառման եւ այդ դեպքում լիազոր մարմնին ծանուցել պետք չէր։
Սրանով էլ ոչ միան փակված է զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու վերջին “սողանցքը”, այլ նաեւ փաստորեն վերացվել է քաղաքացիների՝ ոչ զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու իրավունքը։
Օրենքը ընդունվեց ու գործողության մեջ դրվեց մի քանի ժամվա ընթացքում՝ խախտելով օրենքների ընդունման ու գործողության մեջ դրնելու պրոցեդուրան ու տրամաբանությունը։
Այսպիսով՝ ընդունված նոր օրենքը բացառում է որեւէ հավաքի՝ զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու հնարավորություն, ստեղծում հավերժական արտակարգ դրության վիճակ, եւ, որպես այդպիսին, ամբողջությամբ հակասում է ինչպես “Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին”, այնպես էլ՝ ՀՀ Սահմանադրությանը։ Այն իրավամբ կարելի է կոչել օրենք՝ “Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր բացառելու մասին”

19.03.08


Thursday, January 17, 2008

Քոչարյանասերժական անիրականանալի ծրագիրը


Ձայն տալով Սերժ Սարգսյանին՝ ձայն եք տալու Ռ. Քոչարյանին։ Խաբկանք ու խաբեություն է այն, թե Քոչարյանն արդեն գնում է։ Եթե նույնիսկ ինքն էլ հայտարարի այդ մասին (ինչը դեռ չի էլ արել), միեւնույնն է, դա սուտ է լինելու եւ կեղծ։ Հիշեք, որ 1998թ. Հանրապետության Առաջին նախագահի հրաժարականից հետո նա հայտարարեց, թե ինքը չի առաջադրվի Նախագահի թեկնածու, ասաց՝ “պրոբլեմներ կան Սահմանադրության հետ”, այսինքն՝ Սահմանադրությունը դա թույլ չի տալիս։ Եթե այն ժամանակ նա թքեց Սահմանադրության եւ իր խոսքի վրա, առավել եւս հիմա, նրան ոչինչ չի խանգարի դա անել։ Ակնհայտ է, որ այսօր նա ձգտում է զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Հենց դրա համար 2005թ. կեղծելով Սահմանադրական հանրաքվեի արդյունքները՝ այնպիսի փոփոխություններ մտցրեց դրա մեջ, որոնք մեծացնում են վարչապետի լիազորությունները։ Ամիսներ առաջ էլ հայտարարեց, որ չի պատրաստվում “ամենաերիտասարդ թոշակառուն դառնալ”։ Սակայն կարեւոր էլ չի, նա կդառնա վարչապետ, թե ոչ։ Քոչարյանն է ձեւավորել եւ այսօր նա է վերահսկում ղարաբաղյան կլանը, իրեն է հասել 10 տարվա թալանի ամենամեծ բաժինը, ինքն է կոռուպցիոն բուրգի գագաթը։ Կլանի ներսում իշխանափոխություն չի կատարվելու, դրա հիմքերն ու նշանները չեն երեւում։ Եւ այդ կլանի ներսում ում էլ որ անցնի իշխանությունը, հանցաշխարհի օրենքներով այդ կլանի փաստական տերը՝ Քոչարյանն է մնալու դրա փաստական գագաթը։ Այնպես որ՝ Սերժ Սարգսյանի ո՛չ սեթեւեթանքները, ո՛չ խոստումները, ո՛չ էլ նրա՝ հայաստանյան “Հանրապետական” կուսակցության ղեկավար լինելու հանգամանքը տվյալ դեպքում ոչինչ չարժեն։ Սերժ Սարգսյանն ընդամենը “նախագահ” է աշխատելու Քոչարյանի մոտ։ Ուստի՝ ձայն տալով Սերժ Սարգսյանին՝ դուք ձայն եք տալու Ռ. Քոչարյանին, եւ Հայաստանում ոչինչ չի փոխվելու։ Իսկ եթե փոխվելու է, ապա փոխվելու է այն չափով, որ չափով այս ընթացքում վիրավորվելու են քոչարյանասերժական զույգի խանական ամբիցիաները եւ ավելանալու է նրանց թույնն ու մաղձը Հայաստանի ժողովրդի նկատմամբ։

Ս.Ա.

Hajq 15-17.01.08