Ինչ-որ պահից Ռ. Քոչարյանը և Ս.
Սարգսյանը համարեցին, որ «անցել են Ռուբիկոնը», և ետդարձը, պատկերավոր ասած,
մահ է իրենց համար։ Ակնհայտորեն՝ դա Հոկտեմբերի 27-ն էր։ Հիշենք, որ այդ
ոճրագործության դատավարությունը, ըստ էության, չավարտվեց։ Հասարակության համար այն
առկախ մնաց զոհերի հարազատների ու նրանց փաստաբանների միահամուռ արձանագրմամբ.
«Այս իշխանության օրոք Հոկտեմբերի 27-ի գործը չի բացահայտվի»։ Իսկ դա այլ բան չէր,
քան ոճրագործությանը մեղսակից լինելու մեջ բարձրագույն իշխանությանը, անձնավորված՝
Ռ. Քոչարյանին և Ս. Սարգսյանին ուղղված անսքող մեղադրանք։ Եւ դա համընդհանուր
ընկալում էր։
Հոկտեմբերի 27-ից հետո ետդարձ
չկար, իսկ առաջ գնալ՝ կնշանակեր ստեղծել ավազակապետական այն ռեժիմը, որ առկա է առ
այսօր։
Երկու տարվա ընթացքում երկու
պետական հեղաշրջում իրականացրած Քոչարյան-Սարգսյան զույգը կարողացավ հաղթահարել
նաև երկրորդ հեղաշրջման հետ կապված վտանգները։ Դրանից հետո անհրաժեշտ էր ստեղծել
նոր տիպի իշխանության պահպանման և վերարտադրման մեխանիզմները։ Հասկանալի պատճառով՝
դա չէր կարող լինել քաղաքացիների մեծամասնության համակրանքն ու վստահությունը
շահելը։ Դրան հասնելու համար անհրաժեշտ է որպես քաղաքականության ելակետ ունենալ
երկրի, պետության ու նրա քաղաքացու շահը։ Երբ այդ ելակետը բոլորովին հակառակ
բևեռում է, ըստ այդմ՝ անխուսափելիորեն պետք է ստեղծվեին նաև իշխանության
վերարտադրման բոլորովին այլ մեխանիզմներ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին։
Արտաքին մեխանիզմն այլ բան չէր,
քան երկրի ազգային շահերի վաճառք Արևմուտքին և Ռուսաստանին։ Այդ մեխանիզմն
աշխատեց, սպառվեց և ջարդուխուրդ եղավ ս/թ սեպտեմբերի 3-ին։
Ի՞նչ են իրենցից ներկայացնում
ռեժիմի իշխանության պահպանման հիմնական ներքին մեխանիզմները, ու ի՞նչ վիճակում են
դրանք։
Անձնական հարստացումը
Հոկտեմբերի 27-ի վտանգների
հաղթահարումից քիչ անց սկսեցին տեղեկություններ շրջել Ռ. Քոչարյանի դեռ
ուսանողական տարիքի որդու աննախադեպ «բիզնես հաջողությունների» մասին։ Նման
տեղեկությունները ժամանակի հետ աճեցին երկրաչափական պրոգրեսիայով։ Հասարակությունը
դրա մասին առարկայական պատկերացում ստացավ, երբ 2010թ. գարնանը ռուսական մամուլը
հրապարակեց նրա ու մյուս իշխանավորների ունեցվածքի մանրակրկիտ ցանկը։ Քոչարյանի
ունեցածը այդ հրապարակման մեջ գնահատվում էր 4 միլիարդ դոլարի չափ։ Նույն տեղում
հրապարակվեց նաև երկրորդ տեղն զբաղեցնող Սերժ Սարգսյանի ունեցվածքի նույնքան
տպավորիչ ցանկը։ Այս դեպքում էլ անակնկալ բիզնես տաղանդ էր բացահայտվել Ս.
Սարգսյանի «ՊԱԶ»-ի վարորդ եղբոր մոտ։ Հրապարակումը նշանակում
էր երկրի բարձրագույն ղեկավարությանը մեղադրել հրեշավոր չափերի ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ մեջ։ Ըստ
էության՝ ծանր հանցագործություն հանդիսացող այս
մեղադրանքներին չեղավ ոչ մի բողոք ու ոչ մի պատասխան, ոչ մի պատիվ պահանջել կամ
դատի տալ։ Քիչ անց նույնը հաստատվեց նաև «Վիկիլիքսի» հրապարակած
փաստաթղթերով. ԱՄՆ դեսպանատան գաղտնի զեկուցագրերից մեկում Հայաստանը ներկայացվում
է որպես երկու ֆինանսական բուրգ՝ ի դեմս Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի, նկատելով,
որ առաջանում է նաև երրորդը՝ Հ. Աբրահամյանի գլխավորությամբ։ Հրապարակվեցին նաև
միջազգային փորձագիտական գնահատականներ, ըստ որոնց՝ Հայաստանի իշխանական
վերնախավի՝ ամեն տարի երկրից թալանած հարստությունը երկու անգամ գերազանցում է
տվյալ տարվա պետական բյուջեն։
Այս մեխանիզմը, անշուշտ, իր
նպատակին ծառայեց՝ մի քանի անգամ ապահովելով իշխանության վերարտադրությունը։ Բայց
դա, միաժամանակ, մի գործընթաց է, որը չէր կարող ինչ-որ պահի դուրս չգալ, և արդե՛ն
իսկ իր որոշ դրսևորումներում դուրս է գալիս վերահսկողությունից, իշխանական բուրգի
ներսում վերածվում վտանգավոր անարխիկ երևույթների։
Հասարակությանն
աղքատացնելը և երկիրը «բեռնաթափելը»
Իշխանության պահպանման և
վերարտադրման մյուս մեխանիզմը եղել է բնակչության աղքատացման և արտագաղթի մղելու
խնդիրը՝ որպես առանձին մի ծրագիր։ Դեռ մի քանի տարի առաջ նման պնդումը կարող էր
ոմանց անհավատալի թվալ, քանզի այն ավելին է, քան ծանրագույն մեղադրանք ազգային
դավաճանության մեջ։
Բնակչության ավելի ու ավելի մեծ
տոկոսին աղքատության մատնելը, որպես իշխանությունը պահելու երաշխիք, ակտուալ
դարձավ հատկապես 2007 թվականից սկսված Համաժողովրդական շարժման տված դասով։
Հանրահավաքների օրերին դեպի Երևան եկող ճանապարհները փակելը կամ տրանսպորտի
աշխատանքը կանգնեցնելը ցանկալի արդյունք չէր տալիս։ Ուստիև, դրան զուգահեռ՝ դրվեց
բնակչության աղքատացման, այդ կերպ նրա քաղաքական ակտիվության նվազեցման և
տեղաշարժի հնարավորության սահմանափակման խնդիրը։ Ուրիշ
ինչպե՞ս, ի՞նչ աղետով, օբյեկտիվ ի՞նչ հանգամանքով բացատրել այն փաստը, որ Ս.
Սարգսյանի իշխանության տարիներին կրկնակի աճեց ու խորացավ աղքատության տոկոսը։
Ուրիշ ինչպե՞ս բացատրել, որ ըստ մասնագետների՝ Հայաստանում աղքատության մակարդակի
50-60%-ի դիմաց՝ Վրաստանում այն 9,9% է, ՌԴ-ում՝ 5,4%, Ղազախստանում՝ 5,5%,
Ադրբեջանում՝ 4,5% (տե՛ս 168 ժամ, 5-7հոկտ. 2013)։ Այս ծրագրի հրեշավորությունը
պատկերացնելու համար ասենք, որ ամենադաժան՝թուրքական 600-ամյա տիրապետությունից
հետո, 1915թ., Օսմանյան կայսրությունում ապրող միջին հայը մի քանի անգամ ավելի
ունևոր էր միջին օսմանցուց։
Այս ծրագիրը ևս աշխատել է ի նպաստ
գործող ռեժիմի։ Սակայն, ինչպես առաջին դեպքում՝ մինչև ինչ-որ պահ։ Այդ ինչ-որ
պահից հետո այն, դարձյալ՝ անվերահսկելի ու անկառավարելի, կարող է դառնալ չոր վառոդ
իշխանության դեմ քաղաքական պայքարում։
Պետական համակարգի
քրեականացումը
Հասարակության որևէ մաս, որևէ խավ չէր
կարող դառնալ ու չդարձավ ավազակապետական իշխանության սոցիալական բազան։ Այդ բանը
շատ լավ հասկանալով՝ ռեժիմի պարագլուխներն անմիջապես ձեռնամուխ եղան ստեղծելու
ընտրակեղծիքների դժոխային մեխանիզմը։
Եւ այնուամենայնիվ, ինչպես ամեն մի
իշխանության, սրանց էլ պետք էր սոցիալական բազային փոխարինող՝ մարդկանց ինչ-որ մի
քանակ, հավաքականություն՝ թեկուզ ընտրակեղծիքի մեքենան գործի դնելու համար։
Բնականաբար, այդ համախմբումը չէր կարող լինել գաղափարախոսական հիմքի վրա. Նժդեհն
ու նրա ուսմունքն ընդամենը քող են, նրան ո՛չ որևէ մեկը կարդացել է, ո՛չ էլ
կարդալուց ի վիճակի է բան հասկանալ։ Դա չէր կարող լինել նաև ունեցվածքային,
նյութական շահագրգռության հիմքի վրա. ավազակապետական համակարգը որքան գիշատիչ է
ողջ հասարակության, նույնքան գիշատիչ է իր անդամներից յուրաքանչյուրի նկատմամբ։
Սոցիալական բազային փոխարինող
մարդկային այդ հավաքականությունը պիտի կազմավորվեր այն նույն հիմքով, ինչով Ռ.
Քոչարյանն ու Ս. Սարգսյանն էին «անցել Ռուբիկոնը», այն է՝ հանցավորության հիմքի
վրա։ Այսինքն՝ որքան հնարավոր է շատ մարդկանց պետք էր ստիպել, դրդել (ոմանք էլ դա
կարող էին իրենք հաճույքով անել) այնպիսի հանցագործության, որի համար դժվար կլինի
պատժից խուսափել որևէ այլ իշխանության օրոք։ Ինքնաբերաբար՝ այդպիսին է դառնում
չեղած տեղը ապօրինի գործեր թխած դատախազը, ապօրինի վճիռ կայացրած դատավորը,
բյուջետային միջոցները «ատկատներով» ետ բերած պետական պաշտոնյան՝ նախարարից մինչև
վերջին գյուղապետ և այլն։ Սրանց մի մասը ռեժիմի մահապարտ պաշտպաններ են դառնում՝
կախված գործած հանցանքի ծանրությունից։
Այս մեխանիզմը նույնպես աշխատել է
հօգուտ գործող ռեժիմի։ Բայց դարձյալ՝ մինչև ինչ- որ պահ՝ քանի դեռ համոզված է եղել
Ս. Սարգսյանի «ամենազորության», «ամենակարող» լինելու մեջ։ Սեպտեմբերի 3-ի կոլապսը
խաթարեց այդ հավատը։
Այս պահին ռեժիմի գոյատևման և
վերարտադրման մեխանիզմները խաթարված են։ Դրանք աշխատել են այնքանով, որքանով
աշխատել է արտաքին մեխանիզմը։ Իսկ արտաքին մեխանիզմն աշխատել է՝ ռեժիմի կողմից
Ղարաբաղին հակամարտության կողմի միջազգային մանդատից զրկելու, հայ-թուրքական
արձանագրություններով Հայոց ցեղասպանության ուրացման, Մադրիդյան
սկզբունքներով Ղարաբաղին ինքնորոշման իրավունքից զրկելու գնով։ Հիմա՞ ինչ
պիտի ծախի Ս. Սարգսյանը՝ ռեժիմի ապահովության մեխանիզմները վերականգնելու համար.
մի՞թե Ղարաբաղը։
No comments:
Post a Comment