Wednesday, October 5, 2016

Անկախության տոնից հետո, անկախության մասին


Անցան Հայաստանի անկախության 25-ամյակի տոնակատարությունները։
Տոնի առիթով զինվորական շքերթից, արտասանված պաշտոնական ճառերից, հայտարարություններից, վերլուծական եւ այլ հոդվածներից մինչեւ բակերի «բեսեդկաներում» ու գյուղամեջերում այդ թեմայով ծավալված զրույցներում ընդհանուր արձանագրումն այսպիսին էր. «Անկախությունն, անշուշտ, ամենամեծ ձեռքբերումն է, մեծագույն արժեք է, մեծագույն տոն...»։ Կախման կետերը նշանակում են, թե այստեղ արձանագրումը չէր ավարտվում, վերապահական մի տոնայնություն կար՝ արտասանված կամ չարտասանված «բայց»-ի տեսքով։
Ինչպես կենացը, շնորհավորանքը, տոնական հոդվածն էլ ունի իր չգրված կանոնը, շրջանակները, որ զգացի անկախության օրվա առիթով հոդվածը http://www.ilur.am/news/view/55751.html գրելիս։ Զգացի, որ այդ դեպքում չի կարելի դուրս գալ ինչ-որ շրջանակներից, եւ որ երբեմն պետք է արգելակներ աշխատեցնել՝ չընդարձակվելու, չմանրամասնելու, ասելիք ինչ-որ բան չասելու համար։ Այլապես դա տոնական հոդված չէր լինի։ Սակայն դրանք կարեւոր բաներ էին, ուստիեւ բացթողածն ուզում եմ լրացնել, չմանրամասնածը մանրամասնել՝ ելնելով նույն այդ՝ անկախության արժեւորումից, նպատակ ունենալով հնարավորինս հստակեցնել մեր անկախությանը վերջին շրջանում տիզի նման կպած վերոնշյալ «բայց»-ի հիմքերն ու պատճառները։
Այն, որ ժողովուրդների պատմության առանցքը անկախ պետականություն ունենալու համար պայքարն է, այն փայփայելը, պահպանելը եւ հզորացնելը, որեւէ կասկածի ենթակա չէ։
Եւ, այնուամենայնիվ, անկախությունը չէ, որ բացարձակ արժեք է։ Բացարձակ արժեքը ժողովուրդն է, ազգը՝ իր բոլոր խավերով եւ անհատներով հանդերձ։ Պարզապես, վերջինիս ազատությունը, արժանապատիվ կյանքը, անվտանգությունը, ազգային ինքնության պահպանումն ու զարգացումը առավելագույնս հնարավոր է իրականություն դարձնել անկախության պայմաններում։ Եւ դա այդպես է բոլոր ժամանակների, բոլոր ժողովուրդների համար։ Անկախությունը ոչ թե ինքնաբերաբար բերում է թվարկված բարիքները՝ որպես երկնային մանանա, այլ պայմաններ է ստեղծում, լավագույն միջոցն է դառնում դրանց իրականացմանը հասնելու համար (մի բան, որ անհնար է օտարի իշխանության պայմաններում)։ Ընկալումն այդպիսին է եղել շատ վաղուց։
Այստեղ պիտի մանրամասնեմ վերոհիշյալ «տոնական» հոդվածիս այն թեզը, որ երկրի, ժողովրդի անկախության համար բոլոր ժամանակներում եւ այսօր վտանգ է եղել ավելի շուտ ներքին գործոնը, քան արտաքին։ Իսկ այդ գործոնն այլ բան չէ, քան պետական իշխանության օրինակարգության աստիճանը։
Ստորեւ՝ այս պնդումը ցուցադրող երկու պատկերավոր օրինակ՝ պատմահայր Մովսես Խորենացուց։
Առաջին. իրավիճակ, երբ անկախ պետականությունը հասարակության բոլոր խավերի համար իդեալական վիճակ է։ Այդպես է պատմահոր ամենափառապանծ հերոսներից մեկի՝ Տիգրան Երվանդյանի (պատմական Տիգրան Մեծ) կառավարման շրջանում.
«....Բոլորին՝ տղամարդկանց ու կանանց, նա լիացրեց ոսկով, արծաթով ու պատվական քարերով, զգեստներով ու գույնզգույն գործվածքներով, ինչով տգեղները գեղեցիկների նման սքանչելի էին երեւում, իսկ գեղեցիկներն այն ժամանակվա համեմատ դյուցազունների էին նմանում։ Հետեւակ կռվողները ձիավոր դարձան, պարսերով կռվողները՝ հաջող աղեղնավորներ, կոպալներով կռվողները զինվեցին սրերով ու տեգավոր նիզակներով, մերկերը պատսպարվեցին վահաններով եւ երկաթե զգեստներով... Նա խաղաղություն ու շենություն բերեց, բոլորին լիացրեց յուղով ու մեղրով» (Ա, ԻԴ)։
Նկատենք, խոսքն այն մասին չէ, թե արտաքին քաղաքական հաջողություններից հետո ինչ ձեռք բերեց թագավորն անձամբ, այլ՝ ժողովուրդը, հասարակությունն իր բոլոր խավերով։ Պարզ է, որ այս պարագայում երկրի անկախությունն ու անվտանգությունը երաշխավորված են ոչ միայն տնտեսական ու ռազմական հզորությամբ, այլեւ, դրանց վտանգ սպառնալու դեպքում, նույն այդ անկախությամբ երջանկացած ողջ հասարակության միահամուռ պաշտպանությամբ։
Երկրորդ. իրավիճակ, երբ նույն այդ անկախությունը ընկալվում է որպես մի տեսակ «խանգարիչ հանգամանք», այնքան, որ դրանից ուզում է հրաժարվել ու հրաժարվում է երկրի անկախությամբ ավանդաբար ամենաշահագրգիռ խավն անգամ։ Այդպես էր վերջին Արշակունու՝ Արտաշիրի (Արտաշես) օրոք։
 «Բայց Հայոց Արտաշիր թագավորը սկսեց թաղվել անչափ անառակ ցանկությունների եւ մեղքերի մեջ, այն աստիճան, որ բոլոր նախարարները նրանից զզվեցին։ Նրանք եկան մեծն Սահակի մոտ, բողոք բարձրացրին եւ նրան էլ հրավիրեցին իրենց օգնելու, որպեսզի Արտաշիրի վրա չարախոսեն Պարսից թագավորի առաջ, իրենց թագավորին դեն գցեն եւ պարսիկ բերեն աշխարհին կառավարող» (Գ. ԿԳ)։
Եւ, Սահակ կաթողիկոսի՝ քաղաքական առումով ճշգրիտ ու երկաթյա տրամաբանությամբ հակադարձումն անգամ, թե՝ «ինչպե՞ս կարելի է իմ ախտավոր ոչխարը փոխեմ առողջ գազանի հետ, որի հենց առողջությունը մեզ համար պատուհաս է»՝ ոչ մեկին չհամոզեց։ Նախարարները, իրենք իրականում շատ հեռու լինելով դավաճանությունից, կատարեցին ըստ էության դավաճանական այդ քայլը։
Առաջին՝ Տիգրանի դեպքում, անկախությունը բացարձակ արժեք է դառնում այնքանով, որքանով բարձրագույն պետական իշխանությունը հենվում է առողջ քաղաքական մտքի վրա, առաջնորդվում պետական մտածողությամբ՝ որպես հոգածության առարկա ունենալով ողջ ժողովրդին՝ նրա բոլոր խավերով։ Այդ դեպքում ապահովվում են անկախությա բնական գործառույթների իրականացումը եւ առավելագույն արդյունքների ստացումը։ Երկրորդ դեպքում՝ բարձրագույն իշխանության՝ քաղաքական իմաստով աղճատվածությունը, այլասերվածությունը ու պետական մտածողության բացակայությունը անհնար են դարձնում անկախության գործառույթների իրականացումը։ Անկախությունը նույնացվում է չարորակ իշխանության հետ, եւ հենց անկախությամբ ամենաշահագրգիռ՝ ազնվականական-իշխանական խավը որոշում է ազատվել դրանից։
Երկու դեպքում էլ ինքը՝ անկախությունը, պասիվ գործոն է, պասիվ իրավիճակ։ Ակտիվ գործոնը տվյալ պահի պետական իշխանությունն է, նրա էությունը, որակը, գործունեությունը, որ, մի դեպքում՝ հանգեցնում է ողջ հասարակության ազատության ու բարգավաճման, մյուս դեպքում՝ բոլորի, ընդհուպ ազգի քաղաքական ընտրանու՝ նախարարների կողմից օտարի  իշխանության գերադասման։
Իսկ ո՞ր դեպքում է, երբ անկախության պայմաններում ապահովվում է առաջին արդյունքը, եւ ո՞ր դեպքում է, որ հանգում է երկրորդ արդյունքին կամ հետեւանքին։
Հիմնական ու վճռորոշ պայմանը իշխանության օրինակարգության (լեգիտիմության) հանգամանքն է։
Ամեն մի իշխանության օրինակարգություն, մեծ հաշվով, ունի երկու բաղադրիչ. օրինակարգ՝ ծագմամբ, եւ օրինակարգ՝ գործունեության արդյունքով։ Մեկի կամ մյուսի բացակայությունը խանգարիչ հանգամանք է։ Բերված օրինակներում՝ Տիգրան Երվանդյանի իշխանությունը օրինակարգ էր թե՛ ծագմամբ (իշխող թագավորական տոհմի հերթական օրինական գահակալն էր), թե՛ պետական մտածողության վրա հենված գործունեությամբ։ Այստեղ կարելի է ընդարձակ քաղվածքներ անել Խորենացուց, բավարարվենք այս մի քանի տողով. «Նա ամեն բանի մեջ արդարադատ ու հավասարասեր կշեռք ունենալով՝ ամեն մեկի կյանքը կշռում էր իր մտքի լծակով, չէր նախանձում լավագույններին, չէր արհամարհում նվաստներին, այլ աշխատում էր ամենքի վրա տարածել իր խնամքի զգեստը»։ Այսինքն՝ թագավորի գործունեությունը հենված է եղել բարձրակարգ քաղաքական եւ պետական մտածողության վրա։ Արտաշիրի իշխանությունը եւս ծագմամբ օրինակարգ էր (նա Արշակունի թագավորական տոհմից էր), բայց նրա մոտ իսպառ բացակայում էր ձեռքբերովի օրինակարգությունը։ Այստեղ պատմահայրը շատ չի ծավալվում, բայց ասված կարճ խոսքն էլ բավարար է դա պատկերացնելու համար. «Հայոց Արտաշիր թագավորը սկսեց թաղվել անչափ անառակ ցանկությունների եւ մեղքերի մեջ»։ Հասկանալի է, որ դրա հետ չի կարող համատեղվել ո՛չ քաղաքական միտքը, ո՛չ պետական մտածողությունը։
Այսինքն, իսկապես, անկախությունը, պետականությունը կարող է վտանգվել եւ կորսվել ոչ միայն եւ ոչ այնքան արտաքին գործոնների՝ օտար նվաճողների, որքան ներքին գործոնների՝ քաղաքական մտքի աղճատման, պետական մտածողության բացակայության, պետական իշխանության չարաշահման ու այլասերման պատճառով։
Եւ դա՝ ինչպես հազար, երկու հազար տարի առաջ, այնպես էլ այսօր։
Հիմա պրոյեկտենք այս ամենն այսօրվա վրա։
Ի տարբերություն հին-հին դարերի՝ այսօր ՄԱԿ-ի անդամ որեւէ անկախ պետություն միջազգային օրենքներով գործնականում լիակատար երաշխավորված է արտաքին վտանգից, այսինքն՝ Հայաստանի անկախությանն սպառնացող արտաքին վտանգը, որպես այդպիսին՝ ձգտում է զրոյի։
Ինչպես եւ հին-հին դարերում, նաեւ այսօր երկրի անկախությանն ու գոյությանը սպառնացող վտանգ է շարունակում մնալ պետական իշխանության որակը՝ ծագմամբ եւ արդյունքով օրինակարգությունը, այդ իշխանության դավանած քաղաքական սկզբունքները, պետական մտածելակերպի առկայությունն ու մակարդակը։ Հայաստանի իշխանությունն իսպառ զուրկ է ծագմամբ օրինակարգ լինելու հանգամանքից։ Հայաստանի իշխանությունը զուրկ է նաեւ ձեռքբերովի օրինակարգությունից՝ իր գործունեությամբ ժողովրդին ոչինչ չտալու, ընդհակառակը՝ նրան անխղճաբար թալանելու ու ճնշելու իրողությամբ։ Այսինքն՝ հայ ժողովրդի ազգային գոյության, զարգացման եւ ազատության ապահովման միջոց հայկական անկախ պետականությանն սպառնացող վտանգը ներքին է՝ ի դեմս իր՝ ամբողջությամբ ոչ օրինակարգ պետական իշխանության։
Այնպես որ, անկախության սիրելի ջատագովնե՛ր.
Մեր երկրի անկախությանը վտանգ չի սպառնում ո՛չ Հյուսիսից, ո՛չ Հարավից, ո՛չ Արեւմուտքից, ո՛չ Արեւելքից։
Անկախությունը պաշտպանելու ու երաշխավորելու միակ ձեւը ներքին գործոնի ապահովումն է՝ ծագմամբ եւ արդյունքով օրինակարգ իշխանության հաստատումը։
Ուրեմն եւ՝ հանուն անկախության պայքարի ճակատային առաջին գիծն անցնում է, նախեւառաջ, ընտրական տեղամասերով եւ այլ բան չէ, քան քվեարկության վերահսկում, օրենքի պահպանում, օրինականության ապահովում։
Ճակատային այդ գիծն անցնում է ձեր եւ ընտրակաշառք բաժանողների, ձեր եւ ընտրակաշառք վերցնողների միջև. եթե դուք չեք բռնում երկուսի ձեռքն էլ, դուք պարտվում եք, դուք նպաստում եք անկախության կորստին։
Եթե այս ամենը չեք անում, մնացած բոլոր դեպքերում՝ անկախության անունից ճառելը, կուրծք ծեծելը, հուզվելն ու հուզելը, միջազգային դավադրություններ փնտրելն այլ բան չեն, քան հասարակության ապակողմնորոշում, ամենախայտառակ բիզնես՝ անկախության վրա եւ անկախության հաշվին։

http://www.ilur.am/news/view/55909.html

No comments:

Post a Comment