Tuesday, September 20, 2016

Անշրջանցելի ու անխոցելի մեր անկախությունը


Այն, որ բոլոր ժողովուրդներն են իրենց պատմության ընթացքում ձգտել անկախ պետականության, նշանակում է, թե դա է ազգի գոյատեւման, զարգացման ու բարգավաճման, ազատության ապահովման ամենակարեւոր երաշխիքը։ Որպես այդպիսին՝ անկախ պետականությունը ցանկալի է ազգի, հասարակության բոլոր խավերին։ Ուստիեւ հասկանալի է, թե ինչու անկախության համար պայքարները, որպես կանոն, համազգային բնույթ եւ ընդգրկում են ձեռք բերում։
Առավել հայտնի պատմության ընթացքում ութ անգամ է եղել, որ Հայաստանն անկախություն է ձեռք բերել, պետականություն ստեղծել (առաջինի շուրջ գիտության մեջ բանավեճեր կան)։
Հայաստանի անկախության 25-ամյակի առիթով հիշենք Հայոց պատմության, Հայաստանի ու հայ ժողովրդի գոյության այդ ութ սյուները.
Մ.թ.ա. 860 թ. Բիայնիլի- Նաիրի- Ուրարտու-Արարատյան պետություն։ Հիմնադիր արքա՝ Արամե։ Պետականության տեւողությունը՝ մոտ 270 տարի։
Մ.թ.ա. 570 թ. Երվանդունիների Հայկական պետություն, հիմնադիր տոհմ՝ Երվանդունիներ, հիմնադիր արքա՝ Երվանդ Սակավակյաց։ Տեւողությունը՝ մոտ 400 տարի։
Մ.թ.ա. 189 թ. Արտաշիսյան Հայկական պետություն, հիմնադիր՝ Արտաշիսյան արքայատոհմ, հիմնադիր արքա՝ Արտաշես Առաջին։ Տեւողությունը՝ մոտ 190 տարի։
Մ.թ. 66 թ. Արշակունյաց Հայկական պետություն, հիմնադիր տոհմ՝ Պարթեւներ, հիմնադիր արքա՝ Տրդատ Առաջին։ Տեւողությունը՝ 362 տարի։
885 թ. Բագրատունյաց Հայկական պետություն, հիմնադիր տոհմ՝ Բագրատունիներ, հիմնադիր արքա՝ Աշոտ Առաջին։ Տեւողությունը՝ 160 տարի։
1198 թ. Կիլիկյան Հայկական պետություն, հիմնադիր տոհմ՝ Ռուբինյաններ, հիմնադիր արքա՝ Լեւոն Երկրորդ։ Տեւողությունը՝ մոտ 180 տարի։
1918 թ. Հայաստանի Հանրապետություն, հիմնադիր քաղաքական ուժ՝ Հայ հեղափոխական դաշնակցություն, առաջին վարչապետ ՝ Հովհաննես Քաջազնունի։ Տեւողությունը՝ 2,5  տարի։
1991 թ. Հայաստանի Հանրապետություն, հիմնադիր քաղաքական ուժ՝ Հայոց համազգային շարժում, հիմնադիր նախագահ՝ Լեւոն Տեր-Պետրոսյան։ Տեւողությունը՝ արդեն 25 տարի։
Հայոց երեքհազարամյա պատմության ընթացքում՝ ընդամենը ութ սերունդ, որոնք բախտ են ունեցել անկախություն կերտելու, եւ ութ պետական-քաղաքական գործիչ, որ անկախ պետականության հիմնադիրներ են։
Ընդհանուր հաշվով՝ մոտ 1600 տարվա անկախ հայկական պետականություն՝ մոտ երեք հազարամյակի ընթացքում։ Չհաշված` տարբեր ժամանակներում տասնամյակներով, երբեմն՝ դարերով ձգվող փաստական անկախության շրջանները, ինչպես, օրինակ՝ Մարզպանական շրջանը (5-7-րդ դարեր), Իշխանական շրջանը (7-9-րդ դարեր) Զաքարյանների շրջանը (12-13-րդ դարեր), Խորհրդային Հայաստանը եւ այլն։ Կասկածից վեր է, որ պետականության այս ահռելի պաշարն ու ավանդույթն է, որ ապահովել է հայ ժողովրդի գոյատեւումը՝ եզակիներից մեկը իր հասակակից ժողովուրդների մեջ։
Պետականությունն այնքան ավելի ամուր ու հարատեւ է, որքան հիմնված է առողջ քաղաքական մտքի, պետականության կենսունակ հիմնադրույթների վրա։ Ներքին այս գործոնն է առաջնայինը։ Արտաքին գործոնները կարող են բարենպաստ դեր խաղալ անկախության ձեռքբերման ու պահպանման գործում, եթե ապահովված է ներքին գործոնը։ Այլապես՝ պատմության ընձեռած բարեպատեհ առիթները կարող են չիրացվել։ Արտաքին գործոնները կարող են պետականության կորստյան պատճառ դառնալ, եթե վտանգված է ներքին գործոնը՝ տկարացած է քաղաքական միտքը, եւ խեղաթյուրված են պետականության հիմնադրույթները։ Այսինքն՝ երբ անկախությունը չի կատարում ազգի (նրա բոլոր խավերը ներառյալ) գոյատեւման, զարգացման, բարգավաճման, ազատության ապահովման իր բուն գործառույթը։ Իսկ դա տեղի է ունենում, երբ պետական իշխանությունը օրինակարգության կորստի կամ այլ պատճառով այլասերվում, աղճատվում է։
Ասել է թե՝ անկախության, որպես ազգի, նրա յուրաքանչյուր անդամի լավագույն կյանքի ապահովման պայմանի եւ ազատության երաշխիքի ձեռքբերումն ու կայացումը ոչ միայն արտաքին, այլ նաեւ ներքին խոչընդոտների հաղթահարման խնդիր է։ Հաճախ՝ ավելի շատ ներքին։ Եւ այս վերջինն ավելի կարեւոր է, քան առաջինը։ Օտար տիրապետությունը համախմբում է ազգը, պահում նրա կենսունակությունը՝ անկախության եւ ազատության հասնելու հեռանկարով։ Անկախության պայմաններում սեփական իշխանության ոչ օրինակարգությունը, այլասերվածությունը, օտարաբնույթ էությունը բարոյալքում են ազգը, մատնում հուսահատության ու կազմալուծման։ Մարդկանց ընկալումներում անկախությունը նույնանում է չարորակ իշխանության հետ, աղավաղվում են անկախության մասին հասարակական պատկերացումները՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով պետականության կորստի համար։
Անկախությունը ծանրագույն մարտահրավեր, պատասխանատու քննություն է բոլոր դեպքերում։ «Անկախության պատրաստ լինել» չարչրկված արտահայտության տակ ոչ մի այլ բան չպետք է փնտրել, բացի հասարակությանն առաջնորդող ուժի քաղաքական մտքի որակից, պետականության, իշխանության մասին նրանց պատկերացումներից։ 1991 թ. անկախության մարտահրավերը մեզ համար ծանրագույններից էր բոլոր պարամետրերով։ Ծանրագույնն էր՝ համեմատած նաեւ մեկուկես տասնյակ նորանկախ երկրների մարտահրավերների համեմատ։ Դրան նախորդած՝ Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժման շնորհիվ Հայաստանը քաղաքական իմաստով ամենապատրաստն էր անկախությանը։ Հայ քաղաքական միտքը, ի դեմս Հայոց համազգային շարժման ծրագրի, որդեգրած պետականության հիմնադրույթների եւ իրատեսական քաղաքական գործելակերպի՝ կարողացավ պատվով հանձնել այդ քննությունը, դիմագրավել բոլոր մարտահրավերները՝ հաղթահարելով անկախության ճանապարհի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին բոլոր խոչընդոտները։ 1991 թ. սեպտեմբերի 21-ին համաժողովրդական կամքով վավերացված անկախությունն ապացուցեց, որ երկրի հզորության հիմքում, տարածքային, մարդկային, տնտեսական ռեսուրսներից զատ՝ նույնքան, գուցե ավելի կարեւոր է հենց քաղաքական ռեսուրսը՝ ի դեմս առողջ քաղաքական մտքի, պետականության կենսունակ հիմնադրույթների, իրատես քաղաքական գործելակերպի։ Հենց այդ հիմքի վրա է, որ հնարավոր եղավ նվազագույն ռեսուրսներով ապահովել առավելագույն քաղաքական արդյունք՝ աներեւակայելի անգամ 1991-ին։
Հայոց համազգային շարժման քաղաքական մտածելակերպի, հեռատեսության առարկայացման բարձրակետերից էր անկախության հռչակումը համաժողովրդական հանրաքվեով՝ հաղթահարելով, մի կողմից՝ հակաանկախական ուժերի դիմադրությունը, մյուս կողմից՝ մանկամիտ արմատականությունը։ Նախկին խորհրդային հանրապետություններից Հայաստանը միակն է, որ ժամանակին գործող ԽՍՀՄ օրենքի տառի պահպանմամբ, համաժողովրդական հանրաքվեով հռչակեց իր անկախությունը՝ այն անշրջանցելի ու անխոցելի դարձնելով արտաքին ցանկացած վտանգի դեմ, բոլոր ժամանակներում։

Հայաստանի անկախությունը նրա յուրաքանչյուր քաղաքացու սեփականությունն է, իր կյանքն ապահով, արժանապատիվ ու երջանիկ դարձնելու միջոցը։ Բայց այն նաեւ մնում է որպես պատասխանատու քննություն յուրաքանչյուրի համար։ Հանձնել այդ քննությունը՝ նշանակում է չծախել ձայնը, կարողանալ զանազանել քաղաքական գործունեությունը քաղաքական խեղկատակությունից ու քաղաքականության վրա արվող բիզնեսից։
Հայաստանի այս անկախությունը պետք է լինի վերջինը։
 Արտաքին որեւէ գործոն, որեւէ հարեւան կամ գերտերություն չի կարող վտանգ ներկայացնել դրան։ Միակ վտանգը կարող է լինել ներքին գործոնը՝ քաղաքական մտքի տկարացումը, հասարակության կողմից ոչ օրինակարգ եւ այլասերված իշխանության հանդուրժումը։
Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ՝
Շնորհավորանքներ անկախության սերնդին՝ բոլոր նրանց, ովքեր 1991 թ. սեպտեմբերի 21-ին մասնակցել են անկախության հանրաքվեին, նաեւ նրանց, ովքեր տարիքի ու այլ հանգամանքների բերումով դա չեն կարողացել անել։
Շնորհավորանքներ Հայաստանի անկախությունը ձեռք բերած ու պետականությունը կայացրած քաղաքական ուժին, նրա ղեկավարներին՝ Հայաստանի Հանրապետության հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։
Շնորհավորանքներ նրանց, ովքեր պայքարել ու պայքարում են ընդդեմ անկախ պետականությանն սպառնացող միակ՝ ներքին վտանգի՝ իշխանության այլասերման, եւ հանուն անկախությանը վայել օրինակարգ եւ օրինավոր իշխանության վերականգնման։

http://www.ilur.am/news/view/55751.html

No comments:

Post a Comment