Համաժողովրդական շարժման գնահատականը ԵԽԽՎ-ի 1620 բանաձեւին երկակի էին. մասամբ՝
դրական, մասամբ՝ բացասական։ Չարդարացա՞ն մեր սպասելիքները եւրոպական “արդարադատությունից”։
Ինչպես այդ, այնպես էլ նախորդ բանաձեւը կարող
էին նաեւ չլինել, եթե չլիներ Շարժման անկոտրում պայքարը։ Մենք իրավացիորեն համարում
էինք, որ Եւրոպայի Խորհուրդը, որպես օրբիտր, պետք է ելնի իր հռչակած սկզբունքներից,
իր ստանձնած պարտավորություններից, լինի անաչառ իր գնահատականներում ու գործողություններում։
Ըստ էության մենք բախվեցինք երկու Եւրոպայի հետ։ Որքանով մենք հանդիպեցինք Եւրոպային որպես քաղաքակրթության,
համամարդկային արժեքների կրողի, այդքանով մեր բարձրացրած խնդիրները այստեղ համապատասխան
արձագանք ու արդյունք ունեցան։ Որքանով այդ Եւրոպան կամ նրա կառույցները նաեւ բյուրոկրատացված
են, ընդհուպ՝ կոռումպացված, կամ՝ հռչակված արժեքների քողի տակ իրականում հետապնդվում
են նաեւ որոշ երկրների քաղաքական շահեր, այդքանով դեռ խնդիրներ ունենք։
Անհեթեթ չէ՞ր՝ “անբավարար” գնահետելով իրենց նախորդ 1609 բանաձեւի պահանջների կատարումը,
նոր ժամանակ տալ Հայաստանի վարչախմբին եւ պատժամիջոցներ չկիրառել։
Նման
տրամաբանություն ես հիշում եմ “Սինյոր Ռոբինզոնը” կատակերգական ֆիլմից։ Ռոբինզոնը
“Ուրբաթի” վայրի ցեղի ցեղապետից խնդրում է նրա ձեռքը։ Ցեղապետը որոշում կայացնելու
համար մրցություններ է կազմակերպում Ռոբինզոնի եւ “Ուրբաթի” հետ ամուսնանալ հավակնող
իր ցեղակից մի այլ տղամարդու հետ՝ որոշելու համար հաղթողին։ Ոչ մեկը չի կասկածում,
որ մրցությունը նրա համար է, որ հաղթողը տիրանա “Ուրբաթին”։ Սինյոր Ռոբինզոնը բոլոր
դեպքերում պարտվում է՝ “անբավարար” է ստանում։ Բայց վերջում “վոժդը” հայտարարում է
իր խիստ “տրաբանական” վճիռը. քանի որ Ռոբինզոնը որպես տղամարդ կամքի, քաջության, ճարպկության
եւ այլ ասպարազներում թույլ է եւ կարիք ունի հոգատարության ու խրախուսանքի, ուրեմն
հենց նրան պետք է ամուսնանա “Ուրբաթի” հետ, որպեսզի խրախուսվի եւ վերջինիս օգնությամբ
այդ պակասները կարողանա լրացնել։ Ճիշտ նույնպիսին էր ԵԽԽՎ-ի տրամաբանությունը. քանի
որ Հայաստանի վարչախումբը քաղաքական կամքի, ժողովրդավարության ապահովման եւ այլ ասպարեզներում
թուլության խնդիրներ ունի, ուրեմն նրան պետք է ոչ թե պատժել, այլ խրախուսել՝ նոր ժամկետներ
եւ իշխելու հնարավորություն տալով, որ կարողանա հաղթահարել իր թուլությունները։ Այնպես
որ՝ եթե քարե դանակից մինչեւ գերժամանակակից համակարգիչ մարդկությունը հսկայական ճանապարհ
է անցել, ապա տրամաբանության հարցում կարծես թե այդ ճանապարհն այնքան էլ մեծ չէ։
Այսինքն՝ հավասարապես սխալ է Եւրոպան ե՛ւ անվերապահ
իդեալականացնելը, ե՛ւ անվերապահ փնովելը։ Եթե հատկապես այստեղ է կուտակված համամարդակային
դրականը, ապա հաճախ այստեղ է կուտակվում նաեւ բացասականը։ 1988-90 թթ. Հայկական ժողովրդավարական
շարժումը դարձավ այն հիմնական գործոններից մեկը, որն իր պայքարով ոչ միայն ցուցադրեց
Խորհրդային համակարգի փտածությունը, այլեւ ակտիվորեն նպաստեց դրա կազմաքանդմանը։ Հայաստանի
այսօրվա, երկրորդ ժողովրդավարական շարժումը կարող է նույն դերը կատարել Եւրոպայի համար
ու նպաստել նրա որոշ կառույցների ապաբյուրոկրատացմանն ու արմատական բարեփոխմանը։
Մի այլ խնդրի մասին. Շարժումը խիստ քննադատության ենթարկեց Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝
Ցեղասպանության խնդրի հետ կապված հայ եւ թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու
մասին։ ժամանակից շուտ չէ՞ր այդքան խիստ քննադատությունը։ Չէ՞ որ սա ընդամենը մի հայտարարություն
է, որին կարող է, Թուրքիան, օրինակ, չարձագանքել եւ ամեն ինչ մնա նույնությամբ։
Ամենեւին ոչ։ Այն հայտարարվելու պահից արդեն
իսկ սկսել է գործել՝ անկախ Թուրքիայի պատասխանից։ Թուրքական լոբբին հիմա արդեն այն
որպես իր երազած լավագույն փաստարկ կարող է ծառայեցնել այն կառավավարությունների վրա
ազդելու համար, որոնք կարող էին լինել Հայոց ցեղասպանության հերթական ճանաչողներ։ Տրամաբանությունը
շատ պարզ է. Հայաստանի ղեկավարը ասում է՝ բացեք ճանապարհները եւ մենք դրա փոխարեն կհամաձայնենք
ստեղծել պատմաբանների համատեղ հանձնաժողով պատմական փաստերն ուսումնասիրելու եւ իրողությունը
պարզելու համար։ Այսինքն՝ առեւտուր է արվում, եւ այն էլ ամենեւին ոչ քաղաքական առեւտուր։
Եւ Թուրքիան կասի՝ տեսեք, հայերն ընդամենը առեւտուր են անում. ճանապահրները բացելու
դիմաց պատրաստ են հանձնաժողով ստեղծել պատմական փաստերն ստուգելու ու պարզելու համար։
Ուրեմն այն ինչ իրենք պատմական իրողություն են հայտարարում, իրենք էլ գիտեն, որ դա
այդպես չէ, ընդամենն ուզում են դրանից օգուտ քաղել, իսկ դուք դա ուզում եք ճանաչել
որպես անսակարկելի իրողություն։
Կամ՝ եթե Թուրքիան մի քիչ ավելին առաջարկի,
քան ճանապարհների բացելը, կարելի՞ է դրա դիմաց, ասենք, պատմաբանների մի հանձնաժողով
էլ ստեղծել պարզելու համար Արեւմտյան Հայաստանում հայերն են բնիկներ եղել, թե թուրքերը,
կամ՝ այնտեղ գտնվող մեր մշակույթի հուշարձանները հայկական են, թե՞ “քրիստոնեացած թուրքերն”
են կառուցել։ Չէ՞ որ հայերի բնիկ լինելն ու հուշարձանների հայկական լինելը եւ այլն
նույնպիսի պատմական իրողություններ են, ինչպես Ցեղասպանությունը։ Եւ չէ՞ որ այս ամենն
անբարոյականություն է։ Իսկ քաղաքականությունն, այնուամենայնիվ, անբարոյականություն
չէ, եթե, իհարկե, դրանով այդպիսի մարդիկ չեն զբաղվում։
Ոմանք համարում են, թե այդպիսի մի հանձնաժողովից մենք մտավախություն չունենք։ Չէ՞
որ որեւէ փաստաթղթով անհնար կլինի հակառակն ապացուցել։
Պատկերացրեք՝ մարդուն ասում են, թե նա ոչ թե
մարդ է, այլ ուղտ։ Մարդը ոչ մի կերպ չի համաձայնում, հետո նրան ասում են՝ արի կենդանաբանների
համատեղ հանձնաժողով կազմենք, թող հանձնաժողովը ուսումնասիրի ու որոշի։ Եւ նա համաձայնում
է։ Համաձայնելու պահից նա արդեն, իրոք, ոչ թե մարդ է, այլ, ըստ էության, ուղտ։
Կարելի է՞ ասել, որ Ռ. Քոչարյանն ավելի հեռատես է եղել, որ Էրդողանի՝ երեք տարի
առաջ արած այս առաջարկը չի ընդունել։
Ո՛չ, չի կարելի։ Ես չեմ կարծում, թե նրանցից
որեւէ մեկի համար արժե այդ բառն օգտագործել, քանզի բոլորովին այլ են նրանց ելակետերը։
Իսկ այս ասպարեզում Ռ. Քոչարյանն էլ է իր ծանրակշիռ “նպաստը” ժամանակին բերել։ Նա էլ
թուրք լրագրողին տված իր մի հարցազրույցում հայտարարել էր, թե Հայաստանը Թուրքիայից
հողային պահանջ չունի։ Իր ժամանակ դա մեծ աղմուկ հանեց։ Եւ այդ աղմուկ հանողը կրկին
“ապազգային” ուժերն էին, իսկ իսկ խիստ ազգային դաշնակցական գաղափարախոսները նետվեցին
պաշտպանելու Քոչարյանին։ Հիմա էլ նրանք ծպտուն չեն հանում։ Իսկ հիշո՞ւմ եք ինչ համաշխարհային
աղմուկ էին հանում, երբ Լեւոն Տեր-պետրոսյանն էր ժամանակին խոսում առանց նախապայմանների
հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին։ Համաձայն էին Հայաստանը պատերազմական
տարիներին սովի մատնել՝ համարելով, թե Թուրքիայի ճանապարհներով հաց բերելը կվնասի
“Հայ դատին”։ Հիմա Քոչարյանը հայտարարել է, թ հայաստանը հողային պահանջներ չունի Թուրքիայից,
Սերժ Սարգսյանն էլ իր այս հայտարարությամբ ըստ էության կասկածի տակ դրեց Ցեղասպանության
իրողությունը։ Դրանով “Հայ դատը” պրծավ, իսկ նրա հարյուրամյան “արթուն պահապանները”
ինչ-որ քնած են։
Եւ ինչո՞ւ այդ հայտարարությունը Սերժ Սարգսյանը արեց հատկապես Ռուսաստան կատարած
այցի ժամանակ։
Ճիշտ կլինի այդ հարցն իրեն տալ։ Չնայած, հարցն
արդեն իսկ հռետորական է. չի բացառվում, որ դա եղել է Ռուսաստանի պահանջով։ Գուցե նաեւ
հենց այդ հայտարարությունն է եղել այն պայմաններից մեկը, առանց որի տվյալ պաշտոնական
այցը տեղի չէր ունենա։ Համենայնդեպս հիշենք, որ Ս. Պետերբուրգում Մեդվեդեւը նրան Ռուսաստան
այցելելու հեռու ու անորոշ ժամանակ մատնանշող հրավեր էր արել՝ “մոտակա ամիսներին”,
մինչդեռ հայկական կողմը նախապես հայտարարել եւ ամեն ինչ անում էր, որ նման այց, որպես
Սերժ Սարգսյանի “լեգիտիմությունն ամրացնող” միջոցառում, կայանա օր առաջ։ Երեւի շատ
են խնդրել, նրանք էլ պայման են դրել։ Իսկ թե ինչու կարող էին նման պայման դնել, այլ
խնդիր է։ Համենայնդեպս, կարելի է չկասկածել, որ պետականության դարավոր ավանդույթ եւ
դիվանագիտության փորձ ունեցող Ռուսաստանը շատ լավ է հասկանում սեփական շահերը։ Մեր
խնդիրը մեր իշխանության վարքագիծն է, որ տվյալ դեպքում խնդիրներ ունի արդեն ոչ թե բարոյականության,
այլ նաեւ Քրեական օրենսգրքի հետ։
«ժԱՄԱՆԱԿ ԵՐԵՒԱՆ», 09.07.08
No comments:
Post a Comment