Tuesday, March 1, 2011

ԿՈՆԳՐԵՍԸ ԲԱՑ Է, ԴԱՇՏՆ՝ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ

01.03.2011

Ժամանակ առ ժամանակ, մասնավորապես ակտիվ քաղաքական զարգացումների շրջանում, հրապարակ է նետվում ու քննության նյութ դառնում ընդդիմադիր դաշտի, իբր, պառակտված լինելու, դրա համախմբման խնդիրը։ Ընդ որում՝ դրանում իրենց «ակեղծ անհանգստությունն» են հայտնում ոչ միայն «չեզոք» վերլուծաբաններ ու լրագրողներ, այլ նաեւ իշխանության ներկայացուցիչներ եւ իշխանական լրատվամիջոցներ։ Ըստ այդմ՝ որքան էլ ակնհայտ է, թե որտեղից է նետվում թեման, այն լայն տարածում է ստանում։ Ընդ որում՝ մեղադրանքի սլաքն ուղղվում է միմիայն Հայ Ազգային Կոնգրեսի, հենց այն ուժի դեմ, որը, եթե այդպես ասենք, այդ նույն ընդդիմադիր դաշտի համախմբման աննախադեպ ցայտուն մի օրինակ է՝ իր 18 իքնուրույն քաղաքական ուժերով եւ տասնյակ հազարավոր անհատ, ոչ կուսակցական անդամներով, չհաշված՝ հարյուր հազարավոր համակիրները։ Ընդ որում՝ Կոնգրեսի հիմնադիր փաստաթուղթն այն բաց է հայտարարել բոլորի համար։ Եւ միայն թվական տվյալներով չէ, որ բնորոշվում է Կոնգրեսը, այլ նաեւ եռամյա ամենադաժան քննությամբ՝ մարտիմեկյան ջարդ ու սպանդ, հինգ հարյուրից ավելի ձերբակալություններ, հարյուր հիսունի չափ քաղբանտարկյալներ (որոնց մի մասը դեռ բանտերում են), մի քանի հարյուր հալածյալներ, հինգ հազարի չափ բռնությունների, ահաբեկումների, տնտեսական եւ այլ ճնշումների ենթարկվածներ։ Եւ այնուամենայնիվ, Հայ Ազգային Կոնգրեսն իր հիմնական պահանջով, այն է՝ Հայաստանում հաստատված իշխանությունը ոչ լեգիտիմ է եւ անհրաժեշտ է արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների միջոցով վերականգնել սահմանադրական կարգը, բաց է ցանկացած անհատի եւ ուժի համար։ Ավելին՝ պատրաստ է ամենասերտ համագործակցության նաեւ այն դեպքում, եթե որեւէ ուժ նույն այս պահանջով գերադասում է գործել ինքնուրույն։ Ցավոք, այսօրվա մեր պայմաններում, օբյեկտիվորեն, սա է ընդդիմադիր լինելու միակ չափանիշը։
Եւ քանի որ հերթական անգամ քննարկումներում շահարկվում է «ընդդիմության համախմբման» հարցը անհրաժեշտ ենք համարում ներկայացնել նույն առիթով ՀՀ Հիմնադնր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 2009թ. հունիսի 12-ի հանրահավաքի ելույթի համապատասխան հատվածը։ 
* * *
«Քաղաքապետի ընտրություններից հետո բավականին մոդայիկ են դարձել այն խոսակցությունները, որ Հայ Ազգային Կոնգրեսին անհրաժեշտ է ընդլայնել իր դաշնակիցների շրջանակը եւ համագործակցության եզրեր որոնել մնացյալ ընդդիմադիր ուժերի հետ։ Գաղափարը միանգամայն ճիշտ է եւ վիճարկման ենթակա չէ։ Այնուամենայնիվ, կարծում եմ, այն որոշ պարզաբանումների կարիք ունի։
Նախ եւ առաջ, Հայ Ազգային Կոնգրեսը երբեւէ ընդդիմադիր դաշտում ամբողջատիրություն հաստատելու կամ մյուս քաղաքական ուժերին իր մեջ ձուլելու մտադրություն չի ունեցել եւ այսօր էլ չունի։ Գլխավորը մեզ համար եղել եւ մնում է ոչ թե կառուցվածքային միատարրությունը, այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից երկրի եւ ազգի առջեւ կանգնած կարեւորագույն խնդիրների լուծման անհրաժեշտության ընդհանուր գիտակցությունը։
Կոնգրեսը կամ նրան նախորդած Համաժողովրդական շարժումը երբեւէ չի հրաժարվել ընդդիմադիր որեւէ ուժի հետ համագործակցությունից։ Ավելին, որպես կանոն, ինքն է եղել համագործակցության համարյա բոլոր փորձերի նախաձեռնողը։ Հի­շենք, թեկուզ, նախագահական ընտրությունների նախօրյակին մեր վարած բանակ­ցու­թյուն­­ները Դաշնակցության, Օրինաց երկրի, Ազգային միաբանության, Ժառանգության, Նոր ժամա­նակ­ների, ԱԺՄ-ի եւ քաղաքական այլ ուժերի հետ։ Անկախ արդյունքից, անժխտելի է, որ բանակցությունների փաստն ինքնին երկխոսության որոշ մթնոլորտ ստեղծեց եւ քաղա­քական մշակույթի նոր տարրեր մտցրեց երկրի կյանքում։
Թվարկված կուսակցություններից երկուսը՝ Ժառանգությունը եւ Նոր ժամանակ­նե­րը միացան Համաժողովրդական շարժմանը եւ նախագահական ընտրություններում սա­տարեցին նրա առաջադրած թեկնածուին։ Մնացյալները նախընտրեցին լքել ընդդի­մա­­դիր դաշտը եւ ապաստանել իշխանական ճամբարում։ Հետագայում, երբ ձեւավորվեց Հայ Ազգային Կոնգրեսը, Ժառանգությունը եւ Նոր ժամանակները հարմար չգտան ընդ­գրկ­վել նրա կազմում՝ շարունակելով իրենց անկախ ընդդիմադիր գործունեությունը։ Դրա­նով հանդերձ, Կոնգրեսի եւ Ժառանգության համագործակցությունն ամենեւին չդա­դա­րեց, ինչի ցայտուն վկայությունն են մասնավորապես նրանց բազմաթիվ համա­տեղ հայ­տա­րարությունները եւ Փաստահավաք խմբում ծավալած արդյունավետ գործունեու­թյունը։
Իսկ ընդհանրապես ամենեւին կարեւորություն չպետք է տալ համագործակցության ձեւական կողմին։ Երբ տարբեր ընդդիմադիր կուսակցություններ կամ քաղաքական ուժեր, ընդհանուր շահի գիտակցությամբ, թեկուզ իրարից անկախ, պայքարում են իշխանությունների դեմ, նրանք ինքնաբերաբար դառնում են բնական դաշնակիցներ եւ ուժեղացնում միմյանց։ Այդպես է, ահա, Հայ Ազգային Կոնգրեսի եւ Ժառանգության պարագայում։ Ինչ վերաբերում է մյուս կուսակցություններին, մասնավորապես Դաշնակցությանը եւ Բարգավաճ Հայաստանին, ապա նրանք դեռ ընդդիմություն պիտի դառնան, որպեսզի նրանց հետ համագործակցելու անհրաժեշտությունից խոսվի։
Ինձ համար անհասկանալի է ընդդիմության դաշտում առաջացած հրմշտոցը։ Այդ դաշտն այնքան ընդարձակ է, որ կարող է տեղավորել բոլորին։ Վերջին հաշվով, քաղաքական որեւէ ուժի ետեւից գնալու որոշումը պատկանում է ժողովրդին։ Հայ Ազգա­յին Կոնգրեսը, կայացած փաստ լինելով, ինքնահաստատման խնդիր չունի։ Մենք պատրաստ ենք ընդդիմության դաշտում գրկաբաց ընդունել ցանկացած կուսակցու­թյուն՝ չվախենալով մրցակցությունից եւ բաց չթողնելով համագործակցության որեւէ առիթ։ Հասարակության մեջ վհատություն ու հուսահատություն սերմանողները կամ ընդդիմության դաշտը պառակտել փորձողները՝ մի կողմից ակամա (չեմ ուզում կարծել՝ թե դիտավորյալ) ծառայություն են մատուցում իշխանություններին, մյուս կողմից՝ իրենց դատապարտում են մարգինալացման։ Կոնգրեսն իր պարտքն է համարում ամեն ինչ անել այդ պառակտումը թույլ չտալու համար եւ համագործակցության ձեռք է մեկնում բոլոր ընդդիմադիր ուժերին»։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

«ՀԺ» 01.03.2011

No comments:

Post a Comment