Friday, April 18, 2008

ՍԵՐԺԻԿ-ԽԱՄԱՃԻԿ


Նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ առաջին իսկ օրը տված հարցազրույցում արտահայտված մեղմ ասած հետաքրքիր մտքերին արդեն մի քանի անդրադարձ եղել է։ Եւ այնուամենայնիվ, շատ կարեւոր մի միտք դուրս է մնացել, գուցե այն պատճառով, որ այն ասված է սկզբում։ Հարցին՝ թե ինչու ընտրությունը կանգ առավ հենց իր թեկնածության վրա, նա պարզորոշ խոստովանում է, որ դա տեղի է ունեցել Ռ. Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի խորհրդակցության արդյունքում։
Ուշարդություն դարձրեք՝ ի՞նչ գործ ունի վարչապետի թեկնածության հարցի հետ Ռ. Քոչարյանը։ Իսկ Սահմանադրությո՞ւնը, օրենքնե՞րը, խորհրդարանական “Հանրապետական” մեծամասնությունը, մյուս ուժե՞րը, այսպես կոչված կոալիցիա՞ն։ Չէ՞ որ այս խնդիրը կարգավորվում է Սահմանադրությամբ։ Վարչապետի թեկնածության հետ կարող էր կապ ունենալ անգամ, թեկուզ փոքրաթիվ, միակ ընդդիմադիր “Ժառանգություն” խմբակցությունը, բայց ոչ երբեք արդեն պաշտոնաթող Ռ. Քոչարյանը։ Տիգրան Սարգսյանը շատ պարզ բան է ասում՝ որոշողները թքած ունեն այս ամենի վրա։ Վարչապետի թեկնածության խնդիրը լուծել է հենց Քոչարյանը՝ խորհրդակցելով Սերժ Սարգսյանի հետ։ Լավ է՝ որ խորհդակցել է, կարող էր նաեւ չխորհրդակցել։
Եւ ընդհանրապես՝ նայելով արդեն իսկ կատարված մի քանի նշանակումներին, կարելի է չկասկածել, թե իրականում ո՞վ է ձեւավորում կառավարությունը։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանը, ինչքան որ նրան հաջողվի մնալ այդ պաշտոնում, նախագահ է աշխատելու Ռ. Քոչարյանի մոտ։ Սրանով նաեւ հասկանալի է դառնում, թե ինչու էր Քոչարյանը այդպես խորհրդավոր խոսում պաշտոնաթողությունից հետո իր զբաղմունքի մասին։ Այսինքն՝ արդեն իսկ “ֆորպոստ” եւ “իզգոյ” դարձած Հայաստանը այսուհետեւ ունենալու է ոչ միայն ոչ լեգիտիմ, այլ նաեւ խամաճիկ նախագահ։
“Հայք”, 18.04.08
Ա.Ս.


Tuesday, April 15, 2008

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՈՐԱԿԸ


Մի կողմ թողնելով կամ “քցելով” իրեն անձնազոհաբար ծառայած, տասնյակ ու հարյուրավոր միլոն դոլարներ ծախսած օլիգարխներին ու արյուն թափած քրեականներին, Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակեց Տիգրան Սարգսյանին։ Իրեն թվում է, թե ընտրեց եղածի մեջ շատ թե քիչ “ներկայանալի” մի ֆիգուր։ Այս նշանակման առիթով գայթակղություն կարող էր լինել մանրամասնորեն անդրադառնալ նորանշանակ վարչապետի, ինչպես ասում են, ամբողջական դիմանկարին՝ սկսած նրա ղեկավարությամբ դրամ-դոլար աճպարարություններից մինչեւ նրա քաղաքական ու ոչ քաղաքական էկզոտիկ հակումները։ Սակայն հենց նշանակման օրը, առաջին իսկ հարցազրույցում, Տիգրան Սարգսյանը, ցուցադրելով իր ամենաառաջնային ներքին որակը՝ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, կանխեց նման որեւէ բազմակողմանի դիմանկար անելու իմաստը։
Եւ այսպես, լրագրողը, նկատի ունենալով այսօրվա ավելի քան 130 քաղբանտարկյալներին, մեկօրյա վարչապետին հարցնում է. “Իսկ էդ մտավորական տղերքի ձերբակալությունները, որոնց մեծ մասի հետ նաեւ ճամփա եք անցել, ձեզ չի՞ ցավեցնում”։ Տ. Սարգսյանը պատասխանում է. “Իմ սիրտը ցավում էր թե՛ այն ժամանակ, երբ իմ ընկերներ Դավիթ Վարդանյանին, Շավարշ Քոչարյանին, Արշակ Սադոյանին էին դաժանաբար ծեծի ենթարկում, ցավում է նաեւ այսօր” (“Առավոտ”, 12.04.08)։ Խոսքը վերաբերում է 1996թ. սեպտեմբերի 25-26-ին։ Մի կողմ թողնենք, սակայն, պատասխանի ենթատեքստը։ Փափկասիրտ վարչապետը, չգիտես ինչու չի հիշում, որ նախ՝ նույն իր իսկ թվարկած “ընկերների” գլխավորությամբ ու հրահանգով է, որ շատ ավելի դաժանաբար ծեծվեցին ու կիսամեռ վիճակում առեւանգվեցին Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանը եւ նրա տեղակալ Արա Սահակյանը։ Նրանց անունները չի հիշում, նրանց համար չարժեր, որ եւէ մեկի սիրտը ցավեր ո՛չ այն ժամանակ, ո՛չ հիմա։ Կամ՝ գուցե նման բան, ըստ Տ. Սարգսյանի, ընդհանրապես տեղի չի ունեցել, պարզապես ինչ-որ մարդիկ, առանց առիթի ու պատճառի, վերցրել ու ծեծել են իր խեղճ ընկերներին։
Ու, թերեւս, պատահական չէ, որ Տ. Սարգսյանը հենց առաջին հարցազրույցում ի հայտ բերեց իր առաջնային, հիմնական ներքին որակը, որ ամենամեղմ բառով է, որ բնորոշվում է որպես անբարոյականություն։ Այս դեպքում անիմաստ են դառնում մյուսների մասին խոսելը, քանզի մյուսներն ընդամենը ածանցյալ են առաջնայինից։ Իսկ դրանով թե՛ հշտությամբ բացատրելի է դառնում նրա “անցած ճանապարհը”, թե՛ կանխատեսելի՝ անցնելիքը։
Ա.Ս.
“Հայք” 13-15՞ 04.08