Saturday, June 16, 2012

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԵՐԽՆԴՐԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ


Հիվանդ օրգանիզմի բուժման համար ամենակարեւորը ճշգրիտ ախտորոշումն է։ Այդ դեպքում է հնարավոր գտնել ամենաարդյունավետ դեղամիջոցը ու որոշել բուժման ճիշտ ընթացքը։ Նույնն էլ ախտահարված հասարակության դեպքում է։
Ընդհանրական
Հետխորհրդային երկրների մեծ մասը, ավելի կամ պակաս չափով, ժողովրդավարության հաստատման խնդիր ունի։ Վերջերս «Նովոյե վրեմյան» (14.05.2012) այս թեմայով հարցազրույց է հրապարակել աշխարհահռչակ գիտնական, «մեր ժամանակների վերջին էնցիկլոպեդիստ, մարդ, որի միտքը դարաշրջաններ է չափչփում...», Վյաչեսլավ Իվանովի հետ։ Հարցազրույցը վերաբերում է ռուսական իրականությանը, սակայն ժողովրդավարության անցման ուղու մասին գիտնականի մտորումներն ու դեղատոմսն ընդհանրական են, հանրագիտարանային։ Տվյալ դեպքում դրանք մեզ համար առիթ են մեր իրականության ներկայացման համար։
Նա ասում է հետեւյալը.
Ա) Ժողովրդավարության հաստատումը բուրժուա-դեմոկրատական հեղափոխության խնդիր է։ Պետք է զգուշանալ «Փարիզի կոմունայի» տիպի ուժային հեղափոխությունից (որից 100 տարի հետո Ֆրանսիայում ժողովրդավարություն հաստատվեց)։ Այդ կերպ առավելագույնը կարելի է հասնել ժամանակավոր հաջողության, բայց վերջին հաշվով դա կավարտվի շատ մեծ արյունահեղությամբ։
Բ) Ռուսաստանում 1905թ. սկսված բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը դեռ չի ավարտվել, եւ այն, ինչ տեղի է ունենում այսօր Ռուսաստանում, այդ հեղափոխության վերջին արտացոլանքներից են։ Դրա արդյունքը պիտի լինի բուրժուական ժողովրդավարության հաստատումը։
Գ) «Խնդիրն այն է՝ ի՞նչ գնով։ Ամենամեծ գինը կլինի անհաջող ապստամբության դեպքում։ Բայց եթե անգամ այն ժամանակավոր հաջողություն ունենա, հետո կճնշվի ու կարժենա շատ մեծ մարդկային արյուն։ Ամբողջ պատմությունն է հաստատում, որ այդպես կլինի»։
Դ) Բռնապետական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներին հնարավոր չէ համոզել, որ գնան ժողովրդավարացման ճանապարհով։ Ո՞րն է ելքը, խնդրի լուծման բանալին. «...օլիգարխների մի մասին, որոնք իրական ֆինանսական եւ այլ կարգի իշխանություն ունեն, կարելի է համոզել (միանալ ժողովրդավարության համար խաղաղ պայքարին – Ա.Ս.)։ Ընտրությունն այսպիսին է.կամ մենք չափազանց շատ արյուն ենք թափում, կամ գտնվում են խելացի քաղաքական գործիչներ, որոնք կարող են կոմպրոմիսների գնալ»։
Նկատի ունի կոմպրոմիսներ՝ օլիգարխների, խոշոր գործարարների, բուրժուազիայի հետ, այսինքն՝ որոշակի երաշխիքների դիմաց նրանց մասնակից դարձնել այդ պայքարին։ Մի պարզ պատճառով. սոցիալական այս խավն առաջիններից մեկն է շահագրգռված ժողովրդավարության հաստատման հարցում, եւ առանց նրա ակտիվ մասնակցության այդ նպատակն անիրագործելի է։ «Բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն» գիտական տերմին-անվանումն անգամ իր մեջ ցուցադրում է այդ կանոնը, իրողությունը։
Աքսիոմաներ կան ոչ միայն բնական գիտությունների մեջ։ Այդպիսիք կան նաեւ հասարակագիտության, քաղաքագիտության մեջ։ Տվյալ դեպքում աշխարհահռչակ գիտնականը, որ ափի մեջ գիտի մարդկության պատմությունը, ընդամենն արձանագրում է այդ աքսիոմաները։ Այս ամենին որեւէ մեկը չի կարող հակադրվել, եթե ունի անհրաժեշտ նվազագույն ակադեմիական պատրաստություն եւ չի տառապում ժամանակը էպիկական դիտելու եւ իրեն՝ էպոսի հերոս համարելու մտասեւեռմամբ։
Բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն
Այսպիսով, անցումը ամբողջատիրությունից դեպի ժողովրդավարության, այլ բան չէ, քան բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն։ Դրա շարժիչ ուժը նախ՝ ռեժիմի դեմ ընդվզող իրավազուրկ եւ կեղեքվող ժողովրդական զանգվածներն են։ Երկրորդ՝ թեեւ ունեւոր, բայց, ըստ էության, դարձյալ իրավազուրկ եւ ազատ բիզնեսի զարգացման լիարժեք պայմանների ձգտող գործարարները՝ ազգային բուրժուազիան։
Գիտական տերմինոլոգիայով՝ բուրժուա-դեմոկրատական հեղափոխություններ էին ժողովրդավարական այն շարժումները, որոնք 1988-ից բռնկվել էին Խորհրդային Միությունում եւ նրա քաղաքական ազդեցության տակ գտնվող Արեւելյան Եւրոպայի երկրներում։ Եւ դա անկախ այն բանից՝ թե դրանք իրականացնողները քաղաքագիտական ա՞յս տերմինն էին օգտագործում, թե՞ «համազգային շարժում», «ժողովրդական ճակատ» եւ այլն։ Որոշ տեղերում այդ հեղափոխությունները հաջողությամբ ավարտվեցին իրենց հիմնական խնդրի լուծմամբ՝ ժողովրդավարության հաստատմամբ (Բալթյան հանրապետություններ եւ այլն)։ Որոշ տեղերում էլ, տարբեր հանգամանքների բերումով, դրանք ընդմիջվեցին (ինչը պատահել է նաեւ Ֆրանսիական եւ ռուսական հեղափոխությունների դեպքում)։
Եթե 18,19-րդ դարում կամ 20-ի սկզբին ժողովրդավարության հաստատման նպատակով դիմում էին արյունալի հեղափոխությունների, դա ամենեւին չի նշանակում, թե նույնը պետք է անել նաեւ այսօր։ Մանավանդ որ դրանք ո՛չ այն ժամանակ են արդյունքի հանգեցրել, ո՛չ էլ հիմա (ինչպես դա վերջերս հիանալի ցուցադրում է արաբական երկրների փորձը)։ Աշխարհում արդեն հաստատված ժողովրդավարական համակարգի, ժողովրդավարության տարածմանը հետամուտ միջազգային ազդեցիկ կառույցների գոյության պայմաններում, ընդհակառակը, ամեն կերպ պետք է խուսափել այդ ճանապարհից եւ նույն շարժիչ ուժերով ժողովրդավարությանը անցում կատարել անցնցում ու անարյուն ճանապարհով։ Եւ շատերը հաջողությամբ գնացել են այդ ճանապարհով։
Նույն ճանապարհով էր գնում նաեւ Հայաստանը՝ սկսած 1988-ի ժողովրդավարական շարժումից։  Մեկ տարի առաջ «Московские новости» օրաթերթին տված հարցազրույցում Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ մասին ասում է. «Ես ինչ-որ առիթով ասել էի, որ 1990-ականներին, ըստ էության, փորձում էինք անել այն, ինչ չհաջողվեց անել Կերենսկուն, հիմա դա շարունակում ենք որոշակի դադարից հետո, որը խախտեց իրադարձությունների բնական զարգացումը: Միապետությունում ժողովրդավարական հեղափոխությունից հետո պետք է հաստատվի բուրժուա-դեմոկրատական հանրապետություն» (տե՛ս «Հժ» 25.06.2011)։  Հայկական բուրժուա-դեմոկրատական հեղափոխության ընթացքը կասեցվեց նախ՝ 1998թ. պետական հեղաշրջմամբ, ապա՝ 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճիրից հետո հաստատված ներկա ռոբասերժական բռնապետությամբ։
Հայաստանյան իրականության ախտորոշումը
ՀՀ Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2007թ. աշնանը ակտիվ քաղաքական ասպարեզ մտավ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի համապարփակ ախտորոշմանը նվիրված մի քանի ընդարձակ գիտական-քաղաքական ելույթներով։ Նա բռնապետական ռեժիմը բնութագրեց «ավազակապետական», իսկ տնտեսական համակարգը՝ «թաթար-մոնղոլական»։ Թե՛ առաջինը, թե՛ երկրորդը նսեմացուցիչ բառ-բնութագրումներ չէին (ինչպես դեռ ընկալում են ոմանք) այլ պետականագիտական ընդունված տերմիններ։ Փաստական նյութով ու գիտականորեն հիմնավորված այս գնահատականների դեմ նույն հարթության վրա առ այսօր ոչ մի առարկություն չի եղել։
2007 թվականից սկսված համաժողովրդական շարժումն էլ «որոշակի դադարից» (1998-ի պետական հեղաշրջմամբ ու 1999-ի հոկտեմբերի 27-ով խաթարված)  բուրժուա-դեմոկրատական հեղափոխության շարունակությունն է. «Մեր այսօրվա շարժումը հանդիսանում է բուրժուա-ժողովրդավարական հեղափոխություն, որը կոչված է ազատելու հանրությունն ու երկրի տնտեսությունը գործող ֆեոդալիզմի ճանկերից»։ (Լ. Տեր-Պետրոսյան, ելույթ 27.02.2008 հանրահավաքում)։
Փոխվել է հակառակորդը. 1988-ի խորհրդային գաղափարախոսականացված ամբողջատիրության փոխարեն ավազակապետական մի ռեժիմ է՝ միջնադարյան մոնղոլ-թաթարական խանական տնտեսական համակարգով։ Նույնն է մնացել խնդիրը՝ խաղաղ ճանապարհով անցում կատարել ժողովրդավարության։ Փոխվել է նաեւ հասարակության կառուցվածքը. այն ժամանակ որպես միավոր կամ չկար կամ խիստ սաղմնային վիճակում էր բուրժուա-դեմոկրատական հեղափոխության շարժիչ ուժերից մեկը՝բուրժուազիան, գործարար աշխարհը։  Հիմա այն ոչ միայն կա, այլեւ «իրական ֆինանսական եւ այլ իշխանություն» ունի եւ իր որտեղ լինելով կարող է որոշել ժողովրդավարության համար պայքարի ելքը։
Բռնապետական ռեժիմները կարող են խարսխված լինել տարբեր հիմքերի վրա, օրինակ՝ գաղափարախոսական։ Հայաստանյան ավազակապետական բռնատիրության հիմքը կոռուպցիան է։ Ուստիեւ՝ առաջին իսկ օրվանից այս թեման եւս Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներում առանցքայիններից է։ Կոռուպցիան Հայաստանում մտածված ու ներդրված մի համակարգ է. «իշխանության վերից վար կոռումպացված, հանցագործ մի վարչակազմ» (21.09.2007)։ Դա մի բուրգ է, որի գլխին իշխանության առաջին դեմքն է. «...համատարած կոռուպցիա, որը կրում է համակարգային բնույթ եւ կառավարվում վարչախմբի պարագլուխների կողմից (06.01.2008 նախընտրական ծրագիր)։ Նախագահի ելույթներից մեկն (15.10.2010) ամբողջությամբ նվիրված է կոռուպցիային, որում մանրամասն ներկայացնում է «Պետականորեն ուղղորդվող ու կարգավորվող համատարած կոռուպցիայի» մեխանիզմները, ինչի միջոցով «իրականացվում է թալանը եւ կողոպուտը»։ Կոռուպցիան, ամենամեծ չարիքը լինելով, կորուստներ է բերում բոլոր ասպարեզներում՝ արտաքին քաղաքական խնդիրներից սկսած մինչեւ սոցիալական ու բարոյա-հոգեբանական ոլորտ, եւ մինչեւ պետական կառույցների այլասերում ու քայքայում։
Իսկ ո՞րն է բռնապետության հիմք հանդիսացող կոռուպցիոն այս համակարգում գործարարության տեղը եւ դերը։
Պարտադիր սահմանազատում
Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներում կոռուպցիոն համակարգի բազմակողմանի բացահայտումն ու գնահատականը միայն ճանաչողական նպատակ չի հետապնդում, այլ առաջին հերթին՝ գործնական։ Այստեղ է, որ պետք է կատարվեր գործարարության սոցիալ- քաղաքական դիրքի ու դերակատարության շատ կարեւոր մի հստակեցումն ու սահմանազատումը. կոռուպցիայի կրողն ու հեղինակը իշխանությունն է, իսկ գործարարները դրա միջոցն են, գործիքը, սպասարկուն։
Սահմանազատման այս խնդրին Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադառնում է բազմիցս ու մանրամասն։ Այստեղ բավարարվենք երկու մեջբերմամբ, որոնցում նրա խոսքը բանաձեւվված է. «Բուն իմաստով՝ կոռուպցիան բացառապես իշխանությանը եւ ոչ թե գործարարությանը հատուկ երեւույթ է։ Գործարարությունը կոռուպցիայի մասնակիցն է, բայց ոչ հեղինակը։ Հեղինակն իշխանությունն է, որովհետեւ առանց նրա ցանկության ու թողտվության լայնամասշտաբ կոռուպցիա գոյություն չէր կարող ունենալ» (ելույթ 15.10.2010 հանրահավաքում)։ «Մեր երկրի գլխավոր չարիքը ոչ թե գործարարները կամ օլիգարխներն են, այլ վերից վար կոռումպացված իշխանական համակարգը։ Գործարարությունը կամ օլիգարխիան ընդամենն այդ համակարգի ածանցյալն են, կցորդը եւ սպասարկուն» (ելույթ 25.11.2011հանրահավաքում)։
Գործարարների եւ կոռուպցիայի կրող իշխանավորների սահմանազատման հստակ այս գիծը անցնում է Առաջին նախագահի բազմաթիվ ելույթների միջով,  եւ դրա դեմ եւս ոչ մի հրապարակային բանական առարկություն չի եղել։ Այնուամենայնիվ, շատերը, այդ թվում նաեւ քաղաքականությամբ զբաղվողներ ու «վերլուծաբաններ», այն կամ չեն ընկալում, կամ, որ ավելի հավանական է, միտումնավոր անտեսում են։
Հասկանալի է, որ սպասարկուի ու կցորդի  կարգավիճակը եւ իշխանավորների համար հարստություն դիզելու գործառույթը գործարարներին պարտադրված է։ Նրանց ձեռքով են կատարվում անմիջական կեղեքումն ու հարստահարումը, օրինախախտումները, ինչից ստացված հարստության մեծ մասն անցնում է իշխանավորներին։ Բայց նույն «մոնղոլ-թաթարական» խանական օրենքով նրանք նաեւ իրենց մնացած ունեցվածքի իրական տերը չեն. «Եթե Միշա Բաղդասարովին, Բարսեղ Բեգլարյանին.... թվում է, թե իրենք սեփականատեր ու բիզնեսմեն են, ապա չարաչար սխալվում են։ Ցանկացած պահի, խաների քմահաճույքով, նրանք կկորցնեն թե՛ իրենց սեփականությունը, թե՛ բիզնեսը։ Եթե նրանցից մեկին ասվի, որ քո հեռուստաընկերությունն ու բանկը պիտի վաճառես մի ուրիշի, ապա այդպես էլ պետք է անի.... Իսկ անհնազանդներն ու կիսվել չցանկացողները, առավել եւս՝ անկախ մտածողները, ենթակա են ոչնչացման...» (08.12.2007) ։ Բնորոշ մի պատմություն էր շրջում. Օլիգարխներից մեկը, ինչ որ-բանից նեղված, Ս. Սարգսյանին ասում է. «Ունեցած-չունեցածս հավաքելու եմ, գնամ Վրաստան»։ Ս. Սարգսյանը պատասխանում է. «Իսկ դու ի՞նչ ունես, որ հավաքես գնաս»։
Վերոհիշյալ պատմական օրինաչափությունների, հասարակագիտական ու քաղաքագիտական աքսիոմաների ճանաչման եւ հաշվառման հիման վրա կարելի էր հետապնդել քաղաքական գերխնդրի լուծումը։ Հենց այս հիմքի վրա է, որ Համաժողովրդական շարժման հենց սկզբում Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդարձակ ուղերձով դիմեց գործարարներին՝ նրանց միաժամանակ սահմանազատելով ավազակապետության հիմքում դրված կոռուպցիայի իրական կրողներից ու հեղինակներից՝ իշխանավորներից.
«Մեր սիրելի ու հարգարժան ձեռներեցնե՛ր եւ գործարարնե՛ր, մինչեւ ե՞րբ պիտի հանդուրժեք ձեզ պատիվ չբերող այդ նվաստացումը, մինչեւ ե՞րբ պիտի հաշտվեք ձեր ստրկական վիճակի հետ։ Մի՞թե չեք հասկանում, որ ձեր ծառայամտությամբ դուք ամրապնդում եք խանական իշխանության հիմքերը եւ ստրկության դատապարտում մեր ողջ ժողովրդին, նաեւ՝ ձեր իսկ երեխաներին։ Մի՞թե չեք տեսնում, որ մենք կանգնած ենք բախտորոշ հասարակական վերափոխման շեմին, որի նպատակն է բացառապես քաղաքական պայքարի խաղաղ, օրինական միջոցներով վերականգնել երկրի սահմանադրական կարգը։ Մե՛նք չէ, որ ձեզ պետք է հորդորեինք միանալ համազգային նոր շարժմանը։ Դո՛ւք պիտի առաջնորդեիք այն եւ ժողովրդին տանեիք ձեր ետեւից։ Ի՞նչն է ձեզ խանգարում համախմբվել ու թոթափել բոլորի, այդ թվում՝ ձեզ համար ատելի խանական լուծը։ Ինչի՞ց եք վախենում։ Մի՞թե ավելի շատ բան ունեք կորցնելու, քան ժողովուրդը... Ուստի քանի դեռ ուշ չէ, քանի դեռ չեք արժանացել ժողովրդի լիակատար քամահրանքին, ուղղեք ձեր մեջքը եւ վճռականորեն միացեք մեր շարքերին... Դուք, որ պիտի լինեիք տնտեսության զարգացման առաջամարտիկները՝ ստանձնելով թաթար-մոնղոլական խանության ստորաքարշ վասալների դերը, դարձել եք զարգացման գլխավոր խոչընդոտը։ Մինչդեռ գործելով օրենքի դաշտում, դուք կարող եք վերագտնել ձեր արժանապատվությունը, հարգվել հասարակության կողմից, եւ նույնիսկ ընդլայնել ձեր բիզնեսն ու բազմապատկել ձեր եկամուտները։ Եթե շարունակեք պատվազրկությամբ ծառայել ներկա իշխանություններին, ապա նրանք ցանկացած պահի ձեզ կոչնչացնեն առանձին-առանձին։ Իսկ եթե միահամուռ կերպով ընդդիմանաք նրանց, ապա մեկ օր անգամ չեն դիմանա... Հասկանալի է, թե դրան ինչն է խանգարում։ Հասկանալի է, թե ինչու եք այդքան վախեցած, կուչ եկած։ Հասկանալի է, թե ինչու եք շրջապատված սափրագլուխների գումարտակներով։ Այս ամենը հասկանալի է, քանի որ քոչարյանա-սերժական ռեժիմը ձեր դեմ կոմպրոմատներ ունի։ Դուք ստիպված եք եղել ձեր գործունեության մեջ բազմիցս խախտել օրենքը՝ խուսափել մաքսավճարներից ու հարկերից, կաշառել ու կաշառվել, թաքցնել ձեր իրական եկամուտները եւ այլն։ Բայց դա ձեր մեղքը չէ։ Դուք հարկադրաբար ենթարկվել եք այն խաղի կանոններին, որոնք սահմանել է ներկա վարչախումբը։ Դուք իրականում կատարել եք ձեր հարկային պարտավորությունները, բայց ձեր մուծումները հայտնվել են ոչ թե պետական բյուջեում, այլ բոլորովին ուրիշ տեղ։ Վստահաբար, նույնիսկ ավելին եք մուծել, քան պարտավոր էիք։ Սա է իրականությունը, եւ դուք այլ կերպ չէիք կարող վարվել, քանի որ հակառակ պարագայում կհայտնվեիք բանտերում կամ ստիպված կլինեիք թողնել բիզնեսը» (08.12.2007)։
Դեղատոմսը
Ստացվում է հետեւյալ իրողությունը.
1.      Բռնապետական իշխանությունը երբեք ինքնուրույն չի գնա այնպիսի փոփոխությունների, որոնք կտանեն երկրի ժողովրդավարացմանը։ Դա կնշանակի ինքնասպանություն։ Նման օրինակ պատմությունը չունի։
2.      Վարչական եւ ֆինանսական հսկայական ռեսուրսների տիրապետող իշխանության բռնի ճանապարհով տապալումը արյունալի է եւ անգամ այդ պահին հաջողություն ունենալու դեպքում չի երաշխավորում ժողովրդավարության հաստատման խնդրի լուծումը։ Պատմությունը ունի միայն հակառակ օրինակներ։
3.      Գործարարներին դարձնելով իրենց սպասարկուն՝ իշխանությունը նրանց հարկադրել է գործել բազմաթիվ տնտեսական հանցանքներ եւ ապօրինություններ, ինչով մի կողմից ապահովել է իրենց հարստության գոյացումը, մյուս կողմից՝ այս խավը հանցավորությամբ կապել իր հետ։
4.      Շարունակելով մնալ իշխանության սպասարկուի դերում՝ գործարարներն այդ իշխանությանը դարձնում են անպարտելի։ Դա ապացուցված է փորձով։ Անցնելով ժողովրդական շարժման կողմը՝ նրա հաղթանակը եւ ժողովրդավարության հաստատումն են դարձնում երաշխավորված։ Սա էլ պատմական օրինաչափություն է։
5.      Ստիպողաբար կոռուպցիոն իշխանական համակարգի սպասարկու դարձած եւ պարտադրաբար բազմաթիվ տնտեսական հանցանքներ գործած գործարարներն, այդ քայլն անելու համար, բնականաբար, պետք է ապահովության երաշխիքներ ունենան ապագայի համար։
Ո՞րն է ելքը, դեղատոմսը։
Եթե բացառում ես բախտախնդրությունը, բռնապետական ռեժիմից ազատվելն ու ժողովրդավարության հաստատումն ընդունում որպես գերխնդիր, ապա միակ ելքը՝ դեղատոմսը դժվար չէ գտնել։ Դա կոմպրոմիսն է։ Այն կոմպրոմիսը, ինչի մասին խոսում է աշխարհահռչակ գիտնական Վ. Իվանովը (տես հոդվածի սկիզբը) ճիշտ այսպիսի դեպքերի համար։ Այլ խոսքով՝ ժողովրդավարություն հաստատելու գերխնդիր ունեցող բուրժուա-դեմոկրատական հեղափոխության մեջ դրա երկու հիմնական շարժիչ ուժերից մեկին՝ գործարարներին ներգրավելը։
Լեւոն Տեր-Պետրոսյանը, հանգամանորեն ու փաստարկված սահմանազատելով գործարարներին իշխանությունից, բնականաբար՝ այդ կոմպրոմիսն առաջարկել է ի սկզբանե, առաջարկել է հրապարակավ, բացահայտ եւ ոչ մեկ անգամ.
«Իմ ծրագրում ասված է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքում վհուկների որս չպետք է լինի, սեփականության վերաբաշխում չպետք է տեղի ունենա... Հակակոռուպցիոն պայքարն, առաջին հերթին, պետք է ուղղված լինի պետական պաշտոնյաների դեմ։ Եթե որեւէ նախարար իր գործունեության ընթացքում ինչ-որ ընկերությունում բաժին է ձեռքբերել, կամ ինքը ընկերություն հիմնել, կամ էլ լուրջ սեփականության տիրել, ուրեմն, այդ նախարարը ոչ միայն իրավունք չպետք է ունենա աշխատելու, այլեւ անպայման դատվելու է։ Դառնանք ձեռնարկատերերին եւ գործարարներին, որոնց պարագայում հակակոռուպցիոն պայքարի հիմնական խնդիրը լինելու է նրանց հարկային պարտավորությունների կատարման ապահովումը։ Եթե որեւէ գործարար կամ ձեռնարկատեր անօրինական գործարքի հիման վրա տիրել է ինչ-որ սեփականության, ապա հիմնական պատիժը, դատական կարգով, պետք է կրի ոչ թե նա, այլ այն պետական պաշտոնյաները, որոնք թույլ են տվել այդ գործարքը» (Մամլո ասուլիս, 11.01.2008)։
«Այսօրվանից եւեթ յուրաքանչյուրի համար պետք է պարզ լինի, որ իշխանափոխությունից հետո պետական պաշտոնյաների ձեռքով ժողովրդից հափշտակված ողջ հարստությունը պետք է վերադարձվի ժողովրդին։ Դա, բնականաբար, պետք է տեղի ունենա ոչ թե բռնագանձման եղանակով, այլ միանգամայն օրինական ճանապարհով, այսինքն՝ դատական կարգով, ինչի հնարավորությունը պարունակում է Հայաստանի ներկայիս, թեկուզ անկատար, Քրեական օրենսգիրքը։ Ինչ վերաբերում է օլիգարխներին կամ ընդհանրապես գործարարներին, ապա նրանց նկատմամբ պետք է կիրառվի բոլորովին այլ մոտեցում. նրանք պարզապես պետք է տեղափոխվեն գործունեության օրինական դաշտ» (15.10.2010)։

Կոմպրոմիսի պատրաստակամության, խաղաղ ճանապարհով ժողովրդավարության անցման գործում գործարար խավին որպես բնական դաշնակից ներգրավելու այս գիծը եւս անցնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներով սկզբից մինչեւ վերջ։ Հենց այս կոնտեքստում էր նաեւ «Բարգավաճ Հայաստանին» վերաբերող նրա խոսքը՝ «քաղաքական վերլուծությունը» 2011թ. նոյեմբերի 25-ի հանրահավաքում։ Դրա դեմ ոմանք «խիստ սկզբունքային անհամաձայնություն» ունեցան, անգամ հեռացան Կոնգրեսից։ Անհասկանալի է մնում, թե որտեղ էր այդ սկսզբունքայնությունը 4 տարի շարունակ, քանզի այդ առաջարկը, ինչպես տեսանք, բոլոր գործարարներին փառավորապես արվել էր դեռ 2007-ի աշնանից սկսած եւ պարբերաբար։

 Իշխանական հակազդեցությունը
Վարչախումբը, բնականաբար, շատ լավ է հասկանում, որ իր համար կործանարար կլինի գործարարների՝ ժողովրդավարական շարժմանը միանալը։ Հասկանում է ու ամեն ինչ անում է դա թույլ չտալու համար։ Նախ եւ առաջ՝ աշխատում է նրանց առավելագույնս ներքաշել նորանոր հանցանքների մեջ. «Իշխանության ներկայացուցիչները մերթընդմերթ դիտավորյալ կերպով ատելության թիրախ են դարձնում օլիգարխներին՝ հասարակության ուշադրությունն իրենց սեփական հանցագործություններից շեղելու համար» (Լ. Տեր-Պետրոսյան, ելույթ 25.11.2011)։ Ժամանակ առ ժամանակ տարբեր մակարդակներով խոսում են խոշոր գործարարների «ստվերային» տնտեսություն վարելու, հարկերից խուսափելու, գների բարձրացման մասին եւ այլն։ Նույնիսկ լուրեր են տարածվում, թե Ս. Սարգսյանը որոշել է «պայքարել օլիգարխների դեմ»։ Այս կերպ վարչախումբը շատ կարեւոր խնդիր է լուծում. նրանց սեփական հարստացման միջոց օգտագործելուց բացի նաեւ օգտագործում է որպես հասարակական դժգոհության թիրախ։ Դրանով խոչընդոտում է ժողովրդավարության հաստատման օրակարգի շուրջ վերջիններիս հնարավոր միացումը, խաղաղ ճանապարհով բուրժուա-դեմոկրատական հեղափոխության իրականացումը։
Կարելի է, անշուշտ, «խիստ սկզբունքային» լինել եւ գեղեցիկ ճառեր ասել։ Իրողությունն այն է, սակայն, որ վարչախմբի համար լավագույն նվերն են այնպիսի կարգախոսները, որոնք որպես ժողովրդավարական շարժման թիրախ, նույնացնում են բռնապետական իշխանությանն ու գործարարներին (օլիգարխներին)։
***
Հոդվածը ավելի շատ գիտական, քան քաղաքական կամ հրապարակախոսական ստացվեց։ Ուստիեւ՝ շարունակելով օգտվել գիտական տերմինաբանությունից, ամփոփենք այսպես.
1.      1988 թվականից սկսված հայկական բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը, որ հետապնդում էր Հայաստանում ժողովրդավարության հաստատումը, դեռ չի ավարտվել (ինչպես չի ավարտվել, օրինակ, Ռուսական բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը, որ սկսվել է 1905թ.)։
2.      Հայկական բուրժուա-դեմոկրատական հեղափոխության ընթացքը կասեցվել է 1998թ. պետական հեղաշրջմամբ եւ 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ, ապա վերականգնվել 2007թ. աշնանից ծայր առած ու շարունակվող համաժողովրդական շարժմամբ։
3.    Բռնապետական ռեժիմից ժողովրդավարության անցման գերխնդիրը լուծելի է միմիայն խաղաղ ճանապարհով, բուրժուա-դեմոկրատական հեղափոխության երկու շարժիչ ուժերի՝ ժողովրդական զանգվածների ու գործարարների ջանքերի համատեղմամբ։
4.    Պատմական, հասարակագիտական ու քաղաքագիտական հանրահայտ աքսիոմատիկ օրինաչափությունների ճանաչումն ու ընդունումն է 5 տարի շարունակ կազմել Շարժման առաջնորդի ելույթների հետեւողական առանցքային գիծը ու որպես մարտավարության ելակետ դրված եղել Համաժողովրդական Շարժման, Հայ Ազգային Կոնգրեսի հետապնդած գերխնդրի՝ բռնապետության տապալման եւ ժողովրդավարության հաստատման համար պայքարի քաղաքական տրամաբանության հիմքում։
5.    Դրանից դուրս ամեն ինչ անխուսափելի ուղեկցող ու անցողիկ երեւույթներ են, որոնց ելակետը ոչ թե «սկզբունքային տարաձայնություններն» են, այլ կա՛մ  քաղաքական պատվերը, կա՛մ քաղաքական կարճատեսությունը, կա՛մ անձնական շահը եւ կարիերայի ձգտումը, կա՛մ բորբոքված հավակնությունները, որոնց բավարարումը չեն տեսնում իրերի բնականոն զարգացման դեպքում։ Այս ամենը կարող են խոչընդոտել, բայց ոչ երբեք կասեցնել պատմական պրոցեսը։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

                                                                 «հայկական ժամանակ», 16.06.2012

No comments:

Post a Comment