10.10.2010
Հայաստանի Հանրապետության Հիմնադիր-նախագահ,
Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր վերջին ելույթներից մեկում
խոսելով Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու վտանգների մասին՝ այն համարեց
նաեւ արտագաղթի ահագնացած տեմպերի կարեւոր հիմքերից մեկը՝ ահազանգելով, որ այս կերպ
«...մենք մեր իսկ ձեռքով կիրականացնենք ցարերի ու թուրքերի երազանքը եւ կունենանք Հայաստան
առանց հայերի»։
«Հայաստան առանց հայերի» պատկերավոր արտահայտություն
չէ միայն։ Ժամանակին այն եղել է խնդիր, ծրագիր՝ ցարական, թուրքական կառավարության,
թե արեւմտյան որեւէ երկրի՝ կարեոր չէ։ Կարեւորն այն է, որ դրան հայ իրականության մեջ
վերբերել են նույնպիսի արգահատանքով, ինչպես Ցեղասպանության հեղինակներին եւ իրականացնողներին։
Եւ դա բնական է. որովհետեւ երկու դեպքում էլ արդյունքը նույնն է՝ ժողովուրդը զրկվում
է իր բնօրրան հայրենիքում բնակվելու հնարավորությունից, ցրվում աշխարհով մեկ, մի դեպքում՝
ֆիզիկական բնաջնջման, դրա սպառնալիքի, բռնի տարագրման պատճառով, մյուս դեպքում՝ այնպիսի
պայմանների մեջ հայտնվելով, որոնք նրան ստիպում կամ դրդում են հայրենիքը լքելու քայլին։
Հետեւանքի առումով ոչ մի նշանակություն չունի՝ այդ ծրագիրը կազմվել է օտար մի երկրի
կառավարության խոհանոցում, թե՞ իրականանում է որպես սեփական իշխանության ապիկարության
հետեւանք։
Հասկանալի է, որ արտագաղթի միակ պատճառը Ղարաբաղյան
հակամարտության չկարգավորված լինելը չէ։ Ոչ պակաս կարեւոր նշանակություն ունի քոչարյանասերժական
ռեժիմի հաստատած կոռուպցիոն համակարգը։ Կոռուպցիան այն ախտն է, որ կործանել է աշխարհում
ամենահզոր՝ Հին Հռոմեական կայսրությունը։ Պետականության հիմքերը քայքայող այս ախտը
ոչ մի տեղ դիտավորյալ չի ներդրվում, այն տարածվում է վարակի ձեւով եւ, եթե խորանում
է, ապա՝ հաղթահարելով տվյալ պետության իշխանության ինչ-որ դիմադրություն։ Քանզի ամեն
մի իշխանություն հասկանում է, որ դրա տարածումը քանդելու է պետությունը, ուստիեւ վտանգելու
է նաեւ իր գոյությունը։ Հայաստանը շեղում է այս օրինաչափությունից։ Հայաստանում այն
ներդրվել է՝ մտածված, ծրագրված՝ Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի ճարտարապետությամբ, ներդրվել
է որպես իշխանության պահպանման ու վերարտադրման մի գործիք։ Այս պնդումը կարող է տարօրինակ
թվալ առաջին հայացքից։ Բայց այդ տարօրինակությունը ունի շատ պարզ բացատրություն։ Դա
առաջին հերթին հիշյալ անձանց այն գիտակցություն է, որ ի սկզբանե ապօրինի, ուստիեւ՝
ժամանակավոր է իրենց իշխանությունը։ Եւ վարվել են՝ ինչպես կվարվեր ժամանակավոր քոչվորը.
ամեն օրն օգտագործել երկիրն ու ժողովրդին կողոպտելու, թալանելու համար։ Նրանք նաեւ
ամենալավը գիտեն, որր իրենք իշխանության յուրացման ծանր հանցանք են գործել, եւ՝ որ
այն կորցնելու դեպքում պատասխան պետք է տան։ Դա էլ նրանց թելադրում է նորանոր մարդկանց
բերել հանցագործության դաշտ։ Իսկ դա զանգվածաբար կարելի է անել կոռուպցիոն բուրգի հիմքերը
ընդլայնելու միջոցով՝ ոչ միայն թույլ տալով, հորդորելով, այլեւ ստիպելով, որ հնարավորինս
շատ մարդիկ դառնան այդ համակարգի մասնիկը՝ գործարարից ու բարձր պետական պաշտոնյայից
մինչեւ ամենավերջին պետական ծառայողը։ Իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ ամենուր
եւ ամենօր ՀՀ ամեն քաղաքացի պետք է բախվի օրենքների խախտման, իրավունքների ոտնահարման,
խաբեության, քաշքշուկի, կաշառքի կորզման, նվաստացման, ցինզմի ու լկտիության փաստերի,
պետք է ունենա խաբվածի, թալանվածի, անապահով վիճակի զգացում։ Ու, բնականաբար, պետք
է հեռանկար չտեսնի ո՛չ իր, ո՛չ էլ իր երեխաների համար։ Արտագաղթողների եւ նման մտադրություն
ունեցողների մեծ մասը հենց սա՛ է նշում որպես իր որոշման հիմք։
Գիտակցո՞ւմ է, արդյոք, քոչարյանասերժական վարչախումբը,
որ ինքը բռնել է սուլթանների, ցարերի թե եւրոպական ինչ-որ երկրի ժամանակին կիսատ թողած՝
«Հայաստան առանց հայերի» հանցավոր ծրագրի շարունակողի ու ամբողջացնողի դերը։ Կարեւորն
այն է, որ դա գիտակցի մեզնից յուրաքանչյուրը։ Գիտակցի այսօր եւ գործի ըստ այդմ։
Աշոտ Սարգսյան
«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ», Հ.6, 10. Հոկտեմբեր,
2010թ.
No comments:
Post a Comment