Վերնագրում
արտահայտված միտքը դժվար հավատալի մի թեզ է թվում։ Քանզի իշխանության պահպանման
տեսանկյունից տրամաբանականը հակառակն է. ընդհանուր բարեկեցության բարձրացումը
ցանկացած իշխանության ապահովության երաշխիք է։ Եւ այս կանոնը միայն
ժողովրդավարական հասարակությունների համար չէ. այն գործել է բոլոր ժամանակներում
եւ բոլոր տիպի իշխանությունների դեպքում` սեփական թե օտար։ Նույնիսկ ոչ օրինակարգ
իշխանությունները այս կերպ կարող են իրենց նկատմամբ հանդուրժողականության որոշակի
մթնոլորտ ստեղծել։
Շատ հին-հին դարերից
աշխարհում գործել է եւս մեկ կանոն՝ մարդը արժեք է համարվել: Արժեք է եղել ոչ միայն
ազատ քաղաքացի՛ն, գյուղացի՛ն, առեւտրակա՛նը, արհեստավո՛րը, բանվո՛րը։ Արժեք են
եղել նաեւ ստրո՛ւկը, ճո՛րտը, դրանց համար պատերազմներ են մղվել։
Հայաստանում 2000
թվականից հաստատված ռեժիմը շեղվում է այս կանոններից եւ գործում դրանց ճիշտ
հակառակ։
Երեւանի Ծածկած
շուկայի՝ որպես հուշարձանի ավերմամբ ծնունդ առավ եւս մի «Երեւան սիթի» հսկայական
խանութ։ Մասնագետների դիտարկմամբ՝ քաղաքի չափերի համեմատ՝ նման սուպերմարկետների
թիվը վաղուց գերազանցել է աշխարհում գոյություն ունեցող նորմերը։ Արդեն ոչ թե
մասնագետները, այլ ամեն մեկը կարող է արձանագրել, թե յուրաքանչյուր նման նորաբաց
սուպերմարկետի շրջակայքում քանի մանր ու միջին խանութներ են մեռնում (կամ դրանք
չնչին գներով ձեռք են բերում եւ աշխատեցնում նույն սուպերմարկետների տերերը)։
Հասարակության պատկերացումներում սա օլիգարխի ագահության, ընչաքաղցության
դրսեւորում է ընդամենը։ Տարածված պատկերացումն ու գնահատականն այդպիսին է, եթե
անգամ համարեն, որ դրանում Սերժը 50% փայ ունի՝ Սաշիկ եղբոր դեմքով։ Գուցե
գործարար Սամվել Ալեքսանյանի համար տնտեսական բացատրությունն ընդունելի է։ Սակայն
դա չէ իրական բացատրությունը։ Սերժ Սարգսյանի ու նրա ռեժիմի համար առաջնահերթ է
դրա քաղաքական շարժառիթը։ Իսկ քաղաքական շարժառիթը միջին դասի ունեզրկումն
ու վերացումն է, որ այս ռեժիմի առաջնահերթ նպատակներից է եղել ի սկզբանե։
Որովհետեւ ամսական, ասենք, 1000 եւ ավելի դոլոր եկամուտ ունեցող, ինքնապահովման
նվազագույն խնդիրներն ինքնուրույն լուծող մարդը կարող է հավակնել նաեւ իր
սահմանադրական ազատությունների եւ իրավունքների իրացմանը, նա դուրս է իշխանության
անմիջական թելադրանքի ոլորտից, չի տրվում 5000 դրամ ընտրակաշառքի։
Նույն սխեման է
աշխատում նաեւ գյուղում։ Տարիներ առաջ գյուղատնտեսական հիմնական մթերքների
հասունացման սեզոնին գյուղերում կյանքը եռում էր։ Միրգը հաճախ ծախված էր դեռ ծառի
վրա։ Ե՛ւ արտահանող կազմակերպություններ կային, ե՛ւ իրենք գյուղացիներն էին իրենց
բերքը դուրս տանում, ե՛ւ հատկապես հարեւան Վրաստանից էին գնորդները լցվում
դաշտերը։ Չգիտեմ՝ ինչ է ասում վիճակագրությունը, բայց աչքով տեսածի եւ մարդկանց
պատմածի հիման վրա վստահ կարելի է ասել, որ, օրինակ, ծիրանի բերքից գյուղացին այս
տարի կարող էր մի քանի տասնյակ միլիոն դոլար եկամուտ ստանալ, եւ այն կորցրեց։
Կորցրեց, որովհետեւ դրա արտահանումը մենաշնորհի է վերածվել ինչ-որ «Սպայկա»
ընկերության համար։ Վերջինս շուկայում մրցակցությունը վերացնելու միջոցով
արհեստականորեն իջեցրեց մթերման գները։ Բայց նա չէր կարող մթերել ամբողջը, եւ բերքի
մեծագույն մասը պարզապես փչացավ։ Այստեղ էլ հարցը խնդրի տնտեսական բացատրությունը՝
«Սպայկայի» մի քանի հարյուր հազար դոլար շահելը չէ։ Աստեղ էլ առաջնահերթը
քաղաքական դրդապատճառն է՝ գյուղացուն զրկել մի քանի տասնյակ միլիոն դոլարի
եկամուտից։ Ու քանի որ նույն խոչընդոտները ստեղծվել են նաեւ արտահանման ենթակա
մյուս մթերքների դեպքում, ապա այս տարի գյուղացիության կրած վնասները հաստատ անցել
են հարյուր միլիոն դոլարի սահմանը։ Պատկերավոր ու ավելի հասկանալի լինելու համար
ասենք այսպես. արհեստականորեն ստեղծված մենաշնորհի հետեւանքով առնվազն 30.000
գյուղացիական տնտեսություն զրկվել է, միջին հաշվով, 3000-ից ավելի դոլար
եկամուտից։ Ռեժիմի համար սա է կարեւորը, որովհետեւ մի քիչ ունեւոր, ինքնաբավ
գյուղացին նույնպես դրսեւորում է այն վարքագիծը, ինչ միջին խավի ներկայացուցիչը։
Եւ այսպես՝ շատ հնուց
ի վեր, բոլոր տեսակի իշխանություններին հայտնի է եղել այն կանոնը, որ ժողովրդին
ծրագրված կերպով առավելագույնս ունեզրկելը, աղքատության մատնելը չի կարող ծառայել
որպես իշխանության պահպանման միջոց։ Հայաստանում հաստատված ավազակապետական ռեժիմին
դա հաջողվել է բացառապես ազգային շահերը աշխարհի հզորներին ծախելու ու դրա դիմաց
ստացած օժանդակության շնորհիվ։ Ու կարծես թե էլ ծախելու բան չունի։ Չհաշված
Ղարաբաղը եւ Հայաստանը։
No comments:
Post a Comment