Հայաստանում
իշխանափոխության, ռեժիմի հեռացման հնարավորություններն առավել են, քան եղել են
երբեւէ։ Այդ հանգամանքը մեծապես սկսել է ազդել հասարակական մթնոլորտի վրա։
Հասկանալի է, որ
միանգամից չծագեցին կամ օդից չընկան այդ հնարավորությունները։ Դրանք գոյացել են
քայլ առ քայլ, հավաքվել կաթիլ-կաթիլ՝ որպես արդյունք նույն այդ ռեժիմի դեմ
ժողովրդի, քաղաքացիական եւ քաղաքական ուժերի մղած հետեւողական պայքարի։
Դեռ 1998-ի պետական
հեղաշրջմանը հաջորդած նախագահական ընտրություններում ժողովուրդը «ողնաշարով զգաց»
սպասվող վտանգը եւ միահամուռ ձայն տվեց Կարեն Դեմիրճյանին։ Այս ընտրությունից
սկսած՝ համապետական բոլոր ընտրություններում վարչախումբը հանդիպել է հասարակության
համառ դիմադրությանը, համընդհանուր ընդդիմացմանը։ Հենց այդ դիմադրությունը
հաղթահարելու կամ շրջանցելու համար է, որ վարչախումբը դրեց ու կառուցեց
ընտրակեղծիքների այն դժոխային մեքենան, առանց որի անհնար պիտի լիներ նրա որեւէ
վերարտադրություն որեւէ ընտրությունում։ Ստվերային բյուջե գոյացնող իշխանական
կոռուպցիոն համակարգի կողքին՝ ընտրակեղծիքների համակարգը երկրորդն է, որ հասցված է
կատարելության։
Ռեժիմի դեմ
պայքարը հաճախ արտահայտվել է չկազմակերպված խուլ դժգոհությամբ, պետական
հիմնարկների դեմ բողոքի անհատական, խմբային պարբերական ակցիաներով։ Եղել են նաեւ
սուր պոռթկումներ, երբ այդ դժգոհությունը քաղաքական հունավորում է ստացել, ինչպես՝
2003 թ. նախագահական ընտրությունների առիթով, երբ հստակ հաղթանակ էր տարել
Ստեփան Դեմիրճյանը։ Այս առիթով բողոքի համաժողովրդական ընդվզումները հնարավոր եղավ
զսպել միայն բռնի ուժի կիրառմամբ։ Եղել է՝ որ քաղաքական հունավորմամբ այդ
պոռթկումները հասել են իրենց նպատակին, ինչպես նույն՝ 2003թ. խորհրդարանական
ընտրություններին զուգընթաց՝ ռեժիմի մտահղացած, այսպես կոչված, «սահմանադրական
բարեփոխումների» հանրաքվեի տապալումը։
Քաղաքացիական ու
քաղաքական ընդվզումների, հասարակական ընդդիմացման զանազան դրսեւորումների կողքին՝
ռեժիմին ամենածանր հարվածը հասցրեց 2007թ. աշնանից ծայր առած անընդհատ, համառ
համաժողովրդական շարժումը։ Ընդ որում՝ Շարժումը սկսվեց այն ժամանակ, երբ ռեժիմին
ամրություն հաղորդող ներքին կառույցները վերջնականապես ձեւավորված էին, եւ երբ նա
Հայաստանի պետական շահերի հաշվին արված խոստումների շնորհիվ ուներ արտաքին աշխարհի
ամենալայն ու անվերապահ աջակցությունը։ Իր տեւականությամբ, անընդհատությամբ ու
համառությամբ համաժողովրդական աննախադեպ այս պայքարը կանխեց վարչախմբի հետագա
ամրացումը, խարխլեց նրա հիմքերը, ստիպեց, որ նա հասարակությանը երեւա իր ողջ
զազրելի մերկությամբ։
Իր գոյության
ընթացքում ռեժիմը երեք անգամ ստիպված եղավ դիմել ծանրագույն հանցագործության, որ
նրա ճակատին մնացել է ոչ միայն որպես խարան, այլեւ որպես նրա համար
պատասխանատվության հիմք. 1999-ի Հոկտեմբերի 27-ը, 2004-ի Ապրիլի 12-ը եւ 2008-ի
Մարտի 1-ը։
Ռեժիմի վայրիվերո,
անգրագետ ու միմիայն սեփական իշխանության պահպանման ելակետից բխող արտաքին
քաղաքականությունը հանգեցրել է ծանրագույն հետեւանքների արտաքին քաղաքական բոլոր
հարցերում։ Միջազգային ասպարեզում, մինչեւ աներեւակայելի աստիճան՝ ընկել է
Հայաստանի հեղինակությունը։ Ընդհուպ՝ կարելի է ասել, որ Հայաստանը դադարել է լինել
արտաքին քաղաքականություն իրականացնող սուբյեկտ։ Ս. Սարգսյանը ոչ միայն կորցրել է
միջազգային ամեն տեսակ հեղինակություն ու վստահություն, այլեւ հաճախ արժանանում է
երկրի փաստական ղեկավարի համար ամոթալի նվաստացուցիչ վերաբերմունքի։ Նրա
իշխանության ի սկզբանե միակ ու վճռորոշ հիմքը՝ արտաքին աջակցությունը, այլեւս գոյություն
չունի։
Մյուս կողմից՝ վերջին
տարիներին զգալի որակական տեղաշարժեր են եղել երկրի ներսում քաղաքական ուժերի
դասավորության մեջ։ ՀՀԿ-ի շուրջ ձեւավորված իշխանական կոալիցիան քանդվել է, եւ
իշխանական կուսակցությունը մնացել է միայնակ։ Ընդդիմադիր հարթակի վրա հաջողությամբ
համագործակցում են մյուս բոլոր՝ քաղաքական դաշտում որոշակի կշիռ ունեցող ուժերը։
Այդ համագործակցության շնորհիվ խորհրդարանը «դակող» մարմնից կրկին դարձել է
քաղաքական բուռն քննարկումների ասպարեզ, իսկ ՀՀԿ-ին միշտ չէ, որ հաջողվում է
անցկացնել իր ուզած որոշումները։ Ընդդիմադիր ուժերի համատեղ գործողությունների
շնորհիվ իշխանությունը արդեն մի քանի կարեւոր նահանջի քայլեր է արել։
Հսկայածավալ արտագաղթի
պատճառով ծանր կորուստ է կրել հասարակությունը։ Սակայն դրան զուգահեռ՝ իշխանական
կողոպուտի ծավալման, իրավազրկության խորացման, աճող ապօրինությունների հետեւանքով
ոչ թե աճել է հասարակական դժգոհությունը, այլ դժգոհության մակարդակից վերածվել է
վարչախմբի նկատմամբ զզվանքի եւ ատելության։ Շատերի մոտ հուսալքության զգացումը
սկսել է տեղի տալ չհանդուրժելու, չհամակերպվելու զգացումին։
Ուժերի
հարաբերակցությունն այնպիսին է, որ այս պահին խաղաղ իշխանափոխության, վարչախմբի
հեռացման խնդիրը, ոչ բարդ քաղաքական մեխանիզմների կիրառմամբ, ըստ էության՝ լուծված
կարելի է համարել։
http://www.ilur.am/news/view/35337.html
No comments:
Post a Comment