Thursday, April 26, 2012

ՃԱՆԱՉՄԱՆ ՕՐԸ ՆՇԱՆԱԿՎԱԾ Է. ՄԱՅԻՍԻ 6-ԻՆ


Հանրահավաքային վերջին ելույթում (20 ապրիլ, 2012թ.) ՀՀ Հիմնադիր-նախգահ Լևոն Տեր-Պետրոսյանն, ի թիվս այսօր շրջանառվող բազմաթիվ հարցերի, մանրակրկիտ ներկայացրեց նաև «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի «Ո՛չ մի ձայն հանցավոր ռեժիմին» կարգախոսը՝ որպես այսօրվա իրողություններին համարժեք կոչ։ Նկատի ունենալով, որ ելույթը բանավոր էր, ինչպես նաև ծանոթ լինելով կարգախոսի ստեղծման ընթացքին, հարկ ենք համարում, հենվելով նույն ելույթի հիմնական դրույթների վրա, ևս մեկ անգամ ներկայացնել կարեւոր այս խնդիրը։
Խոհանոցային մի մանրամասն. «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի քարոզչական խումբը սույն կարգախոսը ձեւակերպելիս «ռեժիմը» բնորոշելու համար քննարկել է մի քանի տարբերակ. «ոճրագործ», «ազգադավ», «ազգասպան», «ցեղասպան», «հանցավոր»։ Ընտրվել է վերջինը ոչ թե նրա համար, որ այն արտաքուստ ավելի մեղմ է, այլ որովհետեւ ավելի ընդհանրական նշանակություն ունի ու իր մեջ կարող է ամփոփել մյուսները։ Ստորեւ, սակայն, պիտի ցույց տանք, որ առաջարկված բառ-որակումները լիակատար իրավունք ունեին լինել «ռեժիմ»-ի բնորոշիչները ու դրանցից որեւէ մեկում չափազանցություն չկա։ Խնդիրը կարեւոր ենք համարում, քանզի խոսքը վերաբերում է իրողությունների, որոնց իմացությամբ ու գիտակցմամբ քաղաքացին պետք է մտնի ընտրատեղամաս ու իշխանության հարց լուծի։
Ոճրագործ ռեժիմ
Այսօրվա ռեժիմի հիմնադիրը Ռ. Քոչարյանն է։ Քոչարյանը դա չէր կարող անել, եթե չլիներ 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը։ Այս երկու պնդումը հավասարազոր են փաստերի, և դա չի կարող չարձանագրել իրեն շատ թե քիչ հարգող որեւէ քաղաքագետ, վերլուծաբան, ապագայում՝ որեւէ պատմաբան։ Խնդրի խոհանոցին մոտիկից տեղյակ բազմաթիվ մարդկանց համար կա փաստի հավասարազոր մի ենթադրություն էլ. եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը, ապա Քոչարյանն ընդհանրապես քիչ անց կարող էր կոցնել պաշտոնը (1999-ին, իր իսկ խոստովանությամբ, նա ոչ թե իշխանության կրող, այլ «դիտորդ» պաշտոնյա էր)։
Ոճրագործությունց ծնված ռեժիմն ինքնապահպանման համար պետք է նոր ոճրագործությունների դիմեր։ Այդ բանը նա արեց 2004-ին՝ խաղաղ ցույցը դաժանաբար ջարդելով։ Ցույցն ընդամենը պահանջում էր կատարել Սահմանադրական դատարանի որոշումը։ Հերթական ոճրագործության նա դիմեց 2008-ի մարտի 1-ին՝ այս անգամ խաղաղ ցուցարարների դեմ բանակ հանելով, կրակելով ու 10 մարդու սպանելով։ Մասնավորապես ԱՄՆ դեսպանատան գաղտնի փաստաթղթերի հրապարակումից հետո, իրեն շատ թե քիչ հարգով ո՛չ մի քաղաքագետ, ո՛չ մի վերլուծաբան, ապագայում՝ ո՛չ մի պատմաբան չի կարող որպես փաստ չարձանագրել, որ Ս. Սարգսյանը չէր կարող զբաղեցնել Հանրապետության նախագահի աթոռը, եթե չիրականացվեր Մարտի 1-ի ոճրագործությունը։ Սա էլ այլեւս ոչ թե ենթադրություն, այլ փաստի հավասարազոր պնդում է։ Այսինքն՝ ռեժիմը ծնունդով ու գոյությամբ ոճրագործությունների արդյունք է։
Ազգադավ ռեժիմ
Կա երկու խնդիր, որոնք կարեւոր ու հնչեղ են ոչ միայն հայաստանյան մասշտաբներով, այլեւ համահայկական, համազգային իմաստով. Լեռնային Ղարաբաղ և Հայոց ցեղասպանություն։ Առաջինը կապված է Ադրբեջանի հետ և իր հերթին հանդիսանում է այս երկրի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրը. Լեռնային Ղարաբաղը պահել իր տարածքային ամբողջականության շրջանակներում։ Երկրորդը կապված է Թուրքիայի հետ և իր հերթին հանդիսանում է Թուրքիայի արտաքին քաղաքական հիմնական խնդիրը. հասնել նրան, որ պատնեշ դրվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ։
1990-ական թվականներին իր ռեսուրսներով 2-3 անգամ ավելի թույլ հայկական կողմը կարողացավ ազատագրել Ղարաբաղը։ Ռազմական հաղթանակներին համարժեք հաղթանակ արձանագրեց հայկական դիվանագիտությունը. հաղթահարելով Ադրբեջանի կատաղի նաև միջազգային հանրության դիմադրությունը, հաջողվեց Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչել տալ որպես հակամարտության և բանակցային հավասարազոր կողմ։ Այս կարգավիճակով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը որեւէ լուծման դեպքում դառնում էր անշրջանցելի։
Ռ. Քոչարյանը արեց ճիշտ հակառակը. վերցրեց ու Լեռնային Ղարաբաղը զրկեց բանակցային կողմ լինելու միջազգային մանդատից։ Դա Ադրբեջանի մեծագույն երազանքն էր։ Դրանից հետո, ինչպես և սպասելի էր, կարգավորման հարցով ընդունված բոլոր փաստաթղթերում Լեռնային Ղարաբաղի «ինքնորոշումը» պիտի դնեին Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Սերժ Սարգսյանը ո՛չ այն ժամանակ ընդդիմացավ, ո՛չ էլ իր իշխանության շրջանում հրաժարվեց այս գծից։ Ի՞նչ է սա. գավառամտության հետեւանք, թե՞ գիտակցված դավաճանական քայլ՝ միեւնույն է. Ռ. Քոչարյանը և Ս. Սարգսյանը Ադրբեջանի համար լուծել են նրա արատաքի քաղաքական թիվ 1 խնդիրը, որը (միջազգային հանրության զորակցությամբ հանդերձ) ի զորու չէին լուծել նրա արտաքին քաղաքկան գերատեսչությունը և հատուկ ծառայությունները միասին վերցրած։
Սիամական այս զույգը նույն կերպ է վարվել Հայոց ցեղասպանության խնդրի հետ։ Ռ. Քոչարյանը  Ցեղասպանության ճանաչման խնդիրը հռչակեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնադրույթ և ՄԱԿ-ի ամբիոնից ճառեց այդ մասին՝ առանց համապատասխան փաստաթղթով այն քննարկման ներկայացնելու։ Շարունակությունը թուրքական դիվանագիտության համար տեխնիկայի խնդիր էր՝ ի պատասխան դրա, շրջանառության մեջ դնել «պատմաբանների հանձնաժողով» ստեղծելու առաջարկը։ Այս դեպքում էլ՝ ինչ ցանել էր Ռ. Քոչարյանը, անմռունչ հնձեց Ս. Սարգսյանը։ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններ մտավ մի կետ «պատմաբանների հանձնաժողով» ստեղծելու մասին, որը պետք է քննի Ցեղասպանության լինել-չլինելու հարցը։ Բոլորը և առաջին հերթին սփյուռքահայությունը, արդարացիորեն սա համարեցին որպես Ցեղասպանության ուրացում։ Անկախ այդ փաստաթղթերի հետագա ճակատագրից, այդ արձանագրումը բավարար էր Ցեղասպանության ճանաչման հարցը աշխարհով մեկ կասեցնելու համար։ Գավառամտության արդյո՞ւնք էր սա, թե՞ գիտակցված դավաճանական քայլ՝ միեւնույն է. Ռ. Քոչարյանը և Ս. Սարգսյանը Թուրքիայի համար լուծել են նրա արտաքին քաղաքական թիվ 1 խնդիրը, որը (միջազգային հանրության զորակցությամբ հանդերձ) տասնամյակներ շարունակ չէին կարողանում լուծել նրա արտաքին քաղաքական գերատեսչությունը և հատուկ ծառայությունները միասին վերցրած։
Որպես փոխհատուցում ի՞նչ ստացան նրանք այս երկու դավաճանական քայլերի համար։ Ստացան Հայաստանում ապօրինաբար իշխելու և երկիրն ուզած ձեւով թալանելու արտոնություն։
Ազգասպան ռեժիմ
Այս ձեւակերպման տակ նկատի ունենանք անհատին մարդկային եւ ազգային արժանապատվությունից զրկելը։ Դա անում է օտար նվաճողը՝ ապահովելու համար նվաճված ժողովրդի հնազանդությունը։ Քանզի ցանկացած ազգային-ազատագրական պայքար հենվում է տվյալ հանրության մաս կազմող անհատների մարդկային և ազգային արժանապատվության պահանջմունքը բավարարելու վրա։ Եթե այդ զգացումները մեռած են, ազգը անընդունակ է այլեւս երբեւէ վերանվաճելու իր ազատությունը և դատապարտված է ոչնչացման։ Նվաճողի համար այս խնդրի լուծման հիմնական գործիքը վախի սերմանումն է։ Քոչարյանասերժական ռեժիմի համար նույնպես վախի սերմանումը եղել ու մնում է որպես հիմնական միջոց։ Դրա համար օգտագործվում են իշխանավորների ու օլիգարխների բանդաներից սկսած մինչև պետական ուժային կառույցները։ Աշխատանքը կորցնելու վտանգի տակ պարտադրաբար հանրապետական դարձած դպրոցի տնօրենը, գյուղապետը, ուսուցիչը, բժիշկը և այլն այլեւս իրենց ազատ ու արժանապատիվ մարդ չեն կարող զգալ։ Ապօրինի հրաման կամ հրահանգ կատարող ոստկանը, անվտանգության աշխատակիցը, բանակի սպան այլեւս մարդկային արժանապատվության զգացում չեն կարող ունենալ։ Ծայրահեղ աղքատության հասած, օրվա սնունդը անպատիվ ճանապարհով վաստակող կամ կիսաքաղց մնացած մարդը աստիճանաբար կորցնում է ամեն մի մարդկային ու ազգային արժանապատվություն։ Այս ամենը ռեժիմի քաղաքականությունն ու ծրագիրն է տասը տարուց ավելի։ Դա ազգասպանություն է։
Նորանկախ պետությունները առաջին շրջանում կայացման ծանր ու պատասխանատու շրջան են ապրում, որից հետո նրա քաղաքացին պետք է զգա անկախության, ազգային պետականության ու ազատության համն ու հոտը։ Այս ռեժիմի ամենածանր հանցաիքներից մեկն այն է, որ նա հետեւողականորեն լուծում է ճիշտ հակառակ խնդիրը։ Մարդու համար ոստիկանը ոչ թե ապահովության գրավական է, այլ վտանգի աղբյուր, դատարանը ոչ թե իրավունքի երաշխավոր է, այլ պատժիչ հիմնարկ, պետական պաշտոնյան ոչ թե սպասարկող է, այլ կաշառք վերցնող։ Բայց այս ամենը նաև անկախության, պետականության ատրիբուտներ են, որոնց դեմ յուրաքանչյուրի մեջ անվստահություն, արհամարհանք ու ատելություն է սերմանվում։ Դա ազգասպանություն է, քանզի անկախ պետականությունը ազգի գոյության հիմքն է։
Ցեղասպան ռեժիմ
Հոգեբանորեն դժվար է սեփական իշխանության համար օգտագործել այս բնորոշումը, մանավանդ, որ քո ժողովուրդն ապրել է նման մի աղետ։ 2011թ. հոկտեմբերի 1-ին, արտագաղթին վերաբերող իր ընդարձակ ելույթում էլ Լևոն Տեր-Պետրոսյանը դժվարությամբ արտասանեց այդ բառը. «Ես չեմ ուզում ձեզ սարսափեցնել, բայց մեր ժողովուրդն, իսկապես, ազգային աղետի առջեւ է կանգնած... Սա նույնիսկ ոճիր չէ. չեմ ուզում ցեղասպանություն բառն օգտագործել, բայց ուրիշ բառ դժվար է գտնել»։ Նրանից անկախ, քիչ անց, իշխող ռեժիմի քաղաքականությունը սեփական ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն գնահատեց Շառլ Ազնավուրը. «Հիմա իմ երկրում ներքին ցեղասպանություն է տեղի ունենում»։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է արտագաղթին։
Քոչարյանասերժական ռեժիմի ընթացքում արտագաղթի պաշտոնական թիվն անգամ, ավելի քան 300.000 սարսափազդու է։ Սակայն արտագաղթի թիվը շատ ավելի մեծ է։ Կա մի անշրջանցելի փաստ. դպրոցականների թիվը, որը իշխանությունը չի կարող կեղծել, քանի որ դա դպրոցների ֆինանսավորման հիմքն է։ Այս ռեժիմի օրոք դպրոցականների 600.000 թիվը կիսվել է։ Բնականաբար՝ հիմնականում արտագաղթի պատճառով։ Այսինքն՝ իրական արտագաղթի թիվը 1999-ից ի վեր, առանց պատերազմի ու բնական աղետի երկրում հատել է 1 միլիոնի սահմանը։
Այս դեպքում սխալ է նաև արտագաղթ բառն օգտագործելը։ Սա բռնագաղթ է. մարդիկ գնում են ոչ թե կամավոր, այլ ստիպված՝ խույս տալով անապահովությունից, կողոպտվելուց, անօրինությունից, սոցիալական ծանր պայմաններից, բանակում երախա կորցնելու կամ խեղելու վտանգից։ Սա բռնագաղթ է, վարչախմբի կողմից երկիրը դատարկելու հստակ ծրագիր, որը խոստովանեց անգամ ռեժիմի վարչապետը։ Հայաստանը հայերից դատարկելու նման մի ծրագիր է իրականացվել Օսմանյան Թուրքիայում սուլթան Համիդի և երիտթուրքերի շրջանում։ Եւ ո՛չ մի նշանակություն չունի՝ մարդը երկիրը լքում է յաթաղանից, թե՞ այլ վտանգներից խույս տալով։ Այլ խոսքով՝ Ռ. Քոչարյանը և Ս. Սարգսյանն իրենց անունները գրեցին սուլթան Համիդի ու երիտթուրքերի պարագլուխների անունների կողքին։ Համենայնդեպս, բացի սրանց իշխանության շրջանից, Հայոց ողջ պատմության մեջ չի եղել որեւէ այլ տասնամյակ, երբ հայ ժողովուրդն ավելի մեծ աղետների է ենթարկված ու ավելի ծանր վտանգների առջեւ կանգնած լինի։
Այս ամենից հետո ի՜նչ աստիճանի ցինիզմ պիտի ունենա մարդ՝ իր նկատմամբ «հավատ» ակնկալելու համար։
Այս ամենից հետո որքա՜ն պետք է մարդ զրկված լինի բանականությունից ու պայմանական ռեֆլեքսից անգամ՝ նրանց հավատալու համար։
100 տարի առաջ կատարված ցեղասպանության ճանաչումը օտարներից պահանջելուց առաջ մենք պարտավոր ենք ճանաչել այսօր, այս պահին մեզ հետ կատարվող ոճրագործությունը, ազգադավությունը, ազգասպանությունը, ցեղասպանությունը։ Իսկ ճանաչման օրը նշանակված է. մայիսի 6-ին։ Միակ բանը, որին պետք է հավատալ ու ապավինել՝ «Ո՛չ մի ձայն հանցավոր ռեժիմին» գործելակերպն է։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
«Հայկական ժամանակ» 26.04.2012


Thursday, March 15, 2012

ՍՈՒՏՆ ՈՒ ԿԵՂԾԻՔԸ՝ ՎԵՐՋԻՆ ԱՊԱՎԵՆ


Հանրապետական կուսակցության՝  մարտի 10-ին կայացած 13 -րդ համագումարում  Սերժ Սարգսյանի եույթը հաջորդ օրերի հիմնական թեման դարձավ ոչ թե տվյալ կուսակցության ու նրա ղեկավարի կարգավիճակի, այլ արտառոցության պատճառով։ Առաջինը դրան անդրադարձավ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ ելույթի տնտեսական մասի առիթով հեղինակին ուղղված ապշած հարցադրմամբ. «Մ՞իթե այդպես են վելուծում ձեր շրջապատում տնտեսական փաստերը, մի՞թե կարելի էր երկրի ղեկավարի տիտղոսը կրող անձին նմաննյութմատուցել»։ Ապա, հենվելով բացառապես հենց նույն՝ պաշտոնական տեղեկագրերի հրապարակած թվերի վրա՝ վեր է հանում տնտեսական ցուցանիշների բոլորովին այլ պատկեր։ Մի բան ակնհայտ է ու անվիճելի. Ս. Սարգսյանի ելույթում փայլուն տնտեսական զարգացում ունեցող Հայաստանը ստացվել է, պատկերավոր ասած, տնտեսագիտության այբուբենի և բազմապատկման աղյուսակի անտեսման, արհամարման վրա։
Անկախ այն բանից, թե ով կամ ովքեր են պատրաստել Ս. Սարգսյանի հաշվետու զեկույցը կամ դրա համար «նյութ մատուցել», միեւնույն է՝ արտասանելու պահից դա այլեւս պատմական փաստաթուղթ է և դրա հեղինակն ու պատասխանատուն Ս. Սարգսյանն է։ Ապագա գիտնականը պատմական հեռվից պիտի զարմանա, թե ինչպես կարող է երկրի թեկուզ ոչ օրինակարգ, բայց փաստական, գործող ղեկավարի հեղինակությամբ նման փաստաթուղթ ծնվել։ Այն ժամանակ նման հարցադրումը միայն գիտական նշանակություն կունենա։ Կարեւորը հիմա է, այսօր, երբ այն գործնական նշանակություն ւունի։ Իսկ այսօր այդ ելույթը որպես ցայտուն մի օրինակ ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանի ու Հանրապետական կուսակցության գլխավորած իշխանությանն ուրիշ ոչ մի ապավեն, կառչելու տեղ չի մնում, բացի սուտն ու կեղծիքը։ Ընդ որում՝ անճարակ, ցածրորակ սուտն ու կեղծիքը, որոնք անմիջապես հրապարակավ դառնում են ոչ միայն հերքման, այլեւ համընդհանուր ծաղրի ու ծիծաղի առարկա։
Այս հետեւությունը վերաբերում է հիշյալ ելույթի ոչ միայն տնտեսական մասին։ Ստորեւ ներկայացնենք միայն փոքր մի ծաղկաքաղ այլ թեմատիկաներից՝ նախապես ներողություն խնդրելով այն ընթերցողներից, որոնց համար մեկնաբանությունների մի մասը, տվյալ դեպքերում, գուցեեւ, արդենիսկ ավելորդ են։
Բարոյականություն
«Մարդը չի կարող լինել ազնիվ ու բարոյական իր ընտանիքում` հանրության և ազգի հաշվին: Չի կարող ստեղծել իր անձնական և ընտանեկան երջանկությունը` կողոպտելով և հարստահարելով հանրությանը և ազգին: Եթե մեկը գողանում է հանրությունից ու ազգից, ապա նաև գողանում է անձամբ իրենից և իր ընտանիքից»:
Այսինքն՝ Ս. Սարգսյանը ասում է՝ սա է իմ և իմ մերձավոր շրջապատի բարոյական կոդեքսը և կերպար։ Սա սուր մարտահրավեր է ողջ հասարակությանը, նրա մեջ լայնորեն տարածված ճիշտ հակառակ համոզմունքին։ Բոլորը, անխտիր բոլորը, սեփական տեսածից, լսածից, ապրածից գիտեն, որ իրականությունը ճիշտ հակառակն է։ Տրամագծորեն հակառակը։ Ճչացող հակառակը։ Եւ դա նրանց համար նույնքան հավաստի է, առարկայական ու հեշտ ստուգելի, որքան սեփական քթի առկայության փաստը։
Բայց ենթադրենք՝ ինֆորմացիա ստանալու մեր բոլոր զգայարանները մեզ խաբում են։ Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներում մանրամասն ցանկերով հրապարակումներ եղան Ս. Սարգսյանի, Ռ. Քոչարյանի ու նրանց «ազնվազարմ» շրջապատի թալանած ունեցվածքի չափի մասին՝ միայն վերջինիս մասնաբաժինը 2010թ. տվյալներով գնահատելով շուրջ 4 միլիարդ դոլար։ ԱՄՆ դեսպանատան գաղտնի փաստաթղթերում որպես Հայաստանում կոռուպցիոն բուրգի երկու հավասարազոր բեւեռ հիշատակվում են Ս. Սարգսյանը և Ռ. Քոչարյանը։ Սրանք երկուսն էլ երբեք պաշտոնապես բիզնեսով չեն զբաղվել։ Նրանցից ու իրենց գլխավորած ավազակախմբի մեջ ներկայացված նույն «ազնվազարմ» շրջապատից ոչ մեկը ոչ մի անգամ ո՛չ հերքեց այդ հրապարակումները, ո՛չ էլ որեւէ կերպ բողոքեց։ Որովհետև նրանք այդ ամենը ձեռք են բերել «կողոպտելով և հարստահարելով հանրությանը և ազգին»։ Հիմա ինչո՞ւ է Ս. Սարգսյանը այսօրինակ մտքերով կրակի վրա յուղ լցնում։ Մի բան է՝ երբ մարդը գողանում ու դրա մասին գոնե լռում է, մի այլ բան է, երբ դրանից հետո իրեն նաև սուրբ է հայտարարում։
Ղարաբաղ
«Մենք շարունակելու ենք աշխատանքները ընթացող բանակցություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը որպես լիիրավ կողմ ներգրավելու համար»:
Սա նախ պատմական փաստի խեղաթյուրում է, բացահայտ կեղծիք։ Լեռնային Ղարաբաղը որպես հակամարտության կողմ ճանաչվել և բանակցություններում որպես լիիրավ կողմ ներգրավված է եղել մինչև 1998 թվականը։ Այդ կարգավիճակը նա ստացել է 1994թ. ԵԱՀԿ բուդապեշտյան  գագաթնաժողովում։ Դա եղել է հայկական դիվանագիտություն ամենամեծ հաղթանակներից մեկը։  Ուրեմն՝ պետք է խոսել ոչ թե Ղարաբաղի «ներգրավվման» (կարծես երբեք չի էլ եղել), այլ նրա կարգավիճակի «վերականգնման» մասին։ Նաև ասել, թե ինչո՞ւ և ինչպե՞ս է Ղարաբաղը կորցրել այդ կարգավիճակը։ Սա էլ անվիճելիորեն հայտնի պատմական իրողություն է։ Դա տեղի է ունեցել Հանրապետական կուսակցության իշխանության օրոք, Ռ. Քոչարյանի և իր՝ Ս. Սարգսյանի նախաձեռնությամբ (այսպես ենք ասում, քանի որ Ռ. Քոչարյանի օրոք Ս. Սարգսյանը իր ազդեցությամբ միշտ եղել է փաստացի երկրորդ դեմք)։ Լեռնային Ղարաբաղից խլվել է այդ մանդատը՝ գավառամտության անգերազանցելի մի հիմնավորմամբ՝ «որպես ղարաբաղցի ես կներկայացնեմ նաև Ղարաբաղը»։ Ադրբեջանն ուրախությունից գժվել է անակնկալ այս «փեշքեշից»։ Այս փաստի մասին անգամ համանախագահներն են մի քանի անգամ հստակ ասել։ Սա՝ կեղծիքը։ Իսկ հիմա՝ սուտը։ Եթե Ս. Սարգսյանն, իրոք, ուզում է, որ Լեռնային Ղարաբաղը կրկին տեր կանգնի իր՝ ժամանկին ունեցած միջազգային մանդատին, պետք է վաղուց աներ ճիշտ հակառակը, ինչ ժամանակին արել է Ռ. Քոչարյանը իր հետ միասին։ Այսինքն՝ պետք է հայտարարի, որ բանակցություններու ինքն այլեւ չի ներկայացնելու Լեռնային Ղարաբաղին, կամ՝ Լեռնային Ղարաբաղն ինքը պետք է հայտարարի, որ ետ է վերցնում Հայաստանին զիջած իր մանդատը։ Մնացածը խաբեության մեղկ, ցածրակարգ, երկրի թեկուզ ոչ օրինակարգ, բայց փաստական ղեկավարի համար ամոթալի մակարդակ է։
Ցեղասպանության ուրացում
«Զարգացումներ են արձանագրվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ասպարեզում»:
Սուտ է։ Ոչ միայն սուտ է, այլ ընդհակառակն է։ Պատմությունը կարձանագրի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման՝  Ս. Սարգսյանի արկածախնդրությունը որպես նրա ձախող արտաքին քաղաքական խայտառակ գլուխգործոց։ Բայց կարեւորն այսօր է։ Ցանկացած քաղաքական նախաձեռնություն ու գործընթաց գնահատվում է ոչ թե նախապես ունեցած սպասելիքներով ու երազներով, այլ վերջում ստացված առարկայական արդյունքով։ Այս բանաձեւի դեմ ոչ մեկը չի կարող վիճել։ Ահա, ըստ այս բանաձեւի՝ Ս. Սարգսյանի «Հայ-թուրքական» մեռելածին արձանագրություններից գործում է միայն մի կետ՝ «Պատմաբանների հանձնաժողովի» մասին տխրահռչակ դրույթը։ Դա Ցեղասպանության ուրացում էր ամենաբարձր՝ երկրի ղեկավարի մակարդակով (հիշենք այդ առիթով Սփյուռքի՝ Ս. Սարգսյանի նկատմամբ կոռեկտության ու քաղաքավարության բոլոր սահմաններն անցած արձագանքը)։ Անկախ այդ արձանագրությունների ճակատագրից, այդ դրույթը կանգնեցրել է ճանաչման գործընթացը։ Իսկ որտեղ սկսվում է՝ հիմք է ծառայում ձախողման համար (ԱՄՆ, Ֆրանսիա)։ Այս ամենից հետո ո՞ւմ գլխին է Ս. Սարգսյանը «լոլո կարդում»՝ վիրավորելով յուրաքանչյուրիս բանականությունը։
Ցեղասպանության իրականացում
«Հայ ժողովրդի դեմ իրականացված ոճիրը շարունակվում է այսօր: Հենց հիմա: Շարունակվում է` ժխտելով ակնհայտ փաստը: Հայության և ողջ մարդկության խնդիրն է՝ դադարեցնել հանցագործությունը, որ ամեն օր, ամեն ժամ իրականացվում է մեր աչքի առաջ»:
Ս. Սարգսյանի այս խոսքն, ահա, ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը։ Միայն պետք է «ակնհայտ փաստ»-ի տակ նկատի ունենալ ոչ թե 1915-ի Ցեղասպանությունը, այլ այսօրվա արտագաղթը, կոռուպցիան, թալանը, աղքատության խորացումը, բազմազան ապօրինությունները և այլն, իսկ «ժխտողի»-ի տակ՝ Ս. Սարգսյանի գլխավորած վարչախմբին։ Ոչ թե 1915-ի Ցեղասպանությունը ժխտողները, այլ հենց իշխող վարչախումբն է հայ ժողովրդի դեմ այսօր իրականցվող նույնպիսի ոճիրի կատարողն ու հեղինակը։ Դա գիտենք բոլորս, իսկ վերջերս հրապարակավ որպես համահայկական ահազանգ, բաց տեքստով հնչեցրեց Շառլ Ազնավուրը. «Այս ո՞ւր ենք գնում...  Շատ չի անցնի, և Հայաստանը կդառնա մի դատարկ խեցի... Ո՞ւմ է դա ձեռնտու։ Ընդամենը երեք մեծահարուստ ավազակի՞, երեք մաֆիոզի՞...»։ «ՀԻՄԱ ԻՄ ԵՐԿՐՈՒՄ ՆԵՐՔԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ... Հնարավորություն չտալով երկրին շնչել՝ Հայաստանի կառավարությունն իր երկիրը զրկում է երիտասարդությունից։ Նրանք լքում են երկիրը։ Այդ իմաստով՝ խնդիրն արդեն ունի ոչ թե քաղաքական, այլ համամարդկային բնույթ»։
Երբ ուրացումն արյան մեջ է
Այս վերնագրի տակ մեջբերում չունենք։ Քանի որ այդ մասին ելույթում խոսք չկա։ Չափազանց հետաքրքիր է և բնութագրական. Հանրապետականն ուրանում է իր գործընկերներին։ Ընդարձակ այս ելույթը ներկայացնում է ՀՀԿ «կառավարման» 12-13 տարին, և ոչ մի տեղ չի հիշատակվում «կոալիցիա» բառը։ Ոչ մի տեղ, թեկուզ հեռու մի ակնարկով չի հիշատակվում, որ (գեթ պաշտոնապես, ձեւականորեն) այդ «կառավարումը» միշտ իրականացվել է այլ ուժերի հետ կոալիցիայով, և նրանք էլ փոքրիկ մի մասնաբաժին ունեն արձանագրված «ահռելի նվաճումների մեջ»։ Ապագայի խեղճ պատմաբանը ուրիշ ինչպ՞ես պետք է մեկնաբանի սույն զարմանահրաշ փաստը։
Ջայլամային
Ապագայի նույն պատմաբանը, եթե Ս. Սարգսյանի արտաքին քաղաքականության համար «ֆուտբոլային» բառն օգտագործի, ապա, նրա ելույթների, մասնավորապես այս վերջինի վրա հենվելով, ներքին քաղաքականությունը պետք է կոչի ջայլամային (ջայլամի)։ Շառլ Ազնավուրի վերը հնչեցրած ահազանգը (ինչի մասին, որպես թիվ մեկ խնդիր, արդեն չորս տարուց ավելի ամեն օր ասում է նաև Հայ Ազգային Կոնգրեսը) երկու հիմք ունի՝ կոռուպցիա և արտագաղթ՝ ՀՀ ամենամեծ ներքաղաքական խնդիրները։ Այստեղ էլ մեջբերում չունենք։ Որովհետև այդ մասին ելույթում ոչ միայն ինչ-որ միտք, այլ այդ բառերն անգամ գեթ մեկ անգամ օգտագործված չեն։ Չկան նույնիսկ այն իմաստով, որ, ասենք, Հանրապետական կուսակցությունը պայքարում է կոռուպցիայի վերջին մնացորդների դեմ, կամ՝ որ իսպառ վերացրել է այն։ Կամ՝ որ Հանրապետականի իշխանության օրոք արտագաղթը վաղուց հուշ է դարձել։  Չկան։ Ելույթում առնվազն 4-5 տասնյակ խնդիրների մասին խոսվում է, դրանցում ո՛չ կոռուպցիան, ո՛չ արտագաղթը տեղ չեն գտել։ Ինչպես որ ոչ մի խոսք չկա հայ-ճապոնական վերջին պատերազմի մասին։ Մի բան որ չկա ու չի եղել, դրա մասին ինչպե՞ս գրես։ Հիմա յուրաքանչյուրը թող դատի. Սեփական ժողովրդի առջեւ վերոհիշյալ կենդանուն նմանակելը Ս. Սարգսյանի, նրա գլխավորած վարչախմբի ու կուսակցության ուժի՞, թե անզորության նշան է։
Հ.Գ. Ռացիոնալ մտածողության շրջանակներում դժվար, անհնար է դիտավորություն չտեսնել. ելույթի ավելի քան 15 էջ, և ոչ մի նորմալ, անխոցելի միտք։ Իսկ որոշ դեպքերում այդ դիտավորությունը ճչացող է։ Եթե առաջիկայում սույն ելույթի համար պատասխանատուները կամ պատասխանատուն չպատժվի, ուրեմն հաջորդ խորհրդարանաը Սերժ Սարգսյանին ոչ միայն Սահմանդրության 57 հոդվածով նախատեսված պաշտոնանկության, այլեւ 59 հոդվածով նախատեսված՝ «լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների» հիմքով կարող է հեռացվել պաշտոնից։
Աշոտ Սարգսյան
«Հայկական ժամանակ» 15.03.2012

Sunday, November 13, 2011

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՆՈՒՆԴԴ ՎԱՆՈ


Նոյեմբերի 13-ին լրանում է Վանո Սիրադեղյանի 65 տարին։
Վանոն, անշուշտ, առաջին հերթին գրող է։ Տաղանդավոր, հաճախ՝ հանճարեղ։ Եւ յուրահատուկ, հաճախ՝ խիստ յուրահատուկ։ Վանոն դասագրքեր է մտնելու։ Առաջին հերթին՝ հայ գրականության։ Հրանտ Մաթեւոսյանի կողքին։ Նրա պատմվածքները չեն հնանալու, կարդացվելու և հանձնարարվելու են։ Վանոն դրվելու է դասականների կողքին։ Իրական դասականների։ «Ափսոս էր... գրողը»։
Վանոն պետական-քաղաքական գործիչ է։ Նաև հրապարակախոս՝ գրողականի ու քաղաքականի  անկրկնելի սինթեզով։ Այստեղ էլ՝ տաղանդավորի, հաճախ՝ հանճարեղի իր ոչ ստանդարտով։ Վանոն միջավայր էր՝ ինքնատիպ, ձգող, բազմազան։
Վանոն, իհարկե, գրող էր առաջին հերթին։ Եւ մտավորական՝ դրանց առաջ։ Եւ որպես մտավորական՝ Քաղաքացի ամեն ինչից առաջ։ Անթեք, չլռող, անլուռ։ Քաղաքացի-գրող, Քաղաքացի-գործիչ, Քաղաքացի-հրապարակախոս։ Չհանդուրժված։
Արդեն10 տարի Վանոն քաղաքական վտարանդիության մեջ է։
Շնորհավոր ծնունդդ Վանո։Բարի վերադարձ այն Հայաստան, որի տերը Քաղաքացին է լինելու։ Գալիս է Քաղաքացու ժամանակը։ Ափսոս է, առաջին հերթին, գրողը...
Աշոտ Սարգսյան

«ՀԺ» 13.11.2011

Friday, November 4, 2011

ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հայտնի հոգեբանական հնարք է՝ մեղք կամ հանցանք գործած մարդը որքան ներքին անհանգստության ու խուճապի մեջ է, այնքան փորձում է արտաքուստ հանգիստ ու վստահ երեւալ, որքան վախեցած ու տագնապած է՝ այնքան քաջ, համարձակ ու ցինիկ։ Եւ դա՝ ոչ միայն դրսի, ուրիշների համար, այլեւ ինքն իրեն հաղթահարելու համար։
Մշտապես «գող՝ սիրտը դող» վիճակում գտնվող քոչարյանասերժական վարչախումբը հսկայկան ճիգեր է գործադրում ինքնավստահության արտաքին այդ էֆեկտներն ապահովելու համար։ Ս. Սարգսյանը ժապավեններ է կտրում, շքանշաններ, պարգեւներ ու պատվոգրեր հանձնում՝ հիմա էլ նաեւ ուսանողներին ու աշակերտներին։ Չունեցած գիտելիքներով «դիմակայում» է մեր պատմությունը խեղաթյուրող ադրբեջանական հարձակումներին՝ ամեն կերպ աշխատելով դեմքին անխռով ու վստահ արտահայտություն տալ։ Իշխանական մամուլն ու հեռուստաալիքները ժամանակից դեռ շատ շուտ սկսել են ակտիվորեն քննարկել «հերթական ընտրությունների» թեման՝ փորձելով դրանով մարդկանց ենթագիտակցության մեջ ամրացնել այն պատկերացումը, թե այս իշխանությունը ձգելու է մինչեւ հաջորդ ընտրություններ։ Իշխանական կուսակցություններն իրենց հերթին նախընտրական բնույթի ինչ-որ կեղծ շարժեր են անում եւ այլն։
Սակայն փորձառու աչքն իսկույն նկատում է, որ վարչախմբի վարքագծի բազմաթիվ դրսեւորումներ մատնում են նրա ե՛ւ անհանգստությունը, ե՛ւ խուճապը, ե՛ւ վախն ու տագնապը։ Ընդ որում՝ դրանք շատ ավելի նկատելի են դառնում այն փաստերի ֆոնին, որոնք, հատկապես վերջին շրջանում, տեղատարափի նման թափվում են նրանց գլխին։ Նկատի ունենք վարչախմբի «էլիտար» անդամների գործած հանցանքների, հանցավոր կապերի ու հանցավոր գործունեության միջազգայնացումը։ Հենց այդպիսին էր «Պզոյի» գործը՝ ԱՄՆ-ում, Լուժկովի հետաքննվող գործի հետ հայաստանյան 32 (այժմ արդեն 34) իշխանավորների կապը, Ավստրալիայից ու Մալազիայից եկած տեղեկատվությունը՝ Հայաստանով իրականացվող մաքսանենգ փոխադրումների մասին եւ այլն։ Ու այս ամենի մեջ ներառվում են այնպիսի հանցագործություններ, ինչպես՝ նարկոբիզնեսը, փողերի լվացումը, զենքի ու հարստացված ուրանի ապօրինի առեւտուրը՝ կապված միջազգային ահաբեկչական կենտրոնների հետ եւ այլն։ Իշխանության ներսից եկած տեղեկատվությունը հուշում է, որ այստեղ իրականում ժամ առ ժամ ավելանում են խուճապի հիմքերը, քայլ առ քայլ խամրում է հերթական ընտրությունների հեռանկարը։ Հանցավոր կապերի ու գործունեության մեջ հայտնված իշխանավոր-օլիգարխների մոտ սկսել է սասանվել հավատը Սերժ Սարգսյանի՝ որպես ապահով «տանիքի» նկատմամբ, որը չի կարողանում այլեւս նրանց համար երաշխավորի դեր խաղալ մասնավորապես ԱՄՆ-ում ու Ռուսաստանում։ Նրա նկատմամբ վստահությունը սասանվել է նաեւ քաղաքական հարցերում. նա այլեւս ոչ միայն չի կարողանում կանխել եւրոպական կառույցներում ու երկրներում վարչախմբի համար աննպաստ փաստաթղթերի ընդունումը, այլ ստիպված է նրանց ճնշման տակ ետ քայլեր կատարել։ Տեսնում են, որ Ս. Սարգսյանը չկարողացավ լուծել քաղաքական ընդդիմության պառակտման հարցը, քաղբանտարկյալների խաղաթուղթը ոչ միայն չկարողացավ օգտագործել Հայ Ազգային Կոնգրեսին խեղճացնելու ու վնասազերծելու համար, այլ այն նաեւ միջազգային ասպարեզում դարձրեց վարչախմբի Աքիլլեսյան գարշապարը։ Եւ վերջապես, շատ լավ տեսնում են, որ, այս ամենի հետ միասեին շուտով նրա գլխին պայթելու է նաեւ ղարաբաղյան հարցը։ Ներիշխանական աղբյուրներից տեղեկություններ են այն մասին, որ որոշ օլիգարխները իրենց իրենց դժգոհությունն ու հիսթափությունն են արտահայտում Ս. Սարգսյանից, ոչ թե անկյուններում, այլ՝ երես առ երես։ Հասկանալի եւ արժանահավատ են դառնում նաեւ այն տեղեկությունները, թե վերջին շրջանում նկատվում է ոչ թե վերահսկելի բանկային փոխանցումներով, այլ ճամպրուկներով կանխիկ փողի հսկայական արտահոսք է տեղի ունենում դեպի «ապահով» երկրներ։ Այնպես որ, այսօր Հայաստանում ինչ կատարվում է, կատարվում է առաջին հերթին անխուսափելի դարձած արտահերթ նախագահական ընտրությունների տրամաբանության շրջանակներում։
Աշոտ Սարգսյան

«Հայ Ազգային Կոնգրես», 04.11.2011

Saturday, September 24, 2011

ԵՐԿՈՒ ՀԱՅԱՑՔ` ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ (1)

Հայաստանի անկախության 20-ամյակին ընդառաջ

Ղեկավարի կարգավիճակի հասած անհատի հայացքն ու վերաբերմունքն իր ժողովրդի նկատմամբ, որպես ժողովրդի ինքնապատկերացումը եւ դրա վրա հենվող քաղաքական համակարգը ձեւավորող գործոն, էական նշանակություն ունի տվյալ ժողովրդի ճակատագրում։ Այն առանցքային դեր է ունեցել նաեւ մեր անկախության 20-ամյա պատմության ընթացքում։
Ինքնապատկերացումը որպես քաղաքական գործոն
Ինքնապատկերացումը, ինքնության գիտակցումը, ինքնագնահատականը շատ կարեւոր դեր են խաղում ինչպես անհատի, այնպես էլ ազգի կեցվածքում՝ որպես այդպիսին պայմանավորելով նրա վարքագիծը եւ գործողությունների արդյունավետությունը։ Ըստ այդմ են ձեւավորվում նաեւ նրա արժեհամակարգը, պատկերացումներն ազատության, արժանապատվության մասին, նրա ձգտումները, հավակնությունները, նկրտումները։ Անհատի դեպքում դա պայմանավորում է նրա հասարակական-քաղաքական վարքագիծը տվյալ հասարակության մեջ, ժողովրդի դեպքում՝ նրա ներկայացրած պետության վարքագիծը միջազգային հարաբերություններում եւ միջազգային հանրության մեջ։ Ժողովուրդների դեպքում դա նաեւ ծառայում է որպես հիմք, ելակետ-գործոն՝ քաղաքական համակարգեր ստեղծելու եւ պահելու համար։
Կարող է լինել երեք տարբերակ
1. Եթե մարդուն կամ ազգին ներշնչում-համոզում են, որ նա բոլորի մեջ միակն է ու բացառիկը, նա, մեծամոլական ախտով վարակված, իրականության զգացումը կորցրած՝ մի օր քթով կոշտ բախվում է նույն այդ՝ իր թերագնահատած իրականությանը։ Թե՛ անհատի, թե ժողովրդի դեպքում այդ ներշնչումն ապահովում են յուրայինները՝ «բարի կամեցողները»։ Անհատի դեպքում յուրաքանչյուրս ինքնագերագնահատման հետեւանքների ցայտուն օրինակներ կարող է գտնել սեփական շրջապատում։ Ժողովուրդների դեպքում սա նշանակում է բացառիկության ուսմունքով հասարակությանը պարտադրված մեկ գաղափարախոսություն, ինչի անխուսափելի քաղաքական հետեւանքը գաղափարախոսական տվյալ հիմքով բռնապետության ստեղծումն է։ Պայմանականորեն սա կոչենք «ներքին բռնապետություն»։ Բացառիկության մեծամոլական ախտը կործանեց Հին Հռոմեական եւ Բյուզանդական կայսրությունները։ Մեր ժամանակներում դրա լավագույն օրինակները ֆաշիզմ վերապրած երկրներն ու ժողովուրդներն են։ Եւ նույն ճակատագրին կարժանանան նրանք, ովքեր կունենան նույն գայթակղությունը, եթե անգամ դա բերի ժամանակավոր, թվացյալ հաջողությունների։ Այսինքն՝ ինքնագերագնահատումը կենցաղում՝ անհատի, իսկ քաղաքական գործոնի վերածվելով՝ ժողովրդի համար կորստաբեր պատկերացում է։
2. Եթե մարդուն եւ ազգին ներշնչում են, որ նա ուրիշներից ցածր է, ոչ լիարժեք, նրա մեջ անլիարժեքության, թերարժեքության բարդույթ է առաջանում, եւ մեռնում է առաջընթացի որեւէ ձգտում։ Թե՛ անհատի, թե՛ ժողովրդի դեպքում դա անում են օտարները։ Անհատների օրինակները կրկին թողնենք ընթերցողին։ Ժողովրդի ինքնաթերագնահատման բարդույթի ելքի օրինակները պատմության ասպարեզից վերացած պետություններն ու մեռած ժողովուրդներն են։ Նրանք վերացել են, երբ թերարժեքության բարդույթը դարձել է համընդհանուր, դարձել յուրօրինակ գաղափարախոսություն եւ ոչնչացրել ազգի իմունային համակարգը։ Ինքնագերագնահատմանը հակադիր ինքնաթերագնահատման երեւույթը նույնպես բռնապետությունների ստեղծման ու պահպանման հիմք է։ Նվաճված ժողովրդի հետ, որպես կանոն, այդպես է վարվել օտար նվաճողը (անգամ օրենքով դա ամրագրելով)՝ որպես նրա վրա իր իշխանությունն ապահովելու, դյուրացնելու մի միջոց։ Սա էլ պայմանականորեն անվանենք «օտարի բռնապետություն»։ Ըստ էության՝ հենց բռնապետության այս տեսակի հետ է համընկնում նաեւ սեփական ոչ օրինակարգ իշխանությունը։ Դրանց երկուսի մեջ էլ հավասարապես մահացու վտանգ տեսնելով՝ կենսունակ ժողովուրդներն իրենց ողջ պատմության ընթացքում նույն կերպ պայքարել են թե՛ օտարի, թե՛ սեփական ոչ օրինակարգ իշխանության դեմ։ Այսինքն՝ ինքնաթերագնահատումը նույնպես, կենցաղում՝ անհատի, իսկ քաղաքական գործոնի վերածվելով՝ ժողովրդի համար նույնքան կորստաբեր պատկերացում է։
3. Եթե անհատը կամ ժողովուրդը համարում է, որ ինքը ոչ մեկից ո՛չ ավել, ո՛չ էլ պակաս է, նրա մտածողությունը դառնում է ռացիոնալ, վարքագիծն ու գործողությունները՝ իրականությանը համարժեք, իր ուժերի համեմատ եւ, դրանով իսկ՝ առավելագույնս արդյունավետ։ Եւ դա ապահովում է նրա հաջողություններն ու կենսունակությունը, հավասարակշռությունը, համաչափ զարգացումը, զերծ պահում ծայրահեղություններից ու վտանգներից։ Անհատների դեպքում օրինակներ բոլորս կգտնենք մեր շրջապատում։ Ազգերի դեպքում՝ դրանք այսօր ծաղկող երկրներն են, որոնք այդպիսի պատկերացման հիմքի վրա ստեղծել են ժամանակակից ժողովրդավարական համակարգեր՝ որպես գերնպատակ ունենալով սեփական քաղաքացու ազատության եւ արժանապատիվ կյանքի ապահովումը։ Այսինքն՝ սա այն միակ նախահիմքն է, որի վրա կարող է կառուցվել անհատի, իսկ քաղաքական գործոնի վերածվելով՝ ազգի լավագույն ներկան եւ ապագան, դառնալ նրա կայուն զարգացման երաշխիքը։
***
Հայ քաղաքական միտքը դեռ 1500 տարի առաջ այս խնդիրը լուծել է հօգուտ երրորդ տարբերակի։ Պատմահայր Մովսես Խորենացու հանրահայտ խոսքն այդ լուծման լավագույն բանաձեւն է. «Մենք թվով փոքր ենք եղել, զորությամբ տկար եւ բազմաթիվ անգամ նվաճված այլ թագավորությունների կողմից, սակայն մեր երկրում էլ են եղել քաջության եւ արիության գործեր, որոնք արժանի են գրով հիշատակվելու»։ Այս խոսքի առաջին մասն ուղղված է ազգային բացառիկության պատկերացման վտանգի դեմ, երկրորդ մասը՝ թերարժեքության հնարավոր բարդույթի ձեւավորում թույլ չտալու նպատակ ունի։ Ավելին՝ Պատմահայրը սեփական ոչ օրինակարգ իշխանության դեմ պայքարը ներկայացվում է նույնքան անհրաժեշտ ու կենսական, որքան օտար նվաճողի դեմ։
***
Մեր խնդրո առարկան պայմանականորեն կոչենք պետականության գաղափարական ելակետ-գործոն եւ տեսնենք, թե ինչքանով է այն մեր անկախ պետականության 20 տարիների ընթացքում պայմանավորված եղել առաջին դեմքերի՝ ժողովրդի նկատմամբ հայացքով ու վերաբերմունքով։ Ըստ այդմ՝ ունենք տրամագծորեն հակադիր պատկերացումների ու դրանց հետեւանքով ձեւավորված տրամագծորեն տարբեր քաղաքական իրողությունների երկու շրջան։
Ինքնագերագնահատման  վտանգը ու դրա չեզոքացումը
ՀՀ Հիմնադիր-նախագահը միշտ եղել է երրորդ ելակետի գաղափարախոսը, համոզված ջատագովը եւ գործադրողը։ Նա իր քաղաքական կենսագրության ողջ ընթացքում պայքարել է առաջին երկուսի դեմ՝ քաջ գիտակցելով դրանց անխուսափելի կորստաբեր հետեւանքները։ Իր իշխանության տարիներին նա բախվեց դրանցից առաջինին՝ հայ ժողովրդի ազգային բացառիկության, առանձնահատուկ լինելու դրույթի քարոզչությանը։ Հրապարակավ կտրուկ հակադրվեց հայ ժողովրդի բացառիկության, «ազգի առաքելության», «համաշխարհային ազգի», «ազգային գաղափարախոսության» քարոզչությանը՝ դրա մեջ մեծ վտանգներ տեսնելով։ Նրա հակադրությունը կոշտ էր եւ անզիջում. «Հայ ժողովրդին վերագրում են գրեթե փրկչական նախասահմանում։ Իսկ ես օրգանապես չեմ ընդունում փրկչական ամբիցիաները՝ այն համարելով ֆաշիզմի հետ սահմանակցող՝ քաղաքականության ամենավտանգավոր գաղափարախոսականացում» (Հարցազրույց «Օբշչայա գազետա» թերթին, 24.12.1993, «Ընտրանի», էջ 400)։ Եւ հայտնեց իր համոզմունքը. «Հայ ժո­ղո­վուր­դը սո­վո­րա­կան ժո­ղո­վուրդ է (ընդգծումն իմն է – Ա.Ս.), ոչ լավ եւ ոչ էլ վատ մյուս­նե­րից, դրա հա­մար էլ նա ար­ժա­նի է ունե­նալ այն ամե­նը, ինչն ունեն այլ ժո­ղո­վուրդ­ներ...» (նույն տեղում)։
Նույն՝ «ֆաշիզմի հետ սահմանակցող» վտանգի չեզոքացման կոնտեքստում եւ իրական ժողովրդավարության դիրքերից նա հակադրվեց նաեւ «ազգային գաղափարախոսության» եւ «ազգային միասնության» գաղափարներին՝ դրանք հայտարարելով կեղծ քաղաքական  կատեգորիաներ, որոնց գործադրումը անհարիր է ժողովրդավարությանը. «Ազգային գաղափարախոսության ջատագովներն ակամա նրան տալիս են խորհրդավոր, համարյա կրոնական բովանդակություն, որը պարարտ հող է ստեղծում ամբոխավարության եւ քաղաքական շահարկումների համար» (Ելույթ ԳԽ նիստում, 25.04.1994, «Ընտրանի», էջ 404), «Գաղափարախոսական մենատիրությունը հնարավոր է միայն բռնապետության կամ ամբողջատիրության պայմաններում» (նույն տեղում), «Եթե ազգին պարտադրվում է ազգային գաղափարախոսություն, դրանով խաչ է քաշվում ժողովրդավարության վրա։ Կա՛մ մեկը, կա՛մ մյուսը» (Մամուլի ասուլիս, 26.09.1997, «Ընտրանի», էջ 596)։ Անկախության առաջին տարիներին, ինչ-որ պահի, մարդկանց ազգային զգացումներն ու հավակնությունները բորբոքող այդ քարոզչությունը, որպես ժողովրդավարությանն սպառնացող վտանգ, կարող էր Հայաստանում իրական դառնալ. «Հայաստանը տեսել է թագավորություն, տեսել է օտարի լուծ, տեսել է Առաջին հանրապետություն, տեսել է խորհրդային վարչակարգ, տեսել է ժողովրդավարական իշխանություն, չի տեսել միայն ֆաշիզմ, որի ուրվականը, սակայն, այսօր թակում է մեր դուռը» (Նախընտրական ելույթ, 20.09.1996, «Ընտրանի», էջ 535)։
Ոմանց համար այն ժամանակ անհասկանալի էր, թե ինչու է ներքին եւ արտաքին ծանրագույն խնդիրների ու մարտահրավերների տակ կքած հանրապետության նախագահը սեփական նախաձեռնությամբ եւ այն էլ՝ ամենապատասխանատու նախընտրական շրջանում, մտնում տեսական թվացող մի բանավեճի մեջ։ Բանավեճ, որտեղ հանդես գալով ամենեւին ոչ ամբոխահաճ դիրքերից, շատերի պատկերացումներին հակառակ՝ անձամբ իր համար խնդիրներ ստեղծում, վարկանիշ կորցնում թեկուզ իր լսարանի մի մասում։ Սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանը վստահ էր ոչ միայն վտանգի իրական լինելուն, այլեւ ժողովրդի ինտելեկտին եւ ընկալման կարողությանը։
Քաղաքական պոպուլիզմն ու կեղծ ազգայնականությունը հսկայական վայնասուն բարձրացրին՝ նրան ապազգայինի պիտակ կպցնելով։ Մինչդեռ ապազգային հռչակված, «սովորական ազգի» գաղափարախոս եւ այդ ելակետը գործադրող Նախագահը լուծեց ազգային ու ազգայնական, անգամ «հայդատական» խնդիրներ, որոնք տասնյակ ու հարյուրավոր տարիներ չէին էլ երազել հենց նույն հայրենասեր-ազգայնական-«հայդատականները», ազգի բացառիկության տեսաբանները։ Լուծեց, որովհետեւ կարողացավ հասարակությանը զերծ պահել ազգային բացառիկության բարդույթի վտանգավոր ծուղակից՝ ապավինելով ժողովրդավարությանը եւ ռացիոնալիզմի սկզբունքին։ Լուծեց՝ ապացուցելով, որ ազգի, ժողովրդի պոտենցիալը առավելագույնս հնարավոր է համախմբել եւ ամենաարդյունավետ ձեւով գործադրել, քաղաքական արդյունք ստանալ հենց այդ՝ ժողովրդավարության հիմքի վրա։ Իսկ ժողովրդավարությունն էլ, բացառելով որեւէ «ազգային գաղափարախոսություն», իր հերթին կարող է հենվել միմիայն «մենք սովորական ազգ ենք» պատկերացման վրա։ Բայց վայնասունը չդադարեց։ Չդադարեց, որովհետեւ առանց կեղծ ազգայնական աղմուկի, ժողովրդավարության հիմքի վրա խնդիրներ լուծելը ցուցադրում էր «ազգային գաղափարախոսությունների» ու «հայդատական» պատկերացումների քաղաքական սնանկությունը՝ դրանց քրմերին «զրկելով հացից»։
Ավանտյուրիզմի տանող այսօրինակ գաղափարները աստիճանաբար կորցրին իրենց ոտքի տակի հողը՝ քաղաքական իմաստով ոչ միայն դառնալով լուսանցային, այլեւ վերածվելով աղբակույտի։ Այդ աղբակույտի առաջին խորհրդանիշն այսօր «համաշխարհային ազգի» երբեմնի տեսաբան Վազգեն Մանուկյանն է՝ քաղաքական կյանքում զրոյացած, հասարակության մեջ մինուսացած իր վարկանիշով։ Երկրորդ խորհրդանիշը 1991թվականից մինչեւ 1996թ. նախագահական ընտրությունները ներառյալ՝ նույն Վ. Մանուկյանին փայփայած ՀՅԴ-ն է, որ այլեւս ոտքի վրա մնալ չէր կարող առանց իշխանական բացահայտ կամ քողարկված հենակների (սա համոզվելով իր առաջին ֆավորիտի անհեռանկարայնության մեջ, իրեն հատուկ «սուր հոտառությամբ» 1997-ից մի այլ ֆավորիտ ընտրեց՝ ի դեմս Ռ. Քոչարյանի եւ, այլընտրանք չունենալով, նրան հավատարիմ է առայժմ)։ Այսօր եթե գաղափարական այդ ելակետից հարձակումներ են լինում Առաջին նախագահի դեմ (հիշենք հատկապես 2008-ի նախընտրական շրջանը), ապա՝ խիստ քողարկված, անանուն, քանզի ելակետն ինքն այլեւս, որպես պետականության գաղափարական ելակետ-գործոն, արժեզրկված է հայաստանյան հասարակության մեջ։
«Չորրորդ ինքնիշխանություն» 20.09.2011

ԵՐԿՈՒ ՀԱՅԱՑՔ ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ (2)
Ինքնապատկերացման պարտադրված տրասֆորմացիա
Ազգային բացառիկության գաղափարը ժողովրդի մեջ կարող է սերմանվել միմիայն հրապարակային քարոզով։ Դրան հակառակ՝ ազգային թերարժեքության զգացումը, պատկերացումը, բնականաբար, չի կարող այդ կերպ ներարկվել, սերմանվել եւ բարդույթի աստիճանի հասցվել։ Դրան կարելի էր հասնել կոնկրետ եւ հետեւողական գործողություններով ու ներգործությամբ, որոնց արդյունքում յուրաքանչյուր անհատ ինքն իր համար պետք է նման եզրահանգման գա, եւ այդ եզրահանգումն աստիճանաբար, նորանոր հիմքերով հաստատվելով, դառնա համընդհանուր ու վերածվի ազգային բարդույթի։ Դրա ճանապարհը մարդուն, ժողովրդին ահաբեկելն է, վախի մթնոլորտ ստեղծելը, արհամարհելը, հարստահարելով թալանելը, ունեզրկելը, նրա նկատմամբ ցինիզմը եւ, իհարկե, այդ ամենը մարսել կարողանալը։ Որպես կանոն՝ նվաճված ժողովրդի հետ այդպես են վարվում օտար նվաճողները։ Դրա ճանապարհը նաեւ օրենքներն անպատիժ խախտելով՝ դրանց ձեւականության ցուցադրումն է, ընդունված արժեհամակարգը գլխիվայր շուռ տալը, կրթական մակարդակի իջեցումը, տգիտության սերմանումը, մարդկային ստոր բնազդների խրախուսումը, մարդկանց թեւաթափ անելը, անելանելի վիճակի մատնելը։ Իսկ դա, իր հերթին, հնարավոր է ոչ միայն իշխանական լծակների տիրապետմամբ, այլեւ, որպես գործիք, մի ամբողջ համակարգի ստեղծմամբ, որտեղ որքան հնարավոր է՝ շատերի համար, անձնական պարզ շահագրգռվածությունից բացի, բուն համակարգի պահպանումը դառնա անձնական կենաց ու մահու հարց։ Այս խնդիրն իր առջեւ դրեց ու փորձեց իրականացնել Ռ. Քոչարյանը։
Առաջին նախագահի հրաժարականի հայտարարության մեջ քաղաքական ասելիքի ծանրության կենտրոնը, բանալի-միտքը հետեւյալն է. «Խնդիրը շատ ավելի խորն է եւ կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության եւ պատերազմի այլընտրանքի հետ»։ Դրանով նա, ըստ էության, շեշտում է իրեն հրաժարականի պահանջ ներկայացրած մարդկանց՝ պետականության մասին ունեցած պատկերացումների (պետականության հիմնադրույթներ) արմատական տարբերությունն իր ունեցածի համեմատությամբ։ Արդյո՞ք, նա նկատի ունե՞ր նաեւ այն խնդիրը, որ մեր քննության առարկան է, այսինքն՝ նրանց տրամագծորեն տարբեր հայացքը, պատկերացումը սեփական ժողովրդի մասին եւ տրամագծորեն այլ վերաբերմունքը նրա նկատմամբ։ Այս դեպքում՝ արդեն ոչ թե ազգին բացառիկություն եւ առաքելություն վերագրելու իմաստով, այլ ընդհակառակը։
ՀՀ նախագահի պաշտոնում Ռ. Քոչարյանի առաջադրման փաստն արդեն 1998-ին (դեռ մի կողմ թողած ընտրությունների բնույթը) ժողովրդի նկատմամբ այդ «այլ վերաբերմունքի» փայլուն վկայությունն էր։ Սահմանադրությամբ պահանջված 10 տարվա մշտական բնակության եւ 10 տարվա քաղաքացիության «ցենզը» չունենալով՝ ողջ ժողովրդի աչքի առաջ նա դիմեց բացահայտ կեղծիքի՝ ներկայացնելով նման փաստաթղթեր։ Դա, ամեն ինչից զատ, ծաղր ու արհամարհանք էր նույն այդ ժողովրդի նկատմամբ, ցինիզմի բացառիկ դրսեւորում։ Հանդուրժելով դա՝ ժողովուրդը կուլ տվեց թերարժեքության բարդույթի տանող առաջին դառը դեղահաբը։ Առաջին հայացքից պարզ օրինազանցություն թվացող այս քայլը տեւական ներգործության մեծ ներուժ ուներ հասարակության յուրաքանչյուր անդամի հոգեբանության, ենթագիտակցության վրա։ Այս իմաստով դրա քաղաքական հետեւանքները համեմատելի են հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ։ Այնուհանդերձ, ժողովրդի թերարժեքության բարդույթի խորացման ուղղությամբ համակարգված ջանքերն ու գործողություններն սկսվեցին 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո։ Ռ. Քոչարյանը, ազատվելով «անգլիական թագուհու», կամ իր բառերով ասած՝ «դիտորդի» կարգավիճակից, անմիջապես սկսեց կառուցել բռնապետության այն տեսակը, որ քաղաքական գիտության մեջ հայտնի է «կլեպտոկրատիա», հայերեն՝ ավազակապետություն եզրույթով։
Բռնին ազատի հականիշն է, բռնապետությունը՝ ժողովրդավարության (որ այսօրվա չափորոշիչներով իր մեջ նաեւ յուրաքանչյուր անհատի ազատությունն է ներառում)։ Ազատության սովոր, թերաժեքության բարդույթներ չունեցող հասարակության պայմաններում չի կարող ձեւավորվել եւ գոյատեւել բռնապետություն։ Հոկտեմբերի 27-ով ու դրա դատավարության ծաղրուծանակով դրվեց հաջորդ, ամենակարեւոր՝ համատարած վախի մթնոլորտի  ձեւավորման սկիզբը։ Մթնոլորտ, որ քոչարյանական իշխանության հետագա տարիներին թանձրացավ տասնյակ աղմկոտ, չբացահայտված ու անպատիժ մնացած սպանություններով։ Իր ցինիզմով դրանց գագաթն, իհարկե, «Առագաստ» սրճարանում, 200 հոգու աչքի առաջ Պողոս Պողոսյանի սպանությունն էր Քոչարյանի թիկնապահի կողմից ու դրա համար անպատիժ մնալը։
Զուգահեռաբար սկսվեցին ու թափ առան Սահմնադրության եւ օրենքների նորանոր խախտումները, կամայականությունները, թալանը, պետական ռեկետը, կոռուպցիան, պաշտոնապես բիզնեսով չզբաղվելով՝ պետական պաշտոնյաների կողմից հսկայական անձնական հարստության կուտակումը, կրթական եւ այլ համակարգերի այլասերումն ու քայքայումը, ավելի ու ավելի մեծ ցինիզմով կեղծվող ընտրությունները, ամեն ինչ։ Դրանք, առաջին հերթին, ավազակապետական համակարգի «կառուցմանն» ուղղված գործնական քայլեր էին։ Ընդ որում՝ շատ մեծ տեղ էր տրվում բացահայտ միտումնավոր ցուցադրականությունը։ Ցուցադրական անպատժելիությունից սկսած՝ մինչեւ իշխանավորների եւ օլիգարխների՝ հարմարավետության եւ բանականության բոլոր սահմաններն անցած թագավորական պալատների կառուցումը։ Դրանց կողքով անցնողը պարզապես պետք է թեւաթափ լիներ անզորությունից։ Այդ ամենը կարող է բացատրվել միայն մի բանով՝ ուղղակի կամ միջնորդավորված խորացնել ժողովրդի անզորության զգացումը, այն թերարժեքության կայուն բարդույթի վերծելու նպատակով։ Իսկ եթե պակաս բան կար, դա էլ լրացնում էր Ռ. Քոչարյանի՝ անբացատրելիության աստիճանի հասնող ցուցադրական արհամարհանքն ու ատելությունը Հայաստանի ժողովրդի նկատմամբ։ 1988-ից ի վեր իսպառ մոռացված «մենք ազգ չե՜նք» հռետորական հոգոց-գանգատը սկսեց ավելի ու ավելի շատ հնչել մարդկանց բերանից, մի կողմից՝ որպես այդ պարտադրված թերարժեքության զգացումի դրսեւորում, մյուս կողմից՝  որպես սեփական անձի անճարակ ինքնարդարացում։
Ինչո՞ւ Ռ. Քոչարյանը չգնաց «ազգային բռնապետության» հաստատման ավելի հեշտ ու գայթակղիչ՝ ժողովրդին փրկչական նախասահմանում վերագրելով՝ նրան սիրաշահելու, «ազգային գաղափարախոսություն» պարգեւելու ճանապարհով։ Մանավանդ՝ դրանով շատ լայն հարթակ կստանար Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ քարոզչության համար, ինչը նրա ողջ պաշտոնավարման շրջանում եղել է թիվ 1 քաղաքական խնդիրը։ Հարցին այսօր շատ հեշտ է պատասխանել։ Նկատի ունենալով Ռ. Քոչարյանի՝ արդեն միանգամայն հայտնի էությունն ու կերպարը՝ նրան ավելի հարիր էր երկրորդ՝ «օտարի բռնապետության» տարատեսակը, քանզի ինքն էլ հենց այդ՝ օտարի դիրքից էր նայում Հայաստանի ժողովրդին։
Դրսի արձագանքը` պատկերներով
Աշխարհի ժողովրդավարական երկրների ակումբը, ինչպես ամեն մի «էլիտար» ակումբ, դժվարությամբ է ընդունում նորեկներին։ Հաճելի է, երբ հիերարխիկ ինչ-որ սանդղակում քեզնից ներեքեւում շատերն են, որոնց դու վերեւից ես նայում։ Հաճելի է, երբ կան «ներքեւում» գտնվողներ, եւ դու նրանց նկատմամբ, կոմունիստների տերմինաբանությամբ ասած՝ «շեֆություն» ես վերցնում, հռչակում նրանց «վերեւ բարձրացնելու» քո առաքելությունը։ Բայց խնդիրը միայն հաճույքը չէ։ Խնդիրն այն է, որ նման երկրից դու կարողանում ես կորզել քո առավելագույն քաղաքական շահը։ Ասել է թե՝ աշխարհի ժողովրդավարական երկրների ակումբի համար, որին պայմանականորեն «Արեւմուտք» ենք կոչում, անկախ իրենց հռչակած սկզբունքներից ու առաքելություններից, օբյեկտիվորեն ձեռնտու է ոչ ժողովրդավարական, բռնապետական ռեժիմների գոյությունը, անշուշտ, մինչեւ մի սահման՝ քանի դեռ դա չի սպառնում իրենց անվտանգությանը կամ, առնվազն, գլխացավանք չի դառնում իրենց համար։ Օրինակները բազմաթիվ են՝ վերջերս պայթած, կամ դեռ չպայթած բռնապետական ռեժիմների տեսքով։
Եթե երկրի ներքին ռեսուրսները բավարար չեն բռնապետության պահպանման համար, ներսում օրինակարգություն չունեցող իշխանության համար կենսական է դառնում գեթ արտաքին օրինակարգությունը։ Ավելի հասկանալի լինելու համար խոսենք պատկերներով։ Ինչպես մեռնող տնտեսության համար կենսական է դառնում արտաքին ֆինանսական վարկը, նույն կերպ՝ արտաքին քաղաքական այդ վարկը ստանալով է, որ գոյատեւում է ներսում օրինակարգություն չունեցող իշխանությունը։ Արտաքին քաղաքական այդ վարկը միայն ներսում մարդկանց բերանը փակելու համար չէ։ Այն շատ կարեւոր է հասկացնելու համար յուրաքանչյուրին, որ ինքը չէ իշխանություն հարցը որոշողը, դա լուծվում է դրսում, իսկ քաղաքացին անզոր է դրա դեմ։ Վարկատուն հաճույքով է տալիս այդ վարկը, քանզի դրա դիմաց ինքն է դառնում իշխանության աղբյուր՝ քո ժողովրդի փոխարեն։ Բայց նաեւ տալիս է ամենաբարձր տոկոսներով, իսկ այդ տոկոսները ոչ այլ ինչ են, քան քաղաքական զիջումներ՝ ի հաշիվ սեփական պետական շահերի։ Ահա սա է քաղաքական այն գործարքը, ինչը, բնականաբար, ուղիղ ձեւով չի կարող փաստաթղթավորվել։ Վարկառուն կամավոր հանդես է գալիս որպես ի ծնե մտավոր արատ ունեցող, հետամնաց, վատ սովորող, խնդրահարույց աշակերտ, վարկատուն՝ որպես հմուտ մանկավարժ։ Նկատի ունենալով այդ «օբյեկտիվ ռեալությունը»՝ հմուտ մանկավարժը, աչք փակելով ամեն ինչի վրա, փորձում է ինչ-որ արդյունք ստանալ «դեբիլոտ» աշակերտից, իբր, խրախուսելով՝ նրա ետ քայլը «մի քայլ առաջ» համարելով, չսերտած դասի համար դրական գնահատելով, «չարաճճիությունները»՝ ներելով եւ «հույս հայտնելով»՝ միայն թե աշակերտն «ավելի վատ շրջապատ» չընկնի։ Աշակերտին դուր է գալիս «դեբիլոտի» այս կարգավիճակը՝ դա նրա համար դպրոցից չհեռացվելու (իշխանությունը պահելու) միակ տարբերակն է։ Խնդիրն այն է, սակայն, որ նա այդպես «դեբիլոտ» է ներկայացնում նաեւ այն ժողովրդին, որին իշխում է, իսկ ուսուցիչը դա եւս հաճույքով ընդունում է։ Ընդունում է, քանզի դա իրեն պետք է ոչ միայն իր քաղաքական շահն ապահովելու, այլեւ իր «մանկավարժությունը» արդարացնելու համար։ Ավելին, նա նույնիսկ իր խղճի առջեւ կարող է արդարանալ. այդպիսի իշխանություն հանդուրժող ժողովուրդը հենց այդպիսին էլ կա։
Նույնը՝ քաղաքական լեզվով
1998-ից ի վեր Սահմանադրության անթաքույց ու անամոթ խախտումները, ընտրությունների արդյունքների բացահայտ ու զանգվածային կեղծումները, բռնապետության հաստատումը եւ այլն՝ ժողովդրի կամքի ամենակոպիտ ոտնահարումն էին եւ արհամարանքը նրա նկատմամբ։ Արեւմուտքն իսկույն արձանագրեց դա։ Արձանագրեց հաճույքով։ Քանզի նախկին առաջադիմող, իրենց իսկ կողմից «տարածաշրջանում ժողովրդավարության կղզի» համարվող, ըստ այդմ էլ՝ իրենց հետ հավասարը հավասարի հետ խոսող, ըստ այդմ էլ՝ սեփական շահերի պաշտպանության համար ԵԱՀԿ-ի որոշումների վրա վստահորեն «վետո» դնելու համարձակություն իրեն թույլ տվող Հայաստանի փոխարեն նրանք ստացան բոլորովին այլ մի «գործընկեր»։ Ենթագիտակցական մակարդակում ռասիզմի դրսեւորումներից մինչեւ վերջ չազատված Արեւմուտքը հաճույքով ընդունեց կամավոր այդ ինքնանվաստացումը, անլիարժեքությունը որպես իրեն քաղաքականապես ձեռնտու փաստ՝ վարչախմբի մատուցմամբ այն տարածելով ողջ ժողովրդի վրա։ Նա ստացավ ոչ օրինակարգ, դրանով իսկ՝ թույլ, սահմանադրախախտ ու օրինախախտ, դրանով իսկ՝ խոցելի,  կողոպտող ու թալանող, դրանով իսկ՝ հանցավոր ու ձենը կտրած, ամեն զիջման պատրաստ մի իշխանություն։ Եւ վերջապես՝ ստացավ սեփական ժողովրդի «ազգային մենթալիթետը» (այս դեպքում՝ արեւմտյան ժողովուրդների նկատմամբ «երկրորդ սորտ» լինելը) որպես փաստարկ բերող, դրոշ դարձրած ու դրան համապատասխան վերաբերմունք ակնկալող մի իշխանություն։ Ստացավ ամենահարմար գործընկերը՝ իր քաղաքական խնդիրները ամենաէժան ճանապարհով նրա հետ լուծելու համար։
«Չորրորդ ինքնիշխանություն» 22.09.2011

ԵՐԿՈՒ ՀԱՅԱՑՔ ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ (3)
Արեւմուտքի ելակետը
2008թ. նախագահական ընտրություններում Արեւմուտքի խնդիրը նույնն էր՝ իրեն քաղաքականապես ձեռնտու որակի՝ թույլ ու խոցելի իշխանության պահպանումը։ Ելակետը  10 տարուց ի վեր մատուցված էր. գործ ունենք երկրորդ սորտի ժողովրդի հետ։ Մնացածը տեխնիկայի հարց էր։ Այդ ելակետի կիրառմամբ Հայաստանի առիթով ստեղծված արեւմտյան փաստաթղթերն ու պաշտոնական արձագանքներն ունեն ներքին տրամաբանության սուր դեֆիցիտ։ Եւ դա ոչ թե նրանց հեղինակների մտավոր ունակությունների սակավության արգասիքն է, այլ «վերեւից նայելու», երկակի ստանդարտների կիրառման, հայ ժողովրդի նկատմամբ ցինիզմ թույլ տալու, ընդհուպ ռասիզմի դրսեւորման արդյունքը։
Բերենք միայն երկու խոսուն օրինակ։ Եւրոպական դիտորդները, ընտրական տեղամասերը հազիվ փակված, կարդացին նախապես հանձնարարված տեքստը՝ ընտրությունները «հիմնականում համապատասխանել են ԵԱՀԿ պարտավորություններին եւ միջազգային չափանիշներին»։ Մի քանի ամիս անց՝ մայիսի վերջին, հրապարակեցին Վերջնական զեկույցը։ Հասարակության հետընտրական զանգվածային ընդդիմացումն ու ընդվզումը, Համաժողովրդական շարժման բացահայտած ու հրապարակած անհերքելի փաստերը, դրանց ստացած աննախադեպ հնչեղությունն ստիպեցին էականորեն նահանջել եւ զեկույցում արձանագրել խախտումների ու ապօրինությունների թեկուզ մի մասը՝ շուրջ 20 էջ։ Ստացվեց արտառոց մի բան. փաստաթղթի սկզբում դրված՝ «ընտրությունները հիմնականում համապատասխանել են ԵԱՀԿ պարտավորություններին եւ միջազգային չափանիշներին» մտքի տակ դրված, նույն այդ միտքը բացառող 20 էջանոց այնպիսի փաստեր, որ տասնապատիկ բավարար է ցանկացած ընտրություն անվավեր ճանաչելու համար։ Այս փաստաթուղթը մնաց որպես ամոթ Արեւմուտքի անաչառության, որպես ծաղր՝ տարրական տրամաբանության եւ որպես քամահրանք ու արհամարհանք՝ մի ամբողջ ժողովրդի նկատմամբ։
Նույնն է նաեւ քաղբանտարկյալների ազատ արձակման դեպքում։ Այդ առիթով Արեւմուտքը ոչ թե եւս մեկ անգամ դատապարտեց  Ս. Սարգսյանին՝ երեք տարի շարունակ քաղբանտարկյալներ պահելու համար, այլ ջերմորեն ողջունեց նրա «հումանիզմը»։ Կարծես՝ վերջինս դրա հետ ոչ մի կապ չէր ունեցել, եւ քաղբանտարկյալները հետեւանք էին բնական աղետի կամ երկնքից էին ընկել։ Սա եւս «վերեւից», բարձր ռասայի վերաբերմունքի մի արտահայտություն էր ցածրակարգի նկատմամբ։ Ճիշտ նույն կերպ՝ քաղաքակրթված եւրոպացիները մի քանի հարյուր տարի առաջ, երեւի, նախ հանդիմանել են նորահայտ վայրի ցեղերին՝ ծիսական արարողություններում մարդ սպանելու ու նրա միսն ուտելու համար, իսկ երբ վերջիններս, շարունակելով սպանել, դադարել են սպանվածի միսն ուտել՝ նրանց ողջունել են հումանիզմի համար։
Վարչախմբի վերջին փրկօղակը
Ժողովրդին թերարժեքության զգացում պարտադրելը եւ այդ «փաստը» որպես փաստարկ, որպես ռեժիմի գործողությունների եւ գոյության արդարացում Արեւմուտքին ներկայացնելը սկսվել է Ռ. Քոչարյանից։ Նա շատ լավ հասկացել է, որ իր ստեղծած ավազակապետական համակարգը կարող է գոյատեւել միայն այդ որակի ու այդ մտածողության ժողովուրդ ունենալու դեպքում։ Վերջինիս շրջանին, սակայն, այստեղ չենք անդրադառնա՝ առանց այդ էլ ընդարձակ նյութը չծանրացնելու համար։ Մեր նպատակն է ցույց տալ, որ նրա ժառանգած համակարգը, ի դեմս ներկա վարչախմբի եւ Ս. Սարգսյանի, շարունակում է առաջնորդվել նույն սկզբունքներով եւ տրամաբանությամբ՝ որպես վերջին փրկօղակ կառչած մնալով համակարգի համար կենսական՝ ինքնանվաստացման, ժողովրդին թերարժեքության բարդույթ պարտադրելու այդ յուրատեսակ գաղափարախոսական նախահիմքը պահպանելու միջոցին։ Վկայակոչումներ չենք անի նաեւ վարչախմբի տարաբնույթ «գաղափարախոսների» ու խոսնակների անալի դատողություններից այն մասին, թե «ժողովրդավարությունը միանգամից չի տրվում», թե՝ ուրիշները տասնյակ ու հարյուրավոր տարիների ընթացքում են հասել դրան, թե՝ մենք ազգային առանձնահատկություններ, «մենթալիթետ» ունենք, ընդհուպ՝ ժողովդավարության հակադրելը «ազգային խնդիրներին» եւ այլն։ «Մեղմացուցիչ դեպ հանցանաց» ակնկալող այսօրինակ մտքերը նույն նպատակն ունեն. ժողովրդին համոզել, թե մենք դեռ իրավունք չունենք «ոտք մեկնել» եւրոպական ազգերի հետ (այսինքն՝ նրանց համեմատ ստորակա ենք), որ մենք դեռ առնվազն տասնամյակների ճանապարհ ունենք անցնելու լիարժեք ժողովուրդ դառնալու, արդի ժողովրդավարության համար, ուստիեւ՝ իրենց իշխանությունն էլ այդ անխուսափելի ճանապարհի բնական, անհրաժեշտ, տեւական մի հատվածն է։ Եւ նույնը ներկայացնում են նաեւ եւրոպացիներին։
Մեր թեզի հիմնավորման համար չենք անդրադառնա նաեւ Սերժ Սարգսյանի՝ այս տարիների բոլոր ելույթներին, քանզի նրա միայն վերջին խոսքը ԵԽԽՎ հունիսի 22-ի նիստում լիուլի բավարար է օտարների առաջ ինքնանվաստացման (իր եւ ազգի) այդ երեւույթը ամբողջ մերկությամբ ցուցադրելու համար. «Մենք սովորում ենք:  Մենք սովորում ենք լսել ու հարգել միմյանց կարծիքը: Սովորում և մեզանում քայլ առ քայլ արմատավորում ենք, որ իշխանությունն ու ընդդիմությունը թշնամիներ չեն, և պարտադիր չէ, որ ուժեղն իր ուժը ցույց տալու համար անպայման տրորի դիմացինին:  Մենք հանդուժողականություն ենք սովորում և երկխոսության մշակույթ ձևավորում: Սովորում ենք վիրավորանքին վիրավորանքով չպատասխանել ու կարևորագույն հարցերի շուրջ շատերի կարծիքը հարցնել: Սովորում ենք մեծարել ու գնահատել նախկին առաջնորդների վաստակը և չենք ամաչում առողջ քննադատությանն ականջալուր լինելով փոխել մեր իսկ կայացրած որոշումները: Մենք սովորում ենք ապրել այլ կանոններով: Ո՛ղջ հասարակությամբ ենք սովորում»:
«Մենքը» ոչ միայն իշխանությանն է վերաբերում, այլեւ առաջին հերթին՝ ժողովրդին։ Այսինքն թե՝ դուք, որ բարձր եք մեզնից, խեղճուկրակներիս ու հետամնացներիս մի համեմատեք ձեզ հետ, նույն արշինով մի չափեք ու նույն պահանջները մի ներկայացրեք։ Մենք դեռ նոր սկսում ենք «սովորել» այն, ինչ դուք վաղուց գիտեք։ Հաջորդ միտքը հենց այս ինքնանվաստացումն ու քծնանքն է՝ ձեւակերպած բառացի. «Այս դահլիճում` խորը ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրների ներկայացուցիչներիդ համար իմ այս խոսքերը գուցե ինքնին հասկանալի մի բան թվան, բայց, վստահեցնում եմ ձեզ, որ սա իրականում շատ և շատ կարևոր գործընթաց է, որի միջով մենք պարտավոր ենք անցնել և որը մեծ ջանք ու հետևողականություն է պահանջում: Եւ մենք պատրաստ ենք դրան, ու չենք զլանում ցանկացած առիթ օգտագործել այդ ուղղությամբ քայլ անելու կամ խոսք հնչեցնելու համար»: Եւ վերջապես, եւս մի միտք նրա նույն ելույթում, որ արդեն ենթագիտակցության թելադրանք է (չնայած ենթագիտակցականը գրավոր խոսքում հազվադեպ է արտահայտվում). «Իրականացվող բարեփոխումների, ժողովրդավարության կայացման գործում մենք չենք փնտրում կարճ ճանապարհներ»: Այսինքն թե՝ ձեր ուզածն էլ երկար ժամանակ է պահանջում, իսկ այդ ընթացքում ցածրակարգ ժողովուրդը օբյեկտիվորեն հենց այսպիսի իշխանություն կարող է ունենալ։ Սերժ Սարգսյանի խոսքն այլ բան չէ, քան աղերսանք Եւրոպային՝ հայ ժողովրդին շարունակել դիտել որպես իրենց համեմատ անլիարժեք, ցածր ռասա, եւ որպես այդպիսին հանդուրժել այն որակի իշխանությունը, որը գլխավորում է ինքը։ Ազգային եւ անձնական արժանապատվության ավելի կոպիտ ոտնահարում, ինքնանվաստացման ավելի խոսուն օրինակ դժվար է պատկերացնել։
Այլ բան է, երբ նա նույն թեմայով խոսում է իր ժողովրդի հետ, խոսում է ագրեսիվ ու անթաքույց սպառնալիքով. «Ազատ արտահայտվող ու երկրի զարգացման խնդիրների շուրջ մտահոգություններ հնչեցնող եւ սուր քննադատող ընդդիմությունը մեր երկրի ու մեր ժողովրդավարության ձեռքբերումն է, որը բոլորին չէ, որ տրված է...Եթե երբեւէ Ադրբաջանում թույլ տան նորմալ ընդդիմության գոյություն, կամ, գոնե, մանավանդ, թույլատրեն ազատ արտահայտել իրենց կարծիքները...»։ Թարգմանաբար կստացվի. ի՞նչ եք ուզում, համեմատեք Ադրբեջանի հետ, գոհ եղեք, որ ազատ արտահայտվելու եւ մեզ քննադատելու իրավունք ենք տվել, այ, Ադրբեջանում, օրինակ, դա էլ չկա։ Կամ՝ տեսեք, նրանք ոչ միայն մարդ են սպանում, այլ նաեւ սպանվածին ուտում են, այնինչ մենք միայն սպանում ենք։ Իսկ համեմատվել եւրոպական երկրների ու ժողովուրդների հետ չենք կարող, քանի որ մենք, որպես ժողովուրդ, նրանցից շատ ցածր ենք։
Ազգային թերարժեքության հաղթահարման խնդիրը
2007թ. աշնանը ակտիվ քաղաքական կյանք վերադառնալով՝ ՀՀ Հիմնադիր-նախագահը ստիպված էր ծանր պայքար սկսել ավազակապետության տեսքով Հայաստանում հաստատված «ներքին բռնապետության» դեմ՝ դրա գաղափարական հենքը՝ ժողովրդի մեջ սերմանված թերարժեքության բարդույթը հաղթահարելու համար։ Նա իր պաշտոնավարման ընթացքում երբեւէ չի արձանագրել, թե Արեւմուտքը մեզ «վերեւից է նայում», նրան չի մեղադրել ռասիզմի մեջ։ Շատ պարզ պատճառով. քանի որ այն ժամանակ նման բան չկար։ Նման բան չկար, քանի որ նման հիմք եւ առիթ Արեւմուտքին չէր տրվել։ Նման առիթ չէր տրվել, քանի որ Առաջին նախագահը հարգանքով, ակնածանքով ու վստահությամբ էր վերաբերվում սեփական ժողովրդին՝ նրան ուրիշներից ոչնչով պակաս չհամարելով։ Այդ հարգանքը, ակնածանքն ու վստահությունը արտահայտվում էր մասնավորապես ժողովրդի նկատմամբ անկեղծության, անտեղի չսիրաշահելու, անիրականանալի խոստումներ չտալու մեջ, ինչի համար ժամանակին անգամ քննադատվել է ե՛ւ յուրայինների, ե՛ւ ընդդիմադիրների կողմից։ Այդ սկզբունքին անդավաճան մնալը 1998-ին նրան արժեցավ հրաժարականի պարտադրանք։ Եւ այդուամենայնիվ 2007-ին նա քաղաքական ասպարեզ մտավ նույն հավատամքով. «Մեծագույն հարգանք տածելով մեր ժողովրդի նկատմամբ, ես միշտ ապավինել եմ ոչ թե նրա զգացմունքներին, այլ բանականությանը։ Երբեք չեմ թաքցրել ճշմարտությունը նրանից, որքան էլ այն դառը լինի։ Երբեք սուտ խոստումներ չեմ տվել ու չեմ զբաղվել ամբոխավարությամբ կամ ամբոխահաճությամբ՝ դեմագոգիայով ու պոպուլիզմով։ Եւ այսուհետեւ էլ չեմ պատրաստվում դավաճանել այդ սկզբունքներին։ Թող դա դիտվի ոչ շահավետ քաղաքական վարքագիծ։ Թող դա ազդի իմ վարկանիշի վրա։ Ես այն եմ ինչ կամ ու լինելու եմ» (Ելույթ հանրահավաքում, 26.10.2007, «Վերադարձ», էջ 39-40)։ Իսկ երբ ժողովրդի անլիարժեքության մասին ակնարկվել է ներսում, նա դրան հակադարձել է խստորեն. «Ես չեմ ընդունում, ավելին՝ կտրականապես մերժում եմ այն առարկությունը, թե իբր, ժողովուրդն ի վիճակի չէ կողմնորոշվելու Սահմանադրության հարցում։ Մերժում եմ, քանի որ նախ՝ հայ ժողովուրդը ոչնչով պակաս չէ այն ժողովուրդներից, որոնք իրանց սահմանադրություններն ընդունել են հանրաքվեի միջոցով (նորից ազգային ստորակայության չարաբաստիկ բարդույթը)...»(Ելույթ ԳԽ-ում, 25.04.1994, «Ընտրանի», էջ 406)։ Ժողովրդի բանականությանը ապավինելու, նրան վստահելու դժվար գործադրելի, բայց ապահով այս սկզբունքին անդավաճան մնալու շնորհիվ նա հասավ դրա փոխադարձությանը, ինչը եւ համազգային երկրորդ ժողովրդավարական շարժման հիմքն է։ Դրան այսօր կարող է նախանձել եւրոպական ցանկացած ժողովուրդ ու քաղաքական գործիչ։
 Միակ խնդիրը, որի դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանն իր իշխանության շրջանում Արեւմուտքի վերաբերմունքը «վերեւից նայելու» կտրվածքով է մեկնաբանել, կապված էր Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի հետ. «Թե՛ Հայաստանը, թե՛ Ղարաբաղը ցանկանում են, որ ղարաբաղցին լինի անվտանգ, ազատ, որ ունենա նորմալ կենսագործունեության հնարավորություն, որ օգտվի մարդու այն բոլոր իրավունքներից, որոնցից օգտվում է ցանկացած եւրոպական ազգ, որովհետեւ ղարաբաղցին ոչնչով պակաս չէ գերմանացուց, ֆրանսիացուց, որպեսզի նրա ազատությունը սահմանափակվի» (Մամուլի ասուլիս, 26.09.1997, «Ընտրանի», էջ 616)։
Այժմ, ի հակադրություն 90-ական թվականների, ավազակապետական իշխանության փոխանցմամբ ու հորդորով Արեւմուտքը բացահայտ քամահրական, ընդհուպ ռասիստական վերաբերմունքն է դրսեւորում Հայաստանի ու նրա ժողովրդի նկատմամբ։ Վերաբերմունք, որը քաղաքական գործոնի վերածվելով, դառնում է վարչախմբի պաշտպանության ելակետ։ Ուստիեւ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կռիվն ազգային արժանապատվության ելակետից առաջին հերթին Արեւմուտքի դեմ էր։
«Չորրորդ ինքնիշխանություն» 23.09.2011

ԵՐԿՈՒ ՀԱՅԱՑՔ ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ (- 4)
Կռիվը թերարժեքության բարդույթի դեմ
 «Ազատ, անկախ Հայաստան» կարգախոսում հենց առաջինն է ինձ ներկայանում որպես նպատակ, իսկ երկրորդը՝ որպես արժանի հասարակության կառուցման պարտադիր միջոց» (Հարցազրույց «Օբշչայա գազետա» թերթին, 24.12.1993, «Ընտրանի», էջ 400),- այսպես է ներկայանում Առաջին նախագահի քաղաքական արժեհամակարգը՝ ամենավերեւում ունենալով ժողովրդի ազատության գաղափարը։
Հրապարակային քաղաքական կյանք վերադառնալուց ի վեր, իշխող վարչախմբից հետո, ինչպես ասացինք, Առաջին նախագահի անխնա քննադատության թիրախը դարձավ Արեւմուտքը։ Վերջինիս մեծապետական վերաբերմունք խորացնում էր ժողովրդին տասը տարի շարունակ ներարկված ազգային թերարժեքության բարդույթը եւ ավազակապետության գոյության համար ապահով միջավայր էր ստեղծում։ Ավազակապետական այդ համակարգն էր, որ Հայաստանը գլորել էր այնպիսի մի վիճակի, որի մասին նա ցավով արձանագրում է. «Վիրավորականը, եթե չասենք զավեշտալին, այն է, որ մինչդեռ նախկինում Հայաստանին էին խորհուրդ տալիս չհամեմատվել Ադրբեջանի հետ, այժմ արդեն Ադրբեջանին են հորդորում օրինակ չվերցնել Հայաստանից։ Ահա, թե ինչ վիճակի է հասել երբեմնի ժողովրդավարության կղզյակ համարվող մեր երկիրը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի տխրահռչակ իշխանության օրոք» (Ելույթ հանրահավաքում, 01.03.2009, «Վերադարձ», էջ 338)։ Հավելենք, որ ավելի վիրավորականն ու զավեշտալին այն է, որ (Ս. Սարգսյանի վերոհիշյալ ելույթի առիթով) արդեն իրեն նման բան է թույլ տալիս նաեւ ադրբեջանական միջին մի պաշտոնյա՝ մատնանշելով, սակայն, օբյեկտիվ եւ իրական փաստեր. «Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանում քաղաքական ընդդիմությունը չի գնդակահարվել խորհրդարանում, չի գնդակահարվել միանգամից 10 մարդ, ովքեր այլ կերպ են մտածում ու դուրս են եկել միտինգի։ Նմանատիպ իրադարձություններով հարուստ Հայաստանի պաշտոնատար անձինք իրենց չպետք է համեմատեն Ադրբեջանի հետ»։ («Ժամանակ», 22.07.11.)։
 Եւ տվյալ դեպքում ազգային արժանապատվության ընկալման՝ տարբեր անհատներին բնորոշող տարբերությունը չէ, որ առաջնային է, այլ այն, որ գործնական քաղաքականության մեջ դա կարեւոր հետեւանքներ է ունենում։ Ղարաբաղյան ողջ հակամարտության ընթացքում հայկական կողմի ռազմական եւ դիվանագիտական հաջողությունների ամենակարեւոր հիմքերի, երաշխիքների թվում է եղել Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովրդավարական համարումը Ադրբեջանի նկատմամբ։ Դա՛ է եղել Ղարաբաղը որեւէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում թողնելու անթույլատրելիության հայկական կողմի ամենահզոր փաստարկը, որի դեմ դժվար է եղել առարկել։ Ազգային արժանապատվության վրա հենված կարեւորագույն այդ փաստարկն է, որ ավազակապետական իշխանությունը վաճառեց, զոհաբերեց եւրոպական մեծապետականության զոհասեղանին։ Իսկ նրանք դա հաճույքով ընդունեցին՝ ի հեճուկս իրենց հռչակած արժեքների եւ հօգուտ սեփական քաղաքական շահերի։ Այդ մասին Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է. «Սե­փա­կան ար­ժեք­նե­րը ման­րադ­րա­մի վե­րա­ծե­լու Ա­րեւ­մուտ­քի այս վար­քա­գի­ծը, ան­բա­րոյա­կան լի­նե­լուց առա­վել, Հայաս­տա­նի ու Ղա­րա­բա­ղի դեմ նյութ­վող դա­վադ­րու­թյան տա­րր է պա­րու­նա­կում» (Ելույթ հանրահավաքում, 17.10.2008, «Վերադարձ», էջ 294)։ Բայց դա հնարավոր էր դարձել առաջին հերթին վարչախմբի կողմից կամավոր ինքնանվաստացման, ազգային արժանապատվության վաճառքի հետեւանքով։
Առաջին նախագահն Արեւմուտքին քննադատել է հատկապես այն երկակի ստանդարտների առիթով, որոնք դրսեւորվեցին՝ որպես փորձաքար ունենալով 2008թ. նախագահական ընտրությունները եւ դրան հաջորդած իրադարձությունները. «Երբ նրանց հարցնում ես, թե ինչպես կարող են այդ աղաղակող փաստերը չազդել ընտրությունների արդյունքների վրա, եւ եթե չեն ազդել, ապա ինչ իմաստ ուներ դրանք արձանագրելը, նրանք լռում են։ Երբ հարցնում ես՝ եւրոպական որեւէ երկրում իրենք կհանդուրժեի՞ն, արդյոք, նման խախտումներով ուղեկցված ընտրություններ, նույնիսկ վիրավորվում են, ակամա մատնելով երկակի ստանդարտներով առաջնորդվելու իրենց դիրքորոշումը» (Ելույթ Համաժ. Շարժ. 2-րդ կոնգրեսում, 02.05.2008, «Վերադարձ», էջ 238-239)։ Եւրոպացիները վիրավորվում են, որ մեզ համեմատում ենք իրենց հետ։ Եւ դրա իրավունքն ու հիմքն ունեն, որովհետեւ այսօրվա իշխանությա ամենաբարձր պաշտոնատար անձը ԵԽԽՎ ամբիոնից նրանց այդ մասին խնդրում է. կներեք, մենք «նոր ենք սովորում» եւ դեռ ձեզ հետ համեմատելի չենք։ Եւ այդ խնդրանքը նրանց ուղղվել է ամբողջ տասը տարի։
Լեւոն Տեր-Պետրոսյանի ելակետը տրամագծորեն հակառակն է։ Եւրոպական կառույցների ներկայացուցիչների հետ իր բազմաթիվ հանդիպումներն ամփոփելով՝ նա արձանագրում է որ սրանք, թերանալով իրենց պարտավորությունների մեջ, փորձում են արդարանալ մտացածին, բռնազբոսիկ պատճառաբանություններով՝ դրանց հիմքում դնելով հենց հայ ժողովրդի անլիարժեքության գաղափարը։ Այսպես.
Ա) Արդարացնելով վարչախմբի մեղանչումները ժողովրդավարության դեմ եւ երկակի ստանդարտներով առաջնորդվելու իրենց վարքագիծը՝ նրանք ասում են. «Ժողովրդավարության կայացումը երկարատեւ գործընթաց է, եւ չի կարելի այդ բնագավառում միանգամից իդեալական վիճակ ակնկալել։ Արեւմտյան ժողովրդավարությունը, որն ավելի քան 200 տարվա զարգացման պատմություն ունի, նույնպես զերծ չէ արատներից ու թերություններից» (Ելույթ հանրահավաքում, 9.11.2010)։ Այս բացատրության առիթով Առաջին նախագահը հեգնում է. «Խոստովանում եմ, հեշտ չէ հակաճառել այս անխոցելի ճշմարտաբանությանը, որը՝ սակայն, ոչ այլ ինչ է, եթե ոչ կոնկրետ հարցադրումից խուսափելու էժանագին հնարք։ Բայցեւայնպես, պետք է շնորհակալ լինենք այդ խորաթափանց միտքն արտահայտողներին, քանի որ եթե նրանք մեզ նման բան չասեին, մենք այդպես էլ պետք է խարխափեինք խավարի մեջ» (նույն տեղում)։
Բ) Եւրոչինովնիկների հաջորդ՝ արտաքուստ՝ մխիթարանքի, իրականում՝ հայ ժողովրդի հասցեին վիրավորանք պարունակող ու իշխող ռեժիմի պաշտպանությանը միտված փաստարկը, Առաջին նախագահի ձեւակերպմամբ հնչել է այսպես. «Ժողովրդավարության տեսակետից Հայաստանն ավելի բարվոք վիճակում է, քան, ասենք, Աֆղանստանը, Սոմալին, Զիմբաբվեն եւ այլն» (նույն տեղում)։ Այս փաստարկին նա կրկին հեգնանքով է արձագանքում. «Համաձայն եմ՝ այդ երկրներում ոչ մի անկախ թերթ չկա, իսկ Հայաստանում, համենայն դեպս, մեկ-երկուսը կան։ Այդ երկրներում ընտրությունների ժամանակ հարյուրավոր մարդիկ են սպանվում, իսկ Հայաստանում՝ ընդամենը տասը» (նույն տեղում)։ Բայց այս դեպքում հեգնանքն էլ քիչ համարելով՝ նա նաեւ շատ կոշտ գնահատական է տալիս. «Նման փաստարկ բերողների պարագայում մենք գործ ունենք ենթագիտակցական ռասիզմի դրսեւորման հետ (ընդգծումն իմն է-Ա.Ս.), որի էությունն է. «Դուք մեզ հետ, այսինքն զարգացած ժողովրդավարությունների հետ չափվելու արժանի չեք, չափվեք ձեզանից ավելի հետամնաց երկրների ու ժողովուրդների հետ եւ մխիթարվեք, որ նրանց վիճակը վատթար է ձեր վիճակից» (նույն տեղում)։ Այսինքն՝ կրկին հենց այն, ինչ նրանց 10 տարուց ավելի եւ այսօր խնդրում են իշխող վարչախմբի պարագլուխները։
Գ) Երրորդ փաստարկը, որ բերել են եւրոկառույցների ներկայացուցիչները արդարացնելու համար իրենց անգործությունը, այսպիսին է եղել. «Անարդյունավետ ու վնասակար է ավտորիտար ռեժիմներին վանելու, նրանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու քաղաքականությունը։ Ընդհակառակը, նրանց պետք է սիրաշահել ու աստիճանաբար ներքաշել բարեփոխումների դաշտ։ Պատժամիջոցների կիրառման, առավել եւս օրինախախտ երկրներին միջազգային կազմակերպությունների անդամակցությունից զրկելու պարագայում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վիճակը նրանցում ավելի կվատանա» (նույն տեղում)։ Այս դեպքի համար էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի դրած հարցը մնում է անպատասխան. «...անհասկանալի է մնում, թե ինչի համար են այդ պարագայում Եւրոխորհրդի կանոնադրությամբ պատժամիջոցներ նախատեսված» (նույն տեղում)։ Հասկանալի է, որ հիշյալ կանոնադրությունը վերաբերում է հավասարապես բոլոր անդամ երկրներին, նրանց մեջ տարբերակում չի դրված, ուստի եւ չպիտի լինի։
Իսկ այժմ պետք է խնդրենք ընթերցողին հիշել հոդվածի նախորդ բաժնում մեջբերված՝ «սովորում ենք» բառի բազմակի գործածմամբ Ս. Սարգսյանի խոսքը ԵԽԽՎ-ում՝, հիշել եւ համադրել այս ամենի հետ։ Տրամագծորեն հակառակ պատկերն ակնառու է. Լեւոն Տեր-Պետրոսյանը ժողովրդի ազգային արժանապատվության դիրքերից բողոքում ու պայքարում է Արեւմուտքի նվաստացուցիչ, ռասիզմի տարրեր պարունակող վերաբերմունքի դեմ՝ համարելով, որ Հայաստանի ժողովուրդը ոչնչով պակաս չէ եւրոպական ժողովուրդներից։ Ս. Սարգսյանը, ընդհակառակը՝ համարում է, որ հայ ժողովուրդը դեռ շատ հեռու է եւրոպական ազգերից եւ նրանցից հայցում է հենց այդպիսի՝ նվաստացուցիչ, ցածր ռասայի նկատմամբ վերաբերմունք։ Երկու դեպքում էլ գործ ունենք ոչ թե զուտ անհատների ճաշակի, տեսակետի, այլ քաղաքական նպատակադրման հետ։ Առաջին դեպքում պետականության գաղափարական ելակետ-գործոնը հարգանքն է ու վստահությունը ժողովրդի նկատմամբ՝ հիմք, որի վրա միայն կարելի է ունենալ ազատ ժողովրդավարական երկիր։ Երկրորդ դեպքում պետականության գաղափարական ելակետ-գործոնը արհամարհանքն է ժողովրդի նկատմամբ՝ հիմք, որի վրա միայն կարելի էր ստեղծել եւ պահպանել այն բռնապետական, ավազակապետական համակարգը, որը հիմնել է Ռ. Քոչարյանը եւ այսօր գլխավորում է Ս. Սարգսյանը։
Լեւոն Տեր-Պետրոսյանը խոստովանում է, որ պատրանք չի ունեցել, թե Արեւմուտքին քննադատելով՝ կարող է վերջինիս վարքագծում ինչ-որ փոփոխության հասնել. «Մեկ տարուց ավելի անդադար խոսելով Արեւմուտքի մասին, ես իմ առջեւ ոչ թե նրան դատապարտելու կամ խրատելու, այլ բոլորովին այլ խնդիրներ էի դրել» (Ելույթ հանրահավաքում, 12.06.2009)։ Եւ նա թվարկում է իր հետապնդած երեք գործնական խնդիրները.
1. «Որ հայ ժողովուրդը վերջնականապես թոթափի Արեւմուտքի «արդարամտու­թյան» հետ կապված սին պատրանքները», -այսինքն՝ սեփական երկրում ժողովրդավարություն հաստատելու գործում եւս ապավինի միմիայն սեփական ուժերին։
2. «Որ Արեւմուտքը հայ ժողովրդին ցածր ռասայի կամ ապուշի տեղ չդնի, ու իմանա, որ մենք ամեն ինչ հասկանում ենք»,- կյանքը ցույց է տալիս, որ տարբեր ժողովուրդների (արաբական երկրներ) այսօրինակ կեցվածքը ստիպում է Արեւմուտքին փոքրացնել իր իսկ հռչականծ սկզբունքների եւ վարած քաղաքականության տարբերությունը։

3. «Որ Արեւմուտքի հանդեպ թերահավատությունը չտարածվի արեւմտյան կամ համամարդկային արժեքների վրա, որոնց նկատմամբ հայ ժողովուրդը հավաստել է իր անսասան հավատարմությունը»,- այսինքն՝ շարունակի պայքարը ազատության, մարդու իրավունքների, ժողովրդավարության համար որպես ինքնին արժեքների։

ՀՀ Հիմնադիր-նախագահն՝ իր առաջին իշխանության շրջանում թույլ չտվեց բռնապետության տանող ազգային բացառիկության, ինքնագերգնահատման գաղափարի տարածումը։ Իր ժողովրդի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունք ունենալով եւ նույնը օտարներից պահանջելով՝ նա վերջին չորս տարվա իր ընդդիմադիր պայքարով կոտրել է Հայաստանի ժողովրդի մեջ տասը տարի շարունակ սերմանված ու նրան պարտադրված, դարձյալ բռնապետության հիմք հանդիսացող ազգային թերարժեքության հոգեբանական բարդույթը, այն բարդույթը, որն արմատավորվելով՝ վերացնում է ազգի իմունային համակարգը եւ նրան դուրս մղում պատմական ասպարեզից։ Նա, ի տարբերություն վարչախմբի պարագլուխների, այլ որակի մի ժողովուրդ է մատուցել նույն Արեւմուտքին, եւ, ի դեմս ակնհայտ այս իրողության՝ վերջինս այլեւս չի կարող նույն կերպ վերաբերվել Հայաստանի ժողովրդին, ինչպես 2008-ի նախագահական ընտրություններում։ Կոտրել է այդ յուրատեսակ գաղափարական ելակետ-գործոնը, որի վրա ձեւավորվել էր եւ կարող էր հարատեւել ժողովրդի համար իր կորստաբերությամբ «օտարի բռնապետությունից» ավելի վտանգավոր՝ ոչ օրինակարգ սեփական իշխանությունը։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն» 24.09.2011