Tuesday, June 5, 2012

ՌԵԺԻՄԻ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ


Կարծես թե հետընտրական մի քանի շաբաթվա ընթացքում արդեն տրվել են մայիսի 6-ի ընտրությունների բոլոր գնահատականները եւ արվել դրա հետեւանքների հնարավոր կանխատեսումները։ Կարծում ենք, ինչ-որ կարեւոր բան դուրս է մնացել։
Արեւմուտքի ընտրության հիմքը
Հայաստանն այլ երկրների, մասնավորապես Արեւմուտքի աշխարհաքաղաքական շահերին առնչվող միջազգայնացված երկու խնդիր ունի՝ Լեռնային Ղարաբաղ եւ Հայոց ցեղասպանություն։ Առաջինը Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական խնդիրն է 1991 թվականից ի վեր եւ իր հիմքում ունի հայ-ադրբեջանական «տաք» հակամարտությունը։ Երկրորդը պայմանավորում է Թուրքիայի հետ ունեցած սառեցված հարաբերությունները, իսկ արտաքին քաղաքականության օրակարգ մտցվեց 1998 թվականի հեղաշրջումից հետո։
Միջազգայնացված խնդիր ունենալը բարեբախտություն չէ ամենեւին, եթե չասենք՝ հակառակը։ Հզորներից ամեն մեկը ձգտում է այն դարձնել լծակ ու դրանով ինչ-որ բան շահել իր համար։ Որպես կանոն՝ ամենաքիչն ստանում կամ ամենաշատը տուժում է խնդրի «տերը»։ Մանավանդ, երբ այդ «տերը» բազմակողմանի թույլ է ու խոցելի կամ ոչ թե իրոք ձգտում է խնդրի լուծմանը, այլ ինքն էլ իր հերթին է այն դիտարկում որպես լծակ՝ երկրի ներսում ունեցած իր դիրքը, ազդեցությունը  կամ իշխանությունը պահպանելու համար։ Հենց որպես այդպիսի մի լծակ է դարձել Ղարաբաղի հարցը նույն 1998թ. ի վեր։ Եւ լծակը ինչ-որ պահի ջարդվում է։ 1878-ից միջազգայնացված «Հայկական հարցը»,  օրինակ, իր աղետալի հետեւանքներով դրա լավագույն ապացույցն է։
Այսօր էլ նմանօրինակ խնդիրների լուծումը միջազգային հանրության համար ավելի հեշտ է թույլ կողմի հաշվին ու նրան առավել թուլացնելով։ Կողմի ուժը արդի աշխարհում ոչ միայն նրա բնական ռեսուրսները, բնակչության քանակն ու տնտեսական հզորությունն է, այլեւ իշխանության որակը, ժողովրդավարության մակարդակը։ Իշխանությունն այնքան ավելի թույլ է ու խոցելի, որքան այն զուրկ է օրինակարգությունից, կոռումպացված է եւ հանցավոր։ Վերջին 4-5 տարիների կտրվածքով, ահա, Արեւմուտքն իր առջեւ դրել եւ լուծում է Հայաստանում այս որակի մի իշխանության պահպանման խնդիր՝ երբեմն ընդհուպ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ջատագովի իր համբավը վտանգելու գնով։
Արեւմուտքի դրած այս խնդրի մասին ժամանակին կարելի էր խոսել քաղաքական վերլուծությունների հարթության վրա եւ պնդել որպես փաստարկված ենթադրություն։ Այդ կերպ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ 2008թ. ներկայացնում է հետեւյալ ենթադրությունը. «Գլխավորը Սերժ Սարգսյանի թուլությունն է եւ դրանից օգտվելու աննախադեպ պատեհությունը։ Այնպիսի լծակների առկայությամբ, ինչպիսիք են լեգիտիմության բացակայությունը, կոռումպացվածության աստիճանը եւ բարոյական նկարագրի խոցելիությունը, Սերժ Սարգսյանն ուղղակի գտնված գանձ է Արեւմուտքի համար (ելույթ 17.10.2008թ. հանրահավաքում)։  Այն բանից հետո, երբ «վիկիլիքսյան» հրապարակումների շնորհիվ բացահայտվեցին նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գաղտնի փաստաթղթերը, այս թեման որպես վերլուծության նյութ սպառվեց, քանզի վավերական փաստաթղթերով նույն պատկերը սեղանին դրվեց որպես անսակարկելի փաստ։
Հետագա իրադարձությունների, եւ դարձյալ՝ «վիկիլիքսյան հրապարակումների շնորհիվ առարկայական փաստի արժեք ստացավ Առաջին նախագահի նաեւ հետեւյալ գնահատականը. «Արեւմուտքն այսօր ոչ միայն որեւէ կերպ չի աջակցում Հայաստանում ձեւավորված հզոր ժողովրդավարական շարժմանը, այլեւ անում է ամեն ինչ այդ շարժումը ոչնչացնելու համար՝ հանդուրժելով թե՛ կեղծված ընտրությունները, թե՛ մարտի 1ի սպանդը, թե՛ ընդդիմության դեմ սանձազերծված հալածանքն ու բռնությունները, եւ թե՛ քաղբանտարկյալների գոյության փաստը։ Դրանով Արեւմուտքը ցավալիորեն ցույց է տալիս, որ պատրաստ է աչք փակել Սերժ Սարգսյանի ցանկացած անօրինականության վրա, միայն թե նա զիջումների գնա Ղարաբաղյան հակամարտության եւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում (Ելույթ Հայ Ազգային Կոնգրեսի առաջին համաժողովում, 21 դեկտեմբերի, 2008թ.)։ Իմիջայլոց, այն փաստը, որ Արեւմուտքը մի կողմից գուրգուրում է իր կողմից ավազակապետական համարվող իշխանությանը, մյուս կողմից՝ ամեն ինչ անում է Համաժողովրդական շարժումը ոչնչացնելու համար, նշանակում է, որ քաղաքական իմաստով, ի դեմս Հայ Ազգային Կոնգրեսի  նա տեսնում է այսօրվա իշխանության հակապատկերը։
Սիրո գաղտնիքը
2008թ. նախագահական ընտրության մասին ԵԱՀԿ դիտորդական առաքելության զեկույցներում, ապա ԵԽԽՎ բանաձեւերում, ԱՄՆ պետդեպի ամենամյա զեկույցներում, այլ փաստաթղթերում, գաղտնազերծված փաստաթղթերում հառնում է այն նույն ավազակապետության պատկերը, ինչն իր առաջին ելույթներում ներկայացրել էր ՀՀ Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Բայց դրա կողքին նաեւ այն ներողամտությունն ու առաջին հայացքից անհասկանալի հոգատարությունը, որ ցուցաբերվում է իշխող ռեժիմի եւ Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Այս վարքագծի հրապարակային քաղաքական գնահատականը Լեւոն Տեր-Պետրոսյանը տվեց 2008թ. ապրիլի 10-ին («Կոչ հացադուլավորներին». «Առերեւույթ կայունության ապահովման շահագրգռությամբ, բայց ծածկաբար Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքերը թուլացնելու նպատակով, Արեւմուտքը նախընտրեց մեր երկրում ունենալ խոցելի լեգիտիմությամբ օժտված բռնապետություն, քան ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն»։ Սերժ Սարգսյանն իր խոցելի լեգիտիմության համար վճարեց նրանով, որ հայտնի «Մադրիդյան սկզբունքները» վերջնականապես ընդունեց որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմք։ Հիշեցնենք, որ այս փաստաթղթի առանցքային դրույթները նույնությամբ կային ԵԱՀԿ 1996թ. Լիսաբոնյան գագաթնաժողովի բանաձեւում, ինչը կտրականապես մերժել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ վետո դնելով դրա վրա, քանզի «...երբ տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքները դրվում են իրար կողք, դա նշանակում է` Ղարաբաղի ինքնորոշումը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, այսինքն՝ ոչ ավելի, քան ինքնավարություն Ադրբեջանի կազմում» (Լ. Տեր-Պետրոսյան, ելույթ 20.04.2012 հանրահավաքում)։ Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի հարցում զիջումների գնալու պատրաստակամությունը առաջին հիմքն է, ինչի շնորհիվ Ս. Սարգսյանը վայելում էր Արեւմուտքի սերն ու բարեհաճությունը։
Ամիսներ անց, երբ Ս. Սարգսյանը Թուրքիայի հետ նախաձեռնեց իր «ֆուտբոլային դիվանագիտությունը», Լեւոն Տեր-Պետրոսյանն արեց հետեւյալ կանխատեսումը. «Նկատի ունենալով, որ ակնհայտորեն խնդիր է դրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ–թուրքական հարաբերությունների կնճիռը լուծել փաթեթով, չպետք է բացառել, որ փորձ արվի այդ փաթեթում ընդգրկել նաեւ Ցեղասպանության ուսումնասիրության նպատակով հայ եւ թուրք պատմաբաններից կազմված հանձնաժողովի ստեղծման հարցը։ Քանի որ, ինչպես ասում են, Սերժ Սարգսյանը այդ խայծը կուլ է տվել, նրա օձիքը բաց չեն թողնելու» (Ելույթ 2008թ. հոկտեմբերի 17-ի հանրահավաքում)։ Այս կանխատեսումն էլ իրականացավ։ Ստորագրվեցին ցյուրիխյան արձանագրությունները, որոնցում, իրոք, ընդգրկված էր հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի հարցը, իսկ Ղարաբաղի խնդիրի լուծումը կապված էր սահմանների բացման հետ։ Սա քայլ էր Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, որից Հայաստանը, եւ մանավանդ Սփյուռքը միմիայն կորցրեցին։ Շահեց Արեւմուտքը, որի համար լուծվեց Հայոց ցեղասպանության ճանաչումից խուսափելու ֆորմալ հիմնավորում ունենալու խնդիրը, ինչը եւ Ս. Սարգսյանի նկատմամբ Արեւմուտքի տածած սերո եւ բարեհաճության երկրորդ պատճառն է ։ Քայլի հիմքում դարձյալ Ս. Սարգսյանի խոցելիություն է. «Եթե պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը սովորական առեւտրային գործարք էլ համարենք, ապա դա միանգամայն ձախորդ գործարք է կամ գործարք է ոչ թե «հանձնաժողով՝ սահմանի բացման դիմաց», այլ, լավագույն դեպքում, «հանձնաժողով՝ Սերժ Սարգսյանի լեգիտիմության ճանաչման դիմաց» բովանդակությամբ», - արձանագրեց Առաջին նախագահը (ելույթ 2009թ. նոյեմբերի 11-ի Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվի ժողովում)։ Անշուշտ, շահեց նաեւ Թուրքիան՝ հիանալի փաստարկ ստանալով Ցեղասպանության ճանաչումը տարբեր երկրների կողմից խափանելու համար։
Որպես հանրաքվեի փորձարկում
Նկատի ունենալով, թե Արեւմուտքն ինչ ներեց ու հանդուրժեց Ս. Սարգսյանին 2008թ. ընտրությունների եւ Մարտի 1-ի հետ կապված, բնական է ենթադրել, որ մինչ այդ նրանց մեջ պայմանավորվածություն է եղել թե՛ Ղարաբաղի, թե՛ հայ-թուրքական հարաբերությունների հարցում։ Արեւմուտքն առ այսօր պահել է իր խոսքը եւ դրա դիմաց աշխատելու է Ս. Սարգսյանից մինչեւ վերջ կորզել նրա խոստացածը։ Այս առումով վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփմանը նվիրված Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ենթադրությունն անվիճելի է. «Սերժ Սարգսյանի գլխավորած հանցավոր վարչախմբին աշխարհը աջակցելու, փայփայելու ու գուրգուրելու է այնքան ժամանակ, քանի դեռ նրանից չի կորզել նախ՝ հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ձեւավորումը, իսկ ապա՝ Լեռնային Ղարաբաղի ձեռքբերած փաստացի անկախությունն ու ազատագրված բոլոր տարածքները։ Ահա սա է այսօրվա կեղծված ընտրությունների գինը, որ Ս. Սարգսյանը վճարելու է իր դայակներին ու փաստաբաններին»։ (ելույթ 2012թ. մայիսի 8-ի հանրահավաքում)։ Անշուշտ, սա չի նշանակում, թե դրա դեմ «խաղ չկա»։ Դրա դեմ կարող է շատ լուրջ «խաղ տալ» օրինակարգ ամեն մի իշխանություն, որը զերծ կլինի այսօրվա վարչախմբի արատներից։
Բայց վերադառնանք վերջին խորհրդարանական ընտրություններին։ Այն, որպես օրինակ, կարող է լուրջ հիմք դառնալ ղարաբաղյան կարգավորման վերջնական փաստաթուղթը ընդունելու համար։
Մայիսի 6-ի ընտրություններում, հնարավոր է՝ նույն Արեւմուտքի թելադրանքով ըստ էության չկիրառվեցին լայնամասշտաբ բռնություններ։ Դրա փոխարեն մի քանի անգամ մեծացավ «աննկատ» ընտրախախտումների, մասնավորապես ցուցակների ուռճացման, բազմակի քվեարկությունների, ընտրակաշառքի ծավալը։ Վարչախումբն ապացուցեց, որ միայն ընտրակաշառքով նա ի վիճակի է իր ուզած ձայները հավաքել։  Բայց սա միայն վարչախմբի խոցելիությունը խորացնող հիմք չէ Արեւմուտքի համար, այն, այո, կարող է օգտագործվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջնական փաստաթուղթը Հայաստանին պարտադրելու համար։
  Հիմա պատկերացնենք, որ այսօր գործը հասել է վերջնագծին։ Գեղարվեստական պատկերի վերածած՝ ի՞նչպիսին կարող է լինել վերջին խոսակցությունը պայմանականորեն անձնավորած «Միջազգային հանրության» եւ Սերժ Սարգսյանի միջեւ.
·        Ահա, ուրեմն, վերջնական փաստաթուղթը, Լեռնային Ղարաբաղը որպես ավտոնոմիա պիտի մնա Ադրբեջանի կազմում։
·        Բայց ես չեմ կարող նման փաստաթուղթ ստորագրել, քանի որ Հայաստանի ժողովուրդը դա չի ընդունի ու կընդվզի իմ դեմ։
·        Իսկ դու հանրաքվեի դիր եւ թող ինքը ժողովուրվը դա վավերացնի ։
·        Ոչ մեկը չի քվեարկի նման լուծման օգտին։
·        Բայց դու այդ ասպարեզում հսկայական փորձ ունես։ Մեր դիտորդները, մասնավորապես 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ արձանագրել են համատարած ընտրակաշառք։ Նվազագույն հաշվարկներով մեկ միլիոնից ավելի ձայն հավաքվել է կաշառքի շնորհիվ, ինչի վրա 100 միլոն դոլար գումար է ծախսվել։ 700 հազարի չափ էլ մշտական բացականեր ունեք, որոնց փոխարեն քվեարկելու հիանալի մեխանիզմ եք մշակել։ Կաշառքն էլ ձեր հաշվին, եթե անհրաժեշտ է՝ բաժանեք կրկնակին, եռակին։ Գիտենք, որ ձեռներդ քարի տակ չէ։
Եթե որեւէ մեկը, առանց իրեն գժի տեղ դնելու, Ս. Սարգսյանի փոխարեն կարող է ինչ-որ բանական առարկություն ներկայացնել Միջազգային հանրությանը, թող անպայման դա հրապարակաի, կամ ուղարկի նրան։ Որովհետեւ այս խոսակցությունը վաղվանից սկսած, մի օր տեղի է ունենալու։
Նույնը կարող են անել նաեւ Հայ-թուրքական արձանագրությունների դեպքում։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

|«Հայկական ժամանակ», 05.06.2012

No comments:

Post a Comment