Friday, April 15, 2016

Կոմեդիան վերաճում է անդուր խեղկատակության


Այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը պիտի ցնցումներ առաջացներ նաեւ որոշ մարդկանց հոգեկան աշխարհում, անակնկալ չէր։ Դժվար չէր նաեւ կռահել, թե որն էր լինելու այդ ցնցման էպիկենտրոնը։ Ինչեւէ, հաջորդ օրն իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանին «պատասխանելու» ու «հերքելու» գործին լծվածների շարքն այսպիսին էր. Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վ. Սողոմոնյան, «7 օր» եւ «Ժամ» կայքեր, Թաթուլ Հակոբյան, Վարդան Օսկանյան։ Բոլորի համար որպես ընդհանուր թեմա հանձնարարված է այն երեք իրողությունների հերքումը, որոնք Լեւոն Տեր-Պետրոսյանը, հընթացս հարցազրույցի հիմնական ասելիքի, արձանագրում է որպես Ռ. Քոչարյանից Սերժ Սարգսյանի ստացված ժառանգություն։ Դրանք են.
Ա) Քոչարյանն է ընդառաջել Ցեղասպանության փաստի ուսումնասիրության նպատակով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման թուրքական առաջարկին։
Բ) Մադրիդյան սկզբունքները որդեգրել է Ռոբերտ Քոչարյանը, եւ նրան այդ հարցում անվերապահորեն սատարել են նրա վարչախմբի մաս կազմող կուսակցությունները։
Գ) Քոչարյանն է Ղարաբաղին զրկել հակամարտության իրավահավասար կողմի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակից։
Բնականաբար, առաջին անգամ չէ, եւ մեկ անգամ չէ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսել է այս իրողությունների մասին՝ նշելով նույն հասցեատիրոջը՝ Ռ. Քոչարյանին։ Այս բոլորը միասին, ավելի լայն կոնտեքստում, նա ներկայացրել է , օրինակ, դեռ 2009 թվականին.
«Վերջապես, Սերժ Սարգսյանի դեմ ուղղված հայդատական քննադատությունն անտեղի է նաեւ պատմական ճշմարտության տեսակետից։ Արդարացի չէ նրա գործած բազմաթիվ մեղքերին նաեւ չգործած մեղքեր գումարել։ Սարգսյանը չէ, որ առաջինն է ճանաչել հայ–թուրքական ներկայիս սահմանը — նրանից առաջ դա արել են դաշնակ­ները եւ բոլշեւիկները՝ Ալեքսանդրապոլի եւ Ղարսի պայմանագրերով։ Նա չէ, որ հրա­ժար­վել է Թուրքիայի նկատմամբ տարածքային նկրտումներից — դա արել է Ռոբերտ Քոչարյանը։ Նա չէ, որ Թուրքիայից պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ի պատասխան ստացել է պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկը — այդ բանն արել են Քոչարյանն ու Վարդան Օսկանյանը։ Նա չէ, որ Ղարաբաղը դուրս է մղել կարգավորման գործընթացից — դա եղել է Քոչարյանի, Օսկանյանի եւ Արկադի Ղուկաս­յանի սեւ գործը։ Եւ վերջիվերջո, Սարգսյանը չէ, որ «նվաճել է» Մադրիդյան սկզբունք­ները — դրանք նա ժառանգել է Քոչարյանից ու Օսկանյանից։ Այս հարցերում Սարգս­յա­նը պատասխանատու է միայն այնքանով, որքանով մաս է կազմել Քոչարյանի վարչա­կազ­մին, ընդ որում՝ ոչ ավելի, քան վերջինիս մաս կազմած կամ նրան սատարած մնաց­յալ ուժերը, որոնցից ոմանք այսօր փորձում են ընդդիմություն խաղալ եւ այդկերպ խուսափել պատասխանատվությունից» (Ելույթ Հայ ազգային կոնգրեսի ակտիվի ժողովում, 11 նոյեմբերի, 2009թ.)։
Եղել է, որ «հասցեատերը»՝ Ռ. Քոչարյանը, լռել է, եղել է՝ որ «հերքել է»՝ իր վերոնշյալ խոսափողների բերանով։ Բայց երբ «հերքել է», հաջորդ օրը ներկայացված փաստական նյութերի տարափով հակահարված ստանալով՝ կրկին լռել է։ Եւ ամեն անգամ թվացել է, թե խոհեմաբար կլռի ընդմիշտ։
Նկատի ունալով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի «ընդդիմախոսների» վերոթվարկյալ խմբի մեջ, իր վարած պաշտոնի բերմամբ, այդ հարցերին ամենատեղեկացվածը Վարդան Օսկանյանն է, ստորեւ կանդրադառնանք հենց նրա «հերքումներին»՝ ենթավերնագրեր դարձնելով Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի երեք արձանագրումները նույնությամբ։
Եւ այսպես.
Ա) «Քոչարյանն է ընդառաջել Ցեղասպանության փաստի ուսումնասիրության նպատակով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման թուրքական առաջարկին»
Քանի որ այս հարցի առաջացման հիմքերը, շարժառիթները ամբողջական նախապատմությամբ հիմնավորապես ներկայացված են Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներում, չվերապատմենք, այլ ստորեւ մեջբերենք համապատասխան հատվածները.
1. «...Այս կապակցությամբ հետաքրքիր է հետեւել նրանց վարած միան­գա­մայն սնանկ ու վնասակար քաղաքականության էվոլյուցիային.
– Քոչարյանի վարչակազմի առաջին գործը եղավ դավաճանական կամ հակազ­գային հայտարարել Թուրքիայի հետ առանց նախապայ­մանների հարաբերություններ հաստատելու՝ նախկին իշխանություն­նե­րի որդեգրած քաղաքականությունը։
– Հայաստանի արտաքին քաղաքականության անկյունաքարը հռչակ­վեց Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջը, որը որպես հայ–թուրքական հարաբե­րու­թյուն­ների կարգավորման բանական հիմք, հոխորտանքով դրվեց նաեւ Թուրքիայի առջեւ։
– Երբ, երկար համառելուց հետո, Քոչարյանը եւ Օսկանյանը ի վերջո համոզվե­ցին, որ այս ճանապարհը փակուղային է, նրանք վերա­դարձան իրենց կողմից ժամանա­կին դավաճանական հայտարարված՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաս­տա­տելու սկզբուն­քին, ակամա բացահայտելով Հայաստանի թուլությունը եւ Թուր­քիա­յին հիմք տալով ավելի կոշտացնելու իր դիրքորոշումը։
– Թե՛ այս օբյեկտիվ պատճառով, եւ թե՛ սեփական լեգիտիմության խնդրի լուծ­ման նկատառումով, Սերժ Սարգսյանն ընկավ մի ավելի վտանգավոր ծայրահեղության գիրկը՝ հայ–թուրքական սահմանի բաց­ման դիմաց անխոհեմաբար համաձայնելով ընդառաջել Ցեղասպա­նության ուսումնասիրման հարցով հայ եւ թուրք պատմաբաններից կազմված հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ Թուրքիայի վարչա­պետ Ռեջեփ Էրդո­ղանի կողմից տարիներ առաջ արված համարյա մո­ռաց­ված առաջարկին» (Ելույթ 2009 թվականի մայիսի 1-ի հանրահավաքում)։
2. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի իշխանությունների ամենամեծ սխալը եղել է այն, որ 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանը ՄԱԿ-ի ամբիոնից պահանջեց աշխարհից` ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այստեղ մեր մտավորականությունը ուշագնաց եղավ ուրախությունից ու ոգեւորությունից։ Ցնծություններ եղան, ձոներ հնչեցին Ռոբերտ Քոչարյանի հասցեին` ինչ տղա էր, ցավը տանեմ, չվախեցավ, գնաց ՄԱԿ-ի ամբիոնից ինչ ասես ասաց: Այդ մարդիկ չեն էլ հասկանում ՄԱԿ-ը ինչ է: Ի՞նչ պիտի անեին Ռոբերտին, ինչ կուզեր կասեր ՄԱԿ-ի ամբիոնից, պիտի կախեի՞ն, սպանեի՞ն, բանտարկեի՞ն։ ՄԱԿ-ի ամբիոնն ամենաչվախենալու տեղն է, որտեղ ցանկացած, ամենահետին վախկոտը կարող է ձեւանալ ամենամեծ հերոս: ՄԱԿ-ի ամբիոնից բոլոր երկրների ղեկավարներն ինչ ուզես ասում են: Այսքան Իրանին քննադատում են՝ Ահմադինեժադը գնում է ՄԱԿ-ի ամբիոնից ամբողջ աշխարհին ձեռնոց է նետում, Վենեսուելայի նախագահ Չավեսը ծաղրածության էր վերածում ՄԱԿ-ի ամբիոնը`ձեռ առնելով Ամերիկայի նախագահին: Խրուշչովը կոշիկով խփում էր ՄԱԿ-ի ամբիոնին: Հիմա Ռոբերտ Քոչարյանը գնացել այդպիսի բան է արել: Անդրանի՞կն է, Նժդե՞հն է, Սասունցի Դավի՞թը: Եւ ի՞նչ ստացավ այդ տղայության դիմաց: Ես սա համարում եմ տղայություն, վատ, էժան դիվիդենտներ շահելու մի հնարք, որովհետեւ դա անլուրջ քայլ էր: Եթե Հայաստանն ուզում էր ՄԱԿ-ում բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, դա պետք է աներ ըստ ՄԱԿ-ի արարողակարգի: Հայաստանը պետք է կազմեր մի հրաշալի դոսիե, պաշտոնական արարողակարգով դիմեր ՄԱԿ-ին, եւ ՄԱԿ-ը չէր կարող այդ հարցը չքննել: Ռոբերտ Քոչարյանը չպահանջեց, որ Միացյալ Ազգերի Կազմակերպությունը քննի Հայոց ցեղասպանության հարցը եւ դատապարտի այդ Ցեղասպանությունը: ՄԱԿ-ը այնպիսի կազմակերպություն է, որն իր անդամ երկրների դիմումները պարտավոր է ընդունել քննարկման։ Կընդուներ քննարկման, կքվեարկեին, կանցներ` կանցներ, չէր անցնի` չէր անցնի, բայց կքննարկվեր։ Քոչարյանը չարեց այդ բանը, փոխարենը մի թատրոն խաղաց, մի խեղկատակություն արեց, որը հետո վերածվեց չափազանց մեծ աղետի հայ ժողովրդի համար: Հենց որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի պետության անունից պահանջեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիան պատասխան քայլ կատարեց: Մինչև 1998 թվականը Թուրքիան մեզանից երբեք չի պահանջել պատմաբանների հանձնաժողով ստեղծել Ցեղասպանության լինել-չլինելը պարզելու համար: Չի պահանջել եւ չէր էլ կարող պահանջել, որովհետեւ մենք այդպիսի խնդիր մեր արտաքին քաղաքականության մեջ չենք էլ դրել: Իսկ հենց Ռոբերտ Քոչարյանը դա դարձրեց մեր արտաքին քաղաքականության հիմնաքարը, Թուրքիան ձիու քայլ կատարեց, ասաց` շատ լավ, ասում եք` Ցեղասպանությո՞ւն, դեմ չենք, եկեք հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծենք, քննենք այդ հարցը` եղե՞լ է Ցեղասպանություն, թե՞ ոչ: Ռոբերտ Քոչարյանն իբր թե խորամանկ պատասխան տվեց, թե գիտեք ինչ` եկեք, մենք մեր հարաբերությունները կագավորենք, սահմանները բացենք եւ հետո ոչ թե այդպիսի մի հանձնաժողով, այլ մի մեծ կառավարական հանձնաժողով ստեղծենք, որտեղ կքննենք բոլոր հարցերը: Այսինքն՝ նա համաձայնեց ստեղծել այդ հանձնաժողովը, բայց ոչ թե առանձին, այլ` կառավարական, պետական հանձնաժողովի կազմում: Եւ Շվեյցարիայում ստորագրված արձանագրություններում հենց դա էլ արձանագրվեց. միջկառավարական հանձնաժողովում ստեղծել հայ եւ թուրք պատմաբանների ենթահանձանաժողով, որը պետք է քննի Ցեղասպանության լինել-չլինելու հարցը»:  (Լեւոն Տեր-Պետրոսյանի 2012թ. ապրիլի 20-ի ելույթից):
Մի քանի օր հետո նույն թեմայով՝ «Խոհեր Հայաստանի անցյալի եւ ապագայի մասին» նախընտրական ելույթում, ցուցադրված «Կենտրոն» հեռուստատեսությամբ.
3. «Հայ-թուրքական հարաբերությունների հարցում Ցեղասպանությունը մինչեւ 1998 թվականը երբեք խնդիր չի հարուցել: Թուրքիան մեր առջեւ երբեք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հարց չի դրել. թե՝ եկեք քննենք, տեսնենք Ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ: Ինչո՞ւ չի դրել: Որովհետեւ մենք Ցեղասպանության միջազգային ճանաչումը չենք դարձրել Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնահարց: Մենք ՄԱԿ-ի ամբիոնից դատարկ ելույթ չենք ունեցել եւ չենք պահանջել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչո՞ւ դատարկ: Որովհետեւ եթե Ռոբերտ Քոչարյանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրեց այդ հարցը, դա միայն մի ելույթի խնդիր չպետք է լիներ: ՄԱԿ-ը ունի հարց բարձրացնելու ընթացակարգ։ Հայաստանը, որպես ՄԱԿ-ի լիարժեք անդամ, կարող է բարձրացնել ցանկացած հարց՝ պաշտոնապես մշակված ու փաստաթղթավորված։ Եւ ՄԱԿ-ն իրավունք չունի չքննարկելու այդ հարցը: Ուրեմն՝ ի՞նչ էր դա, ընդամենը մի ելույթ, տղայություն, որ ցույց տա, թե տեսեք՝ ինչ քաջ եմ, ինչ հերոս եմ։ ՄԱԿ-ում ինչ ուզես՝ կարող ես ասել. Ահմադինեժադը գնում ՄԱԿ-ի ամբիոնից ինչ ուզես ասում է, իսկ Չավեսը նույնիսկ սատանա է փախցնում, ծուխ է անում, որ Բուշի ուրվականը հեռանա այդ ամբիոնից… Եւ ի՞նչ: Այդ տղայության գինն ի՞նչը եղավ: Այդ տղայության գինը եղավ հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը: Թուրքերն ասացին՝ շատ լավ, դուք բարձրացնո՞ւմ եք այդ հարցը, դե հիմա եկեք պատմաբանների հանձնաժողով ստեղծենք, քննենք, տեսնենք՝ այդպիսի բան եղե՞լ է, թե՞ ոչ: Ինչո՞ւ մեզ չէին ասում: Որովհետեւ հիմք չունեին ասելու: Եթե ասեին, ես կպատասխանեի՝ այդ ի՞նչ եք խոսում, մենք Ցեղասպանության հարցը բարձրացրե՞լ ենք: Սփյո՞ւռքն է բարձրացրել՝ գնացեք Սփյուռքի հետ խոսեք: Հայաստանը, որպես պետություն, ընդհանրապես չպիտի մասնակցեր այդ գործընթացին։ Դրանով միայն վնասեց, դրանով միայն սփյուռքահայերի արդար, քաղաքացիական պահանջը վերածեց միջպետական քաղաքականության խնդրի եւ փաստորեն գեոպոլիտիկ շահերի առարկա դարձրեց: Մեր ժամանակ էլ են շատ երկրներ ճանաչել Ցեղասպանությունը, բայց ոչ մեր պահանջով։ Ոչ մի երկիր Հայաստանի իշխանությունների պահանջով չի ճանաչել Ցեղասպանությունը եւ երբեք չի ճանաչի: Որեւէ երկիր դա կարող է անել երկու պարագայում. առաջին՝ եթե այդ երկրում կա ուժեղ հայկական համայնք, որը, հատկապես ընտրությունների ժամանակ,  խնդիր է ստեղծում իր իշխանությունների համար, եւ նրանք ընդառաջում են։ Երկրորդ՝ եթե աշխարհաքաղաքական նկատառումներով դա իրենց ձեռնտու է, իրենց պետք է» (վերծանություն տեսանյութից):
 Օսկանյանը համաձայն չէ, նա ասում է.
«Եղել է Էրդողանի նամակը Քոչարյանին՝ նման հանձնաժողով ստեղծելու առաջարկությամբ, և եղել է Քոչարյանի խիստմերժողական պատասխանը: Երկու նամակներն էլ հայկական մամուլում հրապարակվել են»։ Փակագծում ասենք, որ նույնը պնդում է նաեւ լրագրող Թաթուլ Հակոբյանը («Տեր-Պետրոսյանը ճիշտ չի հիշում»)՝ մեջբերելով Էրդողանի եւ Քոչարյանի նամակների բնագրերը։
Հիմա տեսնենք, թե իրականում ինչ են ասում նույն այդ բնագրերը (մեջբերումներում ընդգծումներն իմն են – Ա. Ս.)։
Էրդողան (առաջարկել է).
 «Պատմաբաններից եւ այլ փորձագետներից կազմված մի խումբ ստեղծել, որը 1915 թ. դեպքերն ու զարգացումները կուսումնասիրի ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ երրորդ երկրների արխիվներում եւ ուսումնասիրությունների արդյունքների մասին կտեղեկացնի միջազգային հանրությանը»։
Քոչարյան (պատասխանել է).
«Անցյալին անդրադառնալու Ձեր առաջարկը չի կարող արդյունավետ լինել, եթե չի անդրադառնում ներկային ու ապագային: Արդյունավետ երկխոսության մեջ ներգրավվելու համար մեզ անհրաժեշտ է ստեղծել նպաստավոր եւ համապատասխան քաղաքական միջավայր: Երկկողմ հարաբերությունների զարգացման պատասխանատվությունը կրում են կառավարությունները, եւ մենք իրավասու չենք դա լիազորել պատմաբաններին: Ուստի մենք առաջարկել ենք եւ կրկին առաջարկում ենք առանց նախապայմանների մեր երկու երկրների միջեւ հաստատել բնական հարաբերություններ... ահա այս համատեքստում կարող է գումարվել միջկառավարական հանձնաժողով՝ քննարկելու երկու երկրների միջեւ առկա ցանկացած եւ բոլոր խնդիրները (ընդգծումներն իմն են- Ա. Ս.)՝ նպատակ ունենալով լուծել դրանք եւ հասնել փոխըմբռնման»::
Նամակային երկխոսության միակ թեման Ցեղասպանության հետ կպված հանձնաժողովն է։ Ուստիեւ Քոչարյանի պատասխանում ընդգծված «ցանկացած եւ բոլոր խնդիրները» ձեւակերպման տակ (թող լինի՝ ի թիվս այլ խնդիրների) խոսքն առաջին հերթին Էրդողանի արած առաջարկին է վերաբերում։ Ավելի հստակեցնենք. Քոչարյանը պարզապես Էրդողանի առաջարկն ընդունելու համար ՊԱՅՄԱՆ է դնում՝ նախ բացեք սահմանները, երկու երկրների միջև հաստատենք բնականոն հարաբերություններ, ապա «կառավարական հանձնաժողովների» մակարդակով նստենք ու քննարկենք «ցանկացած եւ բոլորխնդիրները», նաեւ «անցյալին անդրադառնալու»  առաջարկը, ինչը եւ իրականություն դարձավ Ցյուրիխյան արձանագրություններում։

Բ) «Մադրիդյան սկզբունքները որդեգրել է Ռոբերտ Քոչարյանը»։
Այս թեմային էլ Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է բազմիցս։ Սակայն տվյալ դեպքում նա դա արձանագրում է որպես փաստ, այստեղ առանց վերաբերմունքի. կարգավորման հիմքում դրվելու է Մադրիդյան փաստաթուղթը, որը ժամանակին ընդունել է Ռ. Քոչարյանը։ Գնահատական էլ չի տալիս, ասում է, թե ինչ է դա իրենից ներկայացնում։ Օսկանյանի՝ վախեցածի ռեակցիան ենթագիտակցության (Ֆրոյդ) թելադրանքի է նման.
 «Մադրիդյան փաստաթղթի մասին: Հայաստանը դա ընունել է վերապահումներով և միայն որպես բանակցությունների հիմք: Բնական է՝ հետագայում բանակցությունների ընթացքում պետք է պայքարեր փաստաթուղթը առավել ընդունելի դարձնելու համար: Բայց այդ փաստաթուղթը, ինչպես որ ներկայացվել էր կողմերին, հայկական կողմի համար առավել շահեկան լինելու առումով պարզապես համեմատության եզրեր չունի անկախությունից ի վեր բանակցությունների սեղանին դրված որևէ այլ առաջարկության հետ»:
Լավ։ Մի քանի հռետորական հարց տանք.
Իսկ կարգավորման ո՞ր ծրագիրն է, որ Հայաստանը, եթե ընդունել է, ընդունել է առանց տասնյակ վերապահումների։ Չէ՞ որ Օսկանյանը դա շատ լավ գիտի։
Եւ այդ ո՞ր փաստաթուղթն է, որ կարգավորման հիմք ընդունելուց հետո հետագա բանակցությունների ընթացքում չպիտի աշխատեինք «ավելի ընդունելի» դարձնել։
Ասում է, թե դա «հայկական կողմի համար առավել շահեկան լինելու առումով պարզապես համեմատության եզրեր չունի անկախությունից ի վեր բանակցությունների սեղանին դրված որևէ այլ առաջարկության հետ»։ Շատ լավ, ո՞վ չի ուզենա, որ այդպես լինի։ Եւ եթե այդպես է, ինչո՞ւ է իրար խառնվել, դաժան շփոթմունքի մեջ է հայտնվել Վ. Օսկանյանը՝ երկու մեծ պարբերություն երդվելով ու հավաստիացնելով, թե Մադրիդյան փաստաթուղթը նմանը չունի։ Կլինի կարգավորումը, կտեսնենք։

Գ) «Քոչարյանն է Ղարաբաղին զրկել հակամարտության իրավահավասար կողմի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակից»
 Եւ կրկին, նկատի ունենալով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն այս հարցին ոչ մեկ անգամ անդրադարձել է մանրամասն ու սպառիչ, ստորեւ մեջբերենք այդ անդրադարձներից.
1. «Ի՞նչ պատճառով է Ղարաբաղյան կարգավորման գործընթացը հասել այսօրվա անմխիթար վիճակին։ Առաջին եւ գլխավոր պատճառն, անշուշտ, Ղարաբաղի՝ որպես հակամարտության կողմի դուրսմղումն է այդ գործընթացից։ Քաղաքական գործիչներից ու իշխանամետ քաղաքագետներից շատերը թերագնահատում են այս փաստի նշանակությունը, իսկ ոմանք՝ նաեւ աղավաղում նրա էությունը, այն հանգեցնելով բանակցություններին Ղարաբաղի մասնակցելու կամ չմասնակցելու հարցին։ Այնինչ հակամարտության կողմ լինելու իրողության էությունը ոչ թե այդ ֆորմալ հանգամանքն է, այլ այն, որ մինչեւ 1998 թվականը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց մշակած գրավոր առաջարկները, Հայաստանից ու Ադրբեջանից բացի, ներկայացրել են նաեւ Ղարաբաղին, ինչը նշանակում է, որ վերջինիս համաձայնությունը պարտադիր էր կարգավորման որեւէ տարբերակի իրագործման համար։ Այլ կերպ ասած, Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Հայաստանը, Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը լիովին իրավահավասար սուբյեկտներ էին՝ օժտված վետոյի իրավունքով։ Երբ այս պարզ ճշմարտությունը չեն հասկանում Ղարաբաղյան կարգավորման գործընթացից հեռու մարդիկ, ներելի է, իսկ երբ չի հասկանում կամ ձեւացնում է, թե չի հասկանում Վարդան Օսկանյանը, դա արդեն տարօրինակ է, եթե չասենք՝ անբարոյական։
Վերջին գրավոր առաջարկը, որ ներկայացվել է Ղարաբաղին, այսպես կոչված, «Ընդհանուր պետության» տարբերակն է։ Դրանից հետո մշակված առաջարկները՝ Քի-Վեստյան եւ Մադրիդյան տարբերակները, ներկայացվել են միայն Ադրբեջանին եւ Հայաստանին։ Այսինքն, 1999 թվականից սկսած՝ Ղարաբաղը դե ֆակտո դադարել է հակամարտության կողմ լինելուց, թեեւ դե յուրե պահպանում է ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովում ձեռքբերված այդ կարգավիճակը։ Ողջ դժբախտությունն այն է, որ Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշումը, որը թերեւս Ղարաբաղյան կարգավորման գործընթացում հայկական դիվանագիտության մեծագույն նվաճումը կարելի է համարել, ոտնատակ է արվել ոչ թե համանախագահների կամ Ադրբեջանի, այլ հայկական կողմի, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի եւ Արկադի Ղուկասյանի ջանքերով։ Նրանք գործել են բանական հիմնավորում եւ արդարացում չունեցող ճակատագրական սխալ, որի հետեւանքները ծանր են նստելու Հայաստանի եւ Ղարաբաղի վրա» (2009թ. սեպտեմբերի 18-ի հանրահավաքի ելույթից)։
2. « Ղարաբաղի հարցում էլ մեր իշխանությունները, ավելի ճիշտ՝ Ռոբերտ Քոչարյանըգործեց մի ճակատագրական սխալորիտակից մենք դուրս չենք գալու երբեք: Դա Սերժի սխալը չէրՍերժն այն ժամանակ պաշտպանության նախարար էր եւ մեղավորէ այնքանովոր այդ իշխանության մասն էրբայց որոշողը նախագահն էրԵւ այդ սխալը Ռոբերտ Քոչարյանը կտակեց ՍերժՍարգսյանին: Դա Ղարաբաղին հակամարտության կողմի կարգավիճակից զրկելն էր, նրան բանակցությունների ձեւաչափիցդուրս շպրտելը: Ի՞նչ ասաց Ռոբերտ Քոչարյանը. ասացՂարաբաղի նախագահ եմ եղելհիմա Հայաստանի նախագահ եմեսկարող եմ ներկայացնել ե՛ւ Ղարաբաղըե՛ւ Հայաստանըպետք չիոր Ղարաբաղը մասնակցի բանակցություններինԱյնպիսի մինվեր արեց Ադրբեջանին եւ միջազգային հանրությանըոր նրանք ապշեցինՆույնիսկ այնքան միամիտ էրոր չկարողացավ այդնվերը ծախելձրի տվեցէժանկոպեկովինչ է թե` միջազգային հանրությունը ասիտեսեք ինչ տղա էինչ լայնախոհ էուզում էլուծել Ղարաբաղի հարցը: Ադրբեջանի ամբողջ պայքարը 90-ական թվականներին մեր դեմմեր դիվանագիտության դեմեղել է՝անել ամեն ինչ, որպեսզի Ղարաբաղը չմասնակցի բանակցություններին: 1992 թվականիներբ Րաֆֆի Հովհաննիսյանն էրարտաքին գործերի նախարարըեւ ձեւավորվեց Միսնկի խումբըմեզ հաջողվեց Մինսկի խմբում ունենալ հետեւյալ բանաձեւըոր բանակցություններին մասնակցում են ՀայաստանըԱդրբեջանը եւ Ղարաբաղի ընտրյալ իշխանություններըԴրանով արդենդրված էր Ղարաբաղի կարգավիճակի հիմքըընտրյալ իշխանությունները»: Իսկ երկարատեւ պայքարից հետո կամավելիճիշտԱրցախյան պատերազմի հաղթական ավարտից հետո միջազգային հանրությունը 1994 թվականին ստիպված եղավԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովում Ղարաբաղը ճանաչել որպես հակամարտության իրավահավասար՝ Հայաստանին եւԱդրբեջանին հավասարլիարժեք կողմԴա նշանակում էոր Մինսկի խմբի կամ միջազգային հանրության ներկայացրածկարգավորման ցանկացած ծրագիր պետք է արժանանար միաժամանակ ՀայաստանիՂարաբաղի եւ ԱդրբեջանիհավանությանըԵւ դա կիրառվեցգործի մեջ դրվեց երկու անգամ: 1997 թվականին Մինսկի խմբի համանախագահությունըհակամարտող կողմերինՀայաստանինԱդրբեջանինՂարաբաղին ներկայացրեց կարգավորմանայսպես կոչված, «փաթեթային» տարբերակըՀայաստանը եւ Ադրբեջանն ընդունեցին այդ տարբերակըՂարաբաղը վետո դրեց դրա վրաչհամաձայնեցՎերջոչ ոք չբողոքեցոչ մի աղմուկ չեղավորովհետեւ Ղարաբաղն ուներ վետո դնելուչընդունելու իրավունքըեւ այդ ծրագիրը դրվեց մի կողմՄի քանի ամիս հետո բերեցին «փուլային» տարբերակը։ Նորից Հայաստանը եւ Ադրբեջաննընդունեցին այդ տարբերակըՂարաբաղն ասաց`ոչ։ Ասինշատ լավեւ ետ տարան այդ թուղթը: 1998 թվականին վերջինանգամ բերեցին «ընդհանուր պետության» տարբերակըԱյս անգամ արդեն ՀայաստանըՂարաբաղը համաձայնեցինԱդրբեջանն ասացոչ: 1998 թվականից հետո Ղարաբաղն այլեւս չկա բանակցություններում որպես հակամարտության կողմմիջազգային հանրության համար այդպիսի դիվանագիտական կամ բանակցային սուբյեկտ գոյություն չունիՀիմա բոլործրագրերը ներկայացնում են միայն Հայաստանին եւ Ադրբեջանին։ Ցավում եմ, բայց սա այլեւս անշրջելի է»։ (Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2012թ. ապրիլի 20-ի հանրահավաքում):
Ինչպես դժվար չէ նկատել, Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքն ամենուր հստակ վերաբերում է ԼՂՀ՝ որպես հակամարտության կողմի միջազգայնորեն ճանաչված մանդատին։ Օսկանյանը խոսում է բանակցություններին ԼՂՀ-ի մասնակցել- չմասնակցելու մասին, ինչը բացարձակապես կապ չունի խնդրի էության հետ եւ կամ ուղղված է այդ էությունը խեղաթյուրելուն։ Կրկնենք. հակամարտության կողմի մանդատը ենթադրում էր, որ եռանախագահության կողմից արված կարգավորման առաջարկները ներկայացվում էին հավասարապես՝ Հայաստանին, Ադրբեջանին եւ Ղարաբաղին, որոնցից յուրաքանչյուրն այդ առաջարկները մերժելու, այսինքն՝ վետոյի իրավունք ուներ։ Սա էր առաջնայինը, մանդատի էությունը։ Ահա որպես հակամարտության կողմ, ԼՂՀ-ն, ընդհուպ մինչեւ 1998 թ., Մինսկի խմբից, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ միասին, ստացել է կարգավորման երեք փաստաթուղթ՝ «Փաթեթային», «Փուլային» եւ «Ընդհանուր պետություն»՝ օժտված դրանց վրա «վետո» դնելու իրավասությամբ։ Եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքն ամենուրեք Ղարաբաղի՝ հակամարտություն կողմի մանդատի մասին է։
Եւ վերջապես, եթե, Օսկանյանի պնդմամբ, Ղարաբաղը հակամարտության կողմի կարգավիճակը կորցրել է Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, ապա ինչպես կբացատրի, որ նրա հրաժարականից հետո էլ՝ 1998 թվականին, համանախագահների կողմից Հայաստանին, Արդբեջանին ու նաեւ Ղարաբաղին է ներկայացվել «Ընդհանուր պետության» առաջարկը։ Այ, դրանից հետո է, որ Ղարաբաղին այլեւս ոչինչ չի ներկայացվել։
Մարդ ակամա անհարմար է զգում, որ, իրերի բերմամբ, Ղարաբաղյան հակամարտությանը ամենաքաջատեղյակ մարդկանցից մեկին՝ Վ. Օսկանյանին պետք է բացատրել այս տարբերությունները։ Բայց ահա, ինքն՝ Օսկանյանը, առանց որեւէ ամոթի ու բարդույթի, մատնոց խաղացողի մակարդակով, աճպարարություն է անում «հակամարտության կողմ» եւ «բանակցային կողմ» հասկացություններով։
Մեկ անգամ արդեն առիթ եղել է հիշեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեի՝ 2010թ. մարտին այս հարցով արած հետեւյալ պաշտոնական հայտարարությունը. «Քոչարյանն է ցանկացել, որպեսզի բանակցություններում ինքը ներկայացնի ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ղարաբաղը» (Հայկական ժամանակ», 30.03.2010)։ Մեկ տարի առաջ նույնօրինակ մի հոդվածի վերջում դրված հետգրության մեջ Ֆասիեի այս խոսքը մեջբերելուց հետո iLur-ն արձանագրել էր. «Finita la Comedia!»։ Սակայն պարզվում է, որ կոմեդիան Օսկանյանի հիմնական դերակատարմամբ շարունակվում է՝ վերածվելով անդուր խեղկատակության։

http://www.ilur.am/news/view/53548.html

No comments:

Post a Comment