Monday, October 4, 2010

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆ


Երկու տարի առաջ՝ 2008թ. օգոստոսի 1-ին 18 կուսակցությունների ղեկավարներ ստորագրեցին Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծման Հռչակագիրը։ Հռչակագիրն ստորագրեց նաեւ ՀՀ Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Դա քաղաքական պատասխանն էր վարչախմբի այն հույսի, թե հետընտրական որոշ զարգացումներից հետո այդ առիթով ծայր առած բողոքի համաժողովրդական ընդվզումը կմարի։ Սխալվեցին։ 2007թ. աշնանը ստեղծված նախընտրական դաշինքը դեռ մինչեւ ընտրությունները արդեն իսկ նոր որակ էր ստացել՝ վերածվել համաժողովրդական շարժման, ժողովրդական ճակատի։ Այսինքն՝ բացի կուսակցություններից,  դրանում ակտիվորեն ընդգրկվել էին հարյուր հազարավոր անհատ քաղաքացիներ։ Իսկ 2008-ի օգոստոսի 1-ին համաժողովրդական այդ շարժումը, ժողովրդական այդ ճակատը պարզապես մկրտվեց Հայ Ազգային Կոնգրես անվամբ։ Եւ կրկին ձեւակերպեց իր առջեւ դրած հիմնական խնդիրը՝ արտահերթ ընտրությունների միջոցով հասնել սահմանադրական կարգի վերականգնմանը։

Յուրահատկություն ունի Կոնգրեսի պայքարը, քանզի յուրահատուկ է նրա հակառակորդը։ Բռնապետություն որակումը, որ հաճախ օգտագործվում է վարչախմբի համար, մեղմասացություն է, նրա համար՝ փաղաքշական։ Դասական բռնապետությունների հիմքը օրենքն է։ Այդ օրենքները լինում են դաժան, ոչ մարդկային, անարդար, բայց գործում են՝ ապահովելով բռնապետների իշխանությունը։ Այս իշխանության հիմքը օրենքների բացակայությունը՝ անարխիա էլ չէ. այս դեպքում էլ արագ ձեւավորվում ու գործում են ինչ-որ չգրված օրենքներ։ Բայց նաեւ գիտութանը անհայտ ինչ որ բան էլ չի այն, ինչ կա Հայաստանում. այս տիպի պետության համապատասխան միջազգային տերմինի ճշգրիտ հայերեն թարգմանությունը հենց ավազակապետությունն է, ինչն իր առաջին իսկ ելույթում մանրակրկիտ հիմնավորել է Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Ըստ այդմ էլ՝ հայտնի է նրա ֆունկցոնալ էությունը՝ կողոպուտ եւ թալան։ Դրան է ծառայում պետական ողջ մեքենան, իշխանական լծակները։ Ապացույցը՝ դրա պարագլուխների տասնյակ միլիարդավոր դոլարների կուտակած հարստւթյունը։ Ո՛չ օտարի լուծը, ո՛չ ամենադաժան բռնապետությունը, ո՛չ անարխիան չեն կարող այնքան վտանգավոր լինել երկրի ու նրա ժողովրդի համար, որքան ավազակապետական համակարգը։

Իր վերոնշյալ հիմնական նպատակին հասնելու ճանապարհին Կոնգրեսը լուծել է կարեւոր խնդիրներ։ Առաջին. հասել է քաղբանտարկյլաների մեծ մասի ազատ արձակմանը։ Երկրորդ. Բացահայտել է Մարտի 1-ը. իշխանական վարկածը, թե նախագահական ընտրություններից հետո ընդդիմությունն էր պետական հեղաշրջման փորձ անում, ամբողջությամբ տապալվել է։ ԵԽԽՎ-ի բանաձեւերում, միջազգային այլ փաստաթղթերում աստիճանաբար հիմնական դարձավ Կոնգրեսի տեսակետը։ Ավելին՝ նույն ԵԽԽՎ-ում արդեն պաշտոնական շրջանառության մեջ է դրված բանաձեւի մի նախագիծ, որտեղ իշխանությունն է մեղադրվում Մարտի 1-ին բանակի օգտագործմամբ պետական հեղաշրջում իրականացնելու ծանր հանցագործության մեջ։ Երրորդ. Հաագայի դատարանը ընդունել է հարյուրհազարավոր քաղաքացիների ստորագրությամբ հայցը Ռ. Քոչարյանի դեմ, որում հիմնական մեղադրանքը կապված է հենց Մարտի 1-ի հետ։ Չորրորդ. Հասել է քաղաքացիական հասարակության առողջ մի կորիզի ձեւավորման, որը պատրաստ է մինչեւ վերջ պայքարելու սահմանադրական կարգի վերականգնման, իր ազատության, արժանապատիվ կյանքի համար։ Հինգերորդ. Ստեղծել է ստվերային կառավարություն, որի ջանքերով արդեն իսկ հրապարակվել է «100 քայլ» տնտեսական վերափոխումների ծրագիրը, շուտով կհրապարակվեն առողջապահության, կենսաթոշակային եւ այլ ճյուղային ծրագրեը։ Վեցերորդ. Ձեռք է բերել հսկայական միջազգային հեղինակություն, եւ նրա հետ, որպես քաղաքական գործոնի ու գործընկերոջ, հարաբերվում են ըստ էության նույն կերպ ու նույն մակարդակո, ինչպես գործող իշխանության։

Աշոտ Սարգսյան
«Հայ Ազգային Կոնգրես», Տպագրվել է փոքր համառոտմամբ
Հուլիս, 2010, հ. 4



No comments:

Post a Comment