Thursday, May 11, 2017

Տխուր էր վերջին ապրիլքսանչորսյան երթը, տխուր էր՝ ա՛յլ իմաստով

Այս հոդվածն սկսեցի Ապրիլի 24-ի` Ծիծեռնակաբերդ այցելության տպավորության տակ, բայց ինչ-որ զգացողություն հուշեց, որ ճիշտ կլինի այն մի քիչ ավելի ուշ ներկայացնել. ասելքը այդ օրվա առիթով է, բայց ոչ այդ օրվա մասին։
Միշտ, Ապրիլի 24-ին, Ցեղասպանության զոհերի հուշարձան այցելողների թափորի պատճառով, Օպերային թատրոնից սկսած՝ փակվում էր Բաղրամյան պողոտան։ Ամբողջությամբ փակվում էր Օրբելի եղբայրների փողոցը։ Փակվում էր Կիեւյան փողոցը եւ կամուրջը։ Ֆիզիկապես՝ այլ կերպ հնարավոր չէր. դա թելադրվում էր մարդկային բազմությամբ։
 Կամուրջն անցնելուց հետո, բլրի ստորոտից մինչեւ Ծիծեռնակաբերդի հուշարձան հասնելը, ամեն 30-40 մետրը շատ դանդաղ անցնելուց հետո թեւկապավոր «կարգադրիչները» կանգնեցնում էին մարդկային հոսքը 10-15 րոպե։ Ու այդպես երեւի մի տասն անգամ։ Այլ կերպ հնարավոր չէր. հուշարձանի «թողունակությունը» թույլ չէր տալիս ավելի արագ։ Բլրի ստորոտից մինչեւ հուշարձան՝ մի քանի հարյուր մետր Ճանապարհն անցնելը տեւում էր 2-2,5 ժամ, երբեմն՝ ավելի։ Եւ այդպես ՝ 1960-ականներից ի վեր։
Վերջին մեկուկես տասնամակում մարդկային հոսքն սկսեց աստիճանաբար նվազելել։ Այս տարի ազատ աշխատում էին բոլոր փողոցները։ Կիեւյան կամրջի վրա ոչ միայն լիարժեք աշխատում էր տրանսպորտը, այլեւ նրա երկու նեղլիկ մայթերից միայն մեկը լիուլի բավարարում էր մարդկանց անցնելու համար։ Կամուրջից հետո, դեպի բլուր բարձրանալիս ոչ մի տեղ կանգնել-սպասելու կարիք չկար, կարելի էր քայլել ցանկացած արագությամբ։ «Կարգադրիչներ» էլ չկային. անիմաստ էր։ Առաջ 2-2,5 ժամ տեւող ճանապարհն անշտապ քայլերով տեւեց ընդամենը 15 րոպե։ Աչքաչափով, մի տասնհինգ տարի առաջվա համեատ, մարդկանց քանակը պակաս էր, թերեւս, քսան անգամ։ Ու, եթե համարենք անգամ, թե «աչքաչափը» կարող է խաբել, ապա տասն անգամից ավելի պակասը կասկածից դուրս է։
Ինչո՞ւ։
Այո, պակասելու առաջին պատճառն արտագաղթն է։ Բայց արտագաղթի պատճառով երկրի բնակչության պակասելը դրա լիարժեք բացատրությունը լինել չի կարող։ Հակառակ պաշտոնական վիճակագրության՝ արտագաղթի չափը ստույգ հաշվելու վստահելի մեխանիզմ, բանաձեւ կա։ Դա դպրոցներում սովորող աշակերտների քանակն է. 1998- 99-ի համեմատ՝ դպրոցականների թիվը կիսվել է։ Ուրեմն երկու անգամ էլ պետք է պակասած լինի բնակչությունը։ Երկու անգամ, ոչ ավելի։ Մինչդեռ Ապրիլի 24-ին Ցեղասպանության հուշահամալիր այցելողների թիվը պակաս էր տասից շատ ավելի անգամ։
Ինչո՞ւ։
Ժամանակն իր գո՞րծն անում է, եւ հայ ժողովուրդը մոռանո՞ւմ է կատարվածն ու անտարբե՞ր դառնում։ Բայց ինչո՞ւ այսպես միանգամից (մի քանի տարին միանգամից է)։
Չէ, այդպես չէ։ Ավելի վատ է...
Առաջ այդ օրը բոլորինն էր՝ ժողովրդինը։ Իշխանությունը, վերեւից սկսած մինչեւ ամենաներքեւի օղակները, չէր խառնվում, ոչինչ չէր «կազմակերպում»։ Դա ԻՆՔՆԱԲՈՒԽ՝ լուռ ու արժանապատիվ, եւ դրանով իսկ ազդեցիկ, համաժողովրդական բողոքի արտահայտման ու հարգանքի տուրք մատուցելու օր էր։ Յուրաքանչյուրն ինքն էր կայացնում իր որոշումը։ Երթի ժամանակ ոչ մեկի մտքով չէր անցնի ավելորդ մի շարժում, ոչ վայել պահվածք, էլ չասենք՝ շոու։ Հետո այն, մի տեսակ, խլվեց ժողովրդից, պետականացվեց, ավելի ճիշտ՝ «իշխանականացվեց»։ Դա վանեց մարդկանց։ Պետականորեն «կազմակերպվածը» սկսեց դուրս մղել «ինքնաբուխը»։ Ներքին «պարտքը» տեղի տվեց արտաքին «պետք է»-ի առաջ։ Օրվա խորհրդի ընկալումն ու բովանդակությունը փոխվեց։ Օրը, որ եղել էր ժողովրդինը, բոլորինը հավասար, խլվեց նրանից։
Ավելին՝ Ապրիլի 24-ը նաեւ «կուսակցականացվեց»՝ օրվա խորհրդի համար անպարկեշտ շոուներով ու թամաշաներով ընդհանրապես աղարտելով նախկին ընկալումը։
Այդ օրերին մամուլում եւ սոցցանցերում կարդում էինք, թե ինչպես են նշում Ցեղասպանության զոհերի հիշատակը ՀՅԴ կազմակերպած «ջահերթի» մասնակիցները. Թուրքիայի դրոշը այրելու «հույժ հերոսական» տեսարաններ, դրան ուղեկցող, թե նախորդող, ինչ-որ անհասկանալի երգ ու պար։ Վանկարկումներ՝ «Աման-աման թուրքի մաման», խմբակային հարց ու պատասխան՝ «Ի՞նչ ենք ուտում, - թուրքի գլուխ» «Ի՞նչ ենք խմում, - թուրքի արյուն»։ Իսկ «թուրքի գլուխ ուտողներն» ու «թուրքի արյունը խմողները» հիմնականում 13-16 տարեկան դպրոցականներ էին, որոնց կազմակերպված այստեղ էին բերել կրթութան դաշնակցական նախարարի թե ում հանձնարարությամբ։  Իսկ հերոսական «հարցուպատասխանի» սցենարը, բնականաբար, նրանց համար «մեծերը» գրել էին նախապես՝ «Հայ դատի» որեւէ գրասենյակում։
Սա ծայրահեղության մի բեւեռն էր, որ ուրշների մեջ առաջացրել էր բնական հակազդեցության մյուս բեւեռը՝ ոչ միայն արդարացի բանական քննադատությամբ, այլ հաճախ նաեւ արտահայտված նույնպես ծայրահեղ, օրվա խորհրդի նկատմամբ երբեմն ոչ պատշաճ ձեւակերպումներով։
Երկու դեպքում էլ, ավելի քան կես դար ձգվող ամենամյա, միշտ զուսպ ու արժանապատիվ ու դրանով իսկ ազդեցիկ համազգային այս միջոցառումը գրոտեսկային տարրեր էր ստացել։
Եւ չափազանցումների այս երկու բեւեռների արանքում անլրջանում, էժանանում, արժեզրկվում էր շատ կարեւոր մի բան՝ Հայոց ցեղասպանությունը։
Ահա թե ինչու՝ Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների թիվը պակասել էր։ Պակասել էր ոչ թե կրկնակի (ինչքան որ պակասել է Հայաստանի բնակչությունը), այլ տասից շատ ավելի անգամ։
***
Ինչո՞ւ առաջ այդպես չէր, եւ հիմա է այդպես։
Կոմունիստները Ցեղասպանության խնդիրը շահարկելու խնդիր չունեին. նրանց իշխանությունն ամրագրված էր սահմանադրությամբ։
Նրանց հաջորդած ժողովրդավարական՝ Հայոց Համազգային Շարժման՝ բնույթով քաղաքական իշխանության դավանած պետականության հիմնադրույթները թույլ չէին տալիս շահարկել դա հօգուտ իրեն եւ ի վնաս բուն խնդրի։ Ինքը չէր անում եւ թույլ չէր տալիս, որ դա անեն ուրիշները (այս հարցի ընկալումը պետկերացնելու համար տե՛ս Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթների ու հոդվածների ժողովածուն, «Հայոց ցեղասպանություն», Երեւան, Անտարես, 2015)։
Հայոց ցեղասպանությունը շատ լուրջ խնդիր է՝ հսկայական քաղաքական տարողությամբ։ Այն երբեւէ ունենալու է իր արժանապատիվ քաղաքական լուծումը, բայց պայմանով, եթե այն չարժեզրկվի՝ դառնալով իշխանություն պահելու՝ օրախնդիր հարցեր լուծելու մանրադրամ կամ մարդկանց խմբերի՝ հայդատականության տեսքով բիզնես ծրագրերի հումք ։
Ցեղասպանության հարցի անլրջացման ու արժեզրկման որքան վտանգավոր, նույնքան ամոթալի այս ընթացքի սկզբը դրվեց 1998 թվականին ՄԱԿ-ի ամբիոնից Հայոց ցեղասպանության մասին Ռ. Քոչարյանի ելույթով։ ՄԱԿ-ի արարողակարգով՝ նման ելույթից առաջ հարցը պետք է նախապատրաստված լիներ միջազգային այդ կառույցի օրակարգ մտցնելու համար։ Նման բան չկար, չէր էլ նախատեսված։ Խնդիրն ընդամենը «հերոսական» դատարկ ելույթն էր։ Բայց եթե հաջորդ քայլը չես անում, դու աշխարհի առջեւ արժեզրկում ես խնդիրը։ Այս մասին շատ է գրվել։ ՄԱԿ-ը «Հայդ պարկ» չէ, որտեղ կարելի է սեփական հռետորական արվեստը ցուցադրել՝ հանուն իքնահաստատման կամ Սփյուռքին դուր գալու՝ մի քանի կոպեկ նրանից ավելի պոկելու հույսով։
Ցեղասպանության հարցի անլրջացումն ու արժեզրկումը արդեն շուրջ քսանամյա ամոթալի մի ընթացք է։ Ռ. Քոչարյանի «հերոսական» քայլի հետեւանքը եղավ Ցեղասպանության ուրացումը նախ իր, ապա Սերժ Սարգսյանի կողմից։ Շատ չծավալվելով՝ հիշենք նաեւ Ցեղասպանության 100-ամյակը՝ 2015 թվականին։ Դա լավագույն առիթն էր Հայոց ցեղասպանության խնդրին միջազգային մի նոր հնչեղություն ապահովելու համար։ Դա հնարավորություն էր գործնական խնդիր լուծելու՝ Հայաստանի համար կենսական՝ հայ-թուրքական հարաբերություններում էական առաջընթացի հասնելու համար։ Չարվեց՝ ի հեճուկս պետականության տրամաբանության եւ Լեւոն ՏերՊետրոսյանի բազմակի հորդորների (տե՛ս հիշյալ ժողովածուում՝ էջ 104- 127,  140-144)։ Արվեց հակառակը՝ հետապնդելով դարձյալ գործնական, բայց այլ մի խնդիր։ Իշխանության կողմից հայդատական-պահանջատիրականության հիմքով կազմված «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի» նպատակը հօգուտ գործող ռեժիմի էր, իշխանության երկարաձգման այսօրեական խնդիրն էր։
Այո, Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դրա հետեւանքների վերացումը շատ լուրջ խնդիր է՝ հսկայական քաղաքական տարողությամբ, եւ այն երբեւէ ունենալու է իր արժանապատիվ լուծումը։ Դա կանխելու համար է, որ Թուրքիան տասնամյակներ շարունակ բազմամիլիոն ծախսեր ու քրտնաջան աշխատանք է տանում։ Եւ այդ ծախսերն ու ջանքերն ուղղված են խնդիրը անլրջացնելով ու արժեզրկելով ժխտելուն։ Հայոց ցեղասպանության դեմ ծառացած վտանգը, սակայն, Թուրքիայի ժխտողականությունը չէ։ Դա մաշվելու է։ Արդյունք չեն տալու նրա՝ շարունակվող բազմամիլիոն ծախսերը, ապարդյուն են անցնելու նրա ջանքերը։
Ցեղասպանության ճանաչման ու մի օր լուծելի քաղաքական խնդրի վերածման դեմ ծառացած վտանգը մեզանում է՝ մենք ենք այն անլրջացնում ու արժեզրկում։
Առաջին անգամը չէ, որ այն, ինչ մեր դեմ թշնամական դիրքերից ու թշնամական գործողություններով չի կարողանում անել հակառակորդը, հաջողությամբ անում ենք մենք՝ «հայրենասիրության» դիրքերից ու «հայրենասիրաբար»։ Հայոց Ցեղասպանության խնդիրն ա՛յդ վտանգի տակ է։ Այն վաղուց արդեն, ոչ միայն դրսում, այլ նաեւ ներսում անլրջանում ու արժեզրկվում է՝ հայդատականության էժանագին տեսարանների վերածելով, բիզնես-ծրագիր դառնալով, իշխանության համար օրախնդիր հարցեր լուծելու մանրադրամ օգտագործելով։ Ապրիլքսանչորսյան անընդհատ նվաղող երթը դրա անժխտելի ապացույցն ու ցավալի հետեւանքն է...
Տխուր էր վերջին երթը, տխուր է ա՛յս իմաստով...
Աշոտ Սարգսյան

No comments:

Post a Comment