«Ոչմիթիզհող» կարգախոսը եղել է նաեւ Առաջին հանրապետության կառավարության ուղեգիծը սրանից 100 տարի առաջ։ Այն ժամանակ դա հնչում էր «միացյալ Հայաստան» ձեւով։ Դրա դեմ ոչ մեկը չի առարկել, գոնե՝ բարձրաձայն. վախեցել են «դավաճան» պիտակից։ Եթե եղել են անհատներ, ապա խստագույնս պատժվել են։ «Ոչմիթիզհողական» հոխորտանքի լեզվով էլ 1920 թ. սեպտեմբերին պատերազմի մեջ մտան Թուրքիայի դեմ։ Նոյեմբերին, երբ խայտառակ պարտությունը փաստ էր, սկսեցին խոսել ողորմելի աղերսանքի լեզվով։ Ահա այդ պատկերը Դաշնակցական կառավարության պաշտոնաթերթի` այդ ամիսների համարներից կատարված քաղվածքների տեսքով (քաղվածքները ըստ պատմաբան Լեոյի. «Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը», հ. 2, Եր. 1994, էջ 236-238)։ Երկու վերնագրերի տակ զետեղված նյութի միայն կոնտրաստը, առանց որեւէ մեկնաբանության անգամ՝ սպանիչ է։
«Ոչմիթիզհողական» հոխորտանքի լեզուն
«Մենք հուսահատվելու եւ ոչ մեկ հիմք ու պատճառ չունենք։ Մենք գիտենք կամքը մեր ժողովրդի, գիտենք ուժը մեր սեղմած բռունցքի, մենք գիտենք եւ հավատում ենք մեր հերոս բանակի հիասքանչ գործերին եւ մենք վստահ ենք, որ անարգ թշնամին՝ շատ շուտով գլխովին ջախջախված՝ պիտի թողնի մեր երկրի սահմաններն ու նորից քաշվի իր դավադիր որջը»։
«Պատրաստ, հայ ժողովուրդ, թրքական վտանգն է գալիս։ Պատրաստ հայ աշխատավոր, դեպի ֆրոնտ, դեպի թշնամին։ Ով մեզ հետ չէ... մեր թշնամին է։ Ով փախչում է... նա դավաճան է»։
«Մահ ներքին դավաճաններին... մահ թշնամուն»։
«Դաշնակցական ընկեր, մեր ժողվրդի դարավոր ոսոխն է գալիս, մեր հին ծանոթ թշնամին։ Սեղմենք շարքերը, ամրապնդենք ֆրոնտը»։
«Ճնշել բոլշեւիկյան խռովությունները, պիտի հաղթենք արյունկզակ թուրքերին»։
«Հայաստանի ժողովուրդ, դու մենակ ես, խելագարություն է ինչ-որ հրաշքի հույսով ապրել։ Քեզ միայն քո սեփական ուժը կփրկե։ Կառավարությունը նորից ու նորից հիշեցնում է քեզ - քո փրկությունը միայն ինքնագործունեության, միայն կռվի մեջ է»։
«Կռիվ կամ մահ, ուրիշ ելք չկա»։
«Դաժան թշնամին վերջին հուսահատական ճիգն է թափում ոտնակոխ անելու մեր հայրենիքը եւ բնաջնջելու մեր ժողովուրդը»։
«Գիտակցիր, հայ ժողովուրդ, որ թշնամին գալիս է փոքրաթիվ ուժերով եւ իր հուսահատական սուրը ճոճում է քո գլխին։ Լարիր բոլոր ուժերդ, հայ ժողովուրդ, հայրենիքը զենքի է կանչում բոլորիդ»։
«Ամեն ոք պարտավոր է զինվոր դառնալ, ամեն ոք պարտավոր է ամրապնդել մեր ներքին ճակատը, մեր արտաքին ֆրոնտը։ Ով խույս տա պարտականությունից, նա դավաճան է, նրա վարձատրությունը գնդակն է կամ կախաղանը»։
«Ով ձգտում է հաշտության, նա պետք է պատրաստ լինի կռվելու»
«Թշնամին սպառնում է մեր հայրենիքի սրտին, նրա նպատակն է բնաջնջել հայ ժողովուրդը» - «Պատրաստ եղիր հայ ժողովուրդ, անողոք ու վճռական կռվի»։
«Վերջին օրերի իրադարձություններից հետո ամենքի համար պարզ պիտի լինի, որ թշնամին չի ուզում հաշտվել հայ ժողովրդի հետ, այլ ձգտում է զենքի ուժով թելադրել մեզ իր կամքը, ոտնակոխ անել մեր երկիրը, բնաջնջել մեր ժողովուրդը, հիմնահատակ կործանել մեր պետությունը»։
«Թշնամին ստիպում է մեզ կռվել։ Այդ կռվի վախճանից է կախված Հայաստանի ու հայ ժողովրդի լինելն ու չլինելը»։
«Միայն կռվով մենք պիտի կարողանանք հարկադրել բարբարոս թշնամուն հաշտություն կնքել մեզ հետ։ Վերջին օրհասական կռիվն է այս։ Բոլորդ դեպի կռիվ, ամեն ինչ հաշտության համար» ։
Այս ամենը 1920 թ. հայ-թուրքական պատերազմից առաջ եւ պատերազմի ընթացքում, որը տեւեց ընդամենը երկու ամիս։
(Միջանկյալ 1. Միջանկյալ ասենք, որ ընթերցողը բերված քաղվածքներից տասնյակ, իմաստայինից սկսած մինչեւ բառացի պատճենումներ կարող է գտնել այսօրվա «ոչմիթիզական» քարոզչանյութերում ու «հերոսական» կոչերում)։
Ողորմելի աղերսանքի լեզուն
(Քաղվածքները ըստ Լեոյի նույն աշխատության, էջ 239-247)։
«Իր փրկության համար Հայաստանն ունի մեկ ճանապարհ - գտնել անմիջական կերպով մի ընդհանուր լեզու իր հարեւան թուրքի հետ։ Եթե Հայ ժողովուրդն կամենում է ապրել եւ ապահովել իր պետական ֆիզիկական գոյությունը հարատեւորեն, նա պետք է ունենա ոչ թե ռուսական, այլ թուրքական օրիենտացիա»։
«Եթե մենք լինեինք ռեալ քաղաքագետներ եւ ժամանակին ըմբռնեինք, որ չի կարելի առաջադրել ազգային քաղաքական նպատակներ՝ հենվելով ոչ թե սեփական, այլ օտար ուժերի վրա, եւ եթե մենք ի վիճակի լինեինք ճշտորեն չափելու մեր սեփական ուժերի եւ կարողության իսկական կշիռը, մենք երբեք չպիտի ձգտեինք ստեղծել մի մեծ Հայաստան, որ չգիտեինք էլ, թե ինչպես պետք է լցնեինք ազգաբնակչությամբ, պահենք եւ պաշտպանենք, եւ վաղուց պիտի ունենայինք հաշտություն մեր թշնամու հետ։ Վերջին պատերազմը մի այնպիսի մեծ հարված էր, որ չէր կարող չսթափեցնել, չզգաստացնել մեզ բոլորիս»։
«Պետք է, որ գեթ այժմ ունենանք մեր համեստ սեփական ուժի եւ կարողության դառն գիտակցությունը։ Պետք է որ վերջապես հասկանանք, թե մեր ուժի եւ կարողության չափով միայն մենք կարող ենք քաղաքական նպատակներ եւ պահանջներ առաջադրել։ Այլապես մենք ինքներս կնպաստենք մեր կործանման եւ երբեք չպիտի կարողանանք հարատեւորեն հաշտվել մեր հարեւան թուրքերի հետ»։
«Մեր ազգային քաղաքականությունը, որ եղել է մինչեւ այժմ անուղղելիորեն ռոմանտիկական, պետք է հիմնովին շրջե իր ղեկավարող սկզբունքները։ Ռեալ քաղաքականության գլխավոր սկզբունքն է - պահանջներիդ սահմանը սեփական ուժիդ չափն է»։
«Ժամանակն է, որ մենք բոլորս սթափվենք եւ հիմնովին փոխենք մեր մինչայժմյան քաղաքական ընթացքը։ Ամենից առաջ եւ ամենից ավելի մենք պետք է հաշտ լինենք մեր հարեւանների հետ։ Եւ որքան ավելի ուժեղ են մեզանից մեր հարեւանները, այնքան ավելի խաղաղասեր մենք պետք է դառնանք նրանց հանդեպ»։
«Մենք պետք է ձգտենք ամենայն անկեղծությամբ ու վճռականությամբ վերացնել այն բոլոր խոչընդոտները, որոնք անկարելի են դարձրել մինչ այժմ հայ-թուրքական բարեկամությունը»։
«Հայ ժողովուրդը վերջին ամիսների ընթացքում ունեցավ մի շարք այնպիսի ցնցող քաղաքական անհաջողություններ, որոնք չէին կարող իրենց հերթին չհեղաշրջել նրա քաղաքական գիտակցությունը, չէին կարող ավելի զգաստ եւ ավելի իրատես չդարձնել նրան, չէին կարող վերջապես չբուժել նրան քաղաքական այն կործանարար հիվանդություններից, որոնք միշտ նրա կրած դժբախտությանց եւ աղետների գլխավոր պատճառն են եղել»։
«Օլթիի, Սարիղամիշի, Ղարսի եւ Ալեքսանդրապոլի տակ մեր ունեցած պարտությունները մեզ ազատեցին քաղաքական այն ախտավոր մեծամոլությունից, որը լսել անգամ չէր ուզում փոքրիկ ու համեստ Հայաստանի մասին եւ որ, հակառակ առողջ տրամաբանության բոլոր թելադրանքներին, երազում էր ծովից ծով ծավալվող Հայաստանի մասին։ Քաղաքական այդ կույր մեծամոլությունն էր հայ եւ թուրք անհաշտության, թշնամության գլխավոր պատճառներից մեկը։ Բնական է, որ իր այս հիվանդությունից ազատվելուց հետո հայ ժողովուրդն ավելի հեշտությամբ պիտի կարողանա գտնել ընդհանուր լեզու հարեւան թուրք ժողովրդի հետ»։
«Իր ազատագրական պայքարի այս տաժանելի օրերին հայ ժողովուրդը քաղաքական իմաստություն պիտի ունենա թոթափելու իրենից անցյալի դառն հուշերը եւ ավանդությունները եւ ոչինչ չխնայելու հայ եւ թուրք ժողովուրդների, Հայաստանի եւ Տաճկաստանի բարեկամությունը հաստատելու համար։ Թուրք ժողովրդի, Տաճկաստանի գործուն բարեկամությամբ է միայն, որ հայ ժողովուրդը պիտի դուրս գա իր ներկա ծանր տագնապից եւ թուրք ժողովրդի հետ միասին է, որ հայ ժողովուրդը պիտի կարողանա վերջապես ձեռք բերել տեւական ապահովություն։ Ուրիշ ճանապարհ չկա»։
«Դժբախտաբար, սակայն, արտասահմանում գտնվող հայերն ու իրենց կազմակերպությունները, լինելով բոլորովին կտրված Մայր Հայաստանից, անտեղյակ մեր վիճակին եւ հաճախ ենթակա օտար ազդեցությունների, շարունակում են իրենց նախկին կործանարար եւ անպատրաստ ազգային քաղաքականությունը։ Արտասահմանի հայ գաղութները միշտ ի վիճակի են եղել Հայաստանի նահատակ ժողովրդի վզին փաթաթելու իրենց քաղաքական մեծամիտ ցանկություններն ու տրամադրությունները։ Նրանք, գրեթե միշտ, կարողացել են թելադրել մեզ իրենց կամքը, մղել մեզ այնպիսի ճանապարհներով, որոնք միայն նորանոր դժբախտությունների պատճառ են դարձել մեր ժողովրդի համար»։
«Այսուհետեւ Հայաստանի ժողովուրդը չի կարող այլեւս հանդուրժել, որ հեռավոր երկրներում ապրող հայերն իրենց անմիտ ու մեծամոլ քաղաքականությամբ նորանոր արգելքներ ստեղծեն մեր ժողովրդի եւ իր հարեւանների, մանավանդ թուրք հարեւանների մերձեցման համար»։
Հիշեցնենք, որ «Ոչմիթիզհողական» հոխորտանքի եւ Ողորմելի աղերսանքի լեզուներով գրված այս նյութերի մեջ անգամ ընդմիջում չի եղել, երկրորդն անմիջապես շարունակել է առաջինին։
(Միջանկյալ 2. միջանկյալ ասենք, որ եթե քաղվածքների առաջին խմբում («Ոչմիթիզհողական» հոխորտանքի լեզուն» վերնագրի տակ) հերոսական կոչերի եւ «հաղթողական» քաղաքականության հեղինակը դաշնակցական իշխանությունն է՝ իր խոսափող պաշտոնական մամուլով, ապա քաղվածքների երկրորդ խմբում («Ողորմելի աղերսանքի լեզուն» վերնագրի տակ) բոլոր սխալների ու ձախողումների հեղինակը... ժողովուրդն է, իսկ իշխանությունը կողքից հույս է հայտնում, որ դառը փորձից հետո այդ ժողովուրդն այլեւս չի սխալվի...)։
Հնարավո՞ր էր երրորդ ճանապարհ
Այսինքն՝ ժամանակին հաշտության գնաս հակառակորդիդ հետ եւ բանական փոխզիջումներով ստանաս հնարավոր իրականը, ոչ թե ցանկալին ու երազայինը հայրենասիրական կարգախոս դարձրած՝ կորցնես ամեն ինչ։
Հետին թվով ու մեծ ցավով նման խոստովանություններ արել են Առաջին հանրապետության առաջին եւ երկրորդ վարչապետներ Հովհաննես Քաջազնունին եւ Ալեքսանդր Խատիսյանը՝ նշելով նաեւ թե ինչ կստանայինք այդ դեպքում։ Դա կլիներ ավելի քան կրկնակի պակաս, քան «Միացյալ Հայաստանը», բայց կլիներ ավելի քան կրկնակի ավելի, քան այսօրվա Հայաստանն է։
Հովհաննես Քաջազնունի.
«Մի փաստ մնում է անհերքելի, աղաղակող. մենք չենք արել այն ամենը, ինչ որ պետք է անեինք, պարտական էինքանելու՝պատերազմից խույս տալու համար: Անկախ նրանից, թե որքան կհաջողեինք, մենք պետք է փորձեինք հաշտությանլեզու գտնել թուրքերի հետ: Սա՛ է, որ չենք արել...
«Երբ սահմանի վրա զինական ընդհարումները սկսվել էին արդեն, թուրքերը առաջարկեցին մեզ տեսնել ու բանակցել: Մենք միարհամարհական ժեստով մերժեցինք առաջարկը: Եվ դա մեծ հանցանք էր: Ոչ այն մտքով, որ վստահություն կար, թե բանակցությունները հաջողվելու են անպատճառ, այլ այն մտքով, որ մի խաղաղ ելք գտնելը անկարելի չէր (անհավանական, բայց ոչ անկարելի): Համենայն դեպս, մենք որոշ շանսեր ունեինք թուրքերին խոսք հասկացնելու»։
«Ի՞նչ պիտի առաջարկեին մեզ թուրքերը, եթե ընդունեինք բանակցելու հրավերը։ Հավանորեն պիտի սկսեին Բաթումից ուԲրեստ-Լիտովսկից եւ ապա՝ աստիճանաբար զիջելով, հասնեին մինչեւ 1914 թ. սահմանները. գուցե մի քայլ ետ գնային, հրաժարվեին նաեւ Բայազիդից ու Ալաշկերտից։
«Այսօր մենք հասկանում ենք, թե որքան շահած կլինեինք, եթե 1920 թ. աշնանը, Սեւրի դաշնագրի գնով, անմիջականհամաձայնության եկած լինեինք թուրքերի հետ։ Բայց այն ժամանակ չէինք հասկանում» («Հ.Յ. Դաշնակցությունն անելիք չունիայլեւս», Եր. 1994, էջ 32-33):
«Միացյալ Հայաստանը» պիտի իրականանար սպասվող այն պայմանագրով, որ կնքվեց վերջապես Սեւրում օգոստոսի 10-ին։ Իսկ դրանից առաջ, տեւական ժամանակ, նաեւ նույն թվականի ամռանը կար Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու այլ տարբերակ՝ ձեռք բերելու համար հնարավորն ու իրականը։
Իսկ չի՞ եղել Հայաստանի հարցը միջազգային քաղաքականության կոնտեքստում եւ իրողությունների մեջ լավ պատկերացնող, զգացումներով չկաշկանդված ու սառը դատող մի օտարերկրացի, որը բարեկամաբար կհուշեր իրատեսական ու ճիշտ տարբերակը։ Եղել է, եւ ոչ մեկը։ Սրա մասին արդեն Խատիսյանն ունի երեք կարեւոր վկայություն.
Ալեքսանդր Խատիսյան
ա) 1919 թ. սեպտեմբերին, պատերազմից եւ Սեւրից դեռ մեկ տարի առաջ, ԱՄՆ «Մանդատի» հնարավորությունն ուսումնասիրելու համար տարածաշրջան է գալիս զորավար Հարբորդը։ Նա Հայաստանի վարչապետին հստակ ասում է, որ պետք չէ հույս կապել Փարիզի խաղաղության կոնֆերանսի եւ ԱՄՆ-ի նախատեսվող «Մանդատի» հետ, ապա հաղորդում, որ Թուրքիան «պատրաստ է անմիջապես բանակցությունների մեջ մտնել Հայաստանի կառավարության հետ։ Զոր. Հարբորդ իր կողմեն խորհուրդ կու տար անմիջապես սկսիլ այդ բանակցությունները։ Մենք այդ խորհրդին չհետեւեցինք՝ հավատացած լինելով, որ մեր խնդիրը պետք է լուծվի Փարիզի մեջ» (Խատիսյան, Հայաստանի հանրապետության ծագումն ու զարգացումը, 1968, էջ 192)։
բ) 1920 թ. հուլիսին Պոլսում ԱՄՆ փոխծովակալ Բրիստոլը նույն խորհուրդն է տալիս ավելի հստակ. «Ուիլսոնը բոլորովին չարտահայտեր իր ժողովրդի կարծիքը. ան կսե այն, ինչ որ բոլորովին չի համապատասխաներ Ամերիկացիներու շահերուն եւ տեսակետներուն։ Դուք այդ մասին պատրանքներ պետք չէ ունենաք... Ամերիկայի ժողովուրդն առաջիկա ընտրություններուն ցույց կու տա իր կամքը, եւ այդ կամքը հայտնապես կըլլա ոչ հօգուտ Ուիլսոնի գաղափարներուն, եւ այդ պատճառով հայերն իրենք պետք է փնտրեն թուրքերու հետ մերձեցման ճանապարհներ... Բրիստոլ ըսավ, թե առհասարակ ինք իր պարտքը կհամարե նախազգուշացնել հայ քաղաքական գործիչները, որ իրենք փնտրեն մերձեցում թուրքերու հետ՝ իրենց պահանջները հասցնելով նվազագույնի, հակառակ պարագային անոնց կսպասե ծանր ապագա» (Նույնը, էջ 230)։
գ) Խատիսյանը 1920 թ. ամռանը խիստ գաղտնի երկու հանդիպում է ունենում Թուրքիայի ներքին գործերի նախարար Րեշատ փաշայի հետ՝ ճշտելու համար, թե ինչ կստանա Հայաստանը, եթե անմիջական բանակցությունների եւ հաշտության գնա Թուրքիայի հետ։ Վերջինս, առաջին հանդիպումից հետո, խորհրդակցելով իր կառավարության հետ, հաջորդ օրը, որպես պատասխան՝ «Ան թուղթի վրա գծեց Հայաստանի մոտավոր սահմանները՝ մտցնելով Հայաստանի հողերու մեջ ամբողջ Ռուսական Հայաստանը, Ալաշկերտի եւ Բասենի հովիտները եւ իբրեւ նավահանգիստ՝ Րիզեն» (Նույնը, էջ 231)։
Բրիստոլի հետ առաջին հանդիպումից ընդամենը երեք ամիս անց, երբ արդեն պատերազմն սկսված էր, եւ ելքն, ըստ էության, կանխորոշված, Խատիսյանը նորից է հանդիպում նրան. «Եւ երբ խնդրեցի իրմե միջնորդի դեր ստանձնել Հայաստանի եւ Թուրքիայի մեջեւ, ան հիշեցուց մեր ամառվա զրույցի մասին Թուրքիոյ վերաբերմամբ եւ ըսավ. «Հիմա արդեն ուշ է» (էջ 246)։
Ինչպես Քազազնունին, այնպես էլ Խատիսյանը, Հանրապետության երկու վարչապետները, հետին թվով խոստովանելով հանդերձ գործված մեծագույն սխալը, մատնանշում են նաեւ դրա պատճառը, այն է՝ մթնոլորտը լցված էր այն ժամանակվա «Ոչմիթիզական-հայրենասիրական»՝ «Ծովից-ծով Հայաստան», «Միացյալ Հայաստան», «Մենք թուրքերու հետ խոսելիք չունենք» կարգախոսներով։ Ու դրա դեմ չէր համարձակվում դուրս գալ, բանական խոսք ասել ոչ մեկը, եթե նույնիսկ հասկանում էին դրանով եկող արհավիրքը։
Ամբողջականության համար ավելացնենք, որ նույն սխալը խոստովանել է նաեւ վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը. «Մեր պատմական սխալը եղել է այն, որ մենք մեր չափավոր համեստ ուժերով կամեցել ենք մեծ քաղաքական ծրագրեր իրականացնել, որի հետևանքով և միշտ տուժել ենք և ջախջախվել բոլոր ճակատներում... Մեր օրվա քաղաքականությունը ղեկավարողներից պահանջվում է ունենալ մի այնպիսի քաղաքական գիծ, որ ազատ պահի մեզ արտաքին քաղաքական միջամտություններից, վարել մի քաղաքական գիծ, որի շնորհիվ կարողանանք պահել մեր անկախությունը՝ նվիրելու մեր ժողովրդի ստեղծագործ ուժերը խաղաղ կուլտուրական աշխատանքների համար: Եվ այդ կլինի այն ժամանակ, երբ մենք կկարողանանք մի ընդհանուր լեզու գտնել մեր հարևան ժողովուրդների հետ» («Յառաջ», ՀՅԴ պաշտոնաթերթ 28.11.1920 - ըստ՝ aniarc.am/2017/01/05/vratsyan-24-november-1920-speech/-ի):
***
Եւ այսպես.
Թուրքիայի հետ հաշտության գնալու դեպքում Հայաստանը կունենար 60 հազար քառակուսի կիլոմետր տարածք եւ նավահանգիստ Սեւ ծովի ափին։ Եթե հիշենք, թե ինչպես որոշվեցին Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի ճակատագրերը, ապա, կասկածից դուրս է, որ ավելի ուշ Հայաստանի մաս կդառնային նաեւ այս երկու երկրամասերը՝ մոտ 10 հազար քառակուսի կիլոմետր տարածքով։ Այսինքն՝ 1919-20 թթ. պետական քաղաքականության հիմքում դրված «ոչմիթիզական հայրենասիրությունը» հայ ժողովրդին արժեցավ 40 հազար քառակուսի կիլոմետր տարածքի եւ ծով ելք ունենալու հնարավորության կորուստ։ Չհաշված տասնյակ հազարավոր զոհերը։
Այնպես չէ, որ ժամանակի իշխանության մեջ եւ քաղաքական դաշտում ոչ մեկը չէր հասկանում Սեւրին ապավինելու եւ Թուրքիայի հետ հաշտության չգնալու քայլի արկածախնդրական լինելը։ Ամենավստահելի աղբյուրներից նրանք տեղեկացված էին դրա մասին։ Գիտեին, բայց վախենում էին, վախենում էին անգամ քննարկել նման մի հարց։ Իրենց իսկ խոստովանությամբ՝ վախենում էին ոչ այնքան երկրի ներսի, որքան «գաղթօջախների» կողմից դավաճան հռչակվելուց։ Վերջին հաշվով՝ վախենում էին իշխանությունը կորցնելուց։
***
Հասկանալի է, որ այսպիսի պատմական էքսկուրսներն այսօրվա համար են։
Արդ, ինչպե՞ս է հիմա, հարյուր տարի հետո նմանատիպ իրավիճակում։
ԱՄԵՆ ԻՆՉ ՆՈՒՅՆՆ Է քաղաքական արկածախնդրության առումով. ընդ որում՝ «ոչմիթիզհողական» հոխորտանքի այսօրվա «հայրենասիրական» հռետորաբանությունն ընդհուպ բառացի համընկնում է հարյուր տարի առաջվա հետ։
Բայց ԱՄԵՆ ԻՆՉ ՆՈՒՅՆԸ ՉԷ քաղաքական արկածախնդրությանը հակազդման առումով. չվախենալով «դավաճանի» պիտակից, առնվազն քսանհինգ հազար մարդ, Հայ Ազգային Կոնգրեսի գլխավորությամբ, ձայն են բարձրացնում ընդդեմ քաղաքական արկածախնդրության։ 1920 թվականին չկար այդպիսի գեթ մեկը։
Ի տարբերություն 1920 թվականի, դեռ չի սպառվել քաղաքական արկածախնդրությունը մերժելու, արժանապատիվ խաղաղության գնալու եւ մեր վաստակած հնարավորը ձեռք բերելու տարբերակը
։
։