Tuesday, July 16, 2013

Ռեժիմի Աքիլլեսյան գարշապարը


Վաղուց արդեն Հայաստանում ժողովրդի մեծ մասը դժգոհ է իշխող ռեժիմից։ Վաղուց արդեն այդ դժգոհությունը վերածվել է ատելության, արգահատանքի։ Հետո այդ ատելությունն ու արգահատանքը ծավալվել ու խորացել են եւ անգամ ընդգրկել նրանցից շատերին, ովքեր իրենց կարգավիճակով դե յուրե իշխանության մաս են եւ դե ֆակտո օգտվում են նրա կերակրատաշտից։ Սա այդպես է շատ պարզ պատճառով. 2000 թվականից հաստատված եւ արմատավորված կոռուպցիոն համակարգը՝ որպես պարագլուխ ունենալով երկրի առաջին դեմքին եւ առաջին շարքերում բարձրաստիճան իշխանավորներին, թալանել է (ըստ միջազգային փորձագիտական գնահատականների) նվազագույնը պետական բյուջեին կրկնակի գերազանցող հարստություն։ Որովհետեւ, ըստ էության, իրավունքների ոտնահարման, ապօրինության, ստորացման, արժանապատվության վիրավորման թիրախ են եղել բոլորը։ Որովհետեւ կրթական համակարգի անկումից, առողջապահական համակարգի անմատչելիությունից կամ վատորակությունից տուժում են բոլորը։ Որովհետեւ բիզնեսի ասպարեզի վերածված բանակում գողական օրենքներն են գործում, եւ մի քանի հարյուր հազար ընտանիք (հարազատներով հանդերձ) երկու տարվա մղձավանջ է ապրում՝ ամեն շաբաթ այստեղ «ոչ կանոնագրային հարաբերությունների» հետեւանքով  կատարվող սպանությունների եւ «ինքնասպանությունների» հանդիման։
Հայաստանում բռնապետական ռեժիմ է՝ սրա ավազակապետական տարբերակը, որի հիմքում իրականում չկա դրված որեւէ գաղափարախոսություն, որի պարտադրումը կծառայեր որպես հասարակության «մշակման» եւ իշխանության պահպանման գործիք։ Նրա համար իշխանության պահպանման այդ գործիքը հենց գողությունն է՝ քաղաքացիների ձայներից սկսած մինչեւ նրանց գրպանների պարունակությունը, մինչեւ երկրի ընդերքը։ Նրա վերաբերմունքը երկրին ու ժողովրդին ոչ թե նույնիսկ օտար նվաճողի է կամ իշխանությունը ժառանգաբար ստացած բռնապետի, այլ հենց ավազակի՝ ամենաբարձր մակարդակից մինչեւ ներքեւ։ Այստեղ է, որ երկրի վարչապետը կարող է օֆշորային հաշիվներում հայտնվել, օրը ցերեկով թալանել գործարարին։ Այստեղ է, որ պետական պաշտոնյան, ցույց չտալով աղբյուրը, կարող է տասնյակ միլիոն դոլար եկամուտ հայտարարագրել ու ասել. «Ում ի՞նչ գործն է՝ որտեղից»։  Այստեղ է, որ բարձր պաշտոնյան կարող է իր մոտ կանչել ցանկացած գործարարի ու ասել՝ 50%-ն իմն է։
Այս ամենն իշխանության ուժի, ամրության, «սրանց դեմ խաղ չկա» պատկերացում են ստեղծում շատերի մոտ։ Ինքը՝ իշխանությունն, ամեն ինչ անում է այդ պատկերացումն ամրապնդելու համար։ Իրականում սա սխալ պատկերացում է. այս ամենն իշխանության թուլության, կազմալուծվածության, անիշխանության դրսեւորում է, անարխիայի նախադուռ։
Ավազակապետական համակարգն ունի, սակայն, իր հիմնական Աքիլլեսյան գարշապարը, շատ ավելի խոցելի, քան բռնապետության մյուս տարատեսակների դեպքում։ Նրա Աքիլլեսյան գարշապարը իշխանության պահպանման մեթոդների մեջ է։ Խոսքը չի վերաբերում ազգային շահերի վաճառքի միջոցով դրսում օրինակարգություն ու օժանդակություն ձեռք բերելուն, սեփական ժողովրդի դեմ բռնության գործադրման «դաբրո» ստանալուն։ Դա, այնուամենայնիվ, սահմանափակ եւ սպառվող, գուցե արդեն սպառված ռեսուրս է։ Խոսքը վերաբերում է երկրի ներսում սոցիալական բազա ունենալուն, ինչին ձգտում է յուրաքանչյուր իշխանություն։ Այդ խնդիրը լուծելու համար գործադրվում է հետեւյալ հիմնական մեթոդը։
Իշխանական համակարգի ծայրից ծայր քրեականացում։ Վերից վար՝ յուրաքանչյուր պաշտոնյա իր իշխանությունը պետք է օգտագործի օրենքներ խախտելով, չարաշահումներով հարստություն կորզելու, թալանելու համար։ Նույնը պարտադրվում է իշխանական համակարգից դուրս գործարար աշխարհին՝ նրան դարձնելով հարստության կուտակման հիմնական խողովակ։ Դրա մի մասը մնում է օրինախախտում, հանցանք գործողին, մեծ մասը փոխանցվում է վերեւ։ Հենց այսպես է գոյանում այն ստվերային բյուջեն, որը կրկնակի գերազանցում է տարեկան պետական բյուջեին։ Հենց այդ ճանապարհով են Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանը դարձել բազմամիլիարդատեր։ Հենց այդ ճանապարհով են կուտակվել բարձրաստիճան այլ պաշտոնյաների հսկայական կարողությունները։
Թվում է՝ ավազակապետական կոռուպցիոն բուրգն ամրագույն կառույց է, որի ներսում բոլորը պետք է գոհ ու երջանիկ լինեն անպատիժ թալանի հնարավորության համար։ Ոմանք գուցե հենց այդ զգացողությունն էլ ունեն։ Բայց այս ամենը մտահղացված է ո´չ այդ նպատակով։ Դա մտահղացված է,  որպեսզի դրանում ընդգրկված բոլորը, այլ իշխանության պայմաններում պատասխան տալու վախից՝ ատամներով պաշտպանեն եղածը։ Սա, անշուշտ, աշխատող մեխանիզմ է։ Սակայն, ավազակապետությանը ներհատուկ թալանելու գիշատիչ բնազդը գործում է ոչ միայն համակարգից դուրս, սա գործում է, երբեմն ավելի մոլեգին, նաեւ համակարգի ներսում։ Համակարգում ապահովագրված չէ ոչ մեկը, յուրաքանչյուրը կարող է լինել մյուսի թիրախը, իսկ հիմնական թիրախը գործարար խավն է, որը ռեժիմի օրգանական մասը չէ, այլ, ինչպես ասացինք, թալանի գործիք։ Եւ հենց այստեղ է ավազակապետական հիերարխիկ բուրգի խոցելի կողմը՝ Աքքիլեսյան գարշապարը։ Գործարարից, նաեւ ամենախոշոր, կարող են նաեւ պարզապես խլել նրա ունեցվածքը, երբեմն՝ նաեւ կյանքը։ Թերեւս, պետք չէ օրինակներ բերել՝ դրանք տասնյակներ են։ Ազատությունն ու ապահովությունը, մարդկային արժանապատվությունը, սակայն, այսպես թե այնպես, արժեք են բոլորի համար։
Այսինքն՝ ի դեմս ռեժիմի ոչ օրգանական մաս, այլ նրա սպասարկու գործարարների խավի, այստեղ կա շատ կարեւոր մի ռեսուրս, որը մի կողմից՝ տարբերվում է ռեժիմի դեմ պայքարի ելած ժողովրդական զանգվածից (ունեւոր է) մյուս կողմից՝ նման է այդ զանգվածին՝ զրկված է ազատությունից, ապահովությունից, ունի մարդկային արժանապատվությունը պաշտպանելու խնդիր։ Այսինքն, նա մի կողմից՝ համակարգի մաս է, մյուս կողմից՝ դրանից պոկվելու ներքին բնական մղում ունի։ Այդ մղումը գործողության կվերածվի, ուրեմն՝ Հայաստանում տեղի կունենա այն, ինչն ընդունված է կոչել բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն, եւ կվերականգնվի սահմանադրական կարգը։ Հենց այս հանգամանքը նկատի ունենալով է, որ ավազակապետությանը 2007թ. աշնանը ձեռնոց նետած Համաժողովրդական շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդարձակ ուղերձով առաջինը դիմեց գործարար աշխարհին։ Այս մոտեցումն է միշտ եղել Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական գիծը, որ առ այսօր օրակարգում է։ Ովքեր կօժանդակեն դրան՝ կօգնեն ռեժիմից ազատվելու գործին, ովքեր կխանգարեն՝ կօգնեն Սերժ Սարգսյանին։

No comments:

Post a Comment