Հաղթել ենք
Համաժողովրդական շարժման “Հաղթելու ենք” կարգախոսը
սկսեց փոխվել “Հաղթել ենք” կարգախոսով նախագահական ընտրության օրվանից առաջ։ Քանզի
ինչպես ապառնի, այնպես էլ անցյալ ժամանակով այս կարգախոսի իմաստը շատ ավելի լայն էր,
քան կարող էր լինել քվեարկության զուտ թվաբանական արդյունքը։ Նույն պատճառով էլ հաղթողի,
հաղթած լինելու զգացողությունը չլքեց ոչ մեկին ո՛չ ԿԸՀ-ի կողմից քվեարկության կեղծ
արդյունքները հրապարակելուց, ո՛չ մարտի 1-ի սպանդից, ոչ Սահմանադրական դատարանի որոշումից
հետո, ոչ էլ արտակարգ դրության պայմաններում։ Ավելին, այդ զգացողությունն աստիճանաբար
դարձավ համոզում եւ այսօր էլ խորանում, տարածվում, ամրապնդվում է։
Ի՞նչն է պատճառը։ Պատճառն
այն է, որ, իրոք, այդ հաղթանակը շատ ավելին է, քան կարող է լինել նախագահական ընտրություններում
քվեարկության նկարված արդյունքների թվաբանությունը։ Դա արդյունք է ոչ թե պարզ ընտրական
միջոցառման, այլ իրոք համաժողովրդական մի շարժման, որի նպատակը ոչ թե պարզ իշխանափոխությունն
էր, այս բարոյա-հոգեբանականից սկսած մինչեւ սոցիալ-տնտեսական, քաղաքական եւ այլ ոլորտների
արմատական վերափոխումը։ Շարժման սկիզբը 2007թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ Հիմնադիր նախագահ
Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն էր, շարունակությունը ձգվում է առ այսօր։ Այսինքն՝ դեռ
չի լրացել այդ շարժման մեկ տարին։ Շարժումը դատարկ տեղում չառաջացավ։ Մոտ մեկ տասնամյակի
ընթացքում Հայաստանում հաստատված ավազակապետական ռեժիմը ու դրա ծնած հասարակական հարաբերությունների,
գլխիվայր շրջված արժեքային համակարգի դեմ հասարակության պայքար միշտ էլ եղել է։ Բայց
այս անգամ հաղթանակն առարկայական է, շոշափելի, տեսանելի, ունի իր հստակ նյութական բաղադրիչները։
Քաղաքացու գիտակցության եւ քաղաքացիական հասարակության ձեւավորումը
Շարժման ընթացքում վերականգնվեց, արմատավորվեց
ու շարունակում է ամրանալ ու տարածվել քաղաքացիական գիտակցությունը, որ պետականության
գոյատեւման, ազգային ինքնության պահպանման ու զարգացման ողնաշարն է։ Քաղաքացիական այդ
գիտակցությունը արմատավորվել է ոչ միայն Շարժման այն ամենաակտիվ, անկոտրում, ցանկացած
պայմաններում հրապարակային պայքարի պատրաստ 250-300 հազարի հասնող մարդկանց մեջ։ Որակական
այդ տեղաշարժը, քաղաքացու զգացողության հեղափոխությունը կատարվել է ըստ էության Հայաստանի
Հանրապետության ողջ բնակչության մտածողության մեջ։ Գոյություն ունի այսպիսի հասկացություն՝
նյութական կենսապահովման նվազագույն զամբյուղ, առանց որի մարդը չի կարող ֆիզիկապես
գոյատեւել։ Որքան էլ աղքատիկ էր այդ զամբյուղը, Շարժումը ծավալվեց ոչ թե դրա մեծացման
խնդրով։ Առաջնային դարձած ազատության, ժողովրդավարության, օրինականության, արժանապատիվ
կյանքի խնդիրները կազմեցին մի այլ “զամբյուղ”, որ նմանողաբար կարել է կոչել բարոյական
կենսապահովման զամբյուղ։ Դա էլ նորություն չէ. մարդկության պատմության առաջմղիչ ուժը,
գեթ ազատագրական շարժումների տեսքով, առաջին հերթին հենց այս երկրոդն ապահովելու համար
է եղել։ Եւ այս ընթացքում Հայաստանում ազատությունը, արժանապատիվ ապրելու ձգտումը,
իրավունքը, բառ, շատերի համար վտանգավոր բառ,
լինելուց դարձել է իրենց բարոյական կենսապահովման զամբյուղի կարեւորագույն բաղադրիչը։
Ծանր հարված ստացավ բարգավաճող
քաղքենիությունը. հասարակության մեջ շատերի կողմից մարդկային առաքինություն
էր համարվում՝ հարմարվելու, ճարպկության, միշտ “չոր տեղում նստել” կարողանալու, “բաշարելու”
կարողությունը։ Այժմ դա վերածվել է հաընդհանուր արգահատանքի առարկայի։ “Քաղաքականությունը
անբարոյականություն է” տգետ ու մարդկանց քաղաքացիական պասիվության մատնելու նպատակ
ունեցող պատկերացումը ցրվել է։ Այն այժմ հարյուրհազարների կողմից ընկալվում է որպես
սեփական ճակատագրով մտահոգված լինելու բնական վիճակ։ Մեկ տարուց պակաս ժամանակահատվածում
Հայաստանի բնակչության մեծագույն մասի մտածողության մեջ տեղի է ունեցել մի իրական արժեհամակարգային
հեղափոխություն, ձեւավորվել է մի այնպիսի քաղաքացիական հասարակություն, որին կարող
են նախանձել եւրոպական երկրներից շատերը։ Ոչ թե միավորված երկու տասնյակից ավելի քաղաքական
ուժերը, ոչ թե Շարժման ղեկավարների անձնական հատկանիշները, այլ առաջին հերթին հենց
նրանց պայքարի շնորհիվ ձեւավորված քաղաքացիական այս հասարակությունն է որպես անհաղթահարելի
պատնեշ կանգնած ավազակապետության շարունակման ճանապարհին։ Այն առողջ, քաղաքացիական
հասարկությունը, որ անգամ նորմալ իշխանության պայմաններում մեծագույն ջանքերի գնով
կստեղծվեր մի քանի տասնամյակում, համաժողովրդական պայքարի բովում ստեղծվեց ըստ էության
մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում։ Հանրության բարոյականությանը ու երկրի պետական
անվտանգությանն սպառնացող այն վտանգները, որոնք նորմալ իշխանության պայմաններում առավելագույնս
կարելի կլիներ մեղմացնել կամ վերացնել տասնամյակների ընթացքում, Շարժման պայմաններում
արվեց մեկ տարուց էլ պակաս ժամանակում՝։ Այս պայմաններում, ահա, թե որքան կտեւի ավազակապետության
հոգեվարքը, պատմաբանի հայացքով նայելով, արդեն էական չէ, էականն այն է, որ հոգեդարձ
այլեւս չի լինի։
Կեղծ ընդդիմության ինստիտուտի ոչնչացումը
Ավազակապետական կամ այլ բնույթի բռնապետական
ռեժիմներ հաստատելու ու պահպանելու այն մեխանիզմները եւ մեթոդները՝ որոնց լիակատար
ճանաչմանն ու արմատական մերժմանը առողջացող հասարկությունը նորմալ իշխանության պայմաններում
կարող էր հասնել տասնամյակների ընթացքում, Հայաստանում հնարավոր եղավ հասնել մեր պայքարի
10 ամսվա ընթացքում։ Մասնավորապես՝ Համաժողովրդական շարժման ընթացքում հաջողվեց բացահայտել
ու հիմնահատակ ջարդել բռնատիրական ու ավազակապետական ռեժիմի պահպանման հիմնական մեխանիզմներից
մեկը՝ գրպանային “քաղաքական ընդդիմության” ինստիտուտը, որ հաջողությամբ գործել էր ամբողջ
10 տարի։ Յուրաքանչյուրի համար պարզ դարձավ, որ անխտիր բոլոր՝ որպես “ընդդիմություն”
ներկայացող թեկնածուները եւ ուժերը իրականում վարչախմբի դրածոներն էին՝ իրական ընդդիմության՝
Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը թույլ չտալու
համար։ Թատերական այդ ներկայացման բոլոր դերակատար գործիչները եւ քաղաքական ուժերը,
որպես վարչախմբի քաղաքական գործակալներ, բարոյապես ոչնչացան, ինքնակամ զոհաբերվեցին
հանուն իրենց սնուցող ավազակապետության պահպանման։ Խայտառակ այս իրողության մինչեւ
վերջին թելը բացահայտումից եւ Արթուր Բաղդասարյանի, Արտաշես Գեղամյանի, Վազգեն Մանուկյանի,
Վահան Հովհաննիսյանի եւ այլոց նկատմամբ առաջացած հասարակական անմնացորդ արգահատանքը
տեսնելուց հետո գործնականում այլեւս անհնար է թվում, թե նվազագույն արժանապատվություն
ունեցող որեւէ մեկն այսուհետեւ կհամաձայնի նման ստորացուցիչ դերակատարության։ Իսկ եթե
այնուամենայնիվ կգտնվեն այդպիսիք, ապա նախ՝ անհնար կլինի այլեւս մոլորեցնել որեւէ մեկին,
եւ երկրորդ՝ այդ “հաճույքի” դիմաց վարչախումբը ստիպված կլինի նրանց շատ ավելի մեծ գումարներ
վճարել։
Քոչարյանի գլխավորությամբ ավազակապետության վերարտադրման ծրագրի
տապալումը
Հազիվ թե որեւէ մեկը մտածում է, թե Քոչարյանը
նման ծրագիր չուներ։ Այդ մասին նա ինքն էլ մի քանի անգամ թափանցիկ ակնարկներ է արել։
2005 թ. նա, ամենաայլանդակ ձեւով կեղծելով հանրաքվեի արդյունքները, Սահմանադրության
մեջ մտցրեց վարչապետի լիազորությունները մեծացնող դրույթներ այն նպատակով, որ նախագահական
շրջանն ավարտելուց հետո գրավի նախ այդ պաշտոնը, ապա, այն որպես ցատկահարթակ օգտագործելով,
կրկին գրավի Նախագահի աթոռը։ Միայն համաժողովրդական շարժման թափը եւ այդ ընթացքում
ողջ հասարակության համար Քոչարյանի կերպարի լիակատար բացահայտումը ձախողեցին այդ ծրագրի
իրականացումը։ Մարտի 1-ին խաղաղ քաղաքացիների գնդակահարությամբ նա ոչ միայն կնքեց իր
բարոյական մահկանացուն, այլեւ գործեց վաղեմության ժամկետ չճանաչող ծանրագույն հանցանք։
Սա իրավական գնահատական չէ, սա համընդհանուր տարածում գտած պատկերացում է, որ ավելին
է, քան որեւէ դատարանի վճիռ։ Թե հասարակական պատկերացումներում ու համոզմունքներում
որքան ակնառու են նրա գործած հանցանքները, որքան հուժկու է ոչ միայն նրանից ազատվելու,
այլ նաեւ նրան պատժելու ձգտումը, վկայում է Քոչարյանին Հաագայի միջազգային քրեական
դատարան հանձնելու ստորագրահավաքի թափն ու ոգեւորությունը։
Երիտասարդության քաղաքացիական վերածննունդը
Շարժման անմենամեծ ձեռքբերումներից, կարելի
է ասել՝ անակնկալներից մեկը երիտասարդության, մասնավորապես ուսանողության քաղաքացիական
ու քաղաքական աննախադեպ ակտիվացումն էր։ Ընդ որում, նկատի ունենք ոչ միայն նրանց տեսակարար
կշիռը հանհահավաքներում, երթերում ու զանգվածային այլ միջոցառումներում, այլեւ Շարժման
մեջ երիտասարդության ներգրավվածության մակարդակը սեփական նախաձեռնությունների, մտահղացումների,
կազմակերպական աշխատանքներում ունեցաց դերի առումներով։ Ընդամենը մեկ տարի առաջ թվում
էր, թե երիտասարդությունը անհուսորեն թաղված է քաղքենիացման ճահճում, անմնացոդ տրված
է անտարբերության, ժամանակակից կյանքի վայելքներին, հաճույքներին, լավագույն դեպքում՝
սեփական կարիերան կերտելուն։ Մինչդեռ երիտասարդությունը շատ արագ զանգվածաբար վարակվեց
Շարժման գաղափարներով։ Ո՛չ մի համալսարան, ո՛չ մի բարձրագույն հաստատություն քաղաքական
գիտելիքների ու քաղաքացիական դաստիարակության առումով չէր կարող տալ այն, ինչ երիտասարդությունն
ստացավ մի քանի տասնյակ հանրահավաքներում եւ այլ միջոցառումներում Լեւոն Տեր-Պետրոսյանի
եւ Շարժման մյուս ղեկավարների ելույթների շնորհիվ։ Վստահ կարելի է ասել, որ եթե անգամ
պայքարի ողջ ծանրությունը մնա այսօրվա Շարժման կորիզի էական մաս կազմող այդ 30-35 հազար
երիտասարդության վրա, ապա կրկին Հայաստանում ավազակապետության ապագան կանխորոշված է,
այն դատապարտված է։
* * *
Կարելի է շարունակել եւ խոսել Շարժման ոչ պակաս
կարեւոր այլ առարկայական ձեռքբերումների մասին։ Բայց բավարարվենք դրանցից եւս մի քանիսի
համառոտ թվարկմամբ. շարունակվող Համաժողովրդական շարժման շնորհիվ է, որ չբարձրացավ
արտագաղթի նոր կործանարար ալիք, էականորեն զսպված մնացին գները, բարձրացավ Հայաստանի
միջազգային հեղինակությունը եւ այլն։ Համաժողովրդական շարժման ծավալման ու նրա հաղթանակի
կարեւոր գրավականը եղել է պայքարի քաղաքական բնույթը, քաղաքական հաշվարկը, օրինականության
շրջանակներում մնալը, համբերությունը, բռնության՝ որպես իշխանության հասնելու միջոցի,
գայթակղությանը չտրվելը։ Սա՛ է այն միջոցը, որի դեմ անզոր է ավազակապետական ռեժիմը։
Սա՛ է այն միջավայրը, որտեղ նա քայքայվում, կազմալուծվում է։ Սա՛ է միակ ճանապարհը,
որով քաղաքակիրթ իշխանափոխությունը կդառնա ավանդույթ եւ կիրականանան մեր բոլոր նպատակներն
ու երազանքները։
Հերթական վճռորոշ քայլը պատմական այս խնդրի
լուծման ճանապարհին օգոստոսի 1-ի հանրահավաքն է։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
«Ժամանակ Երեւան»
3-6(՞) 04.09
No comments:
Post a Comment