Նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ առաջին
իսկ օրը տված հարցազրույցում արտահայտված մեղմ ասած հետաքրքիր մտքերին արդեն մի քանի
անդրադարձ եղել է։ Եւ այնուամենայնիվ, շատ կարեւոր մի միտք դուրս է մնացել, գուցե այն
պատճառով, որ այն ասված է սկզբում։ Հարցին՝ թե ինչու ընտրությունը կանգ առավ հենց իր
թեկնածության վրա, նա պարզորոշ խոստովանում է, որ դա տեղի է ունեցել Ռ. Քոչարյանի եւ
Սերժ Սարգսյանի խորհրդակցության արդյունքում։
Ուշարդություն դարձրեք՝ ի՞նչ գործ ունի վարչապետի
թեկնածության հարցի հետ Ռ. Քոչարյանը։ Իսկ Սահմանադրությո՞ւնը, օրենքնե՞րը, խորհրդարանական
“Հանրապետական” մեծամասնությունը, մյուս ուժե՞րը, այսպես կոչված կոալիցիա՞ն։ Չէ՞ որ
այս խնդիրը կարգավորվում է Սահմանադրությամբ։ Վարչապետի թեկնածության հետ կարող էր
կապ ունենալ անգամ, թեկուզ փոքրաթիվ, միակ ընդդիմադիր “Ժառանգություն” խմբակցությունը,
բայց ոչ երբեք արդեն պաշտոնաթող Ռ. Քոչարյանը։ Տիգրան Սարգսյանը շատ պարզ բան է ասում՝
որոշողները թքած ունեն այս ամենի վրա։ Վարչապետի թեկնածության խնդիրը լուծել է հենց
Քոչարյանը՝ խորհրդակցելով Սերժ Սարգսյանի հետ։ Լավ է՝ որ խորհդակցել է, կարող էր նաեւ
չխորհրդակցել։
Եւ ընդհանրապես՝ նայելով արդեն իսկ կատարված
մի քանի նշանակումներին, կարելի է չկասկածել, թե իրականում ո՞վ է ձեւավորում կառավարությունը։
Այսինքն՝ Սերժ Սարգսյանը, ինչքան որ նրան հաջողվի մնալ այդ պաշտոնում, նախագահ է աշխատելու
Ռ. Քոչարյանի մոտ։ Սրանով նաեւ հասկանալի է դառնում, թե ինչու էր Քոչարյանը այդպես
խորհրդավոր խոսում պաշտոնաթողությունից հետո իր զբաղմունքի մասին։ Այսինքն՝ արդեն իսկ
“ֆորպոստ” եւ “իզգոյ” դարձած Հայաստանը այսուհետեւ ունենալու է ոչ միայն ոչ լեգիտիմ,
այլ նաեւ խամաճիկ նախագահ։
“Հայք”, 18.04.08
Ա.Ս.
No comments:
Post a Comment