Սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի
մատուցած անակնկալը նոկդաունի ազդեցություն ունեցավ առաջին հերթին հենց իշխանական
շրջանակներում ու նրա քարոզչամեքենայի վրա։ Բուն խնդրում ասելիք ու
բացատրություն գտնելու անհնարինությունը վերջինիս մղեց մի այլ միջոցի՝ գտնել,
ստեղծել թեմաներ, իրավիճակներ, դրանց արհեստական հասարակական հնչեղություն տալ ու
դրանով ծածկել, մոռացության մատնել հիմնական քաղաքական թեման։
Բաժակը կիսով չափ լի՞քը,
թե՞ կիսով չափ դատարկ
Շահարկման առաջին թեման դարձավ
Լևոն Զուրաբյանի մի արտահայտությունը՝ կապված ՀՀ արտաքին քաղաքականության
հիմնադրույթների հետ`Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի անունների հիշատակմամբ։
Մանիպուլյացիան ցուցադրելու համար՝ մի փոքր նախաբան։
Ռ. Քոչարյան-Ս. Սարգսյան, ինչպես
ժամանակին դիպուկ ասվում էր՝ «սիամական զույգի» նախագծած
ավազակապետական-բռնապետական համակարգի ստեղծումը, բնականաբար, մի օրում և մի ակտով
չէր կարող ի կատար ածվել։ Դա պիտի լիներ 1990-ական թվականներին կառուցված
պետականության բոլոր բնագավառների աստիճանական խաթարման, նենգափոխման մի գործընթաց։
Օրինակ՝ 90-ականներին ընդդիմության
համար լիակատար բաց էին բոլոր հեռուստաընկերությունները, իսկ հրատարակվող երեք
տասնյակ թերթերից միայն երկուսն էին պաշտպանում իշխանությանը։ Ռ. Քոչարյանը դրեց
դրանց նկատմամբ լիակատար վերահսկողության խնդիրը, ինչին, բնականաբար, հնարավոր չէր
մեկ օրում հասնել, այլ՝աստիճանաբար։
Նրա օրոք մի քանի տարի դեռ գործում էին 2-3 ազատ հեռուստաընկերություն, 4-5
ընդդիմադիր և մի քանի անկախ թերթեր։ Շարունակելով նույն գիծը՝ Ս. Սարգսյանը
առավելագույնի հասցրեց վերահսկողությունը ինչպես էլեկտրոնային ԶԼՄ-ների, այնպես էլ
տպագիր մամուլի նկատմամբ, և հիմա կարելի է խոսել ոչ ավելի, քան 1-2 ազատ թերթի ու
կայքի մասին։ Ահա, այս իրողությունը, 15 տարվա կտրվածքով, կարելի է ներկայացնել
երկու ձևակերպմամբ՝ օգտագործելով կիսով չափ լիքը կամ կիսով չափ դատարկ բաժակի
պատկերը.
ա) Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ
կար խոսքի լիակատար ազատություն, Ռ. Քոչարյանի ժամանակ դա
դեռ մասամբ պահպանվում էր («բաժակը
դեռ կիսով չափ լիքն էր»), Ս. Սարգսյանի օրոք, ըստ էության, դարձել
է զրո.
բ) Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ
կար խոսքի լիակատար ազատություն, Ռ. Քոչարյանի ժամանակ դա կիսով
չափ արդեն ոչնչացվեց («բաժակն
արդեն կիսով չափ դատարկվեց»), Ս. Սարգսյանի օրոք, ըստ էության, դարձել
է զրո։
Նույն իրողության առաջին
ձևակերպումը ավելի շատ, այսպես ասենք, «էքսպերտային»
գնահատական է, երկրորդը՝քաղաքական։
Բայց թվաբանորեն երկու դեպքում էլ ճշգրիտ նույն բանն է ասվում (կասկածողները կարող
են փորձել ջրով ու բաժակով)։ Եթե նույնն է՝ ինչպե՞ս կարող է մեկը մեկնաբանվել ի
վնաս Ռ. Քոչարյանի, մյուսը՝ հօգուտ։
Հիմա, Լևոն Զուրաբյանի մի խոսքը
արտաքին քաղաքականության թեմայով արձանագրում էր հետևյալ իրողությունը. 1990-ական
թվականներին Լևոն Տեր-Պետրոսյանի մշակած ու գործադրած արտաքին քաղաքական կոնցեպցիան
հավասարակշռությունն էր, այդ հիմքի վրա ընտրության կամ այլընտրանքի հնարավորության
պահպանումը։ Նրանից հետոաստիճանաբար այդ կոնցեպցիան խաթարվեց, և 2013-ի
սեպտեմբերի 3-ին Ս. Սարգսյանի կողմից արձանագրվեց դրա զրոյական կետը։ Ըստ վերևի
սխեմայի՝ դա կարելի էր ասել երկու կերպ.
ա) էքսպերտային ձևակերպմամբ. Ռ. Քոչարյանի ժամանակ
այս-այս քայլերով (թվարկում է) կարևոր առարկայական շեղումներ կատարվեցին այդ
կոնցեպցիայից, սակայն «զուտ դիվանագիտական առումով» (այսինքն՝
մասամբ)՝ հավասարակշռության դոկտրինը դեռ պահպանվում էր («բաժակը դեռ կիսով չափ լիքն էր»)։ Սերժ
Սարգսյանի օրոք արտաքին քաղաքականության այդ դոկտրինը սեպտեմբերի 3-ին զրոյացվեց։
բ) Այս նույն միտքը քաղաքական ձևակերպմամբ կհնչի այսպես. Ռ. Քոչարյանի
ժամանակ այս- այս քայլերով կարևոր առարկայական շեղումներ կատարվեցին այդ կոնցեպցիայից,
ինչով հավասարակշռության դոկտրինը արդեն
իսկ կիսով չափ խաթարվեց և
պահպանվում էր միայն «զուտ դիվանագիտական առումով» («բաժակը արդեն կիսով չափ
դատարկվեց»։ Սերժ Սարգսյանի օրոք արտաքին քաղաքականության այդ դոկտրինը սեպտեմբերի
3-ին զրոյացվեց։
Ակնհայտ է, որ բացարձակ նույնական
այս միտքը երկրորդ՝ քաղաքական տարբերակով որևէ շահարկման առարկա չէր
կարող դառնալ։ Լևոն Զուրոբյանը, որ տվյալ ելույթն ունենում էր ոչ թե քաղաքական,
այլ էքսպերտային լսարանում,
ընդամենը նախընտրել էր նույն միտքն արտահայտել էքսպերտային ձևակերպմամբ։ Ու
սրանից հեռուն գնացող եզրակացություններ անել Ռ. Քոչարյանի նկատմամբ Կոնգրեսի
վերաբերմունքի փոփոխության մասին՝ կներեք... Այդ վերաբերմունքն ու գնահատականը 400
էջանոց մեղադրականով առայժմ Հաագայի դատարանում է, և այն ոչ մեկը ետ չի կանչել։
Իշխանության չհաջողված մի
օպերացիա
Սեպտեմբերի 3-ին իրոք տեղի ունեցավ
ինչպես Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության, այնպես էլ անձամբ իր զրոյացումը,
և ոչ միայն ողջ հասարակության աչքում, այլ նաև իշխանական բուրգում։ Վերջինիս
ներկայացուցիչները հստակ տեսան, որ այս անգամ «շեֆի» խաղը չստացվեց, և իրենց
տերմիններով՝ մեկի առաջ «կզելով», մեկին «քցելով»՝ նա այլևս հեռանկար չունի. ո՞ւմ
հետ կապեն իրենց «ապագան»։ Այս խմորումը մեղմելու, փլուզում թույլ չտալու համար Ս.
Սարգսյանը, նախ, շրջանառության մեջ դրեց սահմանադրական փոփոխությունների հարցը՝
հասկացնելով, թե ինքը գնացող չէ։ Բայց դա ներիշխանական խնդիր էր լուծում, և այն
էլ՝ մասամբ։ Իր զրոյացումը հասարակական ոգևորություն կարող էր առաջացնել և
մեծացնել ընդդիմության ռեսուրսն ու շանսը։ Հասարակության հնարավոր այդ ոգևորությունը
կանխելու համար էլ պետք էր ցույց տալ, որ նույնպիսի զրոյական վիճակում է նաև
ընդդիմությունը։
Գլխավոր դատախազի փակ գաղտնի
քվեարկությունը չէր կարող ընդամենը 3-4 դեմ արդյունք գրանցել։ Նախ՝ ոչ մի հիմք չկա
կասկածելու դեմ քվեարկելու մասին նախապես արված հայտարարություններին։ Մանավանդ,
երբ որպես կանոն՝ հակառակն է լինում. մարդիկ խոստանում են կողմ քվեարկել, բայց փակ
գաղտնի քվեարկությամբ դեմ են քվեարկում։ Երկրորդ՝ հենց իշխանության ներսում անզեն
աչքով անգամ տեսանելի են տարբեր խմբերի հակասությունները, ինչն արդեն վերածվում է
միմյանց նկատմամբ վատ քողարկված թշնամանքի։ Դրա արտահայտություններից մեկն էր,
օրինակ, խաղատներում Ս. Սարգսյանի 70 միլիոն եվրո տանուլ տալու մասին հայտնի
պատմության հրապարակումը, ըստ լուրերի՝ Տ. Սարգսյանի կողմից վերահսկվող կայքում։
Ներիշխանական հակադիր բևեռները, բնականաբար, պրոյեկտված են նաև խորհրդարանում, և
եթե դրանցից մեկը կողմ էր Կոստանյանին, մյուսը դեմ պիտի լիներ։ Կոստանյանն էլ այն
«հին գելը» չէր, որ բոլորի հետ հասցրած լիներ լավ հարաբերություններ ունենալ, ոչ
էլ այն կերպարն էր, որ ընդունելի լիներ իր հեղինակությամբ։ Այս իրողությունների
տրամաբանության թելադրանքով, ինչպես լրատվամիջոցներում, այնպես էլ սոցիալական
ցանցերում, գլխավոր դատախազի ստացած ձայների «հանելուկի» լուծումներում
աստիճանաբար ավելի ու ավելի տարածվեց ընտրակեղծիքի տարբերակը։
Դրան նպաստեց տեղեկատվական ինչ-որ արտահոսք, քանզի նշվում է հստակ թիվ՝ 27 ձայնի
կեղծում։ Իրազեկ աղբյուրները պնդում են, որ հաշվարկի ժամանակ նախապես քվեարկված
քվեաթերթկների մի տրցակ մյուսով փոխարինելը դժվար չէ, մանավանդ՝ հանձնաժողովի
ջախջախիչ մեծամասնությունը կազմող, ընտրակեղծիքների բնագավառում «պրոֆեսոր»
մարդկանց համար։ Եւս մի փոքրիկ տեխնիկական դետալ. հաշվարկման ընթացքում
հանձնաժողովի սենյակ է մտել Հովիկ Աբրահամյանը և մի կողմ կանչելով՝ մի քանի րոպե
զրուցել հանձնաժողովում ընդդիմադիր անդամ Լյուդմիլա Սարգսյանի հետ։
Հասկանալի է, որ այս ամենը չէր
կարող արվել հանուն այն բանի, որ Կոստանյանը համարյա միաձայն դառնար գլխավոր
դատախազ։ Դա նախապես մտահղացված մի տրյուկ էր, մի
ական, որը պետք է «պայթեցներ» ընդդիմությանը, նրան զրոյացներ՝ ի հակակշիռ Ս.
Սարգսյանի զրոյացման։ Եւ առաջին ժամերին, օրերին դա աշխատեց։
Հետաքրքիր է պարզապես, որ այդ ականի պայթուցիչն էլ դարձավ մի «կանխատեսող»
պատգամավոր՝ իր նկարած քվեաթերթիկով ու առաջինը բարձրացրած աղմուկով (ի միջի
այլոց՝ ընդամենը 5 րոպե է անհրաժեշտ սեփական համակարգչի վրա նման քվեաթերթիկ
պատրաստելու, քվեարկելու և նկարելու համար)։
Զարուհի Փոստանջյանի
«հարցի» հարցը
Սա քննարկվող երրորդ թեման էր։
Կարծես խոսվել է հնարավոր բոլոր տարբերակների, այդ թվում՝ նախապես կազմակերպված
լինելու մասին, արվել են բոլոր մեկնաբանությունները։ Կարծում ենք՝ կատարվածն արժե
դիտարկել նաև դրա քաղաքական արդյունքի տեսակետից՝ այդ մեկնակետով փորձելով ճշգրտել
շարժառիթը։
Սեպտեմբերի 3-ից հետո առաջին անգամ
պիտի հնչեր Ս. Սարգսյանի հրապարակային խոսքը, և այն էլ՝ Եվրոպայի ամենաբարձր
ամբիոնից, այն Եվրոպայի, որին նա մեկ ամիս առաջ փառավորապես «քցել էր»։ Հասկանալի
էր հետաքրքրությունը և սպասելի, որ բոլորը պիտի քրքրեն Սերժի ելույթի
յուրաքանչյուր բառն ու տողատակը։ Իսկ ելույթը շատ ավելի մոտ էր աշակերտական
շարադրության, ընդհուպ՝ «սիրված դերասան» Սոս Սարգսյանից ազդու ցիտատով զարդարված,
և շատ հեռու էր նման պատասխանատու ամբիոնից երկրի ղեկավարի քաղաքական խոսքի։
Իշխանական քարոզչամեքենան, բնականաբար, պարտավոր էր դրանից հասարակության
ուշադրությունը շեղելու ձև մտածել։
Մի կողմ թողնենք բարոյախոսի և
էթիկայի դատավորի դերը և կատարվածի շարժառիթը փորձենք պարզել միայն դրա ունեցած
քաղաքական հետևանքների մեկնակետից։
Ակնհայտ է, որ Զարուհու հարցով
լրագրողական ու մեկնաբանողական աշխարհը գրելու շատ ավելի դյուրամարս, գայթակղիչ,
«ընթերցող կապող» նյութ ստացավ, և, որպես իրադարձություն, որպես
քննադատության թիրախ՝ հետին պլան մղվեց Ս. Սարգսյանն իր ելույթով։
Բայց միայն սրանով չէ, որ շահեց Ս.Սարգսյանը։ Հայտնի բան է, որ չափազանց
սև «փիառը» ավելի շատ հակառակ ազդեցությունն է ունենում, աշխատում է հօգուտ թիրախի։
Եւ իրոք՝ ոչ միայն յուրայինները, այլև «պետության վարկով մտահոգվածներն» սկսեցին
պաշտպանել Սերժին՝ որպես «խայտառակ» հարցից տուժածի։ Լրատվամիջոցներն իրավացիորեն
արձանագրում են, թե «Զարուհու դեմ հարձակումների ֆոնին անգամ Սերժ Սարգսյանի
վարկանիշը սկսել էր բարձրանալ»։ Բայց, մյուս կողմից, յուրատեսակ իր ոճի և «իմիջի»
շրջանակներում շահեց նաև Զարուհին՝ ի դեմս այն էլեկտորատի ծափերի, որը Ս.
Սարգսյանի նկատմամբ հասկանալի ատելությամբ տոգորված՝ մի լրացուցիչ «սրտի հովացում»
ստացավ։ Սրան էլ ավելացնենք այն տեխնիկական դետալը, որ հարց տալու իրավունքը նրան
զիջել են հանրապետականները հենց պատվիրակության ղեկավար Դ. Հարությունյանի հորդորով։
Այսինքն, քաղաքական հետևանքների
ելակետից դատելով՝ նախապես պայմանավորվածության արդեն
շրջանառվող վարկածը, երկուստեք շահավետ լինելով, լրացուցիչ հիմքեր
է ստանում։
***
Կարելի է չկասկածել, որ
առաջիկայում էլ այսօրինակ հնարքներն են լինելու իշխանական քարոզչամեքենայի
հիմնական զենքը։ Հեռահաղորդակցման զարգացման և համացանցի տարածման պայմաններում,
սակայն, օբյեկտիվ տեղեկատվությունը դառնում է ավելի ու ավելի հասանելի։ Ըստ այդմ
էլ, ի հեճուկս իշխանական քարոզչամեքենայի ջանքերի, այլընտրանքային աղբյուրների
շնորհիվ իրողությունների ճիշտ ընկալումը կդառնա որոշիչ գործոն։
No comments:
Post a Comment