Wednesday, July 30, 2008

Հարցազրույց

“Հայք”, 30.7.2008

Մամուլում վերջին շրջանում հաճախ է խոսվում այն մասին, որ Ռ. Քոչարյանը դեռ չի կորցրել իր հույսերը իշխանության վերադառնալու հարցում։ Ձեր կարծիքով հնարավո՞ր է, որ նա նման հույսեր է փայփայում։
Եթե վերանանք անձից ու դրդապատճառներից, նման ծրագրի մեջ դատապարտելի որեւէ բան չկա, եթե խոսքը իրական քաղաքական գործչի մասին է։ Բայց հատկապես այս դեպքում անձից վերանալն անհնարին է, եւ խոսքն էլ քաղաքական գործչի մասին չէ։ Իսկ խոսակցություններն էլ միայն վերջին շրջանում չէ, որ տարածվում են։ Այն հիմնական նպատակը, ինչի համար Քոչարյանն օգտագործերց իր իշխանությունը, եւ այն մեթոդները, որոնցով նա իշխանության հասավ ու կառավարեց ուղղված էին բացառապես սեփական անձի հիվանդագին ամբիցիաները բավարարելուն։ Ու քանի որ այդ ամբիցիաները հիվանդագին դրսեւորումներ ունեն, դրանց բավարարումը գործնականում անհնար է։ Սա այն հոգեբանական հիմքն է, որը տվյալ անձին պետք է ստիպի մշտապես ու ամեն գնով ձգտել գերագույն իշխանության։ Բայց սա միակ հիմքը չէ։ Հոգեբանականից բացի գոյություն ունի նաեւ առարկայական հիմք։ Իր գործունեության ընթացքում Քոչարյանի անվան հետ են կապվել բազմաթիվ հանցագործություններ, օրենքների ու Սահմանադրության խախտումներ։ Դրանց մի մասը ակնհայտ են այնքան, եւ անգամ դատական քննության ու ապացուցման կարիք չունեն, մյուս մասը՝ հասարակության պատկերացումներում ամուր նստած են ու որեւէ նորմալ իշխանության պայմաններում անպայման դատական քննության առարկա պետք է դառնան։ Այս հեռանկարից խուսափելու միակ ճանապարհը իշխանության լծակները բաց չթողնելը, կրկին իշխանության գալն է։ Հակառակ դեպքում ամեն ինչ կործանվում է, գուցեւ շատ վատ վերջաբանով։

Ինչպես կմեկնաբանեք Քոչարյանի հայտարարությունը, որ եթե ինքը լիներ Նախագահ, ապա “Տեր-Պետրոսյանին նստեցրած կլիներ եւ այդպես կուղղեր իր 1998 թ. սխալը”։
Կմեկնաբանեմ որպես դատարկ, ճարահատ, ծիծաղելի հոխորտանք։ Իրականությունն այն է, որ իր լիակատար իշխանավարության ողջ ընթացքում Քոչարյանի թիվ մեկ խնդիրը (առանց չափազանցնելու) եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ որեւէ բան գտնելը։ Ու չի գտել։ Առաջին նախագահը այս բանը շատ լավ գիտեր, եւ այդ մասին ասել է հանրահավաքային իր ելույթներից մեկում։ Բայց, վստահ եմ, Քոչարյանը իր այս խոսքում նկատի չունի օրենքն ու օրինախախտումը, նկատի չունի, թե դրա համար եղել են հիմքեր ու ափսոսում է, որ ժամանակին այդ հիմքերը չի օգտագործել։ Նա նկատի ունի, որ եթե ինքը Նախագահ է, ուրեմն ամեն ինչ կարող է անել, կարող է հրամայել այսինչին նստեցնել ու վերջ։ Կարող է հրահանգել Պողոս Պողոսյանին սպանել եւ վերջ, դա իր իրավունքն է։ Ճիշտ այդպես՝ կարող էր հրամայել մարտի 1-ին կրակել, հարյուրավոր մարդկանց ձերբակալել, հազարարվորների հալածել... Քոչարյանը դրանով պարզապես ապացուցում է, որ իր ստեղծած ռեժիմին տրված ավազակապետական ու մոնղոլ-թաթարական բնորոշումները ճշգրին են ու գիտականորեն հիմնավորված։

Վերջին օրերին կրկին խոսվում է երրորդ ուժ ձեւավորելու մասին։ Որքանո՞վ է իրատեսական երրորդ ուժը։
Ներկա վարչախմբի զինանոցն իրականում սարսափելի աղքատ է։ Այդ զինանոցի ամենաարդյունավետ, գուցե եւ միակ արդյունավետ զենքը, միջոցը, կեղծ ընդդիմության գործիքն էր։ Եւ իրոք, այն 10 տարի շարունակ լավ աշխատեց։ Էությունը հետեւյալն էր. պետք է ոչ միայն վարձու ներբողագիրներ ունենալ, այլ նաեւ վարձու հայհոյողներ։ Վերջիններս շատ ավելի կարեւոր են, քանզի ապակողմնորոշում են հասարակության դժգոհ մասին ու նաեւ կառավարելի են։ Սակայն վերջին ընտրությունների ժամանակ, Համաժողովրդական շարժման շնորհիվ այն ջարդուփշուր եղավ։ Բարոյապես մեռան, ոչնչացան այն գործիչներն ու քաղաքական ուժերը, ովքեր համաձայնեցին վճարի դիմաց խաղալ այդ ամոթալի դերը։ Հիմա իր այս թանկարժեք գործիքը կորցրած վարչախումբը, բնականաբար, պետք է մտմտա դրանից նորը պատրաստել։ Կգտնվե՞ն մարդիկ կամ ուժեր, որոնք կհամաձայնեն անցնել նման ամոթալի ծառայության, թեկուզ՝ մեծ վճարի դիմաց։ Չգիտեմ։ Յուրաքանչյուրը բարոյականության մասին ունի իր պատկերացումները եւ սահմանումը։ Իմ կարծիքով նոր քաղաքական ու բարոյական ինքնասպեններ չեն գտնվի։ Իմ այս խոսքը երրորդ մի ուժի առաջացման հնարավորության մասին, անշուշտ, վերաբարում է տվյալ պահին, տվյալ քաղաքական իրավիճակին, երբ պայքարը ձեւով քաղաքական է, բովանդակությամբ՝ ազգային- ազատագրական։ Ազգային-ազատագրական պայքարի ժամանակ, որպես կանոն, երրորդ ուժ չի լինում։

Սերժ Սարգսյանն իր ասուլիսի ժամանակ հերքեց այն լուրերը, թե այսօր երկիրն իրականում ոչ թե ինքն է ղեկավարում, այլ՝ Քոչարյանը։ Մինչդեռ ընդդիմադիր տարբեր գործիչներ պնդում են հակառակի մասին։
Իրողությունն այնքան ակնհայտ է, որ պետք չէ գործիչ, կամ ընդդիմադիր գործիչ լինել դա նկատելու համար։ Դա նկատում են բոլորը։ Ընդ որում՝ զուգահեռ տարածվող այն խոսակցությունները, թե այս երկուսի հարաբերություններում նաեւ խնդիրներ կան, ամենեւին դրա դեմ չի խոսում։ Դա պարզապես նշանակում է, որ Քոչարյանը դեռեւս շարունակում է պարտադրել, թելադրել, ու նրա թելադրանքն անցնում է։ Իսկ թե ինչու է անցնում, դա յլ հարց է։ Եւ այդ ենթադրությունը միայն իրողություններից ու ակնհայտ փաստերից չէ, որ կարելի է արտածել։ Տեղի է ունենում ինֆորմացիայի հսկայական արտահոսք. իրողություններին ամեն օր մասնակից, ականատաս ու ականջալուր են լինում բարձրաստիճան ու միջին մակարդակի հարյուրավոր պաշտոնյաներ, որոնք, մեղմ ասած, այնքան էլ հիացած չեն այս վարչախմբով։ Ու հենց նրանց միջոցով այդ տեղեկությունները շատ արագ դառնում են շատերի սեփականությունը։ Ըստ այդմ՝ կառավարությունում Արմեն Գեւորգյանի դեմքով նստած է Ռ. Քոչարյանը, եւ բոլորի միաբերան վկայությամբ օժտված է անսահմանափակ լիազորություններով եւ Տիգրան Սարգսյանի նկատմամբ լիակատար վերահսկողությամբ։ Հստակ քոչարյանական “պրոյեկտ” է նաեւ Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ դարձնելու գործընթացը։ Խնդիրն այն է, որ հրաժարականի կամ այլ անակնկալ հանգամանքով Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, արտահերթ ընտրությունների շրջանում որպես Նախագահի պաշտոնակատար անվստահելի է “հին հանրապետական” Տ. Թորոսյանը։ Մինչդեռ Հովիկ Աբրահամյանը, որ “Քոչարյանի մարդն է”, գաղափարական ու բարոյական “բզիկներ” չունի, ամեն ինչի ընդունակ է, ուստիեւ՝ շատ ավելի վստահելի։

Պաշտոնավարման 100 օրվա առթիվ իր ասուլիսում Սերժ Սարգսյանը թեեւ հայտարարեց, որ ինքը թեեւ ուզում է երկխոսել ոչ թե Տեր-Պետրոսյանի, այլ ժողովրդի հետ։ Եւ հիմնավորեց այսպես. “Ինչի՞ մասին մենք պետք է երկխոսենք։ Եթե մարդկանց պահանջը, նպատակը նոր ընտրությունների անցկացնելն է, ինչի՞ մասին մենք պետք է երկխոսենք. թե ե՞րբ անցկացնենք այդ ընտրությունները... Ես արդեն հոգնել եմ ընտրություններից”։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա ասածները։

Բնական է, որ Սերժ Սարգսյանը չի ընկալում կամ չի ուզում ընկալել, որ խոսքը ոչ թե կենցաղային իմաստով “երկխոսության” մասին է, այլ քաղաքական։ Ինչ վերաբերում է ժողովրդի կամ հասարակության հետ նրա երկխոսությանը, ապա դա, իրոք կայանում է. նա հեռուստացույցով խոսում է, հեռուստադիտողը ի պատասխան՝ նրան հայհոյում է։ Երկուսն էլ խոսում են, ուրեմն եւ ստացվեց երկխոսություն։ Յուրաքանչյուրն իր տանը նստած ինչքան ուզում է թող հայհոյի, դա նրան ձեռք է տալիս։ Միայն թե փողոց դուրս չգան։ Ինչ վերաբերում է նոր ընտրություններ անցկացնելուն։ Սերժ Սարգսյանը չի տարբերակում միջոցն ու նպատակը։ Նպատակը օրինական, չկեղծված ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանության ձեւավորումն է, իսկ նոր ընտրությունները ընդամենը միջոց է դրան հասնելու համար։ Նա, մեղմ ասած, գողացել է Սահմանադրությամբ ժողովրդին պատկանող իշխանությունը։ Ոչ թե գողացել, այլ հափշտակել է, օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ։ Հայաստանում չկա մեկը, ինքը՝ Սերժ Սարգսյանը ներառյալ, որ այլ կերպ է մտածում։ Պարզապես հասրակության մի փոքր մասը (ներառյալ ինքը՝ Ս. Սարգսյանը) ասում է՝ “կարողացել է՝ լավ է արել”, մի փոքր մասը անտարբեր է, իսկ մեծագույն մասը չի ուզում դա հանդուրժում ու չի հանդուրժելու։ Եւ ստեղծվել է բնական քաղաքական ճգնաժամ, որից ելքը՝ իրոք երկխոսությունը, բանակցությունն է իր՝ Ս. Սարգսյանի եւ հասարակության այդ մեծագույն մասի ներկայացուցչի միջեւ։

Ներկա փուլում ինչպե՞ս կգնահատեք Համաժողովրդական շարժման պայքարի ընթացքը։
Գերազանց։ Այն ինչ տեղի է ունենում Հայաստանում, քաղաքական ուժերի պարզ մրցակցություն չէ իշխանության համար։ Դա իրոք ազգային-ազատագրական պայքար, եթե կուզեք՝ պատերազմ է։ Ընդունված է, որ ազգային-ազատագրական պայքարն ուղղված պետք է լինի օտարազգի տիրապետության դեմ։ Բնական է, քանզի օտարի լուծն է, որ հատկապես դաժան է լինում ու ստորացուցիչ։ Եթե իշխանությունը իրեն պահում է ճիշտ օտարի նման եւ ավելի վատ, նրա դեմ պայքարը ինքնաբերաբար դառնում է բնույթով ազգային-ազատագրական։ Եւ այստեղ ազգանվան վերջավորությունը ոչ մի դեր չի խաղում։ Մենք համոզված ենք, որ այս դեպքում արդյունքի հասնելու ամենակարճ ու արդյունավետ ճանապարհը պայքարի քաղաքական ու քաղաքակիրթ ձեւն է, ուժի բացառումը, օրենքների դաշտում մնալը։ Պատերազմում միշտ չէ որ հարձակվում ես կամ պաշտպանվում։ Եւ միշտ չէ, որ հաղթանակը հաձակումից է ծնդում։ Լինում է նաեւ դիրքային պայքարի շրջան կամ անհրաժեշտություն։ Գրագետ դիրքային պայքարը, որքան էլ ձանձրալի, հաճախ ավելի կարեւոր դեր է խաղում վերջնական հաղթանակի հասնելու համար։ Հիմա դիրքային պայքարի փուլ է, որտեղ ամենակարեւոր զենքը համբերությունն է։

«Հայք՞», 30.7.2008


No comments:

Post a Comment