Saturday, May 2, 2009

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է՝ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ


Ապրիլի 22-ին, Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի նախօրեին հայտարարվեց Հայ-Թուրքիան իրավական ուժ ստացած “Ճանապարհային քարտեզ” անվամբ մի փաստաթղթի մասին։ Դրանում առանցքայինը համաձայնությունն է 1915թ. “իրադարձությունների” ուսումնասիրման եւ գնահատման խնդրով հայ եւ թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու հարցի շուրջ։ Սա նշանակում է, թե պաշտոնապես կասկածի տակ է դրվում, ուրացվում է Հայոց ցեղասպանության իրողությունը, ինչը խոչընդոտ է դառնալու դրա՝ 1970-ականներից ծայր առած ճանաչումների ընթացքին։

Դաշնակցության հայտարարությունը

Ապրիլի 22-ից հետո, հինգ օր բոլորն էին սպասում, թե այս խայտառակ ակտին ի՞նչ արձագանք կտա Դաշնակցությունը, որը միշտ ներկայացել եւ հասրակության մի մասի գիտակցության մեջ համառորեն տքնում է պահպանել “ազգայնականի” ու “ազգային խնդիրների” նախանձախնդիր քաղաքական ուժի համարում՝ առաջին հերթին հենց Ցեղասպանության խնդրի հետ կապված։ Դաշնակցությունը հինգ օր վերջնական որոշման կայացումը ձգեց՝ պարզելու համար այն հարցը, թե ո՞ր դեպքում ավելի շատ կորուստներ կունենա՝ համակերպվելով ու իշխանության մեջ մնալով, թե՞ ցուցարդական դեմարշով։ Ասում են, թե այդ ընթացքում կուսակցության ղեկավարության վրա բուռն ճնշումներ են եղել դրսից՝ Սփյուռքից։ Ասում են, թե նույնպիսի ճնշումներ են եղել նաեւ ներքեւից՝ շարքերից։ Երկուսն էլ հնարավոր են եւ բնական, այլ հարց է, թե ի՞նչ չափով են դրանք ազդել վերջնական որոշման վրա։ Կասկածից դուրս է սակայն, որ այդ որոշման վրա վճռականորեն ազդել է այն հանգամանքը, որ քայլ չանելու դեպքում Դաշնակցությունը վերջնականապես կորցնում է Ցեղասպանության ճանաչման, Հայ դատի նախանձախնդիր ուժի, “ազգայնականի” այն միֆի, հեքիաթի, խաբկանքի վերջին փշուրները, ինչի վրա այս կուսակցությունը կարողանում է գոյատեւել բարոյապես եւ նյութապես։ Դաշնակցությունը հայտարարեց, որ այս ամենը իշխանության քաղաքական կուրսի կտրուկ փոփոխություն է, ինչի հետ ինքը չի կարող համակերպվել եւ մնալ կոալիցիայի մեջ, ուստի եւ դուրս է գալիս, դառնում ընդդիմություն։

Խնդրի էությունը

Իրականում Հայ դատի եւ Ցեղասպանության խնդիրների անփառունակ ու խայտառակ այս վերջաբանի համար հավասարապես, եթե ոչ ավելի, պատասխանատու է Դաշնակցությունը։ Հիշենք, որ այս կուսակցությունը իշխանության մաս կազմեց Ռ. Քոչարյանի ժամանակ ու նրա օգնությամբ։ Ավելին՝ այն հարցերը, որոնք Դաշնակցությունը մի տեսակ “սեփականաշնորհել էր” որպես իր անքակտելի ատրիբուտներ, գաղափարական սկզբունքներ, Քոչարյանը դրեց իր քաղաքականության հիմքում։ Քոչարյանական իշխանության շրջանում վերլուծաբանները մեկ անգամ չէ, որ նկատել են, թե, անկախ այն բանից, թե ինչպիսին է իշխանության մեջ մտնող քաղաքական ուժերի կշիռը (պատգամավորների ու այլ պաշտոնյաների քանակ), քոչարյանական իշխանությունն ըստ էության իրականացնում է Դաշնակցության ծրագիրը։ Եւ առաջին հերթին նկատի ունեին հենց Ցեղասպանության ճանաչման հարցը արտաքին քաղաքականության հիմքում դնելը։ Ի՞նչ էր դա նշանակում։
Դա նշանակում էր հարցը անժամանակ դարձնել քաղաքական օրակարգի մաս, պետականորեն հետապնդվող գործնական քաղաքական խնդիր՝ չնախապատրաստելով եւ չունալով դրա համար անհրաժեշտ ռեսուրսները։ Դյուրընկալ լինելու համար դիմենք պարզ օրինակի։ Ընտանիքը երկար ժամանակ կարող է ունենալ հին տունը նորով փոխարինելու հարց։ Սակայն այն գործնական “քաղաքական” խնդիր է դառնում, երբ տանտերը սկսում է քանդել հինը՝ նորը կառուցելու համար։ Եթե դա արվում է առանց համապատասխան նյութական ռեսուրսների կուտակման եւ հաշվառման, հին տունը քանդելուց հետո ընտանիքը հայտնվում է բաց երկնքի տակ եւ ուրիշ ոչինչ։ Ճիշտ այդպես էլ, երբ Ցեղասպանության հարցը Դաշնակցության պահանջով կամ հորդորով դրվեց արտաքին քաղաքականության հիմքում, դարձվեց ակտիվ քաղաքական խնդիր, պետք էր նախապես հաշվարկել՝ բավարա՞ր են, արդյոք, այն բարեհաջող լուծելու ռեսուրսները։ ՄԱԿ-ում Ռ. Քոչարյանի հայտնի ելույթով խնդիրը դրվեց սեղանին։ Այն վերաբերում էր Հայաստանին ու Թուրքիային, եւ պետք է լուծվեր հօգուտ այն կողմի, որի ռեսուրսներն ավելին էին։ Ինչը եւ տեղի ունեցավ։ Ճիշտ այնպես՝ ինչպես 1890-ականներին առանց ռեսուրսների հաշվարկի կատարված “հեղափոխական ահաբեկչական ակտերի” արդյունքը եղավ 300.000 հայության կոտորածը։ Ճիշտ այնպես՝ ինչպես Առաջին համաշխարհայինի տարիներին մինչ այդ եւ այդ պահին կատարված նույնպիսի չհաշվարկված գործողությունների հետեւանքը եղավ Ցեղասպանությունը եւ ողջ Արեւմտյան Հայաստանի կորուստը։ Ճիշտ այնպես՝ ինչպես 1918-20-ին եղած ռեսուրսներին անհամապատասխան խնդիրներ դնելու հետեւանքով կորցվեց Արեւելյան Հայաստանի կեսը, իսկ Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագրով կանխորոշվեց հաջորդ բոլոր պայմանագրերի շրջանակները... Եւ այս բոլոր դեպքերում Դաշնակցությունը ներկա է որպես հիմնական դերակատար ու պատասխանատու։ Այն, ինչ տեղի է ունեցել այժմ՝ ակնհայտորեն այս նույն շղթայի հերթական հարազատ օղակն է, նույն տրամաբանության ու ձեռագրի արդյունքը, նույն կուսակցության առանցքային դերակատարմամբ։ Եւ, ինչպես նախորդ բոլոր դեպքերում է Դաշնակցությանը հաջողվել խույս տալ պատասխանատվությունից, այսօր էլ նա, կոալիցիայից դուրս գալու իր քայլով փորձում է անել նույնը։

Ի՞նչ ապացուցեց Դաշնակցությունը

Դաշնակցության կատարած այս քայլեի հետ կապված պետք է մի քանի արձանագրումներ անել։
Առաջին. նրանք դրանով ցույց տվեցին, որ այն մեկնաբանությունները եւ գնահատականները, որ հիշյալ փաստաթղթով կասկածի տակ է դրվում, ուրացվում է Ցեղասպանությունը, ճիշտ են։ Այսինքն՝ սուտ ու խաբեություն են նույն փաստաթղթին իշխանության ու նրա մաս կազմող ուժերի կողմից այսօր տարածվող այլ՝ դրական մեկնաբանություններն ու գնահատականները։
Երկրորդ. Ենթադրենք մի պահ, թե դաշնակցական գործիչները չունեին այնքան քաղաքական հոտառություն ու վերլուծական միտք, որպեսզի կարողանային հաշվարկել, թե Ցեղասպանության խնդիրը արտաքաին քաղաքականության օրակարգում դնելը կարող է այսպիսի խայտառակ վերջաբանի հանգեցնել։ Մենք այդքան վատ կարծիք չունենք նրանց մտավոր ունակությունների մասին։ Խնդիրն այն է, թե ինչ տեսանկյունից ես նայում որեւէ հարցի։ Քոչարյանական վարչախմբի տեսանկյունից՝ եթե Ցեղասպանությունը որոշակի արժեք է ներկայացնում, ուրեմն այն նաեւ գին ունի։ Եթե գին ունի, ուրեմն ապրանք է։ Եթե ապրանք է, ուրեմն կարելի է իրացնել։ Իսկ իրացնելու համար այն պետք էր դնել վաճառասեղանին, այլ խոսքով՝ արտաքին քաղաքականության օրակարգում։ Այդ գինը ներկա վարչախմբի պարագլուխների 10 տարվա իշխանությունն է՝ իրենց նյութական ձեռքբերումներով հանդերձ։ Դաշնակցությունը այդ ամենից ստացել է իր սոլիդ բաժինը։ Նույն գիծը շարունակեց նաեւ Քոչարյանի օրգանական շարունակություն Սերժ Սարգսյանը։ Ամբողջ 10 տարի դրանով վճարվել, փակվել է Քոչարյանի, իսկ հիմա Սերժ Սարգսյանի, նրանց սատարած քաղաքական ուժերի, եւ առաջին հերթին Դաշնակցության իշխանության լեգիտիմության պակասի դիմաց։ “Պատմաբանների հանձնաժողովը” եւ այլ պարտավորությունները, որ ստանձնել է նա “Ճանապարհային քարտեզով”, ընդամենը արձանագրում է, որ գինը ամբողջությամբ վճարված է եւ “ապրանքը” պետք է տալ նոր տիրոջն ի տնօրինություն։
Երրորդ. Ճիշտ չէ, թե նման մի փաստաթուղթ անակնկալ էր Դաշնակցության համար։ Այսպիսի վերջաբան կանխատեսվում էր վաղուց՝ սկսած Ցեղասպանության հարցը արտաքին քաղաքականության օրակարգում դնելու օրվանից։ Ավելի հստակ ու բազմիցս այդ մասին վերջին ավելի քան մեկ տարում ահազանգվել է ընդդիմության հանրահավաքներում։ Եւ վերջապես՝ մի քանի օր առաջ “կոալիցիոն գործընկեր” Արթուր Բաղդասարյանը պաշտոնապես հայտարարեց, որ ապրիլի 22--ից 10 օր առաջ կոալիցիայի նիստում Դաշնակցությունը տեղյակ է պահվել “Ճանապարհային քարտեզի” մանրամասներին։ Դաշնակցությունը իր քայլով ցույց տվեց, որ ինքը, մեղմ ասած, անվստահելի է։ Նա, Ցեղասպանության խնդիրը շահարկելով, 10 տարի շարունակ իշխանության մաս է կազմել եւ առատորեն օգտվել դրա բարիքներից։ Բայց ահա, երբ եկել է պատասխանատվության պահը, լքում է ընկերներին՝ նրանց մեղադրելով այն բանի համար, ինչը մինչեւ վերջին ակկորդը արել են միասին։ Դա անբարոյականություն է։

Ինչպես միշտ՝ “կողմ ըլլալով դեմ”, կամ “դեմ ըլլալով կողմ”

Ի սկզբանե, կար երկու՝ տրամագծորեն հակառակ մոտեցում, ուղեգիծ։ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը 1990-ից ի վեր, եւ մինչեւ վերջ, համարում էր, որ Ցեղասպանության խնդիրը չպետք է դնել արտաքին քաղաքականության հիմքում։ Դաշնակցությունը պնդում էր ճիշտ հակառակը եւ ամբողջ 8 տարի այդ դրոշով պայքարում Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ։ Դա իրականություն դարձավ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից անմիջապես հետո։ Սերժ Սարգսյանը չի հայտարարել, թե վերադառնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղեգծին։ Ուստիեւ Դաշնակցության հայտարարության այն հիմնական դրույթը, թե քաղաքական ուղեգիծ է փոխվել, մեղկ լինելու աստիճանի կեղծ է եւ սուտ։ Իսկ դա կոալիցիայից դուրս գալու նրանց միակ հիմնավորում է։ Մեղկ լինելու աստիճանի կեղծ է եւ սուտ նաեւ դաշնացական գործիչների այն պնդումը, թե նույն բանը կաներ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Եւ դրանով են հիմնավորում, թե ինչու իրենց “ընդդիմություն” հայտարարելով, չեն համագործակցի Հայ ազգային կոնգրեսի հետ։ Չեն կարող երկու հակադիր ուղեգծեր նույն վերջաբանն ունենալ։ Ծիծաղելի կլիներ, չէր կարող երբեւէ Թուրքիայում ծնվել “պատմաբանների հանձնաժողովի” առաջարկի գաղափար, եթե հարցը դրված չլիներ քաղաքական օրակարգում։
Եթե Դաշնակցությունը լիներ այն կերպարում, ինչպիսին ներկայացել է եւ փորձում է ներկայանալ, եթե ամեն ինչ եղած լիներ այնպես, ինչպես փորձում է ներկայացնել, ապա նա ոչ թե պետք է արցունքախառն ողջագուրանքով բաժանվեր Ցեղասպանությունն ուրացող իշխանությունից, այլ դուռը շրխկացնելով։ Բաժանման առիթով չպիտի միմյանց դիֆերամբներ երգեին ու գովեին միմյանց “քաղաքակրթվածության” աստիճանը։ Այս  դեպքում իշխանության ու նրա առաջին դեմքի հրաժարական պահանջելն անգամ շատ մեղմ պիտի թվար։ Մինչդեռ “ամենակտրուկ” ու “հեղափոխական” կուսակցությունը 1990-ից ի վեր արդեն որերորդ անգամ կառչեց զավեշտորեն կոմֆորմիստական “կողմ ըլլալով՝ դեմ ըլլալու”, կամ “դեմ ըլլալով կողմ ըլլալու” իր տափակ կարգախոսին։ Նա խոստացավ չպահանջել Ս. Սարգսյանի հրաժարականը։ Հետաքրքիր է, երբ Լեռնային Ղարաբաղի հարցում էլ վարչախմբի նույն քաղաքականությունը հասնի նման տրամաբանական ու անդառնալի վախճանի, Դաշնակցությունը պահանջելո՞ւ է Սերժ Սարգսյանի հրաժարականը, թե գտնելու է “դեմ ըլլալով կողմ ըլլալու” մի այլ տարբերակ։


ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
“Հայկական ժամանակ” 02.05.09


No comments:

Post a Comment