26.10.2010
2007թ. աշնանը, երբ Հայաստանի Հանրապետության
Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջին իսկ հանրահավաքային ելույթում ավազակապետական
համակարգի ու կոռուպցիոն բուրգի կազմաքանդման խնդիրը հռչակեց որպես նախընտրական պլատֆորմ,
միջազգային կարեւորագույն քաղաքական վերլուծական կենտրոններից մեկն արձանագրեց, որը,
ի դեմս նրա, քաղաքական պայքարի ասպարեզ է մտել մի գործիչ, որն օժտված է տեւական ռազմավարական
պայքարի հսկայական փորձով, հմտությամբ ու համառությամբ։
Ռազմավարական պայքարը
Շատ արագ նրա շուրջ համախմբվեցին ռեժիմի դեմ
մինչ այդ պայքարած տասնյակ քաղաքական ուժեր եւ հասարակության մեծագույն մասը։ Համաժողովրդական
շարժմանը դեմ կիրառվեց ամենակեղտոտ տեխնոլոգիաների ողջ զինանոցը՝ խաղաղ ցուցարարներին
գնդակահարելուց սկսած մինչեւ պառավական զրույցների մակարդակի կեղծ լուրերի տարածումը։
Հսկայական միջոցներ ու ջանքեր գործադրվեցին Համաժողովրդական շարժում-Հայ Ազգային Կոնգրեսը
քաքայելու, նրա ձեռնասուն նմանակը ստեղծելու, առաջնորդին վարկաբեկելու, համար։ Ապարդյուն։
Վերջին՝ Հոկտեմբերի 15-ի համապետական հանրահավաքում սկզբից մինչեւ վերջ հորդառատ անձրեւի
տակ կանգնած ու հսկայական էներգետիկայով երթ իրականացրած մի քանի տասնյակ հազար մարդիկ
փայլուն ապացուցեցին դա։ Ինչպես երեք տարի առաջ, այդ օրն էլ, Առաջին նախագահի ելույթի
նախապես հայտարարված թեման չարիքների արմատ կոռուպցիոն համակարգն էր։
Ռազմավարական պայքարն առաջին հերթին պահանջում
է համբերություն եւ հաշվարկ։ Դրա անհրաժեշտությունն ու նրբությունը հեշտ չէ, բայց հնարավոր
է բացատրել ոչ ընդարձակ քաղաքական շրջանակի։ Դա չափազանց բարդ է, երբ «խոսակիցդ» հասարակական
լայն զանգվածներն են։ Էլ ավելի բարդ է ժամկետային որոշակի վերջնակետ ենթադրող (տվյալ
դեպքում՝ դա 2008-ի փետրվարի 19-ն էր)հախուռն պայքարի ելած հսկայածավալ համաժողովրդական
շարժումը անկորուստ տեղափոխել ռազմավարական տեւական պայքարի (Հայ Ազգային Կոնգրեսի)
ռեժիմի։ Բայց այս ամենը հաջողվեց. պահպանվեց այն կրիտիկական զանգվածը, որն ավելի քան
բավարար էր պայքարը հաստատակամորեն եւ առավելագույն արդյունավետությամբ շարունակելու
համար։ Առանց մեղանչելու պայքարի տասնյակ հազարավոր մասնակիցների դեմ, պետք է արձանագրել,
որ դա հնարավոր եղավ Շարժման առաջնորդների ունակությունների ու հաստատակամության շնորհիվ։
Բայց, ինչպես հայտնի է՝ մի ձեռքը ծափ չի տալիս։ Ուստիեւ՝ ի պատիվ նույն այդ տասնյակ
հազարավորների, պետք է նաեւ արձանագրել, որ դա, մյուս կողմից՝ հնարավոր դարձավ զանգվածների
բացառապես ռացիոնալ մտածողության ու ընկալման հիմքի վրա առաջացած անխաթար հավատի շնորհիվ։
Դրանով Հայաստանի ժողովուրդն, ի դեմս իր քաղաքականապես ու քաղաքացիական կեցվածքով ամենաակտիվ
մասի, ցուցադրեց, որ «ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը» աֆորիզմն այս դեպքում
իմաստակություն է, եւ այն առնվազն պետք է բերել «ամեն ժողովուրդ արժանի է իր ընտրած
իշխանությանը» տեսքի։ Եւ քաղաքական այն հրաշքը, որ առարկայացավ Հայ Ազգային Կոնգրեսի
տեսքով՝ որպես ամենաանտանելի պայմաններում ժողովրդի համառության, հաստատակամության
ցուցադրում, դրա նմանողությամբ հուշում, մղում է մի այլ մտքի՝ «Համաժողովրդական Շարժումն
արժանի է իր առաջնորդներին»։
Արեւմուտքը
Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ Շարժման
ու Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական հակառակորդը միայն իշխող վարչախումբը չէր։ Ի դեմս
Արեւմտյան երկրների, իշխող վարչախումբն ուներ իր փայփայողին։ Շահախնդիր փայփայողին։
Ավազակապետության բերած արհավիրքներն առաջին հերթին Հայաստանի ժողովրդի գլխին էին պայթում,
ուստիեւ հենց սկզբում դրա «անատոմիայի ու մեխանիկայի» բացահայտումը նախ եւ առաջ հայաստանյան
հասարակության համար էր։ Ե՛ւ Արեւմտյան երկրները, ե՛ւ Ռուսաստանը շատ լավ գիտեին հայաստանյան
վարչախմբի էությունը։ Գիտեին, որ պետականության զգացողությունից ու քաղաքական որակից
զուրկ այդ մարդիկ պատրաստ են ապօրինի իշխանության պահպանման դիմաց վճարել անմեն ինչով։
Եւ դա էլ նրանց պետք էր. նորից չթվարկենք, նրանք ստացան՝ ով ինչի հավակնում էր։
Այս ընթացքում Շարժման մասնակիցների ամենադժվար
հարցերից մեկը եղել է հետեւյալը. «Եթե աշխարհի հզորներին ձեռնտու է ոչ լեգիտիմ, խոցելի
ու թույլ իշխանությունը, ինչո՞ւ պետք է ինչ-որ պահի նրանք դադարեցնեն իրենց օժանդակությունը,
եւ, այդ դեպքում, դատապարտված չէ՞, արդյոք, մեր պայքարը»։ Որքան էլ տրամաբանական, բայց
հիմնական մասով տեսական թվացող պատասխանները
հանգստացնում, բայց մինչեւ վերջ չէին համոզում հարց տվողներին։ Մինչեւ, ինչպես երբեմն
լինում է, ըստ ժողովրդական խոսքի՝ կարծես թե շաբաթն ավելի շուտ է գալու, քան ուրբաթը։
«Ինչո՞ւ»-ների շքահանդես
Որոշ վերլուծաբաններ անհամարժեք են համարում
«Պզե-Պզո-ՊԱԶո» մակարդակով կատարված հանցագործությունը եւ ԱՄՆ-ի բարձրացրած համաշխարհային
աղմուկը։ Ոմանք տարակուսում են, թե ինչո՞ւ է այսօր կոշտանում եւրոպական երկրների ու
կառույցների դարձվածաբանությունը իրենց գուրգուրած վարչախմբի նկատմամբ։ Ոմանց համար
էլ անբացատրելի է մնում, թե ինչո՞ւ են ռուսական իշխանությունները, իրենց ամբողջ ուզած-ստացածի
դիմաց շնորհակալ լինելու փոխարեն, հայաստանյան վարչախմբի բարձրագույն էլիտայի ներկայացուցիչների
կողոպտածի ցանկը հրապարակում՝ Ռ. Քոչարյանի ու Ս. Սարգսյանի գլխավորությամբ։ Ինչո՞ւ
են հատուկ շեշտադրում Լուժկովի հետ հայաստանյան պաշտոնյաների հանցավոր կապերը՝ նույն
էլիտայի ամենաազդեցիկ անդամներից 32 հոգու ցուցակ ներկայցնում՝ նրանց դեմ հետաքննություն
սկսելու համար։ Ոչ մեկը չի հասկանում, թե ինչո՞ւ են, ձեն-ձենի տված, աշխարհի տարբեր
ծայրերում համաշխարհային հնչեղության այլ «հայկական» գործեր բացահայտվում՝ անթաքույց
ակնարկելով դրանց կապը բարձրագույն իշխանության հետ։ Վերլուծաբաններն իներցիայով դա
բացատրում են Ղարաբաղի հարցում ճնշումների լրացուցիչ լծակներ ձեռք բերելու հանգամանքով։
Դա ճիշտ չէ. շահագրգիռ բոլոր կողմերն այս տասը տարվա ընթացքում վաղուց արդեն ձեռք են
բերել այդօրինակ անհրաժեշտ լծակները, եւ, այս դեպքում, ինչ կատարվում է՝ շատ ավելի
լուրջ խնդիր է ենթադրում որպես միջազգային հանրության անհանգստության հիմք։
Ավազակապետության ներքին տրամաբանությամբ
Կոռուպցիոն բուրգի վրա հենված ավազակապետական
իշխանությունը, ինչպես ցանկացած ռեժիմ, նույնպես կենդանի օրգանիզմ է՝ իր գոյատեւման
ու զարգացման ներքին տրամաբանությամբ։ Յուրահատուկ տրամաբանությամբ։ Նրա թիրախն, ինչպես
ասացինք, առաջին հերթին սեփական երկիրն ու ժողովուրդն է։ Բայց այս «կերը» կարող է ինչ-որ
պահի սպառվել կամ քչանալ։ Գայլը, թեկուզ կուշտ, չի կարող անտարբեր անցնել ոչխարի հոտի
կողքով. այդ պահից նա կդադարի գայլ լինելուց։ Ավազակապետական համակարգը չի կարող հագեցման,
կշտանալու զգացողություն ունենալ. նա այդ պահից կմահանա։ Ոչ միայն պետականության զգացողություն,
այլեւ ընդհանրապես որեւէ սրբություն չճանաչող այդ ճիվաղը, շուտ թե ուշ իր շոշափուկները
պետք է դուրս հաներ երկրի սահմաններից, բնականաբար՝ ամենահանցավոր ասպարեզներում, քանզի
դրանք նաեւ ամենաեկամտաբերն են. միջազգային նարկոբիզնես, մարդավաճառություն, փողերի
լվացում, զենքի ապօրինի առեւտուր, ահաբեկչություն։ Մյուս կողմից՝ այս բաց պատուհանը,
կանաչ միջանցքը չէին կարող անմիջապես չնկատել միջազգային հանցավոր կառույցները եւ առաջին
հեթին ահաբեկչական կազմակերպությունները։ Նրանք (այլ տեղերում պետական հսկողությունն
ու վերահսկողությունը շրջանցելու ստիպված) Հայաստանում կարող էին ունենալ պետական մակարդակի
աջացություն ու գործակցություն։ Այսինքն՝ համաշխարհային հանցավոր կառույցները եւ հայաստանյան
ավազակապետությունը մագնիսի երկու բեւեռների նման, բնական, անդիմադրելի ուժով պետք
է ձգեին ու փարվեին միմյանց։
Դառը փորձը
Նորություն չէ, որ մեծ տերություններն իրենց
խնդիրները լուծելու համար երբեմն օժանդակում են տոտալիտար, բռնապետական, ֆաշիստական,
ավազակապետական, դրանով իսկ՝ քաղաքականապես թույլ ու խոցելի ռեժիմներ ստեղծելուն կամ
ստեղծվածը գուրգուրելով պահպանելուն։ Եւ չեն անհանգստանում, քանի դեռ դրանք չարիք են
միայն տվյալ երկրի ժողովրդի համար, իսկ իրենք դրանց օգնությամբ «էժան» տարբերակով խնդիրներ
են լուծում։ Բայց երբ այդօրինակ ռեժիմներն իրենց զարգացման ներքին տրամաբանությամբ
սպառնում են փորձանք դառնալ նաեւ հենց հովանավորների գլխին, վերջիններս սկսում են այդ
երկիր տանկերով «ժողովրդավարություն արտահանել»։ Ասել է թե՝ մանրամասն քաղաքական «աուդիտը»
կարող է պարզել, որ միջազգային թմրաբիզնեսի, մարդավաճառության, ահաբեկչության կայացման
մեջ, թեկուզ բազմաստիճան միջնորդավորված, էական դերակատարություն ունեն նույն այդ՝
մեծ տերությունների հարկատուների փողերը (եւ լավ կլինի, որ նրանք իմանան այդ մասին)։
Եւ առաջին հերթին հենց նրանք էլ դառնում են միջազգային ահաբեկչության թիրախը։ Հիշենք
սեպտեմբերի 11-ը, ահաբեկչական արյունալի պայթյունները եւրոպական մայրաքաղաքներում,
Աֆղանստանը, Իրաքը...
Եւ,
կարծես թե, հասկացան, որ Հայաստանում, որպես մեծ ու ապահով լվացքատան, լվացված կրիմինալ
փողերը, Հայաստանով, որպես ապահով տարանցիկ ճանապարհով (որպես վերջնակետ ունալով նաեւ
ահաբեկչական կենտրոնները) տեղափոխվող զենքն ու հարստացված ուրանը մի տեղ կարող են դառնալ
ատոմային ռումբ՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ձեռքում։ Եւ մի օր էլ
այդ ռումբը պարունակող ճամպրուկը կարող է հայտնվել կամ պայթել Վաշինգտոնի, Նյու-Յորքի,
Փարիզի, Լոնդոնի, Բեռլինի, Մադրիդի, Մոսկվայի կենտրոնում, ինչի դիմաց որպես մանկական
չարաճճիություն կհիշվի Սեպտեմբերի 11-ը։ Եւ մանրամասն քաղաքական «աուդիտը» պեղելով
կպարզի, որ այդ ռումբի քաղաքական բաղադրության մեջ, ի թիվս բազմաթիվ այլ հիմքերի, նաեւ
ավազակապետության հիմնադիր եւ ճարտարապետ Ռ. Քոչարյանին Ֆրանսիայում տրված Պատվո Լեգեոնի
շքանշանն է, նրան ու Ս. Սարգսյանին միջազգային հանրության կողմից տրված «քարտ-բլանշը»,
ակնհայտորեն կեղծված ընտրությունները եւրոպական դիտորդների կողմից «միջազգային չափորոշիչներին
համապատասխան» ճանաչելը, Մարտի 1-ի սպանդի ու քաղբանտարկյալների փաստի վրա աչք փակելը
եւ այլն։ Չափազանցությո՞ւն է։ 100% հնարավորության համեմատ՝ այո։ Սակայն սա այն դեպքն
է, երբ հնարավորությունը թեկուզ 0,5%՝ բավարար է վերջնական հետեւությունների ու ամենակտրուկ
գործողությունների համար (ահաբեկչության շատ ավելի փոքր տոկոսի հնարավորության դեմ
միլիարդավոր դոլարներ են ծախսվում)։ Մանավանդ, որ կա դրա համաշխարհային դառը փորձը,
եւ սա միակ բնագավառն է, որտեղ մեծ տերությունների պայքարն, իրոք, մինչեւ վերջ անկեղծ
է ու միասնական։ Այսինքն՝ ղարաբաղյան, հայ-թուրքական կարգավորումների եւ այլ հարցերը
կոռումպացված, հանցագործ ու թույլ իշխանության հետ «էժան» տարբերակով լուծելը շատ ավելի
թանկ կարող է նստել նույն այդ միջազգային հանրության վրա։
* * *
Հազիվ թե ամերիկյան, ռուսական, ավստրալիական
եւ մալազիական հատուկ ծառայությունները նախապես զեկուցել էին Լեւոն Տեր-Պետրոսյանին՝
հայաստանյան ավազակապետության ծնունդ հայկական մաֆիայի դեմ միաժամանակյա նախատեսվող
բացահայտումների մասին։ Ինչպես միշտ, նա ժամանակին կանխազգացել, հաշվարկել էր դա, երբ
դեռ սեպտեմբերի 17-ին հայտարարեց, որ հաջորդ՝ հոկտեմբերի 15-ի ելույթը նվիրված է լինելու
կոռուպցիային։
Արեւմուտքը, ի տարբերություն «ձեռքից գնացած»
այլ դեպքերի, կարիք չունի տանկեր մտցնել Հայաստան, ոչ էլ միլիարդներ ծախսել՝ «ժողովրդավարություն
արտահանելու»՝ արդեն նաեւ իրեն սպառնացող չարիքի արմատը ոչնչացնելու համար։ Նա ընդամենը
պետք է ետ վերցնի այն «քարտ-բլանշը», թողության թուղթը, որ տվել է հանցավոր այս վարչախմբին,
կատարի իր ստանձնած պարտավորությունները, հետեւի իր հռչակած սկզբունքներին, համակերպվի
խնդիրներն օրինական, քաղաքական իշխանության հետ լուծելու անհրաժեշտության հետ։ Մնացածը
կանի Հայաստանում ձեւավորված քաղաքացիական հասարակությունը, հանցագործ վարչախմբից մինչեւ
վերջ զզված ժողովուրդը։ Եւ, կարծես թե, հասկացել է արդեն միջազգային հանրությունը,
որ այս ճանապարհն այլընտրանք չունի։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
«Հայկական ժամանակ»,
26.10.2010
(փոքր ինչ կրճատված
240 նիշ, առանձին բառեր)
No comments:
Post a Comment