Wednesday, May 3, 2017

Թե իրականում ինչպես է Լեռնային Ղարաբաղը հանձնվել Ադրբեջանին

Ո՛չ, խոսքը Ստալինի, «Կավբյուրոյի» հայտնի որոշումների, Նարիմանովի եւ այլնի մասին չէ։ Դա հայտնի պատմություն է, որ բոլորս անգիր գիտեինք 1988-ին, գիտենք նաեւ այսօր։ Դա, այսպես ասենք, «գրասենյակային» որոշումների պատմությունն է։ Դրանում ամեն ինչ, անշուշտ, համապատասխանում է իրականությանը։ Սակայն ամեն այդօրինակ «գրասենյակային» որոշում, պայմանագիր, համաձայնություն եւ այլն իրենց հիմքում ունեն եւ պայմանավորված են կյանքում մինչ այդ կատարված զանազան իրադարձություններով եւ իրողություններով՝  պայքարով, կռվով, պատերազմով, հաղթանակներով, հերոսություններով, նաեւ՝ նահանջներով, պարտություններով, սխալներով, դավաճանություններով եւ այլն։
Լեռնային Ղարաբաղի՝ 1921թ. հայտնի ստալինյան «հանգուցալուծմանը» նախորդած տարիների պատմության մեջ կա մի դրվագ, որը ճակատագրական է եղել Ղարաբաղի համար։ Դրա մասին ուղիղ տեղեկություններ են հաղորդում վերջին շրջանում հրապարակված արժանահավատ երկու աղբյուր։ Պարզվում է՝ «Կավբյուրոյի» նիստից մեկ տարի առաջ էլ, հենց իրադարձային մի դրվագով, Լեռնային Ղարաբաղը տրվել է Ադրբեջանին։ Տրվել է Հայաստանի առաջին հանրապետության կողմից՝ 1920 թ. հունիսի սկզբին։
Ստորեւ՝ դրա մասին այդ երկու քաջատեղյակ աղբյուրների վկայությունները։
                                                                                ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՄՅԱՆ
Հարություն Թումյան, «Դեպքերը Լեռնային Ղարաբաղում» (1917-1920թթ.), պատմական ակնարկ, Երեւան, «Անտարես», 2008։ Հեղինակային բնագիրը պահվում է Մատենադարանում, հրատարակության է պատրաստել Աշոտ Սարգսյանը։
Ծթ. Հ. Թումյանը այդ թվականներին Լեռնային Ղարաբաղի նշանավոր գործիչներից է, եղել է զինվորական գործի կազմակերպիչն ու ղեկավարը, մասնակից քաղաքական եւ ռազմական բոլոր կարեւոր անցքերին։ Աշխատությունը գրելիս, բացի սեփական հիշողություններից, օգտվել է նաեւ արխիվային հարուստ փաստաթղթերից։
Ահա նրա հաղորդումը այդ դեպքերի մասին.
1920թ. մարտի 23-ից Ադրբեջանի հերթական լայնածավալ հարձակումները`Ղարաբաղը ծնկի բերելու նպատակով, անհաջողությամբ ավարտվեցին։ Բարոյալքված ադրբեջանական բանակը ապրիլի 14-ին բոլոր ռազմաճակատներում թողեց դիրքերը եւ փախավ (Թումյան, էջ 302)։
Հայաստանից ստացվել էր ֆինանսական օգնություն.
«...մեծաքանակ մի գումար՝ բաղկացած հայկական չեքերից, որոնք արագ շրջանառության մեջ մտան ամբողջ Ղարաբաղում։ Ժողովուրդը մի առանձին բավականությամբ եւ սիրով էր ընդունում «Հայաստանի փողը»՝ համարելով այն խորհրդանիշ Ղարաբաղի վերամիավորման իր մայր հայրենիքի՝ Հայաստանի հետ» (Թումյան, էջ 303)։
Դրան հետեւեց հայկական զորքերի մուտքը Լեռնային Ղարաբաղ.
«Հայաստանի ղեկավար շրջաններում Ղարաբաղի ծանր վիճակը մեծ վրդովմունք էր առաջ բերել Ռուբեն Տեր-Մինասյանի (ռազմական նախարար) ինքնագլուխ գործողությունների դեմ։ Այդ շրջանների պահանջով Դրոն Երեւանից շտապ մեկնեց դեպի Ղարաբաղ։ Նա Նոր-Բայազետի եւ Վայոց Ձորի զորամասերով դուրս եկավ Քեշիշքենդից եւ արագացրած երթով ապրիլի 14-ին հասավ Գորիս։ Ապրիլի 18-ին նա հաջողությամբ անցավ Ագարա գետը եւ Խծաբերդ գյուղի վրայով մտավ Ղարաբաղ։ Գրեթե միաժամանակ Ղափանից Դիզակ անցավ Նժդեհը՝ Ղափանի զինված ուժերի երկու գումարտակով։ Հայկական Ղարաբաղն, այսպիսով, փաստորեն գրավվեց Հայաստանի կանոնավոր ուժերի կողմից։ Ղարաբաղում հայտարարվեց թե՛ հետեւակի, թե՛ այրուձիի շտապ զորահավաք» (Թումյան,էջ 303-304)։
Ապրիլի 28-ին Բաքուն գրավվեց խորհրդային զորքերի կողմեց, եւ Ադրբեջանը հայտարարվեց Սովետական։ Իսկ հաջորդ օրը՝
«1920 թվականի ապրիլի 29-ին, երբ արդեն գրավված էր Բաքուն Կարմիր բանակի զորամասերից, Մարդակերտում տեղի ունեցավ Խաչենի, Ջրաբերդի եւ Գյուլիստանի հայ գյուղացիության համագումարը, որին ներկա էին 70 հայկական գյուղերից օրինական մանդատով 62  պատգամավոր։ Համագումարն իր միաձայն ընդունած բանաձեւում մի անգամ եւս վճռականորեն անընդունելի համարեց «Ադրբեջանի հակահայկական տիրապետությունը Ղարաբաղի հայության վրա» (Թումյան, էջ 307)։
Ադրբեջանը խորհրդային դարձրած ռուսական Կարմիր բանակի ղեկավարությունը ծրագիր ուներ Լեռնային Ղարաբաղը միացնել Ադրբեջանին, եւ այդ պահանջը ներկայացրին Լեռնային Ղարաբաղում փաստական իշխանության ղեկավար Դրոյին.
«Մայիսի 14-ի լուսաբացին Քյաթուկ գյուղի շրջանում երեւացին ռուս հետախույզներ, որոնք ետ շպրտվեցին հայ սահմանապահների կողմից։  Իսկ մայիսի 19-ին Դրոյի մոտ, Վարանդայի Ղարաբուլաղ գյուղ եկան Շուշուց ուղարկված բոլշեւիկների ներկայացուցիչներ՝ Կովկասյան ճակատի ռազմական խորհրդի լիազորներ Սահակ Տեր-Գաբրիելյանը, Կայդարովը եւ Պերնանին, որոնք «գլխավոր լիազոր» Օրջոնիկիձեի անունից հայտնեցին Դրոյին, որ մտադիր են Կարմիր բանակից զորամաս մտցնել Լեռնային Ղարաբաղ, որովհետեւ որոշված է, որ մինչեւ Ագարա գետը Ղարաբաղը պիտի կազմի Խորհրդային Ադրբեջանի տերիտորիայի մի մասը։ Տեսնելով, որ «բոլշեւիկների մտադրությունների տակ թաքնված է հին Ադրբեջանը», Դրոն իրավասու չհամարեց իրեն լուծելու նման հարցերը, առաջարկեց բոլշեւիկների ներկայացուցիչներին դիմել Հայաստանի կառավարությանը» (Թումյան, էջ 306)։
Չնայած ներկայացված պահանջին, սակայն, ըստ Հ. Թումյանի, Կարմիր բանակի ղեկավարությունը գործնական քայլերի դիմելու, ուժով Լեռնային Ղարաբաղը գրավելու մտադրություն չուներ.
«Հայտնի է միայն, որ Կարմիր բանակը Ղարաբաղի դեմ գործողություններ չսկսեց եւ թշնամական որեւէ քայլ չարեց եւ սկսեց աշխատել «քաղաքական ագիտացիայով... Երբ արդեն ակներեւ նշաններ նկատվեցին զորքերի բարոյալքման, Դրոն Ղարաբուլաղ իր մոտ կանչեց տեղական բոլշեւիկների ղեկավարներից բժիշկ Սաքո Համբարձումյանին եւ նրան հանձնեց Լեռնային Ղարաբաղի իշխանությունը։ Իսկ ինքը հունիսի սկզբներին իր զորամասի հետ անցավ Զանգեզուր։ Քաշվեց Դիզակից նաեւ Նժդեհը՝ իր ղափանցի ռազմիկներով։
Ղարաբաղը հայտարարվեց Խորհրդային Ադրբեջանի սեփականություն» (էջ 309)։ 

ԱՆԱՆՈՒՆ ՀԵՂԻՆԱԿ
«Ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի վերջին օրերը», Անհայտ գրողի օրագիրը, Երեւան, 1993։ Ձեռագիրը հայտնաբերել եւ հրատարակության է պատրաստել Սարգիս Հարությունյանը։
Ծթ. Ձեռագիրը հայտնաբերող հրատարակչին չի հաջողվել պարզել հեղինակի ինքնությունը։ Անհայտ հեղինակը եղել է զորավար Սեպուհի քարտուղարը, դատելով «Օրագրից»՝ գրագետ, պատրաստված ու տեղյակ մի մարդ։ Նա իր մասին գրում է. «Սեպուհն ինձ առանձնապես թույլատրել է ամեն մի գրության, հեռագրի, ռազմական հաղորդագրության հետ ծանոթանալու, որպեսզի կարողանամ նյութեր ունենամ մեր ապագա պատմության համար» («Ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի վերջին օրերը», էջ 40)։ Օրագիրն, ամենօրյա գրառումներով, սկսվում է 1920թ. հունիսի 13-ից եւ ընդհատվում նույն թվականի նոյեմբերի 13-ին։
Մեզ հետաքրքրող խնդրի հետ կապված՝ «Օրագրի» հեղինակը հայտնում է հետեւյալը.
«10 հուլիսի (1920թ.)
Երկու ամսից ավելի է, որ համառ եւ անստույգ լուրեր են պտտվում Ղարաբաղի մասին, որ, իբր, նա ինքնակամ կերպով բացել է իր անառիկ լեռնոտ դռները սովետական խուժանի առաջ եւ ընդունել սովետական իշխանությունը։ Անհետեւանք չէին այն տարաձայնությունները։ Մեր գլխավոր շտաբի տված պաշտոնական տեղեկությունները գալիս են հաստատելու այդ լուրերը եւ փարատելու այն ինքնակամ ենթադրությունները, որ մենք անում էինք։
Մայիսի մեկից սկսած, երբ սովետական Ռուսաստանի հայ կաշառված գործակալները Հայաստանի ամեն մի ծայրում նկրտում էին պայթեցնելու Հայաստանի Հանրապետությունը, եւ մեր անվճռական ու բարեմիտ կառավարությունը մի կողմից զբաղված էր այս անգամ գործ ունենալ «սովետական Ադրբեջանի» հետ եւ, մյուս կողմից՝ ճնշել հայ բոլշեւիկ կոչվածների դավադրությունները, Ղարաբաղը թողնված է եղել երեսի վրա։ Հայաստանում կատարված անցքերի ելքին անտեղյակ՝ Ղարաբաղի մեր հրամանատարական կազմը թողնում է Ղարաբաղը, առանց մի գնդակ արձակելու, որովհետեւ «զգուշանում է» բարդություններից եւ քաշվում Զանգեզուր՝ նոր դիրքեր գրավելու։
Դրոն, որ նշանակված էր Ղարաբաղի մեր զորամասերի հրամանատար, այդ խայտառակ նահանջը բացատրում է ինֆորմացիայի բացակայությամբ։
Երկու շաբաթ հետո միայն Դրոն տեղեկանում է իրերի իսկական դրությունը, երբ բանը բանից անցած է լինում։ Մի հարցնող լինի Դրոյից, թե ի՞նչ ինֆորմացիայի է սպասելիս եղել պարոն հրամանատարը, երբ իրեն քաջ հայտնի է, որ Ղարաբաղի ինֆորմացիան, անկախ կառավարությունից, միշտ հասել է երկու շաբաթից ոչ շուտ. հետեւաբար, սպասել առանձին կարգադրության եւ նոր միայն կռվել Հայաստանի անկախ տերիտորիան ոտնատակ անող սովետական փոքրաթիվ զորքերի դեմ, նշանակում է թույլ լինել, վախկոտ եւ ոչ վճռական։
Բայց շան գլուխը թաղված է եղել ոչ թե ինֆորմացիան ուշ ստանալու մեջ, այլ մի հայ զորավարի այլասերված ռուսասասիրության մեջ։
Ստույգ տեղեկություններ կան, որ Դրոն ասել է. «Ռուսների դեմ դեռ գնդակ արձակած չկամ»։
 «Եթե մի գիտակից զորավար այդպես է տրամաբանում, ապա էլ ինչո՞ւ մեղադրել հասարակ զինվորին։ Սուտ է, որ ասում են թե պատմությունը մեզ միշտ դավաճանել է, ընդհակառակը, պատմությունը շարունակ մեզ հետ եղել է միշտ էլ նպաստավոր հանգամանքներով։ Մենք ինքներս ենք, որ մեզ ստոր կերպով գիտակցաբար թե անգիտակցաբար դավաճանել ենք» («Ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի վերջին օրերը», էջ 53-54)։
***
Ի՞նչ տեղի կունենար, եթե Դրոն (Հայաստանի իշխանությունը) չլքեր Ղարաբաղը։ Մանավանդ, որ, չնայած ներկայացված պահանջին՝ «Կարմիր բանակը Ղարաբաղի դեմ գործողություններ չսկսեց եւ թշնամական որեւէ քայլ չարեց»։ Ինչ վերաբերում է «քաղաքական ագիտացիայի» կազմալուծիչ դերին, ապա այն, որպես արդարացում, ակնհայտորեն չափազանցված է թվում։ Համենայնդեպս՝ նույն պայմաններում էր, որ Նժդեհը դուրս չեկավ Զանգեզուրից, ու դրանով որոշվեց Զանգեզուրի ճակատագիրը։
Հիշենք նաեւ, որ հայտնի «Կավբյուրոյի» նիստն էլ 1921 թվականի հուլիսի 4-ին նախ որոշում է ընդունում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմում թողնելու մասին, եւ միայն հաջորդ օրն է ինչ-ինչ պատճառներով ընդունում հակառակ որոշումը։ Ասել է թե՝ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելու հարցը Խորհրդային իշխանության համար այդպես միանշանակ եւ իմպերատիվ չի եղել։ Ու եթե 1920թ. չլքվեր Ղարաբաղը, այն, ինչպես Զանգեզուրը, կհայտնվեր Հայաստանի կազմում։ Այս դեպքում Անանուն հեղինակի օգտագործած «դավաճանություն» որակումը չափազանցություն չի կարող համարվել։
Բոլոր դեպքերում, այս երկու աղբյուրների վկայությունները պետք է հաշվի առնել պատմությունը շարադրելիս։

No comments:

Post a Comment