Հասարակական տրանսպորտի ուղեվարձի
«հօգուտ ժողովրդի» թանկացումը ոչ մի կապ չունի տնտեսական անհրաժեշտության հետ։ Եւ
դա ապացուցելու համար կարիք չկա ոչ մի տնտեսական հաշվարկի, ոչ մի թվաբանության։
Այն փաստը, որ երթուղային գծերին, միմյանց կոկորդ կրծելով, միայն բարձրաստիճան
իշխանավորներն են տիրացել, լավագույն ապացույցն է այն բանի, որ դրանք
գերշահութաբեր են նաև 100 դրամի պայմաններում։ Եթե այդպես չէ, թող նոր, իսկապես
ազատ մրցույթ հայտարարվեր, և հաստատ՝ կգտնվեին հարյուրավոր տնտեսվարող
սուբյեկտներ, որոնք կհամաձայնեին 100 դրամով սպասարկել երթուղիները։ Այնպես որ՝
բարձրացված 50 դրամը կրկնապատկելու է գերշահույթը և որոշակի համամասնությամբ
մտնելու է իշխանավոր գծատերերից սկսած՝ մինչև Սերժ Սարգսյանի գրպանը։ Կամ, որ
միևնույն է՝ հերթական անգամ Ս. Սարգսյանը 50 դրամի համար մտնում է յուրաքանչյուրիս
գրպանը։
Կատարվածը, մեծ հաշվով ու
քաղաքական իմաստով, անշուշտ, այլ բան չէ, քան երկրում հաստատված ավազակապետական
կոռուպցիոն համակարգի հերթական մի արգասիք։ Մյուս կողմից՝ խնդիրը, ֆորմալ առումով,
առաջին հերթին վերաբերում է քաղաքապետարանին ու քաղաքապետին։ Որքանո՞վ և որպես
ի՞նչ կա այս ամենում Տարոն Մարգարյանը։
Երևանի քաղաքապետական
ընտրությունների ժամանակ ՀՀԿ ցուցակը գլխավորող Տ. Մարգարյանը ներկայացրել էր
ունեցվածքի և եկամուտների մի հայտարարագիր, ըստ որի՝ միայն պետական պաշտոններ
վարած այս տղան մի քանի տարում կուտակել է 10 միլիոն դոլարից ավելի հարստություն։
Հետո պարզվեց, որ ունեցածը մի քանի անգամ ավելի է։ Այդ հայտարարագիրն ստանալուց
անմիջապես հետո նա անհապաղ պետք է ձերբակալվեր, ու նրա նկատմամբ քրեական գործ պիտի
հարուցվեր։ Հենց նման հայցով Հայ ազգային կոնգրեսը դիմեց դատախազություն, սակայն
վերջինս «հանցակազմ չտեսավ»՝ ձեռքին ունենալով «կասկածյալի» հստակ
ինքնախոստովանական ցուցմունքը։ Ավելին՝ ռեժիմը (Սերժ Սարգսյանը) Երևանի մասշտաբով,
թերևս, ավելի շատ ջանք ու միջոցներ ծախսեց նրան քաղաքապետ դարձնելու համար, քան
նախագահական ընտրություններում՝ Ս. Սարգսյանի համար։
Ո՞րն է Տ. Մարգարյանի
արժանիքը։
Ընթերցողին կարող է թվալ, թե այս
հարցի պատասխանը կապ չունի ուղեվարձի թանկացման այսօրվա խնդրի հետ։ Եթե խնդիրը
դիտարկենք առնձին և ոչ թե ընդհանուր քաղաքական մի կոնտեքստում, եթե այն
անձնականացնենք դրա ֆորմալ պատասխանատուով՝ քաղաքապետով, ապա, ինչպես մինչև հիմա,
առաջիկայում ևս կունենանք «հօգուտ ժողովրդի» տասնյակ նման քայլեր։ Ուստի վերոնշյալ
հարցը ընդհանրացնենք. ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանի համար
որո՞նք են որևէ պաշտոնյայի արժեքը, գերադասելի որակները։ Տ.
Մարգարյանի օրինակը, թերևս, լավագույններից մեկն է՝ այս հարցի պատասխանը ստանալու,
մասնավորապես՝ պաշտոնյայի գերադասելի որակները ցուցադրելու համար։ Բայց դրա համար
պետք է հակիրճ ներկայացնել նրա անձնական ու «քաղաքական» ծագումնաբանությունը
գլխավոր գծերով։
Ա) Տարոն Մարգարյանը միջնակարգ
դպրոցն ավարտել է «էքստեռն»։ Այսինքն՝ մինչև վերջ դպրոց չի գնացել։ Դա շատ ցցուն
երևաց, մասնավորապես ,Երևանի ընտրություններում, երբ նա ստիպված էր հանդիպումների
ժամանակ անձամբ և հանպատրաստից խոսել տեսախցիկի առջև։ Դատելով նրա կազմած՝
առավելագույնը պարզ համառոտ և ոչ միշտ ճիշտ նախադասություններից՝ դժվար չէ
ենթադրել, որ միջնակարգն «էքստեռն» ավարտելու պատճառը նրա հանճարեղ կամ
հրաշամանուկ լինելը չի եղել՝ հաստա՛տ։ Սա էլ, իր հերթին, նշանակում է, որ նրա
իրական կրթությունը, ըստ ամենայնի, թերի միջնակարգ է՝ առավելագույնը։ Մնացածը՝
բարձրագույն կրթություն, մագիստրատուրա՝ մի քանի կոպեկի հարց է։ Լիսկան, օրինակ,
պատմական գիտությունների թեկնածու է։ Ըստ այսմ՝ անխուսափելի է դառնում առաջին
արձանագրումը.Ս. Սարգսյանի
համար Տարոն Մարգարյանի թիվ մեկ արժանիքը նրա անգրագիտությունը, տգիտությունն է։
Բ) Տարածված ասացվածքը պնդում է՝
«Խնձորը ծառից հեռու չի ընկնում»։ Տ. Մարգարյանի հայրը՝ Անդրանիկ Մարգարյանը, Ռ.
Քոչարյանի և Ս. Սարգսյանի հաստատած կոռուպցիոն բուրգում, վարչապետի իր պաշտոնի
համեմատ՝ շատ ավելի համեստ դիրք էր գրավում։ Ըստ բազմաթիվ քաջատեղյակ չար լեզուների՝
իրական վարչապետությունն անում էր Ռ. Քոչարյանի ստվերը՝ փոխվարչապետ Արմեն(չիկ)
Գևորգյանը։ Կոռուպցիոն բուրգում Ա. Մարգարյանն այնքանով էր, որքանով ստորագրում
էր իրեն դեմ տված փաստաթղթեր, որոնցով և ապահովվում էր երկրի կողոպուտը և
ստվերային բյուջեի գոյացումն ապահովող մեխանիզմի աշխատանքը։ Եւ
ուրիշ ոչ մի ամբիցիա... Դրա
դիմաց նա նույն այդ ստվերային բյուջեից ոչ մեծ «պայոկ» էր ստանում, ըստ նույն
քաջատեղյակ չար լեզուների՝ ամսական կես միլիոն դոլարի չափ։ Այս ոչ մեծ վճարի դիմաց
դա հսկայական ծառայություն էր կոռուպցիոն բուրգի գագաթը հանդիսացող Ռ. Քոչարյանին
և երկրորդ տեղն զբաղեցնող Ս. Սարգսյանին։ Ասում ենք՝ «ոչ մեծ վճար», քանզի ըստ
միջազգային փորձագիտական գնահատականների՝ Հայաստանի ժողովրդից տարեկան թալանվածը
(«ստվերային բյուջեն») կրկնակի ավելի է պետական բյուջեից, այսինքն՝ 3-4 միլիարդ
դոլար։ Հենց դրա համար էլ Ա. Մարգարյանը երկար ու ապահով պաշտոնավարեց՝
մինչև... Կոռուպցիոն մեխանիզմի գործողության ապահովման
նույն գործառույթն, ահա, որպես բութ գործիք, Երևանի մասշտաբով, իրականացնում է նրա
որդին։ Եւ ուրիշ ոչ մի ամբիցիա... Սա էլ՝ պետական պաշտոնյայի գերադասելի
երկրորդ հատկանիշի արձանագրումը։
Գ) 1999թ. հոկտեմբերի 27-ի
ոճրագործությունից հետո՝ 2000թ. մարտի 3-ին, խորհրդարանական մեծամասնություն
կազմող «Միասնություն» դաշինքը շատ կոշտ մի հայտարարություն հրապարակեց, որը
ստորագրել էին Ստեփան Դեմիրճյանը և Անդրանիկ Մարգարյանը։ Դրանով նախագահի
աշխատակազմի ղեկավար Սերժ Սարգսյանը մեղադրվում էր քննչական խմբի աշխատանքների
խոչընդոտումը կազմակերպելու մեջ, և պահանջվում էր նրա «անհապաղ հրաժարականը»։
Նախագահի աշխատակազմի ղեկավարը չէր կարող Հոկտեմբերի 27-ի նախաքննության կոպիտ
խոչընդոտումն իրականացնել՝ առանց նախագահի հրահանգի, ուստիև հայտարարությունն
ակնհայտորեն ուղղված էր հենց Քոչարյանի դեմ։ Անդրանիկ Մարգարյանի ստորագրությամբ
հիշյալ հայտարարությունը, կարելի է ասել, այն պաշտոնական փաստաթուղթն է, որով Ռ.
Քոչարյանը և Ս. Սարգսյանը առավելագույնս հստակ մեղադրվում են Հոկտեմբերի 27-ի
ոճրագործության մեջ։ Դրանից ընդամենը երկու ամիս անց Ռ. Քոչարյանը վարչապետի
պաշտոնից հեռացրեց Վ. Սարգսյանի եղբորը՝ Արամ Սարգսյանին։ Նա այդ քայլը չէր կարող
անել՝ առանց նախապես ունենալու խորհրդարանի ամենամեծ խմբակցության ղեկավար Ա.
Մարգարյանի՝ վարչապետ աշխատելու համաձայնությունը։ Ամենամեղմ
բնորոշմամբ՝ սա Հոկտեմբերի 27-ի զոհերի արյան ուրացում էր՝ հանուն պաշտոնի։
Ապա Ա. Մարգարյանը ոչ միայն հանդուրժեց Հոկտեմբերի 27-ի «նախաքննությունը խոչընդոտող»
Սերժ Սարգսյանի նշանակումը պաշտպանության նախարարի պաշտոնում, այլև, ավելի ուշ,
նրա հետ կիսեց ՀՀԿ նախագահի պաշտոնը։
Անդրանիկ Մարգարյանը մահացավ
2007թ. մարտի 25-ին։ Առաջին իսկ օրից և առ այսօր տասնյակ անգամ արձանագրվել է, որ
Ա. Մարգարյանը մահացավ զարմանալիորեն «ճիշտ ժամանակին». դրանից հետո Ս. Սարգսյանը, նրա
փոխարեն, խորհրդարանական ընտրություններում գլխավորեց ՀՀԿ ցուցակը, նրա
փոխարեն դարձավ վարչապետ, մնաց ՀՀԿ միանձնյա նախագահ,
ՀՀԿ-ից մնաց նախագահի միակ հնարավոր թեկնածուն։ Երբեմն նաև
առարկայական խոսվել է Ա. Մարգարյանի մահվան կասկածելի լինելու մասին։ Տարոն
Մարգարյանից՝ ոչ մի արձագանք։ Դրա (ոչ մի արձագանքի) դիմաց նա դարձավ, նախ՝
փոխքաղաքապետ, ապա՝ քաղաքապետ։ Ամենամեղմ բնորոշմամբ՝ սա նույնպես ուրացում
է՝ հանուն պաշտոնի։ Ահա և պաշտոնյայի գերադասելի երրորդ հատկանիշը՝
ամենամոտ հարազատին անգամ ուրանալու «կարողությունը»։
Հիմա, ուղեվարձի բարձրացման հետ
կապված պայքարել Տ. Մարգարյանի դեմ, կամ «հօգուտ ժողովրդի» արված նմանօրինակ այլ
քայլի դեպքում պայքարել դրա համար ֆորմալ իմաստով պատասխանատու որևէ պաշտոնյայի
դեմ՝ նույնն է, ինչ Հ. Թումանյանի հայտնի հեքիաթում գյուղը հավաքվում, քարերով ու
փայտերով ծեծում, ապա խարույկի վրա այրում է «Կացին ախպորը»։ Կոթն այրվում է,
կացինը մնում է։ Ահա թե ինչու ուղեվարձի, հոսանքի, գազի
թանկացումը, Մաշտոցի պուրակը, Ծածկած շուկան, Դալմայի այգիները, կարկտահարված
բնակավայրերի գյուղացիներին խաբելը, բանակում սպանություններն ու
«ինքնասպանությունները», ամեն, ամեն ինչ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՆ։ Ու
դրանք լուծելու համար պետք է նախ լուծել ՄԱՅՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ՝ Ս. Սարգսյանի
հեռացումը, ավազակապետության կազմաքանդումը, սահմանադրական կարգի վերականգնումը։ Հակառակ դեպքում՝ Ս. Սարգսյանի համար
մեծ խնդիր չէ այրված պոչով կացինը նորից կոթելը։
No comments:
Post a Comment