Wednesday, December 9, 2015

Հանրաքվեի իրական արդյունքները


Ա) Ձախողվել է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետեւանքով հաստատված ավազակապետական ռեժիմի հիմնական քաղաքական ծրագիրը։ Այդ ծրագիրը ենթադրում էր երկու խնդրի լուծում։ Առաջին՝ տնտեսական, սոցիալական եւ իրավական այնպիսի պայմանների ստեղծում, որոնց պարագայում բնակչության մի զգալի մասը գերադասի արտագաղթել երկրից։ Ինքնին ակնհայտ լինելուց բացի, այդ ծրագրի մասին բացառիկ մի ցինիզմով հայտարարեց Ս. Սարգսյանի տխրահռչակ վարչապետներից մեկը։ Երկրորդ՝ աղքատության եւ վախի մթնոլորտի խորացում այն աստիճանի, որ երկրում մնացած բնակչության մեծ մասն էլ, հուսահատության ու հուսալքության մատնված, ձեռք բերի հպատակի, ճորտի հոգեբանություն եւ դադարի քաղաքական գործոն լինելուց։
Ս. Սարգսյանի իշխանության տարիներին, խաղաղ պայմաններում, պաշտոնական տվյալներով՝ արտագաղթել է 300.000 մարդ, իսկ իրականում՝ կես միլիոնից ոչ պակաս։ Կասկածից վեր է, որ այդ մարդիկ «ՈՉ» պիտի քվեարկեին։ Ավելի ճիշտ՝ նրանք արդեն իսկ քվեարկել են այդ «ՈՉ»-ը՝ Հայաստանից արտագաղթելով։ Ս. Սարգսյանի իշխանության տարիներին կտրուկ աճել է աղքատությունը` շատ ավելի, քան ներկայացնում է պաշտոնական վիճակագրությունը: Թվում էր, թե սեփական ժողովրդի նկատմամբ տարած նման «հաղթանակներից» հետո ռեժիմի համար դժվար չէր լինի առանց լուրջ ընտրախախտումների իր «Այո»-ն հավաքել։
Եղավ ճիշտ հակառակը։ Հայաստանի ժողովուրդը միահամուռ «ՈՉ» քվեարկեց։ Դա անսակարկելի ապացույցն է այն բանի, որ, չնայած վիթխարի քանակական կորուստների եւ աղքատության խորացման, ժողովուրդը որպես քաղաքական գործոն ոչինչ չի կորցրել եւ ոչ մի կերպ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ իշխող ռեժիմին։ Իսկ այն փաստը, որ այդ «ՈՉ»-ը վերաբերում էր ոչ թե ինչ-որ փաստաթղթի, այլ Սերժ Սարգսյանին ու նրա ռեժիմին, վկայում է հայաստանյան հասարակության քաղաքական ընկալունակության նախանձելի մակարդակի մասին։
Քարոզչության փուլում անհավասարության, հսկայական ռեսուրսների ներդրման, քվեարկության օրն անհեթեթության հասնող «լրացուցիչ ցուցակներով» վերահսկվող եւ բազմակի քվեարկությունների, ընտրակաշառքի, լցոնումների, ահաբեկումների, զինվորականների վերահսկվող քվեարկություններով հանդերձ՝ քվեատուփերում հայտնված «ՈՉ» քվեաթերթիկներն առնվազն 2-3 անգամ ավելի էին։ Վիճակը շտկելու համար ռեժիմն ստիպված էր դիմել իր զինանոցի հին միջոցներին՝ բռնություններ, լցոնումներ (քվեարկությունից հետո), պարզ թվանկարչություն եւ այլն։
Բ) Սերժ Սարգսյանը զրկվել է պետական համակարգի զգալի մասի աջակցությունից: Տարբեր աղբյուրներից զանգվածաբար ստացված տեղակատվության համաձայն՝ «ՈՉ» է քվեարկել պետական ծառայողների, ոստիկանության, չինովնիկության մեծ մասը։ Ավելին՝ «ՈՉ» են քվեարկել որոշ նախարարներ, ՀՀԿ-ական պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ դատավորներ, արդարադատության համակարգի աշխատողներ, նույնիսկ` Սահմանադրական դատարանի անդամներ։ Ընդ որում, դա արել են ո՛չ այնքան գաղտնի (հակառակ դեպքում՝ նման տեղեկատվություն չէր տարածվի)։
Այսինքն, եթե մինչեւ ժամը 20-ն ամեն տեսակ ընտրակեղծարարությունների հետեւանքով քվեատուփերում առկա «Այո»-ն չէր անցնում 30 %-ը, ապա լիակատար ազատ քվեարկության դեպքում՝ «Այո»-ի տոկոսն անգամ երկնիշ թվով չպիտի արտահայտվեր։ Ասել է թե՝ կեղծիքի բացառման դեպքում, այս հանրաքվեի իրական արդյունքները ժողովրդի միակամության արտահայտման տեսակետից համեմատելի պիտի լիներ 1991 թ. Անկախության հանրաքվեի արդյունքներին։
Գ) Հանրաքվեի իրական արդյունքները գործնականում գիտեն բոլորը։ Գիտեն ամենահեռավոր գյուղի բնակիչներից մինչեւ Սերժ Սարգսյանն ու իր շրջապատը։ Ուստիեւ՝ այս հանրաքվեով ժողովուրդը ռեժիմին հասցրեց ծանրագույն մի հարված` նրան ենթարկելով ցնցակաթվածի։ Հակառակ դեպքում՝ արդեն վաղուց փափկասուն կյանքի սովոր ՀՀԿ-ական ողջ վերնախավը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, բաց աչքով չէր լուսացնի դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը։
Դ) Հանրաքվեի եւ նրա իրական արդյունքների վրա, ըստ էության, ոչ մի ազդեցություն չունեցավ ռեժիմի նկատմամբ ժողովրդի վերաբերմունքի արտահայտմանն օբյեկտիվորեն խոչընդոտող՝ «բոյկոտի», «կեղծ օրակարգի» քարոզչությունը։ Իր զանգվածային մասնակցությամբ եւ միահամուռ քվեարկությամբ ժողովուրդը ցույց տվեց, թե ինքը ռեժիմից ազատվելու հարցում ինչպիսի քաղաքական ուղեգծի կողմնակիցն է։  
Ե) Դատելով մամուլի, սոցիալական ցանցերում քաղաքացիների արձագանքներից, ռեժիմն իր դեմ տրամադրեց մինչ այժմ քաղաքականապես համեմատաբար պասիվ խավերի։ Ընտրական հանձնաժողովներում թաղի խուժանի, քրեական տարրերի կողքին ու նրանց հավասար, որպես ընտրակեղծարարության գործիք, մեծ թվով ուսուցիչների օգտագործումը վիրավորում է այս խավի արժանապատվությունը։ Դա նաեւ շատ լուրջ հարցադրումներ է առաջացնում հասարակության մեջ. բոլորն են հասկանում, որ ուսուցչի՝ դարերով միայն հարգանքի ու ընդօրինակման արժանի կերպարի քրեականացումը շատ ծանր հետեւանքներով է հղի։ Որոշակի տեղաշարժ եղավ նաեւ մտավորականության վարքագծում։ Հայտնի մտավորականության ներկայացուցիչներն արդեն քարոզչության շրջանում ակնհայտորեն ձեռնպահ մնացին «Այո»-ի քարոզչության մաս կազմել։ Իսկ կատարված խայտառակությունից հետո նրանցից ոմանք նաեւ հրապարակավ իրենց զայրույթն են արտահայտում։ Սրանք նոր երեւույթներ են։
Զ) Միանշանակ չէ, ավելի շատ բացասական է նաեւ միջազգային արձագանքը։ Բնական է, որ դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպությունները, խոշոր երկրները նույնքան լավ տեղյակ են կատարվածին։ Եւ եթե անգամ ունեն Սերժ Սարգսյանին պաշտպանելու՝ իրենց շահերից բխող շարժառիթներ, ապա շատ լուրջ պետք է հաշվեն, թե քաղաքական առումով որն է ավելի կարեւոր՝ Ս. Սարգսյանից ստանալի՞քը, թե՞ մի ողջ ժողովրդի աչքում մինչեւ վերջ վարկաբեկվելը։

http://www.ilur.am/news/view/51185.html

Tuesday, October 13, 2015

Դաշնակցությունը, Սերժ Սարգսյանը եւ Հայ դատի թաղումը


Երկրորդ անգամ է, որ Սերժ Սարգսյանի դեմ «ՈՉ»- ի պայքար է ծավալվում։ Առաջին անգամ դա տեղի ունեցավ 2009 թվականին, եւ «ՈՉ»-ի ջատագովը, շարժման կազմակերպիչն ու առաջամարտիկը Հայ հեղափոխական դաշնակցությունն էր։
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 2009 թվականի ապրիլի 22-ին, գիշերը, բոլորի համար անակնկալ՝ ստորագրվեց հայ-թուրքական համատեղ մի հայտարարություն, ինչով երկու երկրների հարաբերությունների կարգավորման ճանապարհային մի քարտեզ էր սահմանվում։ Վերջնական փաստաթղթերը՝  հայ-թուրքական երկու Արձանագրությունները, ստորագրվեցին վեց ամիս անց՝ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում։
Արդեն միայն ապրիլի 22-ի փաստաթղթի լուրն առնելուն պես, որի մանրամասներն անգամ դեռ հայտնի չէին, Դաշնակցությունը, դա համարելով իշխանության «արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխություն», շատ կտրուկ արձագանքեց Սերժ Սարգսյանի այս քայլին։ Ստորեւ խոսքն ավելի շատ կտանք փաստաթղթերին՝ բավարարվելով հակիրճ մեկնաբանություններով։
23 ապրիլի 2009 թ. ՀՅԴ հայտարարությունից.

«ՀՅ Դաշնակցությունը բազմիցս հայտարարել է, որ երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերություններ կարող են հաստատվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ եւ հայ ժողովրդի իրավունքների վերականգնմամբ միայն...
Մեզ համար բացարձակապես անընդունելի է Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնացումը մեր պետության ինքնիշխան եւ կենսունակ լինելիության եւ սերունդների՝ ազգային-պետական իրավունքների հաշվին։
Հաստատակամ այս սկզբունքներին՝ մենք անընդունելի եւ դատապարտելի ենք համարում Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից Թուրքիայի հետ ապրիլի 22-ի հայտարարության ստորագրումը։
Մենք գտնում ենք, որ հայ ժողովրդի մեծագույն ողբերգության հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի անմիջական նախօրեին եւ Թուրքիայի ղեկավարների վերջին շրջանում կատարած՝ Արցախյան հիմնախնդրի եւ ընդհանրապես բացահայտ հակահայկական հայտարարությունների ու նախապայմաններ թելադրելու պայմաններում, այդ փաստաթղթի ի հայտ գալը հարվածում է Հայաստանի ու հայ ժողովրդի շահերին։
Արձանագրելով, որ այս ընթացքը ենթադրում է բացասական առումով Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխություն, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոալիցիային իր մասնակցության նպատակահարմարության հարցը կքննարկի առաջիկա օրերին»։
Հստակեցնենք. Դաշնակցությունը համարել եւ համարում էր, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը բոլոր դեպքերում պետք է ունենար նախապայման. դրա համար Թուրքիան պետք է մինչ այդ ճանաչած լիներ Հայոց ցեղասպանությունը եւ վերականգնած լիներ հայ ժողովրդի իրավունքները՝ ինչպես եւ ձեւակերպած է հայտարարության մեջ։ Առաջին անգամ չէր Դաշնացությունը խոսում այդ մասին, նրա հռչակած այս բանաձեւը, ինչպես ասում են, տասնամյակներ շարունակ եղել է նրա հիմնական քաղաքական սկզբունքը, դեմքը, յուրատեսակ այցեքարտը։ Եւ նվազագույնը, որ պետք է արվեր այս դեպքում՝ որպես բողոքի նշան, իշխանական կոալիցիայից դուրս գալն էր։ Եւ իրոք, Դաշնակցությունը պաշտոնական հայտարարությամբ դուրս եկավ կոալիցիայից՝ հետ կանչելով իր անդամներին նախարարական, փոխնախարարական, մարզպետական եւ այլ տասնյակ պաշտոններից։
 «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայտարարում է քաղաքական կոալիցիային իր մասնակցությունը դադարեցնելու մասին... Այս (կոալիցիայի մեջ գտնվելու) ընթացքում որոշակի հաջողություններ արձանագրվեցին, սակայն անհաղթահարելի սկզբունքային տարաձայնություն առաջացավ արտաքին քաղաքականության ուղեգծի շուրջ։
Մենք մշտապես համոզված ենք եղել, որ պետության ազգային անվտանգության ռազմավարական ուղղություններից մեկը Հայոց ցեղասպանության համընդհանուր, մասնավորապես՝ Թուրքիայի կողմից ճանաչումն ու դատապարտումն է։ Սա դիտարկվել է ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլեւ տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի բարելավման եւ ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքստում։ Այս առումով, ինչպես արդեն հայտարարել ենք, մեզ համար անընդունելի ուդատապարտելի էր ապրիլի 24-ի անմիջական նախօրեին եւ Թուրքիայի ղեկավարների հակահայկական, նախապայմաններ թելադրող կեցվածքների համատեքստում Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարությունների համատեղ հայտարարության ընդունումը... Հետայսու ՀՅ Դաշնակցությունը Հայաստանի քաղաքական դաշտում գործելու է նոր՝ ընդդիմադիր ուժի կարգավիճակով...»։
ՀՅԴ Բյուրոն իր հերթին հավանություն տվեց կատարված այս քայլին.
«Քննարկելով վերջին զարգացումները` Բյուրոն հաստատեց, որ ստեղծված կացության մեջ կոալիցիայից դուրս գալը միակ ճիշտ քայլն էր։ Ընդդիմություն դառնալը հնարավորություն է` սթափեցնելու իշխանություններին եւ կանխելու վտանգավոր զարգացումները հայ-թուրքական հարաբերություններում»։
Իշխանությունները չսթափվեցին եւ շարունակեցին գնալ նույն՝ «Հայաստանի ու հայ ժողովրդի շահերին հարվածող» արտաքին քաղաքական ուղեգծով։ Ավելին, հայտնի դարձավ, որ հարաբերությունների կարգավորման եւ սահմանի բացման դիմաց դեռ մի բան էլ Թուրքիան ինքն է նախապայմաններ թելադրում Հայաստանին։ Այդ մասին է  Դաշնակցության հաջորդ հայտարարությունը.
«Քննարկելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեկամյա գործընթացը եւ այդ ասպարեզում ստեղծված ներկա կացությունը` Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինը գտնում է, որ, այսպես կոչված, ֆուտբոլային դիվանագիտությունը ըստ էության ձախողվել է:
Մենք հաստատում ենք՝
Մինչեւ այժմ կարգավորման գործընթացը ծառայել եւ ծառայում է բացառապես Թուրքիայի շահերին...
-Թուրքիայի կողմից ներկայացվող նախապայմաններն իրենց բնույթով ոչ միայն անընդունելի են, այլեւ` անօրինական: Դրանք վիրավորում են մեր ազգային արժանապատվությունը եւ վտանգում հայկական երկու պետությունների ու մեր ժողովրդի ապագան»:
Եւ վերջապես, կանխելու համար արձանագրությունների ստորագրումը, Դաշնակցությունը դիմեց ծայրահեղ քայլի՝ չորսշաբաթյա նստացույց եւ հացադուլ հայտարարեց ԱԳՆ շենքի դիմաց, որին մասնակցում էին ինչպես կուսակցության շարքայիններ, այնպես էլ Գերագույն մարմնի անդամներ։ Նույն օրն ընդունված հայտարարության մեջ ասվում է.
15 սեպտեմբերի, 2009 թ. ՀՅԴ հայտարարություն.
 «ՀՀ իշխանությունները հրապարակել են հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման, ընդհանուր սահմանի բացման և հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նախաստորագրված փաստաթղթերի փաթեթը: Հանրությանը հավաստիացվում է , որ փաստաթղթերը չեն պարունակում որևէ նախապայման: Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է: Նախաստորագրված բոլոր փաստաթղթերում քողարկված ձևով առկա են մեր պետության և ժողովրդի համար խիստ վտանգավոր թուրքականնախապայմանները: Ըստ էության.
ա) ճանաչվում է հայ – թուրքական ներկա սահմանը՝ վերահաստատելով երկկողմանի նախկին պարտավորությունները: Այսինքն՝ անուղղակիորեն կատարվում է Կարսի պայմանագիրը ճանաչելու թուրքական պահանջը:
բ) հայ-թուրքական պատմական հարթության երկխոսություն սկսելու, այդ թվում՝ արխիվներն ուսումնասիրելու ենթահանձնաժողովի ձևավորման դրույթով վտանգ է ստեղծվում կատարելու թուրքական հաջորդ նախապայմանը ՝ Ցեղասպանության փաստը քննարկման առարկա դարձնելու դրույթը:
գ) թուրք բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ հայտարարություններով սահմանի բացումը փոխկապակցվում է Արցախի հարցում առաջընթաց արձանագրելու հետ, որը թուրքական կողմի պատկերացմամբ ենթադրում է ազատագրված տարածքները վերադարձնելու և Ադերբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու դրույթը»:
Ասենք, որ այս գնահատականներն, իհարկե, համապատասխանում էին իրականությանը։
Սակայն որեւէ արդյունք չտվեց նաեւ նստացույցի ու հացադուլի ծայրահեղ այս քայլը, եւ հոկտեմբերի 10-ին Արձանագրությունների ստորագրումից հետո ՀՅԴ-ն ստորագրահավաքի այսպիսի կոչ արեց.
«Իրենց ներկայ բովանդակութեամբ, այդ արձանագրութիւնները կը բաւարարեն Թուրքիոյ կողմէ Հայաստանի առջեւ դրուած երկու նախապայմաններ՝ հրաժարիլ Թուրքիայէն որեւէ հողային պահանջ ունենալէ եւ փաստօրէն հրաժարիլ Հայկական Ցեղասպանութեան միջազգային ճանաչման նպատակէն։ Իսկ արձանագրութիւններու վաւերացման գործընթացը կը բաւարարէ Թուրքիոյ երրորդ նախապայմանը՝ Հայաստան-Թուրքիա  յարաբերութիւնները պայմանաւորել Արցախի հիմնահարցով»։
Իրականությանը համապատասխանում էին ՀՅԴ-ի նաեւ այս արձանագրումները։
Ամփոփենք։
Դաշնակցությունը, 2008 թվականից, Սերժ Սարգսյանին ու նրա արտաքին քաղաքական ուղեգծին  «Այո» ասելով, նրա հետ իշխանական կոալիցիայի մեջ էր՝ ունենալով տասնյակ բարձր պաշտոններ եւ իշխանությունից բխող բոլոր արտոնություններ։ Սա էր դրված, ինչպես ասում են, կշեռքի մի նժարին՝ մինչեւ 2009 թ. ապրիլի 22-ը։ Եւ ահա, ըստ նույն Դաշնակցության վերոբերյալ փաստաթղթերի արձանագրման, կշեռքի երկրորդ նժարին դրվեցին՝
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում՝ առանց վերջինիս կողմից նախապես Հայոց ցեղասպանության ճանաչման.
Հրաժարում հողային պահանջատիրությունից եւ նյութական փոխհատուցումից.
Թուրքիայի՝ Կարսի պայմանագիրը ճանաչելու թուրքական պահանջի կատարում, Հայ – թուրքական ներկա սահմանի ճանաչում.
Կասկածի տակ առնել Ցեղասպանության հարցը՝ այն դարձնելով պատմաբանների քննարկման առարկա.
Թուրքիայի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու նախապայմանի կատարում.
Հրաժարում Ցեղասպանության միջազգային ճանաչումից։
Իսկ Դաշնակցության տեսանկյունից այս ամենը նշանակում էր թաղել Հայ Դատը։ Ուստիեւ՝ 2009 թվականին կշեռքի երկրորդ նժարն ավելի ծանր կշռեց, եւ Դաշնակցությունը անվարան դուրս գալով իշխանական կոալիցիայից՝ «ՈՉ»-ի տպավորիչ շարժում ծավալեց Ս. Սարգսյանի արտաքին քաղաքական ուղեգծի դեմ։
2015 թվականի փետրվարին Ցեղասպանության 100-ամյակի նախօրյակին Ս. Սարգսյանը Ազգային ժողովից ետ կանչեց Հայ-թուրքական արձանագրությունները։ Դաշնակցությունը դա համարեց առաջին քայլ «արտաքին քաղաքական ուղեգիծը» նախկին վիճակին վերադարձնելու ճանապարհին։ Հույս հայտնելով, որ դրան կհաջորդի նաեւ Արձանագրություններից Հայաստանի ստորագրությունների ետկանչը, դա բավարար համարեց փոխելու համար իր վերաբերմունքը Ս. Սարգսյանի ու նրա նախաձեռնությունների նկատմամբ։ Եւ այդ հանգամանքով էլ կարող էր բացատրել իր «ԱՅՈ»-ն Ս. Սարգսյանի սահմանադրափոխությանը, իրականում՝ Ս. Սարգսյանին։
Մինչդեռ ենթադրելի էր, որ Արձանագրությունները խորհրդարանից ետ կանչելն այլ բան չէր, քան Ցեղասպանության 100-ամյակով պայմանավորված մի միջոցառում։ Եւ շուտով դա հաստատվեց։ Սերժ Սարգսյանը վերջերս՝ հոկտեմբերի 2-ին, Վաշինգտոնում հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է վավերացնել Արձանագրությունները, եթե Թուրքիան դրանք առանց նախապայմանների վավերացնի։ Բայց նախապայմաններն, ինչպես բազմիցս արձանագրել է նաեւ Դաշնակցությունը, «քողարկված ձեւով» հենց այդ՝ արդեն ստորագրված փաստաթղթերում են։
Սա նշանակում է, թե ամեն ինչ վերադառնում է «ի շրջանս յուր»՝ այնտեղ, որտեղ գտնվում էր 2009 թ., կամ մինչեւ Արձանագրությունները ԱԺ-ից ետ կանչելը։ Փարիսեցիություն կլինի ասելը, թե նա, այնուամենայնիվ, այդ Արձանագրությունները նորից չի ուղարկել ԱԺ։ Ս. Սարգսյանի այս հայտարարությունից հետո ոչ մի նշանակություն չունի՝ դրանք ի՞ր դարակում են, թե՞ Գալուստ Սահակյանի. նախագահականից մինչեւ ԱԺ ծույլ քայլով անգամ 5 րոպեի ճանապարհ է։ Դա նշանակում է՝ Ս. Սարգսյանի «արտաքին քաղաքական ուղեգիծը» վերադառնում է այն նույն կետին, ինչի դեմ, իրավացիորեն, այդպես ըմբոստացել էր Դաշնակցությունը 2009 թվականից՝ նրա դեմ ծավալելով «ՈՉ»-ի մի շարժում Հայաստանում եւ Սփյուռքում։
Հիմա ի՞նչ է ստացվում.
Դաշնակցության համար այժմ էլ, ինչպես 2009 թ., կշեռքի նժարին կրկին դրված են Հայ-թուրքական արձանագրությունները՝ իրենց վերոարձանագրյալ հետեւանքներով։ Մյուս նժարին՝ Ս. Սարգսյանի՝ Սահմանադրությունը փոխելու նախաձեռնությունը՝ խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու, իրականում՝ այդ կերպ սեփական իշխանության վերարտադրման համար։ Ընդունենք, թե Դաշնակցության համար, իրոք, սկզբունքային հարց է Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգը։ Բայց, այս դեպքում, «Այո» ասելով Ս. Սարգսյանի նախաձեռնությանը, նրա իշխանության շարունակմանը, ըստ էության՝ նշանակում է, թե Դաշնակցությունը գործնականում՝
1. Համաձայնում է առանց Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը.
2. Հրաժարվում է հողային պահանջատիրությունից եւ նյութական փոխհատուցումից.
3. Համաձայնում է Կարսի պայմանգրի եւ Հայ-թուրքական ներկա սահմանի ճանաչմանը.
4. Համաձայնում է Ցեղասպանության հարցը դարձնել պատմաբանների քննարկման առարկա ու դրանով իսկ կասկածի տակ առնել այն.
5. Դեմ չէ Թուրքիայի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու նախապայմանի կատարմանը.
6. Հրաժարվում է Ցեղասպանության միջազգային ճանաչումից։
Այսինքն՝ Սերժ Սարգսյանի հետ միասին սպանում ու թաղում է Հայ դատը։ Մնում է հասկանանք՝ հեքիաթային ի՞նչ բարիքներ են ստանալու Հայաստանն ու հայ ժողովուրդը կամ ինքը Դաշնակցությունը՝ նմանօրինակ զոհաբերության դիմաց։

http://www.ilur.am/news/view/49601.html#sthash.7CrpSqJI.dpuf

Thursday, October 1, 2015

Հայդատականությունը՝ որպես վերջին հանգրվան


Սահմանադրությունը փոխելու՝ իր համար կենսական գործով գերզբաղված Ս. Սարգսյանը վերջապես ժամանակ գտավ ու արձագանքեց արդեն պատերազմական գործողություններ հիշեցնող սահմանային սրացումներին։ Արձագանքեց  ու ասաց նոր մի միտք. «Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժան մասն է» («Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից է»):

  Շատերի համար, թերեւս, ավելորդ է, սակայն ոմանց դեռեւս պետք է հիշեցնել, որ նման դեպքերում գոյություն ունի խնդրի ընկալման երկու հարթություն։ Առաջինը՝ մարդկային զգացական, երկրորդը՝ քաղաքական։ Առաջինը՝ հենվելով, ասենք, պատմական իրողությունների ու պատմական հիշողության վրա, արտահայտվում է որպես համոզմունք, պատկերացում, երազանք, ցանկություն, ձգտում։ Այն կարող է իր արտացոլումը գտնել գեղարվեստական գրականության, լրագրության, հրապարակախոսության, անգամ պատմագրության մեջ։ Այս ասպարեզներում անհատական դրսեւորումները ոչ մի կերպ չեն խանգարում բուն խնդրի գոյությանն ու լուծմանը։ Նույն խնդիրը քաղաքական հարթության վրա բոլորովին այլ եւ խիստ որոշակի տեսք է ստանում։ Դրա ձեւակերպումը պետք է դուրս չգա ընդունված միջազգային իրավունքի, նորմերի, սկզբունքների շրջանակներից։ Այլապես կվտանգվի նույն այդ խնդիրը, նրա երբեւէ լուծման հեռանկարը։
1988 թվականի փետրվարից ծայր առած Ղարաբաղյան շարժման ամբողջ ընթացքում, եւ հատկապես սկզբում, տասնյակ ու հարյուրավոր «պատմական տեղեկանքներ», տարբեր հասցեներով բաց ու փակ նամակներ, մասնագիտական հետազոտություններ եւ այլն, առաջին՝ զգացական հարթության վրա էին, որոնց ընդհանրական իմաստն այլ բան չէր, քան, որ Լեռնային Ղարաբաղը պատմականորեն հայկական տարածք է եւ, ըստ այդմ՝ «Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժան մասն է»։ Մինչդեռ նույն հարցով պաշտոնական փաստաթղթերը քաղաքական հարթության վրա էին, եւ դրանցում, որքան էլ գայթակղիչ ու հնչեղ լիներ, չէր կարելի օգտագործել զգացական լեզուն ու կատեգորիաները։ Այլապես հենց այդ պահին եւ դրանով կտապալեիր քո բարձրացրած ու փայփայած խնդիրը։ Բարեբախտաբար, այդ գիտակցումը եղել է ի սկզբանե եւ արտահայտված է արդեն իսկ ԼՂԻՄ մարզխորհրդի 1988 թ. փետրվարի 20-ին ընդունած որոշման մեջ.
«Լսելով եւ քննարկելով ժողովրդական դեպուտատների ԼՂԻՄ-ի խորհրդի դեպուտատների ելույթները` ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ կազմից Հայկական ՍՍՀ կազմ հանձնելու համար Ադրբեջանական ՍՍՀ եւ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետների առջեւ միջնորդության մասին, ժողովրդական դեպուտատների Լեռնային Ղարաբաղի 20-րդ գումարման մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում է.
Ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկություններին, խնդրել Ադրբեջանական ՍՍՀ Գերագույն սովետին եւ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետին՝ խորին ըմբռնման զգացում դրսեւորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերին եւ լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմից Հայկական ՍՍՀ-ի կազմ հանձնելու հարցը, միաժամանակ միջնորդել ՍՍՀՄ Գերագույն սովետի առջեւ՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմից Հայկական ՍՍՀ-ի կազմ հանձնելու հարցը դրական լուծելու համար»:
Ուշադրություն դարձրեք՝ սրանում չկա ո՛չ «Մայր հայրենիք», ո՛չ «ստալինյան կամայականություն», ո՛չ «պատմական իրավունք», ո՛չ «անբաժանելի մաս», չկա անգամ «միացում» բառը։ Ամեն ինչ տեղավորվում է ԽՍՀՄ՝ այդ պահին գործող Սահմանադրության եւ օրենքների հասկացությունների ու նորմերի շրջանակներում։ Այսինքն՝ պետական պաշտոնական մարմինն իր ասելիքն ասել է մաքուր քաղաքական հարթության վրա։
Նույնն է Լեռնային Ղարաբաղի հարցով երկրորդ պաշտոնական փաստաթղթում՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1988 թ. հունիսի 15-ի որոշման մեջ։ Ահա դրա ամբողջական տեքստը.
1.      «Համակողմանիորեն ուսումնասիրելով Ադրբեջանական ՍՍՀ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական դեպուտատների մարզային սովետի 1988թ. փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանի որոշումը եւ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ու նրա շուրջ ստեղծված լարված իրավիճակը, ինչպես նաեւ ԼՂԻՄ-ի եւ Հայկական ՍՍՀ հայ բնակչության կամքի արտահայտությունը, ղեկավարվելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի մասին ՍՍՀՄ սահմանադրության 70 հոդվածով, համաձայնություն տալ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Հայկական ՍՍՀ կազմի մեջ մտնելուն:
2.      Խնդրել ԽՍՀՄ Գերագույն սովետին քննարկել եւ դրականորեն լուծել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի՝ Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմից Հայկական ՍՍՀ կազմի մեջ անցնելու հարցը:
3.      Հայկական ՍՍՀ Գերագույն սովետը, դիմելով Ադրբեջանական ՍՍՀ Գերագույն սովետին, հույս է հայտնում, որ այդպիսի որոշումը չի խախտի երկու հանրապետությունների միջեւ եղած ավանդական բարիդրացիական հարաբերությունները եւ այն ըմբռնումով կընկալվի ադրբեջանական ժողովրդի կողմից»:
Այստեղ արդեն նշվում է նաեւ կատարված քայլի համար հիմք հանդիսացող ԽՍՀՄ Սահմանադրության համապատասխան հոդվածը՝ ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի մասին։
Եւ դրանից հետո էլ, լինի Լեռնային Ղարաբաղում թե Հայաստանում, ինչպես Շարժման տարիներին (1988-1990), այնպես էլ դրանից հետո, պաշտոնական խոսքը եւ պաշտոնյաների խոսքը կառուցված են եղել այն շրջանակներում, որը քաղաքական հարթության վրա քաղաքական լեզվով կոչվում է ազգի կամ ժողովրդի ինքնորոշման իրավունք, տվյալ դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունք։ Սա էր քաղաքականության լեզուն, որով հնարավոր էր խոսել ԽՍՀՄ շրջանակներում։ Առավե՛լ սա է քաղաքականության լեզուն, որով կարելի էր խոսել միջազգային ասպարեզում, եւ որը կարող է հասկանալ միջազգային հանրությունը։ Եւ, ինչպես դեռ ԽՍՀՄ պայմաններում, այնպես էլ դրանից հետո այս լեզվով խոսելով է, որ հնարավոր եղավ հասնել հայտնի քաղաքական արդյունքների։
«Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժան մասն է» լեզուն, երբ գրական, գեղարվեստական, լրագրական, հրապարակախոսական հարթությունից բարձրացվում է քաղաքական հարթություն, դառնում է այն, ինչը մեր իրականության մեջ հայտնի է հայդատականություն անվամբ։ Դրա բովանդակային թարգմանությունը այլ բան չէ, քան միջազգային իրավունքի եւ միջազգային հանրության համար խոտելի ու մերժելի պահանջատիրությունը։ Կրկին շեշտենք, որ այդ լեզվով խոսելով վաղուց կարելի էր կործանել Ղարաբաղի խնդիրը, եւ այդ գիտակցությամբ է, որ 1988-ի փետրվարից ի վեր հաջողությամբ խույս է տրվել այդ գայթակղությունից։
Առ այսօր Լեռնային Ղարաբաղի հարցով մի անգամ է եղել, որ եթե ոչ խոսքով, ապա գործով տուրք է տրվել հայդատականությանը։ Դա Ռ. Քոչարյանի կողմից Լեռնային Ղարաբաղի, որպես հակամարտության կողմի, միջազգայնորեն ճանաչված մանդատի յուրացումն էր։ Դա ծանրագույն հարված էր Ղարաբաղյան խնդրին ու նրա ինքնորոշման իրավունքի հեռանկարին (ինքնորոշումը պահանջատիրության հակոտնյան է, մեկը բացառում է մյուսը)։ Իսկ դրա իրական շարժառիթը զուտ անձնական էր՝ երկրի ներսում չունեցած օրինակարգությունը արտաքին ուժերի բարեհաճությամբ կոմպենսացնելը։ Նույն այդ նպատակով նա երկրորդ անգամ փարվեց հայդատականությանը՝ ՄԱԿ-ում Հայոց ցեղասպանության մասին ելույթով եւ Ցեղասպանության խնդիրը Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնահարց հռչակելով։ Սրանով էլ պիտի շահեր հայկական միջավայրի քաղաքական նրբություններին քիչ ծանոթ զանգվածի համակրանքը։ Այս քայլի տխուր արդյունքի մասին էլ բազմիցս գրվել է։
Այսինքն, երբ հայդատականությունը որեւէ դրսեւորմամբ բարձրանում է քաղաքական հարթություն, այն անխուսափելիորեն տխուր, ընդհուպ՝ կործանարար հետեւանքներ է ունենում Հայաստանի ու հայ ժողովրդի համար։ Եւ հայդատականությունը քաղաքական հարթություն են բարձրացնում այն ժամանակ, երբ համարում են, որ իրական քաղաքական քայլերն սպառված են, ու պետք է ապավինել հայ հասարակության ներքեւի՝ քաղաքական պատկերացումների ու քաղաքական գիտակցության առավել համեստ մակարդակ ունեցող կամ ընդհանրապես չունեցող շերտին։ Հետո՞ ինչ, որ դրանով հերթական վնասն ու արհավիրքը կարող են բերել նույն այդ ժողովրդին։
Սերժ Սարգսյանի վերջին ելույթում արտահայտած միտքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մաս լինելու մասին, այս շարքից է։ Դրա քաղաքական մեկնաբանությունը հետեւյալն է։ Սահմանադրությունը փոխելու ավանտյուրայում ամեն ինչ իրականում շատ ավելի վատ է, քան երեւում է կամ կարելի է պատկերացնել։ Այս հայտարարությամբ, Լեռնային Ղարաբաղի հարցն ու ապագան վտանգելու եւ Հայաստանը միջազգային սանկցիաների վտանգի տակ դնելու ռիսկի գնով նա փորձում է իր համար այսօրեական խնդիր լուծել։ Նա հույս ունի իր այս «հույժ հայրենասիրական», «հույժ հերոսական» քայլով հայ հասարակության հատակում գտնվող զանգվածի մոտ «աչոկներ շահել» ու բարենպաստ վերաբերմունքի արժանանացնել իր նախաձեռնությունը։


http://www.ilur.am/news/view/49257.html

Thursday, September 17, 2015

Պետական հեղաշրջման ճանապարհին


Սերժ Սարգսյանը սկսել է հերթական պետական հեղաշրջումը՝ իշխանության յուրացման հստակ ծրագրով։ Որպես այդպիսին՝ այն ծանրագույն հանցագործություն է՝ արձանագրված նաեւ Սահմանադրությամբ։
Դա գերնպատակ է նրա համար, իդեա-ֆիքս, յուրատեսակ կենաց ու մահու խնդիր։ Նման դեպքերում մարդու հոգեբանության մեջ որակական փոփոխություններ են տեղի ունենում. տեղի է տալիս քաղաքական բանականությունը եւ արժանապատվության զգացումը։ Այս դեպքում ոչ մի նշանակություն չունի, թե ինչ կարժենա դրված նպատակի իրագործումը։ Քաղաքական բանականությունը եւ արժանապատվությունը կորցրած մարդը գերնպատակին կարող է զոհաբերել ամեն ինչ՝ սեփական արժանապատվությունից սկսած մինչեւ ողջ երկիրն ու ժողովրդին։ Եւ սա՝ առանց դույզն չափազանցության։
Եւ պետական այս հեղաշրջման դեպքում խնդիրն ամենեւին էլ Ս. Սարգսյանի իշխանության ցմահ հավերժացումը չէ, ոչ էլ Հայաստանում կուսակցապետության ստեղծումը։ Ուրիշ երկրներ դրանից կարող են վնասվել, կորցնել, բայց ինչ-որ պահի, վերականգնելով օրինակարգ իշխանությունը, շատ բան կարող են ետ բերել, շարունակել ապրել ու զարգանալ։ Ռեսուրսների հարց է։ Հայաստանի ռեսուրսները չափազանց սակավ են նման մի փորձության հաղթահարման համար։ Հայաստանը պարզապես կարող է դադարել գոյություն ունենալ որպես հայկական պետություն, որպես հայ ժողովրդի ազգային գոյատեւման եւ զարգացման միակ հիմք։ Միայն ժողովրդագրական աղետը, ինչի հետեւանքներին ու ահագնացող տեմպերին ականատես ենք, արդեն դրա անհերքելի ապացույցն է։ Հեղաշրջման հաջողության դեպքում այդ տեմպերն ավելի են մեծանալու։ Այսօր արդեն Հայաստանում կրկնակի պակաս է այն կրիտիկական զանգվածը, որի պայմաններում ազգային գրականությունն ու մշակույթը կարող են սպառող ունենալ։ Սպառող չունենալով՝ հայ ազգային գրականությունն ու մշակույթը մարելու-վերանալու են։ Սփյուռքն այս դեպքում միայն կործանարար գործընթացներն արագացնողի դեր է խաղալու։ Այսպես շարունակվելու դեպքում հայերեն ուսուցումն ու հայկական կրթությունն է զրկվելու հեռանկարից ու պահանջարկից։ Պետական գաղտնիքի կրող ու դրանց համար պատասխանատու չլինելով անգամ՝ շատ բաների մասին չես ուզում գրել այնպես, ինչպես դրանք կան։
Քաղաքական բանականության կորուստը չի խանգարում, որ Սերժ Սարգսյանը տեսնի, գիտակցի, հասկանա այս ամենը։ Բայց քաղաքական բանականության եւ արժանապատվության կորուստ՝ նշանակում է, թե Հայաստանի ու հայ ժողովրդի որեւէ, ամենասահմռկեցուցիչ հեռանկար անգամ չի կարող մարդուն ետ պահել այն քայլից, որ նա անում է սեփական անձի համար։
2000 թվականից (1997 թ. Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո) ձեւավորված ռեժիմի հիմնական քաղաքական արդյունքը շատերն են արդեն բնորոշել որպես սեփական ժողովրդի նկատմամբ իրականացվող ազգասպանություն, ցեղասպանություն։ Եւ մեկ անգամ չէ, որ նույն այդ ժողովուրդն ընդվզել է ռեժիմի դեմ։ Փաստ է, որ ի սկզբանե եւ առ այսօր այս ռեժիմը երբեւէ ժողովրդի քվեն չի ստացել իշխանություն դառնալու համար։
Ս. Սարգսյանը սա էլ շատ լավ գիտի։
Շատ լավ հասկանալով այս ամենը՝ նա գիտակցում է նաեւ իր այս քայլի ծայրահեղ  հանցավորությունը։ Եւ ի սկզբանե աշխատել է չափազանց զգույշ լինել։ Առնվազն երկու փաստ մեր այս պնդման հիմնավորումն են։
Առաջին անգամ խորհրդարանական համակարգի անցնելու մասին խոսելիս նա շատ հստակ ասաց, որ ինքն անձամբ գործող «նախագահականի» կողմնակից է, բայց կարող է մեծահոգություն դրսեւորել նրանց նկատմամբ, ովքեր ուզում են... Ճիշտ է՝ այդպես էլ անհայտ մնաց, թե ովքեր են ուզում, եւ ում նկատմամբ է մեծահոգություն դրսեւորում Սերժ Սարգսյանը։ Քիչ անց, եւ մի ամբողջ տարի, հիմնական քաղաքական ուժերի կոնսենսուսը ձեւավորվեց հենց Սահմանադրության մեջ որեւէ փոփոխության դեմ, այսինքն՝ հօգուտ գործող «նախագահական» Սահմանադրության։ Մի ամբողջ տարի հիմնական քաղաքական ուժերը միաձայն հաստատում էին, որ «բարեփոխում» հռչակված այդ կեղծիքի իրական նպատակը Ս. Սարգսյանի վերարտադրությունն է։ Եւ Ս. Սարգսյանին այլ բան չէր մնում, քան բռնի ուժով ջախջախել հօգուտ նախագահական համակարգի ձեւավորված այդ կոնսենսուսը, որի... «համոզված կողմնակիցն» էր նաեւ ինքը։
Հետո՞ ինչ, որ դրանով ինքը ծիծաղելի վիճակում է հայտնվում, հետո՞ ինչ, որ դա սեփական մարդկային, էլ չասենք՝ քաղաքական, երկրի ղեկավարի արժանապատվության հետ որեւէ աղերս չունի։ Ինչպես ասացինք, տվյալ հոգեվիճակում իր գերնպատակին հասնելու համար Ս. Սարգսյանը պատրաստ է ամեն ինչի, այդ թվում՝ նաեւ սեփական արժանապատվության զոհաբերման։
  Իր նախաձեռնության հանցավորության գիտակցման երկրորդ ապացույցը կամ փաստը հետեւյալն է։
Քաղաքական դաշտում մանիպուլյացիաների՝ Սերժ Սարգսյանի ձեռագիրը վաղուց հայտնի է. կեղծ ընդդիմադիր ուժերի սնուցում-նախապատրաստում, որպես «ական»՝ դրանց ներդրում ընդդիմադիր դաշտում՝ վճռական պահին ընդդիմադիր ճակատը «պայթեցնելու» համար։
Այս դեպքում նա վարվում է ճիշտ հակառակ կերպ։ Այս անգամ նա «էս գլխից» մեկ առ մեկ, ի տես հասարակության եւ աշխարհի, իր մոտ է կանչում բոլորին։ Սերժ Սարգսյանը դրանով ոմանց նկատմամբ յուրատեսակ լյուստրացիա է իրականացնում, ոմանց «էս գլխից» տալիս այն, ինչ պիտի տար, եթե ընթացքում նրանց ծառայության կարիքն ունենար, ոմանց՝ պարզապես, ոչ քաղաքական, բայց հասկանալի լեզվով ասած՝ ուժով բերում է «կզարան»։ Նրան անհանգստացնում է ոչ միայն նախապատրաստվող հանրաքվեի արդյունքը։ Նրան ավելի շատ անհանգստացնում է ծանրագույն այս հանցագործության համար որպես պատասխանատու միայնակ մնալը։ Որքան շատ լինեն մեղսակիցները, այնքան փոքր կլինի պատասխանատվության իր բաժինը։
Եւ նրա մտավախությունը հիմքեր ունի։ Երբ գործնականում ողջ ժողովուրդն է համոզված, թե ինչի համար է Ս. Սարգսյանը փոխում Սահմանադրությունը, անկանխատեսելի է, թե քարոզարշավի շրջանում կամ մինչ այդ հասարակական հակազդեցության ինչպիսի ալիք կարող էր գոյանալ։ Իսկ ալիքի դեպքում շատերը, որ գնացել են, չէին գնա Ս. Սարգսյանի կանչին։
Միակ ուժը, որին նա կարող էր վստահել՝ ՀՅԴ-ն է։ Ոչ թե՝ որովհետեւ նա վստահելի է բնույթով, այլ որովհետեւ ՀՅԴ-ն շատ լավ գիտի, որ ինքը նախագահական համակարգում երբեւէ չի կարող իշխանության հույս ունենալ։ Այս կուսակցության անունը երբ առարկայանում է որեւէ անհատի տեսքով, միայն վանում է։ 1991 թվականին, իր վարկանիշի ամենաբարձր շրջանում, գումարած հայտնի ու սիրված դերասան Սոս Սարգսյանի վարկանիշը (որ այս կուսակցության թեկնածուն էր նախագահական ընտրություններում), ՀՅԴ-ն չկարողացավ անգամ 5 տոկոս ձայն ստանալ։ Կա նաեւ մի երկրորդ հանգամանք։ Նժդեհականության հետ ոչ մի կապ չունի ավազակապետական այն համակարգը, որ ստեղծվում է 1999 թ. հոկտեմբերի 27-ից հետո եւ առ այսօր։ Իրականում դրա հիմքում հայդատականությունն է, ավելի ճիշտ՝ հայդատականության խրտվիլակը, այսինքն՝ հենց այն, ինչի վրա կառուցված է նաեւ ՀՅԴ-ն։ Եւ պատահական չէ, որ այն, ինչ պատրաստվում է անել Ս. Սարգսյանը, ոչ թե նույնիսկ հանրապետականները, այլ հենց դաշնակցականներն են, որ հայտարարում են, թե դա, առաջին հերթին՝ իրենց հաղթանակն է։
Սերժին ներկայացած մյուս ուժերը կամ նման ամբիցիաներ չունեն, կամ նման խնդիր չունեն։ Նրանք բոլորը նույն հաջողությամբ կարող էին հայտնվել «Ոչ»-ի ճամբարում։ Եւ քարոզարշավի անկանխատեսելի շրջանում համաժողովրդական ընդվզումը կարող էր փողոց բերել բոլոր նրանց, ում Ս. Սարգսյան այսօր ստիպում է շարք կանգնած ներկայանալ իրեն՝ վաստակելով «հաճախորդի» պիտակը։ Նա հույս ունի, որ դրանից հետո նրանք այլեւս հրապարակ չեն գնա, կամ նրանց այնտեղ չեն ընդունի։ Այսինքն՝ բոլորին ստիպում է այսօր իր ետեւից «անցնել Ռուբիկոնը», կիսել ազգասպանության հանցանքի պատասխանատվությունը։
Այս ամենը արտաքուստ տպավորիչ, սակայն, ըստ էության, «վա բանկ» գնացող խաղացողի հուսահատ քայլեր են։ Շատ դժվար է ասել՝ դրանից սահմանադրական հանրաքվեի տեսքով նախապատրաստվող պետական հեղաշրջման դեմ հասարակության պայքարը դժվարանալո՞ւ, թե՞ հեշտանալու է։ Բոլոր դեպքերում, ակնհայտ է, որ դրանում «ականներ» չեն լինելու կամ համարյա չեն լինելու։ «Սեւի ու սպիտակի» այն բաժանումը, որ պիտի հստակվեր վերջում, այսօր, Ս. Սարգսյանի իրականացրած «լյուստրացիայով» արդեն իսկ առկա է։ Եւ վերջապես՝ ոչ մի երաշխիք չկա, որ նրա «դուռը գնացածների» մի մասը, ում համար դա եղել է մարդկային եւ քաղաքական արժանապատվությանն ուղղված վիրավորանք, հետո որտեղ կհայտնվի։ «Ճակատը» լավ բան է, բայց մի թերություն ունի՝ վճռական պահին կարող է պայթել կամ պառակտվել։ Եւ դա վերաբերում է ոչ միայն ընդդիմության, այլեւ իշխանական «ճակատին»։

http://www.ilur.am/news/view/48910.html

Tuesday, May 26, 2015

Հոսանքի թանկացումը Սերժ Սարգսյանի ոճրաԳՈՐԾԻՔՆԵՐԻՑ մեկն է ընդամենը


Դեռեւս մեկ տարին չանցած՝ հերթական անգամ շրջանառության մեջ է դրվել հոսանքի թանկացման հարցը, ընդ որում՝ ավելի քան 40%-ով՝ ամբողջ 17 դրամով։
Հիմա ՀՀ-ում էլեկտրաէներգիայի գործող տարիֆը բնակչության համար 41.85 դրամ է։ Հայտ է ներկայացվել նոր տարիֆի՝ 58 դրամ։ Իհարկե, ինչպես միշտ, գնի ավելացում պահանջողները ներկայացնում են թվեր, հիմնավորումներ, գումարում, բազմապատկում, անում են «մասնագիտական» հաշվարկներ։
Թվեր ու հիմնավորում են բերում նաեւ հակառակ կողմից։ Օրինակ՝ որ մեր տիպի երկրներում (Ուկրաինա, Ռուսաստան, Վրաստան) հոսանքի գինը միջին հաշվով 20 դրամի շրջանակներում է, ավելի պակաս։ Եւ դա՝ այն դեպքում, երբ էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքը (ինչի հետ անմիջական կապի մեջ է 1 կվ.ժամի ինքնարժեքը) այդ երկրներում կամ նույնն է, ինչ Հայաստանում, կամ՝ նույնիսկ ավելի ծախսատար է։ Այսինքն՝ Հայաստանում անգամ այսօրվա սակագինը երկու անգամ գերազանցում է հիշյալ՝ էլեկտրաէներգիայի արտադրության նույնպիսի կառուցվածք (եւ ինքնարժեք) ունեցող նույնատիպ երկրներից։  
Ինչո՞ւ։
Այս «ինչու»-ին դեռ չպատասխանած՝ հիմա էլ ուզում են այդ տարբերությունը դարձնել եռակի՝ սակագինը բարձրացնելով այնքանով, որքան վերոհիշյալ երկրներում հոսանքի հենց ամբողջ գինն է։ Այս փաստերը, կարծես թե, արդեն բավարար են՝ համոզվելու համար, որ անիմաստ է հարցի պատասխանը փնտրել արտադրական, թվաբանական, հաշվապահական, տնտեսագիտական հաշվարկների հարթություններում։ Ճիշտ է՝ մասնագիտական պրպտումները չարաշահումների, «վատ» կառավարման, անհասկանալի գործարքների կամ «սխալ» աշխատանքի օրինակներ են բացահայտել. դրսից անհասկանալի բարձր գնով հոսանքի գնում, կորուստների անհասկանալի բարձր տոկոս, շքեղաշուք մեքենաների անիմաստ վարձակալություն անիմաստ գներով եւ այլն։ Կարող են բացահայտվել այսօրինակ եւս տասնյակ փաստեր։ Բայց, նախ՝ այդ փաստերի առիթով պետք է դատական հայցեր հարուցվեն, ոչ թե դրանից գոյացած վնասը դրվի բարեխիղճ սպառողի վրա։ Երկրորդ՝ նմանօրինակ թեկուզ տասնյակ փաստերով անհնար է ստանալ 200 միլիոն դոլարի այն «վնասը», որն, իբր, գոյացել է համակարգում։
Վերոհիշյալ «ինչու»-ի պատասխանը եթե շարունակենք փնտրել համակարգի շրջանակներում՝ արտադրական, տնտեսական, թվերի ու հաշվարկների ոլորտներում, ինչպես ցույց է տվել բազմակի փորձը, հոսանքը թանկանալու է (կարեւոր չէ՝ քանի դրամով՝ որքան կարողանան), եւ մեկ տարին դեռ չբոլորած՝ հերթական անգամ էլի հերթական թանկացման հայտն է ներկայացվելու։
***
Նույնն էր գազի դեպքում։ Ինչպե՞ս է, որ սահմանի վրա գազը ստացվում է ամենացածր գներից մեկով, մինչդեռ բնակչությանն այն վաճառվում է այնպիսի գնով, ինչպիսի գնով վաճառում են սահմանի վրա մեզնից կրկնակի թանկ գնով գազ ստացող երկրները։ Ինչո՞ւ։ Դարձյալ հաշվարկներ, բաց ու փակ լսումներ, հանձնաժողովներ, թվեր, գումարում- բազմապատկում, տնտեսագիտություն, հաշվապահություն, ու կրկին՝ տարրական ու բանական հարցը մնում է անպատասխան։ Ու քանի որ այն անպատասխան է մնում, դրա համար էլ մի տարի հետո թանկացման հերթական «կամպանիան» է սկսվում։
***
Երկու տարի առաջ հասարակությունը վրդովվեց հայտնի «կարմիր գծերի»՝ փողոցներում վճարովի կանգառների, արագաչափերի, տեսախցիկների, տուգանքների՝ մեր կենսամակարդակի համեմատ աստղաբաշխական թվերի առիթով։ Այստեղ էլ իշխանությունը «աշխարհի» փորձն էր մատնանշում։ Բայց երբ նույն այդ «աշխարհի» կենտրոնից մի ներկայացուցիչ՝ Գլենդելի հայազգի քաղաքապետը Երեւան եկավ, հայտարարեց, որ «կարմիր գծերն», օրինակ, իրենց մոտ բոլորովին այլ բանի համար են, արագաչափերն ու տեսախցիկներն էլ, գործառնական առումով, ոչ թե լավ մտածված ծուղակներ են՝ փող կորզելու համար, այլ, իրոք, երթեւեկության անվտանգությանը նպաստող միջոցներ։ Երեքն էլ՝ մեզ մոտ ձեւով նույնը, ֆունկցիոնալ առումով բոլորովին տարբեր են «աշխարհից»։ Ինչո՞ւ։
Կարելի է շարունակել՝ նույն «ինչու»-ները հնչեցնելով համայնքների միավորման, բացահայտ հանցագործությունների չբացահայտման, արտագնա աշխատանքի հարկման, «պարտադիր կուտակայինի» եւ տասնյակ այլ հարցերով։
***
Իսկ «ինչու»-ների պատասխանը երբեք չենք ստանալու եւ այսօրինակ երեւույթներից ոչ մեկը չենք կանխելու, որեւէ խնդիր չենք լուծելու, քանի դեռ այս ամենը չենք հավաքել մեկ «ինչու»-ի մեջ։ Հոսանքը թանկացնելու են, գազը թանկացնելու են, կողոպտիչ մեքենան կատարելագործելու են, «բեսպրեդելը» խորանալու է, կյանքը վերածվելու է դժոխքի, եւ ամեն մեկը, բնականաբար, առաջին հերթին մտածելու է, թե ինչ կերպ թողնի ու հեռանա....
Ահա տեղ հասանք....՝ թողնի հեռանա։
Այս ընթացքը անընդհատ արագացող շարժմամբ շարունակվելու է, վերոհիշյալ «ինչու»-ների պատասխանը չենք գտնելու, քանի դեռ, կրկնենք, դրանք չենք միավորել ու չենք դրել քաղաքական հարթության վրա՝ մեկ «ինչու»-ի տեսքով։
Եւ ինչպիսի՞ն կլինի քաղաքական պատասխանն այդ դեպքում։ Այն կարող էր լինել այսպիսին. իշխանությունը կոռումպացված է, ընչաքաղց, իշխանավորները, ագահությունից ելնելով՝ անհագ կողոպտում են երկիրն ու ժողովրդին՝ ինչքան կարող են եւ ինչպես կարող են։ Կարող էր լինել, բայց մեր դեպքում նաեւ սա չէ հարցի պատասխանը։ Որովհետեւ անգամ այդիսի դեպքերում որեւէ իշխանության գողությունն ու կողոպուտն էլ տեղավորվում է ինչ-որ բանականության ու տրամաբանության մեջ, այդ դեպքում էլ գոյություն ունեն ինչ-որ սահմաններ։ Նման սահմաններ են ունեցել անգամ օտար նվաճողները միջնադարում։ Եւ դրանք կապված են ոչ թե թալանողների ու կողոպտողների բարոյական ընկալումների, այլ արտադրողին չկորցնելու մտահոգության, սեփական ապահովության, թեկուզ՝ ինքնապաշտպանական բնազդի հետ։ Հայաստանում դա չկա։ Ուրեմն՝ սա չէ հարցի պատասխանը։
Քաղաքական հարթության վրա՝ հարցի պատասխանը կամ երեւույթի բացատրությունը մեր դեպքում սահմռկեցուցիչ է ու դրանով իսկ՝ շատերի համար անհավատալի, չափազանցված։ Այդ պատասխանը հետեւյալն է. այս վարչախումբը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է իր թիվ 1 հետեւյալ քաղաքական ծրագիրը. սեփական քաղաքացիներին արտագաղթի մղելով՝ երկրում բնակչության թվի ու կազմի առումով հասնել ժողովրդագրական այնպիսի փոփոխության, որն անվտանգ լինի իր իշխանության համար։
Եւ մեղավոր չեն չհավատացողները։ Որովհետեւ դա ոչ մի կերպ չի տեղավորվում մարդկային բանականության ու տրամաբանության սահմաններում։ Ասում են՝ բայց դա բացահայտ դավաճանություն է։ Ասում են՝ բայց մեզ հետ 100 տարի առաջ այդպես թուրքերն են վարվել։ Ասում են՝ բայց ինչքան շատ մարդ լինի երկրում, այնքան, անգամ թալանչի իշխանության համար, ավելի լավ։ Չեն հավատում։ Չեն հավատում անգամ այն բանից հետո, երբ այդ մասին, լեզվի սայթաքմամբ թե բացառիկ ցինիզմի դրսեւորմամբ, խոսեց տխրահռչակ նախորդ վարչապետը։ Եւ դա՝ անգամ այն դեպքում, երբ յուրաքանչյուրն ամեն վայրկյան լսում է հանցավոր այդ ծրագրի իրականցման մեխանիզմի աշխատանքը, զգում սեփական մաշկի վրա, իր շուրջ տեսնում դրա սարսափազդու հետեւանքները։ Հենց այս չհավատալուց էլ օգտվում է վարչախումբը։
Այսպիսի մի նորաստեղծ բառ կա՝ «հայաթափում»։ Նորաստեղծ՝ որովհետեւ մեր ողջ պատմության ընթացքում ոչ մի օտար նվաճող, ներառյալ Թուրքիան մինչեւ 19-րդ դարի 80-ական թվականները, հայ ժողովրդի հանդեպ նման՝ արտագաղթի մղելու ծրագիր չի ունեցել։ Ընդհակառակը՝ կռիվ է եղել հայկական տարրի համար. Իրանը Թուրքիայից է հայկական բնակչություն գաղթեցրել տարել՝ իր երկիրը շենացնելու համար, Ռուսաստանը, նույն նպատակով՝ Իրանից ու Թուրքիայից։ Սուլթանական եւ հանրապետական Թուրքիայից հետո սա երկրորդ դեպք է, երբ իշխանությունը, իր ապահովության համար, Հայաստանը հայաթափելու, կտրուկ ժողովրդագրական փոփոխությունների հասնելու ծրագիր է իրականցնում։ Եւ արդեն քանիցս դրա համար ընդհուպ «ցեղասպանություն», «ազգասպանություն» որակումներն են օգտագործել ոչ միայն վարչախմբի քաղաքական «անհաշտ» հակառակորդ ընդդիմադիրները, այլ, ասենք, նույն իշխանության ներկայացուցիչ (որպես դեսպան) Շառլ Ազնավուրը եւ ուրիշներ։ Դա պատկերավոր խոսք-չափազանցություն չէ։

***
Վերադառնանք հոսանքի թանկացման առաջին հարցին։
Բողոքի գեղարվեստական ձեւերը՝ մի քանի ժամ, թեկուզ՝ մի քանի օր, ողջ հանրապետությունով մեկ լույսերը հանգցնելը, «դեմ ենք հոսանքի թանկացմանը» անհասկանալիության չափ անատամ կարգախոսը (կարող է եւ որեւէ մեկը դրան կո՞ղմ լիներ ինչ-որ պարագայում), այլ սենտիմենտները, նաեւ թվաբանական ու տնտեսագիտական թեկուզ համոզիչ հաշվարկները, ոլորտում չարաշահումների, սխալների ցայտուն օրինակներ գտնելը եւ այլն՝ հիմնական խնդրի տեսանկյունից անիմաստ են։ Անգամ՝ շեղող։ Անիմաստ է նաեւ մեղավորներ փնտրել Սերժ Սարգսյանից ներքեւ։ Անիմաստ է մեղավորներ փնտրել էներգետիկ համակարգում, առավել եւս՝ Հայաստանից դուրս։ Հոսանքի թանկացման հայտը, ըստ էության, Սերժ Սարգսյանն է ներկայացրել։ Կարեւոր չէ՝ ում դեմքով, ինչպիսի միջնորդավորմամբ։ Կարեւոր չէ այդ համակարգի իրավական կարգավիճակը։ Նա դա արել է ոչ թե ագահությունից դրդված, այլ որպես իշխանության պահպանման ծրագրի իրականացման գործիքներից մեկի օգտագործման հերթական քայլ։ Հոսանքի պերմանենտ թանկացումը քաղաքական խնդիր է նրա համար՝ որպես արտագաղթի խթանիչ։ Ուստիեւ՝ այն քաղաքական խնդիր պետք է լինի նաեւ ժողովրդի համար, այլապես նա (ժողովուրդը) այս անգամ էլ տանուլ կտա, ինչպես տասնյակ անգամներ տանուլ է տվել մինչեւ հիմա։ Տանուլ կտա ե՛ւ լոկալ այս խնդրում, ե՛ւ գլոբալ։ Նույնը՝ գազի, կարմիր գծերի ու արագաչափերի, նույնը՝ համայնքների բռնի խոշորացման ու արտագնա աշխատանքի հարկման, նույնը՝ պարտադիր կենսաթոշակայինի, նույնը... ամեն տեղ։ Քանի դեռ այսօրինակ հարցերն իրենց քաղաքական պատասխանը չեն ստանում եւ քաղաքական ընկալումը չունեն ժողովրդի կողմից, Ս. Սարգսյանը վաղը «կդնի» ու կփոխի Սահմանադրությունը՝ իր համար ցմահ դարձնելով իշխանությունը։ Ցանկացած բոց կայծից է բռնկվում։ Հոսանքի խնդիրը կարող է նման կայծ լինել։
Վտանգավոր եւ ապակողմնորոշիչ է նման բաները վարչախմբի ու նրա ղեկավարի ագահությամբ ու թալանի մոլուցքով բացատրելը։ Դա նույնն է, ինչ ասել, թե Հայոց ցեղասպանությունը ժամանակին մտահղացվել է հայության նյութական ունեցվածքը թալանելու համար։ Դա երկրորդական, երրորդական, ուղեկցող մի հանգամանք էր։ Խնդիրը քաղաքական էր՝ Արեւմտյան Հայաստանը մաքրել հայությունից՝ ապագայում երբեւէ չունենալու համար «Հայկական հարց»։ Այստեղ էլ խնդիրը քաղաքական է՝ ունենալ թվով ու որակով այնպիսի հասարակություն, որը վտանգ չներկայացնի այս ռեժիմի  համար։ Մնացած ամեն ինչ այս խնդրի լուծման քաղաքական գործիքներն են՝ հոսանքի գինը, գազի գինը, կարմիր գծերը, արագաչափերը, տեսախցիկները, արտագնա աշխատանքի հարկումը, պարտադիր կուտակայինը, համայնքների բռնակցումը....
***
Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով իշխանությունը հայդատական մտքի երկունքով երկու «բարձրակետ նվաճեց»՝ քաղաքական ու պատկերագրական ։ Քաղաքականը «....Հռչակագիր» կոչվող ամոթալի խայտառակությունն էր։ Պատկերագրականը՝ Երկրով մեկ տարածված այն ունիկալ պլակատը, որում 1915-ի թվերը «կառուցված» են հրացանի, կախաղանի պարանի, սրերի, յաթաղանի, կացնի պատկերներով (հայրենասիրության ինչպիսի՜ թռիչք)։ Այս պլակատը ստորագրված անուն ունի՝ «ոճրագործիքներ», այսինքն թե՝ այս «գործիքներով» է 1915 թվականին իրականացվել Ցեղասպանությունը։ Դրա նմանությամբ, հարյուր տարի անց, 2015-ի թվերը պետք է կառուցել այսօրվա «ոճրագործիքներով», որոնցից մեկն էլ, ահա, էլեկտրական հոսանքի թանկացումն է։

http://www.ilur.am/news/view/45246.html

Thursday, April 30, 2015

Հայդատական ավանտյուրիզմի հերթական վախճանը


Մարդկանց ազգային-հայրենասիրական զգացմունքների վրա խաղալն ու ազգայնականության բորբոքումը հասարակական դիրքի, իշխանության հասնելու ու իշխանություն պահելու մի գործիք է, որ օգտագործվում է  բոլոր ժողովուրդների մեջ։ Իրականում լինելով քաղաքական ավանտյուրիզմի դրսեւորում՝ այն, սովորաբար, ծանր հատեւանքներ է ունենում տվյալ ժողովրդի համար։ Եւ ոչ մի նշանակություն չունի՝ ազգային ու հայրենասիրական զգացումների շահարկման այդ գործիքից օգտվելը իրական զգացումների, բայց քաղաքական մտքի խակության ու տգիտությա՞ն արդյունք է, թե՞ պարզապես գիտակցաբար ընտրված՝ ազգակիցների արյան ու տառապանքների վրա հասարակական դիրքի եւ իշխանության ապահովման հանցավոր ու անբարոյական մի բիզնես-մեթոդ։ Երկու դեպքում էլ, իր նույնական արդյունքներով, այն չի դադարում քաղաքական ավանտյուրիզմ լինելուց։
Քաղաքական ավանտյուրիզմը հայ իրականության մեջ
  Հայ իրականության մեջ վերջին մոտ մեկուկես դարում քաղաքական ավանտյուրիզմի այդ երեւույթը հատուկ անուն ունի՝հայդատականություն։ Պայմանական այդ անվանումը ծագում է 1878 թ. ռուս-թուրքական պատերազմից հետո միջազգային ասպարեզում գոյացած Հայկական հարցի (Հայ դատ) բառակապակցությունից՝ վերաիմաստավորված որպես պահանջատիրություն։ Ինչպես նախնական, այնպես էլ վերաիմաստավորումից հետո Հայ Դատի քաղաքական բովանդակությունը երրորդ ուժի միջոցով ազգային խնդիրների լուծումն է՝ անկախ այն բանից, թե ինչպես են ձեւակերպվում այդ խնդիրները։ Ըստ հայ հասարակական կյանքում հայդատականության ունեցած ներկայության ու խաղացած դերի՝ նույն մեկուկես դարի ընթացքում եղել են հետեւյալ շրջանները.
1.      1878-1920 թթ. – հայդատականության լիակատար ներկայության ու քաղաքական պատասխանատվության շրջան՝ հիմնականում հայ քաղաքական կյանքում հայտնի հեղափոխական կուսակցությունների գաղափարների ու գործունեության տեսքով։ Շուրջ 40 տարվա արդյունքներն այսպիսին են. 1895-96թթ. հայկական ջարդեր 300.000 զոհերով՝ իրականացված Օսմանյան կայսրությունում սուլթան Աբդուլ Համիդի կողմից, Ադանայի ջարդերը 1909թ.՝ 30.000 զոհերով, 1915 թ.՝ երիտթուրքերի իրականացրած Ցեղասպանություն՝ մեկուկես միլիոն զոհ եւ ողջ Արեւմտյան Հայաստանի կորուստ, 1920 թ.՝ Արեւելյան Հայաստանի կեսի կորուստ։
2.      1921-1988 թթ. - հայդատականության դուրսմղում մեկ այլ (կոմունիստական) գաղափարախոսության  կողմից։ Շուրջ 70 տարվա արդյունքներն այսպիսին են. հայ ժողովուրդը խորհրդային կայսրության մյուս ժողովուրդների հետ հավասար կրել է հայտնի դժվարությունները, ունեցել նույն կորուստները եւ ապրել նույն զարգացումը՝ արդյունքում պահպանելով ժառանգած տարածքը եւ հնգապատկելով երկրի բնակչությունը։
3.      1988-1998 թթ. – Հայդատականության հետեւողական մերժում Ղարաբաղյան համաժողովրդական շարժումը ղեկավարող քաղաքական ուժի՝ Ղարաբաղ կոմիտեի, Հայոց համազգային շարժման, ապա նույն ուժի հաստատած ժողովրդավար իշխանության կողմից։ Երրորդ ուժի բացառման, միայն սեփական ուժերին ապավինելու եւ իրատեսական քաղաքականության հիմքի վրա մոտ 10 տարվա արդյունքներն այսպիսին են. անկախության ձեռքբերում, ռազմական հաղթանակներ՝ ռեսուրսներով մի քանի անգամ հզոր հակառակորդի նկատմամբ, զոհի բարդույթի հաղթահարում, Լեռնային Ղարաբաղի փաստական անկախության ձեռքբերում ու նրա շուրջ ապահով անվտանգության գոտու ստեղծում, տնտեսական տոտալ շրջափակման, մի քանի հարյուր հազար փախստականության, երկրի մեկ երրորդն ավերած երկրաշարժի ավերածությունների մարտահրավերների հաղթահարում, արմատական բարենորոգումներ, միջազգային ասպարեզում ժողովրդավարական երկրի վարկանիշի ձեռքբերում։
4.      1998-ից – մասնակի վերադարձ հայդատականությանը՝ Ցեղասպանության ճանաչումը արտաքին քաղաքականության հիմնահարց հայտարարելով։ 18 տարում արդյունքներն այսպիսին են. Լեռնային Ղարաբաղի՝ որպես հակամարտության լիիրավ կողմի միջազգային մանդատի կորուստ, Ղարաբաղի դուրսմղում կարգավորման գործընթացից, եւ ինքնորոշման հարցի վերածում տարածքային վեճի առարկայի, Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնող պատմաբանների հանձնաժողովի մասին դրույթի ընդունում, սոցիալական իրավիճակի վատթարացում, խաղաղ պայմաններում շուրջ կես միլիոն արտագաղթ։
 Սրանք չոր արձանագրումներ են, առանց գնահատականների, անվիճարկելի փաստեր։ Իսկ գնահատականներ տվել են նշանավոր լրջմիտ պատմաբաններ, սթափության պահերին քաղաքական ավանտյուրաների բերած արհավիրքների խոստովանություններ արել են նույնիսկ տասնյակ հայտնի հայդատական գործիչներ։
***
Հայդատականության քաղաքական արդյունքների, դասերի այս ֆոնին Սերժ Սարգսյանի ղեկավարած՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի պետական հանձնաժողովի կողմից հրապարակված «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը» ամենամեծ վտանգն էր պարունակում։ Վտանգն այն էր, որ դրանով Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում էր դրվում հայդատականությունը, ինչպես ասում են՝ իր ամբողջ ծավալով ու բովանդակությամբ՝ պահանջատիրության տեսքով։ Եւ քանի որ որպես քաղաքական խնդիր դրա լուծումը շա՜տ հեռու է Հայաստանի հնարավորություններից, ուստիեւ, ինչպես 150 եւ100 տարի առաջ՝ հույսն ամբողջությամբ դրվում է երրորդ ուժի՝ միջազգային հանրության վրա։ Եւ ինչպես 150 եւ 100 տարի առաջ՝ սա մի ավանտյուրա էր՝ նոր արհավիրքներ վաստակելու հեռանկարով։
 Երկրի ու ժողովրդի ճակատագրի համար վտանգի այս ահռելիության գիտակցումով էր, որ Հայաստանի Հանրապետության հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմեց իր համար աննախադեպ քայլի՝ այդ պահին մի կողմ դնելով ապօրինի վարչախմբի դեմ ավելի քան յոթնամյա անհաշտ քաղաքական պայքարը։ Նա բաց նամակով դիմեց Ս. Սարգսյանին՝ համագործակցաբար մի այլ փաստաթուղթ ստեղծել՝ զերծ հայդատական խայտառակություններից, իրավական անհեթեթություններից, միջազգային հանրության համար հասկանալի լեզվով, պետականություն ունեցող ժողովրդին եւ Ցեղասպանության 100-ամյակին պատշաճող։ Ընդհանուր հաշվով՝ նա այս խնդրին անդրադարձավ չորս հրապարակային ելույթներով՝ այդ թվում ներկայացնելով նաեւ Ցեղասպանության  100-ամյակի առիթով միջազգային հանրությանը Հայաստանի անունից հղելիք իր պատկերացրած Ուղերձի նախագիծը։
Սերժ Սարգսյանը նոր փաստաթուղթ կազմելու առաջարկին պատասխանեց կտրուկ մերժմամբ՝ հայտարարելով, թե իր գլխավորած հանձնաժողովի կողմից հրապարակված փաստաթուղթը  «Անկախությունից ի վեր ընդունված առաջին փաստաթուղթն է, որը հեղինակվել է հայությունը ներկայացնող գրեթե բոլոր կառույցների և համայնքների ներկայացուցիչների կողմից՝ իսկապես դառնալով ազգային միասնականության յուրօրինակ խորհրդանիշ, այլև որ դրա մշակման գործընթացի մասնակիցների թվում բազմաթիվ են փաստաթղթում խաչվող ոլորտների լրջագույն մասնագետներ աշխարհի բոլոր ծայրերից, մարդիկ, որոնց պրոֆեսիոնալիզմին ես վստահում եմ»։
Այլ խոսքով՝ Ս. Սարգսյանը կտրուկ մերժմամբ պատասխանեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում հայդատական ավանտյուրիզմը չդնելու ու դրանով իսկ ինչպես ողջ ժողովրդի, այնպես էլ Ցեղասպանության ճանաչման խնդրի համար նոր վտանգներ չստեղծելու՝ Առաջին նախագահի առաջարկին։
***
Արդ՝ ովքե՞ր են Ս. Սարգսյանի կողմից անթերի համարված «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրում» «խաչվող ոլորտների լրջագույն մասնագետները», որոնք ապահովել են ազգային միասնականության բացառիկ այս հատանմուշը։
Փաստաթուղթն ստեղծել է 14 հոգուց բաղկացած հետեւյալ խմբագրական մարմինը.
Գագիկ Հարությունյան                                                   
Հայկ Դեմոյան
Էդուարդ Նալբանդյան
Հրանուշ Հակոբյան
Բագրատ եպիսկոպոս Գալստյան
Կիրո Մանոյան
Հակոբ Ավետիքյան
Հակոբ Տիգրանյան
Գեւորգ Տեր-Ղազարյան
Արմինա Դարբինյան
Գուրգեն Սարգսյան
Հարութ Սասունյան
Հովիկ Եորդեկյան
Շահե եպիսկոպոս Փանոսյան
Տվյալ դեպքում «խաչվող ոլորտները» երկուսն են՝ գիտություն եւ քաղաքականություն։ Այս ցուցակում չկան Ցեղասպանության հայտնի մասնագետ գիտնականներ։ Երկու-երեք հոգու կարելի է համարել Ցեղասպանության հարցի եռանդուն պրոպագանդիստներ, բայց ոչ երբեք գիտնական-մասնագետներ։ Եւ կան գործնական քաղաքականության հետ առնչված ընդամենը երկու հոգի՝ Գ. Հարությունյան եւ Է. Նալբանդյան։ Առավել եւս՝ չկան խաչվող ոլորտների, այն է՝ միաժամանակ գիտնական ու քաղաքական գործիչ մասնագետներ։ Իսկ գիտնականների ու քաղաքական գործիչների համադրությունն անհրաժեշտ էր՝ փաստաթղթում ապահովելու համար Ցեղասպանություն երեւույթի քաղաքական իմաստավորումն ընդհանրապես՝ թե՛ անցյալի եւ թե՛ հատկապես ներկայի ենթատեքստում՝ ելակետ ունենալով հայ ժողովրդի պետական ազգի կարգավիճակը։
Նույնն է պատկերը նաեւ Ցեղասպանության 100-ամյակի պետական հանձնաժողովի դեպքում, որի անունից պաշտոնապես տարածվեց սույն փաստաթուղթը, եւ որի շուրջ 40 անդամները դրանում ընդգրկված են միայն պաշտոնի բերմամբ։
Բայց սա ամբողջը չէ։ Խմբագրական այդ մարմինը շուրջ մեկ տարի առաջ նախագահականից (ձեւականորեն՝ պետական հանձնաժողովի անունից) ստացել է այն քաղաքական հիմնադրույթները, որոնք պարտադիր պիտի կազմեին պահանջվող փաստաթղթի հենքը։ Եւ ընդհանրապես, հիշյալ փաստաթղթի ստեղծմանը մասնակից բոլոր օղակների աշխատանքները համակարգել է նախագահականի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ ունենալով Ս. Սարգսյանի հստակ ցուցումները։ Այսինքն՝ խոսել այս փաստաթղթի մասին՝ որպես «ազգային միասնականության յուրօրինակ խորհրդանիշ», ավելի քան հեռու է իրականությունից։ Իրականությունն այն է, որ դա Ս. Սարգսյանի հերթական մի պրոյեկտն է՝ ազգային միասնականության մի պատրանք ստեղծելով՝ իր վրայից գցել պետական քաղաքականության կտրուկ փոփոխություն ենթադրող փաստաթղթի պատասխանատվությունը, հնարավորինս մաքրվել Ցեղասպանությունն ուրացողի իր խայտառակ համարումից, կեղծ հայրենասիրական հիստերիայի բորբոքմամբ եւ շահագործելով մարդկանց ազգային զգացումները՝ հերոս ձեւանալ, բարելավել իր հասարակական դիրքը։ Դա խիստ անհրաժեշտ է՝ լուծելու համար իր հիմնական ու կենսական՝ սահմանադրության փոփոխման միջոցով սեփական իշխանության հավերժացման խնդիրը։ Իսկ թե ինչ կտա հերթական հայդատական այս ավանտյուրիզմը հայ ժողովրդին ու Հայաստանին, նրա համար երրորդական հարց է։
***
Սերժ Սարգսյանը չկարողացավ հասնել իր առջեւ դրած նպատակին։ Եւ հենց դրանով պետք է բացատրել այն անթաքույց նյարդայնությունը, որ երեւում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին գրած նրա պատասխանի տողերի տակ։
Արդեն կարելի է արձանագրել հետեւյալ ակնհայտ իրողությունները եւ փաստերը.
1) Լեւոն Տեր-Պետրոսյանը, հիմնավոր ու փաստարկված քննադատության ենթարկելով «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը», մեղմ ասած՝  ոչնչացրեց այն թե՛ իրավական, թե՛ քաղաքական տեսանկետից։ Միայն դրա համար օգտագործած որակումներն ի մի հավաքած՝ ավելի քան խոսուն են. «հայ ժողովրդին նվաստացուցիչ վիճակի մեջ դնող գավառամտության արտահայտություն», «արտառոց ու անլուրջ», «անհեթեթություն», «անպտուղ փաստաթուղթ», «խայտառակ փաստաթուղթ», «անհաշվենկատ փաստաթուղթ»,  «արկածախնդրություն», «ավանտյուրա», «Հայաստանի պետական շահերին հակասող», «հայության հայրենասիրական զգացումների շահարկմամբ քաղաքական դիվիդենտներ ստանալու ճղճիմ նպատակ հետապնդող»՝ արձանագրելով, որ այն ոչ միայն չի պատշաճում Ցեղասպանության 100-ամյակին, այլեւ հակասում է «Հայաստանի անկախության մասին հռչակագրին» ու Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
Հասկանալի է, որ ստեղծված՝ «թուրքից հող չուզողը դավաճան է»  մթնոլորտում Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած ահազանգը հրապարակավ պաշտպանողների թիվը մեծ չէր կարող լինել։ Եւ այս դեպքում դա չէ, որ պետք է լինի նրա ելույթների ու ասելիքի հասարակական ընկալման ու համաձայնության չափորոշիչը։ Չափորոշիչը հետեւյալն է։ Հռչակագրի պաշտոնական հեղինակ ու պատասխանատու համարվող Պետական հանձնաժողովի եւ խմբագրական մարմնի՝ միասին վերցրած շուրջ 50 անդամներից ոչ մեկը նրան որեւէ հարցում հրապարակավ չառարկեց։ (Ճշգրիտ լինելու համար ասենք, որ արձագանքեցին երկու հոգի. դաշնակցական լինելու բերումով՝ Կիրո Մանոյանը, որ, միեւնույն է՝ պիտի արձագանքեր, եթե անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանը չխոսեր, եւ Վազգեն Մանուկյանը, որը, սակայն, իր արձագանքում չժխտեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հիմնական այն թեզը, որ դրանով Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում դրվում է հայդատականություն-պահանջատիրությունը)։ Այս 50 թվին ավելացնենք նաեւ Ս. Սարգսյանի նշած՝ «Սփյուռքում գործող տարածաշրջանային ենթահանձնաժողովների»՝ ենթադրաբար առնվազն նույնքան անդամների։ Եւ ստացվում է, որ իրենց սույն դարակազմիկ փաստաթղթի արարող, հեղինակ հայր եւ պատասխանատու համարելու իրավունք ունեցող ավելի քան 100 հոգուց ոչ մեկը ծպտուն չհանեց, երբ «ազգային միասնականության յուրօրինակ խորհրդանիշ» իրենց հոգեզավակ փաստաթուղթը ամենախիստ գնահատականներով հողին հավասարեցվեց։ Այդ լռությունը երկու բան կարող էր նշանակել. կա՛մ՝ որ իրականում նրանց այդ փաստաթուղթը պարտադրվել էր նույն՝ «թուրքից հող չուզողը դավաճան է»  մթնոլորտում, կա՛մ՝ որ նրանք ներքուստ համաձայն են Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, ու հասկանալի պատճառով այդ կերպ չէին կարող արտահայտվել։ Կամ՝ երկուսը միասին։
2) Սերժ Սարգսյանին չհաջողվեց հասնել իր նպատակին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը ծառայեցնել սեփական իշխանության ամրապնդման ու վերարտադրության նպաստելու գործին։ Հայ հասարակության իրական քաղաքական ընտրանին, որ 99%-ով չի համընկնում իշխող վարչախմբին եւ ներկա պետական պաշտոնեությանը, շատ լավ ընկալեց Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքն ու ուղերձները։ Մյուս կողմից՝ 100-ամյա տարելիցի հետ կապված միջոցառումներում իշխանության չտեսությունների դրսեւորումները, երբեմն դրանք խեղկատակության վերածելը, հաստատված սիմվոլիկան անամոթ բիզնեսի առարկա դարձնելը, անգրագիտության ու տգիտության ցուցադրումները ոչ թե ինչ-որ չափով ապաքինեցին Սերժ Սարգսյանի խաթարված վարկանիշը, այլ առավել խորացրին նրա նկատմամբ հասարակական արգահատանքն ու ատելությունը։
3) Ս. Սարգսյանը չկարողացավ պահանջատիրությունը արտաքին քաղաքականության հիմքում դնելու իր ավանտյուրիզմը  միջազգային ասպարեզում ներկայացնել որպես «աննախադեպ ազգային միասնության», «հայ ժողովրդի միասնական կամքի» ծննունդ։  Լեւոն Տեր-Պետրոսյանի հետեւողական ջանքերի ու դրա հասարակական լայն ընկալման շնորհիվ Հայաստանը միջազգային հանրությանը ներկայանում է ոչ միայն հայդատական ավանտյուրիստ խեղկատակի, այլ նաեւ միջազգային չափորոշիչներին համապատասխանող քաղաքական ընկալում ու մտածողություն ունեցող արժանապատիվ հանրության դեմքով։
4) Եւ վերջապես, արդեն Հայոց ցեղասպանության տարելիցի օրերին Ս. Սարգսյանը հրապարակավ, դպրոցականի մի մանիպուլյացիայով, հրաժարվեց իր իսկ պաշտպանած, «աննախադեպ ազգային միասնության» փաստաթուղթ-Հռչակագրի առանցքագաղափարից՝ հայտարարելով, թե Հայաստանը հողային պահանջներ չունի Թուրքիայից։
Այն, որ այս ամենով Ս. Սարգսյանը հայտնվեց զավեշտալի ու խայտառակ վիճակում, իր համար նորություն չէր. առաջին անգամ չէ, որ նա մի գիշերում որոշում է ընդունում՝ տրամագծորեն հակառակ մինչ այդ իր հռչակած ու «շուխուրով» հետապնդած հիմնական քաղաքական ուղեգծին։ Վատն այն է, որ առայժմ, ի դեմս նրա, հերթական անգամ նույն ամոթալի վիճակում են հայտնվում Հայաստանը, հայ ժողովուրդը, մենք բոլորս։

Հ. Գ. Էլեկտրոնային ԶԼՄ-ներից մեկում մի քանի օր առաջ տեղեկատվություն հայտնվեց, թե պահանջատիրական Հռչակագիրը հրապարակելուց մեկ օր առաջ թե հետո Ս. Սարգսյանը բանագնաց է ուղարկել Անկարա՝ հավաստիացնելու համար Թուրքիայի իշխանությանը, որ դա արվում է միայն Սփյուռքին սիրաշահելու համար, հանկարծ լուրջ չընդունեն։ Դժվար է պատկերացնել... Բայց առայժմ, կարծես թե, չկա սրա պաշտոնական հերքումը։

http://www.ilur.am/news/view/44285.html