Saturday, August 17, 2013

Հայաստանում վաղուց արդեն կա մեկ օրինակարգ քաղաքական հարցադրում


Եթե որպես կանխադրույթ՝ ընդունենք, որ քաղաքական, քաղաքականություն վարել հասկացություններով բնորոշվում են իշխանության քայլերը, որոնք բխում են երկրի ազգային (պետական), ուստիեւ՝ սեփական քաղաքացիների շահերից, ապա այդ բնորոշումը չպետք է օգտագործել այս ռեժիմի որեւէ քայլի համար։ Հետաքրքիր է, որ այդ բառից, ինչպես մոլեռենդ կրոնավորը՝ սատանայից, սարսափում ու խույս են տալիս նաեւ իշխանության ամենատարբեր ռանգի ներկայացուցչները՝ բազմիցս կոչ անելով «չքաղաքականացնել» ծառ կտրելուց սկսած՝ մինչեւ Սահմանադրության հարցերը։
Հայաստանի ներքին կյանքին թե արտաքին հարաբերություններին վերաբերող՝ փոքրից սկսած՝ մինչեւ ֆունդամենտալ, ուղենշային որեւէ հարցադրում, այս վարչախմբի համար, արդեն շուրջ 15 տարի, զուրկ էքաղաքական բովանդակությունից, ոչ մի կապ չի ունեցել եւ չունի իրական քաղաքականության հետ։ Դրանց նպատակը մեկն է՝ ձեռք բերած ապօրինի իշխանությունը ծառայեցնել երկիրն ու ժողովրդին թալանելուն։
Քաղաքականություն վարելու հայտնի օրենքները, նորմերն ու սկզբունքները արհամարհելու սկիզբը դրվեց  1998-ից, երբ իշխանության մաս կազմող որոշ ուժեր Լեռնային Ղարաբաղի խնդիրը դրեցին ոչ քաղաքական հարթության վրա՝ հակադրվելով հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վարած կուրսին ու պահանջելով նրա հրաժարականը։ Պետական հեղաշրջմանը հաջորդած նախագահական ընտրություններում ժողովուրդն իր վճռական անհամաձայնությունը արտահայտեց կատարվածին ՝ միահամուռ ձայն տալով ընդդիմադիր թեկնածու Կարեն Դեմիրճյանին եւ մերժելով հեղաշրջումն իրականացրած խմբի թեկնածու Ռ. Քոչարյանին։ Սակայն արդյունքների տոտալ կեղծումների միջոցով վերջինս նախագահ հռչակվեց։ Ժողովրդի համընդհանուր ընդդիմացումը ռեժիմին նույն հաստատակամությամբ արձանագրվեց նաեւ հետագա բոլոր համապետական ընտրությունների ժամանակ։
Քաղաքականության կանոնների ու նորմերի արհամարհումը միայն տվյալ ասպարեզում անգրագիտության, չիմացության արդյունք չէր, այլ նաեւ իշխանության մասին պատկերացումների,  քաղաքականության ելակետի փոփոխություն։ Ոչ օրինակարգ նախագահի համար այդ ելակետը դարձավ ոչ թե ազգային-պետական շահը, այլ ձեռք բերած ապօրինի իշխանության պահպանման հիմքերի, երաշխիքների ստեղծումը՝ ներսում՝ ժողովրդի ունեզրկման, դրսում՝ նույն այդ ազգային-պետական շահի վաճառքի միջոցով։ Շուտով ի հայտ եկան քաղաքականության կանոնների ու նորմերի արհամարհման առաջին դառը պտուղները։ Արտաքին հարաբերություններում դա Մեղրին Լաչինի հետ փոխանակելու ծրագիրն էր, ապա՝ Լեռնային Ղարաբաղին՝ որպես հակամարտության իրավահավասար կողմի, միջազգայնորեն ճանաչված մանդատից զրկելը։ Երկու քայլերն էլ, ազգային շահերի տեսակետից՝ դավաճանական, արված էին արտաքին աշխարհին հաճոյանալու, ներսում չունեցած օրինակարգության բացը դրսում լրացնելու համար։ Ներքին կյանքում ոչ քաղաքական հարթության վրա գործելու «պտուղը» Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն էր եւ դրանից հետո ու դրա շնորհիվ՝ բոլորովին նոր որակի իշխանության՝ ավազակապետական ռեժիմի հաստատումը։
Պետական եւ երկրի քաղաքացու շահի փոխարեն անձնական շահն ու իշխանության պահպանման հոգսը այնուհետ դառնում է միակ ելակետը, որով տրամաբանական բացատրություն են գտնում ռեժիմի բոլոր նախաձեռնությունները՝ ներքին կյանքում ամենափոքր օրենսդրական նախաձեռնություններից սկսած՝ մինչեւ արտաքին քաղաքական խոշոր խնդիրները։ Արդ, ըստ սկզբում դրված չափորոշիչի, այդ քայլերից եւ ոչ մեկը չի կարող քաղաքական բառով բնորոշվել։
Ներքին կյանքում մեղք կլինի քաղաքական նախաձեռնություն անվանել 2005 թվականի սահմանադրական հանրաքվեն, ինչի շնորհիվ, բազմաթիվ հակասությունների ներմուծմամբ, աղարտվեց երկրի հիմնական օրենքը։ Մեղք կլինիքաղաքականություն համարել մի գործելակերպ, ինչի արդյունքում անընդհատ մեծանում է սոցիալական բեւեռացումը, բարձրանում կոռուպցիայի մակարդակը, մեծանում է աղքատության տոկոսը, ամեն ինչ արվում է (վարչապետի իսկ խոստովանությամբ) պետականորեն ծրագրված արտագաղթը խթանելու համար։ Այս ամենը (եւ տասնյակ նման քայլեր) բացատրելի են մեկ ելակետով՝ ռեժիմի ներքին անվտանգությունն ապահովելու համար ունենալ խեղճուկրակ, հլու-հնազանդ, վախեցած, կամազուրկ հասարակություն։
Արտաքին ասպարեզում՝ մեղք կլինի քաղաքական քայլ կոչել Ցեղասպանության խնդիրը Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնադրույթ հռչակելը, ինչի անխուսափելի արդյունքը դարձավ տխրահռչակ «պատմաբանների հանձնաժողովի» ստեղծումը, երկրի գործող առաջին դեմքի մակարդակով Ցեղասպանության ուրացման խայտառակությունը։ Նույնպիսի մեղք կլինի ղարաբաղյան հակամարտության հետ կապված քայլերը քաղաքականորակելը, ինչի արդյունքը եղավ Ղարաբաղը կարգավորման բանակցություններից դուրս մղելը եւ «Մադրիդյան սկզբունքները» վաստակելը։ Մյուս կողմից, սակայն, այս ամենը (եւ դարձյալ՝ տասնյակ նմանօրինակ քայլեր) կենսականորեն անհրաժեշտ են եղել ռեժիմի՝ ներսում չունեցած օրինակարգության պակասը դրսում լրացնելու եւ իշխանությունը պահելու համար։ Չմոռանանք, որ այս ամենի դիմաց Արեւմուտքը խաղաղ ցուցարարների նկատմամբ երկու՝ Ապրիլի 12-ի եւ մարդկային 10 զոհով ուղեկցված՝ Մարտի 1-ի բարբարոսական ջարդ է ներել ռեժիմին։ Նույն այդ՝ ազգային շահերի վաճառքի դիմաց է, որ Արեւմուտքը  ամեն անգամ «մի քայլ առաջ» ձեւակերպմամբ  աչք է փակել ընտրությունների զանգվածային կեղծման վրա։ Պատահական մի դիպվածով եւ «Վիկիլիքսի» շնորհիվ հայտնի դարձավ նախագահական ընտրություններից մեկի մասին իրականությունն արձանագրած փաստաթուղթը. ԱՄՆ դեսպանը հստակ զեկուցում է իր կառավարությանը, որ2008թ. նախագահական ընտրություններում Ս. Սարգսյանը չի հաղթել, եւ երկրորդ փուլ նշանակելու դեպքում ընդդիմության թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը «ջախջախիչ հաղթանակ» կտանի նրա նկատմամբ: Նույնն են եղել իրականությունը եւ հասարակական մթնոլորտը նաեւ մյուս նախագահական ընտրությունների ժամանակ. բավական էր մեկ անգամ միջազգայն դիտորդները օբյեկտիվ գնահատական տային, եւ ո՛չ Ռ. Քոչարյանը, ո՛չ Ս. Սարգսյանը, նախագահի աթոռը չէին տեսնի։
ԵՄ ասոցացման պայմանագրին, թե ռուսաստանյան Մաքսային միությանը միանալու երկընտրանքը նույնպես Ս.Սարգսյանի եւ նրա ռեժիմի համար չէր կարող քաղաքական բովանդակություն ունենալ։ Ուստիեւ, տվյալ դեպքում օրինակարգ չէ «ո՞րն է ճիշտ՝ ԵՄ, թե՞ Մաքսային միություն» հարցադրումը։ Նախ՝ այն պատճառով, որ շրջանառվող «ե՛ւ, ե՛ւ», «կա՛մ, կա՛մ» տարբերակների կողքին չկա «ո՛չ, ո՛չ» տարբերակը. այն վաղուց ոչնչացվել է նույն ռեժիմի ջանքերով։ Երկրորդ՝ այս իշխանության համար այս հարցի լուծման ելակետը նույնպես չի կարող երկրի ազգային շահը լինել, այլ միայն՝ զավթած իշխանության պահպանումը։ Այնպես որ՝ ստեղծվել է անհեթեթ մի իրավիճակ, երբ քաղաքական հարթության վրա  որեւէ հարցադրման քննարկում, լոկալ որեւէ հարցով պայքար, Սերժ Սարգսյանին որեւէ պահանջի ներկայացում (բացի հրաժարականի պահանջից), ինքնին, մի տեսակ՝ օրինակարգություն է հաղորդում (լեգիտիմացնում է) ռեժիմին։ Եվրոպական ասոցացո՞ւմ, թե՞ Մաքսային միություն խնդիրը կարող էր քաղաքական բովանդակություն ունենալ եւ որպես այդպիսին քննարկվել իր բոլոր տարբերակներով ու տեսանկյուններով՝ միայն օրինակարգ իշխանության պայմաններում։ Հայաստանում, այս ռեժիմի պայմաններում, վաղուց արդեն չկա որեւէ հարց, որը կարելի է քաղաքական համարել, այն է՝ ակնկալել դրա լուծումը իշխանության կողմից՝ հօգուտ պետության ու քաղաքացու։ Հայաստանում վաղուց արդեն կա մեկ օրինակարգ քաղաքական հարցադրում՝ Սերժ Սարգսյանի հանցավոր ռեժիմի հեռացումը եւ սահմանադրական կարգի վերականգնումը։ Մնացած բոլոր հարցերը՝ սկսած Ծածկած շուկայից մինչեւ ԵՄ եւ Մաքսային միություն, ածանցյալ են սրանից։


No comments:

Post a Comment