Այս իշխանության հիմնական քաղաքական ուժը՝ Հանրապետական
կուսակցությունը իրեն կոչում է նժդեհական՝ Գարեգին Նժդեհի անունով։ Նրա հետ կոալիցիա
կազմողներն էլ դրա հետ երբեք խնդիր չեն ունեցել։ Ասել է թե՝ նժդեհեկան է այսօրվա իշխանությունն
ամբողջությամբ։
Հիմա տեսնենք, թե ինչ է ասում ինքը՝ Գարեգին
Նժդեհը այն երեւույթների մասին, որոնք այնքան հատուկ են Հայաստանում իշխող կոալիցիոն
վարչախմբին (քաղվածքները Նժդեհի “Որդիների պայքարը հայրերի դեմ”, Սելանիկ, 1927թ. աշխատությունից
են)։ Բնականաբար, Նժդեհը գրում է իր ժամանակի մասին, իր ժամանակի իրողությունների առիթով։
Բայց նա խնդիրները բարձրացնում է տեսական հարթություն, ինչով եւ նրա քննարկած երեւույթները
ու տված գնահատականները դառնում են ընդհանրական՝ ե՛ւ տարածական, ե՛ւ ժամանակային իմաստով։
Ուստիեւ՝ դրանք կիրառելի են տարբեր ժամանակների ու ժողովուրդների համար։ Իսկ ամենակարեւորը՝
դրանք ճշգրիտ համընկնում են նաեւ այսօրվա հայաստանյան իրողություններին, լիակատար բնութագրում
իշխող այն վարչախմբին, որն իրեն հենց նժդեհական է հորջորջում։
Կեղծիքը
Սկսենք կեղծիքներից. կեղծ խոստումներ, կեղծ
վիճակագրություն, տնտեսական աճի կեղծ թվեր, կեղծ մեղադրանքներ, կեղծ վկաներ, կեղծ դատավարություններ
եւ վերջապես՝ համատարած ընտրակեղծիքներ։ Պետք չէ որեւէ մեկին ապացույց ներկայացնել,
հատկապես ընտրակեղծիքների ու դատավարությունների դեպքում։ Ընտրակեղծիքների զինանոցը
այնպիսի մի մակարդակի է հասցվել, միջոցների այնպիսի մի բազմազանություն է ստեղծվել,
այնքան համատարած է, որ դրա հետ ամեն անգամ ուղղակիորեն եւ անձամբ առնչվում է ՀՀ յուրաքանչյուր
քաղաքացի։ Այնքան նոր նյութ է կուտակվել, որ հետագայում, թերեւս, քաղաքագիտության նոր
մի ճյուղ կարող է զբաղվել այս ասպարեզն ուսումնասիրելով։ Իրավաբանության մի նոր ճյուղի
համար էլ ավելի քան բավարար նյութ են կուտակել վերջին մեկ տարվա շինծու գործերը, քաղաքական
դատավարությունները։ Մյուս բնագավառները սրանցից հետ չեն մնում։ Ուրեմն տեսնենք, թե
ինչ է ասում Նժդեհը կեղծիքի մասին, որ այդքան զանգվածային ու այդքան համապարփակ իրականացնում
է նժդեհական իշխանությունը, որպես իր փրկության հիմնական խարիսխ.
“Չե՞ս զգում, երիտասարդ ընթերցող, թե ինչպես
մահաշունչ կեղծիքից խորշակահար է լինում այն ամենը, ինչ որ գեղեցիկ, վսեմ, հերոսական
է մեր կյանքում։ Չե՞ս տեսնում, թե ինչպես մանրացել ու գռեհկացել են մեր ժողովրդի որոշ
տարրերը։ Թե որքան մեծ է ստորության ուժը մեր կյանքում։ Չե՞ս զգում, արդյոք, թե խեղդվում
ես շրջապատիդ մահաշունչ կեղծիքի մեջ։ Կեղծիք՝ մահ ասել է, դանդաղ մահացում,
իսկ մեզ պետք է ապրել որպես ժողովուրդ”։
Տպավորիչ է չէ՞։ Եւ այնքան ճշգրիտ համապատասխանող
այսօրվա իրականությանը, այնքան ճշգրիտ բնորոշող այսօրվա իշխանությանը եւ համահունչ
այն գնահատականներին, որ բազմիցս տրվել է Հայաստանում իշխող քոչարյանասերժական վարչախմբին։
Ասել է թե՝ կեղծիքները որպես իշխանություն պահելու եւ իշխանություն իրականացնելու կարեւոր
միջոց օգտագործելով՝ Հանրապետական կուսկցությունը եւ նրա դաշինակիցները առաջին հերթին
հայհոյում, ոտնատակ են տալիս իրենց գաղափարական նախահորը։ Կամ՝ իր այս խոսքով Նժդեհը,
շատ ավելի դաժան քան որեւէ մեկը, անարգանքի սյունին է գամում այսօր իր անունով կոչվել
համարձակվող քաղաքական ուժին եւ իշխանությանը։
Բռնությունը
Երկրորդ երեւույթը, որ կարող է կործանման տանել
ամեն մի պետության, ժողովրդի ու ազգի՝ բռնությունն է, բռնապետությունը, մարդկանց
անազատության դատապերտելը։ Բռնությունը որպես գործիք սովորաբար օգտագործում են օտար
նվաճողները, օտար իշխողները, եւ դա բնական է։ Սակայն բռնության հետեւանքներն ամենեւին
չեն փոխվում, դրա կործանարար հետեւանքները նույնն են մնում նաեւ այն դեպքում, երբ բռնացողը
յուրայինն է, ազգակիցը, ինչպես Նժդեհը կասեր՝ “հայանուն վատերը”։ Եւ դա բնական է. ի՞նչ
տարբերություն՝ մարդու ազատությունը խլում, նրան վախի մեջ պահում, նրան կողոպտում,
երկրից արտագաղթել է ստիպում է Ահմեդը, թե՞ Կարապետը։ Օտարի համեմատ յուրայինի բռնությունը
նույնիսկ շատ ավելի նվաստացուցիչ է ու զայրացուցիչ, շատ ավելի հուսալքող ու կործանարար։
Արդ, ո՞րն է տասը տարի իշխող քոչարյանասերժական “հայանուն” վարչախմբի երկրորդ միջոցը,
որով նա պահում եւ իրականացնում է իր իշխանությունը։ Պատասխանն ակնհայտ է, որ կարող
է աներկբա տալ ցանկացած մարդ՝ բռնությունը։ Թող ամեն ընթերցող ինքը որոշի.
մեր երկրում իշխող վարչախմբի հիմնական զենք է համատարած բռնությունները, թե՞ ոչ.
1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործություն, 2004-ի ապրիլի 12-ը ջարդ, 2008-ի մարտի
1-ի սպանդ, չբացահայտված հարյուրի չափ միայն աղմկոտ սպանություններ, որոնց մի մասը՝
պետական պաշտոնյաներ, հազարավոր մարդկանց հետապնդումներ, աշխատանքից ազատում, մարդկանց
բիզնեսի խլում կամ ոչնչացում, տներից արտաքսում, սեփականությունից զրկում, վախի մթնոլորտ։
Իսկ Նժդեհը բռնության ու բռնապետության մասին ասում է այսպես.
“Պատմության մեջ նախընթացը չունեցող մի ողբերգություն
է խաղացվում Հայոց աշխարհում, մի արնոտ խաղ, որի գործող անձինք, որի դերակատարներն
են բռնությունը, բռնության կենդանի գործիքները, - հայ ժողովրդի տականքը, եւ
բռնության զոհերը, - ինքը հայ ժողովուրդը։ Առաջին դերակատարին պետք է հարատեւել իր
ոճրառատ գոյությունը, եւ ահա նա դիմել է աշխարհի պես հին, ծանոթ միջոցին, նա պաշտոնի
եւ ծառայության է հրավիրել հայօրեն եւ մարդկորեն ընկածներին, վարձելով սրանց չարարվեստ
միտքը, կամքը, ցանկությունը”։
Տականքը
Բռնության ու կեղծիքի իրականացումը ունի իր
մեխանիզմները։ Դրանց մեջ ամենակարեւորը անհրաժեշտ “կադրային” բազան է։ Հին է այս մեթոդը։
Ոչ մի օտար նվաճող, ոչ մի տեղական բռնացող յոլա չի գնացել առանց նվաճված ժողովրդի միջից
“համագործակցողների” օժանդակության։ Հնում դրանք կոչվում էին դավաճաններ, ուրացողներ։
Հայրենական Մեծ պատերազմի տարիներին դրանք կոչվում էին “կոլաբորացիոնիստներ”՝ համագործակցողներ։
Սրանք օժանդակում էին օտար բռնության հաստատմանը սեփական ժողովրդի վրա։ Տեղական բռնատիրության
հաստատումը նույնպես հասարակության այս, ոչ բազմաքանակ, Նժդեհի բառերով ասած՝ “ցանցառաթիվ
տարրերի” օժանդակությամբ է իրականացվում։ Առանց նրանց օգնության անհնար է բռնատիրության
հաստատում։ Ստալինիզմի տարիների բռնություններն անհնար կլինեին, եթե չլիներ այս տարրը։
Նրանք սոցիալական որոշակի խավ չեն, այլ տարբեր շերտերի կարող են պատկանել՝ ընչազուրկից
մինչեւ մեծահարուստ, անգրագետից մինչեւ “հայտնի մտավորական”, նրանց բոլորին մեկ բան
էր հատուկ՝ բարոյազրկություն։ Դրանց որպես հասարկության բարոյազուրկ շերտ Նժդեհը բնորոշում
է տականք
բառով։ Բայց ամբողջացնենք նրա կարծիքը այս շերտի ու նրա դերակատարության մասին.
“...մեր ժողովրդի տականքը, ազգորեն հերձվածողը, հոգով
ստրուկը, տկարը, մեղմ ասած՝ ազգային ինքնագիտակցության եւ ինքնահարգանքի զգացումից
զուրկ ցանցառաթիվ տարրերը”։
“Մի սրտառուչ համերաշխություն, - ստելու դավելու,
քծնելու մի չտեսնված մոլեռանդություն, համառանք ու վճռականություն է տիրում մարդկորեն
ընկած այդ ազգադավ արարածների շարքերում, որոնք ազգ ճանաչելու ու սիրելու ո՛չ արժանիքն
ունեն, ոչ էլ երջանկությունը, որոնք մի կտոր անսուրբ հացի եւ իրենց անասնական հանգստի
համար միշտ էլ արտաքին թշնամու հետն են եղել”։
Նժդեհը, բնականաբար, նաեւ մանրամասն խոսում
է այն վտանգների մասին, երբ այդ տականքը՝ իրերի բերումով, հատակից մակերես են բարձրանում,
օգտագործվում որպես բռնության գործիք, առանց որոնց, ըստ Նժդեհի, անհնար է ամեն մի բռնատիրության
հաստատում.
“Աներեւակայելի է բռնությունը՝ առանց իրեն ույժ
տվող եւ իր գազանություններն արդարացնող չարագործների։ Աներեւակայելի է բռնավորը հոգեբանական
մի այնպիսի մթնոլորտում, ուր չէ ծախվում մարդը բարոյապես, ուր մարդը գայլ չէ իր նմանների
համար։
Մարդկային ազգը տառապել է ու կտառապէ իր տականքների
երեսից։
Իրենց տականքները - ահա ազգերի իրական թշնամին։
Իրենց տականքները - ահա ազգերի գոյությունը
հաճախ եւ հաճախ դժոխքի վերածող ամենազորեղ ազդակը”։
“Այսպես է աշխարհը։ Ժողովուրդները կշարունակեն
տառապել իրենց տականքների երեսից։ Դեռ ժողովուրդների կյանքը կշարունակե մնալ մի արնոտ
ողբերգություն, որի գործող անձինք երեք են- բռնությունը, սրա ծառաները եւ սրա զոհերը”։
Ներկա նժդեհական իշխանություններից ու նրա ծառաներից
ոմանք դժգոհում էին, երբ իրենց մասին տականք բառն էր գործածվում։ Հիմա թող դժգոհեն
իրենց գաղափարական հայր հռչակած Նժդեհից։ Նրա գնահատականներն ու զայրույթը տասնապատիկ
մեծ է բռնավորի ու կեղծարարի դեմ։ Բայցեւ նրա համար, իրավացիորեն, ատելի է ոչ միայն
բռնացողը, այլ, ավելի շատ, բռնության գործիք ծառայողները։ Եւ այս առիթով նրա կոչը խիստ
արդիական է.
“Այս է, այսպիսին է մեր ցեղի տականքը, ներքին
թշնամին, - դրուժան, դավադիր, հակահայ գործնականում... Քո անողոք դատաստանին հանձնելով
սեւ արարքներն այդ տականքների, որոնք տմարդորեն թույն ու քացախ կավելացնեն մեր՝ քաղաքականապես
դժբախտ ժողովրդին խմելու վիճակված դառնադառն բաժակին, զայրույթի ու զզվանքի իմ խոսքը
կուղղեմ ոչ թե բռնության, այլ իր հայակերպ գործիքներին”։
Լսենք Նժդեհին, ու մայիսի 31-ին միասնաբար վանենք
բռնությունը ու նրա “հայանուն” կամակատարներին։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
“Ժամանակ” Երեւան 29.05.09
No comments:
Post a Comment