Thursday, July 27, 2017

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խոչընդոտները - (3)

Մաս 1մաս 2

3. Լեռնային Ղարաբաղի խնդիրը քաղաքական, թե գաղափարախոսական հարթության վրա դնելու համար պայքարի պատմությունից
Թերեւս, մի քիչ երկար այս ներածականը անհրաժեշտ էր, քանզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը ամենասերտ առնչությունն ունի հայդատականության հետ: Այս հիմքի վրա է առարկայացել Շարժման ու հայդատական մտածողության կրողների միջեւ թաքնված թե բացահայտ անզիջում պայքարը 1988-ից մինչեւ այսօր: Սկզբից եւեթ օդում կախված, ապա ամբողջ սրությամբ դրված է եղել խնդրի բնութագրման՝ կարգավիճակի հարցը. այն քաղաքակա՞ն խնդիր է՝ ինքնորոշման իրավունքի իրականացում, թե՞ պատմական իրավունքների ու հողային պահանջատիրության խնդիր՝ Հայ Դատի բաղկացուցիչ։ Քաղաքական թե գաղափարախոսական ըմբռնման այդ պայքարը մղվել է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլեւ Շարժման օրակարգում ընդգրկված շատ հարցերում:
Լեռնային Ղարաբաղի խնդիրն ի սկզբանե հարուցվեց քաղաքական հարթության վրա եւ հանգում էր Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգ ու ապահով ապրելու եւ ազատ զարգանալու երաշխիքների ձեռքբերմանը։ Ադրբեջանը դա չէր կարողացել ու չէր կարողանում ապահովել, ավելին՝ գնալով այդ իրավունքն ավելի էր վտանգվում, եւ նախորդ տասնամյակներում եւս տարբեր նախաձեռնություններով խնդիրը Մոսկվայի առջեւ բարձրացնելու փորձեր էին արվել: Ուստի 1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզային խորհրդի որոշմամբ դիմում էր հղվում երեք իրավասու հասցեներով՝ Խորհրդային Միության ներքին վարչական սահմանների փոփոխության միջոցով Մարզը Ադրբեջանի կազմից ՀԽՍՀ-ի կազմ տեղափոխելու մասին: Թեեւ այս փաստաթղթում չի օգտագործված ինքնորոշում բառը, սակայն խոսքն ըստ էության այդ իրավունքից օգտվելու մասին էր: Ճիշտ է՝ Շարժման առաջին ամիսներին ձեռագիր ու մեքենագիր վիճակով տարածվող հարյուրավոր թռուցիկների ու «նյութերի» մեջ հաճախ էր խոսվում նաեւ պատմական իրավունքներ մասին, սակայն առկա միակ պաշտոնական փաստաթղթում՝ ԼՂԻՄ մարզխորհրդի որոշման մեջ այդ մասին ակնարկ անգամ չկա։ Հենց որպես ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների փոփոխման հարց, դրա լուծումը հնարավոր էր, քանզի այդօրինակ նախընթաց տասնյակ դեպքեր եղել էին ԽՍՀՄ պատմության ընթացքում: Իսկ Կենտրոնի՝ «Վերակառուցման» շրջանակներում անցյալի սխալները, այդ թվում նաեւ ազգային հարցում թույլ տված սխալներն ուղղելու մասին խոստումները դա դարձնում էին ավելի հնարավոր: Այսինքն՝ ցանկության դեպքում Մոսկվան կարող էր լուծել հարցը։ Երբ դա չարվեց, քիչ ավելի ուշ այն պաշտոնապես հիմնավորվեց որպես ԽՍՀՄ Սահմանադրության՝ ազգերի ինքնորոշման իրավունքը երաշխավորող դրույթից բխող պահանջ՝ պահպանելով խնդրի քաղաքական բնույթը:
Շարժման առաջին ղեկավարության կորիզը, 2-3 ամիս անց, որոշակի դժվարությունների առջեւ տեղի տվեց։ Նրանցից ոմանք համարեցին, թե պետք է բավարարվել խնդիրը Մոսկվայի առջեւ հարուցած լինելու փաստով ու դադարեցնել պայքարը, ուրիշները՝ սկսեցին ավելի շատ ու կտրուկ խոսել պատմական իրավունքի, հայկական պատմական այլ հողերի ու պահանջատիրության մասին: Նույնիսկ եղավ երկաթյա ձողերով ու բենզինի շշերով զինվելու ու Նախիջեւանի վրա հարձակվելու կոչ։ Այս պայմաններում հարցը կարող էր կորցնել քաղաքական խնդրի իր բնութագիրը ու տապալվել: Մայիսի վերջին ձեւավորվեց Շարժման նոր ղեկավարություն՝ «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն», որը վերջնականապես հստակեցրեց խնդրի քաղաքական բնութագիրը եւ հիմքերը՝ դրանով իսկ ապահովելով հետագա պայքարի հնարավորությունն ու արդյունավետությունը:
* * *
Առաջին կես տարում հայդատականությունը, որի կազմակերպական կառույցներն Սփյուռքում էին, իր հակազդեցությունը Շարժմանն ավելի շատ արտահայտում էր լռությամբ ու անտարբեր ձեւանալով: Այդ ընթացքում, որպես պաշտոնական դիրքորոշում, նա բավարարվեց 1988թ. հոկտեմբերի սկզբին արված հրապարակային մի խայտառակ հայտարարությամբ, որը պաշտպանում էր Հայաստանի կոմունիստական իշխանություններին եւ ուղղված էր Շարժման դեմ: Սակայն որքան խոսուն ու բնութագրական էր այդ հայտարարության բովանդակությունը, նույնքան արտառոց էր երեք հայդատական մրցակից, հաճախ թշնամական հարաբերություններով հայտնի կուսակցությունների՝ նույն փաստաթղթի տակ ստորագրելու հազվագյուտ փաստը: Դա նախ եւ առաջ վկայում էր, որ նրանցից յուրաքանչյուրն առանձին, վտանգի շատ մեծ զգացողություն է ունեցել, ինչը եւ ստիպել է մոռանալ միմյանց նկատմամբ հարյուրամյա թշնամանքն ու վիրավորանքները եւ միասնական հանդես գալ նոր՝ ընդհանուր «վտանգի» դեմ։
Ո՞րն էր այդ ընդհանուր վտանգը:
Շարժումը Լեռնային Ղարաբաղի «ազգային հարցը» չէր դնում հայդատականության գաղափարախոսական կոնտեքստում, չէր դիտում որպես պատմական իրավունքների վրա հենված հողային պահանջատիրություն, այլ շարունակում էր հետապնդել որպես ինքնորոշման իրավունքի իրականացման քաղաքական, լուծելի խնդիր: ՀՀՇ առաջին ծրագիրը, որ հրապարակվեց 1988թ. օգոստոսի 19-ին, այդ մոտեցումը ամրագրեց հստակորեն: Վտանգը հայդատականության համար մեծանում էր նաեւ նրանով, որ՝ որպես քաղաքական խնդիր հետապնդելով, Շարժումը նաեւ քայլ առ քայլ հաջողություններ, դրական առարկայական արդյունքներ էր արձանագրում: Այսպես՝ 1988թ. հունիսի 15-ին Շարժմանը հաջողվեց ստիպել ՀԽՍՀ Գերագույն խորհրդին՝ ԼՂԻՄ մարզխորհրդի փետրվարի 20-ին ընդունած դիմումին դրական պատասխան տալ: Շարժման նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղի հետ հաստատվում էին գործնական կապեր, ցուցաբերվում էր տարաբնույթ օգնություն: Մինչդեռ Հայ Դատի հարյուրամյա պատմությունը արդյունքների առումով միայն ծանր ձախողումների շարան էր: Խնդիրը միայն «ազգային կուսակցությունների» պարզ նախանձը չէր, որ իրենք անմասն են այդ ամենին։ Պարզապես, այդպես շարունակվելու դեպքում բոլորին ակնհայտ կդառնար, թե «ազգային հարցերը» (ինչպիսին դիտվում էր նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը) լուծելի են ոչ թե հայդատական գաղափարախոսության, այլ բոլորովին ուրիշ մի հարթության վրա։ Դա կցուցադրեր հայդատականության, որպես «ազգային գաղափարախոսության», սնանկությունը, կխարխլեր նրա հիմքերը, կսասանվեր այս կրոնի սպասավորների հասարակական դիրքը, իշխանությունը, կվտանգեր բարեկեցությունը, եկամուտները։
Շարժումը դատապարտեց սփյուռքյան կուսակցությունների 1988թ հոկտեմբերի այդ հայտարարությունը, սակայն, ընդհանուր առմամբ, այս դրվագի վրա շատ չծանրացավ. այդ պահին Շարժումը գտնվում էր իր բարձրակետերից մեկում։ Իսկ քիչ անց էլ «Ղարաբաղ» կոմիտեն բանտարկվեց, ու շատերին թվում էր, թե դրանով ամեն ինչ կավարտվի: Հանգիստ շունչ քաշեցին նաեւ սփյուռքյան կուսակցությունները։
Շարժման քաղաքական ուղեգծի դեմ հայդատականության պայքարը նոր թափով վերսկսվեց «Ղարաբաղ» կոմիտեի ազատվելուց անմիջապես հետո՝ 1989-ի հունիսից։ Եւ հաջորդ ընդամենը վեց ամսվա ընթացքում կարելի է արձանագրել հայդատականության լարած երեք որոգայթ՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը քաղաքական հարթությունից հայդատականության գաղափարախոսական հարթություն տեղափոխելուն ուղղված երեք փորձ։
ա) Առաջինը բացահայտ էր ու անսքող, բոլորի համար տեսանելի ու ընկալելի: Շարժման ղեկավարության ազատ արձակումից ընդամենը երեք շաբաթ անց, 1989թ. հունիսի 23-ին, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նիստում մտավորական նոմենկլատուրայի կամ, այսպես կոչված, «ազգային մտավորականության» մի ներկայացուցիչ, ընդարձակ ելույթով փորձեց հայդատական գաղափարախոսության, պահանջատիրության դաշտ տեղափոխել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Իշխանությունը, բազմահազարանոց հանրահավաքի պահանջով ու հուժկու ճնշման տակ ստիպված եղավ հաջորդ օրն իսկ նույն ամբիոնը տրամադրել «Ղարաբաղ» կոմիտեին, որի անունից Լեւոն Տեր-Պետրոսյանի պատասխան ելույթը վճռական ու բեկումնային նշանակություն ունեցավ Շարժման մասնակիցների ու ընդհանրապես հասարակական պատկերացումների հստակեցման համար։ Հայդատականության լարած որոգայթը ճիշտ հակառակ արդյունքը տվեց։
Ժողովրդավարական շարժման դեմ գործող ուժերի մեջ ներքին դերաբաշխում կար, որը նրանք պահպանեցին ամբողջ ընթացքում, մինչեւ կոմունիստական իշխանության վերջը։ Կոմունիստական քարոզչամեքենան պետք է խուսափեր Շարժման գաղափարները վիճարկելուց, քանզի վարկաբեկված կոմունիստական գաղափարախոսության դիրքերից դա անիմաստ էր, ուստի լռեց նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի այս ելույթի մասին։ Դերաբաշխման համաձայն գաղափարական պայքարը Շարժման դեմ պետք է մղվեր հայդատականության (ավանդական «հայրենասիրական» պատկերացումների) դիրքերից, եւ դա պետք է իրականացներ առաջին հերթին ՀՅԴ-ն: Ուստի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի այս ելույթին, եւ Շարժման խնդիրներին ու գաղափարներին ընդհանրապես, անդրադառնալու ու «ջախջախելու» գործը հրապարակավ իր վրա վերցրեց դաշնակցական մամուլը, մասնավորապես՝ բյուրոյի պաշտոնաթերթ «Դրոշակը»: Վերջինիս հետագա ամիսների ու տարիների նյութերի կեսից ավելին, ուղղակի կամ միջնորդավորված, այդ նպատակին են ուղղված:
Գաղափարական պայքարում սա Շարժման դեմ կազմված առաջին ճակատն էր:
բ) Ինչպես ասացինք, Հայաստանի կոմունիստական իշխանությունը չէր կարող կոմունիստական գաղափարախոսության դիրքերից պայքարել Շարժման քաղաքական ծրագրի դեմ: Մյուս կողմից, հասկանալի պատճառով, նա չէր կարող դա անել նաեւ հայդատականության դիրքերից: Իսկ Սփյուռքում դաշնակցության մղած պայքարը Հայաստանում որեւէ ազդեցություն չէր թողնում: Ուստի Հայաստանի կոմկուսը գտավ հասարակական դիրքով իրեն պարտական եւ կամակատար այն խավը, որը կարող էր ստանձնել այդ դերը: Դա նոմենկլատուրային մտավորականությունն էր: Հենց այս երկուսի նախաձեռնությամբ էլ իրականացվեց Լեռնային Ղարաբաղի խնդիրը հայդատականության ու պահանջատիրության գաղափարախոսական հարթություն տեղափոխելու հաջորդ փորձը, որը շատ ավելի մասշտաբային էր, սակայն հնարավորինս քողարկված: Օգոստոսի վերջերին նախաձեռնվեց եւ սեպտեմբերի 9-10-ին կայացավ այսպես կոչված՝ «Հայ մտավորականների 1-ին համաժողովը», որի իրական նախաձեռնությունը ՀԿԿ ԿԿ-ինն էր, իսկ կենտրոնական դեմքերը՝ նույն մտավորական նոմենկլատուրայի, «ազգային մտավորականության» ներկայացուցիչները: Ընդունված պաշտոնական փաստաթուղթը Լեռնային Ղարաբաղի հարցը համարում էր Հայ Դատի՝ «անցյալ դարի (19-րդ դարի-Ա.Ս.) 70-ական թվականներին միջազգայնացված Հայկական Հարցի անբաժան մաս»: «Ղարաբաղ» կոմիտեի հայեցողական ու սառը վերաբերմունքը բավարար էր, որպեսզի 2-րդ այսօրինակ համաժողովի անցկացումը անիմաստ համարվի:
Գաղափարական պայքարում սա Շարժման դեմ կազմավորած երկրորդ ճակատն էր՝ նույն հայդատականության հիմքի վրա:
գ) Հայդատական գաղափարների տոտալ քարոզչության շնորհիվ 1989թ. աշնանը երկարատեւ ու ամենօրյա պայքարում լարված հասարակության պատկերացումներում հնարավոր եղավ տարածել այն մտայնությունը, թե քաղաքական պայքարը Լեռնային Ղարաբաղի համար մտել է փակուղի, եւ միակ քայլն այն է, որ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը, ի հեճուկս խորհրդային գործող օրենքների ու Սահմանադրության, որոշում ընդունի այն Հայաստանի անբաժանելի մաս հայտարարելու մասին: Տեղի տալով նույն մտայնությանը, հենց այսպիսի խնդրով էր հոկտեմբերի 26-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդին դիմել նաեւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը: Սա պատմական իրավունքների եւ պահանջատիրության վրա հենված հայդատական գաղափարախոսական մոտեցում էր՝ հստակ կանխատեսելի ընդհանուր տապալման վերջաբանով: Շարժման եւ Հայաստանի ռեսուրսներն ակնհայտորեն անբավարար էին իրավական նման որոշման կենսագործման համար: Արտաքուստ գայթակղիչ, սակայն ԽՍՀՄ Սահմանադրության կոպիտ խախտում նշանակող նման քայլից հետո Մոսկվան հիանալի իրավական հիմքեր կստանար Հայաստանում Շարժման դեմ ամեն տեսակ բռնությունների կիրառման համար, եւ դժվար կլիներ նրան մեղադրելը։ Դա, առնվազն, չէին ողջունի նաեւ մյուս երկրների ժողովրդավարական շարժումները եւ միջազգային հանրությունը։ Շարժումը գտավ վիճակից դուրս գալու, հարցը լուծելու քաղաքական ու անվտանգ ճանապարհը. ԽՍՀՄ երկու սուբյեկտների՝ ՀԽՍՀ ԳԽ-ի եւ ԼՂ Ազգային խորհրդի միջեւ պայմանագրի կնքում կամ երկուսի համատեղ որոշման կայացում (քայլի գաղափարը տվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը), ինչը եւ տեղի ունեցավ 1989թ. դեկտեմբերի 1-ին:
Այսինքն, 1989թ. ամռանից արդեն վերջնականապես գծված էր ջրբաժանը, եւ առկա էր դրա երկու կողմերում գտնվող ուժերի համառ պայքարը: Նաեւ պարզ էր, որ հայդատականության դիրքերից Շարժման քաղաքական ծրագրերի դեմ որպես առաջին ճակատ Սփյուռքից պայքարելու են ավանդական կուսակցությունները, իսկ Հայաստանում, որպես երկրորդ ճակատ՝ «ազգային մտավորականությունը»: Սակայն սա եւս բավարար չէր: Շարժման քաղաքական ծրագրերի դեմ պայքարելու համար կազմավորվեց նաեւ երրորդ ճակատը՝ գաղափարախոսական նույն հայդատական հիմքի վրա օր օրի բազմացող ու անհայտ միջոցներով բարգավաճող այլազան մանր «կազմակերպություններ»:
Պարզ էր նաեւ, որ Շարժման համար ներքին այդ պայքարն ավելի բարդ էր լինելու, քան Հայաստանի կոմունիստական իշխանությունների, Ադրբեջանի եւ Մոսկվայի դեմ պայքարը: Ավելի բարդ էր լինելու, քանզի, ինչպես արդեն ասացինք, քաղաքական հարթության վրա խնդիրները արտաքնապես ավելի զուսպ են ու համեստ, պակաս հնչեղ ու գրավիչ, մինչդեռ գաղափարախոսական հարթության վրա դրանք իրենց մաքսիմալիզմով դառնում են “առավել հայրենասիրական”, “առավել հերոսական”, “առավել ազգային” եւ դրանով իսկ կարող են ոգեւորել, գայթակղել ու շեղել հասարակությանը կամ նրա մի մասին: Գաղափարախոսական հարթության վրա խնդիրը հեշտությամբ վերածվում է մտքի լարում ու տրամաբանություն չպահանջող պարզունակ ու գայթակղիչ մաքսիմալիստական կարգախոսների («Ծովից ծով Հայաստան», «Ոչ մի թիզ հող», «Արյամբ գրաված հող», «Մահ կամ ազատություն» եւ այլն), որ շոյում է շատերի ինքնասիրությունը, ազգային զգացումները, բավարարում ազգային պատվախնդրությունը, արտասանողին դարձնում հերոս: Քաղաքական խնդիրը դժվարությամբ է կարգախոսի վերածվում, քանզի այն իր ձեւակերպումից մինչեւ իրականացում հաշվարկի եւ տրամաբանական բազմաքայլ կոմբինացիայի արդյունք է, դրա ըմբռնումը պահանջում է մտքի լարում, վերլուծելու ունակություն եւ իր մանրամասներով ու յուրահատկություններով ոչ բոլորին է մինչեւ վերջ հասկանալի ու մարսելի:
Հաջորդ տարիներին եւս, ոչ ավելի պակաս հաճախականությամբ, հայդատականությունը որոգայթներ է լարել ու խոչընդոտներ հարուցել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման, այլեւ Շարժման օրակարգի բոլոր քաղաքական խնդիրների դեմ. անկախության ձեռքբերում, պետականության հիմնադրում եւ կայացում, բարեփոխումներ եւ այլն: Դրանց ամբողջական ներկայացումն ու թվարկումն այս դեպքում, հասկանալի պատճառով, դուրս է մեր նպատակից: Վերեւում բերված օրինակները բավարար են միտումը հենց այդ պայքարի մեկնարկի պահին ցուցադրելու համար: Եվ հայդատականության դեմ համառ ու անզիջում այդ պայքարում հասարակության աջակցությունն ունենալու եւ խնդիրը քաղաքական հարթության վրա (այսինքն՝ լուծելիության դաշտում) պահելու համար, Շարժման, ապա նրա ձեւավորած իշխանության հաջողության միակ գրավականը կարող էր լինել եւ եղավ պարբերական, քայլ առ քայլ գրանցած առարկայական հաջողությունների ու ձեռքբերումների չընդհատվող շարքը. Լեռնային Ղարաբաղին ամենօրյա օգնությունը, տեղահանման ծրագրերի խափանումը, օկուպացված վիճակից նրա ազատագրումը, Հայաստանի հետ ցամաքային կապի ապահովումը, փաստական անկախության ձեռքբերումը, անվտանգության ապահով գոտու ստեղծումը, տարաբնույթ հսկայածավալ օժանդակությամբ կենսագործունեության նվազագույն անհրաժեշտ պայմանների ստեղծումը եւ այլն։ Այդ ամենը հնարավոր եղավ ոչ միայն արտաքին հակառակորդի դեմ տարած հաղթանակների, այլ նաեւ ներքին ճակատում լարված որոգայթները հաջողությամբ շրջանցելու, խոչընդոտները հաղթահարելու, խնդիրը մինչեւ վերջ քաղաքական հարթության վրա պահելու շնորհիվ: Եվ այն, ինչ առկա էր 1994-1998-ի դրությամբ, այնքան էր, որ ժամանակին չէր կարող երազել ո՛չ Շարժման որեւէ մասնակից, ո՛չ որեւէ ղարաբաղցի, ո՛չ որեւէ հայդատական:
Իսկ եթե եղել են դեպքեր, երբ Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական հետապնդման ճանապարհին հնարավոր չի եղել հաղթահարել հայդատականությունից բխող որեւէ խոչընդոտ, ապա այն միայն տխուր հետեւանքներ է ունեցել: Մատնանշենք այդպիսի մի ցայտուն օրինակ:
Ներկա վարչախումբը հաճախ է խոսում Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման իրավական փաստարկների ու հիմքերի մասին: Որպես այդպիսին նշվում է մասնավորապես ԼՂՀ անկախության հռչակումը 1991թ. սեպտեմբերի 2-ին եւ անկախության հանրաքվեն՝ նույն թվականի դեկտեմբերի 10-ին: Որպես այդ որոշումների իրավականության հիմք վկայակոչվում է ԽՍՀՄ կազմից դուրս գալու կարգի մասին ԽՍՀՄ համապատասխան օրենքը: Սկզբում թվում էր, թե այս ամենն օգտագործվում է սոսկ որպես քարոզչական նյութ՝ ներքին լսարանի համար: Սակայն ստրասբուրգյան իր ելույթում Ռ. Քոչարյանն ամենայն լրջությամբ այս ամենը ներկայացրեց նաեւ միջազգային հանրությանը: Ռեակցիան, բնականաբար, միանշանակ էր. այն առաջացրեց բոլորի քմծիծաղը: Եվ պատճառը միայն այն չէր, որ ԽՍՀՄ սույն օրենքն ըստ էության չհասցրեց աշխատել, կամ, որ նրա համապատասխան դրույթները, անհստակ լինելով, տարբեր կերպ կարող են մեկնաբանվել: Հարցն այն է, որ եթե խնդրի իրավականությունը հիմնավորելու համար մի դեպքում հենվում ես ԽՍՀՄ օրենսդրության վրա, պետք է հենվես նաեւ մյուս դեպքում։ Մինչդեռ, ինչպես 1991թ. սեպտեմբերին, այնպես էլ դեկտեմբերին, ԼՂ-ը չուներ նույն՝ ԽՍՀՄ օրենսդրությամբ նախատեսված օրինական իշխանություն՝ Մարզային խորհուրդ (ԼՂ-ում հաստատված էր հատուկ կառավարում): Չուներ, որովհետեւ դրանից մեկ տարի առաջ՝ 1990 թ. սեպտեմբերին, հնարավոր չեղավ Հայաստանում, ու մասնավորաբար Լեռնային Ղարաբաղում, հաղթահարել հայդատական մաքսիմալիզմը եւ իրականացնել այն պարզ քաղաքական ծրագիրը, որ ՀՀ ԳԽ սեպտեմբերի 3-ի նիստում երկար ու հանգամանորեն ներկայացրեց Հանրապետության ԳԽ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Մինչդեռ դրա իրականացումը Լեռնային Ղարաբաղին կտար օրինական, ճանաչված իշխանության սահմանադրական մարմին, որի կայացրած որոշումներն ու անկախության հանրաքվեն, ահա, այսօր կարելի կլիներ ոչ միայն դեմքի լուրջ արտահայտությամբ, այլեւ լրջորեն ներկայացնել որպես քիչ թե շատ հիմնավոր իրավական փաստարկ, ու գեթ չվաստակել աշխարհի քմծիծաղը։
Ինչպես ասացինք, Լեռնային Ղարաբաղի հարցը որպես քաղաքական խնդիր հետապնդելու ու քաղաքական ճանապարհով լուծման դեմ հայդատականության պատրաստած որոգայթներն ու հարուցած խոչընդոտները հետագա տարիներին եւս կարելի է թվարկել տասնյակներով։ Շարժմանը, ապա ՀՀՇ-ի քաղաքական իշխանությանը մեծագույն ջանքերի գնով հիմնականում հաջողվեց շրջանցել ու հաղթահարել դրանք։ Այլապես չէր լինի այն, ինչ ձեռք բերվեց 1994-ին, կար 1998-ին, եւ ինչ մնացել է այսօր։ Եվ դժվար է ասել՝ այդ ընթացքում՝ ամբողջ 10 տարի, ավելի շատ ջանք, էներգիա ու ժամանակ պահանջվեց Ադրբեջանի դեմ պայքարում եւ միջազգային ասպարեզում խնդիրը բարեհաջող լուծման վերջնագծին հասցնելու, թե՞ հայդատականության ու նրա արկածախնդիր մաքսիմալիզմի հետեւանքները հաղթահարելու համար։ Մինչդեռ ամենեւին դժվար չէ ենթադրել, որ դրա վրա ծախսված ջանքերը, էներգիան եւ ժամանակը օգտակար նպատակի վրա ուղղելու դեպքում, թերեւս, Լեռնային Ղարաբաղի հարցում ունենայինք կրկնակի ձեռքբերումներ եւ՝ տասնապատիկ փոքր վճարով:
* * *
Կարող է բնական ու բանական մի հարց առաջանալ. մի՞թե հայդատականություն դավանողները, դրա ֆորմալ կամ ոչ ֆորմալ սպասավորները չէին ուզում, որ բարեհաջող լուծվի խնդիրը, Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը ստանան անվտանգ ապրելու, ազատ զարգանալու, նրանց բնակիչները՝ խաղաղ, ապահով ու արժանապատիվ կյանքի հնարավորություն։ Մի՞թե նրանք պայքարել են միայն այս գործը տապալելու համար։
Այս հարցին անհնար է «այո» կամ «ոչ» պատասխանել, քանզի բնական ու բանական այս հարցը քաղաքական հարթության վրա է ձեւակերպված ու ենթադրում է բանական պատասխան։ Մինչդեռ գործ ունենք գաղափարախոսական մոտեցման հետ, եւ հարցի իրական ու միակ պատասխանը կարելի է գտնել միայն գաղափարախոսական հարթությունում, արժեքային բոլորովին այլ համակարգի հիման վրա։
Մեզ կարող են օգնել մի քանի հռետորական հարցադրումներ:
- Մի՞թե անգամ ամենամարդասիրական կրոններից մեկը ներկայացնող քրիստոնյա եկեղեցիները չէին մտածում իրենց հոգեւոր հոտի անդամների կյանքի մասին։ Բայց նրանք սրբացնում ու հերոսացնում էին հանուն հավատի նահատակվածներին, տոնում այդ նահատակությունների օրերը, նրանց վարքերով դաստիարակում սերունդների, այսինքն՝ մղում նահատակության նույնպիսի ճանապարհի։ Այդպես էր, որովհետեւ սպասավորման գերագույն արժեք-օբյեկտը գաղափարախոսությունն էր, ինչի անխաթարությունը պահպանելու, կենսունակությունը ապահովելու համար, ամեն ինչից զատ, ժամանակ առ ժամանակ թարմ արյուն էր պետք ներարկել։ Եւ դա ոչ միայն հակառակորդի, այլեւ սեփական հոտի նահատակների արյունը պետք է լիներ։ Եկեղեցիների հիմնասյուները իրենց դոգմաներից ու ծիսական յուրահատկություններից առաջ հանուն հավատի նահատակվածների վկայաբանություններն են: Մինչդեռ եկեղեցին որպես կազմակերպական կառույց տիրանում էր մեծ իշխանության եւ հսկայական հարստությունների:
Եթե այդպես է մարդկային բարոյականության հետ կապված խնդիրներ ունեցող գաղափարախոսությունների դեպքում, առավել եւս այդպես պետք է լիներ քաղաքական համարվող խնդիրներ որդեգրած տոտալիտար գաղափարախոսությունների դեպքում.
- Քանի՞ տասնյակ միլիոն զոհ պահանջվեց Խորհդային Միությունում կոմունիստական գաղափարախոսությունը հաստատելու, կենդանի պահելու ու նրան սպասավորող դասի՝ կոմունիստների իշխանությունն ապահովելու համար:
- Ի՞նչ արժեցավ Գերմանիային ու գերմանացի ժողովրդին նացիզմը ու այն սպասավորող դասի իշխանությունը։
- Ի՞նչ է զոհաբերվել 1890թ.-ից ի վեր «Հայ Դատի» գաղափարը կենդանի պահելու համար. նույն այդ գաղափարի ամբողջ առարկան՝ Արեւմտահայաստանը եւ արեւմտահայությունը։
Վերջին երեք դեպքում էլ դա հնարավոր է եղել բռնությամբ գաղափարախոսականացված հասարակություններում, երբ տեղի էր տվել բանականությունը, երբ ոչ թե մարդը, այլ գաղափարախոսական կանխադրույթը դարձել էր միակ, անքնին ճշմարտություն, գերագույն արժեք ու դրա պարտադրված կամ ակամա պաշտամունքը լայն տարածում է ստացել
:

No comments:

Post a Comment