Հետաքրքիր է՝ ի՞նչ էր
մտածում Հովիկ Աբրահամյանը, երբ վարչապետ դառնալուց քիչ անց՝ մայիսին, հավաքելով
մի քանի տասնյակ խոշոր գործարարների, նրանց լուրջ-լուրջ կոչ արեց «աշխատել հավասար
դաշտում» և «ամեն ինչ անել, որ ստվերից դուրս գան», խոստացավ, որ մինչեւ հուլիսի
1-ը վերջ է տալու ստվերային տնտեսությանը։ Ընդ որում՝ իր խոսքը տպավորիչ ու
վճռական դարձնելու համար ավելացրեց. «Դա, իհարկե, դժվար է լինելու, ես ինձնից եմ
սկսելու, շատ-շատ մեր մերձավորներին փորձելու ենք ցավացնել, նեղացնել, բայց մենք
գնալու ենք այդ քայլին: Այլընտրանք մենք չունենք: Դա պետք է բոլորը հասկանան, իմ
մերձավորները պետք է հասկանան, որ ես ինձանից եմ սկսելու, եւ դա ինձ համար լինելու
է սկզբունքային»։
Երեք ամիս հետո, ի
կատարումն եւ ի ամփոփումն իր տված խոստման ու հանձնարարականի, դարձյալ լուրջ-լուրջ
ասաց հետեւյալը.
«Դուք մտածում եք, որ
ես ասել եմ ստվերի դեմ պայքարում ենք, ես կախարդական փայտիկով խփելու եմ, ու
բոլորը գալու են հարկային դա՞շտ: Ոչ: Դա ֆինանսական կորուստ է մարդկանց համար,
նրանք ֆինանսներից դժվար են բաժանվում: Հիմա այդ դժվարության համար, հաղթահարելու
համար ժամանակ է մեզ պետք: Բայց որ գնալու ենք դրան, կամաց-կամաց վերացնելու ենք և
կամաց-կամաց արձանագրելու ենք հաջողություն, ես դրանում ուղղակի համոզված եմ»:
Դե ինչ. քանի որ այս
ամենի հեղինակը ոչ թե մի ժէկիպետ է, այլ վարչապետ, ուրեմնեւ մեր պարտքն է, դրանք որպես
հիմք ընդունելով, անել մի քանի արձանագրումներ ու հարցադրումներ։
1. Պարզ է, չէ՞, որ «հավասար դաշտում
աշխատելու» իր կոչն անելու ու հանձնարարականը տալու համար Հ. Աբրահամյանը հավաքել
էր այն գործարարներին (խոշոր), որոնք ստվերում են աշխատում։ Անհեթեթ կլիներ,
չէ՞, հավաքել եւ նույն բանն ասել մարդկանց, ովքեր հարկային դաշտում են աշխատում։
Այսինքն՝ գործադիր իշխանության ղեկավարը գիտի, թե ովքեր են «ստվերում», եւ հենց
նրանց էր հավաքել։ Վերջիններս էլ դրա (իրենց ստվերում աշխատող համարելու) դեմ ոչ
միայն չբողոքեցին, այլեւ հենց այդ դիրքերից փորձեցին անգամ «բազարներ» անել։ Բայց
ստվերում աշխատելը, հարկեր թաքցնելը (այս դեպքում՝ հարյուրավոր միլիոնների ու
միլիարդների) ծանր հանցագործություն է։ Հանցագործներին պետք է
հորդորել ու կոչ անե՞լ, թե՞, ինչպես նախատեսված է օրենքով, համապատասխան իրավական
գործընթաց սկսել նրանց նկատմամբ։ Սա զավեշտ է։ Զավեշտի աստիճանը Հ.
Աբրահամյանին ավելի հասկանալի դարձնելու համար փոխենք հանցանքի տեսակը, ասենք՝
բնակարանային գողությամբ։ Հավաքում ես մի քանի տասնյակ մարդկանց ու կոչ անում,
հանձնարաում չզբաղվել բնակարանային գողությամբ։ Ասել է թե՝ դու փաստերով գիտես, որ
հավաքվածները բնակարանային գողեր են (հակառակ դեպքում այդ մարդիկ կվիրավորվեն,
կբողոքեն), ու իրենք էլ դրա դեմ չեն բողոքում, ընդհակառակը՝ դեռ մի բան էլ բազար
են անում քո առաջարկների շուրջ։ Չգիտեմ՝ ո՞րն է հասարակության համար ավելի
վտանգավոր, եւ ո՞րն է օրենքով ավելի խիստ պատժվում՝ բնակարանային գողությո՞ւնը,
թե՞ հարյունավոր միլիոնների ու միլիարդների հարկեր թաքցնելը։ Իսկ գուցե
ստվերում կամ ոչ ստվերում աշխատելը Հ. Աբրահամանի համար ոչ թե օրենքի, այլ
բարոյակա՞ն հարթության խնդիր է, ինչպես, օրինակ, աստվածաշնչային՝ «սիրիր
ընկերոջդ քո անձի պես» հորդորը։ Զավեշտ չէ՞։
2. Պարզվում է՝ հենց այդպես էլ կա։ Ասում է՝
«ինձնից եմ սկսելու ու իմ մերձավորներից» (ստվերից դուրս գալը)։ Այսինքն՝
վարչապետի պաշտոնն զբաղեցնող մարդը իրոք չգիտի, որ ստվերում աշխատելը ոչ թե
բարոյական հարթության խնդիր է, կամ վատ սովորություն, կամ ծուլություն, այլ
օրենքով հետապնդվող հանցանք։ Հակառակ դեպքում, որպես ինքնախոստովանական ցուցմունք,
պարզ ու բացահայտ չէր խոստովանի, որ ինքն ու իր մերձավորներն էլ են ստվերում աշխատում,
ու հիմա պետք է հենց այդտեղից սկսի (ինքը դուրս գա եւ մերձավորներին դուրս բերի
ստվերից)։ Սա արդեն զավեշտի մեջ էլ չի տեղավորվում։ Սա, ինչպես ասում են,
վերջն է։ Բայց դժվար է ասել, թե ինչի վերջը։
3. Սակայն, ինչպես երեւում է, վարչապետի
պաշտոնում կարելի է նաեւ ինչ-որ բան սովորել։ Օրինակ, ընդամենը երեք ամիս
պահանջվեց, որպեսզի երկրի վարչապետը իր համար պարզի այն խորախորհուրդ
ճշմարտությունը, որ տնտեսվարողների համար ստվերից դուրս գալը «ֆինանսական
կորուստ է, նրանք ֆինանսներից դժվար են բաժանվում»։ Վստահաբար՝ նա մայիսին այդ
մասին չգիտեր, այլապես նման խոստում չէր տա։ Համզված ենք նաեւ, որ Հ. Աբրահամյանի
կողմից փիլիսոփայական մակարդակի այս ճշմարտության բացահայտումն ու հանրայնացումը
մեծ նպաստ կլինի հասարակության ինքնակրթության գործում։ Իսկ որ ամենակարեւորն է՝
այդ ճշմարտությունը յուրացնելով ու այն որպես «մեղմացուցիչ դեպք հանցանաց»
համարելով, մարդիկ ըմբռնումով կմոտենան ստվերում աշխատողների նկատմամբ։
4. Հ. Աբրահամյանն ասում է՝ «ես կախարդական
փայտիկ չունեմ» ստվերը վերացնելու համար։ Այս դեպքում մի քիչ դժվար է կոտրել
հասարակական նախնական համոզմունքը։ Վերջինս (հասարակությունը), ի տես ակնառու
փաստերի՝ համոզված էր, որ Հ. Աբրահամյանն ունի այդպիսի «կախարդական փայտիկ»։
Այլապես, առանց այդ փայտիկի՝ ինչպե՞ս հնարավոր էր Ազգային ժողովի մոնումենտալ
շենքի տեսքով ու նմանությամբ (ճիշտ է՝ չափերով մի քիչ ավելի փոքր) սեփական մի
դղյակ կառուցել Հաղթանակ զբոսայգու հարեւանությամբ, որի արժեքը ոչ թե միլիոնավոր,
այլ տասնյակ միլիոնավոր դոլարի շրջանակներում է։ Առանց կախարդական փայտիկի՝
ինչպե՞ս կարելի է հազարավոր հեկտար հողերի տեր դառնալ ու դրանից հարյուրավոր միլիոնների
շահույթ ստանալ այն դեպքում, երբ նույն այդ հողից «անփայտիկ» գյուղացին ավելի
հաճախ «տակ է տալիս», քան ինչ-որ բան ստանում։ Առանց կախարդական փայտիկի՝ ինչպե՞ս
կարող էր գոյանալ այն ահռելի հարստությունը, որի մի քանի էջանոց ցանկը դեռ 2010թ.
արձանագրել է ռուսական մամուլը, ու ոչ մի հերքում չի ստացել։ Հո չի՞
գողացել Հ. Աբրահամյանը։ Հասարակությունը հենց Հ. Աբրահամյանի՝ «կախարդական
փայտիկ» ունենալու մեջ համոզված լինելով է, որ երեք ամիս առաջ հավատաց «ստվերը
վերացնելու» նրա խոստմանը։ Իսկ ինքը, ահա, տվեց ջարդեց իր այդ լեգենդը, միֆը։
Ափսոս։ «Շատ խելք պետք չէր» այդպես չվարվելու համար։
5. Եւ այնուամենայնիվ, անկողմնակալ լինելու
համար ասենք՝ ստվերի հետ կապված իր խոստումների շրջանակներում Հ.
Աբրահամյանն ինչ-որ բան արել է՝ սկսելով հենց իր մերձավորներից։ Վերջերս
մամուլում եղավ այսպիսի մի հրապարակում. «Արարատի մարզի Մրգավետ գյուղում գործող
«ART city» սուպերմարկետն այն տասնյակ բիզնեսներից մեկն է, որը պատկանում է Հովիկ
Աբրահամյանի ընտանիքին: Երկհարկանի սուպերմարկետի հիմնադիրը «Արտաշատ Սիթի» ՍՊԸ-ն
է: Այս տարվա ապրիլից ՍՊԸ-ի 100 % բաժնետեր է դարձել վարչապետի կինը՝ Ջուլիետա
Աբրահամյանը»: Նյութի հեղինակները գնացել, ստուգողական գնումներով պարզել են, որ՝
«Հովիկ Աբրահամյանի կնոջ խանութում ՀԴՄ չի տրամադրվում»։ Կինը, ինչպես գիտենք,
ամուսնու մերձավորներից է։ Այդ կարծիքին է անգամ հայտնի երգիծաբան Արկադի Ռայկինը։
Ելնելով Հ. Աբրահամյանի տված խոստումից, թե ստվերի դեմ պայքարը սկսելու է, առաջին
հերթին՝ իր մերձավորներից, ու «ցավացնելու է» նրանց, դժվար չէ ենթադրել, որ
համապատասխան մարդկանց այդ խանութ են ուղարկել հենց վարչապետական խոստման կատարման
շրջանակներում։ Չգիտենք, թե իրավական իմաստով ինչ են եղել սույն հրապարակման
արդյունքները, բայց որ դա խանութի տիրոջը «ցավացրել է»՝ կասկածից
դուրս է։ Հայտնի չէ՝ իր մերձավորներից ուրիշ է՞լ ում է ցավեցրել վարչապետը։ Հա,
վերջերս մի այլ հրապարակում էլ եղավ այն մասին, որ Հ. Աբրահամյանի վարորդ Գոքորը
իրեն պատկանող ռեստորանը, ըստ էության, վերածել է հասարակաց տան։ Վարորդը, ինչպես
գիտենք, ներկա իշխանական համակարգում նույնպես մերձավորի կարգավիճակում է։ Կարելի
է չբացառել, որ այս դեպքում էլ ստվերային գործունեությամբ զբաղվող այս օբյեկտի վրա
«նավոդկան» տվել է վարչապետը (ուրիշ ո՞վ կհամարձակվեր)։
6. Ընդամենը երեք ամսվա ընթացքում իր համար
պարզելով տնտեսագիտական-փիլիսոփայական այն ճշմարտությունը, որ ստվերից դուրս գալը
մարդկանց համար «ֆինանսական կորուստ է, նրանք ֆինանսներից դժվար են բաժանվում»
(երեխա են պահում), իր խոսքի տեր վարչապետը փորձել է շրջանցիկ ճանապարհներ գտնել
ստվերը մեղմացնելու համար։ Այսինքն՝ «չաղ» գործերը տալիս է ստվերից դուրս, լույսի
տակ, թափանցիկ աշխատող թափանցիկ մարդկանց, ովքեր մայիսյան նրա հայտնի հավաքի
մասնակիցների մեջ չեն եղել։ Հենց այդ նպատակով է, որ իր նախկին տեղակալ Հերմինե
Նաղդալյանին է տրվել Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական
Հանրապետության միջպետական նշանակության ճանապարհահատվածի վերանորոգման
աշխատանքների խիստ եկամտաբեր մենաշնորհը։
Չէ, այս ամենը կոմեդիա
չէ, ոչ էլ տրագիկոմեդիա։ Ոմանք կարող են ասել, թե ցինիզմ է, կամ հասարակությանը
տկարամիտի տեղ դնելու հետեւանք։ Իրականում այս ամենը հենց տկարամտության
ու անճարակության արդյունք է, ու անգամ ցինիզմը դա չի կարող սքողել։
Իսկ ընդհանրապես, ամեն
ինչ ընթանում է բռնապետական իշխանության համար բնականոն ընթացքով։ Բռնապետությունները
փլուզվում կամ տապալվում են, երբ դրանցում իշխանությունը հասնում է
անհեթեթության բարձրակետի։ Օրենսդիր մարմնի՝ Ազգային ժողովի մասով Գալուստ
Սահակյանով արդեն արձանագրված է այդ բարձրակետը։ Գործադիր իշխանության մասով Հ.
Աբրահամյանը նույնպես լիուլի ապահովում է նույն բարձրակետը։ Հուսանք, որ բանը չի
հասնի Լիսկայի վարչապետ դառնալուն։
http://www.ilur.am/news/view/34720.html
No comments:
Post a Comment