Tuesday, April 15, 2008

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՈՐԱԿԸ


Մի կողմ թողնելով կամ “քցելով” իրեն անձնազոհաբար ծառայած, տասնյակ ու հարյուրավոր միլոն դոլարներ ծախսած օլիգարխներին ու արյուն թափած քրեականներին, Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակեց Տիգրան Սարգսյանին։ Իրեն թվում է, թե ընտրեց եղածի մեջ շատ թե քիչ “ներկայանալի” մի ֆիգուր։ Այս նշանակման առիթով գայթակղություն կարող էր լինել մանրամասնորեն անդրադառնալ նորանշանակ վարչապետի, ինչպես ասում են, ամբողջական դիմանկարին՝ սկսած նրա ղեկավարությամբ դրամ-դոլար աճպարարություններից մինչեւ նրա քաղաքական ու ոչ քաղաքական էկզոտիկ հակումները։ Սակայն հենց նշանակման օրը, առաջին իսկ հարցազրույցում, Տիգրան Սարգսյանը, ցուցադրելով իր ամենաառաջնային ներքին որակը՝ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, կանխեց նման որեւէ բազմակողմանի դիմանկար անելու իմաստը։
Եւ այսպես, լրագրողը, նկատի ունենալով այսօրվա ավելի քան 130 քաղբանտարկյալներին, մեկօրյա վարչապետին հարցնում է. “Իսկ էդ մտավորական տղերքի ձերբակալությունները, որոնց մեծ մասի հետ նաեւ ճամփա եք անցել, ձեզ չի՞ ցավեցնում”։ Տ. Սարգսյանը պատասխանում է. “Իմ սիրտը ցավում էր թե՛ այն ժամանակ, երբ իմ ընկերներ Դավիթ Վարդանյանին, Շավարշ Քոչարյանին, Արշակ Սադոյանին էին դաժանաբար ծեծի ենթարկում, ցավում է նաեւ այսօր” (“Առավոտ”, 12.04.08)։ Խոսքը վերաբերում է 1996թ. սեպտեմբերի 25-26-ին։ Մի կողմ թողնենք, սակայն, պատասխանի ենթատեքստը։ Փափկասիրտ վարչապետը, չգիտես ինչու չի հիշում, որ նախ՝ նույն իր իսկ թվարկած “ընկերների” գլխավորությամբ ու հրահանգով է, որ շատ ավելի դաժանաբար ծեծվեցին ու կիսամեռ վիճակում առեւանգվեցին Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանը եւ նրա տեղակալ Արա Սահակյանը։ Նրանց անունները չի հիշում, նրանց համար չարժեր, որ եւէ մեկի սիրտը ցավեր ո՛չ այն ժամանակ, ո՛չ հիմա։ Կամ՝ գուցե նման բան, ըստ Տ. Սարգսյանի, ընդհանրապես տեղի չի ունեցել, պարզապես ինչ-որ մարդիկ, առանց առիթի ու պատճառի, վերցրել ու ծեծել են իր խեղճ ընկերներին։
Ու, թերեւս, պատահական չէ, որ Տ. Սարգսյանը հենց առաջին հարցազրույցում ի հայտ բերեց իր առաջնային, հիմնական ներքին որակը, որ ամենամեղմ բառով է, որ բնորոշվում է որպես անբարոյականություն։ Այս դեպքում անիմաստ են դառնում մյուսների մասին խոսելը, քանզի մյուսներն ընդամենը ածանցյալ են առաջնայինից։ Իսկ դրանով թե՛ հշտությամբ բացատրելի է դառնում նրա “անցած ճանապարհը”, թե՛ կանխատեսելի՝ անցնելիքը։
Ա.Ս.
“Հայք” 13-15՞ 04.08


No comments:

Post a Comment