Thursday, May 5, 2016

Ընդդեմ պետական դավաճանության


Սույն թվականի ապրիլ ամսվա ամենաքննարկված թեման Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումն էր եւ այդ հանդիպումից հետո նրա հարցազրույցը «Իլուր» կայքին` այդ հանդիպման եւ Ղարաբաղյան խնդրում ստեղծաված նոր իրողությունների մասին։ Դա պատերազմական իրավիճակում ընդդիմադիր ուժի կողմից ներքաղաքական պայքարը դադարեցնելու եւ արտաքին վտանգի դեմ համազգային համախմբման ուղղությամբ քայլ էր եւ կոչ։ Քանի դեռ իրավիճակը նույնն է, այդ վտանգի չեզոքացման գործում քաղաքական ուժերի կեցվածքի ու վարքագծի խնդիրը շարունակում է մնալ ամենակարեւորն ու ամենահրատապը՝ միաժամանակ ցուցադրելով այդ ուժերից յուրաքանչյուրի իրական քաղաքական նկարագրի ու հարգի ցուցիչը։
***
Պատերազմական պայմաններն, անշուշտ, ամենանպաստավորն են ու գայթակղիչը իշխանափոխության համար։ Դա է պատճառը, որ անգամ ամենաժողովրդավար երկրների սահմանադրությունները, միջազգային իրավունքը պատերազմական իրավիճակում  նախատեսում են ժողովրդավարության եւ մարդու իրավունքների էական սահմանափակումներ, ընդհուպ՝ ընտրությունների հետաձգում։ Պատերազմական պայմաններում իշխանության ձեռքբերման համար իրականացված հեղափոխություններն ու հեղաշրջումները, որպես կանոն, ունենում են ծանրագույն հետեւանքներ՝ հավասարվելով պետական դավաճանության։
Բոլշեւիկյան փորձը
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ռուսաստանում գործող քաղաքական ուժերից մեկը՝ Բոլշեւիկների կուսակցությունը, որոշեց օգտվել իշխանության գալու համար այդ նույն բարենպաստ իրավիճակից։ Նրանք հռչակեցին «իմպերիալիստական պատերազմը քաղաքացիականի վերածելու» կարգախոս, որպես հիմնական գործ՝ սկսեցին կազմալուծել ռազմաճակատը եւ այլն։ Եւ ի վերջո, պատերազմի սկզբից երեքուկես տարի անց, հաջողության հասան։ Առաջին համաշխարհային պատերազմում Անտանտի (որի մեջ մտնում էր Ռուսաստանը) լիակատար հաղթանակից մեկ տարի առաջ՝ 1917 թվականի հոկտեմբերյան հեղաշրջմամբ Ռուսաստանում իշխանության եկան բոլշեւիկները։
Ի՞նչ եղան դրա հետեւանքները։
Թե ինչ ձեռք կբերեր Ռուսաստանը մեկ տարի հետո որպես հաղթող երկիր (եթե չլիներ բոլշեւիկյան հեղափոխությունը), կարելի է պատկերացնել՝ համեմատելով, ասենք, 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմում տարած, իր նշանակությամբ տասն անգամ ավելի համեստ հաղթանակի արդյունքների հետ։ Մի կողմ թողնենք, թե նա այդ պատերազմում հաղթելուց հետո ինչ ստացավ եվրոպական մասում, անդրադառնանք միայն Կովկասյան՝ մեզ ավելի հուզող մասին։ Ահա, հիշյալ 1877-78  թվականների պատերազմից հետո Ռուսաստանը Այսրկովկասում Թուրքիայից ստացավ Կարսի, Արդահանի եւ Բաթումի մարզերը։ Ըստ այդմ՝ համաշխարհային պատերազմում հաղթանակած Ռուսաստանը կստանար ողջ Արեւմտյան Հայաստանը, եւ կստանար ռեալ, ոչ թե թղթի վրա (ինչպես եղավ Սեւրի պայմանագրի հետ)։ Իսկ դա կդառնար հայության անսակարկելի ապրելավայր-հայրենիքը՝ ինչպես որ է այսօր մնացած այս 30 հազար քառակուսի կիլոմետրը։
Բոլշեւիկյան «հեղափոխությունից» հետո Ռուսաստանը, արդեն որպես պարտված կողմ, Գերմանիայի հետ կնքեց Բրեստի նվաստացուցիչ պայմանագիրը՝ նրան հսկայական զիջումներ անելով`ոչ միայն միլիոնավոր զոհերի գնով պատերազմում գրաված տարածքներից, այլ նաեւ այն տարածքներից, որ ունեցել էր մինչեւ պատերազմը, ընդհանուր հաշվով՝ ավելի քան մեկ միլիոն քառակուսի կիլոմետր։  Հենց որպես պարտված կողմ՝ Ռուսաստանը հսկայական զիջումներ արեց նաեւ Գերմանիայի դաշնակից Թուրքիային՝ ճակատագրական Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։ Այս ամենը պատերազմական պայմաններում իրականացված իշխանափոխության այն գինն է, որ բոլշեւիկները վճարում էին Ռուսաստանի պետական շահերի, ռուս եւ այլ ժողովուրդների հաշվին։ Այսինքն՝ պատերազմի պայմաններում կատարված հեղափոխությունը, իր ահռելի կորստաբեր հետեւանքներով, Ռուսաստանի պետության եւ ժողովրդի շահերի տեսակետից ծանրագույն հանցագործություն, պետական դավաճանություն էր։
Ընդամենը մոտ երկու տասնամյակ անց Ռուսաստանը (Խորհրդային Միության տեսքով) հաջորդ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի շեմին էր։ Եւ այդ պահին իշխանության էր նույն՝ երկու տասնամյակ առաջ պետական դավաճանության ճանապարհով իշխանության եկած ուժը, որ  հանցավորության իր «ակտիվը» լրացրել էր նաեւ հայտնի 37 թվականով, միլիոնավոր մարդկանց ոչնչացնելով ու համակենտրոնացման ճամբարներ քշելով։ Բոլշեւիկյան իշխանությունը հասցրել էր նաեւ լրիվ մաքրել քաղաքական դաշտը՝ վերացնելով իշխանության հնարավոր հավակնորդ բոլոր ուժերին։ Բայց եթե անգամ երկրում պահպնված լիներ քաղաքական որեւէ այլընտրանք, ասենք՝ Մենշեւիկների, Էսեռների կամ այլ մի ուժի տեսքով, ապա պատերազմն սկսելուց ի վեր, ներառյալ՝ վերջնական պայմանագրի բանակցությունների շրջանում, այդ նույն փաստական իշխանության դեմ որեւէ ոտնձգություն կբերեր նույնպիսի կորուստների, երկրի շահերի տեսակետից կրկին այլ բան չէր լինի, քան պետական դավաճանության ակտ։
Ադրբեջանական փորձը
 Պատերազմում հաղթանակների համար որպես հիմք սովորաբար նշվում է երկու հիմնական  հանգամանք.  բանակի մարտունակությունը եւ ճիշտ ղեկավարումը։ Այստեղ վիճելու բան չկա, բայց կա նաեւ մի երրորդ հանգամանք, որը նույնքան, երբեմն շատ ավելի կարեւոր դեր է խաղում. դա հենց հակառակորդի մոտ ի հայտ եկած ներքին անկայունությունն է՝ հեղաշրջումների միջոցով իշխանափոխությունների, քաղաքացիական պատերազմի երեւույթների տեսքով։ Արժանին հատուցելով կռվողների հերոսությանը, հրամանատարության ճշգրտությանը, դիվանագիտության ճկունությանը եւ այլն, այնուամենայնիվ, փաստ է, որ Ղարաբաղյան պատերազմում մեր հիմնական հաղթանակները ժամանակագրորեն համընկնում են Ադրբեջանում տեղի ունեցած ներքին անկայունության այդօրինակ երեւույթներին, ինչը բազմիցս արձանագրվել է եւ անհնար է ժխտել։ Եւ շատ դժվար է ասել, թե ինչպիսի ընթացք կունենար պատերազմը, եւ ինչպիսին կլիներ մեր հաջողությունների չափը, եթե իր բոլոր ռեսուրսներով մեզ մի քանի անգամ գերազանցող Ադրբեջանում լիներ նույնպիսի քաղաքական որակներով օժտված, նույնքան օրինակարգ, նույնքան կայուն եւ ամուր իշխանություն, որքան էր Հայաստանում։
Ահա թե ինչու իրական պատերազմական վտանգի դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանը միշտ հանդես է եկել ներքին ցնցումները բացառելու եւ գործող իշխանության հետ միասին երկրի պաշպանության գործին լծվելու կոչով ու նախաձեռնությամբ։ Այո, այն նո՛ւյն իշխանության, որին նա տարիներ շարունակ փաստարկված եւ սպանիչ քննադատության է ենթարկել հարյուր հազարանոց լսարանի առջեւ, իր հարյուրից ավելի ելույթներում։ Այն նո՛ւյն իշխանության, որի դեմ նրա պայքարը 2007 թվականից ի վեր, իր հետեւողականությամբ, մասշտաբայնությամբ, տեւականությամբ ու վճռականությամբ հարյուրապատիկ գերազանցում է մնացած բոլոր ընդդիմությունների արածին՝ միասին վերցրած։ Որովհետեւ պատերազմական պայմաններում իշխանափոխության կոչերը, համազգային համախմբմանը խոչընդոտելը, իրոք, հավասար է պետական դավաճանության։  Նրանք, ովքեր սա չեն հասկանում՝ անհույս տգետ են քաղաքական ասպարեզում։ Նրանք, ովքեր իրենց չհասկացողի տեղ են դնում եւ Առաջին նախագահի քայլերը հերյուրանքների առիթ դարձնում, գիտակցված նպաստում են պետական դավաճանության մթնոլորտի ստեղծմանը։ Նրանք, ովքեր քարոզում են, թե հենց այս՝ պատերազմական պայմաններում պետք է իշխանափոխություն անել, նրանք գործում են նույն կերպ, ինչպես բոլշեւիկները Ռուսաստանում Առաջին համաշխարհային պատերազմի շրջանում, ինչպես 1990-ականների սկզբում կատարված հեղաշրջումների ու քաղաքացիական կռիվների հեղինակներն Ադրբեջանում։ Եւ, շատ լավ հասկանալով հանդերձ, որ այդ ճանապարհը կարող է հարյուրավոր եւ հազարավոր զոհերի պատճառ դառնալ, կործանել Ղարաբաղը, Հայաստանին անդառնալի կորուստներ բերել, այդպիսիք, հանուն իշխանության, թքած ունեն այդ ամենի վրա։
 Մեր փորձը
Իսկ ներքին անկայունության ու կորուստների պատճառ հանդիսացած որեւէ երեւույթ, որ պատերազմի տարիներին եղել է Ադրբեջանում, չի՞  եղել Հայաստանում։
Եղել է։ Եղել է, այսպես կոչված, ՀԱԲ-ի տեսքով՝ 1990-ին։ Եւ եթե Հայոց համազգային շարժման իշխանությունը քաղաքական վճռականություն չցուցաբերեր՝ առաջին իսկ ամսում արմատախիլ անելու անհասկանալի կենտրոնից ստեղծված ու զինված, ինքնագլուխ գործող եւ հսկայական քաղաքական ամբիցիաներ դրսեւորող ռազմական այս կառույցը, դժվար է ասել, թե հետագա ամիսներին ու տարիներին ինչ տեղի կունենար Ղարաբաղում եւ Հայաստանում։
Եղել է։ Ժամանակի ընդդիմությունը լիուլի օգտվել է այն բանից, որ փաստական լայնամասշտաբ պատերազմի մեջ գտնվող երկիրը, հայտնի հանգամանքների բերմամբ, չէր կարող հասարակական կյանքում պատերազմական օրենքներ մտցնել։ Ոչ միայն մամուլը, այլ նաեւ հեռուստատեսությունն ու ռադիոն լիակատար օգտագործվել են պատերազմ վարող իշխանության դեմ ամեն կարգի քարոզչության ու հերյուրանքների տարածման համար։ Ամբողջ պատերազմի ընթացքում ամեն օր, առնավազն ամեն շաբաթ, հանրահավաքներ են եղել Ազատության հրապարակում՝ դեպի Բաղրամյան 26 անարգել երթով, ըստ էության, միաձայն ընտրված նախագահի, պատերազմող երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրաժարականի մշտական պահանջով։
Եղել է։ Այդ տարիներին բացահայտվել եւ վնասազերծվել է պետական հեղաշրջման ճանապարհով իշխանություն զավթելու մի քանի լուրջ փորձ եւ երկրի ղեկավարների դեմ ահաբեկչությունների ծրագրեր։
Եղել է։ Ողջ պատերազմի ընթացքում, լինեին նահանջներ թե հաղթանակներ, ընդդիմադիրները իշխանափոխության համար նպաստավոր մթնոլորտ ստեղծելու  նպատակով չեն խորշել բանակը եւ մանավանդ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին վարկաբեկելուց, ընդհուպ՝ խուճապ հրահրելուց, ռազմաճակատի քայքայումից։
Եղել է։ Իշխանությանը հեղինակազրկելու կամ դժվարին կացության մեջ դնելու նպատակով պատերազմի ընթացքում Գերագույն խորհրդում խորհրդարանական ընդդիմության կողմից եղել են առնվազն մեկ տասնյակ «հույժ հայրենասիրական» օրենսդրական նախաձեռնություններ, իրականում՝ վտանգավոր քաղաքական սադրանքներ՝ խլելով հսկայական նյարդեր ու ժամանակ։
Այս ամենը, որպես իշխանության համար փորձություն եւ մարտահրավեր, գուցեեւ շատ ավելին են, քան նույն շրջանում Ադրբեջանում եղածը։ Պարզապես Հայաստանում հաստատված առաջին ետկոմունիստական՝ Հայոց համազգային շարժման իշխանությունն իր քաղաքական հասունությամբ, օրինակարգությամբ եւ սառնասրտությամբ կարողացավ դիմակայել այդ փորձություններին ու մարտահրավերներին եւ պատերազմում արձանագրել արդյունքներ, որ, ասենք, 1990-ին ոչ մեկը չէր կարող տեսնել անգամ իր ամենավարդագույն երազում։
( Միջանկյալ՝ ի պատասխան հնարավոր մի հարցի. «Իսկ չի՞ եղել գեթ մի դրվագ, երբ արտաքին վտանգի հանդիման ընդդիմադիրներն իրենց ճիշտ են պահել»։ Դա էլ է եղել։ Երեք օր՝ 1991 թվականի օգոստոսի 19-21-ին՝ ԳԿՉՊ-ի օրերին։ Ընդամենը)։
Այնպես որ, շատ դժվար է նաեւ ասել, թե որքան ավելի ծանրակշիռ կլինեին մեր հաջողություններն ու հաղթանակները Ղարաբաղում, եթե չլիներ այս ամենը, եթե Ղարաբաղյան պատերազմի շրջանում իշխանության նկատմամբ բոլորն իրենց պահեին այնպես, ինչպես դա միշտ արել եւ այսօր էլ անում է Առաջին նախագահը։
Կրկնենք,  որ իր նշանակությամբ պատերազմական պայմաններին հավասարազոր է նաեւ հակամարտության կարգավորման ինտենսիվ բանակցությունների շրջանը, երբ տվյալ խնդրի համար միակ պատասխանատու նույն իշխանությունը նույնքան ամուր թիկունքի կարիք ունի, որքան ռազմական դիմակայության շրջանում։ Լեւոն Տեր-Պետրոսյանը դա էլ է տեսել՝ 1997 թվականին։
Այնպես որ, նաեւ սեփական փորձից ելնելով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտի, որ ռազմական դիմակայության եւ վճռական բանակցությունների պատասխանատու շրջանում, հանուն ազգային շահերի՝ պետք է դադարեցնել ներքաղաքական պայքարը եւ համազգային համախմբմամբ կանգնել երկրի անվտանգության ու ազգային շահերի պաշտպանության դիրքերում։ Լռելը, ոչինչ չանելը կնշանակի հայտնվել քաղաքական լուսանցքում, իսկ իշխանափոխության կոչերն ու քայլերը հավասարազոր են պետական դավաճանության։ Եւ սա քաղաքական կեցվածքի ու պետական մտածողության ոչ բարդ այբուբենն ու նվազագույն պահանջն է ընդամենը։

http://www.ilur.am/news/view/53853.html

No comments:

Post a Comment