Tuesday, February 18, 2014

Ո՞րն է ավելի վիրավորական Սերժ Սարգսյանի համար


Սերժ Սարգսյանին ուղղված քննադատություններն ու մեղադրանքները համատարած են ու բազմաբնույթ։ Դա անգամ ինքն է խոստովանում` ասելով, թե բոլորը «ցեխ են շպրտում» իր վրա։ Մեղմացնում է։ Դա ցեխ շպրտել չէ (մաքուր բանն է կեղտոտվում)։ Դրանք նվազագույնը` քննադատություններ են, ավելի հաճախ՝ մեղադրանքներ, այդ թվում նաև` մեղադրանքներ ծանր հանցագործությունների համար։ Ընդ որում՝ այդ ամենի տակ փաստեր են դրված, անժխտելի ու անհերքելի փաստեր։ Օրինակ՝ Մարտի 1-ի ոճրագործության պարտակումը, օրինակ՝ ընտրությունների կեղծումը և իշխանության բռնազավթումը, օրինակ՝ բանակում սպանությունները և «ինքնասպանությունները», օրինակ՝ աղքատության տոկոսի կրկնապատկումը, օրինակ՝ արտագաղթի բազմապատկված տեմպերը, օրինակ՝ գազի և էլեկտրաէներգիայի գների առեղծվածային բարձրացումները, օրինակ՝ «կուտակային» գրպանահատությունը, օրինակ՝ սեփական «փիառը» խիստ կասկածելի աղբյուրներից ֆինանսավորելը, օրինակ՝ Ցեղասպանության ուրացումը, օրինակ՝ Որոտանի կասկադի անհասկանալի վաճառքը, օրինակ՝ իր և ընտանիքի անդամների ռեկորդային տեմպերով օլիգարխացումը, օրինակ՝ օֆշորային մեքենայությունները, գյուղերի դատարկումը, մանր, միջին ու նաև մեծ գործարարության ճզմումը...
Թվարկումը կարող է շարունակել ընթերցողը։
Այս ամենի տերը, բնականաբար, պիտի մտածի, թե ինչ կլինի, եթե կորցնի իշխանությունը։ Ինչ կլինի, եթե իշխանությունը կորցնելուց հետո անգամ վերը թվարկվածի կեսը, կեսի կեսը դրվի սեղանին ու նրանից պատասխանատվություն պահանջվի։ Պատասխան պահանջելու իրավունքը, հասկանալի է, ժողովրդինն է, որը, համաձայն սահմանադրության, դա կարող է անել անմիջապես կամ իր կողմից ընտրված օրինակարգ իշխանությունների ու մարմինների միջոցով։ Խոստովանենք՝ դաժան հեռանկար է։
Ընթացքում, երբ հանցանքների ցանկը դեռ այդքան երկար չէր, Ս. Սարգսյանին առաջարկվել է բանական քաղաքական լուծումների ո՛չ մեկ տարբերակ, որոնք ժամանակին ընդունելու դեպքում թե՛ երկիրը դուրս կբերվեր գահավեժ ընթացքից, թե՛ կկանխվեր անձամբ իր մղձավանջային ապագայի հեռանկարը։ Նա չընդունեց այդ տարբերակները։ Չընդունեց իր իրավական ոչ օրինակարգությունը` սահմանադրությանն ու օրենքներին հետևելու, կոռուպցիոն համակարգը կազմաքանդելու, ժողովրդի շահերից բխող քաղաքականություն վարելու միջոցով քաղաքական օրինակարգությամբ մեղմացնելու տարբերակը։ Նա չընդունեց նաև արժանապատիվ ձևով հրաժարական տալու և օրինական ընտրություններով սահմանադրական կարգը վերականգնելու տարբերակը։ Եւ գնաց երրորդ տարբերակով, այն է՝ պատասխան պահանջելու իրավունք ունեցողին՝ ժողովրդին կենաց ու մահու մարտահրավեր նետելու ճանապարհով՝ վերջինիս դիտելով որպես իր թիվ 1 հակառակորդը։ Բանականությունը չկորցրած մարդուն «կա՛մ, կա՛մ»-ի այս տարբերակով այլ բան չէր մնում, քան «հակառակորդի» դեմ կռիվ տալ որպես մահապարտ՝ միջոցների մեջ խտրություն չդնելով։ Սա նորություն չէ, այս բանն արդեն արձանագրել են շատերը։
Բայց միայնակ դժվար էր մարտահրավեր նետել մի ամբողջ ժողովրդի, ուստիև Ս. Սարգսյանը պիտի մտածեր մահապարտների թիմ ստեղծելու մասին։ Այսինքն՝ որքան հնարավոր է շատերին ստիպեր, դրդեր, գայթակղեր «անցնել Ռուբիկոնը»՝ կատարել գործողություններ և արարքներ, որոնցից հետո նրանք` ինչպես ինքը, չկարողանային պատկերացնել իրենց կյանքն ու ապագան այլ հասարակության մեջ, այլ իշխանության պայմաններում՝ լինի օրենքի առջև կանգնելու, թե պարզապես առանց թուքումուրի բակ իջնելու կամ փողոցով քայլելու հարցում։ Սա էլ Սերժի գյուտը չէ, հենց այդպես են վարվել ինչպես օտար նվաճողները (պատմության ընթացքում), այնպես էլ` սեփական ժողովրդի վրա իրենց ապօրինի իշխանությունը պարտադրած բռնապետերը։
Չծանրաբեռնենք ընթերցողին այն մարդկանց ցուցակով, ովքեր ինչ-որ պահի, ահա, անցել են իրենց «Ռուբիկոնը» և արդեն իսկ համընդհանուր արգահատանքի առարկա են։ Նման ցուցակ կարող է կազմել ամեն ոք։ Այս կոնտեքստում անդրադառնանք միայն վերջին մի իրադարձության, որը լայն քննարկման առարկա դարձավ մամուլում։ Խոսքը վերաբերում է Մարտի 1-ի հանրահավաքն իրազեկող Կոնգրեսի ակտիվիստների և երիտՀՀԿականների «քաշքշուկին»։
Այս դեպքը մամուլի և ակտիվ հասարակության անվերապահ քննադատությանն է արժանացել մեկ դիտանկյունից. Կոնգրեսի ակտիվիստներն իրենց գործողությամբ դուրս չեն եկել օրենքի շրջանակներից, նրանց խոչընդոտողները դա արել են օրենքի բացահայտ խախտմամբ, առանց դրա իրավունքն ունենալու։ Ավելին՝ երիտՀՀԿականների «շեֆերն» էլ հայտարարել են, թե իրենց կուսակիցները ճիշտ են արել, և սպառնացել են, թե «ավելի խիստ» պետք է վարվել։ Դատապարտվել են նաև սրանց հետ համագործակցած ոստիկանության գործողությունները։ Այնպես որ՝ այս թեմայի վրա չենք ծանրանա։
Հիմա այս ամենին նայենք երկրորդ դիտանկյունից։
Օրինազանցները, ինչպես պարզվեց, Ագրարային համալսարանի ՀՀԿացված ուսխորհրդի անդամներ են, այսինքն՝ նույնպես երիտասարդներ։ Ահա, այս երիտասարդներին Ս. Սարգսյանը մղում է գործողությունների ու քայլերի, որոնցից հետո նրանք կդժվարանան պատկերացնել իրենց կյանքն ու միջավայրն այլ իշխանության պայմաններում։ Նույնիսկ հիմա, ինչպես պարզվեց, նրանց նկատմամբ որոշակի վերաբերմունք կա հենց նույն բուհում։ Դրա խոսուն ապացույցն էր այն փաստը, որ Ագրարայինի ուսանողները սոցիալական ցանցերում ընդվզեցին կատարվածի և «ուսխորհրդի» դեմ («Նրանք չեն ներկայացնում Ագրարային համալսարանը») և, ի պատասխան՝ հաջորդ օրը նույն համալսարանի լսարաններում տարածեցին նույն թռուցիկները։ Քանի դեռ այս իշխանությունն է, երիտհանրապետական այս տղաները կարող են իրենց «լավ զգալ»։ Իսկ այն փաստը, որ դրանցից մի քանիսն արդեն նախարարներ ու պատգամավորներ են, չափազանց գայթակղիչ կարող է լինել ուրիշների համար։ Բայց, ահա, հակառակ դեպքում պատկերացնելի է նրանց կարգավիճակը նույն բուհում, ընկերական շրջապատում ու հասարակության մեջ։ Հենց այս գիտակցությամբ էլ նրանք ակամա լրացնում են «մահապարտների» թիմը, դառնում Ս. Սարգսյանի իշխանության ամեն գնով պահպանման գործիք։ Բայց սա դեռ կյանք չմտած երիտասարդի բարոյական նկարագրի ու ճակատագրի խեղում է, որը, սակայն, գրոշի արժեք չունի թիվ մեկ «մահապարտի» համար։
Կա նաև երրորդ դիտանկյուն։
Իրենց ապօրինի գործողություններով և իշխանության հովանու տակ «ավելի խիստ» քայլերի դիմելու սպառնալիքով` երիտՀՀԿականները, ըստ էության, ծանր վիրավորանք են հասցրել հենց Ս. Սարգսյանին։ Ոչ թե օրենքից են խոսում, ոչ թե իրավապահների ուշադրությունն են հրավիրում, այլ ինքնադատաստանի փորձ են անում ու ինքնադատաստանով սպառնում։ Այսինքն՝ ասում են, թե Հայաստանում օրենք, իրավապահ մարմիններ ու դատարան, այլ խոսքով՝ իշխանություն չկա, կամ՝ «մենք թքած ունենք դրանց վրա»։ Իսկ օրենքների, պետական մարմինների, օրինականության թիվ մեկ երաշխավորն ու պատասխանատուն` Սահմանադրությամբ և երդմամբ երկրի բարձրագույն պաշտոնատար անձն է ի պաշտոնե։ Ստացվում է, որ նույն վերաբերմունքը նրանք ցուցադրում և նույն բանն ասում են հենց անձամբ Ս. Սարգսյանի հասցեին։ Ո՞րն է վերջինիս համար ավելի վիրավորական՝ Կոնգրեսի երիտասարդների քաղաքական թռուցիկը, թե՞ այս անարգանքն ու հայհոյանքը։

http://www.ilur.am/news/view/24977.html
http://zham.am/am/news/22015.html

Tuesday, January 28, 2014

Այլ կերպ անհնար է վերջ դնել պետական գրպանահատությանը


Դժվար չէր ենթադրել, որ Սահմանադրական դատարանը, ինչպես միշտ՝ նման դեպքերում, կկայացնի տարտամ մի որոշում։ Եթե ինչ-որ բան երեւում է այդ որոշումից, ապա միայն մի բան. այն ցուցադրում է իշխանության ինքնավստահության աստիճանը։ Երբ ռեժիմը վստահ է բնակչության կողոպուտին ուղղված իր որեւէ քայլի վրա՝ անվարան կատարում է այդ քայլը։ Այդպիսիք տասնյակներ են, վերջիններից հիշենք՝ արագաչափերը, տեսախցիկները, կարմիր գծանշումներով վճարովի կանգառները, գազի ու հոսանքի գնի բարձրացումը։ Երբ ռեժիմն իր ուժերին վստահ չէ՝ չի անում։ Հենց այդպես նա ձեռնպահ մնաց նախապես հայտարարված ժամկետներում  տրանսպորտի ուղեվարձի բարձրացումից եւ կուտակայինի պարտադիր բաղադրիչի կիրարկումից։ Երկու դեպքում էլ նրան չբավարարեց ինքնավստահությունը։
Ինչո՞ւ հապաղեց իշխանությունը։
Գազի ու էլեկտրականության անհիմն թանկացման հետեւանքով յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեում ձմռան հետ կապված ծախսերը 30-50% ավելացան։ Հասարակությունից կատարված նշանակալի այս կողոպուտը ձմռան ընթացքում դեռ կուլ տալու ու մարսելու խնդիր կար։ Հենց դա էր պատճառը, որ քաղաքական որոշում կայացվեց այդ դժգոհությանը չգումարել ամառվանից ու աշնանից հետաձգված՝ տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը։ Հետաձգե՛ց, ոչ թե ձեռ քաշեց դրանից։ Նույն կերպ ու նույն պատճառով վտանգավոր համարվեց կենսաթոշակայինի պարտադիր բաղադրիչի կիրարկումը՝ ավելի լավ համարելով առայժմ (գոնե երկու ամիս) «պարտադիր կուտակայինի» հարցը լղոզել։ Լղոզե՛լ, ոչ թե ձեռ քաշել դրանից։
Ո՞րն էր այդ վտանգը։
Դա հետեւյալ երեք գործոնների առկայությունն էր։
Առաջին գործոնը խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի համատեղ նախաձեռնությունն էր «կուտակայինի» պարտադիր բաղադրիչի դեմ։ Անկախ այն բանից, թե ինչ բնույթի խնդրի շուրջ է տեղի ունենում այդ միավորումը, միեւնույն է, որպես այդպիսին՝ այն դող է առաջացնում քաղաքական դաշտում միայնակ մնացող ՀՀԿ-ի ծնկներում։
Երկրորդ գործոնը հունվարի 18-ի հանրահավաքի մարդաշատությունն էր։ Վերջինս պայմանավորված էր, մի կողմից՝ խնդրի մեջ չորս քաղաքական ուժերի միասնական ներգրավվածության հասարակական ռեզոնանսով, մյուս կողմից՝ պետական այդ գրպանահատության առաջացրած քաղաքացիական դժգոհության որոշակի ներքին կազմակերպվածության աստիճանով։
Եւ վերջապես, երրորդ՝ ամենակարեւոր գործոնը՝ հենց, ինչպես ընդունված է ասել, քաղաքականի ու քաղաքացիականի համաձայնեցված, ներդաշնակ աշխատանքն էր։ Ինչպես սրան նախորդած տասնյակ դեպքերում, այս անգամ իշխանական քարոզչամեքենային չհաջողվեց անցկացնել «քաղաքացիականի» ու «քաղաքականի» հակադրության, «հարցը չքաղաքականացնելու» անգրագետ իր թեզերը։ Այս երեք գործոններն էին, որ հրապարակ էին բերել նաեւ գազի, հոսանքի եւ այլ թանկացումներից դժգոհող բազմաթիվ մարդկանց, թեեւ նրանց հուզող հարցերը «հանրահավաքի օրակարգում» չկային։
Սահմանադրական դատարանի կայացրած ճապաղ որոշումը հիմնականում ճիշտ գնահատվեց ինչպես համապատասխան հայցը ներկայացրած քաղաքական ուժերի, այնպես էլ «կուտակայինի» թիրախ հասարակական խավի ու նրա ակտիվիստների կողմից։ Ոչ մեկը չի կասկածում, որ իշխանության դեմ ճնշումը չբազմապատկելու դեպքում Սահմանադրական դատարանը կանաչ լույս է վառելու  օրենքի կիրարկման առջեւ։ Նույնիսկ Սահմանադրականի հաջորդ նիստի ժամկետը, կարծես թե,  հաշվարկված է ըստ այդմ. մարտի վերջին մարդիկ արդեն ազատված կլինեն ձմեռային ամիսների ծանր վճարներից, ինչով, ըստ իշխանության հաշվարկների, համեմատաբար կմեղմանա ընդհանուր սոցիալական դժգոհությունը, եւ կվերանա «կուտակայինի» խնդիրը գլորվող ձնագնդիի վերածվելու այսօր առկա վտանգը։ Ակնհայտ է՝ հենց որ իշխանությունն զգա, որ կարող է կուլ տալ կողոպուտի հերթական այս պատառը, դա անելու է։
Հիշենք միայն Ս. Սարգսյանի իշխանավարման տարիներին իշխանական կողոպտիչ մեքենայի շահատակումների դեմ ուղղված զանազան քաղաքացիական բողոքներ, ընդվզումներ ու «շարժումներ». Բուզանդի եւ հարակից փողոցների բնակիչներ, ոսկերիչներ,  տաքսիների վարորդներ, վրացական համարանիշեր, տոնավաճառների առեւտրականներ, բացօթյա առեւտուր, կրպակատերեր, Դալմայի այգիներ, Մաշտոցի պուրակ, Փակ շուկա, արագաչափեր, տեսախցիկներ, կարմիր գծանշումներով վճարովի կանգառներ, ջրի, գազի եւ հոսանքի թանկացումներ եւ այլն։ Սրանցից ոչ մեկը բողոքող կողմի համար հաջողությամբ չավարտվեց։ Ճիշտ նույնպիսի խնդիրներ են նաեւ այսօր դեռ օդում կախված տրանսպորտի ուղեվարձը եւ «պարտադիր կուտակայինը»։
Հնարավո՞ր է հասնել հասարակության մի մասին կամ շերտին  հուզող այսօրինակ լոկալ  խնդրի լուծման՝ առանց դրա «քաղաքականացման»։
Ընդհանրապես՝ հնարավոր է։ Եթե որեւէ մեկը պատրաստվում է այլ երկրների փորձից օրինակներ գտնել, նա անպայման կգտնի այդպիսիք։ Բայց կգտնի այնպիսի երկրներում, որոնցում առկա են առնվազն երկու բան՝ կայացած ու հզոր արհմիություններ եւ անկախ դատական համակարգ։ Իսկ այդ երկուսը ենթադրում են իրական ժողովրդավարության որոշակի աստիճան։ Հայաստանում դրանք չկան, գոյություն չունեն։ Հայաստանում բռնապետություն է՝ դրա վատագույն՝ ավազակապետության տարբերակով։ Եւ միակ բանը, որ կարող է փոխարինել չեղած արհմիություններին ու անկախ դատարանին՝ «լոկալ» որեւէ հարց լուծելու համար, այլ բան չէ, քան քաղաքական ուժերի պաշտպանությունն ու ներգրավվածությունը։ Սակայն դա էլ կարող է բավարար չլինել։
Ի՞նչ է սպասվում լավագույն դեպքում։
Պատկերացնենք, թե երկու ամիս անց, քաղաքական ուժերի ու քաղաքացիական նախաձեռնության տիտանական ջանքերի շնորհիվ, ինչ-որ կերպ հնարավոր է լինում ստիպել իշխանությանը հրաժարվել (ժամանակավոր կամ վերջնական) կուտակայինի «պարտադիր բաղադրիչից»։ Անշուշտ, դա հաղթանակ կլինի ու կունենա որոշակի նշանակություն։ Բայց, ըստ էության, դա կլինի խաբուսիկ հաղթանակ։ Ինչո՞ւ։ Որովհետեւ դրանով քաղաքացին ընդամենը բռնում ու իր գրպանից հանում է գողի, գրպանահատի ձեռքը։ Բայց դրանից նրա (ձեռքի տիրոջ) էությունն ու սովորությունները չեն փոխվում։ Նա հիմա էլ մյուս ձեռքով կամ ավելի նուրբ ձեւով է փորձելու մտնել քաղաքացու մյուս գրպանը։ Ինչպես արդեն արել է տասնյակ անգամներ։
Ուրեմն՝ ո՞րն է իրական խնդիրը ու դրա իրական քաղաքականացումը։
Նմանատիպ դեպքերի համար առաջին անգամ իշխող է դառնում այն մոտեցումը, որ «խնդիրը պետք է քաղաքականացնել»։ Սա արդեն առաջընթաց քայլ է, որի տակ, սակայն, առայժմ նկատի է ունեցվում շահագրգիռ քաղաքացիների եւ խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի ջանքերի համատեղումը։ Բայց արդյո՞ք միայն մեխանիկական այս համատեղումն է մեր պայմաններում խնդրի քաղաքականացումը։ Խնդիրն իրոք քաղաքական ու դրանով իսկ՝ լուծելի դարձնելու համար նախ պետք է հստակեցնել ու ճանաչել իշխանության հետապնդած հիմնական քաղաքական խնդիրը, որի լուծման համար է, որ նա, ի թիվս մինչ այժմ գործած տասնյակ ապօրինությունների, դիմել է նաեւ «կուտակային» գրպանահատությանը։ Իշխանության հիմնական քաղաքական խնդիրն էլ վաղուց արձանագրված է. ռեժիմի պարագլուխ Ս. Սարգսյանն իր իշխանության պահպանման ու վերարտադրման հիմնական երաշխիքը տեսնում է հասարակության, նրա բոլոր շերտերի կողոպուտի եւ ունեզրկման մեջ։ Դրանով նա ապահովական երկու խնդիր է լուծում. առաջին՝ անձնական հարստության կուտակում այնքան, որ մրցակից չունենա («մեկ օլիգարխի տնտեսություն»), երկրորդ՝ որքան հնարավոր է՝ շատերին ստիպի լքել երկիրը (ըստ Տ. Սարգսյանի՝ «մնան, որ հեղափոխությո՞ւն անեն)։ Պարտադիր կուտակայինն, ահա, հատկապես ուղղված է հասարակության՝ տարիքային իմաստով ամենաակտիվ, ուստիեւ՝ ամենավտանգավոր համարվող մասի դեմ։ 
Արդ, այս իրողությունից մեկնելով՝ հնարավո՞ր է, որ Ս. Սարգսյանն իր գլխավորած վարչախմբով որեւէ առիթով դադարի հետապնդել ինքնապահպանման քաղաքական խնդիրը։ Բնականաբար՝ ո՛չ։ Քանզի դա կլինի ինքնասպանության որոշում։ Ուրեմն եւ՝ ինչպես «կուտակայինի», այնպես էլ ցանկացած այլ հարցի իրոք քաղաքականացումն ու իրական լուծումն այլ բան չէ, քան Ս. Սարգսյանի ու նրա ռեժիմի հեռացումն ու սահմանադրական կարգի վերականգնումը։ Երբ սա դառնա տիրապետող համոզում, երբ այս դրոշի տակ համախմբվի ողջ հասարակությունն իր քաղաքական ու քաղաքացիական բաղադրիչներով՝ վերջ կդրվի ինչպես պետական գրպանահատությանը, այնպես էլ կլուծվեն հասարակությանը հուզող հարյուրավոր հարցերը։ Մինչ այդ մենք միայն խաբվելու ու կորուստներ ենք կրելու, այդ թվում՝ նաեւ անդառնալի։

 http://www.ilur.am/news/view/24052.html



Tuesday, January 21, 2014

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի պաշտպանում իր վարչապետին


Իշխող ռեժիմի ներսում, ինչպես ասում են, «կենացները քաղցրանում են»։
Հայկական կինոսերիալի վերածվող բանավեճն էլ (որ իրականում Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի միջև է) սովորականներից չէ։ Դրանում «ճիշտ» ու «սխալ» որոշելու տեսանկյունից անցյալին կամ ներկային վերաբերող տնտեսական, առավել եւս՝ քաղաքական ինչ-որ հարցերի ռացիոնալ քննարկում փնտրելն իզուր է։ Բանավիճող կողմերից որեւէ մեկը կարիք չունի մյուսին քննադատել չարած սխալների ու հանցանքների համար։ Գործած սխալներն այնքան շատ են, որ երկու կողմերն էլ օբյեկտիվորեն կարող են ճիշտ լինել միմյանց հասցեին մեղադրանքներում։ Անհեթեթ է մտնել այդ բանավեճերի մեջ՝ ճիշտն ու սխալը, իրավացին ու անիրավացին պարզելու, առավել եւս՝ որեւէ մեկին պաշտպանելու համար։
Տվյալ դեպքում՝ կարեւորը սա չէ, այլ ծավալվող բանավեճի հետ կապված մի քանի հանգամանքներ եւ յուրահատկություններ։
Բանավիճող կողմերից յուրաքանչյուրը նույն ռեժիմի երկու հիմնական հենասյուներից մեկն է  ի սկզբանե եւ առ այսօր։ Ավազակապետական ռեժիմի ներքին տրամաբանությունից ելնելով՝ այդքան կարեւոր չէ, թե ֆորմալ առումով ով ինչ պաշտոն, դիրք է զբաղեցնում դրանում, այլ այն, թե ում բիզնեսի ու հարստությունը բազմապատկելու հնարավորություններն ու պայմաններն ինչպիսին են։ Այս առումով Ս. Սարգսյանն ու Ռ. Քոչարյանը ամենաարտոնյալն են։
Թիրախ դարձնելով վարչապետին ու կառավարությանը՝ Ռ. Քոչարյանը, որպես ռեժիմի ճարտարապետ, անշուշտ, շատ լավ է հասկանում, որ իր ասածների իրական հասցեատերը Ս. Սարգսյանն է։ Սակայն նրա անունը չի տալիս։ Ոմանք դա բացատրում են վախով։ Կարեւորը բացատրելը չէ, այլ արձանագրումն այն բանի, որ այս դեպքում (երբ առաջին պատասխանատուի՝ Ս. Սարգսյանի անունը չես տալիս) որեւէ խոսք զրկվում է քաղաքական բովանդակությունից։ Ուստիեւ՝ անիմաստ է դառնում քաղաքական հարթության վրա դրա քննարկումը, քաղաքական հետեւանքներ ակնկալելը։
Յուրահատկություններն ավելի ցցուն են Ս. Սարգսյանի դեպքում։
Երբ որեւէ նախարար սուր քննադատության է ենթարկվում ու մեղադրվում, վարչապետը, որպես նրա գործունեության համար պատասխանատու անձ, պարտավոր է պաշտպանել նրան։ Վարչապետը հավասարապես պատասխանատու է իր նախարարների գործունեության համար։ Նույն կերպ եւ առավել եւս՝ երբ սուր քննադատության է ենթարկվում վարչապետը, երկրի նախագահը պետք է նրան պաշտպանի։ Սա ամբողջ աշխարհում ընդունված կանոն է, քաղաքական էթիկետի նորմ։ Այդպես վարվեց Օբաման՝ պաշտպանելով իր առողջապահության նախարարին, Շիրակը՝ պաշտպանելով իր վարչապետին՝ Քեմերոնը՝ պաշտպանելով իր նախարարին։ Եթե նախագահը այդ կերպ չի վարվում, հարձակումներից չի պաշտպանում իր վարչապետին, նա օբյեկտիվորեն բարոյազրկվում է, նրա լռությունը դառնում է սրիկայություն։ Եթե վարչապետն իրոք վատ է աշխատել, այդ մասին ուրիշներից շատ ավելի շուտ պետք է իմանար ինքը եւ մտածեր նրան փոխարինելու մասին։ Եթե դա չի արել, ուրեմն՝ գոհ է նրա աշխատանքից, եւ «կողքից» եկած քննադատության դեմ պետք է նրան պաշտպանի։ Սա ոչ միայն քաղաքական, այլ նաեւ բարոյականության հարց է։ Այլապես կստացվի, թե իր վարչապետը այդքան վատ է աշխատել, իսկ ինքը չի նկատել դա, եւ ահա, ուրիշներից է իմանում։ Սա խայտառակություն կլինի իր համար։
Շուտով կլրանա ներռեժիմային բանավեճի մեկ ամիսը, որի թիրախը Տ. Սարգսյանն է, իսկ Ս. Սարգսյանը համառորեն լռում է։ Տարօրինակ այս երեւույթը կարող է ունենալ երեք բացատրություն.
1. Ս. Սարգսյանը խնդիրներ ունի բարոյականության հետ։
2. Ս. Սարգսյանն ինքն էլ գիտի, որ Տ. Սարգսյանը հանցագործ է։
3. Ինքն էլ հավասարապես նույն հանցանքների մեղսակիցը եւ սխալների կրողն է։
Բոլոր դեպքերում՝ այն, ինչ տեղի է ունենում ռեժիմի ներսում, քաղաքական որակից ու բովանդակությունից զուրկ գզվռտոց է, նոր մի ճաքի առաջացում։ Քաղաքական իմաստով դա կարող է օգտակար լինել այնքանով, որքանով ավելի խորանա, եւ «կողմերը» տնտեսական հարցերից անցում կատարեն նաեւ այլ բնույթի՝ քրեական պատասխանատվություն ենթադրող հարցերի շրջանակ։ Քանզի ավազակապետական այս ռեժիմի տապալման համար որքան կարեւոր է նրա դեմ ծառացած հասարակական ու քաղաքական ուժերի համախմբումը, նույնքան կարեւոր է նաեւ ռեժիմի ներսում ճաքերի ու խլրտումների առաջացումը։
- See more at: http://www.ilur.am/news/view/23762.html#sthash.99YKh6KS.dpuf
Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի պաշտպանում իր վարչապետին
Իշխող ռեժիմի ներսում, ինչպես ասում են, «կենացները քաղցրանում են»։
Հայկական կինոսերիալի վերածվող բանավեճն էլ (որ իրականում Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի մեջ է) սովորականներից չէ։ Իզուր է դրանում «ճիշտ» ու «սխալ» որոշելու տեսանկյունից անցյալին կամ ներկային վերաբերող տնտեսական, առավել եւս քաղաքական ինչ-որ հարցերի ռացիոնալ քննարկում փնտրել։ Բանավիճող կողմերից որեւէ մեկը կարիք չունի մյուսին քննադատել չարած սխալների ու հանցանքների համար։ Գործած սխալներն այնքան շատ են, որ երկու կողմն էլ օբյեկտիվորեն կարող են ճիշտ լինել միմյանց հասցեին մեղադրանքներում։ Անհեթեթ է մտնել այդ բանավեճերի մեջ՝ ճիշտն ու սխալը, իրավացին ու անիրավացին պարզելու, առավել եւս որեւէ մեկին պաշտպանելու համար։
Տվյալ դեպքում կարեւորը սա չէ, այլ ծավալվող բանավեճի հետ կապված մի քանի հանգամանքներ եւ յուրահատկություններ։
Բանավիճող կողմերից յուրաքանչյուրը նույն ռեժիմի երկու հիմնական հենասյուներն են ի սկզբանե եւ առ այսօր։ Ավազակապետական ռեժիմի ներքին տրամաբանությունից ելնելով՝ այդքան կարեւոր չէ, թե ֆորմալ ով ինչ պեշտոն, դիրք է զբաղեցնում դրանում, այլ այն, թե ում բիզնեսի ու հարստությունը բազմապատկելու հնարավորություններն ու պայմաններն ինչպիսին են։ Այս առումով Ս. Սարգսյանն ու Ռ. Քոչարյանը ամենաարտոնյալն են։
Թիրախ դարձնելով վարչապետին ու կառավարությանը, Ռ. Քոչարյանը, որպես ռեժիմի ճարտարապետ, անշուշտ, շատ լավ է հասկանում, որ իր ասածների իրական հասցեատերը Ս. Սարգսյանն է։ Սակայն նրա անունը չի տալիս։ Ոմանք դա բացատրում են վախով։ Կարեւորը բացատրելը չէ, այլ արձանագրումն այն բանի, որ այս դեպքում (երբ առաջին պատասխանատուի՝ Ս. Սարգսյանի անունը չես տալիս) որեւէ խոսք զրկվում է քաղաքական բովանդակությունից։ Ուստիեւ՝ անիմաստ է դառնում քաղաքական հարթության վրա դրա քննարկումը, քաղաքական հետեւանքներ ակնկալելը։
Յուրահատկություններն ավելի ցցուն են Ս. Սարգսյանի դեպքում։
Երբ որեւէ նախարար սուր քննադատության է ենթարկվում ու մեղադրվում, վարչապետը, որպես նրա գործունեության համար պատասխանատու անձ, պարտավոր է պաշտպանել նրան։ Վարչապետը հավասարապես պատասխանատու է իր նախարարների գործունեության համար։ Նույն կերպ եւ առավել եւս՝ երբ սուր քննադատության է ենթարկվում վարչապետը, երկրի նախագահը պետք է նրան պաշտպանի։ Եթե վարչապետն իրոք վատ է աշխատել, այդ մասին ուրիշներից շատ ավելի շուտ պետք է իմանար ինքը եւ մտածեր նրան փոխարինելու մասին։ Եթե դա չի արել, ուրեմն գոհ է նրա աշխատանքից եւ «կողքից» եկած քննադատության դեմ պետք է նրան պաշտպանի։ Սա ոչ միայն քաղաքական, այլ նաեւ նաեւ բարոյականության հարց է։ Այլապես կստացվի, թե իր վարչապետը այդքան վատ է աշխատել, իսկ ինքը չի նկատել դա, եւ ահա, ուրիշներից է իմանում։ Սա խայտառակություն կլինի իր համար։
Շուտով կլրանա ներռեժիմային բանավեճի մեկ ամիսը, որի թիրախը Տ. Սարգսյանն է, իսկ Ս. Սարգսյանը համառորեն լռում է։ Տարօրինակ այս երեւույթը կարող է ունենալ երեք բացատրություն.
1.   Ս. Սարգսյանը խնդիրներ ունի բարոյականության հետ։
2.   Ս. Սարգսյանն ինքն էլ գիտի, որ Տ. Սարգսյանը հանցագործ է։
3.   Ինքն էլ հավասարապես նույն հանցանքների մեղսակիցը եւ սխալների կրողն է։

Բոլոր դեպքերում, այն ինչ տեղի է ունենում ռեժիմի ներսում, քաղաքական որակից ու բովանդակությունից զուրկ գզվռտոց է, նոր մի ճաքի առաջացում։ Քաղաքական իմաստով դա կարող է օգտակար լինել այնքանով, որքանով ավելի խորանա եւ «կողմերը» տնտեսական հարցերից անցում կատարեն նաեւ այլ բնույթի՝ քրեական պատասխանատվություն ենթադրող հարցերի շրջանակ։ Քանզի ավազակապետական այս ռեժիմի տապալման համար որքան կարեւոր է նրա դեմ ծառացած հասարակական ու քաղաքական ուժերի համախմբումը, նույնքան կարեւոր է նաեւ ռեժիմի ներսում ճաքերի ու խլրտումների առաջացումը։

http://www.ilur.am/news/view/23762.html

Tuesday, December 24, 2013

Արեւմտամետները հայտնվել են թակարդում


Լեւոն Տեր-Պետրոսյանի որեւէ խոսքի, ելույթի նկատմամբ հակազդեցության «ուժգնությունը», ավելի ճիշտ՝ հիսթերիայի մակարդակը, ուղիղ համեմատական է այդ ելույթի՝ հասարակության եւ քաղաքական գործընթացների վրա ներգործության աստիճանին։ Որքան խորն է այդ ներգործությունը, այնքան մեծ է վայնասունը։ Այդպես է եղել միշտ, այդպես է նաեւ վերջին շրջանում, որ կարող է ինքնուրույն մի քաղաքական շրջափուլ դառնալ։
Սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը  180 աստիճան շրջադարձ կատարեց. եվրաասոցացման երեքուկեսամյա շքերթից հետո, մի օրում, բոլորի համար անակնկալ՝ շուռ եկավ դեպի Մաքսային եւ Եվրասիական միություն։ Այս առիթով Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 7-ի ելույթը, իր առնվազն 100 հազարանոց լսարանով, ըստ էության, հերթական քաղաքական գործընթացի սկիզբ դրեց՝ կրկին ներքաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը դարձնելով անվստահությունը Ս. Սարգսյանի նկատմամբ։ Հաջորդ երկու ելույթները խորացրին այդ գործընթացը, որ այլ բան չէ, քան «Սերժ Սարգսյանի հրաժարականն այլընտրանք չունի» միտքը, որ դարձավ նրա երկրորդ ելույթի վերնագիրը։
Իրական քաղաքական գործընթացը, ինչպես հայտնի է, կարող է սկիզբ առնել եւ հաջողությամբ ծավալվել օբյեկտիվ իրողությունների արձանագրման ու դրանց հաշվառման հիմքի վրա։ Դրանք անտեսելով կամ ոչ իրական հիմքեր որդեգրելով՝ կարելի է զբաղվել քաղաքական արհեստավորութամբ, քաղաքական բիզնեսով, բայց ո՛չ երբեք իրական քաղաքականությամբ։ Կեղծ կամ ոչ իրական դրույթները միայն շեղում են հասարակությանը, ժողովրդին՝ իր առջեւ դրված կամ իր առջեւ ծառացած հիմնական քաղաքական խնդիրը լուծելու ճանապարհից։ Վերջին շրջանի իրադարձությունների հետ կապված օբյեկտիվ իրողությունների դրույթների համախումբն ու համակարգումն, ահա, ինչին ուղղված էր Տեր-Պետրոսյանի նաեւ վերջին ելույթը, այս պայմաններում կարող է հիմք դառնալ՝ վարչախմբի դեմ հասարակական նոր մի ընդվզում ապահովելու համար։
Ծայր առած քաղաքական գործընթացն, այսպիսով, ուղղված է տիրող ռեժիմի դեմ, նրա հեռացման ու սահմանադրական կարգի վերականգնման խնդիրը լուծելու նպատակ ունի։ Սակայն այդ ճանապարհին օբյեկտիվորեն գոյություն ունեցող իրողությունների արձանագրումը երբեմն դիպչում է նաեւ մեծադղորդ ինքնանվանումներով մարդկանց ու մարդկանց խմբերի։ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը ընդամենը արձանագրում էր այն օբյեկտիվորեն առկա իրողությունները, որոնց պատճառով Հայաստանում «Մայդան», այն է՝ արեւմտամետության հիման վրա հակառուսաստանյան հասարակական ընդվզում տեղի չունեցավ, ինչպես դա եղավ Ուկրաինայում։ Իսկ հարցը (ինչո՞ւ տեղի չունեցավ) դժվար է հերքել, որ կախված էր օդում, եւ դրա ճիշտ պատասխանը խիստ կարեւոր է մեր հիմնական ներքաղաքական գործընթացների տեսանկյունից։ Եւ ահա, այս ելույթին ամենաբուռն ռեակցիան տվեցին հայաստանյան, այսպես կոչված, «արեւմտամետները»՝ հասնելով հիսթերիայի աստիճանի։
Ինչի՞ մասին է վկայում այդ հիսթերիան։
Լեւոն Տեր- Պետրոսյանն իր այս ելույթով, ըստ էության, նաեւ յուրօրինակ մի թակարդ է լարել նրանց դեմ, եւ նրանք հասկացել են այդ բանը։
Իսկ «թակարդը» հետեւյալն է։ Տեր-Պետրոսյանը երեք արձանագրում է արել։ Երկուսը պատմական փաստեր են, երրորդը վերաբերում է մեր օրերում՝ 2008թ. ի վեր համաժողովրդական շարժման ընթացքում Արեւմուտքի խաղացած դերին։ Եւ այսպես, եթե նա սխալ է, եւ նրա ներկայացրած դրույթներն իրականությանը չեն համապատասխանում, ապա Մայդանը, անկախ որեւէ մեկի կամքից, պետք է տեղի ունեցած լիներ անցած երեք ամիսների ընթացքում։ Եթե տեղի չի ունեցել, ապա գոնե հիմա՝ Տեր-Պետրոսյանի ելույթից հետո պետք է կայանա։ Իսկ այդ կայացումը, բնականաբար, ինչպես առաջին դեպքում պետք է ապահոված լինեին, հիմա էլ պետք է ապահովեն հե՛նց նույն «արեւմտամետները»։ Համենայնդեպս՝ այդպես է Ուկրաինայում։
Քաղաքականությունն, այնուամենայնիվ, գործ է։ Խոսքը ընդամենը այդ գործը նախապատրաստող, նրան ծառայող միջոց է, գործիք։ Չի կարելի քաղաքական գործիչ, քաղաքական ուժ համարվել, բայց անընդհատ խոսել ու երբեք չգործել։ Ահա, Լեւոն Տեր-Պետրոսյանը, փաստորեն, «արեւմտամետներին» կոչ է արել խոսքից անցնել գործի, ու պարզվում է, որ դրանով իսկ նա տրորել է վերջիններիս  ամենցավոտ տեղը, Աքիլլեսյան գարշապարը։
Հիմա ի՞նչ է ստացվում։ Եթե հայաստանյան, այսպես կոչված, «արեւմտամետները» այսուհետ էլ Մայդան չեն նախաձեռնում ու շարունակելու են միայն խոսել, ճամարտակել, հոխարտալ, դրանով լավագույնս ապացուցելու են, որ՝
- Լեւոն Տեր-Պետրոսյանը բացարձակապես ճիշտ է, եւ նրա արձնագրած դրույթներն, իրոք, օբյեկտիվ ռեալություններ են, որոնց պայմաններում Հայաստանում անհնար է կազմակերպել ու իրականացնել այն, ինչ եղավ ու շարունակվում է Ուկրաինայում։
- Կամ՝ իրենք ընդամենն անբաններ են եւ որեւէ գործի անընդունակ դատարկախոսներ, որ ամենանպաստավոր պայմաններում ու ամենաճակատագրական պահին չարեցին այն, ինչի համար իրենց կոչված են համարում կյանքով։
- Կամ՝ իրենք սովոր են, որ ուրիշները պիտի գործ անեն, իսկ իրենք միայն կողքից գնահատական տան, որոշեն ճիշտն ու սխալը, մուննաթ գան, դատեն ու դատապարտեն։
Իրոք որ՝ «արեւմտամետների» համար դժվար է ազատվել այս թակարդից, ու միակ հնարավոր արձագանքը, կարծես թե, մնում է ոչ այլ բան, քան հենց այն հիսթերիան, ինչով եւ զբաղված են։


Tuesday, December 17, 2013

Վազգեն Մանուկյանի հիվանդությունը տարիքի հետ խորանում է


Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն հանդիպել է Վազգեն Մանուկյանի հետ՝ ակամա նպաստելով «համաշխարհային ազգի առաջնորդի» քրոնիկ հիվանդության հերթական նոպայի բռնկմանը։ Վ. Մանուկյանը մեկնաբանում է, թե Թուրքիայի արտաքին գործերի նախարարը կարևոր է համարել «հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսել մի մարդու հետ, որն արտակարգ իրավիճակներում ղեկավարելու փորձ ունի (««Ղարաբաղ» կոմիտեի ղեկավար, նորանկախ Հայաստանի առաջին վարչապետ, պատերազմի տարիներին՝ պաշտպանության նախարար»):
Փակագծում առնված մի քանի բառանոց նախադասության մեջ Մանուկյանը երեք, մեղմ ասած՝ անճշտություն է թույլ տվել, ըստ էության՝ իրականության խեղաթյուրում կամ պատմության կեղծում։ Մի բան է, երբ իշխանական հրահանգով կամ պատվերով պատմությունը (այդ թվում՝ նաև «Ղարաբաղ» կոմիտեի) կեղծվում է Գիտությունների ակադեմիայի կամ Երևանի պետական համալսարանի կողմից, մի այլ բան, երբ դա անում է «Ղարաբաղ» կոմիտեի անդամը։
(iLur.am-ը ժամանակին տասնյակի չափ նյութերով անդրադարձել է Երևանի պետական համալսարանի կողմից հրապարակված «Հայոց պատմություն» բուհական դասագրքում Ղարաբաղյան շարժման և Հայաստանի անկախության տարիների պատմության անամոթ ու հանցավոր կեղծման բազմաթիվ փաստերի ( http://www.ilur.am/news/view/3985.html, http://www.ilur.am/news/view/4082.html , http://www.ilur.am/news/view/4831.html ,http://www.ilur.am/news/view/5442.html և այն)։Դա համարելով չափազանց վտանգավոր ինչպես այսօրվա կոնկրետ խնդիրների, այնպես էլ երիտասարդության ու ողջ հասարակության բարոյականության ու հոգեբանության տեսակետից՝ մենք շարունակելու ենք ուշադիր լինել այս երևույթի նկատմամբ, անկախ այն բանից՝ դա արվում է դիտավորությա՞մբ, թե՞ անտեղյակությամբ։ Տվյալ դեպքում անտեղյակությունը բացառվում է)։
Եւ այսպես՝ Վ. Մանուկյանն ասում է, թե ինքը՝  
1. Եղել է «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարը. 1988-ի Շարժման վետերանները շատ լավ հիշում են, որ Կոմիտեի առաջնային հատկանիշներից մեկը հենց այն էր, որ նա «ղեկավար» չուներ, ինչի մասին ոչ մեկ անգամ այն ժամանակ հայտարարվել է նաև հրապարակավ։ Որպես կոլեկտիվ ղեկավար մարմին՝ այնքան ահռելի էր Կոմիտեի վաստակն ու հեղինակությունը (ինչն առ այսօր գնահատված չէ), որ 1990թ. ամռանը, Համաժողովրդական շարժման հաղթանակից հետո, Գերագույն խորհուրդ (այն ժամանակ այդպես էր կոչվում օրենսդիր մարմինը) ընտրված պատգամավորները հենց Կոմիտեին վստահեցին ԳԽ նախագահի թեկնածության որոշման հարցը (այն ժամանակ դա էր առաջին պաշտոնը, Հանրապետության նախագահի պաշտոն չկար)։ Պարզ է, չէ՞, որ պատմականորեն, իրոք, ահռելի գործ արած մարմինը, եթե ունեցած լիներ անձ ղեկավար, ապա հենց նրա թեկնածությունն էլ արժանիորեն կառաջադրեին հանրապետության թիվ մեկ պաշտոնում։ Գուցեև՝ առանց քվեարկության։ Բայց որովհետև այդպես չէր, Կոմիտեի անդամները փակ քվեարկություն կատարեցին և իրենց կողմից առաջադրված երկու թեկնածուներից ընտրեցին ոչ թե Վ. Մանուկյանին, այլ Լևոն Տեր-Պետրոսյանին։
Տարիներ անց Վ. Մանուկյանը մտահղացավ իրեն վերագրել «Ղարաբաղ» կոմիտեի  «կոորդինատորի» ստատուսը։ Կոմիտեի նրա գործընկերներից  մի քանիսը բացահայտեցին այդ «կոորդինատորության» էությունը. Կոմիտեն նիստեր անցկացնելու համար հատուկ տեղ չուներ, որը ե՛ւ հարմար լիներ, ե՛ւ ապահով (ԿԳԲ-ի լսումներից), ե՛ւ մոտ՝ Ազատության հրապարակին։ Ուստի որպես այդպիսին օգտագործվում էր Բաբկեն Արարքցյանի, իսկ ավելի հաճախ՝ Վ. Մանուկյանի բնակարանը, որն ավելի ընդարձակ էր։ Ելնելով հասկանալի էթիկետից՝ նիստերի օրն ու ժամը նախապես ճշտվում էին բնակարանի տիրոջ՝ Վ. Մանուկյանի հետ, կամ ինքն էր նախապես ասում, թե որ օրն ու ժամն են հարմար։ Ընդամենը այսքանն է եղել «կոորդինացման» էությունը։ Հիմա, չբավարարվելով անգամ հետին թվով «կոորդինատոր» ինքնահռչակմամբ, Վ. Մանուկյանը իրեն հայտարարում է «Ղարաբաղ» կոմիտեի «ղեկավար»։
2. Եղել է Հայաստանի առաջին վարչապետը. 1990թ. օգոստոսի 23-ին ՀԽՍՀ ԳԽ-ն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի Անկախության մասին» փաստաթուղթը, որը հռչակեց «անկախության գործընթացի սկիզբ» (անկախությունը հռչակվեց  մեկ տարի անց՝ 1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեի արդյունքներով)։ Չնայած այդ փաստաթղթով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը (ՀԽՍՀ) վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն, սակայն այնշարունակում էր մնալ ԽՍՀՄ կազմում ՝որպես խորհրդային հանրապետություն։ Նրա գործադիր իշխանությունը պաշտոնապես կոչվում էր «Մինիստրների խորհուրդ», դրա ղեկավարն էլ՝ «Մինիստրների խորհրդի նախագահ»։ Գործադիր իշխանության ղեկավարը պաշտոնապես վարչապետ կոչվեց Անկախության հանրաքվեից հետո։ Վ. Մանուկյանը Մինիստրների խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարական տվեց 1991-ի սեպտեմբերի 26-ին։ Այնպես որ՝ նա եղել է ոչ թե Հայաստանի առաջին վարչապետը, այլ Սովետական Հայաստանի Մինիստրների խորհրդի վերջին նախագահը։ Հենց այդ ստատուսով է նա ստորագրել կառավարության բազմաթիվ որոշումներ։ Դա պատմական փաստ է, և դրանում ոչ մի ամոթ բան չկա։
3. Պատերազմի տարիներին եղել է պաշտպանության նախարար. ընթերցողը սրանից այնպես է հասկանում, թե ողջ պատերազմի շրջանում Վ. Մանուկյանն է եղել Հայաստանի պաշտպանության նախարարը։ Մինչդեռ պատերազմն, ըստ էության, ձգվել է երեքուկես տարի, իսկ Վ. Մանուկյանը պաշտպանության նախարարի պաշտոնում եղել է միայն 10 ամիս (1992 հոկտ.-199 3 օգոստոս)։ Ինչը գրված է նաև իր կենսագրության մեջ։
***
 Նույն հարցազրույցում Վ. Մանուկյանը վերապատմում է, թե ինչ է ասել Դավութօղլուին՝ կապված 1993-ին Հայ-թուրքական սահմանը փակելու հետ. «Խոսելով 1993 թ. մասին` հայտնեցի նաև իմ կարծիքը, որ այն ժամանակ Թուրքիան սխալվեց: Այդ տարածաշրջանում, որը Ռուսաստանի ազդեցության տակ էր, խորհրդային իշխանության փլուզումից հետո քաղաքական վակուում էր առաջացել: Եվ Թուրքիայի կողմից ավելի իմաստուն քաղաքականություն կլիներ, եթե փորձեր այդ վակուումը լրացնել իր ներկայությամբ»:
Մի կողմ թողնենք այն, որ Վ. Մանուկյանը «համաշխարհային ազգի առաջնորդի» իր բարձունքից «սխալ է հանում» 700-ամյա պետական ավանդույթներ ու դիվանագիտության փորձ ունեցող պետությանը ու նաև սովորեցնում, թե որն է նրա շահը։ Մի կողմ թողնենք անգամ այն, թե որքանով է նրա ասածն օբյեկտիվորեն ճիշտ կամ սխալ։ Այստեղ կարևորը նրա խոսքում Դավութօղլուին հղած անթաքույց ափսոսանքն է, որ Թուրքիան ժամանակին «ավելի իմաստուն» չի գտնվել և բաց է թողել տարածաշրջանում (նաև Հայաստանում) «ռուսական ազդեցության» փոխարեն «Թուրքիայի ազդեցությունը» հաստատելու եզակի շանսը։ Հետաքրքիր է՝ սա Վ.Մանուկյանի կողմնորոշո՞ւմն է, թե՞ պարզապես մարդն այդքա՜ն շոյվել ու հալվել է իր հետ հանդիպելու՝ Դավութօղլուի առաջարկից ու պարզապես հաճոյացել է նրան։
- See more at: http://www.ilur.am/news/view/22667.html#sthash.OTMHeHpC.dpuf
Վազգեն Մանուկյանի հիվանդությունը տարիքի հետ խորանում է
Թուրքիայի արտգործնախարար Դավիթօղլուն հանդիպել է Վազգեն Մանուկյանի հետ՝ ակամա նպաստելով «համաշխարհային ազգի առաջնորդի» խրոնիկ հիվանդության հերթական նոպայի բռնկմանը։ Վ. Մանուկյանը, մեկնաբանում է, թե Թուրքիայի արտաքին գործերի նախարարը կարեւոր է համարել «հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսել մի մարդու հետ, որն արտակարգ իրավիճակներում ղեկավարելու փորձ ունի (Ղարաբաղ» կոմիտեի ղեկավար, նորանկախ Հայաստանի առաջին վարչապետ, պատերազմի տարիներին՝ պաշտպանության նախարար)»:
Փակագծում առնված մի քանի բառանոց նախադասության մեջ նա երեք, մեղմ ասած, անճշտություն է թույլ տվել, ըստ էության՝ իրականության խեղաթյուրում կամ՝ պատմության կեղծում։ Մի բան է, երբ իշխանական հրահանգով կամ պատվերով պատմությունը (այդ թվում նաեւ «Ղարաբաղ» կոմիտեի) կեղծում է Գիտությունների ակադեմիայի կամ Երեւանի Պետական համալսարանի կողմից, մի այլ բան, երբ դա անում է «Ղարաբաղ» կոմիտեի անդամը։
(Ilur-ը ժամանակին տասնյակի չափ նյութերով անդրադարձել է Երեւանի պետական համալսարանի կողմից հրապարակված «Հայոց պատմություն» բուհական դասագրքում Ղարաբաղյան շարժման եւ Հայաստանի անկախության տարիների պատմության անամոթ ու հանցավոր կեղծման բազմաթիվ փաստերի ( http://www.ilur.am/news/view/3985.html , http://www.ilur.am/news/view/4082.html , http://www.ilur.am/news/view/4831.html , http://www.ilur.am/news/view/5442.html եւ այն)։Դա համարելով չափազանց վտանգավոր ինչպես այսօրվա կոնկրետ խնդիրների, այնպես էլ երիտասարդությանն ու ողջ հասարակության բարոյականության ու հոգեբանության տեսակետից, մենք շարունակելու ենք ուշադիր լինել այս երեւույթի նկատմամբ, անկախ այն բանից՝ դա արվում է դիտավորությամբ, թե՞ անտեղյակությամբ։ Տվյալ դեպքում անտեղյակությունը բացառվում է)։
Եւ այսպես՝ Վ. Մանուկյանն ասում է, թե ինքը՝  
1. Եղել է «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարը. 1988-ի Շարժման վետերանները շատ լավ հիշում են, որ Կոմիտեի առաջնային հատկանիշներից մեկն էլ այն էր, որ նա «ղեկավար» չուներ, ինչի մասին ոչ մեկ անգամ այն ժամանակ հայտարարվել է նաեւ հրապարակավ։ Որպես կոլեկտիվ ղեկավար մարմին այնքան ահռելի էր Կոմիտեի վաստակն ու հեղինակությունը (ինչն առ այսօր գնահատված չէ), որ 1990թ. ամռանը, Համաժողովրդական շարժման հաղթանակից հետո, Գերագույն խորհուրդ (այն ժամանակ այդպես էր կոչվում օրենսդիր մարմինը) ընտրված պատգամավորները հենց Կոմիտեին վստահեցին ԳԽ նախագահի թեկնածության որոշման հարցը (այն ժամանակ դա էր առաջին պաշտոնը, Հանրապետության նախագահի պաշտոն չկար)։ Պարզ է չէ՞, որ պատմականորեն, իրոք, ահռելի գործ արած մարմինը, եթե ունեցած լիներ անձ ղեկավար, ապա հենց նրա թեկնածությունն էլ արժանիորեն կառաջադրեին հանրապետության թիվ 1. պաշտոնում։ Գուցեեւ՝ առանց քվեարկության։ Բայց որովհետեւ այդպես չէր, Կոմիտեի անդամները փակ քվեարկություն կատարեցին եւ իրենց կողմից առաջադրված երկու թեկնածուներից ընտրեցին ոչ թե Վ. Մանուկյանին, այլ Լեւոն Տեր-Պետրոսյանին։
Տարիներ անց Վ. Մանուկյանը մտահղացավ իրեն վերագրել «Ղարաբաղ» կոմիտեի  «կորդինատորի» ստատուսը։ Կոմիտեի նրա գործընկերներից  մի քանիսը բացահայտեցին այդ «կորդինատորության» էությունը. Կոմիտեն նիստեր անցկացնելու համար հատուկ տեղ չուներ, որը ե՛ւ հարմար լիներ, ե՛ւ ապահով (ԿԳԲ-ի լսումներից), ե՛ւ մոտ Ազատության հրապարակին։ Ուստի որպես այդպիսին օգտագործվում էին Բաբկեն Արարքցյանի, իսկ ավելի հաճախ՝ Վ. Մանուկյանի բնակարանը, որն ավելի ընդարձակ էր։ Ելնելով հասկանալի էթիկետից, նիստերի օրն ու ժամը նախապես ճշտվում էր բնակարանի տիրոջ՝ Վ. Մանուկյանի հետ կամ ինքն էր նախապես ասում, թե որ օրն ու ժամն է հարմար։ Ընդամենն այսքանն է եղել «կորդինացման» էությունը։ Հիմա, չբավարարվելով անգամ հետին թվով «կորդինատոր» ինքնահռչակմամբ, Վ. Մանուկյանը իրեն հայտարարում է «Ղարաբաղ» կոմիտեի «ղեկավար»։
2. Եղել է Հայաստանի առաջին վարչապետը. 1990թ. օգոստոսի 23-ին ՀԽՍՀ ԳԽ-ը ընդունեց «Հռչակագիրը Հայաստանի Անկախության մասին» փաստաթուղթը, որը հռչակեց «անկախության գործընթացի սկիզբ» (անկախությունը հռչակվեց  մեկ տարի անց՝ 1991թ. սապտամբերի 21-ի հանրաքվեի արդյունքներով)։ Չնայած այդ փաստաթղթով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը (ՀԽՍՀ) վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն, սակայն այն շարունակում էր մնալ ԽՍՀՄ կազմում որպես խորհրդային հանրապետություն։ Նրա գործադիր իշխանությունը պաշտոնապես կոչվում էր «Մինիստրների խորհուրդ», դրա ղեկավարն էլ՝ «Մինիստրների խորհրդի նախագահ»։ Գործադիր իշխանության ղեկավարը պաշտոնապես վարչապետ կոչվեց Անկախության հանրաքվեից հետո։ Վ. Մանուկյանը Մինիստրների խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարական տվեց 1991-ի սեպտեմբերի 26-ին։ Այնպես որ նա եղել է ոչ թե Հայաստանի առաջին վարչապետը, այլ Սովետական Հայաստանի Մինիստրների խորհրդի վերջին նախագահը։ Հենց այդ ստատուսով է նա ստորագրել կառավարության բազմաթիվ որոշումներ։ Դա պատմական փաստ է, եւ դրանում ոչ մի ամոթ բան չկա։
3. Պատերազմի տարիներին եղել պաշտպանության նախարար. Ընթերցողը սրանից այնպես է հասկանում, թե ողջ պատերազմի շրջանում Վ. Մանուկյանն է եղել Հայաստանի պաշտպանության նախարարը։ Մինչդեռ պատերազմն, ըստ էության, ձգվել է երեքուկես տարի, իսկ Վ. Մանուկյանն պաշտպանության նախարարի պաշտոնում եղել է միայն 10 ամիս (1992 հոկտ.-199 3 օգոստոս)։ Ինչը գրված է նաեւ իր կենսագրության մեջ։
***
 Նույն հարցազրույցում Վ. Մանուկյանը վերապատմում է, թե ինչ է ասել Դավիթօղլուն՝ կապված 1993-ին Հայ-թուրքական սահմանը փակելու հետ. «Խոսելով 1993 թ. մասին` հայտնեցի նաև իմ կարծիքը, որ այն ժամանակ Թուրքիան սխալվեց: Այդ տարածաշրջանում, որը Ռուսաստանի ազդեցության տակ էր, խորհրդային իշխանության փլուզումից հետո քաղաքական վակուում էր առաջացել: Եվ Թուրքիայի կողմից ավելի իմաստուն քաղաքականություն կլիներ, եթե փորձեր այդ վակուումը լրացնել իր ներկայությամբ»:
Մի կողմ թողնենք այն, որ Վ. Մանուկյանը «համաշխարհային ազգի առաջնորդի» իր բարձրունքից «սխալ է հանում» 700-ամյա պետական ավանդույթներ ու դիվանագիտության փորձ ունեցող պետությանը ու նաեւ սովորեցնում, թե որն է նրա շահը։ Մի կողմ թողնենք անգամ այն, թե որքանով է նրա ասածն օբյեկտիվորեն ճիշտ կամ սխալ։ Այստեղ կարեւորը նրա խոսքում Դավիթօղլուն հղած անթաքույց ափոսանքն է, որ Թուրքիան ժամանակին «ավելի իմաստուն» չի գտնվել եւ բաց է թողել տարածաշրջանում (նաեւ Հայաստանում) «ռուսական ազդեցության» փոխարեն «Թուրքիայի ազդեցությունը» հաստատելու եզակի շանսը։ Հետաքրքիր է՝ սա Վ.Մանուկյանի կողմնորոշո՞ւմն է, թե՞ պարզապես մարդը այդքա՜ն շոյվել ու հալվել է իր հետ հանդիպելու՝ Դավիթօղլու առաջարկից ու պարզապես հաճոյացել է նրան։

Tuesday, December 10, 2013

Բացատրությունը, այնուամենայնիվ, իշխանության օրինակարգության ու որակի մեջ է


Տասնամյակներ անց, երբ ներկա շրջանը կխմորվի, կդառնա իրական պատմություն, մասնագետներն այն կշարադրեն շատ թե քիչ օբյեկտիվ՝ առանց անձնական էմոցիաների, քաղաքական շահագրգռությունների ու «կենտրոնից» իջած հրահանգների։ Ու անխուսափելիորեն կարձանագրեն միմյանցից անհավատալիորեն, տրամագծորեն տարբեր երկու իրողություն. նո՛ւյն ժողովրդի նո՛ւյն սերնդի երկու վարքագիծ, երկու բնութագիր և երկու արդյունք՝ միմյանց անմիջապես հաջորդած երկու տասնամյակներում։
Առաջին իրողությունը 1988-ից համաժողովրդական անմնացորդ պայքարն էր՝ հանուն Լեռնային Ղարաբաղի, որպես ժողովրդավարության համար պայքարի առաջամարտիկ և առաջատար՝ ամբողջ երեք տարի ծառս եղած հզոր կայսրության դեմ։ Ապա տեղի ունեցավ ԽՍՀՄ փլուզումը։ Նորանկախ բոլոր հանրապետությունները հայտնվեցին պետական նոր կառույցների կայացման և տնտեսության կազմակերպման, արմատական վերափոխումների իրականացման լրջագույն մարտահրավերների առջև։ Ելակետային դժվարություններն ընդհանուր էին բոլորի համար։ Հայաստանը՝ ռեսուրսներով ամենափոքրերից մեկը, հանգամանքների բերումով, ի տարբերություն մյուսների, այդ պահին լրացուցիչ իր ուսերին ուներ՝
- աննախադեպ երկրաշարժից 1/3-ով հիմնահատակ ավերված երկիր՝ անօթևան մնացած կես միլիոն բնակչությամբ,
- 300.000-ի չափ մազապուրծ փախստականներ հարևան Ադրբեջանից,
- խուլ տնտեսական շրջափակում, որը նրան զրկվել էր դրսի հետ ցամաքային հաղորդակցության հնարավորությունների 90%-ից։
Այս խնդիրներից ամեն մեկը հենց նշված ծավալով լուրջ մարտահրավեր ու ծանր բեռ կլիներ եվրոպական ցանկացած զարգացած երկրի համար։
Հիմա այս ամենին ավելացրեք պատերազմը՝ մարդկային և նյութական ռեսուրսներով  մի քանի անգամ գերազանցող հակառակորդի դեմ։ Պատերազմը, բնականաբար, պիտի դառնար առաջնահերթություն։ Ռացիոնալ, անգամ ամենալավատեսական որևէ հաշվարկով անհնար էր պատկերացնել այն արդյունքները, հաղթական այն ավարտը, Ղարաբաղի համար ձեռք բերված անվտանգության և իրավական այն իրավիճակը, ինչում նա էր մի քանի տարի անց։ Դժվար է ասել, թե քանի դար հետո, առաջին անգամ, ողջ ժողովրդին համակած, նրա մտածողության ու ինքնության մաս դարձած՝ անօգնականի, խեղճի, թույլի ու զոհի բարդույթը ճաք տվեց, թափվեց. տեղի տվեց հաղթողի, ազգային հպարտության, ազգային և մարդկային արժանապատվության զգացումի առաջ։ Անհնար էր պատկերացնել, որ այդ դժվարություններով ու պատերազմով անցած երկիրը նույն ընթացքում դեռ պիտի կարողանա այնպիսի ներքին բարեկարգումներ անել, որ օտարների կողմից բնորոշվի որպես տարածաշրջանում «ժողովրդավարության կղզի»։
1996-ից կանգ առավ պատերազմի անխուսափելի ուղեկից արտագաղթը, և հաշվիչը սկսեց պտտվել հակառակ ուղղությամբ։
Անհավատալի այդ արդյունքը համաժողովրդական բացառիկ համախմբման, բացառիկ ջանքերի, ողջ ժողովրդի լավագույն որակների դրսևորման շնորհիվ էր։
Երկրորդ իրողությունն  սկսվում է 2000 թվականից՝ որպես ելակետ ունենալով նախորդ տարվա Հոկտեմբերի 27-ի արյունոտ ոճիրը։
 Բարձրագույն իշխանավորների կողմից երկրի ու ժողովրդի անմնացորդ թալան ու կողոպուտ՝ օրը ցերեկով, անթաքույց։ Հետո պիտի հրապարակվեն այդ կողոպուտի իրական ծավալները, պիտի իմանանք, որ Հայաստանում ամենահարուստ մարդիկ ամենաբարձր իշխանավորներն են, իսկ նրանց հարստությունը չափվում է միլիարդավոր դոլարներով։ Աղմկահարույց սպանությունների շարան, որոնք նաև հասարակությանը վախի մատնելու ընդհանրական խնդիր ունեին։ Դատական համակարգի այլասերում, ինչը մարդկանց պիտի հասկացներ, որ իզուր է իրավունք, արդարադատություն ու ապահովություն փնտրելը։ Տգիտության շքահանդես խորհրդարանում և իշխանության բարձր օղակներում, ինչով պիտի խրախուսվեր տգիտությունը կյանքի բոլոր բնագավառներում։ Ամենուր գլխիվայր շուռ է տրվում ավանդական արժեքային համակարգը։
Եւ ոչ պատերազմական պայմաններում՝ 1999թ. հոկտեմբերի 27-ի մեկնարկով, վերսկսվում արտագաղթը։ Մարտի 1-ով այն նոր թափ է առնում և արդեն հասել է աղետալի մակարդակի։ Հաղթանակից հետո 19-րդ տարում արտագաղթի ծավալը սպասվում է շատ ավելի, քան, թերևս, ղարաբաղյան ողջ պատերազմի ընթացքում՝ միասին վերցրած։ Վերջին 5-6 տարում արտագաղթի ծավալը շատ ավելին է, քան Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Հայաստանից՝ մինչև 1915թիվը։ Արտագաղթի պատճառները՝ սոցիալական կեղեքում սեփական իշխանության կողմից, իրավազրկում, մարդկային ու ազգային արժանապատվության ոտնահարում, անհեռանկար ապագա։
Ինչո՞ւ և ինչպե՞ս նույն ժողովուրդը, ըստ էության՝ նո՛ւյն սերունդը, առաջին դեպքում՝ ծանրագույն պայմաններում ցուցադրեց լավագույն որակներ, ունակ եղավ անօրինակ հերոսացումների, հասավ աներևակայելի արդյունքների, երկրորդ դեպքում, արդեն ազատված լուրջ խնդիրներից, կորցրեց ամեն ինչ։ Գուցե բացատրությունն ու պատճառը , այնուամենայնիվ, առաջնորդի, առաջնորդող ուժի, իշխանության օրինակարգության ու որակի մե՞ջ է


Tuesday, December 3, 2013

«Կուտակային» հանցագործություն սեփական ժողովրդի դեմ


Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքը վերաբերում է մինչեւ 40 տարեկան շուրջ 260 հազար աշխատողների։ Նրանց աշխատավարձերից նախատեսվող պարտադիր պահումները խոստանում են կենսաթոշակի տեսքով ետ տալ 25-45 տարի հետո։
Այս օրենքի դեմ ծավալված համատարած դժգոհության եւ բողոքի ալիքը երկու հիմք ունի, երկուսն էլ` անվիճելի, անսակարկելի, առարկայական։ Ավելին, այդ հիմքերից ամեն մեկն առանձին վերցրած` բավարար է այս «բարենորոգումը» ոչ թե մերժելու, այլ, մեղմ ասած, հակամարդկային ու հանցավոր համարելու համար։
Հիմք 1 
Ըստ պաշտոնական վիճակագրության` աղքատ է Հայաստանում մշտապես բնակվող 980 հազար մարդ, որի կեսից ավելին` շատ աղքատ (ամսական 30.500 դրամից ցածր) եւ ծայրահեղ աղքատ (ամսական 21.700 դրամից ցածր) եկամուտ ունեցողներն են, մյուս կեսը (ամսական 37.000 դրամից ցածր) աղքատների միջի «հարուստներն» են։ Նվազագույն աշխատավարձն էլ 35.000 դրամ է։
Հավաքենք կառավարության անդամներին մի փակ տարածքում եւ ստիպենք, որ նրանցից յուրաքանչյուրն իր մեկ ամսվա բոլոր տեսակի ծախսերը հոգա այս գումարներից թեկուզ ամենաբարձր` 37.000 դրամով։ Եւ նրանք, իրենց կաշվի վրա զգալով, կհամոզվեն, որ այս թվերը մարդուն ոչ թե հնարավորություն են տալիս թեկուզ աղքատ, շա՛տ աղքատ, ծայրահե՛ղ աղքատ ապրելու, այլ նրան տանում են արագ, ավելի՛ արագ եւ սրընթա՛ց մահվան։ Այսինքն՝ իրական աղքատության մակարդակը Հայաստանում կրկնակի, եռակի բարձր է։ Անգամ միջին աշխատավարձ (140.000 դրամ) ստացողը, եթե խնամքի տակ ունի եւս մեկ հոգի` աղքատ է։ Այսինքն՝ իրական աղքատների թիվը ոչ թե 980 հազար է, այլ դրա կրկնակին է։ Իրական աղքատության շեմից բարձր գտնվողներն էլ հարուստները չեն, այլ մի քիչ արժանապատիվ տարբերակով «ծայրը ծայրին հասցնողները»։ Այսինքն՝ մինչեւ 40 տարեկան 260.000 աշխատողների 99%-ի համար «կուտակայինի» պարտադիր այդ վճարները (ըստ աշխատավարձի չափի) լինելու են նրանց  կա՛մ սննդի, կա՛մ հագուստի, կա՛մ առողջության, կա՛մ հանգստի, կա՛մ ուսման, կա՛մ հոգեւոր պահանջների բավարարման, կա՛մ վերարտադրության (չամուսնանալու), կա՛մ երկուսի փոխարեն՝ մեկ, երեքի փոխարեն` երկու երեխա ունենալու հաշվին։
Պատկերավոր ասած՝
- Եթե ես այսօր, 25-30 տարեկան, պիտի թերսնվեմ, ծակ կոշիկ հագնեմ, չհետեւեմ առողջությանս, չսովորեմ, չկարողանամ կազմակերպել անձնական կյանքս, չկարողանամ երեխա պահել, բավարարել նվազագույն հոգեւոր պահանջներս, ինչ է թե՝ 65 տարեկանից հետո «ապահով ծերություն» պիտի ունենամ, թքա՛ծ նման ծերության վրա էլ, նման ապահովության վրա էլ, էդ ապահովության մասին հոգ տանողների վրա էլ։ Էդ ծերությանը կարող է չհասնե՛մ էլ...
Այսինքն՝ այնպիսի ցածր կենսամակարդակ ունեցող երկրում, ինչպիսին Հայաստանն է, պարտադիր «կուտակայինը» ոչ թե նույնիսկ չարիք, այլ ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ է սեփական ժողովրդի դեմ։
Հիմք 2
Երկրորդ հիմքն առաջինի հետ կապ չունի, լրիվ ինքնուրույն է եւ բավարար` նման մի նախագիծ մերժելու համար։ Դա գործող իշխանության որակն է, նրա վստահելիության աստիճանը։
Հայաստանում, 2000 թվականից ի վեր, բռնապետական իշխանության այն տեսակն է, որը պետականագիտության, քաղաքագիտության մեջ կոչվում է «կլեպտոկրատիա», բառացի թարգմանությամբ՝ «գողապետություն», արդեն ընդունված տերմինով՝ «ավազակապետություն»։ Հայաստանի իշխանության համար այս որակումը միջազգային ճանաչում ունի։ Այսօրինակ համակարգի առաջին գործառույթը գողանալն է՝ սկսած իշխանությունից (ընտրությունները կեղծելով, բռնությամբ, կաշառքով, սպանելով), վերջացրած` նյութական բարիքներով։
Իշխանության ներկայացուցիչները, ամենաբարձր պաշտոնը զբաղեցնողից սկսած, չեն էլ թաքցնում, որ իրենք գողանում են, կողոպտում երկիրն ու նրա ժողովրդին, յուրաքանչյուր քաղաքացու։ 2010 թվականին ռուսական կենտրոնական լրատվամիջոցներում հրապարակվեց Հայաստանի ամենակոռումպացված բարձրագույն պաշտոնյաների ցուցակը` իրենց ունեցվածքի ցանկով։ Այդ ցանկում Ս. Սարգսյանը երկրորդն էր։ Խոսքը միլիարդների (դոլարով) հասնող կողոպտած կարողության մասին էր։ Այսինքն՝ երկրի առաջին դեմքը (ու էլի 10-15 բարձրաստիճան իշխանավորներ) հրապարակավ մեղադրվել են կոռուպցիայի, գողության մեջ, եւ սրանցից ոչ մեկը չի բողոքել, դատի չի տվել լրատվամիջոցներին։
Բայց մի կողմ թողնենք այս` բոլորիս տեսանելի, բայց դեռ դատարանով ապացուցվելիք միլիարդները։ Նույն այդ պաշտոնյաները` Ս. Սարգսյանի գլխավորությամբ, անձամբ խոստովանագրեր են ստորագրել իրենց կատարած գողության մասին։ Դրանք տարեկան հայտարարագրերն են։ Ճիշտ է, դրանցում անհամեմատ համեստ թվեր են` հարյուր անգամ, հազար անգամ պակաս իրականից, բայց միեւնույն է` թվեր են, միլիոնավոր դոլարներ, որոնք նույն քրեական հոդվածի տակ են ընկնում ։
Ինչո՞ւ են իրենց ձեռքով նման բան գրել։ Որովհետեւ անգրագե՞տ են, որովհետեւ ցինիկ են եւ թքա՞ծ ունեն օրենքի վրա, որովհետեւ ուզում են կամաց-կամաց «լվանա՞լ» գողոնը։ Կարեւոր չէ։ Կարեւորն այն է, որ դրանով խոստովանել են իրենց գող լինելը։
Երբ բարձրագույն իշխանավորները գողանում են պետական բյուջեից կրկնակի մեծ գումար, երբ գողանում, մեջ-մեջ են անում Ազգային բանկի ոսկին, գողանում են երկրի ընդերքը, երբ ամեն րոպե գրպանիդ մեջ զգում ես նրանց ձեռքը, ի՞նչ վստահությամբ պիտի այդ նույն գողին պահ տաս ստացածդ աշխատավարձի մի մասը նույնպես` 25-40 տարի հետո ետ ստանալու հույսով։ Պարզ չէ՞ , թե հաջորդ օրն ում գրպանում պիտի հայտնվեն այդ գումարները։
Իսկ մուծումները թող կատարեն նրանք, ովքեր վստահում են Սաշիկի, Գալուստ Սահակյանի, Շարմազանովի, Աշոտյանի «ազնվազարմ» դեմքերով հանդես եկող այս ռեժիմին։