Ո՞րն էր Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի ամենակարեւոր բնութագրիչը։
Ելույթից հետո ինձ էլ են բազմաթիվ հարցեր ուղղվել,
կամ կարծիքներ հայտնել։ Հարցերը հիմնականում “ճի՞շտ էր որ...” տիպի էին, եւ զգացվում
էր, որ հարց տվողը ոչ այնքան կասկածում էր առաջարկված ճանապարհին, որքան սեփական ընկալման
լիակատարությանը։ Արձագանքները երեք տիպի էին. առաջինը՝ անվերապահ հիացական, երկրորդը՝
“չէինք ուզի այսպես, բայց մենք վստահում ենք մեր Նախագահին”, երրորդը՝ “երկու ամիսը
շատ է, ասեք, որ մենք համաձայն չենք, բայց... որ խորն ենք մտածում, ինքը ճիշտ է...”։
Սա՝ անմիջապես, հանրահավաքից հետո։ Իմ ճանաչած լավագույն եւ իրական մտավորականներից
մեկը՝ “Կանչ” թերթի նախկին խմբագիր Հմայակ Պետրոսյանը բառացի այսպես գնահատեց. “Դա
ոչ թե քաղաքական գործչի, այլ պետական գործչի ելույթ էր”։ Ես դա հիշեցի, քանի որ հարցի
պատասխանը մեկն է՝ Հանրապետության Հիմնադիր-նախագահը, ինչպես միշտ, անում է միայն բարձր
հարգի պետական գործչի քայլեր։
Դժվար չէ ասել, թե որտեղով է անցնում սահմանագիծը
տնտեսական գործչի ու քաղաքական գործչի, մշակույթի գործչի ու քաղաքական գործի միջեւ
եւ այլն։ Բայց կարծես թե դժվար է նույն հստակությամբ ասել, թե որտեղով է անցնում սահմանգիծը
քաղաքական ու պետական գործչի միջեւ։ Բայց որ նման սահմանագիծ կա՝ անկասկած է։ Եթե իմ
պատկերացումը պատկերավոր ներկայացնեմ, ապա այսպես է. քաղաքական գործիչը կարող է (բայց
պարտադիր չէ) նաեւ իր կենդանության օրոք դառնալ հանգուցյալ (մեզանում օրինակները բազմաթիվ
են, ցանկը թողնում եմ ընթերցողին), պետական գործիչը այդպիսին չի դառնում նաեւ իր կենսաբանական
մահից հետո։ Ուզում եմ մի օրինակի վրա համեմատություն անել՝ ոչ թե դրանով հավակնելով
ցույց տալ այս երկու հասկացությունների սահմանագիծը, այլ այդ սահմանագծից աջ եւ ձախ՝
միմյանց ծայրահեղ հակադիր բեւեռները։ Համեմատությունը պետք է անեմ Վազգեն Մանուկյանի
հետ։ 1996 թ. նախագահական ընտրություններից առաջ նա կազմել էր անելիքների մի ծրագիր
(այն մի քանի անգամ հրապարակվել է), որտեղ, ի թիվս այլ միջոցառումների, նախատեսում
էր հրահրել Ադրբեջանին պատերազմ սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ, որպեսզի դրանով թուլանա
Հայաստանի իշխանության դիրքերը եւ դյուրանա ընտրություններում իր հաղթանակի հասնելու
հնարավորությունը։ Լեւոն Տեր-Պետրոսյանը, դեռ մայիսի 2-ին, Համաժողովրդական շարժման
2-րդ կոնգրեսում հայտարարել էր, որ եթե այսօր էլ (այսինքն՝ իր քաղաքական հառակորդ ոչ
լեգիտիմ նախագահի, բռնապետական իշխանության պայմաններում) Լեռնային Ղարաբաղին որեւէ
վտանգ սպառնա, ապա ինքը կոչով կդիմի Համաժողովրդական շարժման մասնակիցներին՝ “խնդրելով
ժամանակավորապես դադարեցնել իրենց քաղաքական գործողությունները եւ լծվել հայրենիքի
պաշտպանության նվիրական գործին”։ Նույն ելույթում նա արեց մի այլ բնորոշ հայտարարություն։
Ողջունելով միջազգային կառույցների՝ վարչախմբի դեմ ծրագրած քաղաքական պատժամիջոցների
ծրագիրը՝ նա միաժամանակ կոչ արեց նրանց ձեռնպահ մնալ նույն այդ վարչախմբին պատժելու
պատրվակով Հայաստանի նկատմամբ ծրագրված տնտեսական պատժամիջոցներից, քանզի այդ պատժի
իրական հասցեատերը եւ տուժող կողմը լինելու է ոչ այնքան վարչախումբը, որքան Հայաստանի
ժողովուրդը։ Քաղաքական խնդիրներին որպես պետական գործչի Առաջին նախագահի մոտեցումները
առանձին էպիզոդներ չեն, այլ կազմում են նրա վարքագծի հիմնական բնութագրիչը եւ ողջ գործունեության
չընդհատվող առանցքը, ողնաշարը։ Կարելի է բերել տասնյակ
օրինակներ 1990-ից ի վեր։ Դրանք “սովորական աչքի” համար հատկապես տեսանելի են, երբ
նա ոչ թե իշխանության կրող, այլ “պասիվ” կամ “ակտիվ” ընդդիմության դերում է։ Թող զարմանալի
չթվա, բայց այդ առանցքի՝ պետական գործչի նրա վարքագծի մաս են անգամ 1998թ մարտի 3-ին
նրա հրաժարականը, ապա քիչ անց իրեն “գահընկեց արած” Քոչարյանի երդման արարողությանը
մասնակցելը։ Երկու դեպքում էլ նրա մտահոգության առարկան, բնականաբար, եղել է պետականության
շահը եւ վարկը։ Պետք է հիշեցնեմ եւս մեկ ցայտուն օրինակ. 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից
անմիջապես հետո ինքն էլ, անշուշտ, ունենալով նույն կասկածները, ինչ այդ պահին ուներ
յուրաքանչյուրը, նա բոլորի համար անսպասելի կոչ արեց “համախմբվել Հանրապետության նախագահի
շուրջ”՝ հաղթահարելու համար ստեղծված ծանր իրավիճակը։ Թերթերից մեկի խմբագրություն
անձամբ եմ տարել այդ հայտարարության տեքստը, եւ մինչեւ հիմա աչքիս առաջ է լրագրողի
(ում հանձնեցի) նախ՝ զարմանքից չռված աչքերը, ապա, մի քանի վայրկյան անց՝ նույնպիսի
հիացումը։ Մտահոգությունը մեկն էր՝ եթե ներքաղաքական իրադարձությունների էսկալացիան
խորանար (ինչը այդ պահին մազի վրա էր), ապա լավագույն պայմաններն էին ստեծվում, որ
Ադրբեջանը, օգտվելով իր համար հիասքանչ հնարավորությունից, մի քանի օրում իր ձեւո եւ
ընդմիշտ լուծեր Ղարաբաղի հարցը, գուցե եւ ավելին։
Եւ դրանով ինչ-որ չափով նպաստեց Ռ. Քոչարյանի մնալուն ու հետագայում էլ ամրանալուն։
Թե իրականում ով ինչ չափով դրան նպաստեց, կարելի
է քննարկել։ Բայց այդ պահին կանխվեց տասնապատիկ կործանարար եւ անդարձելի կորուստներով
հղի մի այլ աղետ։ Քոչարյանական իշխանության բերած վնասները, նրա ստեղծած “ավգյան ախոռները”
իրոք մի քանի տարում կարելի է մաքրել (Լեւոն Տեր-Պետրոսյանը իր համար դա համարում էր
2-3 տարվա խնդիրը)։ Դա, իրոք, լեգիտիմ իշխանության, քաղաքական կամքի ու ժամանակի հարց
է։ Մինչդեռ այդ պահին Լեռնային Ղարաբաղի կորուստը կլիներ անդառնալի։
Այսօր էլ նրա առաջարկած նոր ռազմավարությունը չի՞ ուժեղացնելու Սերժ Սարգսյանին,
եւ գուցե նույն կերպ նպաստի նրա իշխանության շարունակմա՞նը։
Ուժեղացնելու է, ուժեղացնելու է Հայաստանի Հանրապետության
դիրքերը Ղարաբաղյան կարգավորման առաջիկա պարտադրվող լուծման սեղանի շուրջ։ Ճիշտ այնպես,
ինչպես 1999-ի հոկտեմբերի 27-ին կատարված ոճիրին գործող նախագահ Քոչարյանի մեղսակից
լինել-չլինելու խնդիրը պետք էր ստորադասել ավելի կարեւոր՝ Ադրբեջանի հնարավոր ռազմական
վտանգի խնդրին, ճիշտ այնպես, ինչպես պետք էր պետական հեղաշրջման հետեւանքով հրաժարական
տված Նախագահի սեփական հոգեվիճակը ստորադասել պետականության հեղինակությանը, այս դեպքում
էլ՝ Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմ նախագահ, բռնապետության պարագլուխ ու քաղաքական հակառակորդ
լինելու փաստը պետք էր ստորադասել պետական շահին։ Խնդիրն այն է, որ գործ ունենք հետեւյալ
երեք անսակարկելի իրողությունների հետ. ա) Ղարաբաղյան հակամարտության խնդիրը դրված
է սեղանին՝ պարտադրված կարգավորման համար նախատեսված ամենասեղմ ժամկետներով։ բ) Հայկական
կողմը պետք է ներկայացնի Սերժ Սարգսյանը, ինչի համար կարգավորման հեղինակները (Արեւմուտքը)
մեծագույն ջանքեր են գործադրել, եւ նրան ոչ մի դեպքում ձեռքից բաց չի թողնելու։ գ)
Խնդրի կարգավորման համար այսօր երեւացող 2 կամ 3 ամսվա ժամանակահատվածում Հայաստանում
իշխանափոխության հասնելը անիրատեսական է, գործնականում իրոք անհնար (մանավանդ եթե նկատի
ունենք նախորդ՝ բ. կետը)։ Այսինքն՝ կանգնած ենք այսօրվա դրությամբ անշրջելի մի իրողության
առջեւ, երբ կարգավորման սեղանին Հայաստանի դիրքեր-ը, եւ Հայաստանի ներքաղաքական
կյանքում Սերժ Սարգսյանի դիրքեր-ը օբյեկտիվորեն էականորեն համատեղվում նույնանում
են։ Ուրիշները, որպես գործող իշխանության քաղաքական ընդդիմություն կամ հակառակորդ,
այս պայմաններում կարող էին ձեռքերը շփել. “որքան աննպաստ լինի այդ կարգավորումը, այնքան
կդյուրանա իշխանության հասնելու խնդիրը”, կամ՝ “քանի դեռ նեղ վիճակում է՝ խփենք ավելի
ուժգին” (այս դեպքում էլ ընթերցողը հեշտությամբ կկազմի այդպիսիների ցանկը)։ Եթե նույն
կերպ վարվեր Լեւոն Տեր-Պետրոսյանը, ապա այստեղ կտրված կլիներ նրան որպես պետական գործիչ
բնութագրող վերոհիշյալ այն առանցքային գիծը, որ նրա էությունն է, 1990-ից ի վեր չընդհատված
այդ շղթայից օղակ կպակասեր։
Ասեմ ավելին՝ այս դեպքում Հանրապետության Հիմնադիր-նախագահը
նույնիսկ ավելի “առատաձեռն” գտնվեց։ Նա ոչ միայն Լեռնային Ղարաբաղի համար ճակատագրական
դարձած այս պահին ներքաղաքական պայքարի “ընդմիջում” հայտարարեց, այլ նաեւ մեկ առ մեկ,
ամենայն մանրամասնությամբ նշեց այն անելիքը, որ այս պահին գործող Նախագահը իրագործելու
դեպքում միայն կկարողանա առավելագույնս ամրացնել Հայաստանի դիրքերը եւ Ղարաբաղյան հակամարտության
պարտադրված կարգավորումից հնարավորինս քիչ կորուստներով դուրս կգա, կամ, որ միեւնույնն
է՝ կկարողանա ձեռք բերել այս պահին հնարավոր առավելագույնը։ Ընդ որում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը
դա արեց ազնվորեն, առանց խորշելու իրեն դնելով ոչ թե չարախնդացող պահանջողի, այլ պարտաճանաչ
փորձագետ-խորհրդականի համեստ դերի մեջ (Խորհրդարանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչման,
իսկ Նախագահի կողմից խնդիրը կախված վիճակում պահելու խորհուրդը դրա դրա պերճախոս վկայությունն
է)։ Այսպես կարող էր վարվել իրոք բարձրակարգ պետական գործիչը, որի համար կա շահերի
ու արժեքների հստակ ու անսակարկելի հիերարխիա, եւ
այդ հիերարխիայում գերագույնը պետականն է, ազգայինը, համաժողովրդականը։ Ինչ
վերաբերում է հաջողության դեպքում Սերժ Սարգսյանի իշխանության շարունակման վտանգին,
ապա առաջարկում եմ եւս մեկ անգամ կարդալ ելույթի նշածս այդ հատվածը։
Շարժման սկզբում չէ՞ր ենթադրվում, որ միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի
խնդրի պարտադրված լուծման իրավիճակ կարող է ստեղծվել։
Դա ենթադրվում էր շատ ավելի վաղուց։ Պատասխանելով
իր ընդդիմախոսներին՝ Լեոն Տեր-Պետրոսյանն այդ վտանգի մասին զգուշացնում էր դեռ
1997թ. աշնանը իր “Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը” հոդվածում. “Վտանգավոր
մոլորություն է այն, թե Ղարաբաղի հակառակորդը Ադրբեջանն է, որին կարելի է հեշտությամբ
ծնկի բերել։ Իրականում, սակայն, Ղարաբաղի հակառակորդը միջազգային հանրությունն է, որին
մենք, փաստորեն ձեռնոց ենք նետել”։ Եւ նույն հոդվածում մի այլ տեղում. “Պետք է իրատես
լինել ու հասկանալ, որ միջազգային հանրությունը չի հանդուրժելու Լեռնային Ղարաբաղի
շուրջ ստեղծված իրադրությունը, քանի որ այն սպառնում է տարածաշրջանային համագործակցությանն
ու անվտանգությանը... Վաղ թե ուշ կողմերին պարտադրվելու
է (ընդգծումն իմն է - Ա.Ս.) մի փոխզիջումային ծրագիր, որը լինելու է ոչ թե հարցի
իրավական, այլ քաղաքական լուծում, թեեւ աշխարհի ուժեղները դա հրամցնելու են որպես միջազգային
իրավունքի օրինակելի դրսեւորում”։
Քաղաքական հակառակորդները չե՞ն կարող մեղադրել, թե ա՛յ, եթե ի սկզբանե այս Շարժումը
չլիներ, Սերժ Սարգսյանն այսօր այդքան թույլ Նախագահ չէր լինի եւ իրեն վստահ կզգար բանակցություններում։
Ընդհակառակը. եթե իշխանությունը քաղաքական կամք
ունենար եւ ապահովեր օրինական ու արդար ընտրություններ, ապա Հայաստանը ի դեմս Լեւոն
Տեր-Պետրոսյանի կունենար շատ բարձր լեգիտիմությամբ, արմատական ժողովրդական բարեփոխումներ
նախաձեռնած եւ իրականացրած, օրինականություն հաստատած, ողջ ժողովրդի անվերապահ վստահությունը
վայելող մի Նախագահ, որին հեշտ չէր լինի ցանկացած լուծում պարտադրել։ Մի բան ակնհայտ
է. Հայաստանի հիմնական հաղթաթուղթը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ նրա
լեգիտիմ իշխանություն, անխոցելի նախագահ ունենալը եւ ժողովրդավարության բարձր աստիճանն
է։ Այս մեկ տարվա ընթացքում Շարժումը եւ Առաջին նախագահը ամեն ինչ արեցին, որպեսզի
Հայաստանն ունենա այդ հաղթաթուղթը, ուստիեւ անպարտ են պատմության առջեւ։
Ո՞րն էր այս ելույթի ամենակարեւոր արդյունքը։
Այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը այս անգամ կարողացավ
անել այն, ինչը չհաջողվեց 1997-ին “Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը” հայտնի
հոդվածով, այն է՝ վերջապես հասնել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համազգային
նշանակության ու կարեւորագույն այս խնդրի շուրջ բանական բանավեճի ծավալմանը։ Առանց
դրա այդ կարգավորումը, լայն իմաստով, անհնար է լինելու։
«Ժամանակ Երեւան», 23.10.08
No comments:
Post a Comment